ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ| Մհերի դռան գիրքը

Լեվոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյան արվեստագետի և մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս և մեր երկրի ապագան կերտողների։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը` 18.00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Խեչոյան շնորհանդես

(հատված վեպից)

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք:
Ներսիններն այն` ելքի, դրսինները մուտքի դուռ են անվանում:

Սիրելի բարեկամներ, դեռ դպրոցական, ուսանողական, հետո էլ ասպիրանտական տարիներից միշտ երկյուղել եմ ազգային վեպի մասին բարձրաձայն խոսելուց:
Եթե փորձեի` անհեռատեսորեն, նախնիների հնագույն օրենքների, նրանց ժամանակի խորհրդավորության, հավատամք-կարգակառույցի, ծեսերի հեռավոր խանդաղատանքներն ու հուզումները, որ միայն բջիջներով էի ըմբռնում, զգայարաններով լսում, միայն նրանց` դեռևս անբացատրելի, դեռևս անիմանալի թրթիռները, այդ ամբողջը մարդկանց առաջ լռությունից բառի, նախադասության, ձայնի վերածել, համոզված էի` շատ ավելի կխճճվեի, իմ բոլոր որոնումները, այլուրային ազդակների կռահումներն այդպես էլ կմնային դարերի հեռվում, այլևս չէի կարողանա Մհերին գտնել, ամենամեծ վնասն ինքս հասցրած կլինեի ազգային վեպին:
Ճիշտ կլինե՞ր արդյոք բարձրաձայն դասախոսություններ կարդալ լսարաններում իմ ենթագիտակցային գուշակումների վերաբերյալ, մանավանդ գիտեի ձեր անթերի պատրաստվածության, համալսարանի լավագույն կուրսը լինելու մասին, երբ արդեն խորությամբ ուսումնասիրել եք տարբեր բարբառներով և խոսվածքներով գրված ազգային վեպի հարյուր հիսուն պատումները: Հնարավոր է և չհավատալով իմ ենթագիտակցական մշուշոտ խոսքին` վեճի բռնվեք, թե այդ ինչի մասին եք պատմում, երբեք էլ նման իրադարձություններ չեն եղել: Բայց երկար մտածելուց հետո հասկացա` զուր եմ երկմտում, եթե անգամ չընդունեն էլ, որ ազգային վեպը հայր նախնիներից մեզ հասած սահմանադրության, հավատամքի սրբազան գիրքն է, միևնույն է, անհամաձայնությամբ կնպաստեն ճշմարտությունը բացահայտելուն: Դասախոսություններով հանդես գալու մյուս պատճառներից մեկն էլ ազգային վեպի հիմքի վրա գեղարվեստական գիրք գրել չկարողանալս էր, սեփական շնորհքիս նկատմամբ հուսահատությունը և քանի գնացող, սոցիալկենցաղային հոգսերի սաստկանալը, որն այլ հնարավորություն չէր թողել, քան այդ եղանակով ապրելու միջոց գտնելը:
Կուզեի, որ այսուհետ, եթե անընդունելի լինեն իմ մեկնաբանությունները, միանգամից հայտնեիք ձեր անհամաձայնությունը: Կարծում եմ` վեճերն ազգային վեպի հոգևոր խորքին մոտենալու փորձ կլինեն: Անգամ, քիչ առաջ, որ հակառակ կարծիք էիք հայտնում դասախոսության սկզբի մասին թե` շատ քիչ դրվագների հետ եք համաձայն, միայն այն հատվածներն են ընդունելի, որ հաստատում են նաև ձեր կարդացած հարյուր հիսուն պատումները, թե ինչպես Մհերը գնաց Ագռավաքար փակվելու: Թեկուզ այդքանին հավատալով` արդեն ակամա հաստատում եք իմ ենթադրությունները, ուրեմն այսօր էլ նա պիտի կենդանի լինի, երկու հազար տարեկան, գուցե ավելի:
Դեռ դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում, ինձ համար արդեն անկասկած էր Մհերի կենդանի լինելը: Առաջին հայացքից իրականությունից հեռու թվացող իմ երկու հազար տարեկան ասելն ինքնանպատակ` ուսուցիչներին ու ծնողներիս անլուծելի խնդիրների առաջ կանգնեցնելու համար չէր: Չնայած նրանցից որևէ մեկը Մհերի կենդանությանը կամ տարիքին վերաբերող իմ հայտարարություններին լրջորեն չէր էլ մոտենում: Անկեղծ ասած, դժվար էլ էր նման բան երևակայել: Սակայն մինչև այսօր էլ նրա կենդանությանը հավատալու իմ այդչափ համոզվածության գլխավոր և անվիճելի ապացույցը հարյուր հիսուն պատումների համարյա թե բոլոր տարբերակներում, որպես անժխտելի վկայություն, կրկնվող այն դրվագն է, որտեղ տարին մեկ անգամ` Համբարձման գիշերը Մհերն Ագռավաքարից դուրս գալու, աշխարհի հետ կապվելու փորձեր է կատարում: Ամենահին ժամանակներից ժողովուրդն էլ էր հավատում նրա կենդանի լինելուն, գիշերը համախմբվելով Ագռավաքարի շուրջը` քրմերի գլխավորությամբ գաղտնախորհուրդ ծիսական երկրպագություններ կատարելով` փորձում էր Մհերի հետ լինել, միստիկ արարողակարգերով նպաստել քարայրից դուրս գալուն:
Բայց Համբարձման գիշերվա խորհրդի շփոթ մեկնությունները հետագա դարերում քրիստոնեության մուտքի հետ էին սկսվել, ինչքան էլ նախաձեռնությունը իր ձեռքը վերցրած հոգևոր դասը հասարակության մասնակցությամբ դարձյալ շարունակում էր Մհերին նվիրված զանգվածային արարողություններ կատարել, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում արդեն խճճվել, աստիճանաբար կորցրել էր հնագույն հավատամքի թաքնագիտության բանալին, գնալով` սկսել էր ծեսը կրճատ, մասամբ ներկայացնել: Մհերի` Ագռավաքարում` մի կետի սահմանում, հազար հինգ հարյուրերկու հազար տարի կենդանի լինելը եկեղեցին անկարելի վիճակ էր համարում. նման բնույթը միայն քրիստոնյաների առաջնորդի երկրորդ գալստյանն էր վերապահված:
Այս դասաժամին նաև իմ վերջին երազի մասին եմ ցանկանում խոսել: Կարող է` ժամանակը նման բաներ պատմելով անցկացնելը ձեզ անփորձության կամ նյութին չտիրապետելու արդյունք թվա, բայց խոսելու ցանկությունը հատկապես երազի շատ իրական, շատ հասկանալի լինելուց է գալիս: Նույն երազը մի քանի գիշեր անընդմեջ կրակի տեսքով կրկնվում էր: Բոցն ինչոր բանով նաև պղնձե թիթեղից արևի անդրադարձի էր նման, հոսող կապտականաչագույն լույսի կամ ժայռի վրա արևի տակ պառկած պսպղացող երկգույն մողեսի:
Արթնանալուց հետո էլ շարունակվում էր զարմանքն ու զմայլանքը, երևակայությունս դեռ վառվում էր տեսածով: Տարօրինակը պղնձե թիթեղից անդրադարձող ճառագայթն էր, որ մեկ էլ հանկարծ անձևությունից կերպարանափոխվում, իմաստ էր ստանում: Կարծես հոսող լույսի մեջ Մհերի կյանքի ընթացքը պատմող արձանագրություն լիներ. թե ինչպես էր նա ցերեկը երկնքից` կրակ, գիշերը սառնամանիք թափող անապատով, կախարդվածի պես պտտվել. ասես այդքան ժամանակ առաջ տանողն իր ստվերն էր եղել, ստվերը գնացել, ինքն էլ էր գնացել, հետևից շրջապտույտներ տալով, երբեք նրան չէր հասել. ավելի ու ավելի էր հեռացել հայրենի տնից:
Տեսնում էի, թե ինչպես էր քաղցը, մյուս օրը ծարավը տանջել, էն մի օրը շնագայլերի սովահար ոհմակը չորս բոլորը կաղկանձել: Թե ինչպես էին երբեմն էլ ավազաբնակները հինգվեց հոգանոց խմբերով ձին ու զենքերը ձեռք գցելու նպատակով հետապնդել: Բայց ամենասարսափելին` բոլոր վտանգներից խույս տալուց, ապահով վայր հասնելուց հետո մեկ էլ հանկարծ պարզվում էր, որ հայտնվել էր այն նույն ճանապարհի սկզբին, որտեղից սկսել էր:
Հետո աշխարհի չորս ծագերում թափառել, հուսախաբված Սասուն վերադառնալն էի տեսնում. թե ինչպես էր ծնողների կողմից վտարվել Ագռավաքար` ընդմիշտ այնտեղ թաղվելու, թե ինչպես էր քարայրի պատերի ճեղքերից նրա մենությունը սաստկացնող ծղրիդների կանչերը լսվում, առաստաղից պաղ եղյամը փաթիլներով կաթկթում, և նա դամբարանի խավարից դուրս գալու միայն մի պայման ուներ, ցորենը` ալոճի, գարին մասուրի չափ պիտի դառնար, սպասում ու սպասում էր:
Քնի մեջ վախեցած, խեղդվելով վեր էի թռչում, քրտնքի ու դառը մի բանի հոտի մեջ կորած, երկար ժամանակ չիմանալով` որտեղ էի:
Մի քանի օր տագնապների մեջ լինելով` չգիտեի` ում հետ էի խոսում, բայց անդադար հարցնում էի` ի՞նչն էր Մհերին բաժին հասած այդքան դաժան հալածանքների պատճառը, ինչո՞ւ պիտի տառապեր, որտեղից էին անողոք փորձությունները գալիս:
Նույն երազի իրար վրա կրկնվելը միաժամանակ իմ` ազգային վեպի ընկալման ու մտածողության մեջ շատ բան էր փոխել: Կարծես ձեռքիս տարօրինակ մի բանալի էր հայտնվել, պիտի կարողանայի, առանց շփոթելու, նկուղի հարյուրավոր նուրբ դաջվածքազարդերով դռներից գանձարանի ճշմարիտ դուռը գտնել ու բացել:
Մհերի կամավոր գնալ, պաղ, մութ քարանձավում փակվելը հասկանալու համար փորձում էի այն մանկության տարիներին տեսած կենդանական աշխարհի ինքնապահպանության բնազդին նմանեցնել. ինչպես էին մսագործի ծնկի տակ մամլված ցուլը, խոյը կամ վարազը մորթվելու` շունչը տալու ամենավերջին ակնթարթին էգի հետ զուգավորման նմանությամբ անգիտակից ռեֆլեքսային սերմնաժայթքումով հողը ողողում. տեսակը պահպանելու փրկության ակտ էին կատարում:
Գուցե Մհերն էլ զգացել էր կործանարար, իրար հաջորդող չարագույժ աղետների, խոշոր խառնակությունների, տեսակը բնաջնջող սև պատերազմների, որդեսերման սերմը փչացնող պտղաորդի մոտենալու ժամանակը: Գուցե հենց այդ պատճառով էր հրաժարվել իշխանական Մեծ տան գահից, երկրի առաջնորդը լինելու բոլոր իրավունքներից, անսպառ հարստությունից: Ժողովրդի դարերով կերտած մշակույթը իր մեջ ներառած` գնացել հազար ինը հարյուր տարի, երկու հազար տարի փակվել էր Ագռավաքարի նախամայր արգանդում, նյութական աշխարհից ամենայն ազգային վաստակած ունեցվածքը տեղափոխել էր հոգևոր ոլորտ` փորձելով իր հետ պահպանության տարած ժառանգությունը քսան դար հետո ապագա սերունդներին վերադարձնելով` փրկել մեր ինքնությունը:
Չնայած ազգային վեպի անտիպ պատումների մի քանի տարբերակներում հակառակն էլ կա: Մհերի հետագա կյանքի վերաբերյալ բոլորովին ուրիշ, մեկ այլ սյուժե էլ է պատմվում, թե ինչպես էր Ոստանակապանով անցնելիս մի իշխանի կողմից գերի վերցվել, հետո ինչպես են մտրակներով ստիպել միայն հաց ու ջրով երկար տարիներ քարհանքում ջորիների հետ ծանր աշխատանքներ կատարել, ինչպես է մինչև խոր ծերություն, տարեցտարի ատամնաթափվելով, ստրկության մեջ ապրել, ինչպես է մի օր էլ լուսադեմին մահկանացու ծերունու նման փլվել, հոգին ավանդել:
Սա է եղել Մհերը, մյուսներից ոչնչով չտարբերվող մարդը, ամբողջը, վերջը:
Բայց, սիրելի ուսանողներ, ավագանու կողմից Մհերի և հասարակ հողածինների կյանքերի միջև հավասարության նշան դնելու մտահաղացումը ավելի ուշ` անհնազանդ երիտասարդների` Սասունը ոտնատակ տալու ժամանակ էր հատուկ նպատակներով հորինվել: Սակայն, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, մեզ դեռևս դպրոցական տարիներին ուսուցանած Մհերի` Ագռավաքարում փակվելու պատմությունն է հարազատ, քանի որ բոլորիս նրան սպասելու հնարավորություն է տրվում: Մանավանդ, երբ նրա կենդանության, ստույգ այնտեղ գտնվելու փաստը նաև հորթի հետևից գնացող Կոգահովիտ գյուղի հովիվն էլ է հաստատում, թե Համբարձման գիշերը Ագռավաքարի մուտքի մեջ կանգնած մարդը Մհերն է եղել, որի հետ զրուցել էր ինքը:
Այդ խորհրդավոր խոսակցության բովանդակությունն էր, որ հետագայում հովիվը հինգ ցրտադիմացկուն խաղողի վազի ու ծնած կովը հորթի հետ ստանալու դիմաց Սասունի հասարակության և գիտնականների առաջ պատմեց: Նրա` Մհերի հետ գիշերային հանդիպման և զրույցի լուրը միանգամից հեռավոր գավառներ էր հասել, երիտասարդների միտքն ու երևակայությունը բորբոքող ազդակ էր դարձել:
Չնայած ազգային վեպում Մհերի փակվելուց հետո մի ուրիշ բանի մասին էլ է խոսվում: Ձայնը: Ձայն, որ արդեն մի անգամ էր հնչել և ամեն ուրբաթ էր հնչելու, բայց այն ոչ մեկին ծանոթ չէր, որովհետև լեռներից, անտառներից, ամպերից չէր գալիս: Ոչ եկեղեցական զանգերի, ոչ բնության աղետի, ոչ էլ գործիքներով արտահայտած մարդկային միջամտության արդյունք էր, այլ հողի միջոցով փոխանցվող, խորքի, ընդերքի ղողանջ էր, անընդհատ ուժգնացող թրթիռներով:
Քարայրի խորքից լսվող ձիու խրխինջի մասին ազգային վեպում հպանցիկ է հիշատակվում, բայց կարծում եմ` նրա ղողանջն էր, որ երիքովյան փողի անընդհատ ուժգնացող ձայնի պես Սասնո հասարակարգի և քաղաքական հետագա զարգացումների համար չափազանց վճռորոշ նշանակություն ունեցավ: Ագռավաքարի շրջակա բնակչության և երիտասարդների համար հատկապես ձայնն էր ցուցող եղել, որ գնային Սասուն: Գավառներից հենց նրանց զանգվածային տեղաշարժերն էին երկրի սոցիալ-հասարակական կառույցը կաթվածահար արել, իշխանությանը խառնաշփոթի էին մատնել:
Մեծ տան երիցավագները, քաղաքապետարանի ավագանու խորհուրդն ինչքան էլ փորձում էին ոստիկանական կարգապահ տեսուչների միջոցով աննախադեպ իրավիճակի դեմն առնել, ժողովրդի վրա ունեցած երբեմնի անվիճելի իշխանությունը ձեռքից չթողնել, արգելել մասսայական տեղաշարժերը, ինչքան էլ իշխանական խնամակալ հոգևոր դատավորները փորձում էին ըմբոստներին աքսորով, զնդաններով վախեցնել, միևնույն է, բոլոր ջանքերը զուր էին անցնում: Ամեն ուրբաթ Ագռավաքարից լսվող խրխինջը գյուղ գյուղի, ավան ավանի, քաղաք քաղաքի հետևից անդադար Սասուն էր ուղարկում` կանխելով իշխանության`ժողովրդին կրկին դեպի անցյալ տանելու բոլոր փորձերը:
Գիտե՞ք` ինչն է զարմացնում. քանի դեռ ձայնի հորդորով երկիրը տեղից չէր շարժվել, զանգվածները ոտքի չէին ելել, չէին հեղեղել փողոցները, Սասնո Մեծ տունը, քաղաքային իշխանությունը, հոգևորականներն անվերապահորեն ընդունում էին խրխինջի կենսական օգտակարությունը: Անգամ հայտարարում էին, որ ներքուստ ամրապնդում է թույլերին, կասկածամիտներին նվիրյալ քաղաքացիներ է դարձնում, իսկ իրենց սովորեցնում է ինչպես դիմակայել ամենածանր հարվածներին, թեկուզ դա երաշտի զարկ, թշնամու բանակի հարձակում կամ երկրաշարժի` հողի պատառոտել լինի: Բայց մեկ էլ հանկարծ նրանց վերաբերմունքը խրխինջի նկատմամբ շատ կտրուկ հակառակն էր փոխվել, երբ Մհերի փակվելու վեցերորդ օրը, երեկոյան Ագռավաքարի շրջակա գյուղերում մոխրագույն ավանակով, շիկակարմիր զգեստներով մի պատանի էր շրջել, ի զարմանս բոլորի հայտարարել էր, եթե ժողովուրդը Սասուն չգնար, ղողանջը հանգիստ չէր տա նրանց, կստիպեր տառապեին:
Ամենատարօրինակն այն է` Մհերի փակվելու գնալու օրվանից ժամանակի շրջանը խախտված լինելու պատճառով ոչ ծնունդ էր լինում, որ հոգի ավելանար, ոչ էլ մահն էր գալիս, որ շունչ պակասեր: Ոչ ինն ամիսը բոլորած տղոցկան կանայք էին պառկում` նոր մարդ լույս աշխարh բերելու, ոչ էլ արդեն մահամերձերն էին կարողանում հողագունդը լքել, ոչ էլ թռչունների ձվերն էին ճեղքվել` նոր կյանք բերելու համար: Տարեգիրն էլ վկայել էր, թե… Վեց օր շարունակ, երկրագունդը չէր պտտվել առանցքի շուրջը, աշխարհի մեկ կեսում անընդհատ գիշեր էր եղել, մյուսում` ցերեկ: Մարդիկ Վանա ծովի ափին ջրից դուրս թափված հայելու և արծաթի պես փայլատակող բազում ձկներ էին տեսել, ինչպես մայրի ծառերի փայտակույտեր, բայց մի ձուկ անգամ չէր սատկել մինչև վեցերորդ օրը, մինչև խրխինջի լսվելը, մինչև մոխրագույն ավանակով պատանու երևալը և ժամանակի շրջանը վերստին նորոգվելը, ձկները գետնի վրա ապրել էին ինչպես ջրի մեջ: Ոչ մահ էր եղել, ոչ կյանք էր ստեղծվել: Անգամ ամենաթունավոր սև օձի խայթոցից, անգամ փարախի դուռը խորտակած արնակալած աչքերով ցուլի պոզահարությունից, անգամ կատաղած առյուծի հոշոտելուց ոչ մի որսորդ չէր մահացել, ոչ էլ անկողնում` մահառաջի մեջ գտնվող ծանր հիվանդներն ու կյանքի օրերը ավարտած ծերունիներն էին մեռել: Խրխինջը լսվելու հետ գյուղերում ու ավաններում էլ տները նախկինի համեմատ փոխել էին դիրքերը, ծինը կորցրած կենդանիները հոտերով դեպի լեռներն էին հեռացել, փեթակներն էլ պարսերով մեղուներ էին լքել, հողի տակից էլ հարյուր հազարավոր մրջյուններ էին ելել, մեկ, երկու օր խելագար թափով պտտվել էին իրենց առանցքի շուրջը, երեկոյան մինչև վերջինն ընկել, ոչնչացել էին:
Քիչ ավելի ուշ որոշ ընտանիքներ արդեն հասկացել էին` պիտի հետևեին ձայնի պահանջներին. հաց ու ջուր, կահկարասին սայլերը բարձած` ճանապարհ էին ելել: Հենց այդ պահից էլ Մեծ տան երիցավագները, քաղաքային իշխանությունների խորհուրդը կտրուկ փոխել էին կարծիքը ձայնի նկատմամբ, բոլորովին հակառակ դիրքորոշում էին բռնել, ջանք ու եռանդ չէին խնայել տարհանվող բնակչությանը համոզելու` մնան իրենց տեղերում, թե իրականում նման բան չկա, չէր էլ կարող լինել, որ Ագռավաքարից ժողովրդին հասցեագրված ձայն լսվեր: Անհնար է, քանի որ Ագռավաքարից հարյուրավոր փարսախներ հեռու Ոստանակապանում է գերեվարվել խեղճ Մհերը, շղթաները թևերին` գիշերզօր եզների ու գոմեշների հետ իշխանի համար աշխատելուց հետո մահացել էր զառամյալ տարիքում, այնտեղ էլ թաղվել էր: Իսկ ամեն ուրբաթ խրխինջի գոյության մասին սուտ լուրը անորոշ միջավայրի մութ մասից եկած պատանին է ժողովրդին ներշնչում: Մեծ սխալմունք կլինի, եթե խառնակչություն գցելու համար ուղարկված թափառականին հավատան, հեռանան իրենց հազարամյա նստավայրերից:
Չխաբվելու և իրենց ասածի ճշմարտությունն ապացուցելու համար խորհուրդ էին տալիս ուշադիր լինել պատանու այլակերպ դեմքի նկատմամբ. իրենց աչքերով կտեսնեն` տակը էլի մի քանի դեմքեր կան` մեկ բոսորագույն բիբերով անգղի, մեկ էլ խաչաթև թռչնի է նմանվում:
Անտեսելով նախազգուշացումները, միևնույն է, երիտասարդները մեծ ու փոքր խմբերով դարձյալ Սասուն էին շտապել: Տեղ հասնելուն պես միանգամից փողոցներում, հրապարակներում, մարդաշատ տեղերում էին հայտնվել, վառվող ջահերը թափահարելով` աղաղակել, իրենց անհնազանդությունն էին հայտնել Մեծ տան երիցավագների միահեծան իշխանությանը:
Ինչքան էլ Մեծ տունը փորձում էր հակաքարոզչության միջոցներով պահպանել հասարակության մեջ հնուց ի վեր գոյություն ունեցող կարծիքը, որ ժողովրդին դարերի խորքից մեծ խառնակչությունների, տարբեր քաղաքակրթությունների և հասարակարգերի միջով անցկացնելու և լուսավոր ապագա հասցնելու գործում իշխանության անփոխարինելիությունն էր վճռորոշ նշանակություն ունեցել, բայց երիտասարդների ամենասկզբունքային հակադրությունը հենց այդ կարծիքի դեմ էր, և իր բողոքը նստակյաց տեղերից մասսայական տեղաշարժերով էր արտահայտում, որ աներևակայելի հարված էր իշխանական կառավարման համակարգին` դրանով իսկ Սասունը հասցնելով համարյա թե հեղափոխության եզրին:
Երիտասարդների հրապարակային անպատկառ ելույթները գնալով ժողովրդին ավելի էին գրգռում Մեծ տան ավագների դեմ, ինչն էլ խորացող թշնամության պատճառ էր դառնում: Նրանք, մինչև հոգիների խորքը վիրավորված երիտասարդների երախտամոռությունից, ճաշի սեղանի շուրջը գանգատվում էին իրար: Քանի որ ավերիչ խառնակության ամենամեծ մեղավորը Մհերին էին համարում, անթաքույց քենով պախարակում էին նրան. «Ուրեմն հազարամյակներ շարունակ քարը քարին դնելը, ոչինչից երկիր բարձրացնելը անշնորհակալ գործ էր: Պարզվում է` էս մոզիներին հասկացված լինելու համար անգամ թուլամիտ Մհերի չափ խելք չենք ունեցել, որ գլուխներս առած փախչեինք, որևէ քար ու քրջի մեջ թաքնվեինք»:
Ծերունիներից ամեն մեկն արդեն հարյուր տասը, հարյուր երեսունն անց էր, թույլ և ավելորդ լինելու զգացողությունը չարացնում, ոխակալությամբ էր լցնում:
Բայց փողոցներն ու հրապարակները հեղեղած երիտասարդների միջամտությամբ քանի գնացող, հախուռն զարգացող իրադարձությունները, երևում էր` հսկողությունից դուրս էին եկել. այլևս երիցավագների ոչ գանգատներին, ոչ անցյալի հիշատակություններին հավատացողներ, ոչ էլ քաոսային իրավիճակը փրկելու նրանց հրամանները մինչև վերջ կատարողներ կային:
Երիտասարդների նոր գաղափարախոսությունը ծերունիներին շվարության, այնպիսի հուսահատության էր հասցրել, որ խռովածի պես կիսամութ սենյակներում փակված` օրերով մահառաջի լռություն էին պահպանում:
Չգիտեմ, կարող է երիցավագների հենց այս անօգնական վիճակն էր դեռ դպրոցական տարիներից հոգեհարազատ կապ ստեղծել ինձ հետ, որ ուղեկցեց ամբողջ կյանքի ընթացքում: Կարող է և նրանց սոսկալի ցավի, տխրության, վշտի, լքվածության մասին պատմող այս դրվագն էր գլխավոր պատճառներից մեկը, որ շաբաթներով ընկճվածության և դատարկության զգացողություն էի ունենում:
Բայց, սիրելի ուսանողներ, անձնական զգացմունքները կողմ դնենք, խոսենք սոցիալ-քաղաքական այն գլխավոր դրդապատճառի մասին, որ Մեծ տան երիցավագների և քաղաքային իշխանությունների կարծիքով երկիրը հասարակության ներկայացուցիչներով կառավարել պահանջող, իրենց «առաջադիմական գաղափարներով» երիտասարդներ հռչակած թափթփուկներին այդչափ համարձակության մղողը Մհերն էր:
Համոզված էին` երկրի առաջնորդը լինելու ժառանգական իրավունքից հրաժարվելը, գահը թափուր թողնելը, նախնիների սահմանած կարգից հետ կանգնելը, գնալ, Ագռավաքարում փակվելն ամենամեծ դավաճանությունն էր, որ Սասնո քաղաքական ժամանակի մեջ, մինչ այդ անհայտ, փողոցները լցված խաժամուժ զանգվածների համար մեկ ուրիշ` պահանջատիրական հարաբերությունների ասպարեզ էր բացել:
Նոր գաղափարախոսությանը հակադրվելու նպատակով էր, որ Մեծ տան երեցավագները, քաղաքային իշխանությունները, իրենց մհերյան ճշմարիտ վարդապետության հետևորդներ հռչակած լուսավոր երազանքներ իրականացնելու համոզմունքով քաղաք հասած երիտասարդների մեջ հեղինակավոր, իշխանական խնամակալ հոգևորականներ և հավատաքննիչներ էին ուղարկել: Նրանք ժողովրդին վերջնականապես հուսահատեցնելու համար ոչ միայն Մհերի անմահության գաղափարն էին ժխտում` տարածելով հորինված, Ոստանակապանի գերության ստորացուցիչ պատմությունը իշխանի կողմից երեներ որսալու ցանցով բռնվելու և քարհանքերում բանելու մասին, այլև վարձու բանասացների թատերախաղի միջոցով էլ մեկ ուրիշ, այլ սոսկալի պատմություն էլ էին ներկայացնում: Մհերին սպանած և մահվան դատապարտված հինգ գյուղերի հինգ գյուղացիների դատավարությունն էին խաղում: Մահվան դատապարտված ձեռնաշղթաներով գյուղացիները, որ չգիտեին` ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք իրենց կյանքը, մեղայական խոսքով անդադար պատմում էին` իբրև թե իրենք էին սպանել Մհերին, իսկ բանասացները թատերախաղով ցուցադրում էին ամբողջ սոսկալի տեսարանը, թե ինչպես էին հինգ գյուղերի ռամիկները գելխեղդ շներով պահակության կանգնել կորեկի արտի վրա, ինչպես էին երկաթեղենի զնգզնգոցներով փորձել Մհերի հրեղեն ձիուն վախեցնելով` հեռու քշել իրենց միակ ապրուստի միջոց կորեկի արտերից, բայց ոչինչ չէր ստացվել: Կախարդական լինելով` ձին էր հաղթել, շատ անգամ անտեսանելի էր դարձել, շատ անգամ էլ դյութանքով քուն էր իջեցրել նրանց աչքերին: Ծովային ձին ոչ սովորական լինելու պատճառով մեծ էներգիա էր ծախսել, դրա համար էլ ուժերը վերականգնելու համար մի գիշերվա մեջ միանգամից կորեկի հինգ դաշտ էր արածել: Հենց շատակերությունն էր եղել պատճառը, որ իրենց սովի և աղքատության դուռը հասցրած հակառակորդից ազատվելու համար հինգ գյուղերով դավադիր համաձայնություն էին կնքել, լուսադեմին մեծ ու փոքրով հարձակվել, քնած տեղը երկուսին էլ սպանել էին, հետո դիակները տարել, թաքցրել էին Ագռավաքարի խորշերից մեկում: Կասկած լինել չէր կարող. նրանց հաշիվն այնպես էին մաքրել, որ բացառվում էր` ամեն ուրբաթ այնտեղից կենդանի արարածի ձայն կամ խրխինջ լսվեր:
Բայց, սիրելի բարեկամներ, Մհերին նսեմացնող, մահվան տեսարաններով ներկայացվող այս քստմնելի պատմություններն իշխանություններն այնքան կարողացան պտտեցնել հասարակության մեջ, քանի դեռ ականատեսի վկայությունով չէր հաստատվել ճշմարտությունը, քանի դեռ Մհերը չէր խոսել Տոսպան լեռան Կոգահովիտ գյուղի հորթի հետևից գնացող հովվի հետ:
Երբ նոր էի սկսել ազգային վեպի ընթերցանությունը և առաջին անգամ հարյուր հիսուն պատումներից մի քանիսի մեջ հանդիպեցի բռնությամբ Մհերի` աշխարհից հեռանալու սահմռկեցուցիչ դրվագներին, հավանաբար ձեզանից մի չորսհինգ տարով փոքր կլինեի: Հենց այդ ժամանակից էլ մահվան սարսափը միանգամից սկսեց հետապնդել: Անընդհատ թվում էր` ինչ-որ մարդիկ շներով ինձ էին որոնում` սպանելու համար: Քիչ հետո գլխի էի ընկնում, որ նրանք կորեկի արտեր ունեցող հենց հինգ գյուղերի բնակիչներն էին: Անթիվ բազմություն` տղամարդիկ, կանայք, երեխաներ` եղաններով, մանգաղներով, թաթակիշներով զինված, վառվող ջահերը թափահարելով` կորեկի կերած արտի եզրով գլուխ գլխի դավադիր փսփսալով` դեպի ինձ էր գալիս, քնած տեղս բոլորով` սուր գործիքները միանգամից մարմնիս մեջ էին մխրճում:
Հետո նրանց ուրվականները գիշերով սկսում էին տան չորս կողմը շրջել, զուգարանի ճանապարհին ինձ էին սպասում, մեկ էլ հանկարծ բակում որոճացող կովերին էին ծեծում: Երբեմն ընկալումներս այնքան էին սրվում` քնած կամ արթուն լինելս չէր տարբերվում: Մեկ էլ միանգամից ջրերի հատակն էր, որտեղից Սանասարը Ծովային ձին, զորությունն ու Թուր Կեծակին էր դուրս բերել:
Անսպասելի` գլխավերևս գարեհատիկի չափ խաչաթև մի թռչուն էր հայտնվում: Վազում եմ, քանի գնում, խոշորանալով հետապնդում է: Զգում էի` ծանր շնչառությունը ծոծրակիս էր հասնում: Հալածում էր սրիկան: Ամեն հետ նայելուց դեմքը մի անգամ անգղի, մյուս անգամ արծվի էր նմանվում: Մեկ էլ գլխի էի ընկնում, որ ինձ որսալ ցանկացող թռչունը իշխանական Մեծ տան հովանավոր Պատարազին էր: Այդ ժամանակ էլ ջրերի կապտականաչ մածուցիկ թանձրից Մհերն էր ընդառաջ գալիս: Աչքերի մեջ իմ նկատմամբ չարության, զայրույթի, ատելության նշույլ անգամ չկա: Մի ոստյունով բռնում է, ստիպում է` իր նման անմահ դառնալու համար պարզեմ աջս, որ խաչաթև Պատարազին իջնի:
Բայց պատումներից մի քանիսում նկարագրված սպանությունների զարհուրելի դրվագները այնպես էին ցնցել ու թուլացրել, որ անգամ օրը ցերեկով բաց աչքերով էի տեսնում, թե ինչպես էին աղքատության մատնված հինգ գյուղերի բնակիչներն իրենց` սովից փքված որովայններով երեխաների կյանքը փրկելու համար ամենադաժան ձևով դավադիր սպանում Մհերին ու ձիուն:
Պարզ տեսնում էի` դաշտամիջյան հողե ճամփեքի վրա իրար հետևից դխկդխկոցով ընթացող զույգ սայլերն ինչպես էին չորս լուծ կարմիր եզները շոգ օրվա միջով փնչոցով տանում Մհերին ու ձիուն` Ագռավաքարի խորշերում ընդմիշտ թաքցնելու, ինչպես էին սայլի հետնամասից կախված Մհերի երկար ոտքերը ծնկներից ներքև ճոճանակի պես դատարկության մեջ գնում ու գալիս: Սայլի տախտակների ճեղքերից ինչպես էր արյունը դեռ կաթկթում փոշոտ ճանապարհին: հստակ տեսնում էի` վիրավոր, կիսակենդան ձին ինչպես էր դեռ խրխնջում, Ագռավաքարի այրերից ինչ ղողանջ էր տարածվում: Այս ամենին նաև Ոստանակապանի գերության ժամանակաշրջանն էր միախառնվում` շղթայակապ Մհերը ատամնաթափ, զառամյալ մի ծերունի է, օրնիբուն մտրակավոր մարդկանց հսկողության տակ ջորիների ու գոմեշների հետ խոշտանգվելով` բանում է արևից շիկացած քարհանքերում: Կաշի ու ոսկոր է, մեկ էլ հանկարծ ուժասպառ տապալվում է հնձած խոտի նման: հսկիչներն արևով եփված նրա սև մեջքի վրա շառաչեցնում են դաբաղված մտրակների կաշեփոկերը, ստիպում են դարձյալ աշխատել:
Մհերի նկատմամբ հասարակության գործադրած զանազան դաժանություններով սպանության տարբերակներն այնպես էին սարսափեցրել, որ անգամ զորության նշան Պատարազիի` միայն երազում հայտնվելը բավական էր, որ հաջորդ մի քանի օրերի իմ հոգեվիճակը մատնվեր քաոսի:
Մհերի հետ իմ հակառակության պատճառն ինքնապահպանության բնազդն էր, վախը մարդկային հնարքների` սպանության զանազան ձևերի գործածության հանդեպ. դրանով էր պայմանավորված Պատարազիին դաստակիս տեղ չտալը, Մհերի բազուկները կծոտելը, գետնին ընկած տեղս ծնկներին հարվածելը:
Իսկ նա, օձիքս բռնած, շան լակոտի նման ոտքի էր հանում, ցնցելով պահանջում էր` ձեռքերս հանեմ ազդրերիս արանքից, աջս տամ իրեն, ասում էր. «Պարտավոր ես հնազանդ լինել,– ասում էր,– ինչպես մշակն է հողին ու ցորենին հասկանում, դու էլ պարտավոր ես ազգային վեպը հասկանալ: Ամենաբարի նախախնամությունը վեպի նպատակն այնքան զարմանալի ձևով է քո միջոցով իրագործելու, նվիրված շուն, ստրուկ, արհամարհված, զարկված պիտի լինես, բայց ՆՐԱ ոգու կողմից վաստակած այնքան ճշմարիտ հարգանքն ես վայելելու: Ուրիշ ինչպես պիտի քո երախտագիտությունը ազգային վեպին հայտնեիր, եթե թարգմանի այս կարևոր հնարավորությունը չօգտագործեիր, դուրս չգայիր ասպարեզ, չասեիր` այդպես չի եղել, ես մի այլ կերպ եմ լսում, տեսնում և մեկնում»:
Հողը չէր խոսում ինձ հետ, պատրաստ չէի ազգային վեպի մշակը դառնալով` արժանանալ Մհերի ճակատագրին: Չէի ուզում` գյուղացիները գային ու ոտքերի տակ գցած` քնած տեղս մանգաղներով, թաթակիշներով պատառոտեին: Չէի ցանկանում մտրակների մշտական շառաչների տակ, արևից շիկացած քարհանքերում գոմեշների ու ջորիների հետ բանելով` մեկնիչի կյանքով ապրել: Սովորական մահկանացուի յոթանասուն, ութսուն տարիների կյանքը շատ ավելի գերադասելի էր, քան զանազան բռնություններով ուղեկցվող անընդհատ տառապողի անմահությունը:
Մինչ Մհերը խոսում, պարտադրում էր, Պատարազին մեկ անգղի, մեկ արծվի, մեկ էլ հրագույն խաչաթև թռչնի կերպով պտտվում էր մեր գլխավերևները, զարմացած, կլորացած աչքերով Մհերին էր նայում, թե ինչպես էր քաշքշելով պահանջում` իրեն ընդունելու համար աջս պարզեմ:
Մի խոսքով, բարեկամներ, ամենացավագին, հակասական զգացմունքներով Մհերն իմ ներսում էր:

Մհերի դուռը

Share Button

2 Կարծիք

  • Արա says:

    Հիրավի, Մհերի էպիկական կերպարը մեր ազգային Տեսակի ,,հոգեգենային,, հիշողության հրե բյուրեղացումն է, և այլաբանորեն
    ներկայացնում է բարձրագույն Ես-ի` ցածրագույն ես-ի միջոցով Տեսակի բյուրհազարամյա փորձառության ոգեդարանը… ,,Ագռավաքարը,,…. մեր սիրտն է` հոգևոր կույտադարսումների զետեղարանը, ուր իսկությամբ ապրում է ,,Մհերը,,, ուստի` Տեսակի խորհուրդը վերստին ճանաչած ու ,,Հողի,, /իմա` Բնության/ ձայնը լսելու ունակ գիտակցությունները միայն ընդունակ կլինեն անվեհերորեն մտնել Հրե` Ջրհոսի Դարաշրջան…
    Your comment is awaiting moderation.

  • Հողն էլ ծուլացել է,աշխարհի մեջ մարդ չի մնա,որ աշխարհը ավերվի մեկ էլ շինվի,երբ ցորենի, հատիկը դառնա մասուր չափ ու գարին էլ դառնա ընկույզ,էն ժամանակ հրամանք կա,որ դուր կգա …………..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *