Անուշ Մարգարյան | Երեք գլխանի սպինները

Լավ եմ հիշում,
Երեկ էր դեռ,
Որ պլաստիկ մի սպիններ
Թափոններից վերամշակ
Բազմեց գահին նորանշակ…
– Ե՛ս եմ, որ կամ,
Ձեր տեր արքա՛ն :
Աշխարհն առած իր թևի տակ՝
Գովքն էր կապում թարս ու շիտակ:

Նա, որ գիտեր քաղցր խոսել,
Թշնամուն էլ սուտ համոզել,
Վարժ ու պլաստիկ դեֆորմացվել,
Գիտեր մոտ մի հարյուր լեզու,
Բայց ժլատ էր ու բանսարկու,
Պարանոցին իր անվեհեր
Երեք գլուխ ուներ ահեղ:
Չուներ ո՛չ սիրտ
Ու ո՛չ էլ խիղճ,
Ո՛չ էլ ամոթ գոնե մի քիչ,
Աճպարարի բարքեր ուներ,
Մեկ հիպնոս աչք
Ու էլ ոչինչ:
Իսկ թե հարցնեք՝
Ամենից շատ
Ի՞նչ էր սիրում
Ու երազում,
Կասեմ հստակ,
Որ սիրում էր փուչ մեծարանք,
Հարստություն,
Փառք ու պարծանք:
– Ես պտույտն եմ քամիների,
Իմն է ալիքը ծովերի,
Ես ակունքն եմ պաղ աղբյուրի
Իմն է բարձունքը լեռների:
Թե այսուհետ դուք ինձ պատվեք,
Մեծարանքով հպատակվեք,
Ձեզ կփրկեմ մութ ու սովից,
Ցուրտ ձմեռվա ահ ու դողից…
Ահա այսպես
Ամեն անգամ
Պլաստմասե ու կեղծ արքան,
Սուտ պատրանքով խոստում տալիս
Ու սեփական գովքն էր կապում,
Եվ շատ հաճախ
Հենց որ խաբում,
Աճպարար էր իսկույն դառնում,
Կարուսելի պես պտտվում,
Իր մեկ աչքով հիպնոսացնում,
Որ տեսնողը լուռ կախարդվում,
Սուտ խոսքերը վերցնում պատվում…
Բայց իր վերջը վրա հասավ,
Սուտ խոստումն էլ փոշի դարձավ,
Հենց որ քամին սուր փռշտաց,
Փուչ գլուխը տարավ-գնաց:
– Ա՛յ դու ժլատ,
Սա լինի դաս,
Փուչ մեծարանք
Է՛լ ման չգաս…
Վերադարձիր թափոնդ մեծ,
Քո պլաստիկ աշխարհը կեղծ,
Ու լավ հիշի՛ր՝
Հումքդ չարիք,
Մոլեկուլ ես դու սինթետիկ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *