Պերճ Զեյթունցյան | Յուրաքանյուր տասից մեկը

– Շուտով կգան…
– Ծխելու բան ունե՞ս…
– Ես վախենում եմ… Ես չեմ ուզում մեռնել…
– Լռիր, ոչինչ չի լինի…
– Տանը, տանիքում, մի շիշ վիսկի եմ թողել… Եթե չեն նկատել, պատերազմից հետո կխմեմ…
– Ես հարցրի ծխելու բան ունե՞ս…
– Քաղաքում մի կոշկակար եմ ճանաչում… Պատերազմից հետո կգնամ նրա մոտ, աշակերտ կլինեմ…
– Ժամը քանի՞սն է…
– Ժամացույց ոչ ոք չունի…

Նրանք չսափրված, մռայլ և քիչ խոսող զինվորներ էին, իսկ երբեմն, երբ սկսում էին խոսել, ասում էին շատ աննշան, շատ փոքր բաներ , բայց բոլորն էլ ուշադիր լսում և լավ էին հասկանում իրար։ Նրանք սիրում էին պատմել իրենց մասին և մեկ անգամ պատմածը մի քանի անգամ կրկնել: Ոչ ոք չէր տրտնջում, ոչ ոք չէր ասում, որ լսել է այդ մասին: Իսկ եթե նույնիսկ ձանձրանում էին, համբերությամբ շարունակում էին լսել։ Բայց երբեմն լինում էին մարդիկ, որ կտրում էին դիմա¬ցինի խոսքը.
– Բավական է ամեն անգամ նույնը պատմես…
Տիրում էր լռություն։
Հարցական նայում էին իրար։ Գուցե նա իրավացի՞ էր, բայց ո՞վ։ Եվ որտե՞ղ էր նա։ Փնտրում էին չորս կողմը ու չէին գտնում։ Երևի այդ բանը կարող էր ասած լինել նրանցից յուրաքանչյուրը: Որովհետև բոլորն էին ուզում պատմել իրենց պատմությունը։ Մինչդեռ կարող էր պատմել միայն մեկը։
Իսկ մյուս զինվորը շարունակում էր.
– Երբ ես պահարանը դրեցի սենյակի անկյունում (սեն¬յակը մեծ էր, լուսավոր… մաքուր…), կինս ասաց, որ ավելի լավ կլինի դռան մոտ դնել…
– Իսկ դռան մոտ անհարմար չէ՞ր, – հետաքրքրությամբ հարցնում էր մեկը։

Զինվորների այս խումբը մի քանի օր էր արդեն, ինչ հրաժարվել էր գնալ, առաջին գծում կռվել: Իսկ հիմա վախեցած ինչ-որ բանի էին սպասում։
– Գալիս են,- անսպասելիորեն գոռաց նրանցից մեկը, ու չնայած նա իրենց ընկերն էր, բայց տարօրինակ ձևով հանկարծ թվաց, թե նրա ձայնը շատ ծանոթ էր, չափի՛ց շատ…
Պատժիչ ջոկատը մոտեցավ։
– Կանգնե՛լ,- լսվեց հրամանը։- Շարք կազմել…
Շարքը կազմվեց պատահաբար:
Ոչ ոք ոչինչ չէր մտածում։ Միայն բոլորի ուշադրությունն էին գրավել հեռու դաշտում կռվող երկու շուն։ Ասենք, դժվար էր որոշել՝ կռվո՞ւմ էին, թե՞ պարզապես խաղ էին անում։
Սպաներից մեկը սկսեց խոսել։ Զինվորները միայն մի բան հիշեցին այդ երկար ճառից։ Նրանք համարվում էին դավա¬ճաններ, և զինվորական հրամանին չենթարկվելու համար յուրաքանչյուր տասից մեկը պետք է գնդակահարվեր։
Ոչ ոք չվախեցավ։ Ոչ ոք չմտածեց, որ ինքը կարող է յուրաքանչյուր տասից մեկը լինել։
Վախեցան բոլորը։ Բոլորը մտածեցին, որ ամեն մեկը կարող է յուրաքանչյուր տասից մեկը լինել։
Եվ հանկարծ լռության մեջ լսվեց մի հիստերիկ ձայն.
– Ես չեմ ուզում մեռնել… Ինձ ստիպեցին…
Միայն այժմ ամեն մարդ հասկացավ։ Յուրաքանչյուր տասից մեկը պիտի մեռներ, տասներորդը, քսաներորդը, երեսուներորդը… Իսկ ընդամենը յոթանասուն հոգի էին։ Ուրեմն, յոթ հոգի պետք է մեռնեին…
Տասը, քսանը, երեսունը…
Շարքի առաջին զինվորն ակամա ժպտաց։ Նա երջանիկ նայեց սպաներին, որովհետև առաջինն էր և դրա համար կարծես երախտապարտ էր նրանց։ Սպաներից մեկը նման էր կի¬նոդերասանի։ Նա ձեռքը դրեց գրպանը և հաճույքով ձգվեց։
Նրանք ի՞նչ են ներկայացնում իրենցից, որ չկատարեն հրամանատարության խոսքը։ Ոչինչ էլ չեն, հասարակ զինվորներ են: Եվ պետք է պատժվեն դրա համար: Բայց նա հիշեց, որ հենց ինքը այդ գործի կազմակերպիչներից մեկն էր։ Նա, վախեցած և ամոթահար, ձեռքերը հանեց գրպանից և սկսեց գետին նայել։ Եվ մտածեց, թե արդյո՞ք սպան նման է կինոդերասանի:
Երկրորդ և երրորդ զինվորները չէին կարողանում հավատալ, որ իրենք չեն մեռնելու։ Նրանք անընդհատ հաշվում էին` մեկ, երկու… Նա երկրորդն էր… Մեկ… Երկու… Երեք… Նա երրորդն է… Բայց երկուսն էլ, այնուամենայնիվ, չգիտես ինչու, նախանձում էին առաջինին։ Չնայած միևնույն է, և’ առաջինը, և’ երկրորդը, և’ երրորդը չէին գնդակահարվելու, բայց նախանձում էին առաջինին, նախանձում էին հենց այն պաաճաով, որ նա առաջինն է, բոլորից առաջինը։
Իսկ մնացած զինվորները սպասում էին, որովհետև նրանցից ոչ ոք չգիտեր, թե ո՞րն է իր համարը։ Սկսեցին բարձրա¬ձայն ասել իրենց թիվը: Ասում էին շատ դանդաղ։ Նույնիսկ առաջինը վախեցավ, երբ լսեց իր ձայնը.
– Առաջին,,,
Իններորդ զինվորը գունատվեց, որովհետև այդքան մոտ էր կանգնած տասներորդին։ Ինը և տասը թվերի միջև չնչին տարբերություն կա։ Այդ պատճառով էլ տասից ինչ-որ բան հասնում էր իննին։ Նա ստիպեց իրեն հաշվել մեկից մինչև տասը… Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը…
Ոչ, այնուամենայնիվ, մեկ թվի տարբերությունը քիչ չէ: Եթե տարբերություն չլիներ, ինը թվանշանը գոյություն չէր ունե¬նա։ Եվ նա ժպտաց իր գյուտի համար։
Դանդաղ լսվում էր զինվորների ձայնը.
– Տասնվեց…
– Տասնյոթ…
– Տասնութ…
– Տասնինը…
Տասնիններորդը ամաչում էր, որովհետև… խղճում էր քսաներորդին։ Որովհետև նամակ էր գրելու նրա ընտանիքին, մխիթարելու էր… Իսկ պատերազմից հետո այցելելու էր նրանց, որպեսզի հնարավորին չափ օգնի… Եվ այդ բոլորը՝ ուրախությունից… Նա ուրախ էր, որ ինքը քսաներորդը չէ, որ ինքը չի մեռնելու… Նա հասկացավ, թե մարդիկ ինչքան փոքր են դեռ, ինչքան վախկոտ են։ Նա կարծում էր, թե ինքը միշտ ազնիվ մարդ է եղել։ Հիմա, առաջին անգամ կյանքում, նա ճանաչեց, թե ով է ինքը։ Բայց ինչո՞ւ նա թույլ տվեց իրեն այդպես վատ մտածելու իր մասին։ Դարձյա’լ ուրախությունից…
– Ես չեմ ուզում մեռնել… – նորից լսվեց վախեցած ձայնը, և մարդիկ շարունակեցին դանդաղ հաշվել։
-Քսանվեց…
– Քսանյոթ…
– Քսանութ…
– Քսանինը…
Քսանիններորդը ժպտաց:
Նա իր ամբողջ կյանքում հավատացյալ էր եղել, միշտ աղոթել էր Աստծուն, երեխաներին ամեն կիրակի եկեղեցի էր տանում և ստիպում էր անգիր անել աղոթքները։ Երեխաներին սիրաշահելու համար նա քաղցրեղեն էր գնում։ Կինն ու ինքը առաջին անգամ հանդիպեցին միմյանց եկեղեցու մեջ և Քրիս-տոսի նկարի տակ ժպտացին իրար։ Իսկ մի օր ձեռք սեղմեցին և համբուրեցին միմյանց։ նրանց թվաց, թե Քրիստոսը տեսավ Ա ժպաաց իրենց։ Ահա թե ինչու, ինքը քսանիններորդը դուրս եկավ։ Նա հենց սկզբից վստահ էր դրան և այնքան անկեղծո¬րեն էր հավատում իրեն, որ ուրախությունից ուզեց գոռալ.
– Եղբայրներ, հավատացեք Աստծուն, նա ձեզ կարող է փրկել:
Բայց Աստծո արած բարիքը շատ չթվաց, որովհետև հիմա քչերն են հավատում նրան, հետևաբար` նա իրավունք ունի ավելին պահանջելու… Թող ողջ-առողջ վերադառնամ պատերազ¬մից… Վերադարձից հետո լավ գործ գտնեմ… Հարստանամ… Մեռնեմ խոր ծերության մեջ… Եվ ունենամ շատ-շատ սպիտակ սավաններ… Իսկ այդ բոլորի փոխարեն ես կհավատամ քեզ… Կաղոթեմ քեզ… Այ, ես հիմա խաչակնքում եմ… Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո… Հիշիր, հիշիր, որ հիմա քչերն են քեզ հավատում… Ամեն…
– Երեսունվեց…
– Երեսունյոթ…
– Երեսունութ…
– Երեսունինը…
Իսկ երեսունիններորդը անհարմար զգաց, որ ինքը մեկ թվով պակաս էր քառասունից: Քառասուներորդը նրա մոտիկ ընկերն էր, միասին էին սովորել, միասին էին կռվել, միասին էին տառապել։ Եվ հիմա էլ շարքի մեջ միասին էին, կողք-կողքի: Եթե նրանք ընկերներ չլինեին, շարքի մեջ էլ միասին չէին կանգնի, և գուցե իր ընկերը քառասուներորդը չէր լինի: Նա անհարմար զգաց իրենց ընկերությունից և այն բոլոր բա¬րիքները, որ արել էր նրա համար, այժմ իրեն թվում էր դի¬տավորյալ։ Նա ամաչում էր այն բոլոր լավությունների և հոգատարության համար, որ ինքը ցուցաբերել էր ընկերոջ նկատմամբ: Հանկարծ նա ուրախությունից ժպտաց։ Հետո հանգիստ շունչ քաշեց։ Նա գտել էր իր արդարացումը։ Ոչ ոք հիմա չէր կարող մեղադրել նրան։ Նա հիշել էր, որ մի անգամ վատու¬թյուն էր արել… Անազնիվ էր եղել ընկերոջ հանդեպ։ Մի անգամ, երբ գործազուրկ էին, նա իմացել էր, թե ինչ-որ տեղաշխատանք կար և ընկերոջը չէր ասել։ Միայն ինքն էր գնա¬ցել, բայց հետո զղջացել ու ամաչել էր արածից: Այդ հիշելիս մի պահ նա վախեցավ։ Նա դարձյալ լավ ընկեր էր դառնում։ Նա պարզապես դառնում էր մի մարդ, որ կյանքում մի անգամ սխալվել է։ Նա մեծ ճիգերով վանեց այդ միտքը իրենից և մտածեց, որ այդ բոլորը կարևոր չէր։ Կարևորն այն է, որ ինքը արել էր դա։ Այստեղ հավաքված մարդիկ եթե իմանային, կասեին, որ ինքը սրիկա է։ Նա դարձյալ հանգստացավ, ինքը վատ ընկեր է եղել, վատ մարդ է եղել։
Եվ մարդկային այս ահռելի թոհուբոհում դա ամենամեծ արդարացումը եղավ…
– Քառասունվեց…
– Քառասունյոթ…
– Քառասունութ…
– Քառասունինը…
Քառասունիններորդը կարծես չզարմացավ, որ ազատվել էր մահից։ Նա հենց սկզբից համոզված էր դրանում։ Որովհետև եղել էր ազնիվ մարդ, դրա համար էլ չպիտի մեռներ։
Բայց հանկարծ լսվեց սպայի ձայնը.
– Դադարեցնել… Թյուրիմացություն եղավ… Քառասունից էլի հաշվել…
Եվ պարզվեց, որ թյուրիմացության պատճառով, քառա¬սունինը հիսունն էր, իսկ հիսունը՝ հիսունմեկ…
Այդպես էլ պետք է լիներ։ Նա պետք է մեռներ։ Նա գիտեր դա հենց սկզբից։ Որովհետև եղել էր ազնիվ մարդ։ Դրա համար էլ պետք է մեռներ…
Իսկ նախկին հիսուներորդը՝ այժմ հիսունմեկերորդը, որ գրեթե չէր ճանաչում մյուսին, կարմրեց ամոթից, ու նրան թվաց, թե ամեն ինչում ինքն է մեղավոր: Նա կմկմաց.
– Ես… Ես մեղավոր չեմ…
Բայց դա շատ քիչ էր։ Դա նույնիսկ սուտ էր։ Եվ այդ րո¬պեին , իրոք, այդ ամենապարզ ճշմարտությունը թվում էր հանցանք, ծաղր հարևանի նկատմամբ։ Եվ նա էլի ինչ-որ բան կմկմաց։ Ու այս անգամ այն շատ անկեղծ ստացվեց.
– Գուցե… Գուցե ես էլ մեռնեմ… Պատերազմից քչերն են վերադառնում…
Եվ դա միակ ու ամենամեծ արդարացումը եղավ։
-Հիսունվեց…
– Հիսունյոթ…
– Հիսունութ…
– Հիսունինը…
– Ես չեմ ուզում մեռնել… Ինձ ստիպեցին… – լսվեց վաթսուներորդի ծանոթ, հիստերիկ ձայնը: Ոչ ոք չխղճաց նրան։
Միայն յոթանասուներորդին խղճացին: Եվ այն էլ միայն մի բանի համար. և՛ տասը, և՛ քսանը, և՛ երեսունը, բոլո՛րն էլ մինչև իրենց թվի հասնելը, հույս ունեին, որ իրենք չեն մեռնելու, որ իրենք չեն լինելու յուրաքանչյուր տասից մեկը։ Իսկ յոթանասուներորդը, այդ վերջին զինվորը վաղուց գիտեր դա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *