Աշոտ Ստեփանյան | Խաչը

Ոչինչ ողբերգական չէ, ամեն ինչ իրական է։
Էմիլ Սիորան

Այնքան խաղաղ էր օրը, որ երեկոյան ձյուն եկավ, բայց քանի որ հոգնած էի ու սպառված, շատ վաղ էի պառկել քնելու։ Մորս համար հաց էի պատրաստել, տան շորերն էի լվացել ու հենվել էի բազմոցին: Այդպես էլ անջատվել եմ ու փաստորեն ամբողջ գիշեր ձյուն էր եկել. մորս մահվան հետ միասին։
Առավոտ արթնանալուց մի երկու անգամ ձայն տվեցի, ձայն չկար. ուրիշ դեպքերում մայրս էր ինձ արթնացնում, սուրճ բերում, ծածկոցի ներսի դատարկությունից ինձ դուրս հանում, իսկ այս անգամ՝ ոչ։ Ես գնացի նրա սենյակ, որտեղ խուլ ու խորը անձայնություն էր, որի ծածկոցի տակ մայրս էր. ձյան պես խաղաղ հեռացել ինձանից ու անգամ ձայն չէր հանել։ Նայում էր նրա մարող կնճիռներին, տաքուկ աչքերին, որից դեռ կյանքի հանդեպ վստահություն էր հորդում։ Սրտիս մեջ սուր ծակոց մտավ, սողոսկեց ամբողջ մարմնովս ու դուրս եկավ աչքերիցս. ձյան պես արագ աչքերիցս արցունք էր հոսում։ Ես չգիտեի՝ ում զանգեի ու ինչ ասեի։ Մշտապես մենակ ենք դուրս եկել բոլոր խնդիրներից, իսկ հիմա այս ճահիճը այնքան մեծ էր, որ սուզվում էի նրա մեջ։
Մայրս հավատացյալ էր, ամեն օր աղոթքով էր արթնանում, ամեն օր եկեղեցի էր գնում, ասում էր, թե հորս հետ է խոսում, կապ է պահում, բայց ես երբեք չեմ զգացել այդ կապը… Նա միշտ ասում էր.
-Մարդիկ մեր մեջ են մնում ու կապ չունի, թե նրանք մեռնում են կամ հեռանում. մեռնելը հեռանալ չի, տղես…
Մայրս աղոթում էր՝ «Հայր մեր, որ երկինս ես…», բայց ես մտածում էի, որ նա իմ հոր հետ է, որովհետև խոսքի մեջ շատ սեր էր դնում, ոնց ինձ կասեր «տղես», կամ ոնց կասեր «կարոտել եմ հորդ», նենց էլ Հայր մերն էր ասում։
Մայրերը չեն հեռանում մեզանից: Նրանք միշտ կան: Եթե այնպես ստացվի, որ նա չլինի, մեկ էլ մի ձայն՝ «տղես», ու վերջ… դու ետ ես գալիս իրականություն, ցավերից ու կաղապարներից, հոգնություններից իջնում ես ներքև ու կարողանում ես գլուխդ դնել մորդ ուսին։ Մոր ուսը միշտ պաշտպանում է քեզ, անգամ, եթե մայրդ էլ «չկա», նա միշտ կա, նա միշտ քո կողքին է, քո ցավերին մուրճով դեմդիմաց կանգնած։
Հորս հեռանալուց հետո մայրս անդադար հավատում էր: Հավատքն էր, որ նրան առաջնորդում էր. «հավատն է կյանքում միայն իրական, տղես»։
Ասում էր՝ «հայրդ հիմա վերևը «միսիա» է կատարում աստծո հետ, հա՛մ մեզ է հետևում, հա՛մ փորձում է օգնել: Տես մենք երբեք անդունդի եզրին չենք եղել, մենք մշտապես դուրս ենք եկել մեր խնդիրների միջից, հայրդ է եղել մեզ օգնողը, անգամ հեռանալուց հետո նա մեզ ձեռ էր մեկնում»։ Արթնանում էր, ձեռքը դնում աստվածաշնչի վրա, աղոթում էր, գնում էր եկեղեցի, խոսում էր եկեղեցու սպասավորների հետ, որոնցից ես փախել եմ։ Չնեղացնելու համար ես երբեք ձայն չեմ հանել, մեկ-երկու ակնարկ… բայց ամենաշատը, ինչից խռտնում էի, մորիցս ջահել տերտերն էր։ Նրանք անընդհատ հանդիպում էին, խոսում էին աստծու մասին, հետո իմ, հետո հորս։
Այդ եկեղեցին ու նրա սպասավորները մշտապես տագնապ են հարուցել: Հորս մահանալուց հետո՝ մանուկ հասակից, երբ հայրս հեռացավ մեզանից, ես կորցրեցի ամեն տեսակ հավատքը գերբնական երևույթների հանդեպ, սկսեցի մտածել, իսկ մտածելը հակասում է աստծուն։
Մայրս միշտ պատմում էր, որ հայրս շատ է «հարցնում» իմ մասին, բայց քանի որ ես անհավատի ուղին էի բռնել, երբեք լուրջ չէի վերաբերում նրա ասածին։
Մայրս ասում էր, որ մի օր կլսեմ վերևից մի ձայն, որը կփոխի իմ կյանքը, որը կփոխի իմ պատկերացումը աշխարհի նկատմամբ.
-Տղես, բանականությունը տեղ չունի հավատքի մեջ: Մենք ինչքան էլ բանական էակներ ենք, մեզ պետք է մի բան, որ կախվենք դրանից, որ շարունակենք ապրել, որ շարժառիթ ունենանք ինքներս մեզ չկորցնելու, որ կորցրած մարդկանց մեր մեջ պահենք։ Մի օր դու կլսես ինձ, մի վայրկյանում կփոխվի ամեն ինչ,- ասում էր նա։
Ես այդ հոգևորականին ու մորս անընդհատ տեսնում էի միասին: Մայրս աղոթելու էր գնում նրա մոտ, կամ նա էր գալիս մեր տուն։ Մեկ-մեկ ուզում էի ասեի, որ աստված էստեղ չի, գնա ուրիշ տեղ փնտրի, բայց չէի էլ ուզում մորս վատ դրության մեջ դնել։ Ամբողջ տանը մոմեր էր վառում, խունկ էր ծխացնում, պատից կախված խաչերն էր դզում(ես միշտ ծռում էի նրանց, քանի որ չէի հավատում, քանի որ անհավատ էի)։
Վերջերս փորձեց հետս խոսել: Ես այնքան լուրջ ու անհանգիստ նայեցի նրա երեսին, որ նա տեսավ աստծո բացակայությունը իմ աչքերի հակապատկերներում, երևի տեսավ, որ աստծուն խաչողներից մեկն էլ ես եմ եղել, երևի տեսավ, որ անընդհատ իմ աչքերում աստվածն է ինքնասպանվում…
Հիմա նստած եմ… մայրս սենյակի մեջտեղում ննջում է: Բոլոր կորած բարեկամներս հավաքվել են, փսփսում են, մորաքույրս խոհանոցում աման է լվանում։ Ես այնքան չեմ հավատում այս դեպքին, որ մտածում եմ մայրս է ամանները լվանում ու հնարավոր է, որ շուտով ձայն տա՝ «ուտելիքը պատրաստ է, տղես, լվացվի, արի խոհանոց»։ Երեք օր հետո պետք է նշեինք նրա 47 ամյակը, բայց նա այնտեղ է նշելու՝ 47-ի մեջ մշտապես փակված, այնտեղ, որտեղ միշտ պատմում էր, թե հայրս սպասում է իրեն: Անցած շաբաթ խոսում էր, թե հայրս վերջերս շուտ-շուտ է կապի դուրս գալիս, տագնապ կա նրա սրտում, իսկ երեկ երեկոյան՝ քնելուց առաջ, նա երկու ժամ նայում էր աստղերին, ննջասենյակից գոռում էի՝ «մա, վերևում ոչինչ չկա, մի՛ նայի, կգժվես», ծիծաղում էր, ասում էր՝ «ամեն ինչն ա վերևում, տղես, ամեն ինչը…»
Տերտերն էլ է նստած, լուռ նայում է գետնին, աչքերը ուռած են, ձեռքում խաչն է պտտում, նայում է մորս դագաղին: Անգամ այս դեպքում ես խանդում եմ նրան, որ հիմա մեր տանն է ու իր բացակա աստծո հետ եկել, մտել է մեր մարած օջախ։ Ես նրան հորս եմ նմանեցնում։ Ես նրա մեջ մահացած հորս տագնապն եմ զգում։ Ուզում եմ մի թաթալոշ տալ, որ նա ու իր աստվածը խլեցին ինձանից վերջին լույսը, բայց արցունքներս ուժերս տարել են և ես չեմ կարողանում շարժվել։
Գիշերը բոլորը հեռացել էին, մնացել էինք ես և այդ հոգևորականը: Նա գլուխը գետնից մինչ առավոտ չէր բարձրացրել. չգիտեմ ինչի մասին էր նա խորհում։ Գնացի մոտ, նստեցի կողքին, հարցրեց.
-Ո՞ւր ա հիմա մայրս։
-Չգիտեմ։
-Գիտեի՞ր, որ անհանգիստ է։
-Հա։ Զգում էի։ Բայց չէի հասկանում՝ ինչից է։
-Քեզնից ու քո աստծուց։
-Չէ։ Չէ։
-Տարաք ինձնից։ Տարաք…
Երկուսով նստած էինք ու նայում էինք գետնին: Ես զգում էի, թե ոնց է նա խաչի հետ խաղում, ձեռքերի մեջ պտտում, դնում սրտին, հետո մոտեցնում շրթունքներին, աղոթք փսփսում։ Աչքերս դանդաղ փակվում էր, ես լսում էի մորս ձայնը մթության ու լույսի միջպատկերներում՝«տղեե՜ս, տղեեես, ո՞ւր ես, տղեես»։
Լույսը ողողեց շուրջբոլորս: Ես հետևում էի ինձ կողքից ու գրի առնում այն ամենը, ինչը պատահում էր իմ հետ։ Աչքերս փակել էի ու համրության մեջ փորձում էի ձայներից հասկանալ, թե ինչ է հիմա կատարվում։
Անձրև էր: Քամին պատուհանից սուր ձայնով մտնում էր ներս: Զարթուցիչս անընդհատ զնգում էր. ագռավների ձայնն էր լսվում։ Նրանք խոսում էին ինձ հետ։ Ես պառկած էի անզգայացած, ճոճվում էի մահճակալիս մեջ։ Հանկարծ դռան զանգ. բացող չկա: Նորից, նորից ու նորից զանգ։ Ոտնաձայները լքեցին, ինչ-որ մեկը ջարդեց դուռը։ Արթնացա… Մայրս է լացում, նրա ձայները խլացնում են ինձ: Նորից զանգ։ Բարեկամները հավաքվել են կողքիս ու փսփսում են. իմ մասին են պատմում։ Մորաքույրս ամաններն է լվանում, ջուրը բաց է թողել, այսօր էլ են լացում։ Կատվի մլավոցներ: Ինչ-որ մեկը ծիծաղում է, բղավում և արագ դուրս փախչում. «երևի երեխաներ են»՝ մտածում եմ ես։ Ու… ինձ տանում են գոռոցներով և լացերով, դանդա՜ղ ոտնաձայներով։ Հասցրին մի մեքենայի մեջ, դուռն ուժեղ փակեցին վրաս։ Շարժվում ենք: Երկնքում նորից ագռավներն են խոսում։ Բացվեց դուռը, իջեցրին մի վայրում, որտեղ հող են փորում։ Անձրևը հողի հետ լցվում է դեմքիս: Դեմքս փակվում է: Ագռավները նորից խոսում են ինձ հետ: Լացը հեռանում է: Հողի վերջին քարերն ընկնում են փայտերին, բայց հասցրի տեսնել մորս՝ «տղեեես, տղես, տղե՜՜՜ս։ Ըտե՞ղ ես»։ «Ըտեղ եմ»… Վերջ. մթություն, մեքենաների ձայներ, դատարկություն…
Հաջորդ օրը ավելի ուժեղ ձյուն էր գալիս: Շատ ցուրտ էր, ձյան սպիտակը կուրացնում էր աչքերս: Մորս վրա ձյուն էր եկել: Ես ամեն անգամ մաքրում էի մինչև մեքենա հասնելը։ Բոլորս լուռ գնում էինք, ու ո՞վ էր հասկանում, որ ես այնքան միայնակ եմ մնացել ու որբ, որ ուզում էի մորս կողքը պառկել ու գնալ նրա հետ հողի տակ, ոնց երազում տեսա։ Հողը լցնում էինք, ես անընդհատ լսում էի՝ «Տղես, տղե՞ս, տղե՜ս»։
Ես լսում եմ մորս, նրա ձայնը ներթափանցում է մաշկիս տակ, մայրս մաշկիս մեջ է, արյանս հոսքերում, ափերիս ոլորաններում: Մայրս հոսում է, իմ աչքերով հետևում իր վրա հող թափվելուն։ Ես նայում եմ վերև ու տեսնում ինձ, նրան: Ամպերի բարձիկները մորս տեսքն էին ընդունել: Ամպերից իջնող քուլաները մորս նման փափկություն էին բերել: Ես զգում էի մորս ներկայությունը, ես զգում էի, որ ինքը հիմա ավելի մոտ է, քան երբևէ: Ես զգում էի, որ հիմա գնամ տուն, ինքը կդիմավորի ինձ, կշոյի գլուխս, կհարցնի՝ «ո՞նց անցավ օրդ, տղես», ու կգնա աստղերին նայելու, իսկ ես կքայլեմ նրա ետևից, կասեմ, որ հավատում եմ ու միասին կնայենք վերև. ես քեզ կփնտրեմ աստղերի մեջ, դու՝ հորս՝ մոլորակների ու սև խոռոչների։
Հոգևորականը ձեռքի խաչը նետեց գետնին, ես գլուխս բարձրացրի ու նայեցի նրա աչքերին: Նրա աչքերի մեջ ես մորս ու աստծո դատարկությունը տեսա: Նա հեռացավ՝ ոնց աստված հեռացավ բոլորից: Երևի շատ էր կապնված մորս հետ, կամ էլ սիրում էին իրար, ո՞վ գիտի։
Շատ ցուրտ էր դրսում. մորս ճանապարհեցի, բարեկամներին շինծու գրկեցի, հոգևորականի խաչը վերցրեցի ու քայլում էի: Խաչը շատ տաք էր ու չէր սառում: Ես նրան ամուր բռնել էի, որովհետև մորս հետ կապող բանը նրա ուժեղ հավատն էր: Երևի այս գիշեր կգա երազումս, երևի այս գիշեր կխոսի ինձ հետ… մի քանի հարց ունեմ, որ պետք է տամ։ Այնքան էի քայլել, որ չէի զգացել, թե ինչպես էի հասել այն մատուռի մոտակայք, որտեղ մայրս ու այդ հոգևորականը հանդիպում էին իրար հետ: Նայում էի խաչին, հետո եկեղեցուն ու մեկը ինձ ստիպեց, որ ես ներս մտնեմ: Ինչքան մոտենում էի եկեղեցուն, այնքան մորս ձայնը ավելի ու ավելի էր իմ ներսում լսվում.
-Տղեե՜ս։ Տղես։ Դո՞ւ ես։ Տղես։
-Ես եմ։ Մամ։ Ես եմ։
-Ներս արի, տղես։
Սկսեցի վազել, վազել դեպի այդ մատուռը։ Օդը չէր հերիքում: Ես վազում էի, ինձ թվում էր՝ շուտով կհասնեմ մորս մոտ, կգրկեմ: Լսում էի նրան, նա հոսում էր իմ ներսով: Աչքերիս պատկերներում մայրս էր, ինձ էր կանչում: Ես վազում էի հոգեվարքի մեջ, դողում էի, ուրախանում, խաչը պինդ սեղմում ափերիս մեջ: Նա ճմլվում էր, նրանից դուրս էին ցայտում հավատքները, մայրերը իրենց որդիների հետ, ինձ ուղղորդում էին, ասում՝ «արի, մայրդ էստեղ է, չէ էնտեղ է, չէ ամենուր է, չէ, քո մեջ է, մեր մեջ է, բոլորիս մեջ է»: Հասնում եմ, ուժերս հավաքում:
-Մայրս Աստվածն է,- բարձր գոռացի ես ու դռները բացեցի։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *