Պատմվածք

Կաղնի տակառը

Ամռան վերջին գինին արդեն սպառվում էր՝ իր տեղը զիջելով նոր բերքին։ Պապը բաց էր թողնում տակառը, որ օդափոխվի. տարվա ընթացքում ներսում կուտակված ածխաթթու գազը մահացու էր մարդու համար։

• 10 րոպե

Կաղնի տակառը

Ամռան վերջին գինին արդեն սպառվում էր՝ իր տեղը զիջելով նոր բերքին։ Պապը բաց էր թողնում տակառը, որ օդափոխվի. տարվա ընթացքում ներսում կուտակված ածխաթթու գազը մահացու էր մարդու համար։ Հետո նա մեծ կաթնամանի մեջ էր հավաքում հատակի արբեցնող նստվածքը՝ ռաքիա թորելու համար։ Լվանում էր տակառի պատերը, թողնում, որ այն հանգստանա ու պատրաստվի նոր բերքի գինին ընդունելուն։ Պապի թորած ռաքիան ջինջ էր՝ կրկնակի թորման մի կրակե արցունք։ Երբ այն շշերի մեջ էին լցնում, հոսում էր տոթակեզ միրաժի անգույն, ծորուն լավայի պես՝ աղավաղելով առարկաները, և մատռվակի շունչը կտրվում էր։ Խմիչքի ուժն ու թնդությունը ստուգում էին այսպես. կրակ էին մոտեցնում սեղանին դրված պնակի մեջ լցված փոքրիկ լճակին։ Կապույտ բոցի կարճատև բռնկում, թեթև, հազիվ լսելի ճայթյուն, և հայտնվում էր գրեթե անստվեր, շարժուն մի էներգիա, որը պատրաստ էր մերձերկրյա ուղեծիր հանել ոչ միայն մարդուն, այլև ողջ տիեզերանավը։ Թվում էր՝ եթե կաթիլներն ընկնեն մաշկի վրա, այդ տեղում իսկույն այրվածք կառաջանա։ Հազիվ նշմարելի կրակը քիչ էր մնում հանգչեր, բայց ոչ՝ այն շարունակում էր թրթռալ՝ կենսահյութ քաշելով այն հզոր աստիճաններից, որոնք իրենց մեջ ամբարել էին խաղողահատիկների խմորման ողջ ուժը։ Աստիճանաբար ամեն ինչ խաղաղվում էր, և ահա՝ վերջին բոցկլտումը։ Չոր ամանը պահպանում էր կարճատև ջերմությունը՝ տաքացնելով մատները։ Պապը գլխով էր անում՝ հաստատելով, որ փորձարկումը հաջող է անցել։ Առջևում նոր ու մեծ աշխատանք կար։ Ընդառաջ աշնանն ու խաղողի նոր բերքին՝ պապն իջնում էր նկուղ ու նախապատրաստում տակառները. կարգի էր բերում տանիքը, նորոգում աստիճանները, ստուգում դարակների ամրությունը։ Նա արթնանում էր լուսադեմին։ Աշխատում էր արևին համընթաց, առանց ծխելու դադարների՝ ի հաճույք իրեն և ի բարօրություն ամենքի, բարձր տրամադրությամբ, հասցնում էր անել շատ բան, բայց՝ առանց ավելորդ շտապողականության։ Եթե հոգնում էր, նստում էր հանգստանալու։ Տախտակների կտորտանքը վառարան չէր նետում. տնտեսության տարբեր անկյուններում կարելի էր տեսնել նրա ձեռքով պատրաստված ամուր ու տարբեր չափերի նստարաններ: Դրանք և՛ հարմարավետ էին, և՛ գործնական։ Շոգն ընկնելուն պես պապը գնում էր նախաճաշելու և հանգստանում էր մինչև երեկո։ Կողքից նայողին այս ողջ աշխատանքը հնամենի մի ծես էր հիշեցնում, որտեղ տարվա եղանակների հերթափոխն ու մարդու կյանքը միաձուլվում էին լիակատար ներդաշնակությամբ։ Այդպես էլ խաղողի ողկույզն է հյուսվում հատիկների առանձին ակնթարթներից, որոնք ամռան ընթացքում շաղկապվել են փնջերի՝ վազի ընդհանուր ակունքով. և հենց սա՛ է կյանքի անիվի հավերժական շարժման գրավականը։ Պապը սափրվում էր միայն շաբաթ օրերը. երբ կիրակին արդեն մոտ էր, նա ձեռքով շփում էր ճերմակած, փշոտ կզակը, և արթնացող թույլ շրշյունը հիշեցնում էր գյուղեզրի գետնակի ափին աճող եղեգների անդորր փսփսոցը։ Կողքին սպիտակ փոշով պատված ջրաղացն էր, որտեղ շրջակա գյուղերից հացահատիկ էին բերում աղալու։ Ջրաղացի մոտ մի փոքրիկ լճակ կար, որի խորքում լողում էին մուգ մեջքերով խորհրդավոր ձկները։ Իսկ գետից այն կողմ տարածվում էր հարթ տափաստանը՝ հասնելով մինչև անծայրածիր ծովը, որն ափամերձ ծանծաղուտում չոր խոտի գույն ուներ, իսկ հեռվում՝ փիրուզագույն էր։ Քրտինքից ու բազմաթիվ լվացքներից գրեթե մաշված հին շապկի օձիքը բաց էր. բացվածքում, ալեհեր գանգուրների թավուտի մեջ, երևում էր թելից կախված փայտե խաչը։ Երբ պապը ձեռքերով ինչ-որ գործ էր անում, խաչը կարծես կենդանանում էր։ Պապն իր մեջ միավորում էր Քրիստոսի արյունը, աստվածաշնչյան իմաստնությունն ու երկրի վրա իր սեփական արարման խորհուրդը՝ ասես երեք մատով խաչակնքմամբ օրհնելով անցյալը, ներկան ու ապագան։ Ցերեկը նկուղի դռները բացում էին, և ծովի կողմից փչող թեթևասահ հովը բակ էր բերում հնեցված փայտի ու խաղողի որթի թուրմի կենսատու բուրմունքը։ Տակառը մեծ էր ու առանձնահատուկ խնամք էր պահանջում, որովհետև հենց լավ տակառն է, որ խաղողի հյութը վերածում է գինու՝ թույլ չտալով, որ այն դառնա կծու քացախ։ «Սկզբում տակառի տախտակները պահում էին ցրտին, արևի տակ, ձյան ու անձրևի տակ, հետո՝ թրծում. այդպես կաղնու բույրը պահպանվում է, իսկ գինին՝ չի փչանում։ Օղակապերով այնպես էին ձգում, որ ոչ մի թեթև ճեղք չմնար, բայց փայտե տախտակները գինուն հնարավորություն տային շնչելու, ապրելու և ուժ հավաքելու։ Հոր փորեցին, տակառն իջեցրին մեջն ու վրան տանիք կառուցեցին։ Այսպիսի տակառ ամբողջ գյուղում միայն մեկն է»։ Երբ պատմում էր՝ մի քանի բառով հիշելով այս պատմությունը, աչքերը լցվում էին. ասես զրուցակցին ծանոթացնում էր մի շատ հարազատ էակի հետ, որն այդքան հոգեպես կարևոր ու թանկ էր մեծ ընտանիքի կյանքում։ Տակառի մեջ շատ գինի էր տեղավորվում, և այն զբաղեցնում էր նկուղի գրեթե ողջ տարածքը։ Կողքին մի փոքրիկ սանդուղք կար։ Միայն մուտքի մոտ՝ աստիճաններից ձախ ու աջ, դարակներն էին, որոնց վրա խիտ շարված էին տատիկի ձմեռային պաշարները՝ բանջարեղենի պահածոները, շոգեխաշած միսը, մուրաբաներն ու մեղրը. իսկ ամռանը նկուղի զովության մեջ պահվում էին կաթը, թթվասերը, սերուցքը, բրինզա պանիրն ու կարագը։ Աշխատանքի ժամանակ պապին փորձում էին չանհանգստացնել։ Առաջին անգամ ես՝ քաղաքի կյանքին սովոր տղաս, մի կողմ քաշված, երկար նայում էի, թե ինչպես է նա աշխատում։ Պապը չէր շտապում, բայց գործն առաջ էր գնում։ Ինձ թվում էր, թե նա ցածրաձայն ինչ-որ մեկի հետ է խոսում, և ես, ժամանակի ընթացքը չնկատելով, շունչս պահած լսում էի՝ այդ արարողությամբ, հանդարտ խոսքերի կախարդանքով ու գաղտնիքով հմայված, ջանալով ոչ մի շարժումով չխանգարել նրան։ — Եթե անելու բան չկա, պետք է աշխատել, — ասում էր պապը։ Դա նրա սիրելի խոսքն էր, որ հաճախ էր կրկնում։ — Դե, ուրեմն դու ամբողջ կյանքդ անելու բան չես ունեցել, — ծիծաղում էի ես։ Նա ակնոցի ապակիների հետևից իր գորշ աչքերով ուշադիր նայում էր ինձ և թեթևակի ժպտում խիտ բեղերի տակից։ Ավելի ուշ ես նման բեղեր տեսա բուլղարացի տիեզերագնաց Գեորգի Իվանովի դեմքին։ Պապին տիեզերքի հետ կապում էին ոչ միայն բեղերը: Ես վստահ էի, որ պապը գիտի, թե ինչի մասին եմ մտածում և ինչ եմ ուզում հարցնել, ու ինքս էլ համոզված էի, որ ոչ մի բառ պետք չէ։ Այդ լռության հրաշալի հյուսվածքը հարազատացնում էր մեզ՝ ներշնչելով հարգանք ու թեթև հուզմունք։ Այն ենթադրում էր ամենակարևոր բառերի նվազագույնը, որպեսզի դրանց վրա ժամանակ չվատնենք, չշեղվենք։ Ու չստենք։ Նկուղի՝ կարմիր կղմինդրով պատված տանիքի բարձրացած ծածկը երևում էր խոհանոցի պատուհանից. այն տնից մի փոքր հեռու էր՝ նրբանցքին ավելի մոտ, և փակվում էր մեծ կողպեքով։ Այդտեղից սկսած՝ մինչև հողամասի վերջը, շարքերով աճում էր խաղողի այգին։ Պապն աչքի լույսի պես էր պահում այն, որպեսզի հավերը՝ այդ հիմար թռչունները, ցանցի տակից անցք փորելով ներս չսպրդեին ու չկտահարեին հատիկները։ Տատիկը պատմում էր, որ մի անգամ պապը փայտով սատկացրել էր երկու փոփոլավոր հավի, և այդ ժամանակվանից ի վեր տնեցիներն աչալուրջ հետևում էին, որ մյուս թռչուններն էլ կյանքից չզրկվեին նույնքան անսպասելի ու ողբերգականորեն։ Գինու համար պիտանի էին միայն որթատունկից քաղված ողկույզները, իսկ գետնին ընկածներն այլ կերպ էին օգտագործվում։ Ողկույզները խնամքով տեսակավորում էին, որպեսզի դրանց մեջ չլինեին չհասած, բորբոսնած կամ փչացած հատիկներ։ Հատապտուղները տրորում էին։ Տաքության մեջ հյութն սկսում էր խմորվել ու ծածկվում էր վարդագույն փրփուրի գլխարկով. պղպջակները պայթում էին, «կրակում», և ապագա գինին հազիվ լսելի շշուկով փրփրում էր ու տենչում ազատության մեջ ժայթքել։ Սկսվում էր գյուղացու համար երկարատև, բազմաչարչար ու արդեն սովորական դարձած մի հոգս. այնպես անել, որ գինին լինի համեղ, չափավոր քաղցր ու թունդ, ջինջ ու գեղեցիկ, իսկ նրանք, ովքեր կհամտեսեն այն, վայրկյան անգամ չկասկածեն, որ սա աստվածային պարգև է, այլ ոչ թե մարդու ձեռքի սովորական գործ։ Եվ ամեն անգամ նորից էր սկսվում հասունացման այդ խորհրդավորությունը։ Համբերատարությունն ավելացնում էր խմիչքի աստիճանները, և հյութը կամաց-կամաց վերածվում էր թունդ գինու։ Պապն այսպես էր բացատրում իր սերը կարմիր գինու հանդեպ. «Սպիտակ գինի ես խմում՝ սպիտակ ես միզում։ Կարմիր գինի ես խմում՝ էլի սպիտակ ես միզում։ Դրա համար էլ պետք է կարմի՛ր խմել, որ գոնե մի բան մնա օրգանիզմում»։ Փողոցի կողմից ամուր ցանկապատ էր շարված՝ ակացիայի փշոտ ճյուղերի մի հսկա կույտ, անանցանելի մի հողմաբեկ անտառուտ, և այդ կողմից նկուղին մոտենալն անհնար էր։ Հենց այսպիսին էի ես պատկերացնում Ամերիկայի առաջին բնակիչների ֆակտորիայի սահմանը, երբ կլանված արկածային վեպերը էի կարդում։ Բանալիները տատիկը պահում էր գոգնոցի գրպանում։ Ավելի մեծ հուսալիության համար և որպեսզի դրանք հանկարծ ցած չընկնեին, գրպանի բերանը միշտ ամրացնում էր մեծ գնդասեղանով։ Գիշերը գոգնոցը խնամքով դրվում էր մահճակալի կողքին՝ աթոռին։ Ես քնում էի մեծ սենյակում և լսում, թե ինչպես է կողքի սենյակում տատիկը հոգոց հանում, աղոթում, իսկ քնելուց առաջ ստուգում՝ արդյոք բանալիները տեղո՞ւմ են։ Դրանք կամացուկ զնգում էին, ու տատիկն էլի ինչ-որ բան էր մրթմրթում. երևի հաշիվ էր տալիս նրան, ով առանց այդ էլ ամեն ինչ գիտի՝ իրեն վստահված «թագավորության» և օրվա ընթացքում կատարված աշխատանքի մասին, որը կանանց մոտ միշտ ավելի շատ է, քան տղամարդկանց։ Նկուղի ռազմավարական կարևորության բոլոր նշաններն ակնհայտ էին։ Ճանապարհը սահուն բարձրանում էր վեր, և եթե փոշոտ նրբանցքով առաջ գնայիր՝ պապի հողամասի երկայնքով, կհայտնվեիր խնձորենիների մի գեղեցիկ այգում, որից այն կողմ հինավուրց գերեզմանատունն էր՝ թաքնված ծառերի հետևում։ Այգու միջով անցնելուց երեխաները վախենում էին. իսկույն հայտնվում էր պահակը՝ իր երկանիվ սայլակով, որին գյուղում «բեդարկա» էին անվանում, և ծոցում խնձորներ թաքցրած՝ նրանից փախչելն անհնար էր։ Պապի ընտանիքը մեծ էր՝ վեց զավակ, արդեն հասունացած ավագ թոռներ։ Առանձնահատուկ խնամք ու ուշադրություն էր պահանջում ծոռների առաջին՝ աշխույժ ու աղմկոտ սերունդը, երբ բոլորը հավաքվում էին ընդհանուր սեղանի շուրջ։ Կանայք մեծ հմտությամբ ու վարպետությամբ մելինա էին պատրաստում. կաթնաշոռով պատված բարակ խմորը ծալք-ծալք դարսում էին, առատորեն պատում թթվասերով, ապա թխում արևածաղկի չոր ցողուններով վառված վառարանում՝ առանց բռնակի մեծ թուջե թավաների մեջ։ Տանը դեռ երկար ժամանակ չէր ցնդում տոթակեզ ամռան, բոված արևածաղկի, տնական օջախի և այդ համեղ ու կշտացնող ուտեստի յուրահատուկ բուրմունքը։ Խմում էին կարմիր գինին, ծիծաղում, ցնծում դրա կայտառ թնդությամբ ու տոնում մարդկության անմահությունը՝ թեև խորապես գիտակցում էին ամեն մի մահկանացուի երկրային ուղու վաղանցիկությունը։ — Աշխարհի բոլոր երգերը կարմիր գինու մասին են, — կատակում էր պապը, — ու դրանցում երգվում է. «Սպիտա՛կ գինի, սպիտա՛կ գինի, ինչո՞ւ դու մինչև հիմա կարմիր չես»։ Հեշտությամբ էին գինովնում, ուտում ու կատակում. «Ի՛նչ մելինա՝ առանց գինու»։ Տղամարդիկ գլխով էին անում, բայց գինին «կոմպոտ» անվանելով՝ առաջին իսկ կենացից հետո նախընտրում էին կուլ տալ ամենաթունդ ռաքիայի կրակե դաշույնները։ Կաղնու տակառը հավատարմորեն էր ծառայում, այն, կարծես, առանցքն էր, որ սեղանի շուրջ համախմբում էր ընտանիքն ու հյուրերին՝ բերելով բերկրանք և մի փոքր եկամուտ՝ որպես պարգև կատարած աշխատանքի դիմաց։ Երեխաները մեծանում էին, սեփական տուն ու տեղ դնում, առանձնանում, և այժմ բոլորով մեկտեղվում էին միայն մեծ տոներին։ Պապը ծերացավ։ Գնալուց առաջ հասցրեց կարգի բերել նկուղն ու տակառը։ Դա նրան հեշտ չտրվեց, հազիվ հաջողեցրեց աշնանային առաջին անձրևների հետ։ Եվ նոր բերքի գինին տոնեց իր բնակամուտը։ Պապը մեկնեց անհուն տիեզերք՝ տատի հետ հանդիպմանը պատրաստվելու։ Ամենքին է հայտնի, թե ինչու են տղամարդիկ ավելի շուտ հեռանում, իսկ կանայք, որպես կանոն, Երկրի վրա ավելի երկար են մնում։ Ի վերջո, տատիկն էլ թողեց նկուղի բանալիներն ու իր սահմանված ժամին գնաց նրա հետևից։ Գինին խմում էին, պապին ի սրտե, բարի խոսքերով հիշում. մարդիկ շատ էին, բոլորն օրհնում էին նրա հիշատակը, և տակառը սովորականից շուտ դատարկվեց։ Պարզունակ ունեցվածքը երեխաները մի կերպ կիսեցին, թեև ժառանգության շուրջ քիչ չեղան վեճերն ու աղմուկը. գյուղական տնտեսության մեջ ամեն ինչ էլ պետք կգա՝ նույնիսկ հին գալոշները, կարկատած մուշտակն ու ծռված թոխրը։ Նստարաններն անաղմուկ ցրվեցին օտար տներով ու սկսեցին ապրել նոր կյանքով։ Ազգականներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ, թե ում վստահեն նկուղի բանալիները, ընդհանուր հայտարարի չեկան։ Կռվեցին, վերջնականապես երես դարձրին միմյանցից ու օտարացան. հաշտվել ու միասին տոնել այդպես էլ չստացվեց։ Վեճերի ու սեփական հոգսերի մեջ նրանք չնկատեցին աննկատ սողոսկող աշունը. նոր բերքահավաքին տակառն այլևս ոչ մեկին պետք չեկավ, իսկ գարնանը նկուղի տանիքը փլվեց՝ տակառը ծածկելով հողով ու գերաններով։ Պապի տունը փոքր էր. ազգականներից ոչ մեկին պետք չեկավ, վարձակալներն էլ չհարմարվեցին։ Այն որբացավ ու երկար ժամանակ դատարկ մնաց. ոչ ոք չէր ուզում ապրել գյուղի ծայրամասում։ Շուտով դատարկ տունը խարխլվեց, որովհետև տունն ու մարդը պետք է կողք կողքի ապրեն։ Խաղողի այգին ալրացողից հիվանդացավ ու չորացավ։ Թոռները տեղափոխվեցին քաղաք և առօրյա ունայն վազվզոցի մեջ դասավորեցին իրենց սովորական, ոչնչով չտարբերվող կյանքը։ Գյուղ էին գալիս միայն աշխատանքի բերումով կամ մեծ տոներին։ Հետո պապի զավակներն էլ մշտական հանգրվան գտան տեղի գերեզմանատանը։ Պապը ննջում է հայրենի հողում։ Նրա գերեզմանին մի կաղնի է աճել, որից ապագայում միգուցե նոր տակառ պատրաստեն, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է: Մի անգամ որոշեցի վերադառնալ այդ ժամանակները. փորձեցի շատ ու տարբեր գինիներ, մինչև որ գտա հենց ա՛յն համը։ Այդ օրվանից ի վեր էլ չեմ խմում։

Թարգմանությունը ռուսերենից՝ Մարթա Սեմենովայի

Թողնել մեկնաբանություն