Վահե Ղուկասյան | Միգրացիա

Վահե Ղուկասյան

Միսթեր Լոուելը վարպետորեն բանեցնում էր արծաթե պատառաքաղը եւ դանակը։ Նա ծամում էր միսը ախորժակով եւ հյութալի ձայնով, աչքերը ծամելու ընթացքում կիսափակվում էին, եւ ուշադիր Փոլ Դուրյանը նկատում էր, թե ինչպես է մետաքսե շապիկից դուրս գտնվող դաստակների մաշկը փշաքաղվում։
-Արտակարգ համեղ է,- կուլ տալով ասաց միսթեր Լոուելը,- իսկական խրախճանք, եթե թույլ կտաք՝ հոգու տոն։
-Եւ այնուամենայնիվ, միսթեր Լոուել, միգրացիոն հարցը ահագնանում է, ձեր բոլոր պորտալները ծանրաբեռնված են, արդեն կան բողոքներ մետրոպոլից, որ կտրուկ նվազում է առեւտրային մաքսերի քանակը՝ պորտալներում առաջացած հերթերի պատճառով։
Միսթեր Լոուելը, ով Դուրյանի խոսքի ընթացքում զբաղված էր մեծ սպիտակ ափսեի մեջ դրված կլոր մսի կտորից նոր պատառներ կտրելով, դրեց դրանցից հերթականը բերանի մեջ եւ նրա մարմնով մեկ նորից անցավ էլեկտրական հրճվանքը։
-Իսկ միգուցե դո՞ւք էլ փորձեք, հարգարժան Փոլ, լուրջ բան եք կորցնում, ու դա հենց այնպես չեմ ասում։
-Կնախընտրեմ միանգամից անցնել գործի։ Ես մեկնում եմ մետրոպոլ ուղիղ քսաներեք րոպեից ու համապատասխան մարդկանց համար ավելի ցանկալի կլինի ստանալ ձեր պարզաբանումները եւ մեկնաբանությունները անձամբ իմ փոխանցմամբ։
-Արդեն զզվեցրեցին իրենց փախստականների խնդրով, ի՞նչ են ուզում՝ ընդունե՞նք, չընդունե՞նք։
Միսթեր Լոուելը նոր պատառ դրեց բերանը եւ նյարդայնությունից խեղված դեմքը նորից ստացավ երանելի արտահայտություն։
-Ամեն դեպքում,- շարունակեց նա,- մենք մաս ենք կազմում Հումանիտար պայմանագրի ու փախստականներին չընդունելը կարող է առաջացնել իրավական լուրջ խնդիրներ։
-Շամի համակարգի բոլոր աշխարհներում միայն դուք եք, որ ամբողջովին բացել եք պորտալները դամկոսների համար։ Մնացած բոլոր վայրերում միգրանտների ընդունման համար գործում են սահմանափակումներ, դա նորմալ է։ Միգուցե դուք էլ կիրառեք։ Թե չէ մետրոպոլը ստիպված կլինի այլ տարբերակներ մտածել պորտալները մաքրելու համար։
-Մաքրել,- ասաց միսթեր Լոուելը պատառը կուլ տալով եւ ասես մեծ դժվարությամբ դեմքին դժգոհ արտահայտություն հաղորդելով։- Դուք այնպես եք ասում մաքրել, կարծես խոսքը չի գնում կենդանի արարածների մասին։ Իսկ դուք մտածել եք, որ դամկոսները բանական էակներ են ու ոչ մի մեղք չունեն, որ իրենց մոլորակը ենթարկվում է ամենասարսափելի կատակլիզմին։ Հիշեք մեր Դոլի գաղութը։ Ինչպիսի լավ մոլորակ էր, եւ ինչ եղավ նրա հետ, երբ աստղի վրայով մագնիսային հիպերալիք անցավ։ Դուք հիշո՞ւմ եք չորս միլիարդ մարդ փախստականներին։ Նրանց ժամանակ նույնպես՝ ոչ բոլոր պորտալներն էին ազատ այս գալակտիկայում։
-Դուք, միսթեր Լոուել, այնպես եք խոսում բանական արարծների մասին․․․ Կարող եմ կանխավ ասել, որ մետրոպոլում ձեր անկեղծությունը հնարավոր է կասկածի տակ առնեն։
-Ինչ ուզում են, թող այն էլ ասեն, միայն թե՝ սկզբում փորձեն այն փաթեթի պարունակությունը, որը ես կուղարկեմ ձեզ հետ։
Միսթեր Լոուելը սեղմեց ափսեի կողքը դրված փոքրիկ վահանակի կոճակը։ Լսվեց սուր ծվոց, ինչից վայրկյաններ անց բացվեցին ընդարձակ սրահի հեռավոր ծայրի դռները։ Ներս մտավ գաղութի կառավարչի ծառա դամկոսը՝ առջեւից գլորելով փոքրիկ սայլակը։
-Ահա եւ փաթեթը, ի դեպ,- ասաց միսթեր Լոուելը՝ մսագնդից նրբորեն կտրելով հաջորդ պատառը,- ապա մի նայեք ինչքան լավն է այս դամկոսը։ Բիլլի, մի ամաչիր, արի առաջ, ծանոթացիր մետրոպոլից ժամանած հյուրի հետ։
-Դուք աշխատանքի եք ընդունել փախստական դամկոսի՞։
-Զբաղվածությունն անչափ կարեւոր է նրանց առողջության համար։ Այս աշխատասեր ցեղը նվաղում եւ հյուծվում է առանց որեւէ կարեւոր առաջադրանքի։
-Ու դուք նրան մարդկային անուն եք տվել եւ թողնում եք, որ ազատ շրջի գաղութի վարչության շենքերո՞վ,- ատամների տակից ասաց Փոլ Դուրյանը։
-Դե, դե, պետք չէ չափազանցնել։ Խոսքն ընդամենը անուշիկ եւ փափլիկ դամկոսի մասին է։ Ուզում եք՝ Բիլլի անվանեք նրան, ուզում եք՝ Վիլլի։ Նրանց ականջների համար տարբերությունն էական չէ, ասեմ՝ իմանաք։
-Ես ստիպված եմ լինելու զեկուցել այս ամենի մասին։ Մեկ բան է ծանրաբեռնել առեւտրային պորտալները փախստական դամկոսներով, մեկ այլ բան․․․
-Իհարկե, զեկուցեք, հարգարժան Փոլ, բայց, խնդրում եմ, չմոռանաք փոխանցել փաթեթը: Բանական տիեզերքի այս հատվածում հազվադեպ է հանդիպում որեւէ բան ավելի հաճելի, քան այս փաթեթի պարունակությունն է: Այդպես չէ՞, Բիլլի:
Բիլլին, որ նույնիսկ դամկոսների չափանիշներով էր ցածրահասակ եւ գնդլիկ, գլխով արեց, եւ իր տեսակին բնորոշ անդուր եւ սրտաճմլիկ ձայնով ասաց` այո:
-Դուք տեսնո՞ւմ եք, թե ինչքան լավիկն է, ինչքան հեզ եւ ինչքան հանգիստ է: Ու դուք բողոքում եք, որ փակվել են առեւտրային պորտալները, հարգարժան Փոլ:
Միսթեր Լոուելը բերանը դրեց վերջին պատառիկը: Նրա աչքերը փակվցին ամբողջությամբ, իսկ դեմքի մկաններով թեթեւ դող անցավ:
-Այս դամկոսների հայտնվելը մեր մոլորակի պես կորած գաղութում իսկական հրաշք է: Երկնային մանանա, եթե կուզեք: Եւ մետրոպոլում, հուսով եմ, շուտով դրանում կհամոզվեն:
Փոլ Դուրյանի հեռանալուց հետո միսթեր Լոուելը նստած տեղից հետեւում էր, թե ինչպես է դամկոս Բիլլին իր փայլուն թեփուկներով պատված ձեռքերով հավաքում սեղանը: Ողջ ընթացքում փախստական Բիլլին քթի տակ հավանաբար ուրախ մի բան էր քրթմնջում, ինչի մասին կարելի էր եզրակացնել նաեւ գլխին առկա կատարիկի մուգ կարմիր երանգից:
-Տեսնում ես, փափլիկ, մենք քեզ համար նույնիսկ այսպիսի պատվելի աշխատանք եք գտել, իսկ մետրոպոլից ժամանած ինչ-որ փսլնքոտ խոսում է սահմանափակումների եւ առեւտրային պորտալների մասին:
-Այո,- արձակեց իր սրտաճմլիկ ձայնը Բիլլին:
-Բիլլի-Վիլլի,- քմծիծաղով ասաց միսթեր Լոուելը,- ինչքան շատ գան քո ցեղակիցները, այդքան կզարգանա իմ այս գաղութը: Դուք, Վիլլի, իսկական իրադարձություն եք: Այ, դու օրինակ: Քո ողջ հմայնքը կայանում է նաեւ նրանում, որ դու եկել ես քո հիսունվեց հոգանոց ընտանիքի հետ: Այդպե՞ս է, փափլիկ:
Բիլլին նայեց միսթեր Լոուելին, ապա գլորելով իր սայլակը` հեռացավ դեպի սրահի հեռավոր մասում գտնվող դուռը:
Միսթեր Լոուելը հետեւից նայում էր նրա չաղլիկ կազմվածքին եւ ժպտում բնական հպարտությամբ: Սպասելով, որ դամկոսը դուրս գա սենյակից` միսթեր Լոուելը իր փոքրիկ վահանակի վրա սեղմեց մթերման բաժնի կոճակը:
-Այսօր պատրաստեք Բիլլիին: Մի մասը թողեք, որ արնաքամ լինի եւ փորձեք ապխտել, իսկ մյուս մասից երեկոյան արյունով սթեյք տեսնեմ: Լիքը հյուրեր կան մետրոպոլից: Եւ ոչ միայն: Բիլլիի փոխարե՞ն: Ձե՞ռք եք առնում: Գտեք որեւէ Վիլլիի… կապ չունի: Հիշեք` սթեյքը արունով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *