Խմբագրական

Granish.org — Նոր շնչով

Կայքի հիմնադիր և տեխնիկական պատասխանատու Կարեն Անտաշյանը ներկայացնում է ամբողջությամբ թարմացված Granish.org-ում կատարված փոփոխություններն ու նորամուծությունները։

• 3 րոպե

Granish.org — Նոր շնչով

Սիրելի ընթերցողներ և հեղինակներ,

Որպես granish.org կայքի երբեմնի հիմնադիր ու փաստացի տեխնիկական պատասխանատու՝ ուրախ եմ հայտնել մեր հարթակի լիարժեք տեխնիկական, վիզուալ և ֆունկցիոնալ վերազինման մասին։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա սա 2010 թվականից ի վեր Գրանիշի 4-րդ հիմնարար փոխակերպությունն է։ Այսպիսով ժամանակակից հայերեն գրականության ամենաընթերցվող վիրտուալ տարածքն անցնում է զարգացման նոր փուլ։

Ստորև ներկայացնում եմ այն առանցքային նորամուծությունները, որոնք կոչված են բարելավելու ձեր թվային ընթերցանության փորձառությունը․

Արագագործություն և հարմարվողականություն

Էականորեն բարելավվել է կայքի բեռնման արագությունն ու էջերի միջև նավարկումը: Կայքն այժմ անթերի հարմարվում է ցանկացած էկրանի՝ համակարգիչ, պլանշետ թե հեռախոս:

Մաքուր ընթերցանություն

Դիզայնն այժմ ամբողջությամբ ծառայում է տեքստին։ Ներդրել ենք նոր, ընթեռնելի տառատեսակներ և վիզուալ աղմուկը հասցրել նվազագույնի, որպեսզի ոչինչ չշեղի ձեզ բուն գրականությունից։

Խմբագրական բնաբան

Յուրաքանչյուր հրապարակման սկզբում ավելացվել է խմբագրի կողմից տեքստի էական շեշտադրումները հակիրճ ներկայացնելու հնարավորություն (ինչպես նկարագրողական, այնպես էլ գնահատողական), ինչն էլ ավելի է ընդգծում կայքի գեղագիտական և հայեցակարգային ինքնությունը։

Հեղինակների միասնական բազա

Ստեղծել ենք նոր «Հեղինակներ» դինամիկ էջը, որտեղ ներկայացված են կայքում հրապարակվող հայ և համաշխարհային գրողներն ու թարգմանիչները։ Ամեն հեղինակ ունի իր անհատական էջը՝ կենսագրությամբ, հրապարակումներով, թարգմանություններով ու իր մասին հիշատակումներով։ Բաժինն ահռելի է, ուստի ամբողջությամբ այն թարմացնելը որոշակի ժամանակ կպահանջվի, ինչի համար ձեր ներողամտությունն ենք հայցում։ (Հանուն հետաքրքրության՝ կարող եք ստուգել, թե որոնք են ամենաշատ հրապարակվուղ հեղինակները կամ տասնամյակներով հրապարակվող հեղինակների դիմանկարային փոխակերպույթունները ):

Ժանրային նավիգացիա

«Ժանրեր» էջից կարող եք միանգամից գտնել ձեզ հետաքրքրող տեքստերը։ Հատկանշական է, որ մեր հարթակում պոեզիան (1,439 նյութ) և պատմվածքները (1,435 նյութ) գրեթե հավասար քանակով են ներկայացված։

Գրանիշի մրցանակի արխիվ

«Գրանիշի մրցանակ» էջում հասանելի են մեր ամենամյա մրցույթի հաղթողների շորթլիստերն ըստ տարիների, որտեղից հեշտությամբ կարող եք ընթերցել տարվա լավագույն տեքստերը։

Հատուկ նախագծեր

Նորություն է առանձին «Նախագծեր» բաժինը, որտեղ համակարգված հավաքված են մեր ընթացիկ և ավարտված գրական նախաձեռնությունները, ինչպես նաև մեր գործընկերների գրական մեդիանախագծերը, որոնք նպաստում են հայ գրականության, գրողների ու գրական երկխոսության հանրահռչակմանը։

Գրախոսականների վերարժևորում

Առանձնահատուկ տեղ ենք հատկացրել գրախոսականներին։ Մեր օրերում ամենամեծ խնդիրը գրական դիսկուրսի պակասն է. գրքերը գրվում են, տպվում, երբեմն անգամ լավ վաճառվում են, բայց արդյո՞ք պատշաճ կարդացվում և քննարկվում են, արդյո՞ք դրանք դառնում են հանրային ինտելեկտուալ հարստություն։ Առաջին էջում ներկայացված այս նոր գեղեցիկ բաժինը հենց այդ բացը լրացնելու համար է։

Տեխնիկական և ինտերակտիվ նորամուծություններ

Էջանիշեր

Յուրաքանչյուր տեքստ այլևս մեկ հպումով կարելի է նշել և պահել «Ընթերցարան» բաժնում՝ հետագայում անշտապ վերադառնալու համար։

Ընթերցանության տևողություն

Տեքստերի սկզբում՝ ամսաթվի կողքին, այժմ նշվում է ընթերցման մոտավոր ժամանակը։

Մեջբերումների պաստառներ սոցիալական ցանցերի համար

 Նշեք ձեր սիրելի հատվածը տեքստից, անմիջապես վերածեք այն մինիմալիստական պաստառի (թղթային կամ սև) և մեկ հպումով կիսվեք Facebook-ի կամ Instagram-ի ձեր Story-ում։ (Կարող եք փորձարկել հենց այս տեքստի վրա!):

Շարունակեք կարդալ ու տարածել լավ գրականությունը, մենք էլ կշարունակենք Գրանիշն էլ ավելի հարմարավետ դարձնել ձեզ համար։ Նոր կայքը ակտիվ փորձարկման փուլում է, այնպես որ եթե նկատեք որևէ անհարմարություն կամ տեխնիկական վրիպակ, խնդրում եմ գրել մեկնաբանություններում կամ անձնական նամակով:

Թողնել մեկնաբանություն