Մհեր Իսրայելյան | Լալա խանումի կարմիր թումբանը

Օրերս պատահմամբ ձեռքս ընկավ քսան տարի առաջ հայրենական մամուլում մեծ աղմուկ հանած լեյտենանտ Մ-ի «Պատերազմի հավանականությունը» վերնագրով հոդվածի խունացած ձեռագիրը։ Թե ինչպես էր փոքր մարդը հայտնվել պատերազմի և խաղաղության երերուն եզրագծի վրա, թե ինչ կապ ունի թշնամական բանակի կարկառուն գնդապետ Գ-ի սիրառատ կնոջ՝ Լալա խանումի կարմիր վարտիքը այս կեսկատակ կեսլուրջ պատմության հետ, կիմանաք քիչ անց։ Այն ժամանակ դեռ չէի կարդացել Հաշեկի, Սարոյանի և Լյոսայի խաղաղապաշտական գլուխգործոցները և ունեի պատերազմի հարցում սխալվելու քիչ թե շատ ընդունելի արդարացում։ Բարեբախտաբար, չէի սխալվել։ Մեր մոլորակը ինչպես հիմա, այն ժամանակ էլ պտտվում էր իր առանցքի շուրջը։ Մենք մենք էին, թշնամին նույն թշնամին էր, ինչպես կասեր այն տարիների քաջարի առաջնորդը, ձեռագիրս, քիչ ավելի ընթեռնելի՝ նույն ձեռագիրն էր: Հավանականությունն էլ նույն հավանականությունը թերևս: Այնպես էի մեխել, որ հազար վերլուծաբան ու ռազմական փորձագետ էլ գան, ու հազար տարի էլ անցնի, մի բառ էլ չեն կարողանա սրբագրել։ Միամիտներ։ Պատերազմն ավարտվել է թե չի ավարտվել, ոչ ոք չի կարող ասել: Հավատում ենք, չենք հավատում։ Կլինի՞ պատերազմ ի վերջո, չի՞ լինի։
Ահա սա է հարցերի հարցը, որին պիտի իբր պատասխաներ այն նորելուկ մարմինը, որտեղ պատահմամբ թե նախախնամության դառը հեգնանքով հայտնվեցինք ես և իմ մանկության վաղեմի ընկերը` դեղնակտուց լեյտենանտներ Մ-ն և Պ-ն, հեռավոր իննսունականների կեսերին, զինադադարից մի քանի տարի հետո:
– Եվ այսպես՝ Հոգեբանական հետախուզության ջոկատ,-ավետեց օրվա զորակոչի պատասխանատուն,- ՀՀՋ, տեղակայումը`մայրաքաղաքի համար N բարձունքին:
Զորակոչի պատասխանատուն մանրակրկիտ բծախնդրությամբ բացատրեց, թե մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանումը ուսումնասիրելով մեր գործը` հանգել է եզրակացության, որ համալսարանում ձեռք բերած մեր գիտելիքներն ու հմտությունները կարող են զգալի օգուտ բերել այն հույժ կարևոր և ազգանվեր առաքելությանը, որն անձնազոհաբար ստանձնել է այդ նորաստեղծ ջոկատը: Ասաց` իբր ներքին գործակալական ցանցը մեր կենսակերպն ու ուսումնառության հինգ տարիների յուրաքանչյուր օրվա ժամանակագրական տեղեկատվությունը վերլուծելով անվերապահորեն կանգ է առել մեր թեկնածության վրա:
– Այ քեզ բան,-պրիչյյոմ տուտ մի,- զարմացավ ընկերս` լեյտենանտ Պ-ն:
– Էս ինչ փորձանքի մեջ ընկանք,- մտահոգվեցի ես`լեյտենանտ Մ-ն:
– Բա որ ասում էի մեզ հետևում են, չէիր հավատում,-եզրակացրեց լեյտենանտ Պ-ն:
– Հանգիստ գնացեք կենտրոն, այնտեղ ձեզ կբացաահայտեն հարցի նրբությունը,- հորդորեց զորակոչի պատասխանատուն:
Իսկ հարցի նրբությունն այն էր, ինչպես ասացին կենտրոնում, որ հինգ երկար ու ձիգ տարիների ընթացքում թղթախաղում մեր արձանագրած հաղթանակների հարաբերակցությունը անցկացրած խաղերի նկատմամբ կազմել էր 95 տոկոս, ամենաբարձրը ոչ միայն համալսարանում, այլև ամբողջ այսպես կոչված բուհական համայնքում, և պատահական չէ, որ արդարացիորեն ուսանողական շրջանակներում ձեռք էինք բերել «բլոտի բորենիներ» առաջին հայացքից անպատվաբեր թվացող տիտղոսը: Իսկ գուցե վագրե՞ր, այնուամենայնիվ։ Ինչևէ, գլուխ գովել չեմ սիրում, բայց վիճակագրությունից պարզվեց, որ հաղթանակ/քուանշ հարաբերակցությունն էլ ավելի բարձր է եղել` շուրջ 97 տոկոս: Եթե հանենք պատահականության միջին ընդունված գործակիցը, որը կազմում է երեք տոկոս, կստացվի համարյա հարյուր տոկոսանոց արդյունավետություն: Չեմ հավատում: Չի կարող պատահել: Քուանշ: Հավատում եմ, չորս անգամ: Սրի: Ինչպես այն ժամանակ ասում էին: Այսինքն, գիտական լեզվով ասած, եթե մի օր եզրակացնենք, թե մածունը սև է, այն մարդիկ, որոնք մոլորության մեջ են ու մածունը սպիտակ են տեսնում, չեն կարող խելքը գլխին փաստարկներով հիմնավորել իրենց ասելիքը։ Մեր աչալուրջ հետևորդնորը մի հետգրությամբ որպես հատուկ առավելություն նաև ծանոթագրել էին, թե պարտության խիստ հազվադեպ պահերին հավաքագրման թեկնածու զույգը կարողացել է պահպանել ոգու կորովն ու կայուն հոգեվիճակը։

– Ուրեմն այսպես, ամեն օր Ձեզ կներկայացնենք հետախուզական զեկույցը և դուք ընդամենը պիտի կարդաք ու պատասխանեք` «Հավատում եմ» կամ «Չեմ հավատում»: Մեր ջոկատը հինգ հոգուց է կազմված և չունի որևէ մասնագիտական ուղեցույց: Միայն բնազդ, բախտ, հոտառություն: Այսքան բան: Կամ ավելի պարզ ասած, լսելով ձեր ներքին ձայնին պիտի պատասխանեք ընդամենը մեկ հարցի` պատերազմ կլինի, թե չի լինի: Բարի գալուստ դժոխք,-մեզ ողջունեց մայոր Հ-ն:
– Պարոն մայոր կարելի՞ է սենյակում ծխել,- հարցրեց ընկերս, որ հուզմունքից կորցրել էր համբերությունը:
– Խստիվ արգելվում է,- ծեփեց մայորը, ծխախոտի տուփից դանդաղեցրած շարժումներով հանեց գլանակը, դրեց շուրթին, մի ունքը բարձարցրեց վեր, վառեց կրակը, ծուխը ցուցադրաբար ներս քաշելով արտաշնչեց մեր ուղղությամբ,- Էս ձեր համար հո դրախտ չի:
Մենք փորձեցինք սառը հայացքի տակ գաղտնազերծել ծխի քուլաներով քողարկված ժպիտը, որ ուր որ է կպայթի` վերածվելով անբռնազբոս ու վարակիչ ծիծաղի:
– Ամեն առավոտ`մեկ դույլ սուրճ և առաջ,- ասաց մայոր Հ-ն: Ծխելը սրտի ուզածի չափ, բայց այնքան, որ ծխածածկույթի տակ հանկարծ չխամրի պատերազմի հավանականության հարցը: Եվ ամենակարևորը, եթե հարցնեն ջոկատի հրամանատարի անունը` կպատասխանեք Մաո Ցզե Դուն` պայմանականորեն ասած, ուշադրությունը շեղելու համար:
Մայոր Հ-ն հումորով մարդ է: Այնքան հումորով, որ շաբաթ-կիրակի օրերին շիրմաքարարերի վրա հանգուցյալների դեմքեր է դաջում: «Հետախուզական զեկույցներով ընտանիք չես պահի»,֊արդարանում էր մայոր Հ֊ն, նույն ինքը երբեմնի ժողովրդական նկարիչը։ Այնքան է մասնագիտացել մարդկային դեմքերի հարցում, որ մի օր նրան հավաքագրել են հատուկ ծառայությունները, ու երբ լրտես են բռնում, բերում են մայոր Հ-ի մոտ: Մայոր Հ-ն տնտղում է դեմքերը, առնում իր երևակայական կաղապարի մեջ և դաջում եզրակացությունը` յուրային կամ թշնամի: Այլ կերպ չի լինում: Սև կամ սպիտակ: Պատերազմը ջնջում է բոլոր մնացած գույները: Մի անգամ նույնիսկ խոշտանգված և անճանչելի դարձած դիակի դեմքն է գաղտնազերծել ու պարզվել է՝ հանգուցյալը մոր կողմից յուրային է, հոր կողմից թշնամի։ Ավելորդ բարդությունունից խուսափելու համար ստիպված են եղել չեղյալ համարել անցանկալի եզրակացությունը:
Մայոր Հ֊ն մի թուլություն էլ ուներ, նույն թեթևությամբ, ինչ մարդկանց դեմքերն էր շիրմաքարին դաջում, լրացնում էր այն ժամանակներում տարածված և մեծ ժողովրդականություն վայելող խաչբառները։ Բայց մինչ սկսելը թերթը փռում էր սեղանին, դնում ակնոցn ու հոգոց հանում` «Էհ, լրիվ չտես ենք դարձել», հետո առանց աչքը ճպպացնելու արձանագրում էր, թե ինչպես է կոչվել ասենք Ռախմանինովի երրորդ սիմֆոնիան կամ Ֆոլքների առաջին պատմվածքը` ի չիք դարձնելով չտեսության անհեթեթ վարկածը:
Ջոկատը ձևավորելիս գաղափարի հեղինակները հաշվի էին առել բազմազանությունն ապահովելու կարևոր հանգամանքը: Օրինակ, կապիտան Ս-ին հավաքագրել էին այն պատճառով, որ իր նախագծած կամուրջը դեռ չգործարկված փլվել էր, ու հատուկ ծառայությունները ենթադրել էին, թե մի յուրահատուկ բան կա էս մարդու մեջ ու առանց աջուձախ անելու բռնել բերել այս սենյակ: Գուցե պետք լինի թշնամու համար կամուրջ նախագծել, երևի հետին միտք են ունեցել նրանք։ Պատահական չէ, որ մայոր Հ-ն և կապիտան Ս-ն կես խոսքից հասկանում էին իրար: Փռում էին ճմրթված քարտեզը, խնամքով հարթեցնում, մի վայրի շրջապտույտ կատարում և մատիտը խրում պատահական կետի վրա:
– Եվ այսպես, այսինչ տեղակայման վայրում…,- սկսում էր մայոր Հ-ն:
– Թշնամին մտադրություն է ունեցել…,- շարունակում էր կապիտան Ս-ն, պտտում կախարդական կարկինը ու գնաց, հրաշալի զեկույցը պատրաստ էր, ներքին ձայնն ու բնազդը ապահովված, կարելի էր փաթաթել գունավոր թղթի մեջ ու ներկայացնել գլխավոր հրամանատարության ահեղ դատաստանին:
Եվ այսպես, կարդում ենք օրվա կարևոր հաղորդագրությունը` «Գիշերվա ժամը երեքին կապիտան Վ.-ն և բուժքույր Հ.-ն գնում էին դիրքերը ստուգելու….»: Կամ մեկ այլ կարևոր հաղորդագրություն թշնամական ճամբարից. ամիսներով առաջնագծում գիշերած գնդապետը հեռախոսով խոսել է կնոջ հետ ու շշնջացել՝ «Լալա, այսօր կարմիր վարտիքդ կհագնես, երեկոյան գալու եմ տուն», առիթ տալով մեզ միանշանակ սեպելու օրվա կարևոր եզրակացությունը`պատերազմ չի լինելու: Միայն ավելացնեմ, որ Լալա խանումի վարտիքի կարմիր, նույնն է թե արյան գույնը տարատեսակ մտասևեռումների տեղիք էր տվել, ու վերջում ստիպել կապիտան Ս-ին թավ կարմիր գրիչով ջնջել «վարտիք» բառը ու փոխարենը մեծատառերով փորագրել, իր բառերով ասած՝ իրական պատկերն ավելի ճշգրիտ արտահայտող «թումբան» եզրույթը:
Հնարամտության կամ սրամտության պակաս էլ չկար: Երբ զվարճալի հաղորդագրությունը ուշանում էր, մայոր Հ-ն ինքն էր ընկնում տարերքի մեջ. և այսպես, առավոտյան ժամը վեցին, երբ երեխաները միամտաբար գնացին վազելու, հարևան սենյակում տեղի ունեցավ տասնհինգ րոպեանոց մի միջադեպ….Փաստորեն, էդ տարիքում տասնհինգ րոպե է տևում, մտածում, բայց չէինք արտաբերում մենք` դեղնակտուց լեյտենանտներս:
Իհարկե, ջոկատի նկարագիրը ամբողջական չի լինի, եթե չանդրադառնամ հրամանատարին: Մաո Ցզե Դուն, Մաո Ցզե Դուն: Լավ էլ լայնախոհ մարդ է մեր հրամանատարը: Հենց ծառայության առաջին օրը կանչեց մեզ և հարցրեց, թե ինչ կարծիք ունենք եգիպտական բուրգերը պայթեցնելու և մեղքը թշնամու վրա բարդելու գաղափարի վերաբերյալ ու ականատես լինելով շփոթահար կմկմոցներիս՝ շտապեց հանգստացնել, թե կատակում է, պարզապես փորձում մեր հումորի զգացողությունը հնարավոր ծայրահեղ իրավիճակներում։ Սիրտներս տեղն ընկավ:
– Պետք է աշխատես քո վրա,- դառնալով ինձ սաստեց Մաոն,-աչքերի ճպճպոցը մատնում է քո տրամադրությունը և հուշում թշնամուն մեր մտահղացման մասին: Կանգնում ես հայելու դիմաց, օրական հինգ րոպե, կատարում մկանային մեդիտացիա և այլ անհրաժեշտ մտավարժանքներ:
– Ճիշտ այդպես,- պարոն հրամանատար,- խոստանում էի աչքերիս ճպճպոցի հարցով իմ արժեքավոր ժամանակից օրական հինգ րոպե զոհաբերել հանուն հայրենիքի պայծառ ապագայի:
ՀՀՋ-ում առաջին իսկ օրից մեզ սովորեցրեցին գաղտնապահություն, հետևաբար անունները գաղտնագրելու արատավոր սովորույթը նույնիսկ հիմա, երբ վաղուց թոշակի եմ անցել, դեռ հալածում է ինձ: Եթե գիտեք այդ չարիքից ձերբազատվելու եղանակներ, խնդրում եմ գրեք անձնական նամակով, այլապես ստիպված կլինենք հետագայում էլ խարխափել տառերի և հապավումների անհասկանալի սարդոստայնում:
Գաղտնապահությունը գաղտնապահություն, բայց կան ավելի կարևոր բաներ: Ինչ պիտի լինի, որ մի անմոռանալի օր սատանան մտնի մեջներս: Ասենք տակնուվրա անի ՀՀՋ-ի փոթորկուն հոգիները ու ցույց տա դժոխքի ճանապարհը: Ջոկատն էլ ծանրութեթև անելով Աստծո և սատանայի առավելությունները, թերություններն ու համաշխարհային արդի միտումները՝ բռնի ու որոշի օրվա զեկույցը ուղարկել հայրենական թերթերին: Թող մարդիկ իմանան, թե ինչեր կան այս զարմանալի աշխարհում։ Միայն Լալա խանումի կարմիր վարտիքը որոշեցինք գաղտնի պահել, մայոր Հ֊ն ասաց, թե այդ տեղեկատվությունը պարունակում է անձնական կյանքի գաղտնիք, ուստի կարելի է բացահայտել միայն 20 տարի անց, գուցեթե մի հումորային պատմվածքի միջոցով:
Զեկույցը, որն անվանեցինք «Պատերազմի հավանականությունը» ու որպես հոդված ուղարկեցինք թերթերին, հրապարակվեց «լեյտենանտ Մ.» պայմանական հեղինակի անվան տակ: Հոդվածի վերջաբանում գրել էինք, որ քանի դեռ մարդիկ են որոշում պատերազմի լինել չլինելու հարցը, պատերազմի հավանականությունը միշտ էլ կլինի։
Որքան էլ մի հումորով մայոր Հ, մի լայնախոհ Մաո Ցզե Դուն կամ երկու խաղամոլ լեյտենանտ եզրակացնեն, թե նման բան չկա, մարդը մնում է մարդ։ Սիրելի մայոր Հ, սիրելի Մաո Ցզե Դուն, իմ լուսահոգի ընկերներ, հազար ափսոս չսպասեցիք գլխավոր գաղտնիքի բացահայտմանը:
Կանգնել եմ հայելու առաջ: Ոչինչ չի փոխվել: Աչքերս ճպճպում են, ճիշտ ինչպես քսան տարի առաջ: Մկանային մեդիտացիան, անհրաժեշտ այլ մտավարժանքները չեն օգնում, մատնում են մեր մտահղացման մասին: Միայն բնազդ, բախտ, հոտառություն: Ներքին ձայնս հուշում է, որ Եգիպտական բուրգերը շարունակելու են կանգուն մնալ։ Գնդապետ Գ֊ի սիրառատ կինը անտարակույս շարունակելու է կարմիր վարտիք հագնել։ Պետք չէ վախենալ, միևնույն է` պատերեազմ չի լինելու: Բերեք թուղթն ու մատիտը։ Չի լինելու: Երդվում եմ, Լալա խանումի թումբանը վկա։

Ծանոթագրություն.
Այս պատմությունն ունի բացառապես մտացածին բնույթ, իսկ հերոսների հնարավոր համընկնումը իրական մարդկանց հետ պարզ զուգադիպություն է։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *