Հարուկի Մուրակամի – Վերջին անգամ մենք հարցազրույց ունեցանք տասը տարի առաջ, և այդ տասը տարիների ընթացքում բազմաթիվ կարևոր բաներ են տեղի ունեցել: Օրինակ՝ ես տասը տարով մեծացա։ Դա շատ կարևոր բան է, գոնե ինձ համար: Ես օրեցօր մեծանում եմ, ու մեծանալով ինքս իմ մասին այլ կերպ եմ մտածում՝ ի տարբերություն երիտասարդ օրերիս: Այս օրերին փորձում եմ ջենտլմեն լինել: Ինչպես գիտեք, հեշտ չէ լինել ջենտլմեն և արձակագիր: Դա նման է քաղաքական գործչին, որը փորձում է լինել Օբամա ու Թրամփ: Բայց ես ջենտլմեն-արձակագրի սահմանում ունեմ. առաջինը՝ նա չի խոսում իր վճարած եկամտային հարկի մասին, երկրորդը՝ նա չի գրում իր նախկին ընկերուհիների կամ նախկին կանանց մասին, և երրորդը՝ նա չի մտածում գրականության Նոբելյան մրցանակի մասին։ Այնպես որ, Դեբորա, խնդրում եմ ինձ մի հարցրու այդ երեք բաների մասին: Ես խնդիրներ կունենամ։
Դեբորա Թրեյսման – Դուք պարզապես սպառեցիք իմ հարցերի պաշարը: Իրականում, ես ուզում էի սկսել Ձեր ամենավերջին գրքից՝ Ձեր նոր վեպից՝ «Սպանելով կոմանդորին»: Գիրքը մի տղամարդու մասին է, ում լքում է կինը։ Ի վերջո նա ապրում է մի ծեր արվեստագետի՝ մի նկարչի տանը։ Հենց նա հասնում է այդ տուն, շատ տարօրինակ բաներ են սկսում տեղի ունենալ, և դրանց մի մասը կարծես դուրս են գալիս գետնի անցքից՝ մի տեսակ դատարկ ջրհորից: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ստեղծեցիք վեպի այս նախադրյալը:
Հարուկի Մուրակամի – Դա մեծ գիրք է, գիտեք, և գրելու համար պահանջվեց մոտ մեկուկես տարի, բայց այն սկսվեց ընդամենը մեկ կամ երկու պարբերությամբ: Գրի առա այդ պարբերությունները, դրեցի գրասեղանիս դարակում ու մոռացա դրանց մասին։ Հետո, միգուցե երեք կամ վեց ամիս անց, ինձ մոտ միտք առաջացավ, որ կարող եմ այդ մեկ-երկու պարբերությունը վեպի վերածել, և սկսեցի գրել։ Ես ծրագրեր չունեի, ժամանակացույց չունեի, սյուժետ չունեի. պարզապես սկսեցի այդ մեկ կամ երկու պարբերությունից ու շարունակեցի գրել: Պատմությունն ինձ հասցրեց վերջին։ Եթե ունես ծրագիր, եթե սկսելիս գիտես ավարտը, այդ վեպը գրելը զվարճալի չէ: Նկարիչը կարող է էսքիզներ գծել նախքան նկարելը սկսելը, իսկ ես՝ ոչ: Կա սպիտակ կտավ, ես ունեմ այս վրձինը, և ես պարզապես նկարում եմ նկարը:
Դեբորա Թրեյսման – Վեպում կա մի կերպար (կամ գաղափար), որն ընդունում է Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի Կոմանդորի կերպարը։ Ինչո՞ւ է այս, գաղափարը, (այս կերպարը), գրքի կենտրոնում:
Հարուկի Մուրակամի – Սովորաբար գրքերս սկսում եմ վերնագրից: Այս դեպքում ես ունեի «Սպանելով կոմանդորին» վերնագիրը, ու ունեի գրքի առաջին պարբերությունները, և ես մտածում էի, թե ինչ տեսակ պատմություն կարող եմ գրել դրանցով: Ճապոնիայում չկա «կոմանդոր» հասկացություն, բայց ես զգացի կոչման օտարությունն ու շատ գնահատեցի այդ օտարությունը։
Դեբորա Թրեյսման – «Դոն Ժուան» օպերան կարևո՞ր է Ձեզ համար։
Հարուկի Մուրակամի – Ինձ համար կերպարն է շատ կարևոր։ Ես ընդհանրապես մոդելներ չեմ օգտագործում։ Կարիերայիս ընթացքում ես միայն մեկ անգամ եմ մոդել օգտագործել կերպարի համար. նա վատ տղա էր, մեկն ում ես այնքան էլ չէի սիրում, ու ցանկանում էի գրել նրա մասին, բայց միայն այդ մեկ անգամը: Գրքերիս մնացած բոլոր կերպարները ես ստեղծել եմ խազից, զրոյից: Երբ ես կերպար եմ ստեղծում, նա ինքն իրեն է շարժվում, և ինձ մնում է միայն հետևել նրան շրջելիս, խոսելիս և ինչ-որ բաներ անելիս: Ես գրող եմ, և գրում եմ, բայց միևնույն ժամանակ ինձ թվում է, թե ինչ-որ հուզիչ, հետաքրքիր գիրք եմ կարդում: Այսպիսով, ես հաճույք եմ ստանում գրելուց:
Դեբորա Թրեյսման – Գրքում գլխավոր հերոսն օպերա է լսում, ինչպես նաև այլ երաժշտական ստեղծագործություններ, որոնք Դուք նշում եք գրքում: Հաճախ Ձեր հերոսները կոնկրետ խմբերի կամ երաժշտության ժանրեր են լսում: Դա Ձեզ օգնու՞մ է նրանցից ավելի լավ գլուխ հանել:
Հարուկի Մուրակամի – Գրելու ընթացքում ես երաժշտություն եմ լսում: Այսպիսով երաժշտությունը շատ բնականորեն մուտք է գործում իմ գրածների մեջ: Շատ չեմ մտածում, թե ինչ տեսակ երաժշտություն է, բայց երաժշտությունն ինձ համար սնունդի պես է։ Այն ինձ գրելու համար էներգիա է տալիս: Այնպես որ, ես հաճախ եմ գրում երաժշտության մասին, և հիմնականում այն երաժշտության, որը սիրում եմ: Դա լավ է առողջությանս համար:
Դեբորա Թրեյսման – Երաժշտությունը Ձեզ առո՞ղջ է պահում:
Հարուկի Մուրակամի – Այո, շատ: Երաժշտությունն ու կատուները: Դրանք ինձ շատ են օգնել։
Դեբորա Թրեյսման – Քանի՞ կատու ունեք:
Հարուկի Մուրակամի – Ոչ մեկն ընդհանրապես: Ես ամեն առավոտ վազում եմ տանս շուրջ, և պարբերաբար տեսնում եմ երեք-չորս կատու. նրանք իմ ընկերներն են: Կանգ եմ առնում և բարևում նրանց, ու նրանք գալիս են ինձ մոտ: Մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում:
Դեբորա Թրեյսման – Երբևէ ունենու՞մ եք այնպիսի օր, որ պատկերացում չունենաք՝ հաջորդիվ ինչ է լինելու: Նստում ես ու չես կարողանում այդ օրը գրել։
Հարուկի Մուրակամի – Ես որևէ «գրելու արգելափակում» չեմ զգացել։ Երբ ես նստում եմ գրասեղանիս մոտ, ինքնըստինքյան գիտեմ՝ հաջորդիվ ինչ է լինելու: Եթե չգիտեմ, կամ եթե չեմ ուզում ինչ-որ բան գրել, չեմ գրում։ Ամսագրերն ինձ միշտ խնդրում են ինչ-որ բան գրել, իսկ ես միշտ ասում եմ՝ ոչ: Ես գրում եմ, երբ ուզում եմ գրել, ինչ ուզում եմ գրել, ինչ ձևով սիրում եմ գրել։
Դեբորա Թրեյսման – Կարծում եք՝ քնի մեջ սյուժեներ մշակու՞մ եք:
Հարուկի Մուրակամի – Ոչ, չեմ կարծում: Երազում չեմ տեսնում: Պատմությունները պատմություններ են, երազը՝ երազ: Եվ ինձ համար գրելն ինքնին երազելու պես է։ Երբ գրում եմ, կարող եմ կանխամտածված երազել։ Ես կարող եմ սկսել, կարող եմ դադարեցնել ու կարող եմ շարունակել հաջորդ օրը, ինչպես ես եմ ընտրում: Երբ դու քնած ես և լավ երազ ես տեսնում՝ մեծ սթեյք կամ հաճելի գարեջուր կամ գեղեցիկ աղջիկ, և արթնանում ես՝ ամեն ինչ վերանում է: Բայց ես կարող եմ հաջորդ օրը շարունակել:
Դեբորա Թրեյսման – Դուք սկսեցիք վազել մոտավորապես նույն ժամանակ, երբ սկսեցիք գրել: Ես գիտեմ, որ որոշ մարդիկ սիրում են գրել քայլելիս՝ իրենց մտքում. նրանց օգնում է քայլելու ռիթմը: Դուք մտածու՞մ եք գրելու մասին վազելու ընթացքում:
Հարուկի Մուրակամի – Ոչ, ամենևին: Երբ ես վազում եմ, պարզապես վազում եմ: Մաքրում եմ միտքս: Գաղափար չունեմ, թե ինչ եմ մտածում վազելու ընթացքում: Գուցե ոչինչ։ Բայց, գիտեք, պետք է հաստատակամ լինել երկար ժամանակ գրելու համար։ Մեկ գիրք գրելն այնքան էլ դժվար չէ, բայց երկար տարիներ գրելը շատ մոտ է անհնարինին: Կենտրոնանալու ու տոկունության ուժ է անհրաժեշտ: Երբեմն շատ անառողջ բաներ եմ գրում, տարօրինակ բաներ. խճճված բաներ: Կարծում եմ՝ պետք է շատ առողջ լինել, եթե ուզում ես անառողջ բաներ գրել։ Դա պարադոքս է, բայց ճիշտ է: Որոշ գրողներ շատ անառողջ կյանք են վարել, ինչպես Բոդլերը: Բայց, իմ կարծիքով, այդ օրերն անցել են։ Սա շատ բարդ աշխարհ է, և պետք է ուժեղ լինես գոյատևելու, քաոսի միջով անցնելու համար: Ես գրող դարձա երեսուն տարեկանում, իսկ վազել սկսեցի երեսուներկու-երեսուներեք տարեկանից։ Ես որոշեցի սկսել ամեն օր վազել, քանի որ ուզում էի տեսնել՝ ինչ կլինի։ Կարծում եմ՝ կյանքը մի տեսակ լաբորատորիա է, որտեղ կարող ես փորձել ամեն ինչ։ Կարծում եմ, որ ի վերջո դա լավ էր ինձ համար, որովհետև հաստատակամ դարձա։
Դեբորա Թրեյսման – Գրելը, ինչպես վազելը, միայնակ մղում է: Դուք ջազ-ակումբի շատ սոցիալական կյանքից, որտեղ Ձեզ մշտապես մարդիկ էին շրջապատում, անցում կատարեցիք Ձեր աշխատասենյակում մենակ լինելուն: Ո՞րն է ավելի հարմարավետ Ձեզ համար:
Հարուկի Մուրակամի – Ես շատ չեմ շփվում։ Ես սիրում եմ մենակ լինել մի հանգիստ վայրում, որտեղ կան բազմաթիվ ձայնապնակներ և, հնարավոր է, կատուներ: Եվ կաբելային հեռուստացույց՝ բեյսբոլի խաղը դիտելու համար: Կարծում եմ՝ դա է այն ամենն, ինչ ուզում եմ:
Դեբորա Թրեյսման – Երբևէ փորձե՞լ եք ջրհոր իջնել:
Հարուկի Մուրակամի – Ոչ, ոչ, ոչ: Դա վտանգավոր է: Միայն երևակայությանս մեջ: Բայց ես սիրում եմ քարանձավները: Երբ շրջում եմ աշխարհով մեկ ու քարանձավ եմ տեսնում, մտնում եմ քարանձավ։ Սիրում եմ քարանձավներ, իսկ բարձր տեղեր չեմ սիրում։
Դեբորա Թրեյսման – Գերադասում եք ցած իջնելը, թե՞ բարձրանալը:
Հարուկի Մուրակամի – Ոմանք ասում են, որ դա մի տեսակ փոխաբերություն է ենթագիտակցության համար: Բայց ինձ շատ է հետաքրքրում ստորգետնյա աշխարհը:
Դեբորա Թրեյսման – Որոշ գրողներ փորձում են բոլորովին այլ բան անել ամեն գրքում, իսկ որոշ գրողներ հակված են հղկելու այն մոտեցումը, որում նրանք լավագույնն են: Ո՞րն եք Դուք ըստ Ձեզ:
Հարուկի Մուրակամի – Ես սիրում եմ Կաձուո Իսիգուրոյի աշխատանքը: Նա ընկերս է, ու ամեն անգամ, երբ նա նոր գիրք է հրատարակում, այն այնքան է տարբերվում նախորդից։ Դա շատ հետաքրքիր է, բայց իմ դեպքում մոտիվներն ու թեմաներն այնքան էլ տարբեր չեն։ Չեմ սիրում շարունակություններ գրել, բայց գրքերի մթնոլորտներն այնքան էլ չեն տարբերվում միմյանցից։ Ես ընդամենը մեկ անձ եմ, և ես մտածում ինձ հատուկ ձևով. ես չեմ կարող դա փոխել: Բայց ես չեմ ուզում նույն բանը գրել նորից ու նորից։
Դեբորա Թրեյսման – Կարծում եք՝ Ձեր ոճը պահպանվու՞մ է թարգմանության մեջ:
Հարուկի Մուրակամի – Այո։ Չգիտեմ ինչու, բայց երբ կարդում եմ իմ գրքերն անգլերենով, զգում եմ՝ ախ, դա ես եմ: Ռիթմերը, արձակ ոճը նույնն են, գրեթե նույնը։
Դեբորա Թրեյսման – Դուք ինքներդ թարգմանիչ եք։ Դուք ճապոներեն եք թարգմանել Ֆ. Սքոթ Ֆիցջերալդին, Թրումեն Կապոտեին, Ռայմոնդ Քարվերին և այլոց: Հիմա թարգմանում եք Ջոն Չիվերը։ Ի՞նչն է ձեզ ձգում դեպի այն գրողները, որոնց թարգմանում եք:
Հարուկի Մուրակամի – Դա հեշտ է։ Ես թարգմանում եմ այն, ինչ սիրում եմ կարդալ։ Ես թարգմանել եմ Ռայմոնդ Չենդլերի բոլոր վեպերը։ Ինձ նրա ոճը շատ է դուր գալիս: «Երկար հրաժեշտը» կարդացել եմ հինգ-վեց անգամ։
Դեբորա Թրեյսման – Թարգմանելիս պետք է ուրիշ գրողի ձայնը վերցնես։ Դուք, ինչ-որ իմաստով, պետք է դառնաք Ֆիցջերալդ, կամ Չենդլեր, կամ Չիվեր: Արդյո՞ք դա մարտահրավեր է, երբ Դուք այդքան հստակորեն ունեք Ձեր սեփական գրական ձայնը:
Հարուկի Մուրակամի – Այո։ Ես սիրում եմ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդին, և ես թարգմանել եմ նրա գրքերից շատերը, բայց նրա ոճն այնքան տարբեր է իմից, այնքան գեղեցիկ ու բարդ է: Այդուհանդերձ, ես շատ բան եմ սովորել նրա գրվածքից. ենթադրում եմ, նրա վերաբերմունքն աշխարհին: Ռայմոնդ Քարվերի ոճն ու աշխարհը շատ տարբեր են իմից, բայց ես սովորել եմ նաև նրանից:
Դեբորա Թրեյսման – Գտնու՞մ եք, որ այն, ինչ սովորել եք այլ հեղինակներից, ուրվագծվում է Ձեր սեփական գրվածքի մեջ:
Հարուկի Մուրակամի – Ազդեցություն կա, կարծում եմ։ Երբ ես սկսեցի գրել, չունեի դաստիարակ, չունեի ուսուցիչ, չունեի գործընկերներ, չունեի գրական ընկերներ: Ես պարզապես ունեի ինձ: Հետևաբար շատ բաներ սովորեցի գրքերից: Երբ երեխա էի, սիրում էի կարդալ, քանի որ միակ երեխան էի. եղբայրներ ու քույրեր չունեի։ Ունեի գրքեր ու կատուներ, և երաժշտություն, իհարկե: Չէի սիրում սպորտով զբաղվել։ Ես այն տեսակ տղան էի, ով սիրում է կարդալ: Դեռահաս տարիքումս սիրում էի ռուսական վեպեր՝ Տոլստոյ, Դոստոևսկի։ Եվ այդ գրքերից սովորածս այն էր՝ ինչքան երկար, այնքան լավ: Համալսարանում այնքան շատ դասընկերներ ունեի, ովքեր ցանկանում էին գրող դառնալ, բայց ես չէի հավատում, որ ունեմ գրելու տաղանդը, ուստի ես ջազ-ակումբ բացեցի, և երաժշտությունը դարձրի աշխատանքս:
Դեբորա Թրեյսման – Ինքներդ երբևէ երաժշտություն նվագե՞լ եք:
Հարուկի Մուրակամի – Երեխա ժամանակ դաշնամուր էի նվագում, բայց այդ գործիքի տաղանդը չունեի։ Երբ տասնհինգ տարեկան էի, Արթ Բլեյքին ու Ջազ Մեսսենջերսը եկան Ճապոնիա, և ես գնացի համերգին: Մինչ այդ չգիտեի՝ ինչ է ջազը, բայց այդ գիշերվանից սկսած դարձա ջազի մոլի երկրպագու։ Հիսունից ավել տարի է, ինչ ձայնապնակներ եմ հավաքում։ Կինս միշտ բողոքում է. այնքան շատ ջազային ձայնապնակներ ունեմ իմ տանը: Բայց ես այնքան բաներ եմ սովորել երաժշտությունից գրելու մասին: Կարծում եմ՝ երեք կարևոր տարր կա՝ ռիթմ, ներդաշնակություն և ազատ իմպրովիզացիա։ Սրանք ես սովորել եմ երաժշտությունից, ոչ թե գրականությունից։ Եվ երբ սկսեցի գրել, փորձեցի գրել այնպես, կարծես երաժշտություն էի նվագում:
Դեբորա Թրեյսման – Ձեր ծնողները երկուսն էլ գրականություն էին դասավանդում։ Նրանք գո՞հ էին Ձեր՝ գրելու որոշումից: Թե՞ ցանկանում էին, որ ինժեներ կամ բժիշկ լինեք:
Հարուկի Մուրակամի – Չեմ կարծում։ Չգիտեմ, թե ինձնից ինչ էին սպասում։
Դեբորա Թրեյսման – Գրելու միջոցով Դուք հաղորդագրություն եք ուղարկում, բայց ինչպե՞ս եք պատասխան հաղորդագրություն ստանում:
Հարուկի Մուրակամի – Չգիտեմ։ Միգուցե տարբերակ կգտնենք։
Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Մանուկյանի