Գլենդեյլի հարավում՝ Ադամս Հիլզի ու Դաունթաունի արանքում, ծվարած է Մարիպոսա թաղամասը։ Անչափ հանգիստ, համեստ, բայց միաժամանակ կոկիկ ու հայաշատ թաղամաս է Մարիպոսան։ Շատ նորեկների համար Գլենդեյլում հենց Մարիպոսան է դառնում տուն, քանի որ այստեղ են մեկտեղվում և լավ դպրոցները, և մատչելի բնակարաններն ու տները, և բազմաթիվ գեղեցիկ այգիներն ու պուրակները։ Մի բան էլ Մարիպոսան մոտ է Գլենդեյլի արևելքը եզերող ֆրիվեյներին, ինչը շատ հարմար է տեղի աշխատավոր ժողովրդի համար՝ անհրաժեշտության դեպքում կարելի է Լոս Անջելեսի ցանկացած վայր հասնել՝ նետվելով արագընթաց ֆրիվեյների հորձանուտի մեջ։
Հենց այդ ֆրիվեյներից մեկով էլ ամեն առավոտ Լա Քրեսենտայից Մարիպոսա է իջնում շքեղ Բենթլին, որի մուգ ու անթափանց ապակիները, սակայն, պաշտպանում են կողմնակի հայացքներից թե՛ վարորդին, թե՛ ուղևորին։
Բալագույն այդ մեքենան՝ բրիտանական մեքենաշինության գոհարը, գռմռացնելով իր պողպատե սիրտը, անցնում է Երկրորդ ֆրիվեյով ամեն օր ճիշտ նույն ժամին, ասես լինի ոչ թե կամակոր մեծահարուստի շքեղ փոխադրամիջոց, այլ շվեյցարական գնացք, որը ոչ մի օր, ոչ մի հանգամանքում չի շեղվում իր ժամանակացույցից։
Միևնույն ժամանակ, երբ բալագույն մեքենան դեռ նոր է մուտք գործում ֆրիվեյ, մի զարմանալի իրարանցում է տեղի ունենում Մարիպոսայի հայկական խանութներից մեկի մոտ։ Այսպիսի խանութները գրեթե նույն ստանդարտ 7-Իլեվըններն են ու հանդիպում են բազմաթիվ էթնիկ թաղամասերում, այդ թվում՝ հայկական։ Էստեղ կա գրեթե այն ամենը, ինչ 7-Իլեվըններներում՝ մանր-մունր նպարեղեն, համովիկներ-կրծելիքներ, ջուր-գարեջուր, սիգարետներ ու թարմ սուրճ և իհարկե՝ վիճակախաղեր։
Խանութն այս ձգողական կետ է երեք ընկերների համար, որոնց կյանքի գլխավոր գործը, կարծես, ամեն առավոտ այդ խանութի մոտ միմյանց հանդիպելն է։ Ու մինչ խանութի աշխատակից Սիլվան՝ այդ երիտասարդ, բայց անչափ չոր, ջղային ու անբայրացակամ աղջիկը կբացի խանութի դուռն ու կմիացնի լույսերն ու խանութն աշխատեցնող մյուս համակարգերը, արդեն իսկ մի փոքր վեճ է ծագում դռան մոտ անհամբեր սպասողների միջև։
– Էսօր ինձնից սուրճը չուզես, բաբա, անցած թամամ շաբաթը ես եմ ձեզի սուրճը տվել,- բողոքում էր Էդիկը՝ դողացող ձեռքերից մեկը գրպանում պահած։ Մտքում նա հաշվում էր մոտի դոլարները, որպեսզի համոզվի, որ գումարը հաստատ հերիքում է։
Էդիկն ինչքան ուժ ուներ՝ պարսկահայ էր։ Իրանի մշակույթի հանդեպ սերը, պարսկերենը, ինչպես նաև պարսկահայկական առոգանությունը նա չէր կորցրել նույնիսկ սովետական Հայաստանում, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր դեռ քառասունականներին, ապա նոր միայն արտագաղթել դեպի Ամերիկա։
– Դե հերիք եղավ, այ մարդ, զզվեցրիր։ Էնպես ես շուռ տալիս եղածը, իբր ես էի քեզ համոզել, որ գրազ գաս։ Դու չէի՞ր գրազ եկել, որ մի շաբաթ կոֆեն դու ես հյուրասիրելու, դե հենա՝ հյուրասիրում էիր, էլի։
Պատասխանողը Սեդրակն էր։ Սեդրակն այն երևանցիներից էր, որոնք շարունակում են Կազիրյոկ սրճարանի ու Պոնչիկանոցի մասին երազել նույնիսկ Բևերլի Հիլզի ամենանրբաճաշակ ռեստորաններն այցելելուց հետո, ու թեև Սեդրակը կյանքում չէր կարողացել թույլ տալ իրեն Բևերլի Հիլզ այցելել, այդուհանդերձ, ամենայն հպարտությամբ կարող էր հայտարարել, որ մի անգամ մի ողջ երեկո անդադար երգեր էր պատվիրել Պապլավոկ սրճարանում։ Դա հենց այն երեկոն էր, որին հաջորդած առավոտյան Սեդրակն ու ընտանիքը մեկնել էին օդանավակայան, նստել ինքնաթիռն ու ճամփա բռնել Ամերիկա՝ այլևս երբեք Հայաստան չվերադառնալու մտքով։
– Չէ՜, բաբա, էտի դու ու Սաքոն էիք ինձի խաբել, համոզել, որ գրազ գամ, ես էդջուրի բաներ չեմ անի երբեք․․․,- բորբոքված իր բողոքն էր շարունակում Էդիկը։
– Էդ ջուրի, էս ջուրի, էն ջուրի, տո դո՞ւ ինչ անճոռնի մարդ ես, որ էդ երկու կոպեկի համար կռիվ ես անում,- վրովվեց Սեդրակը, որը, ինչպես իսկական սնոբ երևանցի, միշտ ամեն կերպ փորձում էր տպավորություն ստեղծել, թե ընդհանրապես չի էլ մտածում փողի մասին՝ ոչ իր, ոչ ուրիշների։
– Էդ երկու կոպեկը հեսա մի տեղդ կկոխեմ, հա՜, իմանաս, թե որն ա կոպեկը,- նեղսրտած նկատեց Էդիկը։- Հեսա Սաքոն որ եկավ, էլի բացել պիտի տամ էս թեման, չկարծես, թե ազատվար։
– Այ մա՜րդ, ամոթ էլ ա, սաղ-սաղ տասը դոլարի կոֆե ես պատիվ տվել, էլի, տնաշեն։
Սաքոյի՝ Սարգսի անունը լսելով, սակայն, Սեդրակը կարծես մի փոքր անհանգստացավ, նյարդային շարժումով նայեց ժամացույցին, ապա վիզը երկարացնելով խանութի ապակիներից այս ու այն կողմ նայեց։
– Էս չլինի՞, թե Սաքոն ուշանում ա,- հետաքրքրվեց նա։
– Էդպիսի բան չի կարող լինել։ Սաքոն երբեք չի ուշանում,- հանգստացրեց նրան Էդիկը։
– Բայց տես, արդեն անց երեք ա, իսկ նա չկա,- տարակուսեց Սեդրակը։
– Հոգ չէ, բաբա, հիմա կգա,- հանգստացրեց Էդիկը։- Գիտես, էսօր երկու տասը դոլարանոց տոմս եմ առնելու․․․
– Օհո՜,- ոգևորվեց Սեդրակը, ապա, կարծես մի անհաճո բան հիշելով, դիմեց Էդիկին՝ զգալիորեն փոփոխված ձայնով։- Էդիկ, Էդ ջան, էսօր ինձ կարա՞ս հինգ դոլար տաս, ես էլ երկու հատ հինգանոց տոմս առնեմ, գիտես, շահեցի՝ կտամ, չէ՝ թոշակի օրը կտամ․․․
Ու մինչ Էդիկի գլխում հազար ու մի հաշվարկներ, հատուկ այսպիսի պահերի համար պատրաստված արտահայտություններ ու կծու խոսքեր կպտտվեին, բալագույն Բենթլին, հանդարտ գռմռոցով գլորվելով Վերդուգո փողոցով ի վար, ոչ թե սովորականի պես անցավ խանութի կողքով ու մտավ մի քանի շենք դեպի վար գտնվող կայանատեղին, այլ թեքվեց հենց ուղիղ խանութի կողմ ու կանգ առավ անմիջապես դռների դիմաց։
Երկու ընկերները զարմացած նայեցին Բենթլիին։ Մարիպոսան ընդհանրապես ու այս փողոցը հատկապես Բենթլիներին սովոր չեն։ Չէ, իհարկե, այստեղ էլ են պատահում հատուկենտ աչքածակեր, որոնք առաջին իսկ հաջողված խարդախությունից հետո շտապում են Բենթլի կամ Ռոլս Ռոյս ձեռք բերել, որպեսզի մուտք գործեն, այսպես ասած, խոշոր մարդկանց ակումբ, բայց այդպիսիք, որպես կանոն, կամ շուտով տեղափոխվում են դեպի սարն ի վեր ձգվող հարուստ թաղամասեր, կամ ուղևորվում են դեպի բանտ, կամ, ինչպես պատահում էր հին ու բարի ժամանակներում, անսպասելիորեն հանգրվանում են Ֆորեսթ Լոնում։
– Է՞ս ինչ գործ ունի էստեղ, բաբա- զարմացած բացականչեց Էդիկը։
– Տո քեզ ինչ է, այ մարդ, դու էն ասա․․․ կտա՞ս,- փորձեց շեղել ընկերոջ ուշադրությունը Սեդրակը, որի համար անչափ կարևոր էր փողի տհաճ թեման մինչև Սաքոյի գալը փակելը, քանի որ անցած շաբաթ էլ նրանից էր ստիպված եղել մի փոքր գումար խնդրել։
Ու մինչ ծերուկները քննարկում էին, թե ով ում ինչքան է պարտք և ով ում երբ է պարտքով փող տվել կամ մերժել, մեկ այլ անչափ հուզառատ խոսակցություն էլ ծավալվում էր Բենթլիի ներսում։
Խոսակցության մասնակիցները քույր ու եղբայր էին՝ Մայքն ու Միշելը։ Երկուսն էլ լացակումած էին, երկուսն էլ հուզված, երկուսն էլ չգիտեին, թե ինչպես է ճիշտ վարվել։
Միշելը կարծում էր, որ պետք է վարվել ճիշտ այնպես, ինչպես հայրն էր ավանդել։ Մայքը պնդում էր, որ պետք է գոնե սպասել հուղարկավորությանը, յոթքին, քառսունքին ու նոր միայն անցնել հայրական կտակի կատարմանը։
– Դու չես հասկանո՞ւմ, Մայք, ախր պապան ինքն ասաց, հենց․․․ հենց մեռնելուց առաջ ասաց,- «մեռնելուց» բառի վրա Միշելը հանկարծ որձկաց, հեծկլտած, ապա, նորից ուշքի գալով, շարունակեց,- պապան ասաց, որ առաջին հերթին, հենց առավոտյան գնանք ու անենք սա․․․
– Լավ, ասենք թե պապան ասաց․․․
– Այսի՞նքն,- զայրացած ընդհատեց Միշելը։- Ի՞նչ ես ուզում ասել։ Ի՞նչ «ասենք թե»։
– Դե, նկատի ունեմ․․․ պապան վերջերս էնքան էլ լավ չէր ոնց որ, տարօրինակ բաներ էր անում․․․
– Չփորձե՛ս։ Նույնիսկ չփորձես պապայի ադեկվատությունը կասկածի տակ դնել, եղա՞վ,- զուսպ, բայց անառարկելի տոնայնությամբ ասաց Միշելը։- Պապան ասել ա, որ պետք ա էսպես անենք, ուրեմն պիտի անենք։
– Ա բայց ո՞վ են էս մարդիկ ընդհանրապես, է․․․,- չէր ուզում հանձնվել Մայքլը։
– Վերջացրու։ Դու էլ էին էնտեղ, երբ պապան մահանում էր։ Դու էլ ես լսել նրա վերջին խոսքերը։
– Բայց նորմա՞լ ա, որ էսքան տարի ոչ մեկս ոչ մի բան չգիտեինք սրանց մասին,- չարացած ասաց Մայլքը։
– Մայք, թարգի,- սաստեց նրան Միշելը։- Ես արգելում եմ քեզ էս մարդկանց մասին վատ խոսել, օքե՞յ։ Սրանց չէ։ Էս մարդիկ պապայի ընկերներն են, ունեն անուններ՝ Էդիկ ու Սեդրակ։ Իրենք պապայի ընկերներն են։ Գրեթե միաժամանակ են եկել Ամերիկա։
– Հա, բա։ Ընկերներ․․․ Բախտները բերել ա, որ պապայի նման ընկեր են ունեցել։
– Մեր բախտն էլ բերել ա, որ պապայի նման պապա ենք ունեցել,- նկատեց Միշելը։- Պապան էս մարդկանց շնորհիվ ա ստեղծել էն, ինչ մենք հիմա ունենք։
– Ու ինչի մի ահագին մասը հիմա պետք ա հենց էնպես տանք էս մարդկանց։
– Հենց էնպե՞ս,- նորից բարկացավ Միշելը,- հենց էնպե՞ս։ Լո՞ւրջ ես ասում, կարծում ես՝ էս մարդիկ արժանի՞ չեն դրան։ Կարծում ես՝ մենք կարո՞ղ ենք հանգիստ մարսել մեր ժառանգությունը, եթե հիմա չտանք էս պարտքը։
– Բա պապան ո՞նց էր հանգիստ մարսում։
– Պապան հանգիստ չէր մարսում։ Պապան ամեն օր գալիս էր էս մարդկանց հետ հանդիպման, պապան նրանց երբեք չէր լքում, երբեք չէր մոռանում, չէր կորցնում էս մարդկանց։ Պատկերացնո՞ւմ ես ինչ անհարմար ա եղել պապայի համար ամեն օր նույն արարողությունը անելը՝ էդքան գործերը թողնելը, էդքան ուրիշ կարևոր հանդիպումներից առաջ էդ ժամանակը հատկացնելը․․․
– Հա, ու էդ ամեն ինչը՝ սարի գլխին ապրելով, միլիոններ կուտակելով ու Բենթլիներով երթևեկելով, չէ՞,- կծեց Մայքլը։
– Ես ողջ գիշեր դրա մասին եմ մտածել՝ թե ինչու էր պապան էդպես անում, թե ինչու չէր ինքը ժամանակին ասել ամեն ինչի մասին իր ընկերներին։
– Ու ի՞նչ։
– Նա վախենում էր։ Վախենում էր, որ իրեն չեն ների, վախենում էր, որ կկորցնի իր ընկերներին։
– Լավ, բա մե՞զ ինչու չէր ասում։
– Իսկ չես կռահո՞ւմ,- ասաց Միշելը։- Մոռացա՞ր պապայի կերպարը։ Նա ամենաուժեղն էր, ամենախելացին, ամենամտածողը, ամենատեսը, ամենակարողը․․․ ինչպե՞ս կարող էր խոստովանել, որ այդ ամենի հիմքում ընդամենը․․․
– Ստից մի բան է,- ընդհատեց եղբայրը։
– Դե հիմա,- եզրափակեց Միշելը։
Երկուսն էլ մի պահ դադար առան։
– Դե ի՞նչ,- ասաց Մայքլը։- Գնացի՞նք։
– Գնացինք,- ասաց Միշելը, ու երկուսով դուրս իջան մեքենայից՝ անմիջապես հայտնվելով խանութի կեղտոտ պատուհանից նայող երկու զույգ հայացքների ներքո։
– Բարև ձեզ,- ներս մտնելով խանութ՝ ասաց Միշելը։ Մայքլը, որ բացել էր դուռը քրոջ համար, ինքն էլ ներս մտավ։ Թեև երկուսի դեմքերն էլ այլայլված էին երկար լացելուց ու անքուն գիշերից, բայց նույնիսկ այդ երեսների վրա նկատվեց քամահրանքի այն անորսալի արտահայտությունը, որն ունենում են հարուստները, երբ հայտնվում են որևէ հասարակ վայրում։
– Դո՞ւք եք Սեդրակն ու Էդիկը,- հարցրեց Միշելը։
– Մենք ենք,- ասաց Էդիկը։- Ես Էդիկն եմ, բաբա, իսկ սա Սեդրակը։ Ի՞նչ կա։ Դուք ո՞վ եք, ինչպե՞ս եք, լա՞վ եք,- շփոթված՝ հարցրեց Էդիկը։
– Մենք․․․ կարո՞ղ ենք դուրս գալ,- ասաց Մայքլը։
Ծերունիները գլխով արեցին ու, վերցնելով իրենց սուրճերը, ցանկացան հետևել Միշելին ու Մայքլին։
– Բա կոֆեի փողը ով պիտի տա՞․․․,- ագրեսիվ ձայնով հարցրեց խանութպան Սիլվան, բայց նրա հայացքն առաջին անգամ ընկավ Բենթլիի վրա, ու ձայնը կտրվեց՝ ասես մնալով կոկորդում։
– Ամեն ինչ նորմալ է,- ասաց Մայքլը քթի տակ, ապա կիսաշշուկով դիմեց քրոջը։- Ոնց էի կարոտել էս հայկական մունաթը․․․
– Բա չէ՝ քո Էրեվհոնները,- պատասխանեց քույրը։
– Ո՞վ եք դուք,- ասաց Սեդրակը՝ հայացք գցելով բալագույն Բենթլիին, որին արդեն հենվել էին Միշելն ու Մայքլը՝ չգիտես պակասած ուժերի ու հոգնածության, թե ծանր պահին հարազատ ինչ-որ բանի հենվելու բնական անհրաժեշտությունից դրդված։- Ի՞նչ եք ուզում։
– Էսի ձեր ավտո՞ն է, բաբա,- հետաքրքրվեց Էդիկը։
– Մենք երկու լուր ունենք ձեզ հայտնելու,- ասաց Միշելը՝ դեմքին դնելով սև ակնոցը։
– Լավ ու վա՞տ,- խորամանկ հեգնանքով հարցրեց Սեդրակը։
– Սարգիսն այս գիշեր մահացավ,- չոր ձայնով ասաց Մայքլը՝ կանխելով Սեդրակի ուրախ ակնարկը։
– Համմե՞,- բացականչեց Էդիկը։
– Ի՞նչ ասիր,- ասաց Սեդրակը՝ երկու ձեռքով բռնելով գլուխը։ Երկու ծերունիները մոտեցան իրար, հենվեցին ուս-ուսի՝ ասես փորձելով այդպես պաշտպանվել գլխներին թափված նորությունից։
– Մենք Սարգիսի զավակներն են, դուստրն ու որդին,- հայտարարեց Միշելը։- Պապան․․․,- նա հազիվ կառավարեց ձայնը, որպեսզի այն չափից դուրս չդողա ու հեծկլտոցի չվերածվի,- հայրիկը ասաց․․․ նա պատմեց մեզ ձեր մասին․․․
– Ի՞նչ, ի՞նչ,- միաժամանակ՝ հարցրեցին երկու ընկերները։
– Նա ձեզ մի բան է փոխանցել,- փորձեց շարունակել Միշելը։
– Խոշոր մի բան,- լրացրեց Մայքլը՝ ծոցագրպանից հանելով ու ծերունիներին մեկնելով մի ծրար։ Էդիկն առաջինը մեկնեց ձեռքն ու վերցրեց ծրարը, բայց բացել չշտապեց։
– Պապան երեկ գիշեր պատմեց ձեր պատմությունը,- շարունակեց Միշելը,- այն, թե ինչպես էիք ծանոթացել դեռ երեսուն տարի առաջ, ինչպես էիք սովորություն դարձրել ամեն առավոտ սուրճ խմելն ու լոտո խաղալը․․․
– Չհաշված մի քանի բացառությունների, այդ ավանդույթը մինչ օրս չէինք էլ խախտել,- ասաց Սեդրակը։
– Այո․․․ պապան ամեն առավոտ գալիս էր ձեզ հետ լոտո խաղալու։ Վերջին տարիներին գալիս էր հենց այս մեքենայով, բայց կայանում էր այն հեռու, որպեսզի դուք այն չտեսնեք։
– Ի՞նչ,- կրկին զույգ-զույգ բացականչեցին ընկերները։
– Այո,- ասաց Միշելը։- Պապան չէր ուզում, որ դուք իմանաք իր գաղտնիքը․․․
– Մեր հայրը՝ ձեր ընկեր Սարգիսը, շատ հարուստ մարդ էր,- կարծես չդիմանալով խոսակցության դանդաղ տեմպին՝ միջամտեց Մայքլը։- Նա շատ մեծ հաջողությունների էր հասել վերջին քսան տարվա ընթացքում, բայց մինչև երեկ մենք ինքներս էլ չգիտեինք, որ նա մի շատ կարևոր բան էր թաքցրել։
– Սարգի՞սը,- հարցրեց Էդիկը։
– Հա,- հաստատեց Միշելը։- Ժամանակին՝ մոտ քսան տարի առաջ, դուք այսպիսի մի խանութից երեքով վիճակախաղի տոմսեր էիք գնել ու ինչպես միշտ՝ ոչ ոք չէր շահել։ Բայց իրականում, տոմսերից մեկը շահող էր եղել։ Դա ձեզնից մեկի տոմսն էր եղել․․․
– Ո՞նց թե,- բացականչեց Սեդրակը։
– Ինչպե՞ս,- կրկնեց Էդիկը։
– Պապան անկեղծ չէր հիշում, թե ձեզնից ում տոմսն էր դա եղել, բայց դա էական էլ չէր։ Էականն այն էր, որ նա թաքցրել էր ձեզնից շահած տոմսը՝ տասը հազար դոլարը,- ասաց Միշելը։
– Նա իրեն էր պահել այդ գումարը, հաջող ներդրումներ արել, մի քանի խոշոր բիզնեսներ ստեղծել ու մեծ հարստություն կուտակել։
– Ա՜խ, Սաքո․․․ ես քու․․․
– Ա՜խ Սաքո-Սաքո,- բացականչեցին ընկերները։
– Նա ողջ կյանք վախեցել էր ձեզ այդ մասին ասելուց, որովհետև շատ էր սիրում ձեզ ու չէր ուզում կորցնել ձեր ընկերությունը․․․,- ասաց Միշելը։
– Համենայն դեպս՝ մենք այդպես ենք կարծում,- լրացրեց Մայքլը։
– Բայց ահա մահից անմիջապես առաջ նա կարգադրեց, որ ձեզ փոխանցենք այս ծրարն ու պատմենք այս պատմությունը։
Մայքլը, որ մինչ այդ այդքան էլ չէր ուզում անմիջապես հետևել հոր պատգամին ու առավոտն իսկ հանդիպել հոր ընկերներին, հիմա այլ կարծիք ուներ։ Այս երկու տարեց մարդկանց դեմքերի արտահայտությունը արժեր շատ ավելին, քան կարելի էր չափել փողերով կամ թանկարժեք իրերով։ Սեդրակն ու Էդիկն այնպիսի վերացած, այնպիսի ապշած, այնպիսի տարակուսած դեմք ունեին, որ հոլիվուդյան լավագույն դերասանները կերազեին այդպիսի էմոցիաների տիրապետելու մասին։
– Դե ի՞նչ,- հարցրեց նրանց Միշելը։- Չե՞ք ուզում բացել ծրարը։
Կարծես արթնանալով քնից՝ ծերունիները ցնցվեցին, ապա Սեդրակը դողացող ձեռքերով ապարդյուն փորձեց բացել ծրարը։
– Է՜, բաբա, տուր ինձ, տուր ասում եմ,- Էդիկը, որ մի փոքր ավելի աշխույժ ու ճարպիկ էր, խլեց ծրարը Սեդրակից ու կարողացավ երկու թուղթ հանել ծրարից։- Սա ի՞նչ է,- ասաց նա՝ կկոցելով աչքերը ու ձեռքը ակնոցի հետևից շապիկի գրպանը տանելով։
Սեդրակը, սակայն, որ ավելի հեռատես էր բառի նաև բուն իմաստով, հասցրել էր դնել ակնոցը մինչ Էդիկը կբացեր ծրարը, ու հիմա իր հերթն էր Էդիկի ձեռքից թղթերը թռցնելու։
– Վայ մեռա, էս ինչ ա․․․,- բացականչեց նա։
– Ի՞նչ է,- հետ խլեց նրա ձեռքից թղթերն Էդիկը, որ արդեն դրել էր իր ակնոցը։
– Ձեզնից յուրաքանչյուրին հայրիկը մեկական միլիոն դոլար գումար է թողել՝ չեքերի տեսքով։ Կարող եք կանխիկացնել հենց էսօր, եթե կամենաք,- ասաց Մայքլը։
Թեև Բենթլին արտակարգ ձայնամեկուսացում ուներ, այդուհանդերձ, քույր ու եղբայրը դեռ լսում էին երկու տարեցների վիճաբանությունը, երբ բալագույն մեքենան հեռանում էր խանութի կայանատեղիից։
– Էդ հաստատ ի՛մ տոմսն ա եղել, ի՛մ,- վստահաբար պնդում էր Սեդրակը։
– Չէ՜, բաբա, ես շատ լավ եմ հիշում՝ իմս էր, իմս։