Կեսգիշերին, երբ փոքրիկ Փարվիզն արթնացավ, սենյակը սուզվել էր խավարի ու լռության մեջ և, լուսամատից ներս խուժող ծովի հեռավոր շաչյունից բացի ուրիշ ոչ մի ձայն չէր լսվում: Հենց առաջին պահին նա զգաց, որ իր անկողնում չէ: Ուշադիր ու զննող հայացքով նայեց շուրջը, իսկ հետո հիշեց ամբողջ ճանապարհի ընթացքում կրկնվող հոր խոսքերը:
«Տա Աստված, որ ժամանակին տեղ հասնենք. ամռանը ծովափը մարդաշատ է լինում, հնարավոր է սենյակ չգտնենք»:
Հետո աչքերը մի քանի անգամ թարթեց և զգուշորեն շարժվեց անկողնում: Հիմա արդեն աչքերն ընտելացել էին մթությանը և բոլոր դռների, պատերի և վարագույրների ուրվագծերը կարողանում էր զանազանել: Նրանից քիչ հեռու, ձախ կողմում, քնել է ինչ-որ մեկը: Դեմքը մոտեցրեց քնածին և ուշադիր նայեց: Հա, փոքրիկ քույրն էր: Ձեռքը մոտեցրեց, որպեսզի արթնացնի նրան և խոսի ծովից, արևից և խեցիներից, որ վաղը ծովափից պիտի հավաքեն, սակայն անմիջապես հրաժարվեց այդ մտքից չուզենալով խանգարել նրա խաղաղ քունը: Դանդաղ, օձի նան սողաց իր նախկին տեղը և այս անգամ հայացքը ուղղեց սենյակի մյուս կողմը: Աջ կողմում փոքրիկ, միհոգանոց մահճակալին իրար կողքի քնել էին ծնողները:
«Տեսնես այս գիշեր ի՞նչ է պատահել,- մտածեց նա, որ մայրիկը թույլ է տվել իր սենյակում քնենք»:
Հետո, տանջող մտքից իրեն փրկող մարդու նման, սկսեց հաշվել ձեռքի մատերը… մեկ… երկու… երեք… չորս…
Դիմացի պատին նկար էր փակցված: Երկար մորուսով ու աբայով մի մարդու դիմանկար էր։Մթության մեջ չէր կարողանում նկարը պարզորոշ տեսնել, սակայն անգույն և հազիվ նշմարվող դիմագծերը նրան հիշեցրին ճամփամիջի թեյարաններից մեկում տեսած աճպարարին: Ձեռքերը իջեցրեց և խավարի մեջ մտածեց.
«Ինչ զարմանալի մարդ էր, երևի շատ չարն էր, ճամպրուկի մեջ աճպարարության ինչ տեսակ իրեր ասես, որ չկային»:
Հետո նրան պատկերվեց սիրելի դայակի դեմքը, որ ձմռանը, քուրսու մոտ նստած, խորհրդավոր հեքիաթներ էր պատմում:
«Հաստատ, դայակի ասած մարդը, որ աղոթք է կարդում ու փչում է մարդու վրա և մարդ ուրիշ տեսք է ստանում, հենց ճամփին տեսած մարդն էր,- նորից մտածեց նա. Թեհրան վերադառնամ կպատմեմ նրան: Բայց ինչ տարօրինակ դեմք ուներ, հաստատ գործը ջինի, փերիների և ուրվականների հետ է. թե չէ ոնց կլինի»։
«Ջին» բառը սարսափազդու արձագանքեց ուղեղում: Զգաց աչքերի օղակները լայնանում են: Սոսկումով նայեց մթության մեջ և նրան թվաց, թե սենյակի անկյունից դայակի նկարագրած տեսքով ինչ-որ թզուկներ մոտենում են իրեն: Դյակը մշտապես ասում Էր.
«Ասա` բեսմելլահ ու կհանգստանաս: Հետո դողդոջուն ձեռքերով ծածկոցը քաշելով երեսին մի քանի անգամ մրմնջում էր՝ բեսմելլահ… բեսմելլահ… բեսմելլահ…»։
Ծովի շաչյունը, թափառական անցորդի երգի նման տարածվելով խավարի մեջ, ներս էր թափանցում սենյակի լուսամուտներից: Ծածկոցի վրա բացած փոքրիկ անցքից մի աչքով, նայեց լուսանցիկ ապակու նման երևացող հեռավոր երկնքին: Աստղերը պայծառ ու հստակ էին. և նա զգուշորեն, միաժամանակ շուրջը և հատկապես սենյակի անկյունը հսկելով մտածեց.
«Որքան նման են այն կոպեկներին, որ երբեմն հայրիկր տալիս է գանձատուփիս մեջ գցելու համար, իսկ ես դրանք գորգի վրա քսելով Փայլեցնում էի»:
Հետո սկսեց անվանակոչել ու հաշվել աստղերը: Հարյուրին հասնելով հանկարծ դադարեց հաշվել ու լարեց լսողությունը: Սենյակի մյուս կողմից, ուր քնել էին ծնողները, խուլ մրմունջ էր լսվում, ասես ինչ որ մեկն շնչահեղձ էր լինում: Շնչառությունների ձայները արագ ու զուսպ էին:
«Ի՜նչ է պատահել»:
Շրջվեց աջ բազկի վրա և նույն անցքից նայեց սենյակի անկյունը:
Այնտեղ ծնողների մահճակալին, թույլ խլրտոց կար և շնչառությունների ձայն.
«Հաստատ մայրիկը կամ հայրիկը դևերի երազն են տեսնում, մտածեց նա, լավ կլինի արթնացնեմ նրանց»:
Սակայն արագ և զուսպ շնչառություններից հետո լսվող հառաչները նրան գամեցին տեղում: Կարծես խոսում էին իրար հետ: Տեսավ վերմակի տակից դուրս եկող հոր ձեռքը, որը օդում պտույտ գործելով առաջացավ դեպի մոր պարանոցն ու ուսերը: Թվաց, թե մայրը աղաչում է, մայրը ասես ինչ-որ բան արգելում էր հայրիկին: Տագնապահար ծածկոցը մի կողմ շպրտեց: Հիմա ամբողջ դեմքը և ուսերը դուրս էին մնացել ծածկոցից: Բերանը բացեց մայրիկին կանչելու համար սակայն լուռ ու մունջ մնաց իր տեղում: Դեռևս ամեն ինչ մնում էր անորոշ ու անհասկանալի: Վերջապես համարձակվեց և խուլ ձայնով կանչեց.
-Մայրիկ’…մայրիկ…
Սակայն նրանք չլսեցին, նրա ձայնը չլսեցին.
«Նախկինում, երբ կանչում էի մայրիկին անմիջապես պատասխանում էր, այն էլ երբ ուրիշ սենյակում էր լինում: Այս գիշեր ի՞նչ է պատահել, ինչու՞ չի լսում իմ ձայնը»:
Խավարը տարածվել էր նրա դեմքին և մթության մեջ աչքերը սարսափից ու տագնապից փայլատակում էին: Վեր կացավ, գլուխը վեր բարձրացրեց և պահի մեջ զգաց, որ հայացքը հանդիպեց մոր հայացքին: Ակամա, չիմանալով թե ինչու, ամոթահար եղավ: Իրեն նորից գցեց անկողին և զայրույթից փոքրիկ բռունցքները սեղմելով՝ հարվածեց կողերին: Քիչ անց լսեց շշուկներ: Մի պահ լռություն տիրեց: Ինչ-որ մեկը մոտենում էր իրեն: Շունչը կրծքի մեջ խեղդեց ու լսեց: Հայրն էր, սպիտակ սավանով փաթաթված: Կոպերը արագ սեղմեց իրար և մթության մեջ մտածեց.
«Ինչ վատ է. հայրիկը այս գիշեր մոռացել է գիշերանոց հագնել»:
Այդ պահին, սակայն, անհայտ մի զգացողությամբ գիտակցեց, որ պետք է իրեն քնած ձևացնի: Հայրը նրանից մի քայլ հեռավորության վրա կանգնեց, խոնարհվեց և մթության մեջ նայեց դեմքին.
– Փարվիզ… Փարվիզ…
Բայց նա փոքրագույն շարժում իսկ չարեց: Խոր քնածի պես հանդարտ շնչում էր: Հայրը ուղղվեց, հեռացավ, և Փարվիզը լսեց, որ մայրիկին ասաց.
-Չէ, խեղճ երեխան պինդ քնած է:
Երբ նրանք կրկին իրար կողքի պառկեցին մահճակալին, Փարվիզը ծածկոցի անցքից նորից սկսեց հսկողությունը: Այս անգամ հոր շարժումները առավել արագ ու պարզորոշ էին: Նորից լսվեցին մոր հառաչանքները: Նա զարմացած ինքն իրեն հարցրեց.
«Ի՞նչ է արել մայրիկը, ինչու՞ է հայրիկը այդքան նեղացնում նրան: Ինչու՞ մայրիկը չի բղավում, գուցե հայրիկը թաշկինակով փակել է բերանը»։
Պահ առ պահ խլրտոցներն ու շարժումները ավելի ցայտուն և հուզիչ էին դառնում, նաև հառաչները… հառաչները, ասես ձեռքով ամուր փակված ինչ-որ բերանի միջից դուրս էին հորդում դժվարությամբ: Սառը քրտինքը ողողեց նրա ողջ մարմինը: Բերանը չորացել էր, ուզեց բղավել, բայց ձայնը դուրս չեկավ: Անհանգիստ շրջվեց անկողնում և հանկարծ լսեց հոր կրկնվող նախադասությունը…
-Սուս… ձայն մի հանիր… ձայն մի հանիր…
Սա միակ նախադասությունն էր, որ սկզբից մինչ այդ պահը տարբեր շշունջների մեջ կարողացել էր պարզորեն զանազանել: Ատամները զայրույթով սեղմեց իրար.
«Չի թողնում… չի թողնում մայրիկը բղավի…»:
Ամբողջ մարմինը դողում էր սարսափից: Մի անգամ ձեռքը մեկնեց քրոջն արթնացնելու համար, բայց անմիջապես հրաժարվեց.
«Նա ի՞նչ կարող է անել, կարթնանա ու կսկսի լացել: Հետո այլևս ոչինչ անել չի լինի: Հայրիկը բոլորիս կսպանի»։
Մտածեց.
«Պիտի ինչ-որ ձևով ինձ հասցնեմ լուսամուտին, այնտեղից ներքև ցատկեմ և մարդկանց ձայն տամ, որ մայրիկիս սպանում են»:
Հետո խեղճացած շշնջաց.
– Մայրիկիս սպանում են։
Հիմա արդեն վախենում էր նայել սենյակի այդ կողմը, սակայն այդուհանդերձ ասես զգացողությամբ գիտակցում էր, որ պայքարը մահճակալի վրա գնալով ավելի է թեժանում։
Հանկարծ հիշեց անցած տարի իր համար կարդացած դայակի գիրքը: Գրքի կազմի վրա պատկերված էր երկար բեղ ու մորուքով մի մարդ, որի կրծքին մի դև էր նստած: Մարդը ձեռքով բռնել էր դևի կոտոշը, իսկ մյուս ձեռքի մեծ դաշույնով պատրաստվում էր հարվածել նրան: Թվաց՝ հայրը շատ է նման այդ մարդուն: Աշխատեց մտքի մեջ
հայտնաբերել հնարավոր այն կապը, որը կարող է գոյություն ունենալ այդ մարդու և հոր միջև, սակայն խելքը բան չկտրեց: Հոգնած շշնջաց.
– Հայրիկ, ախր դու միշտ լավն ես եղել մայրիկի հետ, հիմա ինչու՞ ես ուզում սպանել նրան:
ճիչի նման տևական րարձր մի հառաչ ցնցեց ամբողջ սենյակը: Նա սարսափահար շրջվեց և հայցքը հառեց ծնողների մահճակալին, բայց մահճակալը զերծ էր որևէ եռանդագին խլրտոցից ու շարժումից: Կիսով վեր բարձրացավ և տագնապահար զննեց այն կողմը: Թվաց մայրը երկկողմ տարածված ձեռքերով, մահճակալի եզրից թափված մազերով՝ անշարժորեն ընկած է այնտեղ և պարանոցից արյան բարակ մի շիթ հոսում և կաթիլ կաթիլ թափվում է գորգին, իսկ հայրը, քիչ այն կողմ, ուժասպառ ընկել և ուշագնաց է եղել: Խուլ մի հառաչ դուրս թռավ շուրթերից.
Վերջ, սպանեց մայրիկիս… Վերջ…
Բերանը սեղմեց բարձին: Վախենում էր, խիստ վախենում էր: Մտածեց՝ եթե հայրը լսի նրա լացի ձայնը, հավանաբար նաև իրեն կսպանի: Ուսերը ուժգնորեն դողում էին, այտերը ողողվել էին արցունքներով և ինչ-որ բան քերծում էր կուրծքը: Հետո զգաց, որ շուտով շնչահեղձ է լինելու:
Երբ արևի առաջին շողերը լուսամատից ներս թափանցեցին և լուսավորեցին դիմացի պատը, նա հուսահատ ու հոգնած իջավ մահճակալից և նայելով միայն ոտքերի առջև համրաքայլ աոաջացավ սենյակի մեջ: Այլևս չէր ցանկանում հորը տեսնել, նրանից խորշում էր, որոշել էր փախչել: Դռան մոտ հանկարծ ինչ-որ մեկը կանչեց նրան.
Փարվիզ… Փարվիզ…
Ցնցվեց, մայրիկի ձայնն էր: Շրջվեց և ապշահար նայեց: Այո, մայրն էր, չէր սխալվում: Ձեռքը դռան բռնակից թուլացավ ու կախվեց կողքին: Ակնապիշ՝ մի որոշ ժամանակ հայացքը հառեց զույգ սև ադամանդների պես դեմքի վրա շողշողացող մոր աչքերին և տեսավ շուրթերի վրա թրթռացող հագեցած ու գոհ ժպիտը: Գլուխը հենեց պատին և ուրախությունից սկսեց արտասվել: Թվաց՝ ամբողջ գիշեր պայքարել է սարսափելի մղձավանջի հետ:
Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի