Սիրելի գրանիշցիներ՝ գրողներ, թարգմանիչներ, քննադատներ, լրագրողներ ու ընթերցողներ, մենք տաս տարեկան ենք և որոշել ենք մեր ծննդյան օրը նշել ամենամտերմիկ միջավայրում՝ ձեզ հետ: Ուստի, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15. 00-ին, բոլորիդ հրավիրում ենք մեր ու ձեր կողմից շատ սիրելի The Club ակումբ (Թումանյան 40)՝ նշելու մեր գործունեության տասնամյակը՝ զուգահեռաբար ամփոփելով գրական տարի 2019-ը: Գինի, գրքեր, երաժշտություն ու հաճելի մթնոլորտը:
«Գրանիշ» կայքը հիմնադրվել է Երևանում 2009-ին մի խումբ երիտասարդ գրողների ու գրականագետների կողմից: Ընտրելով՝ «ընթերցանությունն առողջ ապրելակերպ է» կարգախոսը կայքն իր գործունեության ամբողջ ընթացում ջանացել է մեր հասարակության կենսակերպի լիարժեք ու բնական մասը դարձնել գիր ու գրականության հանդեպ սերը:
– Granish.org-ը հայերեն ամենակարդացվող գրական կայքն է և արդեն ունի տարեկան 1,000,000 էջադիտում:
– Հայ ժամանակակից հեղինակների լավագույն գործերի ամենամեծ հավաքածուն Գրանիշում է հրապարակված:
– Գրանիշը պարբերաբար հանդես է գալիս արտասահմանյան գրականության անտիպ թարգմանություններով, գրականության և գրական դաշտի վերլուծություններով, ակնարկներով, նորություններով:
Միջոցառմանը միանալու համար կարող եք անցնել հղումով: