Հայաստան վերադառնալիս սիրտս տրոփում էր։ Քսան տարվա բացակայությունից հետո, թեկուզև կարճատև, վերադառնում էի հայրենիք։ Չեմ ուզում ասել՝ այցելում էի, որովհետև այցելությունը մի տեսակ տուրիստին է բնորոշ։ Իսկ ես տուրիստ չէի, ես գալիս էի հայրենիքս։
1995-ին, երբ թողեցի Հայաստանը և մեկնեցի Լոս Անջելես, գաղափարը, որ մի օր կգամ Հայաստան, ամենևին իրական չէր թվում։ Այն ժամանակ մտածում էի միայն գնալու մասին։ Երազում էի դուրս գալ տաղտկալի, գորշ վիճակից, որ պարուրել էր հոգիս և միտքս։
Հայտնվելով Ամերիկայում՝ ընկնում ես մի նոր իրավիճակի մեջ։ Նոր աշխարհ, նոր մարդիկ, նոր համեր, նոր հոտեր, նոր աշխատանք և վազք, վազք… Հայաստանի մասին չես էլ մտածում։ Կարոտում ես, իհարկե, ընկերներիդ, հարազատներիդ, բայց ինքը՝ երկիրը, դառնում է հեռավոր, մշուշոտ մի գաղափար։ Սպիացած մի վերք հոգուդ խորքում, որին վախենում ես կպչել, որ չարյունի։
Հետո, տարիների հետ, Հայաստանը նորից սկսում է կենդանանալ, գույներ ստանալ։ Լուրերից, խոսակցություններից, Հայաստանի ընկերներից, որոնց հետ դեռ պահպանել ես կապը։ Ամերիկայի ընկերներից, որոնք այցելում են Հայաստան և վերադառնալով պատմում… Եվ կամաց-կամաց այդքան էլ ֆանտաստիկ չի թվում միտքը, որ մի օր էլ դու կարող ես վերադառնալ, քայլել հարազատ փողոցներով, տեսնել մոռացված դեմքեր, շնչել Երևանի օդը։ Հիմա, այսքան տարի անց, ես գալիս եմ տուն։
Երկու շաբաթվա այցս հստակ պլանավորել էի։ Կգնամ Տաթև, Սևանում ձուկ կուտեմ։ Շատ էի ուզում Նորավանք գնալ՝ Հայաստանի մի հրաշք անկյուն, որը միշտ սիրել եմ։ Կթափառեմ Երևանի փողոցներով… Կարոտը խեղդում էր ինձ։
Կար նաև մի շատ կարևոր հարց, որ պետք է լուծեի։ Անպայման պետք է Հայաստանի անձնագիր ստանայի։ Վաղուց փայփայում էի երկքաղաքացի դառնալու միտքը։ Շատ էի ուզում։ Իմ համոզմամբ՝ ՀՀ քաղաքացի դառնալն ինձ կկապեր հայրենիքիս հետ ավելի ամուր թելերով։ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության միջոցով փորձեցի այդ հարցը լուծել, սակայն չստացվեց։ Մերժման կոնկրետ պատճառը չասացին. ասացին՝ Հայաստանում ինչ-որ թղթաբանական խնդիր կա, «օքեյ» չեն տալիս։
Հայաստան գալուս պատճառներից մեկը նաև դա էր. պարզել մերժման պատճառը և լուծել հարցը։ Իմ համոզմամբ՝ ոչ մի արգելք չպետք է լիներ, ես օրենքը կարդացել էի։
«Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես սիրտս սկսեց ուժեղ բաբախել։ Գիտակցեցի, որ Հայաստանում եմ։
Այդ պահից սկսած՝ ժամանակը թռավ ինչպես երազի մեջ։ Տարօրինակ զգացողություն էի ապրում. կարծես երբեք բացակայած չլինեի Երևանից։ Հիմա Լոս Անջելեսը, Ամերիկան այնքան հեռու և անիրական էին թվում։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ընդամենը մի երկու ամսվա բացակայությունից հետո եմ վերադարձել։ Քաղաքը, իհարկե, շատ էր փոխվել։ Մանավանդ կենտրոնը։ Կարծես Եվրոպայում լինեի. գեղեցիկ սրճարաններ, ռեստորաններ, մինչև գիշերվա ուշ ժամը՝ աշխուժություն, մարդիկ զբոսնում են փողոցներում։ Իսկ աղջիկնե՞րը։ Աղջիկների գեղեցկությունը ամեն քայլափոխին ուղղակի շլացնում էր։
Ցավոք, ծանոթ դեմքեր համարյա չկային։ Դե, մեր սերնդից շատերն իմ նման պանդուխտ դարձան և ցրվեցին աշխարհով մեկ։ Նոր դեմքեր էին, նոր մարդիկ։ Հին հիշողություններից էլ շատ բան չէր պահպանվել։ Մեր հին փողոցի մթերայինի տեղում, որտեղից միշտ առևտուր էի անում երիտասարդ ժամանակ, հիմա բրենդային շորերի խանութ էր։ Բակի մանկապարտեզի տեղում՝ ինչ-որ օլիգարխի տուն։ Դե, մեր բնակարանն էլ վաղուց մերը չէր։ Հիմա փողոցից նայում էի մեր պատուհաններին և փորձում գուշակել, թե ով է այնտեղ ապրում։
Բայց քաղաքի շունչը նույնն էր։ Ամեն վայրկյան զգում էի, որ իմ Երևանում եմ։
Ընդհանրապես զարմանալի է, բայց Երևանը մի տեսակ կոսմոպոլիտ քաղաքի տպավորություն թողեց։ Չնայած որ օտարազգի տուրիստներից բացի համարյա բոլորը հայեր էին, քաղաքը բավականին բազմաշերտ էր երևում։ Երևի նրանից էր, որ ամեն տեղից հայեր կային՝ սիրիահայեր, ռուսահայեր, Եվրոպայից եկած հայեր։ Լոսի իմ ծանոթներից էլ տեսա փողոցում։
Այցելությանս չորրորդ օրը գնացի ՕՎԻՐ՝ անձնագրիս համար։ Լրացրի դիմումը, կցեցի լուսանկարներս։ Դե, ինչպես կարգն է։ Դիմումն ընդունող երիտասարդին ասացի, որ փորձել եմ Լոս Անջելեսից ստանալ անձնագիրը, բայց ապարդյուն։ Նա ինչ-որ բան փնթփնթաց, գնաց-եկավ, գրառեց հեռախոսիս համարը և ասաց, որ ինձ հետ անպայման կկապվեն։
Երկու օր անց զանգ ստացա, և ինձ հրավիրեցին ՕՎԻՐ։ Մի պահ զարմացա. հնարավո՞ր է արդյոք, որ անձնագիրս երկու օրում պատրաստ լինի։ Ոգևորված իջա։ Գտնելով համապատասխան գրասենյակը՝ դուռը թակեցի և մտա։
Ինձ դիմավորեց սառը դեմքով մի տիկին և հրավիրեց նստելու։ Նստելուս պես տիկինը, ակնոցի տակից հայացք գցելով վրաս, սառը տոնով ասաց, որ ցավում է, բայց ինձ ՀՀ քաղաքացու անձնագիր այս պահին չեն կարող տրամադրել։
— Կա ինչ-որ տեխնիկական խնդիր, — նշեց նա։
Թե որն է այդ տեխնիկական խնդիրը, նա այդպես էլ չկարողացավ ինձ բացատրել՝ տպավորություն ստեղծելով, որ ինքն էլ լավ տեղյակ չէ, թե ինչ է իրականում կատարվում։
Ես, իհարկե, որպես Ամերիկայի քաղաքացի, հեշտ չհանձնվեցի։ Պնդեցի, որ իմ իրավունքն է իմանալ, թե մերժման պատճառը որն է։ Պահանջեցի, որ ինձ հենց հիմա կա՛մ տան իմ անձնագիրը, կա՛մ էլ գրավոր փաստաթուղթ, որի վրա հստակ նշված կլինի մերժման պատճառը։
Տիկինը, տեսնելով, որ ես այդպես հեշտ չեմ նահանջի և բավականին լուրջ եմ տրամադրված, խնդրեց սպասել։ Մոտ տասը րոպե ինձ սենյակում մենակ թողնելուց հետո վերադարձավ։ Դիմացս նստելով և ակնոցի տակից նույն սառը հայացքը վրաս գցելով՝ ասաց.
— Պարո՛ն Մինասյան, ձեզ անձնագիր տրամադրելու արգելքը մեզ եկել է Պետանվտանգության կոմիտեից։
— ՊԱԿ-ի՞ց։
Մի պահ աչքիս առաջ եկավ սովետական իմ մանկությունը, երբ վզկապներ կապած, մայիսի 1-ին շարքով մտնում էինք հրապարակ։ «Մտնում են Մյասնիկյանի շրջանի աշակերտները», — խրոխտ ձայնով հնչում էր հրապարակում։ «Ուռռա՜»։
Ինչո՞ւ է ՊԱԿ-ը դեմ, որ ես վերականգնեմ իմ Հայաստանի քաղաքացիությունը։ Միտքս սկսեց արագ պտտվել։ Ես ո՛չ լրտես եմ, ո՛չ խաբեբա, ո՛չ էլ ինչ-որ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում։ Փորձեցի հիշել, թե իմ կյանքում ինչ եմ արել, որ կարող էր հետաքրքրել ՊԱԿ-ին, բայց՝ ապարդյուն։ Կասկածն ավելի խորը սկսեց տանջել հոգիս։
— Եթե ցանկանում եք պարզել, թե ինչումն է խնդիրը, — շարունակեց տիկինը, — կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով և պայմանավորվել պարոն Աշոտ Մինասյանի հետ։ Ես ուրիշ ոչնչով չեմ կարող ձեզ օգնել։
Մի պահ ծիծաղս հազիվ զսպեցի։ Աշոտ Մինասյա՞ն. նույն իմ անուն-ազգանունն է։ Դե, իհարկե, անունն էլ, ազգանունն էլ բացառիկ չեն մեր իրականության մեջ, սակայն պահը մի քիչ կոմիկական էր։
— Շատ լավ, — ասացի ես, համարը վերցրի ու դուրս եկա։
Շենքից դուրս գալուն պես ինձ պատեցին տարօրինակ զգացողություններ՝ ջղայնություն, վիրավորանք, հետաքրքրություն։ Ամեն ինչ խառնվել էր իրար։
«Պա՜հ, — մտածում էի ես, — ուրեմն ես իմ ամերիկյան անձնագրին զուգահեռ ուզենամ հայկականն էլ ստանալ, դուք էլ մի հատ պոչ խաղացնե՞ք։ Ինքներդ պետք է ինձ խնդրեք։ Ավելի շատ դա ձեզ է պետք, քան ինձ։ Հետո էլ ներգաղթից են խոսում»։
Վիրավորանքիս չափ չկար։ Թվում էր, թե Հայաստանը փակում է իր դռները իմ առջև։ Ես ձեռքերս բաց վազում եմ իր գիրկը, իսկ նա երես է թեքում ինձնից։
Սարյան փողոցի վրա՝ իմ սիրած ռեստորաններից մեկի դիմաց, ազատ սեղան կար, և ես նստեցի։ Մի գավաթ գինի պատվիրեցի ու փորձեցի հանգստանալ։ Կարմիր գինու մի երկու կենարար կումից հետո մտքերս կամաց-կամաց հանդարտվեցին։
«Ախր Հայաստանը չէ, որ դուռը փակում է քո առաջ։ Սա ինչ-որ հերթական չինովնիկ է, Սովետից մնացած բյուրոկրատական ապարատի մնացուկ, որ ուզում է ինձ զրկել իմ իրավունքից», — ասում էի ես ինքս ինձ։ Մոտս կարծես դեժավյու լիներ։ Հիշեցի, որ 95-ին՝ Հայաստանից գնալուց առաջ, էլի նույն մտքերն էին գլխումս։
«Երկրից պետք չի նեղանալ, — համոզում էի ինքս ինձ, — համակարգն է աղտոտված, մարդիկ, բայց ոչ հայրենիքը»։
Ոչինչ չի փոխվել, մտածեցի ես։
Գինին սկսում էր հաճելիորեն ազդել։ Առջևում երևանյան ամառային երեկոն էր։ Միթե՞ արժե տխրել։ Միևնույն է, նրանք չեն կարող ինձ արգելել հայրենիք այցելել։ «Երբ կուզեմ՝ կգամ, երբ կուզեմ՝ կգնամ… Եվ ընդհանրապես՝ ուր կուզեմ, կգնամ», — նստած մտածում էի ես։
Սակայն մտքիս խորքում ինչ-որ հետաքրքրություն կար. ի՞նչն է մերժման պատճառը, և ո՞վ է այդ Աշոտ Մինասյան կոչվածը։
Հաջորդ օրը պլանավորված էր իմ երկօրյա ճամփորդությունը Արենի և Տաթևի վանք։ Չքնաղ բնությունը, աստվածային վայրերը, համեղ գինին հոգիս լցրին ու մեծ հաճույք պատճառեցին ինձ։ Երևան վերադարձա՝ բոլորովին մոռացած անձնագրի հետ կապված խնդիրը։
Հաջորդ մի քանի օրը քաղաքում նորից թռավ կայծակնային արագությամբ։ Ընկեր, բարեկամ, իմանալով, որ Հայաստանում եմ, բոլորն էլ ուզում էին հանդիպել, ինչ-որ տեղ հրավիրել… Դժվար է ոչ ոքի չնեղացնել։ «Չէ՛, մյուս անգամ անպայման պետք է ավելի երկար ժամանակով գամ, — մտածում էի ես, — գոնե մի ամիս պետք է։ Տեսնես ե՞րբ կլինի մյուս անգամը»։ Իհարկե, ոչ ևս քսան տարի անց։ Ես չեմ դիմանա. անպայման պետք է մոտակա երկու տարում նորից գամ Հայաստան։ Ախր անտերը շատ հեռու է. գոնե Եվրոպայի նման լիներ՝ երեք-չորս ժամ, թե չէ…
Մտքերս նորից խառնվեցին։ Տարան ինձ Լոս Անջելես… հետ բերեցին Հայաստան… Նորից հիշեցի անձնագրիս հետ կապված խնդիրը։ Ինձ մի տեսակ պարտված էի զգում, իսկ ես չեմ սիրում պարտվել։ Հանեցի դրամապանակս և գտա տիկնոջ տված հեռախոսահամարը։ Մեխանիկորեն հավաքեցի այն։
Մի քանի զանգից հետո հեռախոսին պատասխանեց երիտասարդ կնոջ ձայն.
— Այո՛։
— Բարև ձեզ, ինձ այս համարը տվել են ՕՎԻՐ-ից՝ անձնագրի հետ կապված։
— Այո՛, — նորից լսվեց լսափողի մեջ։
— Ինձ ասել են, որ հանդիպեմ պարոն Աշոտ Մինասյանի հետ, — շարունակեցի ես։
— Ձե՞ր անունը, — հարցրեց կինը։
— Գիտե՞ք, իմ անունն էլ է Աշոտ Մինասյան, — քմծիծաղ տվեցի ես։
Լսափողի ձայնը ոչ մի էմոցիա չարտահայտեց.
— Ես ձեզ հետ կկապվեմ մի քանի րոպեից, — ասաց նա և կախեց լսափողը։
— Լավ, կսպասեմ, — ասացի ես արդեն անջատված հեռախոսին։
Նորից մի տեսակ նյարդայնացա. ամեն անգամ սրանց հետ շփվելիս ջղայնանում եմ, մտածեցի ինքս ինձ։ Մի քանի րոպե հետո հեռախոսս զնգաց, և նույն ձայնը, առանց որևէ զգացմունք արտահայտելու, արտաբերեց.
— Վաղը ժամը տասներկուսին եղեք Նալբանդյան 47 հասցեում. պարոն Աշոտ Մինասյանը ձեզ կընդունի։
Նորից, առանց իմ պատասխանին սպասելու, հեռախոսն անջատվեց։
Վաղը… Վաղն իմ վերջին օրն էր Հայաստանում։ Վաղը գիշերը ես վերադառնում էի Լոս Անջելես։
«Ինչո՞ւ զանգեցի, — կշտամբեցի ինքս ինձ։ — Միգուցե հույս ունեի, որ զանգիս ոչ ոք չի՞ պատասխանի։ Կամ մտածում էի, որ կասեն, թե Աշոտ Մինասյանն արձակուրդո՞ւմ է, կամ պարզապես ինձ չի՞ կարող ընդունել…»։
Բայց երկու հարց հուզում էր ինձ։ Առաջինը, իհարկե, անպայման ուզում էի իմանալ մերժման պատճառը, իսկ երկրորդը՝ ուղղակի հետաքրքիր էր տեսնել իմ անվանակցին։ Մի անհասկանալի պատճառով այդ մարդու անձն ինձ հետաքրքրում էր։
Հաջորդ առավոտ՝ ժամը 11:45-ին, ես ներկայացա համապատասխան հասցեով։
— Խնդրում եմ հաղորդեք պարոն Աշոտ Մինասյանին, որ եկել է… Աշոտ Մինասյանը, — ասացի ընդունարանում նստած սիրունիկ աղջկան։
Աղջիկը մի տեսակ քմծիծաղով նայեց վրաս և լսափողը վերցնելով՝ զեկուցեց։ Երկու րոպե անց նա ինձ ուղեկցեց աշխատասենյակ։
Մտնելով ներս՝ նայեցի շուրջս։ Բավականին ընդարձակ սենյակում, լայն գրասեղանի մոտ, ՀՀ նախագահի դիմանկարի ներքո նստած էի… ես։ Ավելի ճիշտ՝ ես էի և ես չէի։ Դիմագծերը կարծես թե իմն էին, մարմնի կառուցվածքն էլ… սակայն ավելի կոպիտ, մի տեսակ ագրեսիվ։
Ես անշարժ կանգնել էի դռան մոտ՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում։ Անկարող որևէ բառ արտաբերել՝ քարացած հայացքով նայում էի սենյակում նստած տղամարդուն։
— Դե ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել, ի՞նչ ես հիմար հայացքով քարացել, — Ռուբեն Հախվերդյանի հանրահայտ երգի բառերով փորձեց կատակել տղամարդը։
Ես շարունակում էի կանգնած մնալ։
— Նստի՛ր, նստի՛ր, — ասաց նա՝ ձեռքով ցույց տալով դիմացի բազկաթոռը։
Կարծես երազի մեջ՝ ես մի քանի քայլ անելով ընկա բազկաթոռին։
— Ես էլ արդեն մտածում էի, որ քեզ երբեք չեմ տեսնի, — քմծիծաղը դեմքին ասաց տղամարդը։ — Չնայած որ լսեցի, թե մի երեք տարի առաջ դիմել ես Հայաստանի անձնագիր ստանալու համար, հասկացա, որ չես մոռացել հայրենիքդ։ Էն հայրենիքը, որ լքեցիր քսան տարի առաջ։ Հետո իմացա, որ եկել ես։ Վստահ էի, որ մի օր էլ կբացես էս դուռն ու կհայտնվես իմ դիմաց, — նույն հեգնական տոնով շարունակեց նա։
Ես դեռ անշարժ նստած, ապշած նայում էի դիմացիս նստած իմ անհաջող կրկնօրինակին։
— Ապշա՞ծ ես, — կարծես ինքն իրեն ասաց դիմացինս։ Բացեց սեղանին դրված հանքային ջրի շիշը և մի բաժակ լցնելով՝ պարզեց ինձ. — Խմի՛ր։
Բաժակը մի շնչով դատարկելուց հետո փորձեցի կապակցված խոսք արտաբերել.
— Բայց… դուք…
— Ես ո՞վ եմ, — հարցս կռահելով՝ առաջ ընկավ տղամարդը։
Ես գլխով արեցի։
— Ես քո ստվերն եմ, — ասաց նա՝ ուղիղ աչքերիս մեջ նայելով։
Երկրորդ բաժակ ջուրը ես ինքս ինձ համար լցրի։ «Հայացքն է տարբեր, — մտածեցի այդ պահին ես, — հայացքը իմը չէ»։
— Լա՛վ, կատակը մի կողմ, — ասացի ես՝ փորձելով տիրապետել ինձ։ — Իհարկե, դուք ինձ նման եք… ինչ-որ չափով, և անուն-ազգանունն էլ նույնն է, եթե, իհարկե, սա կատակ չէ։ Բայց ես կատակների ժամանակ չունեմ. ես գիշերը վերադառնում եմ Միացյալ Նահանգներ…
— Հա՛, գնում ես, նորից գնում ես… ինձ թողնում ես մենակ, — ընդհատեց նա և հանկարծ սկսեց բարձրաձայն ծիծաղել։
Չեք պատկերացնի, թե ինչ շփոթված վիճակում էի։ Ուղեղս ամբողջ ուժով հուշում էր. «Վե՛ր կաց, գնա՛, փախի՛ր այստեղից»։ Սակայն մարմինս այնպես էր թուլացել, որ նույնիսկ շարժվել ի վիճակի չէի։
Լիաթոք ծիծաղելուց հետո դիմացինս նորից կտրող հայացք գցեց վրաս ու ասաց.
— Աշո՛տ, ես քո ստվերն եմ։
Ուշադրություն չդարձնելով դեմքիս ապշած արտահայտությանը՝ նա շարունակեց.
— Դու, իհարկե, գաղափար չունեիր իմ գոյության մասին։ Չէիր էլ կասկածում, որ ես կամ, որ ես գոյություն ունեմ։ Բայց ես միշտ եղել եմ քո կողքին՝ ծնվածդ օրվանից։ Քաղաքի մութ անկյուններում, նկուղներում։ Այնտեղ, որտեղ շատ քիչ լույս է թափանցում, որտեղ ստվերներն ապրում են իրենց կյանքով։ Երբ երեկոյան ժամերին դու քայլում էիր Երևանի փողոցներով՝ մի գեղեցիկ աղջկա հետ թևանցուկ, ես քո կողքին էի։ Ես շարժվում էի լուռ, աննկատ… պատերի տակով։ Երբ դու մոդեռն հագնված դուրս էիր գալիս փողոց, ես քեզ հետ էի։ Սև շորերով գալիս էի քո հետևից։ Դու լույսն էիր, ես՝ խավարը, դու սպիտակն էիր… ես՝ սևը։ Դու ինձ բանի տեղ չէիր դնում։ Մեկ-մեկ դու քայլում էիր իմ վրայով՝ նույնիսկ չնկատելով ինձ։ Քեզ ճանաչում էին, քեզնով հիանում… քեզ սիրում էին։ Իսկ իմ մասին ոչ ոք չգիտեր։ Ինձ ոչ ոք չէր սիրում։ Ես անտեսանելի էի, — ասաց նա և լռեց՝ կարծես սպասելով իմ արձագանքին։
— Բայց ինչպե՞ս… — մի կերպ արտաբերեցի ես։
— Ինչպե՞ս է դա հնարավոր, — նորից ընդհատեց նա ինձ։ — Դե, մի օր դու գնացիր, — շարունակեց նա, — ես, իհարկե, գիտեի քո այդ մտադրության մասին։ Էդ քո նայած ամերիկյան ֆիլմերը, էդ քո լսած երաժշտությունը… Ես զզվում էի այդ ամեն ինչից։ Քո լսած ջազից էլ, քո հագած շորերից էլ, քո կարդացած գրքերից էլ, քո մազերի ձևից էլ… Ես ուրիշ էի, ես դո՛ւ չէի։ Եվ քո արտահայտած մտքերը, քո մեծ-մեծ խոսակցությունները, քո՝ Ամերիկայի հետ կապված երազանքները… Չես պատկերացնի, թե ոնց էիր նյարդերիս վրա ազդում, — նա մի պահ լռեց՝ կարծես ընկնելով հիշողությունների մեջ։
— Դե, մի օր էլ դու գնացիր։ Ես, իհարկե, տրամադրվել էի, որ գալու եմ քեզ հետ։ Բայց միտքը, որ շարունակելու եմ էնտեղ էլ քո ստվերը մնալ, ինձ հեչ դուր չէր գալիս։ Մենք գնացինք օդանավակայան։ Ու հանկարծ, էն պահին, որ դու անցնում էիր սահմանը, մի պահ լույսերը կտրեցին… Դե, էն մութ ու ցուրտ տարիներն էին, հիշո՞ւմ ես, — մի տեսակ սարկազմով հարցրեց նա։ — Ուղղակի հինգ րոպեով, — շարունակեց նա։ — Ու երբ լույսերը հետ եկան, դու արդեն սահմանի այն կողմում էիր, իսկ ես՝ այս։ Այդ պահին ես ընդունեցի իմ կյանքի ամենակարևոր որոշումը։ Ես որոշեցի չգալ քո հետևից. ես որոշեցի մնալ։ Մնացածն արդեն պատմություն է, — ասաց նա։
— Սուրճ կխմե՞ս, — առաջարկեց ստվերս, — կամ գուցե կոնյա՞կ։
Ես, իհարկե, խմիչքի կարիք շատ ուժեղ էի զգում այդ պահին, բայց սեփական ստվերիս հետ կոնյակ ըմպելը մի տեսակ զավեշտալի թվաց ինձ։
— Ինչպե՞ս կարող է նման բան պատահել, — ճիչի պես պոկվեց կրծքիցս։ — Ինչպե՞ս կարող ես դու, իմ ստվերը լինելով, հիմա այստեղ նստած լինել՝ այս աթոռին։
— Ինչպե՞ս կարող եմ ես էս աթոռին նստած լինել, — ջղայնացած հարցրեց նա, և նրա աչքերի միջի փայլն իմ դուրը հեչ չեկավ։ — Ինչպե՞ս կարող եմ ես էս պաշտոնին լինել, — ավելի զայրացած կրկնեց նա։
Ես, իհարկե, պաշտոնը նկատի չունեի։ Իմ ուղեղը պարզապես չէր կարող ընդունել, որ իմ սեփական ստվերը, մարմնացում ստացած, նստած է դիմացս։
— Քեզ թվում ա՝ հե՞շտ եմ հասել էս դիրքին, — զայրացած շարունակեց նա։ — Թողեցիր, թռար էն մութ ու ցուրտ տարիներին, քեզ համար Ամերիկաներում կայֆերի մեջ էիր։ Մտքովդ էլ չէր անցնում, թե մարդիկ ստեղ ինչեր են քաշում։ Փափուկ ապրում էիր քեզ համար…
— Ես հեչ էլ փափուկ չէի ապրում, ես օր ու գիշեր աշխատում էի, — չգիտես ինչու փորձեցի արդարանալ ես, բայց նա ինձ ընդհատեց։
— Թե քեզ թվում ա՝ հեշտ էր նկուղներից ու մութ անկյուններից դուրս գալ ու հասնել էս դիրքին։ Գիտե՞ս ինչերով եմ անցել, ինչե՞ր եմ քաշել…
Ստվերս հետ նստեց իր հարմարավետ բազկաթոռին, իրեն հավաքեց, հանգիստ ժպտաց և ասաց.
— Բայց տե՛ս, թե հիմա ուր եմ հասել։ Հիմա դո՛ւ ես եկել իմ մոտ խնդրանքով։ Հիմա ես եմ որոշողը։
— Լավ, անունս ինչո՞ւ վերցրիր։ Եթե այդքան ինձնից զզվում էիր, ինչո՞ւ հենց իմ անուն-ազգանունը վերցրիր, — հարցրի ես։
— Ճիշտն ասած՝ չէի ուզում, — պատասխանեց նա։ — Սրտովս չէր։ Սկզբում ինձ դա հիշեցնում էր քո մասին։ Բայց դե, ուրիշ ճար չունեի։ Քո գնալուց հետո վերադարձա տուն։ Մեր բնակարանը, որը դու էդպես անշնորհք ձևով լքեցիր ու տարիներ հետո վաճառեցիր։ Ոչինչ, ես հիմա նույն բակում տուն ունեմ, սեփակա՛ն տուն, — մի տեսակ փքվելով ասաց նա։ — Մեր բակի մանկապարտեզը հիշո՞ւմ ես, ա՛յ էդտեղ հիմա իմ տունն է։
Ուղիղ նայելով աչքերիս մեջ՝ կարծես գուշակելու համար, թե ինչ տպավորություն թողեց իր վերջին ասածը, նա շարունակեց.
— Հա, եկա տուն ու անկյուններից մեկում գտա քո ծննդականի պատճենը, որը դու արագ-արագ հավաքվելիս գցել էիր։ Ու ըտենց ես կամաց-կամաց դարձա Աշոտ Մինասյան։ Դե, ես, իհարկե, ինձ Աշոտ Մինասյան չեմ զգում, ինձ պետք էլ չի. դա ուղղակի անուն-ազգանուն ա։ Ես կարող էի լինել Ջոն Սմիթ կամ Իվան Պետրով։ Դա էական չի։ Ես ազգություն չունեմ։ Ես մոլորակի բնակիչ եմ։ Կուզեմ՝ վաղը կգամ ձեր էդ Լոս Անջելեսները։ Ես ուրիշ արժեքներով եմ ապրում, ու ոնց որ թե վատ էլ չեմ ապրում, — քմծիծաղով ավելացրեց նա։ — Լավ, գանք քո գործին։ Քեզ պարզ ասեմ՝ դու հայկական անձնագիր չես ստանալու։
— Պատճա՞ռը, — չոր հարցրի ես։
— Պատճա՞ռը։ Նախ՝ որ ես չեմ ուզում։ Ես եմ որոշողը, ու ես որոշում եմ, որ քեզ չի հասնում։ Էն դաժան տարիներին, որ մենք երկիր էինք կառուցում, դու ու քո նմանները ստեղ չէիք։ Հիմա, որ արդեն լավ ա, եկել ես ու անձնագիր ես ուզո՞ւմ։ Չեղավ, ախպե՛ր… Մեկ էլ էդ անձնագրի պահով կարող ա սկսեն մի քիչ շատ թղթեր քրքրել՝ ծննդական, բան, իսկ դա ինձ պետք չի։ Դրա համար արի քեզ համար հանգիստ գնա-արի։ Ես որ շատ ուզեմ, կարող եմ քո մուտքն ընդհանրապես արգելել էս երկիր, — շարունակեց նա, — բայց ես հո քո թշնամին չե՞մ։ Գնա-արի ինչքան ուզում ես, բայց մի՛ մնա։
Ուղիղ աչքերիս մեջ նայելով՝ սառը ձայնով նա ավելացրեց.
— Քո տեղն էս երկրում արդեն զբաղված ա…
Մի պահ սենյակում քար լռություն տիրեց։ Միայն լսվում էր ժամացույցի սլաքների ձայնը։ Ես չգիտեի էլ ինչ ասել։ Հայացքս ակամա բարձրացավ պատից կախված նախագահի դիմանկարին։ Եթե հիմա նկարն ինձ հետ խոսեր, ես բնավ չէի զարմանա։ Բայց այն լուռ էր։ Սառը, անհաղորդ հայացքով նայում էր ինձ։
— Չուզեցի՞ր հետս մի բաժակ բան խմես էլի, — քմծիծաղով ասաց ստվեր Աշոտ Մինասյանը։
— Չէ՛, — կամաց պատասխանեցի ես, — չեմ խմում…
— Հա՜, — քմծիծաղ տվեց նա, — ամերիկացի ես դարձել, առողջությանդ ես հետևում։
Ես լուռ վեր կացա և ուղղվեցի դեպի դուռը։
— Ես գնամ։
— Գնա՛, — ասաց նա։
Դռան մոտ ես շրջվեցի։ Նրա սառը, մի տեսակ ատելությամբ լցված հայացքն ուղիղ ինձ վրա էր։
— Իսկ շա՞տ կան քո նման ստվերներ՝ մարդու կերպարանքով, — հարցրի ես։
Նա մի տեսակ ջղաձգվեց, բայց արագ իրեն տիրապետելով՝ պատասխանեց.
— Ինչքան որ պետք է, էդքան էլ կան։ Համ էլ մենք էլ ստվեր չենք մարդու կերպարով։ Մենք մարդ ենք, նոր տեսակի մարդ։ Մենք նույնիսկ կարող ենք վերարտադրվել, և ոչ միայն քաղաքականապես, — ծիծաղելով ասաց նա՝ ակնհայտորեն շատ գոհ իր կատակից։ — Ընտանիքս է, — ասաց նա՝ ձեռքով ցույց տալով սեղանի անկյունում դրված լուսանկարը։
Այս ամբողջ ընթացքում ես չէի նկատել այն։ Շրջանակի միջից ինձ էին նայում երիտասարդ մի կին և անչափահաս երկու տղա։ Տղաներից մեկը մորն էր նման, մյուսը՝ հորը…
Ես ինձ ստիպեցի ժպտալ, դուռը բացեցի և դուրս եկա։
Հայտնվելով փողոցում՝ շվարած կանգնել էի ամառային կիզիչ արևի տակ և չգիտեի, թե ուր գնալ։ Րոպեներ առաջ տեղի ունեցածն այնքան անհավանական էր, որ թվում էր, թե չի էլ եղել։ Ես ուզում էի հետ վազել, բացել աշխատասենյակի դուռը և համոզվել, որ այնտեղ լրիվ ուրիշ մարդ է նստած։ Նա ինձ կհավաստիացներ, որ ոչ մի Աշոտ Մինասյան էլ չի աշխատում իրենց հիմնարկում, և որ ես ուղղակի զառանցում եմ։ Բայց, ցավոք, ես չէի զառանցում։
Սկսեցի աննպատակ քայլել փողոցներով։ Նույնիսկ շոգը չէր ազդում ինձ վրա։ Դիմացիցս եկողներին նայում էի կասկածանքով։ Սիրահար զույգը, արագ քայլվածքով տղամարդը… բոլորն աչքիս անիրական էին թվում։ Չեմ հիշում, թե ինչքան եմ այդպես թափառել։ Քայլերս ինձ ակամա բերեցին հյուրանոց։
Մտնելով սենյակ՝ անմիջապես նետվեցի դեպի մինիբարը և օղու երկու փոքր շիշ լցնելով բաժակի մեջ՝ քաշեցի գլուխս։ Մի տեսակ սարսափ էր պատել ինձ։ Ուզում էի շուտ իրերս հավաքել, հասնել օդանավակայան և թռչել։ Փախչել և էլ երբեք հետ չվերադառնալ։ Մոռանալ այս ամենը որպես վատ երազ։ Սակայն մինչև թռիչքը դեռ տասնվեց ժամ կար։
Չգիտեմ, թե ինչն էր պատճառը՝ սենյակի հաճելի սառնությո՞ւնը փողոցի անտանելի շոգից հետո, թե՞ ալկոհոլը… Աչքերս բացեցի, երբ արդեն երեկո էր։ Արևը օրվա վերջին շողերն էր գցում Երևանի վրա։ Բոցավառ հորիզոնի ֆոնին հպարտ կանգնել էր Արարատը։ Շենքերի պատուհաններում կամաց-կամաց վառվող լույսերը կարծես աչքով էին անում ինձ։ Իմ քաղաքը հանգիստ էր։
Մի պահ ահավոր կարոտեցի Երևանը։ «Բաժանումս ավելի դժվար է լինելու այս անգամ, քան այն ժամանակ՝ 95-ին», — մտածեցի ես։ Առավոտվա հանդիպումը կարծես երազ թվար՝ կոշմար, որը հոդս ցնդեց զարթնելուն պես։ Բայց ես գիտեի, որ այդպես չէ։
Օդանավակայանում, անձնագրային ստուգումն անցնելուց հետո, ակամա շրջվեցի և հետ նայեցի։ Սահմանագծի այն կողմում կանգնած էր ստվերս և ձեռքով էր անում ինձ. ցտեսություն էր ասում։ Աչքերս թարթեցի, և նա չքվեց։ Տեսիլք էր։
Հիմա երեկոները, նստած Լոս Անջելեսի իմ տանը, հաճախ մտքով սլանում եմ Հայաստան։ Փորձում եմ պատկերացնել, թե ինչ է հիմա անում ստվերս այնտեղ։ Արդյոք իր ընտանիքի հե՞տ հաճելի երեկո է անցկացնում, թե՞ ընկերների հետ է։ Կամ միգուցե պետական հարցե՞ր է լուծում։ Նրա խոսքերը մինչև հիմա ինձ հանգիստ չեն տալիս. «Քո տեղն էս երկրում զբաղված ա…»։
Խառը զգացմունքներ են պատում ինձ այդ ամենը վերհիշելիս։ Կարծես երկու մարդ լինի մեջս նստած։
Մեկն ասում է. «Դե, մոռացի՛ր։ Թքա՛ծ Հայաստանի վրա էլ, իրենց վրա էլ։ Ի՞նչ ես կորցրել այնտեղ։ Դու արդեն էստեղի մարդ ես, սիթիզեն մարդ ես, գործերդ էլ լավ են։ Մոռացի՛ր էլի, ոնց որ քո ծանոթների մի ստվար մասը։ Չեն էլ ուզում հիշել, որ Հայաստան կա, կամ որ իրենք այնտեղ են ծնվել»։
Բայց մյուս կեսս ըմբոստանում է. «Ախր ո՞նց այդպես կլինի։ Նկուղից դուրս եկած ստվերդ պիտի քո տեղը զբաղեցնի՞ Հայաստանում, ու հլը մի հատ էլ քեզ ասի, որ դու այդ երկրում տեղ չունե՞ս։ Քո սեփական երկրո՞ւմ։ Քո ծննդավայրո՞ւմ։ Ինչ-որ ոչնչություն փորձի քեզ զրկել քո հայրենիքի՞ց… Չի՛ լինի այդպիսի բան»։
Մեջս պայքար է գնում՝ երկու մարդու կռիվ։ Ու դա ինձ հանգիստ չի տալիս։ Կարծես երկու քարի արանքում լինեմ։ Բայց հավերժ պայքար չի կարող լինել։ Մի օր մեկը կհաղթի։ Ու ես չեմ կասկածում, թե որ մեկը. այն մեկը, որ հզոր զենք ունի։ Այդ զենքը կոչվում է Կարոտ։