«Անտարես» հրատարակչությունը հրավիրում է մասնակցելու հայ ժամանակակից բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով» գրքի շնորհանդեսին, որը կկայանա փետրվարի 15-ին, ժամը 16:00-ին «Ականաթ» մշակութային ակումբում (Կողբացի 28): Միջոցառման ֆեյսբուքյան խմբին կարելի է միանալ այս հղումով:
Հեղինակի նախորդ երկու գրքերի պես «Ծիլի-Ծովը» նույնպես ներկայանում է մեկ ընդհանրական գաղափարական հղացմաբ: Լեզվական տարբեր փորձարարություններով ստեղծագործող Կարեն Անտաշյանն իր հայեցակարգը մեկնաբանում է հետևյալ բնաբանով՝
«Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Ծիլի-Ծով մետաֆորը սահմանում եմ իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն»:
Գիրքը ներառում է որոշակի հաջորդականությամբ դասավորված բանաստեղծություններ, երազահաններ և համյիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի (հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթ ու գիր և այլն) և ժողովրդական խաղիկների ոճավորումով:
Վաճառքում կլինի գրքի միայն 365 անվանական օրինակ՝ յուրաքանչյուրը տարվա մեկ օրվան համապատասխան: Հեղինակի կայքում գործող առցանց օրացույցից կարող եք ընտրել ձեր ուզած օրվա անվանական օրինակը և նախապես ամրագրել այն՝ շնորհանդեսի օրը համապատասխան անվանական էջանիշով ստանալու պայմանով:
Շնորհանդեսի օրը գիրքը կարելի է ձեռք բերել 2000 դրամով՝ սովորական 3000-ի փոխարեն:
Հեղինակի մասին՝
Կարեն Անտաշյանը ծնվել է 1983թ. Փետրվարի 3-ին, Վանաձորում: 2009 թվականին գրող և գրաքննադատ ընկերների հետ սկսել է «Գրանիշ» գրական նախագիծը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է (granish.org):
Նախորդ գրքերը՝ «Վերջից հետո – Սկզբից առաջ», 2004թ., «Անտաշատ», 2009թ.: