Վահե Ղուկասյան | Վազելու ժամանակ

Տարիքի հետ մի բան փոխվում է: Դեռ չգիտեմ ինչն է փոխվել կոնկրետ, բայց որ փոխվել է՝տառերս ու բառերս վկա:
Հենց իրենք էլ կպատմեն, թե ինչպես է փոխվել ամեն ինչ: Իրենք լավ գիտեն դա, որովհետև սրտիս զարկերին զուգահեռ կարմիր գիծ են, խուճուճ սիմվոլների հավաքածու, որոնցով շնչում եմ, երբ չեն հերիքում զույգ թոքերս ու չի օգնում ոչ մի խռռիկ:
Տառերն ու բառերը թուլանում են: Չէ, իրենք կան, ապահով են, փորագրված ու տպագրված հազար ու մի հարթությունների վրա, կոնսերվացված Մատենադարանի ապահով ընդերքում, բայց դրանց կապն ինձ հետ թուլացել է: Դրանց հեռարձակումը թուլացել է: Չկա այն հստակությունը, որի շնորհիվ կարելի էր չորս մատ աբսենտը մեկ կրակոցով դատարկել նյարդային համակարգի մեջ ու մի քանի ժամ հետո երկնել պատմվածք իրար կաշի քերթող պոետների մասին: Չէ: Չկա այն սթափությունը, որը լինում է քաղցր ծխի ժամանակ, երբ մատների անտանելի թեթևությունը տպում է կեցության անասելի ծանրությունը:
Փոխարենը կա այս ամենի մասին մտածելու ժամանակ, երբ քրտնում եմ ֆիթնեսի վազքուղու վրա: Վազում եմ ինձ համար, վառում ճարպերս ու մտածում մեծ արժեքների մասին: Ինչպես գրականությունը կամ աբսենտի ազդեցությունը դրա վրա: Իրոք: Ֆիթնեսն ու առողջ ապրելակերպը մի կողմ, բայց գրականությունն առանց ալկոհոլի ու սիգարետի նման է առանց կոֆեինի սուրճի: Ալկոհոլն էլ սիրում է երիտասարդություն: Օրգանիզմս ջահել՝ լավ խմիչքը վառելիք է, տանում է առաջ, անցնում եմ ծովեր: Օրգանիզմս ծերանում է՝ ալկոհոլը սկսում է վառել, դանդաղեցնում է, բթացնում ու քաշում հետ: Ծխելն էլ:
Սկսում եմ ծխել, որ լինեմ ազատ, իսկ հետո թարգում եմ, որ լինեմ ազատ: Հետո էլի սկսում եմ ծխել, որովհետև ազատ եմ, ու նորից թարգում եմ, որ լինեմ ազատ: Ու ողջ այդ ընթացքում գրականության մասին հասցնում եմ մտածել ֆիթնեսի վազքուղու վրա: Քրտինքի ու տնքոցների արանքում: Որպեսզի լինեմ երիտասարդ, որպեսզի կարողանամ նորից խմել այնքան, ինչքան անհրաժեշտ է լավ բան գրելու համար: Տառերի ու բառերի հեռարձակումն ուժեղացնելու համար:
«Սպիտակ ցերեկային լույսերով լուսավորված հիվանդանոց է: Պատերը մոխրագույն են, ինչի պատճառով թվում է, թե սպիտակ լույսն առանձնակի է ծակում աչքերը: Երկու բուժաշխատողներ գլորում են հիվանդասայլակը: Փոքրիկ ակերը միալար ծլվլում են: Մոխրագույն սավանի տակից երևում է հիվանդի սփրտնած դեմքը: Հիվանդին տանում են պալատ, որտեղ նրան կպառկեցնեն անկողնու մեջ ու քիչ անց կբերեն ընթրիքը՝ պատրաստված երկու օր առաջ նրանից հեռացված երիկամից »:
Սա ասում են տառերն ու բառերն ու գրելու ցանկությունից քոր են գալիս մատներիս ծայրերը: Հեսա հասնեմ տեղ ու կավարտեմ պատմությունը հիվանդներին հիվանդներով կերակրող հիվանդանոցի մասին: Ուղղակի մի քիչ ժամանակ է պետք, հեսա հասնեմ, փոխեմ շորերս, դասավորեմ, միացնեմ կոմպը, պատասխանեմ մեյլերին, տեսնեմ ինչ կա ՖԲ-ում, հետո կկարդամ էն հոդվածն ու կխմբագրեմ եսիմում ուղարկած տեքստն ու…
Չէ, խմել պետք է: Պետք է մի լավ խմեմ, որպեսզի հաջորդ առավոտը չորացած բերանով ու ծանր գլխով ի մի բերեմ հիվանդանոցի պատմությունը: Կարելի է ավելացնել դրվագներ կուրծքը հեռացրած կնոջ մասին, որին այցելության է գալիս նրա ամուսինն ու գտնում ապուրի մեջ սևացող պտուկը: Հարդքոր, մազըֆաքա: Գրելուց պետք է գրել այնպես, որ նույնիսկ ֆիթնեսի վազքուղու վրա վազելիս փշաքաղվես մտքերիցդ:
Ու թքած, թե դուր կգա դա ուրիշներին թե չէ: Ուրիշների մասին մտորումները միայն ծերացնում են: Դարձնում մարդուն ավելի հղկված ու հավասարակշռված: Ավելի կիրթ: Օ, նա այնքան նրբանկատ էր, որ ոչ ոքի չվիրավորեց: Իսկ դա խլացնում է տառերի ու բառերի հեռարձակումը: Դարձնում այն անլսելի: Այդպիսին չլինելու համար պետք է լինել ավելի երիտասարդ, ավելի անփորձ, ավելի համարձակ: Ուզում եմ գրել աղիքների մասին, գրում եմ, ու թքած, թե դրանց հոտը հաճելի չի լինի որևէ մեկի քիմքին: Թքած, իրականում: Միայն թե կարողանամ գրել, միայն թե ստացվի մինչև վերջ հասցնել պատմությունը:
Իսկ դա դժվար է: Ինչ-որ բան փոխվել է: Դեռ չգիտեմ ինչն է փոխվել կոնկրետ, բայց որ փոխվել է՝ տառերս ու բառերս վկա: Միգուցե փոխվել է վստահությունը, որ ինչ-որ մեկին կհետաքրքրի հիվանդանոցային կանիբալիզմի մասին պատմությունը: Կամ ինչ-ինչ փորձը հուշում է, որ միևնույն է ոչինչ էլ չի փոխվի աշխարհում՝ կգրեմ ես այդ պատմությունը, թե չէ: Դա կարևոր չէ, ասում է ներքին ձայնը: Իսկ հոգնած փառասիրությունն էլ մյուս անկյունից հաստատում է, որ դա հազիվ մի քսան հոգի կարդա, բա արժե՞ էդքան չարչարվել:
Իսկ մինչ այդ ժամանակը գնում է: Ու վազքուղին ևս: Սև ռետինե ժապավենը վազում է ոտքերիս տակով ու ես առաջ եմ մղում մկաններս չշարժվելով տեղիցս: Վազում եմ, որովհետև դա շատ հարմար առիթ է այս ամենի մասին մտածելու համար: Որովհետև երիտասարդ եմ, որովհետև կարող եմ նորից լիտրերով խմել ու գրել պատմություններ հենց հիվանդանոցում տիրող կանիբալիզմի մասին: Միայն թե չստանամ հազար հատ մեյլեր, որոնք պահանջում են րոպե առաջ պատասխաններ գրել, միայն թե կարողանամ հասնել տեղ, միայն թե վերջում չորոշեմ, որ աղիքային պատմվածքս ամոթ է հրապարակել, որովհետև հաստատ դուր չի գա որևէ մեկի քիմքին, միայն թե այդ ընթացքում չծերանամ, միայն թե տառերի ու բառերի ազդանշանը չթուլանա, միայն թե վազքուղիս հանկարծ չկանգնի:
«Վիրահատական արյունոտ սեղանի կողքին նստած է հոգնած բժիշկը: Սիգարետի մոխիրը կպչում է նրա արունոտ մատներին, իսկ գլանակի ֆիլտրը ներծծված է քրտինքով ու հիասթափությամբ: Հիվանդի սառած ձեռքը կախված է սեղանի եզրից: Արունոտ սավանը ծածկում է հիվանդի գոտկատեղը՝ ի ցույց դնելով փայտացած ոտքերը, հոշոտված կրծքավանդակը և արունոտ բերանով գլուխը: Գետնին, սեղանի գլխամասի տակ, մսի կտոր է ընկած, տարբեր կողմերից կծոտած ու բզկտված: Սեղանի շուրջբոլորը շարած մոնիտորների վրայով անհույս անցնում է անտարբեր հորիզոնական գիծը: Սենյակի կատարյալ լռության մեջ հանկարծ լսվում է ծանր խռռոց: Հիվանդի անշնչացած մարմինը, կռճտացնելով ոսկորները, բարձրացնում է աջ ոտքը, հետո մյուսը: Ստացվեց, մտածում է բժիշկը՝ նայելով գետնին ընկած կծոտած սրտին»:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *