Պոեզիա

«Սպասում» կամ «Կնոջ մենախոսություն»

Ահա ինչպես, ես շուտ հասա, Թերևս պետք էր ուշանալ, Մի կողմ կանգնել, հանգստանալ, Ինչ արած, չդիմացա։ Վազում էի ասես քննության, Օրերն հաշվում ուրբաթից, Կանչել էր ախր ժամադրության․․․ Այն էլ ո՞ւր, տակը ժամացույցի՝ Ահա, էստեղ եմ, ո՞ւր է նա։

Թարգմանիչ՝ Նորայր Մանվելյան

• 7 րոպե

«Սպասում» կամ «Կնոջ մենախոսություն»

Ահա ինչպես, ես շուտ հասա,
Թերևս պետք էր ուշանալ,
Մի կողմ կանգնել, հանգստանալ,
Ինչ արած, չդիմացա։
Վազում էի ասես քննության,
Օրերն հաշվում ուրբաթից,
Կանչել էր ախր ժամադրության․․․
Այն էլ ո՞ւր, տակը ժամացույցի՝
Ահա, էստեղ եմ, ո՞ւր է նա։
Ինչքան անկապ լարվեցի։
Էլ ո՞նց, չէ՞ որ էսքան տարի
Չէի՛ եղել ժամադրության․
Այդ դրվագին չանդրադառնանք,
Լավ, ուրա՞խ եմ, թե՞ տխուր։
Կհասկանամ տեղում,
Միայն թե պետք էր,
Պե՛տք էր ուշանալ։
Մազերդ էսպես սարքեցիր, հիմա՛ր,
Նոր վերարկուդ խցկվեցիր մի կերպ,
Դեռահասի նման՝ շանթահար
Վազեվազ հասար․․․ Ե՞վ։

Ժամանակակից կին, ժամանակակից կին,
Մեկ՝ մտազբաղ ու թախծոտ, մեկ՝ պայծառ, ցնծագին։
Ցուցանել թուլությունն իր, հանդգնել նրանից առավել՝
Տղամարդիկ ի զուր են փորձում, ապարդյուն են ջանքերը ձեր։

Ժամանակակից կին, ժամանակակից կին,
Հոգսերով պարուրված և միշտ աստվածային։
Իր ուժով չպարծեցող, թեպետ իր վրա
Կան հոգսեր և՛ տնային, և՛ գործնական։
Կյանքում ամեն ինչ տեսած, ամեն փորձանք անցած,
Գաղտնիք է մնում կինը ժամանակակից։

Իմ Ռոմեոն
Դեռ չի երևում։
Դե ինչ, սպասենք,
Ես ժամանակակից եմ․․․
Մեկ-մեկ թախիծն է պատում,
Չէ՞ որ, ասում են, պիտի
Նազելի մի քիչ լինես,
Բայց և պատվով, առաքինի։
Ամեն ինչ պիտի հասցնես․
Անհոգ թվալ ու
Ծաղիկ գնել հենց քեզ
Աշխատանքից դառնալիս տուն,
Ինքդ քո լվացքն անել,
Ընթրիք սարքել քեզ համար,
Ու տուն-տեղը հավաքել
Ուժ-եռանդով անպիտան,
Զանգել ընկերուհուդ՝
Ամուսնացած, երջանիկ,
Վարկ վայելել իմաստնուհու,
Լինել համբերող ու մեղմիկ,
Երկար-բարակ խոսքեր լսել
Եվ կրկնել անկռիվ․
«Բա ոնց, դու ճիշտ ես,
Ամուսի՞ն՝ քայլող խնդիր․․․»
Լսափողը կախել՝
Հանդարտ, դանդաղկոտ,
Ատամները սեղմել ու ապրել՝
անպայման, անխոչընդո՛տ։
Ու միայնակ մաշվել-հյուծվել
Ինչ-որ լքված բույսի նման,
Ու ապա կրկին սպասել
Փուչ ծնունդիդ հերթական,
Ու նայել երեսիդ հայելուց,
Տեսնել բոլոր կնճիռներդ,
Մեղքդ գալ անթաքույց,
Բայց ավելի հաճախ՝ ատելդ։
Բախտի հետ պահմտոցի խաղալ,
Շալակել մորմոք-կսկիծդ,
Գիշերներով անպայման լալ․․․
Առավոտյան՝ անել անելիքդ։
Ինստիտուտ ներկայանալ
Ու զայրանալ անտեղի,
Տեսե՛ք, ահա՛ նրանք՝
Տղամարդիկ մայթեզրին։
Մեկը մեկից հատընտիր,
Գոռոզությամբ պատվարժան,
Ուժե՛ղ կոչվող սեռի
Կերպարներ ինքնահավան։
Ինչ անտարբեր եք դուք,
Եվ ինչքան եք զազրելի,
Դուք՝ առյուծներ փափկասուն,
Սին տիպարներ վագրերի,
Մարդակերպ հանդերձներով
Դուք ծերացող մարմիններ․
Ո՞ւր մնացիր, ես՝ քո,
Եվ իրոք, մնացիր որտե՞ղ։

Աշխարհի փորձանքի ձայնը դրոշի պես պարզած՝
Շտապ օգնության մեքենան սլանում է, սուրում,
Աստվա՛ծ, միայն թե քեզ բան չլինի՛ պատահած,
Փողոցն իսկույն շրջվեց ու քարացավ իսկույն։

Սիրտը հուշ խլացնող բութ հառաչով է լեցուն․
«Մենակ թե հասցնեմ, հասցնեմ, հասցնե՛մ»։
Մատը կրկին հեռախոսի սկավառակն է գտնում,
Շտապ օգնությունը խզում պողոտան անձեն։

Աշխարհը նայում է չորս կողմը, սիրուց խնդրում փրկություն։
Եվ ցայսօր էլ բժիշների գունդն իսկ անզոր է՝
Ընտանիքները քանդվում են՝ ամուր ու կայուն,
Եվ երգի փոխարեն շտապի մեքենան արյուն է ցայտում։

Քաղաքի վրայով նորից է անցնում գուժաձայնը,
Ա՛յ քեզ բան, անկախ ամենից, այս պահին
Տրվում ես մեղմ խոսքի հնամենի զորությանը,
Շտապ օգնությանը՝ քեզ մեկնված ձեռքի։

Դե արի, սիրելի՛ս, արի՛։
Միայնակ ինձ լինել արգելի՛ր։
Հետևիցդ ինձ տար, ուղղորդիր։
Արի, միայն թե արի՛։
Սլաքներն անտեր արագացրի,
Ինձնից բան չհորինելով,
Քեզ վաղուց արդեն ներեցի՝
Իշխանիս ամենակարող։
Երազանքս պարզ է, հստակ,
Ցանկանում եմ ի խորոց սրտի,
Խաչ բարձրանալ
Քո զգուշավոր և ուժեղ ձեռքերին։
Որ շոգենք միասին, իսկ հետո՝
Շոգը կրկնա-եռապատկվի։
Ու քթովս ուսը խրվեմ քո,
Ու զարթնեմ ապա քո ուսին։

Տե՛ս, քեզ հասցրի անվանել «սիրելիս»։
Ավելի լավ է դանդաղ։ Պետք չէր սկզբից։
Ավելի լավ է՝ հետո, ժամանակ անց։ Սիրելիս, լսիր,
Ավելի լավ է, չէ՞։ Որտեղի՞ց գտնեմ այդ լավն ավելի։

Օ՜, միայն իմանայիր՝ ինչ խորթ, անհեթեթ է
Ինքդ քո մասին թերթում գրել հայտարարություն․
«Շիկահեր, ահագին վայելուչ, բարետես, միջին հասակի»,
Հետաքրքրություններից՝ տան խնամք, բնություն,
Ունի մասնագիտություն․․․ ընկեր է փնտրում վստահելի․․․»
Օ՜, միայն իմանայիր՝ այս ամենն ինչ ծանր է, ի՛նչ նողկալի։

Մեկ-մեկ մթության մեջ մտորում եմ հանգիստ՝
Կանցնի մենությունն այս, հաջորդը ապա կայցելի։
Պահը կգա և պղնձե տերևները պտույտ կտան,
Ու կթակի պատուհանս մենությունը մահվան։
Չէ, չեմ վախում, ես գիտեմ՝ ժամանակը դաժան է։
Ամեն բան հասկանում և ընդունում եմ, միայն թե․․․
Մենությանը չեմ ցանկանում հանձնվել։
Ուզում եմ, որ մեկն ինձ սիրի, ցանկություն՝ կենդանի լինելու,
Ուրիշներին եմ ծաղրում, այո, ուրախանում նոր օրվա լույսին,
Ապուշ բաներ անում ու չեմ փոշմանում դրանց մասին։
Շնչում եմ, հույս եմ տածում։ Աստվա՛ծ իմ, ցավում է ինչքան։
Հե՛ս եմ ես՝ մերկ, քո դիմաց։
Ասա ինձ խոսքեր, խնդրում եմ, ուժ չի՛ մնացել։
Ասա ինձ խոսքեր ցանկացած, որոնք որ կուզես։
Միայն թե ոչ լռություն, սիրելիս, միայն թե ոչ լուռ։
Խոսքեր ասա ինձ․․․ Առանց դրա ժպիտս ո՞ւմ շունն է։
Ասա, որ լավ է ինձ հետ, ու որ ինձ հավանում ես։
Ասա, որ սիրում ես ինձ, դե ձևացրո՛ւ մի պահ։
Ստիր, որ չես մոռանա՝ կհավատամ։

Իսկ եթե ուղղակի թքեմ ու գնամ,
Ու թող խիղճը նրա տանջվի։
Լավ հումոր էր, ջա՛նս, ահա,
Բան ես գտել՝ կատակ, խնդալիք։
Կմնամ որպես կամքիս փորձություն։
Մի քիչ էլ սպասենք, ոտքը կախ գցենք։
Չէ՞ որ կինն սպասել սովորել է վաղուց։
Էդ մեկը անել հաստա՛տ որ գիտենք։

Թռչունները կթաքնվեն ձյունից,
Խույս կտան սպիտակից նրա։
Միայնակ չեն ծնվում մարդիկ,
Միայնակ դառնում են ապա։
Քշվում է քամին ձմեռվա,
Իսկ հետո դառնում է այն հետ,
Ախ ինչո՞ւ, մենությո՛ւն, ասա,
Ինչո՞ւ չես տալիս հրաժեշտ։
Թեկուզ և ցրտել եմ, տխրել,
Ինչին պետք է՝ կդիմանամ․․․
Մենություն՝ դժվարին արհեստ
Խենթանալու աստիճան։
Անապատ է գիշերը արցունքով հորդացող,
Անարձագանք իր լռությամբ։
Մենություն՝ իմ պատիժ անողոք,
Ո՞ր մեղքիս համար ինձ բաժին հասար։
Կսկիծ թողնելով՝ գիշերը կանցնի։
Օրը կսկսի իր պտույտը կրկին։
Միայնակ չեն ծնվում,
Հետո են սերտում մենությունը մարդիկ։

Դե արի, սիրելի՛ս, արի՛։
Միայնակ ինձ լինել արգելի՛ր։
Հետևիցդ ինձ տար, ուղղորդիր։
Արի, միայն թե արի՛։

Առ գի՛րկդ, խեղդիր։
Լինի օրն ուրախ թե դժբախտ։
Թե ուզես՝ ամուսնացիր։
Չուզես էլ՝ ձեռքս կտամ։

Ինչ էլ բառ է․․․Ամուսին․․․մեղրածոր։
Միայն թե գա։ Մնացածը՝ հետո։
Թող գրպանը լի չլինի, ոչի՛նչ։
Կօգնենք, տեսքի կբերենք մի քիչ։

Միայն թե տունս, իմ տունը անտեր
Դատա՛րկ չլինի։
Թող որ գա՝ հսկա ու թիկնեղ։
Թող ծխո՛ղ լինի։
Թող վիճի, թե ուզում է էդպես,
Թող խռմփացնի։
Էնքան խաղաղ է, երբ
Քնած է մեկը կողքիդ։
Լավ կլիներ՝ շատ չխմեր
Ու սիրեր։
Մի պստլիկ գոնե,
Չնայած՝ ուղղակի լիներ․․․
Առանց նրա
Կյանք չունեմ ես։
Ի՞նչ եղավ, է՜, ի՞նչ եղավ,
Ինձ ի՞նչ պատահեց։

Գրողը քեզ տանի, չգա՛ս։
Քո մասին հուշն իսկ տհա՛ճ է։
Կորե՛ս, սատկե՛ս, անհետանա՛ս։
Էս ի՞նչ է։ Դեմքս լալահառա՛չ է։
Չեմ ցանկանում ես սեղանից
Հավաքել փշրանքներ,
Թե ուզես խաբել նորից
Գտիր քեզ այլ հիմարներ։
Սրան տեսեք, ի՞նչ էտալոն,
Քարի՛ն անունդ գրեմ,
Չէ մի չէ՝ Ալեն Դելոն,
Բայց մսյո չէ՝ ապեր։
Ընդամենը կնամո՛լ,
Վախկո՛տ, համոզվեցի՛ արդեն,
Փաստորեն կարծում էր, որ
Ազատությունիցս կզրկե։
Իբր կպել ա սիրտն աղջկա։
Հը՞, չկպա՞վ, լսի՛ր, Շտիրլից․
Քո պեսին ես չէի ցույց տա
Սիրտս տասնվեցերորդ հարկից։
Քո պեսին կգտնեմ հենց վաղը։
Չզանգես, չեմ մոտենա։
Ամեն գիշեր քեզնից՝ տասը հատ։
Գրես՝ կփոշոտի, կմնա․․․

Ինչպե՞ս առանց քեզ, ինչպե՞ս,
Թան էիր իբր թե փորձած,
Ի՞նչ եմ առանց քեզ ես՝
Հող ոչ մեկին չհանձնած․․․
Զգում եմ հառաչ ու մորմոք․․․
Քո հետևից կգայի ես,
Կքայլեի փակ աչքերով,
Լուռ՝ արտասուքի պես։
Առանց քեզ ինչպե՞ս
Երկնքում դառնամ թռչուն,
Մթին գիշերվա մեջ սավառնեմ,
Թևերս է՛լ նույնը չեն բախում։
Խմում եմ թախիծս հոռի,
Անիծում չար բախտս,
Տեսնում նրա լույսը հեռվի․
Էստե՞ղ ես, թե ոչ, ջա՛նս։
Պատեպատ է խփվում ճիչս։
Օտար ականջից անտես,
Գանգիս հարվածում կսկիծս․․․
Ինչպե՞ս առանց քեզ, ինչպե՞ս․․․

Կին կդառնամ հավատարիմ՝
Իմ կողմ նայիր ուշադիր,
Կին կլինեմ հավատարիմ։
Մեր բախտի, օջախի վրա
Ժպտադեմ արև դառնամ՝
Մեր բախտի, օջախի վրա։
Թե կուզես՝ քույր կլինեմ,
Փորձանքից քեզ կպահեմ,
Թե կուզես՝ քույր կլինեմ։
Թե ասես՝ նաև աղախինդ,
Միայն եթե լինեմ սիրելի,
Ապա՝ նաև աղախինդ․․․

«Ի կատա՛ր ածվիր, հրա՛շք», ո՞վ է կարող ասել՝
Սահմռկելով սեփական ճիչից․
Կարծես, ամբողջ կյանքում եմ սպասել։
Կարծես, սպասել եմ ծնվելուս պահից։
Ես կսպասեմ մինչև վերջի ավարտը,
Ես կսպասեմ մահից էլ անդին։
Իմ մեջ բախում է սրտի զարկը՝
Կյանք-սպասումի իմ քույրերի։
Միլիոնավոր անծանոթ քույրեր այս պահին՝
Անխոս, մարդու խոստովանանք չտալով,
Սպասում են խարույկ ելնելու րոպեին՝
Խարույկը՝ սիրո իսկական, որ վառվեն ժպտալով։
Այս պահին քույրերս բարձունքից իրենց՝
Անմահությանն են պարզել բաց ձեռքերը նուրբ։
Թող որ երբեք սիրելիին պատերազմից չսպասեք,
Անիծվի թող հուսո, տանջանքի ժամացույցը։
Այս դյուրավառ, մոռացված լռության աշխարհում,
Ուր անքուն ժամանակն անհաշվետու է ճախրում,
Թող երբեք սիրելիին առիթ չլինի անտեղի՛ սպասելու։
Պղնձի կողքին արքաների՝ գիրացած ստով ու արյամբ,
Պղնձի կողքին հերոսների՝ մահվան ճիրանը ցատկած անորոշ։
Պիտի խոյանա սիրույն սպասող կնոջ հուշարձանը,
Երջանկության սպասումով՝ վեհ հուշարձանը կնոջ։
Կրկին գալիս է ցրտով ու բուքով գալարվող ձմեռը,
Կրկին, բացվում մութ երկինքը՝ աստղին, փաթիլին։
Ես կսպասեմ, կտեսնեմ իմ՝ երջանիկ լինելը,
Եվ ուզում եմ՝ հրաշքին հավատանք միասին։

Դե արի՛, սիրելի՛ս, արի՛․․․

1982թ․

Թարգմանությունը ռուսեներից՝ Նորայր Մանվելյանի

Խմբագրումը՝ Հուսիկ Արայի

Թողնել մեկնաբանություն