1.
Իննսունականների սկզբին Պավլիկ Կոլդաևը համալսարանն ավարտեց կարմիր դիպլոմով և սկսեց դասավանդել ամբիոնում։ Քիչ էին վարձատրում, իսկ Կոլդաևը փոքր երեխա ուներ, կինը չէր աշխատում, քանի որ որդին վաղածին էր և հատուկ խնամքի կարիք ուներ։
— Քանի դեռ երեխան փոքր է, պետք է մերսումներ անել, այլապես տարին լրանալուց հետո ուշ կլինի։
Այդպես բացատրեց նրանց Ֆիլատովսկայա հիվանդանոցի բժիշկ-մանկաբարձը, որը նման էր Պիեռ Բեզուխովին[1]։
Իբրև հոնորար՝ Պավլիկը առաջարկեց հատուկ հավաքածուից ճապոնական վիսկի, որն Աստված գիտի, թե քանի տարի էր դրված եղել նրանց տանը։ Բեզուխովը այս ու այն կողմ թեքեց շիշը և ասաց, որպեսզի խորհրդատվության համար փողով վճարեին, և ցանկալի էր ազատ փոխարկելի արժույթով։
— Ինչո՞վ։
— Ազատ փոխարկելի արժույթով,— շունչ քաշեց բժիշկն ու վիսկին դրեց գրասեղանի դարակի մեջ։
Երեխային մերսման հերթագրեցին մանկական պոլիկլինիկայում և հրամայեցին երեք կամ չորս ամիս սպասել, սակայն Պավլիկը չէր ցանկանում ժամանակ կորցնել և մասնավոր մերսման մասնագետ գտավ՝ Թամարային։ Ավելի ճիշտ, մերսման մասնագետն այդ նույն պոլիկլինիկայից էր, ուղղակի մասնավոր կերպով գալիս էր նրանց տուն։ Կոլդաևը հավելյալ դասաժամեր էր վերցրել, դասավանդում էր մի կամակոր կորեուհու, որը ապրում էր Սմոլենսկու վրա և դժգոհում էր նրանից, որ ռուսերենի հոլովների համակարգը շատ բարդ է, իսպաներեն էր դասավանդում մի ընտանիքի, որը հիմնական բնակության էր տեղափոխվելու Արգենտինա, գնում էր վեցերորդ դասարանցի Օլեգի մոտ՝ Վերնադսկի պողոտա, և սովորեցնում էր շարադրություններ գրել գրականության թեմատիկայով, սակայն գումարը միևնույն է չէր բավականացնում։
Ոչինչ հետ չէին գցում, հանգստի չէին մեկնում և ամբողջ ամառն անցկացնում էին մերձմոսկովյան ամառանոցում, որտեղ Պավլիկը փորել ու փխրեցրել էր այն ամենը, ինչ հնարավոր էր փորել ու փխրեցնել, և կարտոֆիլ էր ցանել։ Բանջարեղենի մարգիկներ ունեին, ջերմոց, պտղատու ծառեր, հաղարջի և ազնվամորու թփեր, և այդ ամենից ընտանեկան հողատուրք էին հավաքում։ Աղ էին անում, թթու էին դնում, պահածոյացնում էին, մուրաբա էին եփում և կոմպոտի բանկաներ էին փակում։ Մթերումներով կինն էր զբաղվում։ Նա չէր կշտամբում Պավլիկին նրա համար, որ վերջինս քիչ գումար էր աշխատում, բայց երբ Կոլդաևը մտածում էր, թե ինչ աղքատ էին ապրում, ամոթ էր զգում։
Ամառվա վերջ Պավլիկը խնդրեց իր փեսա Իգոր Դուբովին բանկաները տեղափոխել քաղաք։ Պահածոներն այնքան շատ էին, որ չտեղավորվեցին ճաքած ապակիով հին, սպորտային «BMW»-ի՝ բերքի ծանրությունից իջած բեռնախցիկում, և մի մասը ստիպված դրեցին ներսում։
— Ոչինչ, փոխարենը ձմռանն ուտելու բան կունենանք,— բացատրեց Պավլիկը դժգոհ ազգականին։— Վճարի փոխարեն ինչ կուզես կարող ես վերցնել։ Միևնույն է ազատ փոխարկելի արժույթ չունեմ։
— Օհօ՜, բանից պարզվում է այդպիսի բառե՜ր էլ գիտես,— ավտոմեքենան մռնչաց, սլացավ տեղից, և Դուբովը սկսեց բացատրել Պավլիկին, որ վաղուց արդեն համալսարանը և դասերը թողնելու ժամանակն էր, որոնց համար կոպեկներ էին վճարում, բացի այդ՝ նվաստացնում էին և վերջին պահին կարող էին չեղարկել ու չվճարել։
— Ամոթ է, որ հասուն, առողջ տղամարդն այդպես ապրի։ Գործո՛վ զբաղվիր։ Եվ ընդհանրապես էական չէ, թե ինչ գործով,— բարկացավ նա։— Ցանկացած գործով, որտեղ գումար կարող ես դիզել։ Գիտե՞ս, աներձա՛գ, ես էլ եմ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտել և ընդունվել ասպիրանտուրա, հետո ամեն ինչի վրա խաչ եմ քաշել ու բացել «Կոլիբրին»։ Եվ ոչ մի նվաստացուցիչ բան չեմ տեսնում նրանում, որ մարդկանց մթերք և իրեր եմ վաճառում։
— Եթե սկսեմ բիզնեսով զբաղվել, եղածն էլ կկորցնենք,— Պավլիկը շունչ քաշեց և սկսեց մտորել իր և առհասարակ ճակատագրի փոփոխականության մասին։ Մի քանի տարի առաջ երջանիկ էր, երբ ազատություն էր ստացել, սակայն շատ չանցած զգաց, որ այն ոչինչ չտվեց նրան՝ բացի կատարյալ աղքատությունից, և հոգում դառնության զգացում ծնվեց կուշտ, հարստացած, ուրիշի դժբախտության հաշվին մեծ շահույթներ ստացող մարդկանց հանդեպ։
— Մեր սերնդի բախտն անհավատալիորեն բերել է,— դատողություններ էր անում փեսան՝ երթևեկության մի գոտուց մյուսը տեղափոխվելով։ Ճարպիկ և անկաշկանդ կերպով էր անում այդ ամենը, և դա, ամենայն հավանականությամբ, միակ բանն էր, ինչին նախանձում էր Պավլիկը։ Ինքը Պավլիկը կցանկանար մեքենա վարել սովորել, բայց դեռ զինվորական կոմիսարիատում, երբ զորակոչիկների բժշկական զննում էր անցնում, պարզվեց, որ դալտոնիկ էր, և հենց այդ նույն պատճառով էլ Կոլդաևը չէր կարողացել ընդունվել երկրաբանական ֆակուլտետ, որի մասին երազում էր։
— Մեկ ամսում կարելի է մեծ կարողություն դիզել, և այլևս նման բան չի կրկնվի։ Հնարավորություն, որը հարյուր տարին մեկ անգամ է տրվում։ Տե՛ս, դու աներոջիցդ բնակարան, ամառանոց և ավտմեքենա ես ստացել, որը չես վարում։ Իսկ դու որդուդ ի՞նչ ես թողնելու։ Ա՜խր, դու ընդհանրապես չես լսում ինձ։
— Ինչո՞ւ։ Լսում եմ։
— Իսկ եթե լսում ես ու ոչինչ չես ուզում կամ չես կարողանում, գոնե գնա՛ ավտոմեքենաներ լվանալու, այնտեղ ավելի շատ են վճարում։
Բարեբախտաբար ամառանոցն այնքան էլ հեռու չէր քաղաքից։ Նրանք կանգ առան ավտոտնակի մոտ, որտեղ ժանգոտած, անպետք «ՎԱԶ-2105» էր կանգնած, իսկ ներքևում մառանն էր։ Ցուրտ ժամանակ Կոլդաևը մառանից բերում էր ամռանը վատնած ջանքերի արդյունքներն ու շնորհները և մտքում կրկնում էր «Քամուց քշվածները» վեպի հերոսուհի Սքարլեթ Օ՛Հարայի խոսքերը․ «իմ ընտանիքը երբեք քաղցած չի մնա»։
Այդպես էլ ապրում էին․ միևնույն ժամանակ բոլորից թաքուն Պավլիկը պատմվածք էր գրում այն մասին, թե ինչպես էր ծնվել նրանց որդին, ինչ դժվարություններ էին քաշել հիվանդանոցների, բժիշկների, սխալ ախտորոշումների և մռայլ հեռանկարների պատճառով, թե ինչ տառապանքներ էին կրել, և թե որքան էին երջանկացել, երբ սարսափելին անցյալում էր մնացել։ Պավլիկն ինքն էլ չէր հասկանում, թե ում և ինչի համար էր գրում, բայց դրանից թեթևություն էր զգում։ Աստիճանաբար պատվածքն ավելի ծավալուն էր դառնում ու վերաճում վիպակի։ Բացի այդ՝ ճակատագրին երախտապարտ լինելու միջոց էր, որը խիստ տանջել էր նրանց՝ հուսահատումից դեպի հույս և հակառակը նետելով, բայց ինչ հրաշալի և խելացի տղա էր դարձել այժմ որդին․ վստահաբար, երկու ամիսները, որոնք տղան ոչ թե մոր արգանդում էր անցկացրել, այլ սառը և դաժան աշխարհում, զարգացրել էին նրա խելքն ու սիրտը։ Պավլիկը նստում էր մանեժի կողքին, որտեղ չոչ էր անում որդին, գրամեքենայի ստեղները կտկտացնելով՝ գրում էր էրջանիկ ավարտով տխուր պատմությունը և մտածում այն մասին, որ կյանքում ավելի մեծ երջանկություն արդեն չէր լինելու։
Երկար էր գրում, ուղղում, ջնջում, հավելում ու հետո նորից ջնջում։ Կնոջն ասում էր, որ դիսերտացիա էր գրում, բայց երբեմն նրա հղիության և ծննդաբերության մասին հարցեր էր տալիս։
— Ինչո՞ւ է դա քեզ հետաքրքրում,— չէր սիրում հիշել այդ ժամանակների մասին։
Ի պատասխան՝ ինչ-որ բաներ էր փնթփնթում և իրեն անհրաժեշտ մանրամասներն իմանալով՝ գնում էր՝ գրելու։ Հետո մի որոշ ժամանակ հանգիստ թողեց ձեռագիրը, այնուհետև վերընթերցեց, մի քանի ուղղումներ արեց, վերնագրի վրա գլուխ կոտրեց և աչքից հեռու տեղ պահեց։ Միգուցե օրերից մի օր որդին կարդա․ ահա այն ամենը, ինչ թողնելու էր որդուն։ Սակայն փեսայի հետ զրույցից հետո հանկարծ սկսեց մտածել․ իսկ ի՞նչ կլիներ, եթե վաճառեր ձեռագիրը։ Չէ՞ որ մի բանաստեղծ ասել էր․ «Գրում եմ ինձ համար, տպագրվում եմ փողի համար»։
2.
Հրատարակչությունը, ուր գնաց մեր հերոսը, հենց Մոսկվայի կենտրոնում էր՝ «Ռոսիա» կինոթատրոնի հակառակ կողմում գտնվող հին շենքում։ Դռան վրա դոմոֆոն էր կախված, և Պավլիկը վախով մտածեց, թե ներս չէին թողնելու նրան։ Դոմոֆոնի հետ խոսելու ձևը չգիտեր և չէր հասկանում ինչպես ներկայանալ, բայց բարեբախտաբար դուռը բացվեց և հրատարակչությունից մի աննշան, վտիտ տղա դուրս եկավ։ Հայացք գցեց Պավլիկի վրա՝ ասես փորձելով հիշել նրան և գիտակցաբար ողջունել, բայց չճանաչեց և ուղղակի գլխով արեց՝ օրհնելով նորեկին։ Իսկ Պավլիկը սանդուղքով բարձրացավ երկրորդ հարկ և հայտնվեց մի սենյակում, որտեղ բնագրերով ծածկված սեղանի շուրջ նստած էր ճեփ-ճերմակ մազերով մի կին՝ գլուխը մի կողմ թեքած։
— Ինչ-որ մեկի հետ պայմանավորվա՞ծ եք, թե՞ ուղղակի ինքնուրույն եք եկել։
— Ներողությո՞ւն։
Կինը բարձրացրեց գլուխը, կկոցեց աչքերն ու վերցրեց ձեռագիրը։
— Գրամեքենայո՞վ եք տպել,— կինը գոռոզ և գեղեցիկ դեմք ուներ։— Իսկ ինչո՞ւ եք որոշել ամսագիր հանձնել։ Չէ՞ որ սկսնակ հեղինակների համար հրատարակչություններ կան։ Իսկ մեզ մոտ վարպետներն ամիսներով հերթ են կանգնում։ Գուցե միանգամից հե՞տ վերցնեք։
— Ես չեմ շտապում։
— Ձեր գործն է։ Կես տարվա ընթացքում խմբագրությունը կդիտարկի ձեռագիրն ու պատասխան կտա։
Դա առավոտյան էր։ Իսկ երեկոյան կինը զանգահարեց Պավլիկին և ասաց, որ նրա վիպակը տպագրվելու էր մոտակա համարում։
— Բայց ի՞նչ գիտեք, թե ինչ է զգում կինը, երբ հղի է և ծննդաբերում է։ Իսկապե՞ս Դուք եք գրել։ Ներեցեք, ի՞նչ ասացիք։ Հոնորա՞ր։ Լսե՛ք, երիտասա՛րդ,— խոսափողից լսվող ձայնը սկսեց դողդողալ և բարձրանալ,— ամսագրում տպագրվելն արդեն իսկ պարգև է։ Կան հարյուրավոր գրողներ, որոնք նույնիսկ չեն համարձակվում երազել դրա մասին։ Իսկ այստեղ հենց ամենասկզբից, բոլորի համար անհայտ մի հեղինակ…
Պավլիկն ուզում էր ասել, որ այդ դեպքում կցանկանար հետ վերցնել ձեռագիրը, բայց ինչ-որ բան կանգնեցրեց նրան։ Զիջումների չգնաց միայն այն ժամանակ, երբ փորձեցին նրա տեքստը խմբագրել և կրճատել։
Վիպակի գրախոսություններին հետևում էր կինը։ Վերջինս կշտամբեց Պավլիկին նրա համար, որ ոչինչ չէր ասել նրան, իսկ ընթերցվածի մասին ոչ մի կարծիք չհայտնեց, բայց գրականագիտական լրագրերի հոդվածները հաճույքով բարձր կարդում էր։ Քննադատ Պ․-ն գրում էր այն մասին, որ Պավել Կոլդաևի վիպակն ամենաազնիվ հայացքն էր ժամանակակից կյանքին՝ մանկական հիվանդանոցի կեղտոտ պատուհանի միջով, և այն պետք է կարդային ինչպես պետության բոլոր բարձրագույն չինովնիկները, այնպես էլ նախագահը։ Քննադատ Ա․-ն վրդովված էր նրանով, թե որքան հոգնածություն կար երիտասարդ հեղինակի մեջ մի դարաշրջանում, որն այդպիսի արտասովոր հնարավորություններ էր ընձեռում մարդկանց։ Քննադատ Ն․-ն գրում էր այն մասին, որ կոլդաևյան վիպակի երեխան արտացոլում էր տանջանքների մեջ ծնունդ առնող Ռուսաստանն ու լավատեսություն էր ներշնչում։ Պավլիկը հիացմունքով և թերահավատությամբ էր լսում այդ ամենը։ Այնուհետև խնդրեց, որպեսզի կինն այլևս ոչ մի գրախոսություն չընթերցեր նրա համար։
Վրա հասավ ձմեռը. այն առանձակիորեն որբ ու ծանր էր, և Պավելի դժգոհությունը կյանքից աստիճանաբար սաստկացավ։ Այլևս ոչինչ չէր գրում և դատարկություն էր զգում հոգում։ Ամենից շատ տառապում էին մատները, որոնք ցանկանում էին դիպչել հարավսլավական գրամեքենայի ստեղներին՝ թեթև, հնազանդ, որի հետ չէր կարող համեմատվել ոչ մի համակարգիչ, ուզում էր, որպեսզի սրընթացորեն շարժվեր գլանը, և դուրս թռչեին թերթերը, որոնք ագահորեն աչքի կանցկացներ, ուղղումներ կկատարեր և երեկոյան հանճար կերևակայեր իրեն, որպեսզի առավոտյան սթափ հայացքով նայեր այդ ամենին, հիասթափվեր և վերսկսեր աշխատանքը։ Եվ վերոնշյալից ոչինչ չէր կատարվում։
— Իսկ դու էլի՛ ինչ-որ բան գրիր,— խորհուրդ տվեց կինը․ վերջինիս դուր էր գալիս, որ նրա ամուսինն արդեն գրող էր։
— Չգիտեմ ինչի մասին գրել։ Հորինել չեմ կարողանում, իսկ Ալյոշկայի ծնունդից բացի՝ կյանքումս ուրիշ ոչ մի հետաքրքիր բան չի եղել։
— Այդ ինչո՞ւ չի եղել,— նեղացավ կինը,— իսկ այն, թե ինչպես ենք ծանոթացել, թափառել Մոսկվայում և միտինգներ արել։ Ինչպես ենք գիշերով Սպիտակ տան մոտ գնացել։ Ինչպես ես դու առաջին անգամ ինձ մոտ՝ ամառանոց, եկել, իսկ հետո ինչպես ենք նավակով իջել Իստրիա գետով և շուռ եկել։
— Դա չափից ավելի անձնական է։ Գնամ Գուլյայի մոտ։
Ձմռանը ևս մեկ զբաղմունք ուներ։ Պավլիկն ուսապարկով գնում էր Տուշինոյի շուկա և ուզբեկ Գուլնարայի մոտից կաղամբ էր գնում՝ թթվի համար։ Ոչ մի բաղադրատոմս չգիտեր, բայց կաղամբը համեղ էր ստացվում։ Միանգամից մի քանի գլուխ էր վերցնում, կտրատում էր դրանք, մեծ դույլի մեջ էր թթվեցնում, այնուհետև բանկաների մեջ էր տեղավորում և տանում ավտոտնակ, որտեղ կաղամբը դրվում էր լոլիկների և վարունգների կողքին։ Պավլիկին դուր էր գալիս իր փոքրիկ հայրենիքի ամբարը, լապտերի թույլ լույսի ներքո ապակե կողերով փայլփլող պարենային կապիտալը, և շատ հաճախ անգործ նստում էր այնտեղ՝ հիշելով ամառը։ Ամբարը խղճով էր կառուցված, խորն էր, և բանկաներն այնտեղ այնպես էին պահպանվում, ասես ոսկու ձուլակտորներ լինեին։
«Ահա՛,— փիլիսոփայում էր Պավլիկը, բոլոր պատերազմներն ավարտվել են, իսկ ռմբապաստարանները մնացել են»։
— Ո՞ւր էիր այսքան երկար։ Անընդհատ զանգահարում են քեզ,— կինը մեկնեց խոսափողը։
— Պավել Միխայլովի՞չ, «Նաստոյաշայա օրաթերթ»։ Կարո՞ղ եք հիմա գալ մեզ մոտ։
— Ինչի՞ համար։
— Եկե՛ք, ամեն բան կբացատրեն Ձեզ։
— Զբաղված եմ։
— Վա՛ղը եկեք։
— Վաղը նույնպես զբաղված եմ։
Ձնհալ էր, լավ չէին մաքրում ձյունը, ավտոմեքենաներից ցեխ էր թռչում նրա վրա, և թվում էր, թե ավտոմեքենաների մեջ եղած մարդիկ արհամարհում էին նրանց, ովքեր մեքենա չունեին։ Կոլդաևը տրամվայի վաղուց օգտագործված կտրոնով հասավ Մյասնիցկայա՝ աշխարհում ամենից շատ զգուշանալով հսկիչից։ Խմբագրությունում նրան փոքրիկ սենյակ ուղեկցեցին և նոր գրականագիտական մրցանակաբաշխության ժյուրիի նիստի արձանագրությունը հանձնեցին, որը ստեղծել էր օրաթերթը տարվա լավագույն ստեղծագործության համար։ Հենց այդպիսի մրցանակի էր արժանացել Պավլիկի ստեղծագործությունը, և նշվում էր պարգևավճարի չափը․ տասներկու հազար հինգ հարյուր մեկ դոլար։ Եվ կողքին՝ փակագծերի մեջ, թվերով՝ 12501։ Կողքին նշանն էր՝ երկու գծիկներով ջնջված S տառը։
Պավլիկի շունչը սկսեց կտրվել։
— Իսկ ինչո՞ւ հինգ հարյուր մեկ,— հարցրեց նա գլխավոր խմբագրից։
— Մեկ դոլար ավել «Բուքեր»-ից։
— Ումի՞ց։
— Ռուսական գրականության ոլորտում բրիտանական մրցանակից,— պետի աչքերը փայլում ու շողշողում էին երջանկությունից․ նրան դուր էր գալիս, որ Կոլդաևը սկսնակ էր, և կարելի էր գերազանցել ողջ գրական համայնքին։— ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն դարձավ գլխավորը, և մեր սեփականատերը որոշեց, որ դա սխալ է։ Մրցանակի պարգևավճարը պետք է ռուսական լինի, թեկուզև դոլար է։
— Եվ ես կստանա՞մ։
— Իսկ դա չեմ կարող ասել, բայց խոստանում եմ ճաշկերույթ,— սկսեց ծիծաղել գլխավոր խմբագիրը, և Պավլիկին ուղեկցեցին դուրս՝ նկարվելու։
Մրցանակի շնորհումը տեղի ունեցավ Ստալինի ծննդյան օրը Բոլշայա Կոմունիստիչեսկայա փողոցի վրայի միլիոնատերերի ակումբում։ Սակայն արարողակարգի ընթացքում Կոլդաևն ասես քնած լիներ, իսկ իր պատվին կազմակերպված ճաշկերույթին այդպես էլ չհասավ։ Սկզբում ձանձրալի ելույթներ էին, անծանոթ դեմքեր, այնուհետև կանչեցին նրան՝ անփույթ, փոքր կոստյում հագած, և ժյուրիի նախագահը դափնեկրին հանձնեց այն մի դոլարը, որի շնորհիվ այն վերածվել էր երկրի ամենամեծ մրցանակի։ Պավլիկը վերցրեց բուրգով և մասոնական աչքով կանաչավուն արժեթուղթը և շուրջը նայելով՝ մոտեցավ բարձրախոսին։
Չգիտեր ինչ խոսել։ Շփոթված նայում էր, այնուհետև ասաց, որ երախտապարտ էր կնոջն ու որդուն, և որ մրցանակը նրանցն էր, քանի որ գրել հեշտ է, և բոլորովին այլ բան է այդ ամենի միջով անցնելը։ Պավլիկին ծափահարեցին համառոտության համար և նետվեցին սեղանների մոտ, իսկ երիտասարդ հեղինակին շրջապատեցին լրագրողները։
— Ի՞նչ զգացիք, երբ իմացաք մրցանակի շնորհման մասին։
— Ինչո՞ւ եք մորուք պահում։
— Ուղղափա՞ռ եք։
— Ինչո՞ւ եք Ձեր վիպակը հանձնել ամսագրին։
— Ազատամի՞տ եք, թե՞ հայրենասեր։
— Ի՞նչ հեղինակային միության անդամ եք։
— Ո՞ր հեղինակներին եք երկրպագում։
— Ո՞րն է Ձեր հեղինակային գաղափարախոսությունը։
— Ինչպե՞ս եք վերաբերվում Սոլժենիցինին։
— Ի՞նչ եք անելու մրցանակը։
Խառը պատասխաններ էր տալիս, խույս էր տալիս, հակառակվում էր ու վիճում, իսկ երբ ուժասպառ անելուց հետո հանգիստ թողեցին նրան, սեղաններն արդեն դատարկ էին։ Պավլիկին և նրա կնոջը նստեցրին խմբագրության ավտոմեքենան և ճանապարհեցին տուն, որպեսզի վերջիններիս պատահաբար չիջեցնեին տուշինյան բակերում և չխլեին գումարը։ Սակայն գումար, իհարկե, չկար։ Դրա փոխարեն Կոլդաևը կարող էր սրտի ուզած չափ հիանալ կյանքում առաջին դոլարով, ինչպես նաև «Նաստոյաշայա օրաթերթ» տարբերանշանով ծրարով և դրա մեջ դրված թերթիկով, որի վրա գրված էր․ մրցանակի մյուս մասի ստացման համար զանգահահարել այսինչ-այսինչ համարով։
Եվ Պավլիկը սկսեց զանգել։ Զանգահարեք վաղը, վաղը չէ մյուս օրը, երեք օրից, Նոր տարուց հետո… Սկզբում սիրալիր էին խոսում, հետո սկսեցին կոպտել։
— Երիտասա՛րդ, խի՛ղճ ունեցեք։ Ձեր մասին գրեցին բոլոր օրաթերթերում, հեռուստացույցով ցույց տվեցին։ Մի՞թե չի կարելի սպաասել։
Այնուհետև սկսեցին այլևս չպատասխանել հեռախոսազանգերին։ Կամ նա սկսեց չզանգել։
Մեկ ամիս հետո եկավ Դուբովն ու սկսեց նախատել Պավլիկին նրա համար, որ վերջինս ձեռքերը լվացել էր։
— Քեզ օգտագործեցին, իսկ դու լռում ես։ Կամ փողերդ շրջանառության մեջ են։ Կապիտալը պետք է աշխատի, ոչ թե ուղղակի դրված լինի։ Պետք է պահանջել, համառորեն պնդել, իսկ եթե շարունակեն հիմարեցնել քեզ, հայտարարությո՛ւն արա մամուլի համար։ Աղմկոտ վիճաբանությունը ոչ ոքի հարկավոր չէ։
«Իսկ գուցե հակառակը՝ հետամուտ են լինում վիճաբանության»։
Պավլիկի առօրյա կյանքում գրեթե ոչինչ չփոխվեց։ Սկզբում վախենում էր, որ աշխատավայրում կամ, ավելի վատ, աշակերտները կիմանային, որ մրցանակ էր շահել, բայց նոր ժամանակներում մարդիկ այնքան տարված են իրենցով, որ ուրիշների համար ժամանակ չունեն։ Սակայն տարօրինակ կերպով Կոլդաևն այլևս խեղճ չէր զգում իրեն, երբ մասնավոր դասերի էր գնում։ Հանգիստ անցկացնում էր դասերը, ծրարով գումարները հանգիստ վերցնում էր և ծախսում՝ առանց որևէ մեկից վախենալու և առանց որևէ մեկի վրա չարանալու։
Մի երեկո, երբ կինը լոգարանում լողացնում էր երեխային, զանգեց հեռախոսը, և կոպիտ, խստապահանջ ձայնը հրամայեց Պավլիկին գնալ Ազատության փողոց՝ Արևելյան կամրջի մոտ։
— Իսկ դուք զանգ…
— Ավտոմեքենայից։
Դրսում մութ և ցուրտ էր։ Շուրջը տիրում էին անիծյալ իննսունականները։ Այն ժամանակ ավտոմեքենայից զանգահարելն անհնար էր։ Պավլիկը վերցրեց դատարկ դույլն ու շարժվեց դեպի խաչմերուկ։ Ձյուն էր գալիս, շուրջն անգամ մի շունչ չկար, միայն հազվադեպ հանդիպող ավտոմեքենաներ էին, իսկ մոլորված տրամվայներն անցնում էին կամրջով՝ ջրանցքի վրայով։ Պավլիկը կանգնած էր՝ դույլը ձեռքին, ծածկվել էր ձնով և մտածում էր այն մասին, որ դա հերթական խաղարկությունն էր, ծաղր, խաբեություն, երբ հանկարծ կուրացրեց և կտրուկ արգելակեց մի սև, արտասահմանյան ավտոմեքենա։ Տաք, հարմարավետ միջավայրից դուրս թռավ աննշան տեսքով, կոստյում հագած մի մարդուկ և Պավլիկին ձեռքի մեջ դրեց նվերի տոպրակ, ճիշտ այնպիսին, որի մեջ ինքը ժամանակին դրել էր բժիշկ Բեզուխովի ճապոնական վիսկին։
Այդ մարդը ո՛չ ազգանուն հարցրեց, ո՛չ խնդրեց անձնագիր ցույց տալ, ո՛չ էլ ինչ-որ ամփոփագրի մեջ ստորագրել։ Ուղղակի տվեց տոպրակը, սակայն Պավլիկը հասցրեց որսալ սև աչքերի հայացքը՝ սուր, կտրուկ, ինչ-որ օտար դառնությամբ լի, և Կոլդաևին թվաց, թե ռենտգենի նման ամբողջությամբ լուսավորեց նրան՝ իր կյանքի նկատմամբ ունեցած բողոքներով և դժգոհություններով, որը, ըստ էության, հիասքանչ էր։ Եվ միայն շատ տարիներ անց, երբ օլիգարխին մահացած գտնեն լոնդոնյան առանձնատան լոգասենյակում, և ոչ ոք չհասկանա, թե դա ինչ էր՝ ինքնասպանություն, սպանություն, թե դժբախտ պատահար, միայն այդ ժամանակ Պավլիկը գլխի կընկնի, թե ով էր այդ մարդը, որին գիշերով հանդիպել էր կամրջի վրա։
Ավտոմեքենան սլացավ դեպի Շերեմետևո, իսկ Կոլդաևը տոպրակը դրեց դույլի մեջ և քայլեց դեպի տուն՝ առանց շրջվելու։ Անհայտ ավտոմեքենան լուսարձակներով լույս գցեց հետիոտնի վրա։ Պավլիկը բացեց ավտոտնակը և ներսից կողպեց դուռը։ Այնուհետև իջավ մառան, որտեղ լապտեր կար, որը միացված էր էլեկտրական վահանակին։ Լույս գցեց դույլի վրա և փողերի կապոց հանեց։ Կասկածում էր, որ կեղծ փողեր կարող էին լինել, սակայն իսկական հարյուրանոց թղթադրամներ էին՝ կապված Միացյալ բանկի ժապավենով, որը, ինչպես և օրաթերթը, պատկանում էին այն մարդուն, որին Պավլիկը քիչ առաջ հանդիպել էր։
Աղքատը նայում էր գումարին և մտածում, որ այդուհետ նրա կյանքը փոխվելու էր։ Իր բոլոր հավելյալ եկամուտներով հանդերձ ամսական վաստակում էր հարյուր, լավագույն դեպքում հարյուր քսան դոլար, եթե ազատ փոխարկելի արժույթի վերածեր եկամուտը։ Նշանակում էր, որ տասը տարվա համար կբավականացներ։ Ամբողջ տա՜սը տարի։ Կարող էր դուրս գալ տաղտկալի աշխատանքից, չվազել մասնավոր դասերի և կախում չունենալ հարուստ հաճախորդների քմահաճույքներից․ իսկ գուցե իսկապե՞ս սկսեր նոր վեպ գրել, և նրա կարոտից մաշված ձեռքը կդիպչեր գրամեքենայի ստեղներին։ Սակայն անհասկանալի պատճառներով այդ նույն ձեռքը չէր համարձակվում խախտել կապոցի ամբողջականությունը, ասես իրականում այդ փողերը նրան չէին պատկանում։ Պավլիկը դոլարները դրեց երեք լիտրանոց դատարկ բանկայի մեջ, կափարիչով ամուր փակեց և դրեց «զոզուլյա» տեսակի վարունգների հետևում։
— Այդ ո՞ւր էիր գնացել այս ուշ ժամին,— երեխան գրկում՝ տագնապով նայեց կինը նրա վրա։
— Վարունգ բերելու։
— Ի դեպ։ Հյուրեր ունես։
Խոհանոցում՝ սեղանի մոտ, նստած էր փեսա Դուբովը՝ ճապոնական վիսկիի շիշը ձեռքին։
— Վարունգն այնքան էլ լավ ակրատ չէ վիսկիի համար,— ծամածռեց դեմքը։— Շնորհավորի՜ր ինձ, հոգի՜ս։ Ազատ եմ արձակել թռչնակիս։
— Խանո՞ւթը։
— Եղած-չեղածով վաճառել եմ։ Հենց միայն այս շիշն է մնացել։ Մեկ տարի առաջ մի բժիշկ էր եկել։ Ասաց՝ ինչ-որ տարօրինակ մարդ էր գումարի փոխարեն տվել նրան։ Իսկ գիտե՞ս, թե որքան արժի այն։ Մրցանակիդ կես արժեքն է,— սկսեց ծիծաղել նա և լցնել բաժակները։— Դե՜, լա՜վ, կեսը չէ, բայց բավականին թանկարժեք է։ Հոգնե՜լ եմ։ Մե՛րթ ինչ-որ ախպերներ, մե՛րթ խուժաններ են գիշերով թակում դուռը՝ օղին ձեռքներին, մե՛րթ վաճառողուհիներն են ձանձրացնում իրենց՝ աշխատավարձը բարձրացնելու խնդրանքներով։ Բացի այդ՝ բանը միայն դրանում չէ։ Նայում եմ քեզ և մտածում․ ահա նա կեցցե՜։
— Իսկ ինչո՞վ ես ապրելու։
— Դրա մասին նույնիսկ մի՛ թախծիր,— մի քիչ էլ վիսկի լցրեց փեսան։— Գումարներս ամբողջ կյանքիս համար բավական են։ Առաջ ես էի դրանց համար աշխատում, իսկ հիմա թող դրանք աշխատեն ինձ համար։ «Չարայում» է այժմ կապիտալս։ Բաժնետիրական ընկերություններն արդեն անցյալում են, պլեբեյների համար, իսկ այստեղ պատկառելի բանկ է, նախատեսված ստեղծարար ինտելիգենցիայի համար։ Նրանց հաճախորդներն են Ախմադուլինան, Իսկանդերը, Կարպովը՝ շախմատիստ, Պուգաչովան։
Պավլիկը հիշեց, որ Պուգաչովան Նոր տարուն ելույթ էր ունեցել հեռուստացույցով Ելցինի փոխարեն և այնքան անկեղծ, այնքան լավ էր ասում, թե որքան դժվար էր բոլորի համար, թե որքան մոլորված, շփոթված էին բոլորը, և որ չնայած այդ ամենին՝ պետք էր դիմադրել այդ ժամանակներին և մարդ մնալ։
— Իսկ «Չարա» անվանումը գետի պատվի՞ն է։
— Չգիտեմ, թե ում պատվին է, բայց լավ տոկոս են տալիս։
— Նման քար էլ կա՝ «չարոիտ»,— Պավլիկը մի կում արեց սամուրայական օղուց, առանձնահատուկ ոչ մի բան չկար դրա մեջ։— Միշտ երազել եմ քարերով զբաղվել։
Այնուհետև հիշեց օլիգարխի մասին և մտածեց․ «Ի՜նչ լավ է, որ ավտոտնակի մառանը խորն է։ Եթե ինչ-որ բան պատահի, ոչ մի ռումբ չի հասնի այնտեղ»։
[1] Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի գլխավոր հերոսներից։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի