Մարեկ Հլասկո |  Պատուհանը

Համարյա ոչ ոք տան դուռս չէր բացում: Արդեն երկար ժամանակ է ինչ մենակ եմ ապրում այս խուլ փողոցի վրայի գարշելի ու այլանդակ տանը: Ո՛չ լուսնի լույսն է պատուհանից թափանցում սենյակ, ո՛չ երկինքն է նշմարվում և ո՛չ էլ աստղերը: Միայն բակի մի կտորն է ուրվագծվում ու դիմացի տան պատը. հսկայական այդ պատը՝ տեղ-տեղ ծածկված վայրի խաղողի շիվերով: Պատն ունի ընդամենը երկու պատուհան: Առաջին պատուհանից այն կողմ, ինչպես ժամանակի հետ հասկացա, ապրում է մի պաստառագործ, իսկ մյուսից՝ երիտասարդ ամուսիններ իրենց փոքրիկի հետ: Երբեմն նկատում էի նրա մանրոտ գլուխը: Այդպես էլ չկռահեցի՝ տղա էր թե աղջնակ: Իսկ հետո իմացա, որ այդ երեխան մահացել է ու դիմացի տան պատին նայելու ցանկությունս իսպառ չքացավ: Այն պահից սկսած միայն, երբ հասկացա, որ փոքրիկին այլևս չեմ տեսնելու, նկատեցի, թե ինչ աստիճանի անճոռնի է դիմացի տան այդ պատը:

Ժամանակ առ ժամանակ ինձ այցելում էր երկրորդ հարկում բնակվող պաշտոնյան: Ինքս առաջին հարկում էի ապրում: Նա այն բարեհոգի ցոփախոսներից էր, ում շուրթերից ամենաթունդ հայհոյանքներն անգամ անմեղ էին հնչում՝ կորցնելով իրենց խայթը: Նրանցից էր, ով րոպեն մեկ խփում է ծնկիդ ու աչքով անելով հարցնում.

— Հը՜ն, ո՞նց էր: Ասա, որ վերջն էր:

Սկզբնական շրջանում ես պարզապես տանել չէի կարողանում այդ մարդուն իր լկտի հումորների հետ հանդերձ: Նա ինձ նողկալի և սարսափելի հիմար էր թվում: «Նրա սրամտությունների վրա հաստատ բոլորը ծիծաղում էին դեռևս Ֆրանց Յոզեֆի [1] ժամանակներում», – ոչ առանց չարախնդության մտածում էի ես: Սակայն որոշ ժամանակ անց նա դադարեց իմ ներվերի վրա ազդել ու ես անգամ ի դեմս նրա կենսական կարիք էի զգում, որովհետև հասկացա, որ այս մարդը, ով բնակվում է երկրորդ հարկում, նույնքան թշվառ ու միայնակ է, որքան որ ես իմ առաջին հարկում: Ու իմ մեջ ցանկություն վառվեց ինչ-որ հաճելի բան անել նրա համար: Առանց արտասովոր դժվարության մի քանի անեկդոտ սովորեցի ու երբ մի օր եկավ ինձ հյուր, դրեցի պատմեցի: Շատ լավ եմ հիշում այդ լռությունը: Այդ երեկո բառ անգամ չարտաբերեց: Ու դադարեց ինձ տեսակցել: Թե ինչու՝ Աստված գիտի:

Պատուհանիս տակ ակացիա էր աճում: Հին, չորացած մի ծառ: Հիշում եմ, որ վերջին գարնանը ծաղկել էր նրա միայն մի ճյուղը: Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ նկատեցի այն պստոյին: Նստած էի պատուհանի մոտ ու հանկարծ երևաց նրա կարմիր գլուխը՝ ինչ-որ մեկը փորձում էր խցկվել իմ սենյակ: Սկզբում վախեցա, բայց իսկույն ևեթ հասկացա, որ դա երեխայի գլուխ էր ու որոշեցի սպասել: Շունչս պահած հետևում էի այդ տեսարանին: Խեղճուկրակը ոչ մի կերպ չէր կարողանում վերև բարձրանալ: «Միգուցե վեր կենամ օգնե՞մ, հարցնեմ, թե ի՞նչ է ուզում», – մտածեցի ես: Սակայն փոշմանեցի, որովհետև հնարավոր է վախեցնեի:

Հաջորդ օրը նորից նկատեցի, որ կարմիր գլխի տերը ցանկանում է սողոսկել իմ սենյակ: Բայց քանի որ հասակով դուրս չէր եկել՝ ոչինչ չստացվեց: Այդ պահին որոշեցի արդեն ինքս լուսամուտից դուրս կախվել ու տեսա պստոյին, որը մի զվարճալի կարմրահեր տղա էր և իրոք իր տարիքի համեմատ բավականին ցածրահասակ: Բայց փոխարենը գոտկատեղից պալաշ [2] ուներ կախված: Ինձ դա այն ժամանակ շատ զարմազրեց՝ այդպիսի մանչուկ, բայց գլխից մեծ պալաշով: Փորձեցի ձայն տալ նրան.

– Հե՜յ, պստո՛:

Շրջվեց դեպի ինձ, բայց իսկույն պուկ փախավ: Ցավով եզրակացրեցի, որ իրոք վախեցրեցի նրան ու էլ չի ցանկանա երևալ: Բայց ոչ: Երեկոյան քով կրկին նշմարվեց կարմիր գլուխը, նույնիսկ փոքր-ինչ վերևից արդեն: Ու միտքս հանկարծ փայլատակեց ու հասկացա, թե ինչն էր փոքրիկին այդքան գրավել. պատիցս կախված նկարը: Անտաղանդ այդ խզբզոցն իրենից ներկայացնում էր ծովամարտի մի տեսարան՝ պատռված առագաստներով նավեր, փրփրացող ալիքներ, խորտակված նավերի բեկորներ և այլն: Պստոն բակի կողմից էր նայում նկարին ու համարյա ոչինչ չէր տեսնում բացի կայմերի գագաթներից ու ռեալիստիկ երանգավորված երկնքից: Ինձ անծանոթ նկարիչը գույներ չէր խնայել: Որոշեցի օգնել պստոյին, ու երբ երեկոյան հայտնվեց՝ գլուխս պատուհանից դուրս հանեցի ու գոռացի.

– Դու իմ նկարն ես ուզում տեսնել, չէ՞:

Րոպեաչափ հայացքը հառեց ինձ, թուքը կուլ տվեց ու տղամարդավարի պատասխանեց.

— Այո:

Ձեռքս նրան մեկնեցի ու պստոն կապկական ճարպկությամբ մագլցեց պատուհանագոգիս վրա: Մինչ օրս հիշում եմ հրճվանքից նրա աչքերի այդ վայրկենական փայլատակումը: Սակայն րոպե անց նկատեցի, որ նա ոչ թե նկարն է ուսումնասիրում, այլ համակ ուշադրությամբ տնտղում է սենյակս: Տեսա, թե ինչպես է հրճվանքն անհետանում պստոյի դեմքից՝ տեղը զիջելով տխրությանը: Դարձավ լուրջ ու կենտրոնացած: Ասես այն րոպեները, որ անց էր կացրել պատուհանագոգին բազմած, նրա թե՛ տարիքն էին ավելացել, թե՛ հոգսերը: Պստոն երկար ժամանակ լուռ էր՝ գլուխը հակած ծնկներին: Հետո ասաց:

— Ամեն տեղ էլ նույնն է:

— Այո, — ասացի ես: — Ամեն տեղ էլ նույնն է:

— Ու ոչ մի տեղ այլ կերպ չի՞ լինում, — հարցրեց:

— Ոչ, — պատասխանեցի ես:

— Ու անգամ հեռու-հեռու տեղերու՞մ: Այնտեղ է՞լ է նույնը:

— Այո: Այնտեղ էլ են նմանատիպ սենյակներ: Ամբողջ աշխարհում են այդպիսի սենյակներ: Վերջին հաշվով աշխարհը մի քանի այսպիսի սենյակների հավաքածու է:

— Ես դա դեռ կճշտեմ:

Վայր ցատկեց ու փախավ: Հաջորդ օրը սովորականից շուտ վերադարձա տուն ու առաջինը, ինչն աչքովս ընկավ սենյակ մտնելուն պես՝ պատուհանի տակ ընկած ինչ-որ առարկա էր: Բարձրացրեցի: Պալաշն էր: Իսկ պստոն այլևս երբեք ինձ չայցելեց:

1955թ.

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթևիկ Պետրոսյանի

Ծանոթագրություններ

[1] Ֆրանց Յոզեֆ I (1830-1916թթ) Ավստրիայի թագավորության կայսր (1848թ.), Ավստրո-Հունգարիայի թագավոր (1867թ.): Ֆրանց Յոզեֆի գահակալությունը տևել է 68 տարի, այդ իսկ պատճառով նրան հաճախ անվանում են Եվրոպայի վերջին մեծ կայսր:

[2] Լեհաստանում պալաշները գործածության մեջ են մտել 16-18-րդ դարերում հուսարների, իսկ 19-րդ դարի սկզբին՝ Վարշավայի դքսության կուրիստների կողմից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *