Պատմվածք

Հսկա Փիղը

Հսկա փղերն առաջ էին շարժվում արեւադարձային անտառի միջով՝ անցնելիս հարթելով, գետնին հավասարեցնելով բուսականությունը: Լի Շենը զգաց, որ հողն իր ոտքերի տակ տագնապով ցնցվում է, եւ հովհարաձեւ փոշու պտտահողմեր են գոյանում, կարծես ընկել էին զարկվող թմբուկի վրա:

Թարգմանիչ՝ Խորեն Գասպարյան

• 48 րոպե

Հսկա Փիղը

1

Հսկա փղերն առաջ էին շարժվում արեւադարձային անտառի միջով՝ անցնելիս հարթելով, գետնին հավասարեցնելով բուսականությունը: Լի Շենը զգաց, որ հողն իր ոտքերի տակ տագնապով ցնցվում է, եւ հովհարաձեւ փոշու պտտահողմեր են գոյանում, կարծես ընկել էին զարկվող թմբուկի վրա: Խոտե հյուղակը նրա ետեւում նույնպես դողում էր, մգլած տանիքի ծղոտե ծածկն ասես ցնցուղվում էր՝ անձրեւի սլաքների պես այսուայնտեղ գետնին թափվելով: Լի Շենը դեմառդեմ կանգնել էր փղերի առջեւ եւ բերանը լայն բացած՝ մտացիր նայում էր, ասես նողկանք էր զգում: Երկու ձեռքերը խուճապահար դեսուդեն էր շարժում՝ չկարողանալով կառչելու որեւէ բան գտնել: Նա տեսածից ամբողջովին շվարել, կաթվածահար էր եղել, զրկվել էր անգամ փախչելու մասին մտքից: Ի՜նչ վիթխարի էին: Շքեղ անտառը միայն նրանց ծնկներին էր հասնում, ասես խառնիխուռն թփուտ լիներ: Փղերի հայացքը հանգիստ էր, երբ իջնում էին զառիթափը: Երբ անցնում էին, դարավոր ծառերը սաստիկ ճոճվում էին՝ միանգամից տապալվելով, տների չափ մեծության արմատները դուրս էին ցցվում հողից: Ամեն տեսակի թռչուններ էին վեր խոյանում՝ ջղագրգիռ թռիչքով պտտվելով կենդանիների շուրջբոլորը: Թռչունների վառ գունավորված փետուրները փայլփլում էին երեկոյան սառն ու մածուցիկ լույսի տակ, իսկ նրանց ճիչերը խլանում էին կապարե ծանր ոտնաձայներից: Թռչել չհասցրած թռչունների փետուրները քշվում էին ընկնող ծառերից եւ կախվում օդի մեջ, ինչպես բազմագույն մշուշ:

Լի Շենը կարկամել էր, կմկմում էր՝ մեկ նախադասություն իսկ չկարողանալով արտաբերել: Երբ փղերը մոտեցան, պարզ լսեց նրանց շեփորաձայնը, տեսավ նրանց խոր ընկած աչքերը, որ նման էին հսկա դռների բացվածքի, եւ կոշտուկոպիտ, ամուր մաշկից կախված վիթխարի կանաչ ցողակաթիլները: Առաջնորդող փիղը վզին կրում էր փոքրիկ կարմիր մի կապոց, ինչպես ժայռին ամրացված նիհարիկ մի կակաչ: Երբ փիղը մոտեցավ, եւ նրա շունչը փոքր տորնադոյի պես զարկեց իր դեմքին, Լի Շենը տեսավ, որ դա կապոց չէր, այլ կարմիր անջրանցիկ թիկնոցով աղջիկ: Նա աղջկա դեմքը չէր տեսնում, բայց կռահում էր նրա երկար, ուսերին թափված մազերից եւ նրբագեղ կազմվածքից:

Երբ տեսավ, որ փղի վրա նստած մարդ կա, արդեն թաքնվելու համար շատ ուշ էր: Փիղն արագացրեց քայլերը եւ հանկարծ հարվածեց կիսավեր, խարխուլ շինությանը՝ ահաբեկելով եւ խուճապահար թռցնելով հյուղակի թռչուններին, հեծաններն ու գերանները ճռռացին ու տնքոց արձակեցին: Լի Շենը տեսավ, թե ինչպես են փղի ոտքերը կեսգիշերի պես ճնշելով իջնում, եւ նրա կոկորդը սեղմվեց ու քարացավ, մինչեւ որ վերջապես մի ձայն արձակեց՝ կարճ ու սուր հեւալով արտաբերելով. «Ա՜հ»:

Լի Շենը մի կողմ նետեց մահճակալի բարակ ծածկոցները, որ ներծծված էին քրտինքով եւ քրտինքի հոտ էին արձակում: Նա երկու անգամ խորը շունչ քաշեց, փակեց աչքերը, ապա նորից բացեց եւ ապշած, անհաղորդ հայացքով նայեց մոծակների ցանցի վերնամասին: Արդեն երկրորդ անգամն էր տեսնում այդ երազը:

Մանկությունից ի վեր նույն բանն էր. որոշ երազներ պարզապես կրկնվում էին: Երբ փղի մասին երկրորդ անգամ երազ տեսնելուց հետո արթնացավ, խոր անհանգստություն էր զգում: Զգում էր, որ իր ուղղությամբ գրոհող փիղը ինչ-որ սպասվող իրադարձության նախանշան էր։ Փիղ կամ էլ աղջիկ: Նա համոզված էր, որ դա աղջկա հետ ինչ-որ կապ ունի:

Լուսամուտից դուրս լսվում էր թռչունների խռպոտ ճռվողյունը։ Եվ այդ ձայնը հոծ էր, ինչպես իր հայրենի քաղաքի գիշերային երկնքի խիտ աստղերը: Ուշ էր: Նա մի պահ փակեց աչքերը, ապա վեր կացավ եւ լվաց դեմքը: Դուրս էր ելել, երբ հիշեց, որ մոռացել է սափրվել, եւ նորից ետ եկավ: Սափրվելուց հետո հայելուն նայելով՝ դեմքը ծամածռեց՝ խոժոռվելով ու ատամները բաց ժպտալով: Բնազդաբար լայն բացեց աչքերը, եւ ճակատն ակոսեցին անհարթ կնճիռների գծերը: Դա զարմացրեց նրան: Գիտեր, որ դեռ բավականին երիտասարդ է: Դեռ երկու օր առաջ էր նշել ծննդյան քսանիններորդ տարեդարձը: Աշխատավայրում բոլորը նրան նայում էին որպես քսանամյա երիտասարդի, եւ ինքը սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: Բայց, մյուս կողմից, երեսունից ընդամենը մի մազաչափ էր պակաս: Հիսուսին խաչին գամեցին, երբ երեսուներեք տարեկան էր: Որտե՞ղ կգամի կյանքն իրեն, երբ երեսուներեք տարեկան լինի: Նա թուլացավ, եւ ճակատը նորից դարձավ հարթ ու փայլուն: Թեեւ ամբողջ տասը տարով մեծ էր աղջկանից, բայց համոզված էր, որ նա իրեն որպես ծեր չի տեսնի:

2

Մինչ այդ միայն երկու անգամ էր տեսել աղջկան, եւ դա իրենց առաջին իսկական հանդիպումն էր։ Առաջին անգամ նրան տեսել էր գնացքում: Ուսապարկը մեջքին եւ ճամպրուկը քաշելով՝ աղջիկը հեւասպառ եկավ նստեց իր դիմաց: Գիտեր, որ նա նոր սովորող է: Այդ ժամանակ ինքն արդեն չորս տարի էր, ինչ դպրոցից դուրս էր եկել: Եվ մտածում էր, որ բոլոր աշակերտները պարզ ու միամիտ տեսք ունեն, բայց միաժամանակ կարոտով նրանց կողմն էր մղվում: Նաեւ անհիմն կերպով կարծում էր, թե ինքն արդեն ծեր է: Հպարտանում էր, որ չափահաս է, բայց դեռ սիրում էր խառնվել աշակերտներին, եւ շատ կարճ ժամանակում իրեն բարձր էր զգում նրանցից: Բայց այս անգամ երբ գնացքում աղջկան հանդիպեց, սովորականի պես չփորձեց զրույցի բռնվել: Նա բոլորովին գրավիչ չէր: Թուխ դեմք ուներ եւ կճատ քիթ, եւ պարզապես նման էր գյուղից եկած՝ ավագ դպրոցի ցածր խմբի աշակերտի: Այդ ամբողջ երեսուն ժամ տեւած ուղեւորության ընթացքում լուռ, փայտի նման նստել էին դեմդիմաց: Միայն երբ ուղեւորությունն ավարտին էր մոտենում, աղջիկը երկչոտ խնդրեց նրան, թե չի՞ զանգի արդյոք իր փոխարեն: Հեռախոսը ձեռքին ամաչկոտ շուռումուռ տալով, թուխ դեմքը շփոթմունքից կարմրատակած՝ ասաց, որ իր հեռախոսի մարտկոցի լիցքավորումը սպառվել է, իսկ հարազատներն իրեն դիմավորելու էին գալու: Նա հստակ հիշեց նաեւ, որ աղջիկը խոսելիս քիչ էր մնում լաց լինի: Թեեւ փոքր-ինչ զայրացած՝ անտարբեր զանգ տվեց եւ մեծ գոհունակություն ստացավ նրա շնորհակալական ջերմ խոսքերից: Ինքը ցույց տվեց, որ քաղաքը լավ գիտի, երբ մեծահոգաբար ուղեկցեց աղջկան խառն ու դժվարանցանելի կայարանի միջով ու հանձնեց նրա հարազատներին: Ապա շրջվեց եւ անմիջապես հեռացավ՝ չսպասելով անգամ նրանց շնորհակալական խոսքերին: Հետագայում մտածում էր, որ գուցե հենց դա էր այդքան լավ տպավորություն գործել աղջկա վրա:

Երբ աղջիկն իրեն հաղորդագրություն ուղարկեց, ինքն արդեն լրիվ մոռացել էր նրա մասին: Հաղորդագրության բնույթից կարող էր եզրակացնել, որ ուղարկողը երիտասարդ կին է, բայց վերջինս չէր ասում, թե ով է: Ուզում էր, որ ինքը գուշակի: «Գուշակեք: Մենք հանդիպել ենք ոչ այնքան վաղուց»: Զգացվում էր նրա սեթեւեթանքը:

Այդ ժամանակ նստած էր գրասեղանի մոտ, բայց սիրտը մի պահ արագ զարկեց: Աշխատանքի բնույթի պատճառով շատ հնարավորություններ չուներ կանանց հանդիպելու, հատկապես գեղեցիկ կանանց: Շատ կուզեր իմանալ, թե ինչպիսի գեղեցիկ դեմք կարող է լինել անծանոթ թվերի այդ շարքի ետեւում, երբ երկդիմի պատասխանում էր. «Այնքան շատ աղջիկների գիտեմ: Ինչպե՞ս իմանամ՝ ով եք»: Չէր համարձակվում իրական որեւէ հույս փայփայել, բայց չէր էլ կարող դիմակայել երազելու իր ցանկությանը:

«Ուրեմն, իսկապես գրավում եք կանանց»: Երբ այս պատասխանը տեսավ, էլ ավելի հուզվեց: Մի պահ մտածեց՝ իրո՞ք գրավում է կանանց: Գուցե ոչ, բայց իրեն դուր եկավ, որ նա այդպես է ասում: Տեքստում առկա թաքուն խանդը բավական հաճելի էր: Բայց երբ նա ասաց, որ այն աղջիկն է, որին ինքն օգնել էր երկաթուղային կայարանում, ինքը մի պահ սառեց: Այդ մասին մտածելիս հուզմունքն արագ անցավ: Ատեց իրեն, բայց մի փոքր զայրացավ նաեւ աղջկա վրա: Ինչո՞ւ ուղղակի չէր ասում: Չկարողացավ հիշել, թե նա ինչպիսի տեսք ուներ, բայց հստակ հիշեց, որ այնքան էլ գրավիչ չէր: Անտարբեր մի պատասխան գրեց՝ ասելով, որ աշխատանքի է, եւ սկսեց շարունակաբար անտեսել նրան:

Դրանից հետո աղջիկն իրեն պարբերաբար մի քանի տեքստային հաղորդագրություններ էր ուղարկում՝ որոշ հարցեր տալով իր ուսման հետ կապված: Այն թեթեւ հուզմունքը նորից չառաջացավ, բայց ինքը դեռ պատասխանում էր նրան: Նույնիսկ նրան հանդիմանեց, որ պետք է հատկապես զգույշ լինի տղաների հետ, որպեսզի հանկարծ չխաբվի: Աղջիկն ասաց, որ ինքը շատ բարի է եւ որ իր նման շատ կենսափորձ ու շատ բան իմացող անձնավորությունը չէր կարող մարդկանց հիացմունք չպատճառել: Դա ստիպեց բնազդաբար մտածել իր ընկերուհու մասին։ Վերջինիս աչքում ինքն ավելի ու ավելի թույլ ու կամազուրկ էր դառնում:

Ընկերուհին տեղացի քաղաքաբնակ մի աղջիկ էր: Միասին հանդիպում էին դեռ համալսարանական օրերից: Անցած չորս տարիների ընթացքում ինքը մի քանի անգամ առաջարկել էր, որ օրինականացնեն իրենց հարաբերությունները: Առաջին անգամ ընկերուհին իր հեծանվի ետեւում էր նստած, երբ սլանում էին սոսիների ստվերի տակ: Ընկերուհին ձեռքերով գրկել էր իր գոտկատեղը, եւ երբ ինքը ետ նայեց, տեսավ, որ նրա դեմքը կարմրատակել է: Վերջին անգամ, երբ այդ մասին ակնարկել էր, նա զայրույթով էր նայել իրեն:

— Ամուսնությո՞ւն: Ինչպե՞ս կարող ենք ամուսնանալ։ Գետնախորշո՞ւմ ենք քնելու, ինչ է:

Ինքը խուսափեց հարցից եւ առաջարկեց, որ գուցե կարողանան ապրել իր մոտ:

— Ամուսնանալ եւ ապրել վարձակալած բնակարանո՞ւմ։ Դու խենթ ես, — անփութորեն նետեց նա:

Խիստ ազդվեց այդ անփույթ վերաբերմունքից, բայց հանդուգն քմծիծաղեց եւ ասաց, որ եթե ամուսնության մասին խոսք չի կարող լինել, թող այդպես լինի: Սակայն սրտի խորքում խոր զղջում ապրեց:

Մի անգամ էլ վիճեցին փողի պատճառով, եւ ինքն իջավ սուպերմարկետ ու երկու շիշ գարեջուր գնեց, հետո տուն վերադարձավ ու խմեց ամբողջը: Խիստ հուզված էր, երբ նորից ու նորից բջջային հեռախոսի անուններն ու համարներն էր դեսուդեն անում՝ փնտրելով, թե ում հետ խոսի: Մատները կանգ առան աղջկա անվան վրա, եւ մի հաղորդագրություն ուղարկեց. «Դու ինձ դուր ես գալիս»: Երկար լռությունից հետո նրանից պատասխան եկավ. «Խմա՞ծ եք»: Շփոթվեց, բայց մարտահրավեր նետող տոնով պատասխանեց. «Ոչ: Ես ազնիվ եմ եղել»: Այս անգամ պատասխանն անմիջապես հետեւեց. «Իրոք խմած եք: Գիտեք, որ մենք անհամատեղելի ենք: Դուք այդքան լավ դպրոց եք ավարտել եւ աշխատանք ունեք, իսկ ես ոչինչ չունեմ»: Երբ հաղորդագրությունը կարդաց, պատասխանեց՝ խառը զգացմունքներով լի. «Այդ բաները կարեւո՞ր են: Սերը շատ պարզ է: Նա դրանց կարիքը չունի: Ուղղակի սիրում եմ քեզ, մաքուր եւ պարզ»: Տեքստն ուղարկելուց հետո զգաց, որ ստամոքսում մի հանգույց է պրկվել: Իսկապես հիվանդանում էր: Լուռ կշտամբեց ինքն իրեն: Թվաց՝ մի հավերժություն անցավ, իսկ նա դեռ չէր պատասխանել: Ասես սիրտը խաշվել էր եռացրած ջրով, եւ գլուխը գոլորշու ամպ էր: Քայլեց դեպի պատշգամբ եւ շնչեց գիշերային օդը: Նայելով քաղաքի հեռավոր լույսերին՝ վերականգնեց ինքնատիրապետումը եւ մեկ այլ հաղորդագրություն ուղարկեց. «Եթե համաձայն չես, ապա մոռացիր: Պարզապես ասա, որ հարբած եմ»: Հանկարծակի թեթեւացում զգաց, բայց նաեւ չէր կարող զսպել փոքր-ինչ հիասթափվածությունը: Որոշ ժամանակ անց պատասխան եկավ. «Դուք իրո՛ք վերջն եք: Փոփոխական, ինչպես քամին»։ Կրծքավանդակում ջուրը կրկին թեթեւակի ծփաց: Դրանից հետո մի քանի անգամ նա հաղորդագրություն ուղարկեց իրեն՝ հարցնելով, թե ինչու այդ գիշեր ինքն այդպես ասաց, բայց ինքը պարզապես շարունակում էր ծուլորեն անտեսել: Երբ մտածում էր նրա տեսքի մասին, սկսում էր զղջալ: Այդ գիշեր ինքն իրոք սարսափելի վիճակում էր:

Եթե ընկերուհու տուն ընթրիքի գնացած չլիներ, համոզված էր, որ դրանով հարցը փակված կլիներ:

Երբ ընկերուհու հետ նորից հաշտվել էր, նա իրեն հրավիրեց տուն ընթրիքի: Գիտեր, որ նրա հորը դուր չի գալիս՝ որպես դրսեկ, բայց այդուհանդերձ բավականին հարգանք ցուցաբերեց ծերուկի հանդեպ եւ շարունակում էր վերջինիս կենացն առաջարկել՝ մի քանի անգամ խմելու մարտահրավեր նետելով, մինչեւ որ ծերուկը երեք բաժակ գցելուց հետո փլվեց ընկերուհու տան բազմոցին եւ քուն մտավ: Երբ անվստահ հրաժեշտ էր տալիս, ընկերուհին դեմքը ծամածռեց եւ ասաց, որ ինքն իրոք չափն անցավ: Մտածեց, որ այս անգամ խաղն իսկապես ավարտված է: Մի՞թե չէր կարող շատ խմել, բայց մարդավարի: Սովորաբար ինքը կարող էր մեկ շիշ թունդ ոգելից խմիչք խմել, ասենք՝ օղի, անհանգստանալու բան չկար, ուրեմն ինչպե՞ս կարող էր այդքան հարբել այսօր մի քանի շիշ գարեջրով եւ խերեսով: Տան ճանապարհին մեկ այլ հաղորդագրություն ուղարկեց աղջկան՝ ասելով, որ ինչ-որ գործով դուրս է եկել եւ որ անցել է նրա դպրոցի մոտով ու կուզեր իմանալ՝ ժամանակ ունի՞ արդյոք: Պատասխանն արագ հետեւեց. աղջիկը հարցնում էր, թե որտեղ է:

Երբ մետրոյից դուրս եկավ, բավականին ուշ էր: Մետրոյի կայարանի դիմաց մի փոքրիկ զբոսայգի կար, իսկ զբոսայգում եվրոպական ոճի շատրվան կար՝ շրջանակված կապույտ լույսի լուսապսակով: Լույսը շողում էր շատրվանի կենտրոնում գտնվող մերկ կնոջ արձանի վրա, որի կապույտ դեմքը թունոտ չարությամբ էր լի: Քայլեց փոքրիկ զբոսայգու շուրջը, բայց նա չհայտնվեց: Միգուցե ինչ-որ բա՞ն էր պատահել: Նորից մտածեց ընկերուհու մասին: Պե՞տք է, արդյոք, տուն գնա: Իրոք որ՝ ընկերուհու հետ չպետք է դա աներ: Երկմտում էր՝ շատրվանի շուրջը վերուվար անելով: Գուցե շատրվանի մեջ գտնվող աղջիկը ինչ-որ բան էր ակնարկում իրեն: Հանկարծ անորոշ կերպով գիտակցեց, որ եթե այդպես շարունակի, ապա ինչ-որ բան տեղի կունենա, եւ դա կլինի հանցագործություն: Սիրտն արագ զարկեց, եւ ուժեղ, բայց աննկատ մի ալիք անցավ մարմնով մեկ: Վերջին գնացքը պատրաստվում էր մեկնել մետրոյի կայարանից: Ամուր սեղմեց հեռախոսը, եւ շատրվանից ընկնող բարակ մշուշը ծածկեց իր դեմքը: Ամբողջ մարմինը թուլացավ լիակատար թեթեւության զգացումից: Մի բան անելու է վերջապես: Գնա՛ գրողի ծոցը, — մտածեց:

Հենց որ աղջիկը հայտնվեց, բռնեց նրա ձեռքն ու գրկեց՝ շուրթերը հպելով նրա շուրթերին։ Աղջիկը շուրթերը պրկելով ետ քաշեց՝ աքցանի պես ամուր սեղմելով իրար: Ինքը փութեռանդորեն առաջ մղեց լեզուն՝ ճեղքելով վահանը, բայց միայն խոչընդոտող հսկա բարիկադի հանդիպեց:

Իր սպասած հաճույքին չէր հասել, բայց չէր նահանջի, երբե՛ք: Ուղղակի շարունակում էր լեզուն առաջ ու ետ տանելով շոշափել, տնտղել նրա ատամները: Բայց աղջիկը, կլոր աչքերը լայն բացած, չէր պատասխանում, որքան էլ որ ինքը համառ էր ու անզիջում: Ի վերջո հոգնեց այդ խաղից եւ բաց թողեց նրան:

— Դա համբույր ընդունելու ձեւ չէ, — ասաց փոքր-ինչ ընկճված:

— Դուք պետք է խոսե՛ք։ Իմ առաջին համբույրը եւ այսպես… Եվ դուք այդքան շատ եք խմել:

Աղջիկը քիչ էր մնում արտասվի:

Ուշադիր նայեց նրան: Դեմքը թուխ էր, քիթը կճատ: Բոլորովին գրավիչ չէր: Եվ նրանից տարօրինակ մի հոտ էր գալիս, որ առաջ չէր զգացել։ Դա նման էր օգտագործած վառոդի տհաճ հոտի: Խղճաց նրան, բայց ավելի շատ ատեց իրեն:

Ինքը կրկին ու կրկին պնդում էր, որ անհրաժեշտություն չկա ամբողջ ճանապարհն անցնել, քանի որ հենց նոր սենյակ է պատվիրել: Նա չէր խոսում, բայց երբ բացեց բերանը, միայն հարցրեց՝ ամբողջ ճանապարհը՞: Նայեց նրան: Չէր կարողանում հասկանալ՝ արդյոք անմե՞ղ է ձեւանում, թե՞ իրոք այդպես է: Ինքը հանկարծ կարմրատակեց, երբ ասաց՝ սիրիր ինձ:

Լսեց նրա հազիվ լսելի շշունջը՝ դու խենթ ես: Պարզ բառերը կատաղեցրին իրեն, երբ ի պատասխան բղավեց՝ ի՞նչ խենթ: Սա բնական բան է։ Վախենո՞ւմ ես: Ի՞նչ ես կոտրատվում: Աղջիկը թաքուն շուրջը նայեց՝ աղաչելով իրեն, որ ձայնը չբարձրացնի: Ամուր բռնեց նրան՝ հյուրանոց մտնելու մտադրությամբ, բայց նա գալարվելով մի կողմ փախավ, ինչպես ուժեղ երիտասարդ հորթ: Լավ, այդ դեպքում մոռացիր, — ասաց ինքը: Ես կգնամ: Եվ անմիջապես ետ քաշեց նրան դեպի մետրոյի կայարան: Մետրոյի գնացքները վաղուց դադարեցրել էին երթեւեկը։ Ինչպե՞ս էին վերադառնալու: Ստիպված էին լինելու տաքսի կանչել: Իր բնակարան վերադառնալու համար մոտ հարյուր յուան էին վճարելու: Երբ աղջիկը լսեց այդ թիվը, կասեցրեց իրեն: Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք… աղջիկը վարանեց: Եկ ետ չգնանք: Եթե ետ չգնանք, ո՞ւր ենք գնալու: Սեւեռուն նայեց աղջկան: Չե՞նք կարող պարզապես թափառել այստեղ՝ հրապարակում: Փողոցի լապտերների լույսն առկայծում էր աղջկա աչքերում: Հետեւելով նրա հայացքին՝ աչքը գցեց փոքրիկ ամայի զբոսայգու կողմը, որտեղ մի քանի անորոշ, ստվերոտ կերպարանքներ էին շարժվում։ Ինչպե՞ս կարող ենք դա անել: Միջօրեին շատ ցուրտ կլինի, էլ չասած՝ մոծակների մասին, ու նաեւ այնտեղ… այդ մարդիկ:

Մի սենյականոց էր պատվիրել: Երբ հեռուստացույցը միացրեց, այն ամբողջ ուժով գոռաց: Գիտեր, թե ինչ պետք է անի, եւ հեռուստացույցի ձայնը երկար ճանապարհ էր անցնելու՝ իր վախկոտությունը խլացնելու համար: Բայց ինչ էլ ասում կամ ինչքան էլ պնդում էր, աղջիկն անդրդվելի էր եւ հերոսուհու պես կանգնել էր անզիջում: Համարձակության այն փոքրիկ նշույլը, որ այդպես վճռականորեն քաջալերել էր իրեն, աննկատորեն չքացավ։ Ինչպե՞ս կարող էիր այդքան պահպանողական լինել: Ինձ հետ ներս եկար, էլ ինչո՞ւ չես թողնում: Եթե չէիր ուզում, ինչո՞ւ հետս ներս մտար: Իր ասածն այնքան համոզիչ էր: Աղջիկը ծնկներն ամուր սեղմեց իրար եւ երկու ձեռքերով ծածկեց կրծքերը: Աչքերում արցունքներ էին լճացել:

Իսկապե՞ս սիրում ես ինձ: Թե՞ պարզապես ուզում ես հետս ժամանակ անցկացնել: Ինքն սկսում էր կորցնել համբերությունը: Ես իրոք սիրում եմ քեզ: Արհամարհանքը զսպելով՝ սեղմեց ատամները: Եթե քեզ չսիրեի, ինչպե՞ս կարող էի այսպիսի բան մտածել: Տեսավ, թե նա ինչպես է շրթունքը կծում եւ վարանում։ Ինձ մի քիչ ժամանակ տուր, լա՞վ: Այս պահին… Ես դրան սովոր չեմ… Պարզապես խմած էիր, եւ ես վախենում եմ, որ կարող ես մի փոքր չափն անցնել: Երբ լսեց «դուր ես գալիս» բառերը, վհատված բաց թողեց նրան։ Այդ պահին հաղորդագրություն եկավ: Իր ընկերուհին էր, հարցնում էր՝ տա՞նն է արդեն, թե՞ ոչ։ Հեռախոսն անջատեց եւ այտը դրեց աղջկա այտին: Շունչը ետ բերեց. գինու եւ փսխուքի այդ հոտն իսկապես զզվելի էր: Ստամոքսը կրկին տակնուվրա եղավ:

— Կարծում եմ, լավ կլինի տուն գնաս, — ասաց հանգիստ:

— Չե՞մ կարող մնալ: Դու քնիր: Ես ուղղակի կնստեմ կողքիդ եւ հեռուստացույց կնայեմ:

— Չէ: Եթե մնաս, չեմ կարողանա ինձ զսպել, եւ քեզ համար լավ չի լինի:

Վճռական էր։ Վերականգնել էր պատշաճ քաղաքավարությունը: Ինքն իրոք վատ երիտասարդ չէր: Նույնիսկ տեւական վախի զգացում ուներ: Որքա՜ն վտանգավոր էր եղել հիմա: Քիչ էր մնում շատ մեծ սխալ գործեր:

— Սաստիկ հուզված էիր, — ասաց աղջիկը՝ զննելով իր դեմքը, երբ ինքը տաքսու մոտ ճանապարհում էր նրան:

— Ե՞ս, վախեցա՞ծ: Ի՞նչ կար վախենալու: Քո մասին էի մտածում: Եթե իսկապես մի բան անեի, ապա քեզ համար լավ չէր լինի:

Խուսափեց աղջկա հայացքից եւ նորից ամբողջովին կարմրատակեց:

Վերադարձավ հյուրանոց: Թվաց՝ ամբողջ մի հավերժություն անցավ, մինչեւ որ ջուրն իր ուզած ջերմաստիճանն ստացավ: Ցնցուղն ուղղեց դեպի շուրթերը: Ջրի ուժեղ շիթը զարկեց փայտացած քիմքին, երբ նրբորեն ճաշակում էր շփումն ու ցավը: Ինքն ու ընկերուհին այդպես էին անում հյուրանոցում միմյանց համար: Դա լավ խաղ էր: Բայց հիմա միայն մտադիր էր շուրթերի վրայի այդ զզվելի հոտը հեռացնել: Երկար ժամանակ անց լեզուն թմրեց ու անզգայացավ, եւ այդքան երկար զսպված արցունքները դուրս հորդեցին։ Կուչ եկավ մահճակալի վրա: Ի՜նչ տարօրինակ էին այս գիշերվա դեպքերը: Ի՜նչ խորհրդավոր էր, որ ինքը մնում էր այս հյուրանոցում: Անհանգիստ շուռումուռ գալով քուն մտավ եւ անորոշաբար, մշուշի մեջ սկսեց հսկա փղի ձեւ ընդունել: Փիղն աջուձախ ամեն ինչ խորտակելով ճանապարհ էր հարթում անտառի միջով՝ ոտնատակ տալով ու գետնին հավասարեցնելով տերեւները: Իրեն թվում էր, թե ողջ գետինը ցնցվում է իր ոտքերի տակ, եւ ինքն ամեն րոպե կարող է ընկնել: Թվում էր՝ ուր որ է կճզմվի այդ արարածի ոտքերի տակ: Գոռալով արթնացավ: Լուսնի լույսը փայլում էր կիսաբաց լուսամուտից, վարագույրները մեղմ քսվում էին հատակին: Ի՜նչ ապշեցուցիչ նմանություն ուներ մեծ ստվերը փղի ամրակազմ մարմնին:

Շատ հստակ հիշում էր, որ դա առաջին անգամն էր, երբ երազում տեսավ փղին, բայց նրա վրա կարմիր անջրանցիկ թիկնոցով աղջիկ չկար:

3

Ժողովրդական զբոսայգին շրջապատող բարձրահարկ շենքերը նույնպես նման էին հսկա փղերի: Մի պահ Լի Շենը պատկերացրեց, որ դրանք գրոհում էին իր վրա: Բայց մի էական տարբերություն կար. ի տարբերություն երազի՝ լիովին ապահով էր զգում: Նա սիրում էր վտանգը պատկերացնել ապահով հեռավորությունից, հուզագրգիռ մի զգացողություն, որ ստանում էր վտանգից այդպես ապահովված լինելով: Շուտ էր տեղ հասել եւ բավական շատ ժամանակ ուներ մտածելու անցյալ ամսվա կամ էլ ավելի առաջվա իրադարձությունների մասին եւ կանխատեսելու, թե ինչ կարող էր տեղի ունենալ այս երեկո: Այսօր գիշերը… չէր կարող փոքր-ինչ չհուզվել: Անցած անգամվանից տարբեր կլինի: Անկասկած: Ինչ էլ որ անի, ընկերուհուն կրկին հուսախաբ չի անի: Այն բանից հետո, երբ ընկերուհին ասել էր, որ նոր ընկեր ունի, ետուառաջ էր արել իր սենյակում, ինչպես վանդակված մի կենդանի: Կապ չունի՝ ո՛ր ուղղությամբ էր գնում-գալիս, հինգ քայլից ավել չէր կարող անել, որովհետեւ դեմ կառներ պատին: Իրոք ուզում էր գոռալ, սակայն, կանգնած նեղ պատշգամբում, որտեղ իրար գլխի ամեն տեսակ հնոտիք էր կիտված, մեկ այլ բնակելի շենքից ընդամենը 10 մետր կամ մի քիչ ավելի հեռավորության վրա, լայն բացեց բերանը, բայց ձայն չկար: Մարդիկ կկարծեին, թե խելագար է: Հանեց բջջային հեռախոսը եւ սկսեց նորից դեսուդեն անելով նայել համարները: Մատները հերթով անցնում էին անունների վրայով: Բոլոր անուններն իրենց կյանքն ունեին: Նրանք ոչ մի կապ չունեին իր հետ: Եվ այնժամ նորից կանգ առավ աղջկա անվան վրա: Այն գիշերից հետո կապի մեջ շատ չէին եղել: Ի՞նչ կարող էր ասել: Հասկացավ, որ նա միակն է, որի հետ կարող էր խոսել: Այնքան շատ ընկերներ ուներ, բայց նա… անկեղծ ասած՝ նա միակ մարդն էր, որի հետ կարող էր խոսել, եւ նա դեռ չէր կարող ընկեր համարվել: Երբեմն, իսկապես, ամեն բան այնքան տարօրինակ է:

Քանիցս նրան խնդրեց մտածել այն մասին, թե իրենց ինչպես կզգային, եթե այն գիշեր իրոք միասին լինեին, բայց ամեն անգամ աղջիկը ճարպկորեն փոխում էր թեման։ Ինքը նիզակով որսորդ էր, իսկ նա փոքրիկ սարսափած եղնիկ: Որսի ընթացքում իր սիրտը, որ կողոպտված էր ընկերուհու կորստից հետո, այժմ լի էր անխոհեմության զգացումով: Դա էլ ավելի մեծ վիշտ էր հարուցում: Իր սրտում ընկերուհին աննկատորեն վերածվել էր քաղաքի խորհրդանիշի, երբ նրա հետ էր, զգում էր, որ ինքն իսկապես քաղաքի մաս է: Եվ նրա մեկնումով ինքնաբերաբար զգաց, որ չի կարողացել մտնել քաղաք: Դառնորեն մտածում էր, որ ինքը մնացել է «գեղջուկ»: Մինչդեռ աղջիկն, ինչպես ինքը, օտարական էր, եւ ինքն օգտվել էր քաղաք շուտ մուտք գործած լինելու իր առավելությունից, որպեսզի հեշտությամբ պահանջի նրան: Որոշակի չափով նա կարող էր փոխհատուցել իր կորուստը, եւ ինքը մեկ անգամ էլ խղճաց ու ատեց իրեն: Մի՞թե ես իսկապես արժանապատիվ մարդ եմ: Երբեմն հարցնում էր ինքն իրեն: Այո: Այս օրերին եւ այս տարիքում դա իսկապես ոչինչ էր, բայց պահպանողականությունը դեռ իշխում էր: Եվ ինքը նրան էր ասում, թե շատ պահպանողական է: Բայց այս անգամ գիտեր, որ այդպիսի արդարացումն իսկապես չէր կարող իր ներքին տագնապը փարատել: Միակ ընտրությունը ինքնին հարցից խուսափելն էր: Պետք է կանգ առնի, քանի դեռ շատ հեռուն չի գնացել: Փառք Աստծո, անցած անգամ ոչինչ չպատահեց: Բայց հետո նորից չէր կարողանում զսպել իրեն: Անհամբեր էր եւ ձգտում էր խախտել սահմանները:

Շուրջը նայեց: Զբոսայգին շրջապատված էր բարձրահարկ շենքերով, եւ երկինքը վերեւում փակվում էր: Երեւի շուտով անձրեւ էր գալու: Որքա՜ն տարբեր էր այս հեղձուցիչ եղանակը իր հայրենի քաղաքի եղանակից: Նույնիսկ գրեթե տասը տարի անց էլ՝ դեռ չի կարողացել սովորել այս եղանակին: Սիրահարները շարունակում էին կրքոտ գրկախառնվել մոտակա նստարաններին: Ինքը դա չէր կարողանում տանել: Հենվելով քափուրի ծառին՝ աչքերը փակեց: Երկու մուգ կարմիր տերեւ իջան կրծքին:

Ինչ եկել էր այս քաղաք, միայն տեսել էր այս տարօրինակ ծառերը, որ գարնանն են տերեւները թափում: Վերցրեց տերեւները եւ տրորեց ափի մեջ, ապա թողեց, որ ընկնեն գետնին: Իսկապես խղճում էր աղջկան: Նախկինում դա եղել էր, ուստի նա պետք է պատրաստ լիներ այս անգամ: Ինքը չէր կարող պատասխանատվություն կրել որոշման համար:

Աղջիկը գրեթե մեկ ժամ ուշ եկավ: Սեւադրական հայացքով նայեց նրան ու հարցրեց, թե ինչքան է վճարել: Նրա դեմքը դարձավ վառ կարմիր, եւ ասաց, որ սխալ ուղղությամբ մեկնող գնացք էր նստել եւ գլխի չէր ընկել, մինչեւ որ վերջին կայարանին էր մոտեցել: Ցավացել էր, որ ինքն էլ է նույն բանն արել, երբ նոր էր քաղաք եկել, եւ ասաց՝ ինչպե՞ս կարող էիր այդքան հիմար լինել, որ լրիվ այլ ուղղությամբ գնայիր: Կատաղած էր, երբ մի քանի անգամ կրկնեց «հիմար» բառը: Նա գլուխը կախեց՝ ընդունելով իր նախատինքների տարափը եւ պնդելով, որ դա այլեւս չի կրկնվի:

Կրկնվի՞: Փռթկացրեց: Ո՞վ գիտի՝ ո՛ւր կգնաս հաջորդ անգամ, մինչեւ արթնանաս:

Բայց լռեց, երբ տեսավ, որ նրա աչքերը սկսում են թրջվել:

Առաջ քայլեց զբոսայգու նեղ արահետով, եւ աղջիկը ձգտում էր հասնել իր ետեւից: Սովոր էր միայնակ զբոսնել քաղաքում արագ քայլերով, եւ աղջիկն ստիպված էր գրեթե վազել, որպեսզի ետ չմնար։ Շրջեց դեմքը եւ քայլեց աննպատակ՝ նայելով միմյանց ձեռք բռնած սիրահարներին, իրենց երեխաների հետ զբոսնող միջին տարիքի տղամարդկանց կամ անվասայլակներին նստած ծերերին: Արեւի լույսը խայտաբղետ շողում էր մարդկանց դեմքերի վրա: Կրկին մտածեց այն փղերի մասին, ինչպես էր արեւն իր հզոր ճառագայթներով ընկել նրանց ցողածածկ կոպիտ մաշկի վրա եւ շողում էր՝ ջրի մեջ շարժվող ոսկե ծածանի նման: Ուզում էր փախչել, բայց ինչ-որ բան բռնել էր ձեռքը: Մի ակնթարթում սթափվեց ցնորքներից եւ ետ նայեց ու տեսավ, որ շնչակտուր աղջիկը բռնել է իր ձեռքը:

— Ի՞նչ ես այդպես արագ վազում: Չես էլ սպասում ինձ:

— Սովոր եմ այդպես մենակ քայլելու, — ժպտաց անտարբեր:

Շարունակեցին դանդաղ քայլել զբոսայգում՝ ձեռք-ձեռքի: Նրանց տեսնող ցանկացած մեկը համոզված կլիներ, որ սիրահարների զույգ են:

Հանկարծ իր մտքով անցավ, որ գուցե աղջկա աչքում իրենք իսկապես զույգ են: Մի տեսակ անհանգստացավ՝ վախենալով, որ ծանոթներից մեկնումեկը կարող է տեսնել իրենց, իսկ միգուցե իր ընկերուհի՞ն: Գիտեր, որ ծիծաղելի բան է մտածում, բայց չէր կարողանում այդ միտքն իրենից վանել: Երբ մոտեցան փոքրիկ լճին, ձեռքը ետ քաշեց եւ ճաղաշարին հենվելով՝ նայեց պղտոր ջրին: Այսուայնտեղ ռետինե մի քանի նավակ էին ճոճվում, իսկ լճի մակերեւույթից վեր՝ բադի կտուցների նմանվող ծորակներից պարբերաբար ջրի շիթերի բարձր շատրվաններ էին արտամղվում: Նավակներում գտնվող աղջիկները ժամանակ առ ժամանակ վախեցած ճիչեր էին արձակում՝ սեղմվելով իրենց կողքին նստած տղաներին: Շիթերն անմիջապես ծուլորեն ցած էին թափվում ջրի մակերեւույթին, իսկ կաթիլներից մի քանիսն ընկնում էին նրանց դեմքերին՝ թույլ ձկնահոտ արձակելով: Ուզո՞ւմ ես փորձել: Աշխույժ նայեց աղջկան: Բայց նա լճին չէր նայում: Նրա դեմքը մռայլ էր, երբ նայում էր անցնող մարդկանց: Ուզո՞ւմ ես փորձել: Նորից հարցրեց: Չէ՝ եղավ կտրուկ պատասխանը: Մի պահ զարմանքով նայեց նրան եւ ասաց՝ մոռացիր: Բայց երբ քայլեցին լճի մյուս կողմը, որտեղ վարձու նավակներն էին, աղջիկը կանգ առավ: Եկ թիանավակ նստենք: Թախանձող հայացքով նայեց իրեն: Չասացի՞ր, որ չես ուզում: Պատասխանեց ծուլորեն։ Ուզում եմ թիավարել, չեմ ուզում այդպես խաղալ, — ասաց աղջիկը: Նա իրեն ասաց, որ ապրում էր մեծ գետի կողքին: Լայնարձակ գետ էր, եւ ջուրը հոսում էր հարթ ու սահուն: Նա սիրում էր նավակով մի ափից մյուսն անցնել:

Լի Շենը թիանավակ չվարձեց, ինչպես աղջիկն էր առաջարկել: Փոխարենը վարձեց դանդաղընթաց մի էլեկտրանավակ։ Երբ երիտասարդ էր, ապրում էր լեռնային շրջանում, եւ առաջին անգամ նավակ նստել էր քաղաք գալուց հետո։ Նավակ նստելիս դեռ հուզվում էր: Նստեց ղեկավարման մասի նստարանին եւ սկսեց ղեկալծակով կարգավորել նավակի ընթացքը: Նավակի քիթը շարունակում էր զարկվել կամրջի հենարաններին եւ ջրափնյա գծին։ Շուտով հոգնեց դրանից: Նավակը շատ դանդաղ էր շարժվում, եւ շատ հեշտ էր այն կառավարել: Տեղը փոխեց աղջկա հետ եւ տեսավ, թե ինչպես է նա հուզված բռնում ղեկալծակը։ Աղջկա դեմքն ամբողջովին կարմրատակել էր, մեկ ճչում էր, մեկ աղաղակում: Նա խանդավառ կերպով պատմում էր երեխա ժամանակ գետի վրա նավարկելիս ունեցած իր փորձի մասին: Ինքը ծուլորեն պատկերացրեց նրան ափին խաղալիս: Աղջիկը, ինչպես միշտ, գրավիչ չէր, բայց հայացքի մեջ որոշակի նուրբ փոփոխություն կար: Մինչդեռ ինքը շուտով սկսեց հոգնածություն զգալ: Միշտ էր հոգնածություն զգում: Ձախ ձեռքով նավեզրից բռնած՝ նայեց հեռվում լճի մակերեսին արտացոլվող երկնքին, եւ թուլացած կոպերը խոնարհվեցին:

Նավեզրից բռնած ձեռքը սահեց, եւ Լի Շենն անմիջապես բացեց աչքերը: Աղջիկը թեթեւ ժպիտով նայում էր իրեն: Դեմքը կարմրեց: Քնած ժամանակ այնքան զվարճալի տեսք ունեիր: Նա մեղմ կչկչում էր, իսկ դեմքը ողողված էր արեւի լույսով: Ինքն նույնպես ժպտաց եւ ուղղեց մեջքը՝ շորերը կարգի բերելով: Աղջիկը շարունակում էր քրքջալով նայել իրեն: Ինքը հոնքերը կիտեց եւ մի հայացք գցեց նրա կողմը: Ինչի՞ վրա ես ծիծաղում:

Նա զսպեց ծիծաղը: Որոշ ժամանակ անց ամպերը ցրվեցին, եւ ջուրը ողողվեց մթնշաղի լույսով: Լույսն ասես արտացոլվում էր արույրե հայելու մեջ: Փոքրիկ նավակը կանգ առավ լճի մեջտեղում՝ լրիվ մենակ: Գլխացավ զգաց՝ ասես ուժեղ ճառագայթից հանկարծ կուրացած:

— Երբեւէ փիղ տեսած կա՞ս, — հարցրեց անսպասելիորեն:

— Երբեք: Որտեղի՞ց։ Քո նախկին բնակավայրում փի՞ղ ունես:

— Ես փղեր տեսել եմ միայն կենդանաբանական այգում, — անփութորեն ասաց Լի Շենը՝ հայացքը հանգիստ հառած ջրի մակերեւույթին խաղացող լույսին:

Երբ ավելի մթնեց, նրանք հեռացան զբոսայգուց: Լի Շենը շարունակում էր քայլել մի փոքր առջեւից, իսկ աղջիկը վազում էր, որպեսզի ետ չմնա, երբեմն իր թեւքից քաշելով: Նրանք անշտապ ընթրեցին փոքրիկ, դատարկ ռեստորանում՝ երբեմն զրուցելով: Մեծադիր ապակե լուսամուտից անդին կամաց իջնում էր գիշերը: Սպասեց մինչեւ աղջիկն ուտի վերջացնի ապուրը: Նա փոքր գդալով իրար ետեւից կում-կում կուլ էր տալիս ապուրը, ասես այն շատ համեղ էր։ Ինքը նայում էր նրա թեթեւակի դողացող մատներին, սոխարմատի նման ճերմակ երկար, նեղ եղունգներին: Գիտեր, թե հետո ինչ է լինելու, եւ վստահ էր, որ նա էլ գիտե: Նա չպետք է հավատա իր այսպես ասած հավաստիացումներին:

Ճիշտ այն առաջին գիշերվա նման՝ աղջիկը ձեռքերը խաչեց, որպեսզի պաշտպանի կրծքերը, եւ ամուր պրկեց ոտքերը: Ինքն ուժեղ ճնշում գործադրեց: Չէի՞ր ասում, թե ուզում ես օգնել ինձ՝ նշելու ծննդյանս օրը։ Սա՞ ես համարում ինձ տրված ծննդյան օրվա նվեր, — հարցրեց: Աղջիկը պետք է որ ապշած լիներ իր սպառնագին պահվածքից: Արցունքներ խաղացին նրա աչքերում, ասես աղերսում էր՝ ինչո՞ւ ոչ հաջորդ անգամ։ Հաջորդ անգամ համաձայն կլինեմ: Գուցե այս մեղմ, քնքուշ մերժումը պատճառ դարձավ, որ ինքը վերջ տա եւ պառկի նրա կողքին՝ աչքերն առաստաղին հառելով եւ ծանր շնչելով։ Շփոթված էր ու վրդովված:

Աղջիկը շտկեց զգեստը եւ նայեց Լի Շենին՝ կրկին քրքջալով: Հայացքն ուղղեց աղջկա կողմը։ Հիմա՞ ինչու ես ծիծաղում։ Շրջվելով՝ նա սեղմեց շուրթերը եւ սեւեռուն իրեն նայեց: Այլ տեսք ունես, քան վերջին անգամ քեզ տեսածս ժամանակ:

Ինչպե՞ս թե՝ այլ, — հարցրեց: Նա ծիծաղեց եւ տատանվեց, ապա շարունակեց: Հիմա շատ ես ծերացել: Այս խոսքի վրա նորից սեղմեց նրան: Տրամադրված էր խախտել ամեն սահման, որպեսզի վրեժ լուծի: Միայն մեկ վայրկենական կասկած ունեցավ. աղջիկը տարբեր էր իր նախկին ընկերուհուց: Այս քաղաքում իրենք նույնն էին: Երկուսն էլ թափառական էին, անհանգրվան:

Աղջկա համար սա առաջին անգամն էր: Խոչընդոտը, որին ինքը հանդիպեց, եւ ցավը, որն աղջիկը ցուցաբերեց, իր սպասածից շատ ավելի մեծ էին: Զննեց նրա կծկված, ցնցվող դեմքը եւ մի կարճ պահ վարանեց, ապա շարունակեց՝ էլ ավելի վճռական: Աղջիկը շրթունքը կծեց եւ հայացքը մի կողմ շրջեց: Լի Շենը մտածեց, որ նա ուր որ է կարտասվի, բայց աղջիկը պարզապես հայացքն ինչ-որ բանի էր հառել: Նախկինում իր հետ դա երբեք այդքան երկար չէր տեւել, եւ այդ ամբողջ տեւական գործընթացի ժամանակ աղջիկը շարունակում էր հայացքը մի կողմ շրջել եւ իրեն չնայել: Դիմեց նրան՝ անունը տալով՝ Սյաո Յան, Սյաո Յան, բայց նա չէր պատասխանում: Մի պահ հիշեց նախկին ընկերուհուն, եւ սիրտը սեղմվեց: Չգիտեր, թե աղջիկն ինչի մասին է մտածում: Դեմքը հպեց նրա պարանոցին եւ զգաց վառոդի այն թույլ հոտը: Ի վերջո աղջիկը դեմքով շրջվեց իր կողմը եւ հարցրեց՝ ձայնի մեջ ձանձրույթի երանգ՝ դեռ չե՞ս ավարտել: Նրա հայացքի տակ ինքը թուլացավ եւ սաստիկ կարմրեց:

Լի Շենը չտեսավ այն, ինչ սպասում էր տեսնել Սյաո Յանի տակ ընկած սրբիչի վրա: Փոխարենը հանգստացավ ու ծիծաղեց եւ ասաց, որ ոչինչ չկա, ամեն ինչ լավ է: Ուղեկցեց աղջկան մինչեւ լոգարան եւ արագ նկատեց մի մեծ կարմիր բիծ նրա ոտքերի տակ: Կանգնած էր աղջկա կողքին, իսկ կարմիրը դանդաղ հոսում էր նրա ոտքերի վրայով: Այն շարունակում էր հոսել ինչ-որ գաղտնի, վախեցնող տեղից: Ինքը հետո մտածում էր, թե ինչպես պետք է հիմարի պես վախենար այն ժամանակ: Հիշեց, որ առաջին անգամ նախկին ընկերուհու հետ լրիվ մթության մեջ էր: Թվում էր, թե ընկերուհին շատ ավելին գիտեր, քան ինքը, եւ չէր արնահոսել: Ինչի՞ց է, որ այդքան շատ է, այդքան շատ է, կրկնում էր անընդհատ: Աղջիկը նրան նայեց վշտալի դեմքով: Ես ի՞նչ իմանամ: Ինքն շտապեց ասել, որ բան չկա, ոչինչ էլ չի լինի: Կարծես նրան էր վստահեցնում, բայց միաժամանակ վստահեցնում էր ինքն իրեն: Սիրո՞ւմ ես ինձ: Տխուր հարցրեց աղջիկը: Ինքը մի պահ տատանվեց, ապա ասաց՝ իհարկե: Աղջիկն էլ ավելի վշտացավ: Ասա դա: Ուզում եմ ասես դա: Չեմ ուզում պարզապես պատասխանես: Իսկ ինքն ուղղակի ասաց՝ մի՞թե կասկած կա: Գրկեց նրան եւ թեթեւ ծիծաղեց՝ մտածելով՝ այսուհետ ես այլեւս լավ մարդ չեմ:

Առավոտյան երբ արթնացան, աղջիկն ասաց, որ գիշերն ինքը կրճտացնում էր ատամները: Կրճտոցի ձայնը բավականին բարձր էր, ու նաեւ գոռում էր եւ ճչում։ Հարցրեց՝ արդյո՞ք մղձավանջ էր տեսնում: Առաջին անգամ իմացավ, որ քնած ժամանակ ատամներն է կրճտացնում: Նախկին ընկերուհին երբեք իրեն չէր ասել այդ մասին: Միշտ ինքն էր արթնանում գիշերվա կեսին եւ անտարբեր նայում հանգիստ քնած ընկերուհուն: Մի պահ մտածեց: Ընկերուհու հետ երբեք չէր խոսել փղերի մասին: Եվ կասկածանքով հարցրեց աղջկան՝ իրո՞ք:

Ծննդյան օրվա առթիվ աղջիկն իրեն սեւ շարֆ նվիրեց: Ասաց, որ երկու շաբաթում է գործել դա: Ինքը շնորհակալություն հայտնեց նրան, եւ մինչ նա լոգարանում էր, շարֆը խցկեց հյուրանոցի կոշիկի պահարանի մութ խորքերը:

4

Դրանից հետո փղերը երբեք ամբողջ երազը չէին գրավում: Փոխարենը՝ հայտնվում էին մի շարք տարբեր երազներում: Երազ տեսավ՝ իբր գործընկերոջ հետ աստիճաններով վեր էր բարձրանում, ու երբ հասան վերին հարկին, գործընկերը դեմքով դարձավ դեպի իրեն, եւ նրա գլուխը հանկարծ պայթեց։ Դա հսկա փղի վիթխարի գլուխ էր: Ինքն այնքան վախեցավ, որ շրջվեց ու փախավ, բայց տեսավ, որ ոչ մի ուղղությամբ ճանապարհ չկա: Հետո մեկ ուրիշ անգամ էլ երազ տեսավ, երբ նոր էր քուն մտել: Մշուշի մեջ հսկայական մի լեռ էր բարձրանում, որ խաղողի վազերով էր պատված եւ չափազանց զառիվայր էր: Ուժասպառ հասավ գագաթին եւ զգաց, որ ոտքերի տակ գետինն սկսեց ցնցվել: Շուրջը նայեց եւ տեսավ, որ բարձրացել է վիթխարի փղի ուսերին: Այսպիսի երազներից մշտապես արթնանում էր սառը քրտինքի մեջ կորած: Սակայն Սյաո Յանի հետ այն գիշերվանից հետո պարզեց, որ փղի վրա նստած՝ կարմիր անջրանցիկ թիկնոցով աղջիկն այլեւս երբեք չի հայտնվում: Ուրախ էր, բայց նաեւ փոքր-ինչ հուսախաբ։

Ամեն օր, երբ երազ տեսնելուց հետո արթնանում էր, դեռ մինչեւ աշխատանքի գնալը որոշ ժամանակ էր ունենում: Պառկում էր անկողնում, լրիվ սթափվում եւ պարզապես նայում: Ահավոր տեսք էր ունենում: Սկսեց մաքրող լոսյոն օգտագործել՝ դեմքը խնամքով լվանալու համար: Դեմքը լվալուց հետո խնամքով սափրվում էր: Լուռ նայում էր հայելուն ամբողջ մի հավերժություն՝ իսկական ծաղրածուի նման ծամածռվելով ու ատամները բացելով, եւ հայելու միջի դեմքն արձագանքում էր նույն կերպ: Հետո հանկարծ հանգիստ ու անխռով տեսք էր ընդունում, եւ հայելու միջի մարդն էլ էր հանդարտվում: Իսկապես հետաքրքիր էր: Անկախ նրանից, թե ովքեր են, մարդիկ երբեք նույնը չեն հասարակության մեջ եւ առանձին: Միայն ինքն է տեսել իր ծամածռվող դեմքը:

Աշխատանքի գնալու ճանապարհին երբեմն հայացք էր գցում այս կամ այն գեղեցիկ աղջկա կողմը: Այս քաղաքում գեղեցիկ աղջիկներն անպակաս էին: Մի օր ճամփեզրին սպասում էր համալսարանի իր հին դասընկերոջը՝ Ցզյանին: Հեռվից նկատեց կարճաթեւ ճերմակ վերնաշապիկով, սեւ, կարճ շրջազգեստով նուրբ ու սիրունիկ՝ քայլող մի աղջկա: Աչքերն այնքան թարմ ու մաքուր էին, որ նա ուղղակի հմայիչ էր: Չկարողացավ զսպել իրեն եւ մի փոքր ավելի մոտեցավ, որ ավելի լավ տեսնի: Աղջիկը մոտեցավ եւ դիմեց իրեն, ինչպես եղբորը կդիմեն՝ ասելով, թե ավելի քան գոհ կմնա իր ծառայությունից: Ապշած նայեց նրան եւ հարցրեց՝ ծառայությունի՞ց: Աղջիկն արագ արձագանքեց մի շարք արտահայտություններով՝ «Փոթորիկ անապատում», «Բյուրեղյա սեր» եւ այլն: Երբ ավարտել էր, հանդիսավորությամբ ավելացրեց՝ երաշխավորում եմ, որ կբավարարվես: Ինքը հասկացավ, թե նա ինչ նկատի ունի, եւ սաստիկ կարմրեց, բայց պահպանեց ինքնատիրապետումն ու հարցրեց՝ ինչքա՞ն: Երեք հարյուր՝ լրիվ ծառայության համար կամ հինգ հարյուր՝ երկու հանդիպման համար: Եթե ուզում ես ամբողջ գիշերը, ապա յոթ հարյուր: Այս ասելով՝ ակնկալիքով նայեց իրեն: Ինքն իսկապես գայթակղվեց: Իր ծանոթ աղջիկներից եւ ոչ մեկն այս աղջկա չափ գեղեցիկ չէր։ Գլուխը կախեց, ասես խղճի հետ կռիվ էր տալիս: Աղջիկը նկատեց իր տատանվելը եւ ասաց, որ ապրում է հարեւանությամբ, որ անվտանգության խնդիր չի լինի, որ սովորաբար ծառայություններ չի առաջարկում բացեիբաց եւ որ սովորաբար իր հաճախորդներին գտնում է առցանց: Այսօր մի փոքր ձանձրույթ էր զգում, դրա համար էլ դուրս էր եկել զբոսանքի եւ հանդիպել էր իրեն: Եվ կարող էր իրեն ասել, որ կարգին տղա է: Մի պահ վերից վար նայեց աղջկան: Դեմքը նուրբ էր, կոպերին թեթեւ ստվերաներկ էր նշմարվում, որն ըստ էության անմեղության տպավորություն էր հաղորդում: Բայց այդուհանդերձ նա այդ գործն էր անում։ Ինքը չգիտեր, թե ինչն ստիպեց իրեն դա անել: Ես ազնիվ տղայի տե՞սք ունեմ, — հարցրեց ծաղրանքով։ Աղջիկն աչքով արեց եւ սեղմեց իրեն՝ գալի՞ս ես, թե՞ չէ:

Չասաց, թե կընդունի նրա առաջարկությունը, ոչ էլ մերժեց այն: Կարմրատակած դեմքով հարցրեց, թե արդյո՞ք նա շատ հաճախորդներ ունի եւ ինչպե՞ս է նրա առողջությունը։ Կակազելով, ճակատը քրտինքի կաթիլներով պատված, ձեւացրեց, թե մազերն է ուղղում, եւ առիթից օգտվելով՝ ճակատը սրբեց: Ձեռքից սառը քրտինք էր կաթում: Մտածեց, թե աղջիկը կզայրանա, բայց նա չզայրացավ։ Դրա փոխարեն քմծիծաղեց՝ ի ցույց դնելով կանոնավոր, փայլուն սպիտակ ատամնաշարը: Շալվարդ հագը պահիր, եղբայր: Սա իմ մասնագիտությունը չէ: Ընդամենը կողմնակի աշխատանք է: Եթե քո բանը չէ, մի՛ զբաղվիր դրանով: Ինքը նորից ու նորից ներողություն խնդրեց՝ ասելով, որ դա չէր եղել իր մտադրությունը: Իսկապես փոքր-ինչ հուզված էր, բայց անհանգստացած էր գնից եւ, ավելի շատ, վախենում էր, որ անախորժ մի բան կպատահի: Շատ պատմություններ էր լսել փորձանքի եկած մարդկանց մասին: Շուրջը նայեց: Իսկ եթե քեզ մոտ չգնա՞նք, — առաջարկեց, — արի սենյակ վերցնենք։ Աղջիկը նայեց իրեն ու վճռական պատասխանեց՝ չէ, դա չեղավ: Ինչո՞ւ ոչ՝ հարցրեց լկտիաբար: Աղջիկը նայեց հեռուն եւ պատասխանեց՝ ասել է ոչ, ուրեմն նշանակում է՝ ոչ: Երբեք կանչով չեմ գնում: Նա ակնհայտորեն անհամբեր դարձավ, երբ դիտավորյալ դոփեց մայթին բարձր կրունկներով եւ սառն աչքերով փնտրեց իր դեմքը։ Գալի՞ս ես, թե՞ չէ: Նորից զգաց, որ ճակատը քրտնում է, երբ պատասխանեց, թե ընկերոջն է սպասում: Նկատեց, թե ինչպես աղջկա դեմքը հանկարծ պաղ սառույցի վերածվեց, երբ ցածր ձայնով հայհոյեց իրեն՝ գնա՛, ես քո… Իզուր ժամանակ վատնեցի, պետք է շուտ գլխի ընկնեի: Ասաց ու հեռացավ: Ինքն իրոք անհարմար էր զգում: Իր մի մասն ուզում էր հետեւել նրան, մյուսը վճռել էր տեղում կանգնած մնալ: Նայում էր աղջկա ուրվագծին, մինչ վերջինս հեռանում էր, եւ ուզում էր, որ նա ետ նայի: Եթե նայեր ետ, ինքը հաստատ կգնար նրա ետեւից: Բայց աղջիկը պարզապես շարունակում էր քայլել:

Հենց աղջիկը հեռացավ, ընկերը՝ Ցզյանը, եկավ: Սիրտն սկսեց արագ խփել: Փառք Աստծո, աղջիկն արդեն գնացել էր, թե չէ ինքը դժվարին կացության մեջ կընկներ, եթե Ցզյանը տեսներ իրենց: Իսկ եթե Ցզյանը նրա հետ գնար, էլ ավելի վատ կլիներ: Բայց սրտի խորքում, այնուամենայնիվ, փոքր-ինչ հուսախաբ էր:

Ամբողջ միջադեպը կատակով կապեց Ցզյանի հետ: Ցզյանը ծիծաղեց, բայց կատակը նրան բռնում էր, եւ ասաց, որ Լի Շենը դատարկ բանից անհանգստանում է: Երբ գնացին Ցզյանի մոտ, Ցզյանը խորամանկ մի հայացք գցեց իր վրա եւ ծիծաղեց: Ապա մտավ սոցիալական ցանցի կայքը եւ բացեց մատչելի կանանց ցուցակը։ Ոմանք առանց լուսանկարի էին, մյուսները լուսանկարով էին ներկայանում: Ովքեր լուսանկարով էին, բոլորն էլ հիանալի տեսք ունեին։ Գեղեցիկ են, չէ՞, — սրամտեց Ցզյանը։ Քեզ ասում եմ՝ ոչ մի սահմանափակում չկա, թե ինչ կարող ես անել լուսանկարները ցուցադրողների հետ: Դրանց մեծ մասը գործի մեջ է: Նույնիսկ հատուկ հագնվում են, դա կոչվում է «սպիտակ օձիքով գիշերային աշխատանք»: Նկատեց այն սյունակը, որտեղ աղջիկները նշում էին իրենց հայրենի քաղաքը: Բոլորի հասցեներն էլ քաղաքից դուրս էին, բայց, հետաքրքրվելով, հարցրեց՝ ի՞նչ կասես: Ցզյանը ժպտաց եւ խնդրեց ընտրել մեկին: Ավելացրեց աղջկա տվյալները եւ կարճ հաղորդագրություն ուղարկեց՝ «Ողջույն»: Պատասխանը չուշացավ. 300՝ լրիվ ծառայության համար եւ 800՝ ամբողջ գիշերվա համար: Եկեք բարձր տրամադրությամբ, հեռացեք լիովին բավարարված: Ցզյանը բզեց իրեն եւ ինքնագոհ ծիծաղեց: Նա նորից բացեց աղջկա տվյալների լուսամուտը, որտեղ տասից ավելի լուսանկար կար, բոլորն էլ վառ եւ պատկերավոր: Նաեւ մի համացանցային էջ կար, որ հիանալի պաթոսով լի լեզվով խոսում էր դժբախտ մենության եւ սեր գտնելու վճռականության մասին: Մի նախադասությամբ ասվում էր ամեն ինչ. «Ամեն բան սկզբնավորվում ու ընդունվում է հոգով եւ ի կատար է ածվում մարմնով. սերը հասցված է երրորդ աստիճանի ֆիլմի կարգավիճակի»: Էջի վերնագրերը չորս պատահական արտահայտություններ էին՝ «Աշխարհը խավար է», «Պոռնիկներն առատ են», «Տղամարդիկ իմաստուններ չեն», «Ո՞վ չի սիրում փող»: Ցզյանը հռհռաց, երբ կարդաց դա: Քա՛ք է: Եվ էդ աղջիկը սկսնակ բանաստեղծ է: Այս օրերում անհնար է ասել, թե ով է կարգին ընտանիքի կին եւ ով է քիթն ամեն տեղ խոթող պոռնիկ:

Հավանաբար այն պատճառով, որ շատ դասական վեպեր էր կարդացել մարմնավաճառների սիրային սխրանքների մասին, Լի Շենը ոչ միայն հրաժարվեց նրանց վրա նայել, այլ նաեւ որոշակիորեն խղճաց նրանց: Բայց դեռ մի տեսակ վատ էր զգում: Դրանից հետո երբ մի գեղեցիկ աղջիկ էր տեսնում, չէր կարողանում չհետաքրքրվել՝ արդյո՞ք նրանցից մեկը չէ: Ապա մտքով վերադառնում էր այն միջադեպին։ Բավական է, ես դրան վերջ եմ տվել, — մտածում էր: Իսկապես տականքի մեկն եմ: Բայց դա չէր խանգարում, որ երբեմն մտնի այդ օրը Ցզյանի այցելած կայքէջը։ Եվ երբ նմանատիպ կայք էր գտնում, նայում էր աղջիկների լուսանկարներին ու ձեռնաշարժությամբ զբաղվում: Երբ ավարտում էր, մի հայացք էր գցում իր ծանրաբեռնված գրադարակներին: Որոշ ժամանակ անց խոր շունչ էր քաշում եւ մտածում, թե ինչքան է անցել վերջին անգամ հարաբերություն ունենալուց հետո:

Գրեթե մեկ ամիս էր, ինչ Լի Շենը չէր կապվել Սյաո Յանի հետ, ոչ էլ նա իր հետ: Դա մի տեսակ տարօրինակ էր թվում: Սկզբում մտածում էր, թե աղջիկը, ձեռք բերելով առաջին զուգընկերոջը, էլ երբեք տեսադաշտից բաց չի թողնի, դրա համար էլ փոքր-ինչ մտահոգ էր: Բայց նա չէր պտտվում իր շուրջբոլորը, եւ ինքը չէր կարող իրեն մի փոքր հիասթափված չզգալ: Սակայն այս անգամ, փաստորեն, նախկին ընկերուհին կապվեց իր հետ: Նա մի կարճ հաղորդագրություն ուղարկեց իրեն եւ ասում էր, որ բաժանվել է: Չգիտեր՝ ուրա՞խ պետք է լինի, թե՞ ոչ, բայց հայտնեց իր ցավակցությունը: Նա դժգոհում էր, որ այն մյուս տղան լքել է հեռավորության պատճառով: Մտածեց, որ դա շատ զվարճալի է: Իսկ մի՞թե աղջիկը մոռացել է, թե ինչպես էր իրեն պահում: Բայց այդուհանդերձ ցույց տվեց, որ չի խառնվում, եւ իր կարեկցանքը հայտնեց:

Մի քանի օր անց նախկին ընկերուհին կրկին զանգ տվեց եւ հարցրեց՝ կարո՞ղ է օգնել, որ ուրիշ աշխատանք գտնի: Ինքն արդեն աղջկան ասել էր, որ Ցզյանն իրեն խնդրել է առաջադրել մեկին, որը կարող է աշխատել նրա ստեղծած ընկերությունում:

Կապվեց Ցզյանի հետ եւ երկար-բարակ խոսեց նախկին ընկերուհու մասին: Ցզյանը համաձայնեց թույլ տալ, որ նա փորձի: Այդ գործը դասավորելով՝ մի փոքր հուզմունք ապրեց: Ոչ միայն այն բանի համար, որ կարոտել էր միասին անցկացրած օրերը: Չէր կարող մոռանալ նաեւ սեքսը: Նա միշտ գրգռում էր իրեն: Մի օր չդիմացավ եւ մի գրություն ուղարկեց նրան. «Կարո՞ղ ենք նորից միասին սեր անել»: Մի քանի րոպե անց եկավ պատասխանը. «Եթե պատրաստ ես վճարել, հնարավոր է»: Մի պահ մտքով անցան այն աղջիկները: Շփոթված, ցնցված էր, թե նա ինչպես կարող էր այդ կերպ պատասխանել: Քիչ մնաց խեղդվեր, ասես հենց նոր ճանճ էր կուլ տվել: «Հա՛։ Եվ ինչքա՞ն»։

Լի Շենն սկսեց ուշադրություն դարձնել նախկին ընկերուհու մասին ամեն նորության: Գտավ նրա նոր բլոգը եւ պարզեց, որ նա իրականում չի «բաժանվել»: Հենց այդ նույն օրը նրա էջում երկուսի՝ շատ սիրով լի մի լուսանկար կար։ Դա իրեն խիստ զայրացրեց: Կասկածեց, որ նա իրեն ասել է, թե բաժանվել է, միայն իր համակրանքը շահելու եւ իր միջոցով աշխատանք գտնելու համար։ Զայրույթի պոռթկման պահին մի հաղորդագրություն ուղարկեց նրան՝ հարցուփորձ անելով այդ մասին: Ի պատասխան՝ աղջիկն ասաց, որ երբեք չի հիշատակել բաժանման մասին: Զայրույթից կուրացած՝ ջնջեց նրա հետ կապող բոլոր տվյալները, բայց նրա հեռախոսահամարը վաղուց էր դաջվել իր ուղեղում, եւ չէր կարողանում ջնջել, որքան էլ որ փորձում էր:

Կյանքը հանկարծ դատարկ էր դարձել:

Լի Շենը միշտ կախվում էր պատշգամբից եւ նայում քաղաքին, ինչպես կյանքը, քաղաքն էլ ձգվում էր այնքան հեռուն, որքան աչքդ կարող էր տեսնել:

Երբեմն Լի Շենը մտածում էր Սյաո Յանի մասին, եւ երբ մտաբերում էր այդ յուրահատուկ ոչ գրավիչ դեմքը, սրտի զարկերն արագանում էին: Նա ասել էր, որ ինքը լավ մարդ է: Իր կամքից անկախ՝ դառը ծիծաղեց: Չէր կապվել նրա հետ: Նա նույնպես օտարական էր, եւ ինքը գրեթե կասկածում էր, թե իրենց միջեւ երբեւէ ինչ-որ բան է եղել: Մի օր երկինքը հանկարծակի մթնեց, եւ կայծակի վառ սպիտակ փայլատակումները պարբռնեցին բարձրահարկ, դժգույն շենքերի միջեւ: Ամպրոպի թնդյունից իր գրասենյակի դիմաց գտնվող քափուրի ծառի տակ գետինը ծածկվեց տերեւներով։ Բջջային հեռախոսը զանգ տվեց: Տեսավ, որ դա Սյաո Յանն է: Վազեց մինչեւ միջանցքի ամենածայրը, ապա պատասխանեց զանգին: Աղջիկն ասաց, որ երկու դասընկերների հետ դուրս էր եկել զբոսնելու այդ տարածքում, եւ դասընկերները տուն էին գնացել: Այնքան հանկարծակի էր սկսել անձրեւ գալ, որ խնդրում էր՝ եթե կարող է, գա վերցնի իրեն: Ինքը ղեկավարից թույլտվություն խնդրեց եւ տաքսի նստեց ու գնաց աղջկա ասած տեղը, որտեղ կարող էր հանդիպել նրան: Չկարողացավ գտնել նրան, եւ կասկածները վերականգնվեցին: Հնարավոր է, որ նա իր հետ խաղե՞ր է խաղում, կամ գուցե նույնիսկ ավելի մեծ ծրագի՞ր ունի: Իսկ գուցե գտել է մեկին, որն եկել է հատուցելո՞ւ իրեն: Անհանգստացած էր, բայց հենց այդ պահին աղջիկը հաղորդագրություն ուղարկեց: Տեսել էր իրեն: Ինքն սպասեց մի րոպե, եւ աղջիկը հայտնվեց. գլխին մի գեղեցիկ սպիտակ պայուսակ էր պահել եւ ցատկելով ու շտապելով առաջ էր վազում անձրեւի սպիտակ, փայլփլուն քողի միջով:

Լի Շենը բացեց հովանոցը, եւ Սյաո Յանը կուչ եկավ դրա տակ՝ սեղմելով իր ձեռքը: Նրանք շրջանցեցին զբոսայգու պատը: Զբոսայգու ցանկապատի պողպատե ճաղաշարի վերեւում քափուրի վիթխարի ծառեր էին վեր խոյանում, դրանց մուգ կարմիր տերեւների եւ նուրբ ծաղիկների գորգը ծածկել էր ներքեւում գտնվող մայթը։ Ինքը մեկ անգամ էլ հիշեցրեց աղջկան, որ զգույշ լինի, ոտքը չդնի ջրափոսի մեջ, ինչին ի պատասխան աղջիկն ասաց՝ մի քիչ դանդաղ քայլիր, հա՞։ Փորձեց ավելի դանդաղ քայլել: Շուտով ամբողջովին մթնեց, եւ նրանք ամբողջ աշխարհի աչքում սիրահարների զույգի էին նման, որ գիշերի գրկում քայլում էին թեւ-թեւի: Լի Շենի սիրտը մի քիչ ջերմացավ: Այդ ժամանակ հասան հյուրանոց, որտեղ մնացել էին անցած անգամ: Նրանց շորերի կեսը, որ հովանոցով չէր պաշտպանվել, լրիվ թաց էր: Հովանոցը ծածկված էր սպիտակ ծաղկաթերթերով, եւ Լի Շենը տեսավ, թե ինչպես Սյաո Յանը մեկ առ մեկ խնամքով վերցրեց դրանք, գցեց լվացարանի մեջ ու ջուրը բացելով քշեց: Ապա զգուշորեն փակեց հովանոցը: Ինքը նստեց աթոռին եւ դիտում էր նրա ամեն մի շարժումը: Տարօրինակ թվաց հովանոցն այդպես զգուշորեն փակելը: Ինքը միշտ հովանոցն օգտագործելուց հետո փակում էր այն՝ ինչպես պատահի ու մի կողմ էր դնում:

Երբ նրանց մարմիններն իրարից առանձնացան, ամեն մեկը վերմակը քաշեց իր վրա: Հիշեց Սյաո Յանի աղճատված դեմքը եւ սրտի ցավ զգաց: Սյաո Յան, — շշնջաց, — Սյաո Յա՛ն: Աղջիկը նայեց առաստաղին եւ հանգիստ պատասխանեց՝ գիտե՞ս ինչ… Ես դեռ կրում եմ այն ցավը: Եվ Լի Շենն ասաց, որ գիտե: Սյաո Յանը շարունակեց.

— Ծնողներս միշտ մեզ՝ երեխաներիս ասում էին՝ պետք է մաքուր եւ ազնիվ լինեք: Երբեք չպետք է սեռական հարաբերություն ունենաք ամուսնությունից առաջ:

— Գիտեմ, — ասաց Լի Շենը, — բայց քո ծնողները պահպանողական են, հետադիմական: Տես, թե որ դարում ենք ապրում…

Բայց Սյաո Յանն ընդհատեց: Գիտես, որ նրանց նման եմ մտածում: Եվ փոխվեցի միայն հանուն քեզ: Երբեմն, երբ մտածում եմ այդ մասին, խելքս թռցնում եմ: Ինչպե՞ս կարող էի նման բան անել: Ես միշտ եղել եմ իմ ծնողների սիրելի փոքրիկ աղջիկը: Եթե միայն իմանային՝ ինչ եմ արել, չգիտեմ, թե ինչ կմտածեին: Երկար դադարից հետո Լի Շենն ավելացրեց՝ գիտեմ: Դու սիրո՞ւմ ես ինձ, — հարցրեց Սյաո Յանը, — ինձ պետք է, որ դու դա ասես:

Այս անգամ Լի Շենը չասաց՝ «գիտեմ»: Փոխարենը, հիասթափված, մտածեց՝ ինչքա՜ն միամիտ է: Ինքն ու ընկերուհին այդ չորս բառն իրար ասել էին անհաշիվ անգամներ, բայց ի՞նչ կապ ուներ, թե քանի անգամ էին ասել, երբ այդ ամենի գումարն այդուհանդերձ զրոյի էր հավասար:

Լի Շենը հատուկ պատվիրել էր այն սենյակը, որտեղ եղել էին վերջին անգամ։ Թաքուն նայել էր կոշիկի պահարանի մեջ, բայց ով գիտե՝ ուր էր կորել այն սեւ շարֆը:

Որոշ ժամանակ ձեռքերով շփել էր չորս դատարկ պատերը, մինչեւ որ սկսել էր ծիծաղել ինքն իր վրա: Ինչ ապուշն ես դու:

5

Դրանից հետո նրանք ամեն երկու կամ երեք շաբաթը մեկ գիշերը միասին էին անցկացնում: Լի Շենն աշխատանքով էր զբաղված, ու չնայած Սյաո Յանը գրանցված էր այսպես կոչված ցածրորակ դպրոցում, այնուամենայնիվ, կարգապահությունը խիստ էր, եւ ոչ մի կերպ չէր կարող դաս բաց թողնել: Դրա համար էլ ամեն անգամ հանդիպում էին աշխատանքից կամ դասերից հետո: Նրանք միասին ճաշում էին, զրուցում որոշ ժամանակ, իսկ եթե շուտ էր լինում, գնում էին զբոսայգի եւ զբոսնում:

Կամ էլ կտրում անցնում էին երկար, ամայի ծառուղին եւ անմիջապես մեկնում էին հյուրանոց ու սենյակ պատվիրում: Այդ ամենից հետո հայտնվում էին իրար գրկում եւ խոսելու թեմաներ մտածում… ըստ էության խոսելու շատ բան չունեին: Հիմնականում ինքը խոսում էր, իսկ աղջիկը լսում: Սյաո Յանը հենվում էր բարձին, դեմքը խոնարհում եւ ժպտում իրեն: Լսելով, թե ինքն ինչպես է պատմում իր հայրենի քաղաքի տեսարժան վայրերի, ձայն ու հնչյունների մասին կամ իր մանկությունից ինչ-որ զվարճալի մի անեկդոտ, երբեմն Սյաո Յանն էլ պատմում էր ի՛ր հայրենի քաղաքի մասին: Որոշ ժամանակ զրուցելուց հետո ժամերով լուռ նայում էին առաստաղին՝ ամեն մեկն իր հեռավոր մեկուսի մտքերով տարված: Հետո ինքը կրկին պատմում էր նրան, թե որքան լավ էր իր ավագ դպրոցում՝ ծաղրելով ավագ դպրոցում ուսում անցկացնելու աղջկա ձգտումը, որը նրան բերել էր այսպիսի երկրորդ կարգի դպրոց: Չէր երեւում, թե աղջիկը դրանից վիրավորվում է, իսկ եթե ինքը չափազանց շատ էր խոսում, նա պարզապես ասում էր՝ իմ մասին խոսելիս իսկական հաճույք ես ստանում, այնպես չէ՞: Միայն այդ ժամանակ էր ինքը գիտակցում, որ իր հերոսական անցյալը հիշելով՝ նվաստացնում է նրան, եւ դա իրեն գոհունակության դաժան մի զգացում էր պարգեւում: Հետո նա ամենից շատ խոսում էր, թե ինչպես է չորս տարի չինական դասական գեղարվեստական գրականություն սովորել համալսարանում։ Ի վերջո հասնում էր «Մարմնեղեն աղոթախսիրը», «Գարնանային ներքնասենյակի գաղտնի պատմությունը» եւ «Ճրագի պատրույգի վանականի հեքիաթը» գործերի թեմաներին: Երբ Լի Շենն սկզբում սկսեց քննարկել դրանք, բավականին համեստ էր, եւ երբ հասավ ավելի վիճահարույց մասերին, միշտ ծիծաղում էր ու ասում՝ նրանք անում էին «գիտես, թե ինչ»: Բայց որոշ ժամանակ անց ավելի ուղիղ էր ամեն ինչ ասում եւ վառ ու ազդեցիկ շատ բայեր էր գործածում: Բավականին ոգեւորվում էր, բայց աղջիկը շատ բուռն չէր արձագանքում: Փոխարենը՝ հետաքրքրվում էր կերպարների ճակատագրով։ Ինքը ցանկանում էր առիթն օգտագործել՝ գրգռելու աղջկա սեռական ցանկությունները եւ չէր սպասում, որ իր պոռնկագրական ֆիլմը նրա ականջներին կհնչի ռոմանտիկ վեպի նման:

Մի անգամ այդպիսի մի հանդիպման վերջում հոգնած եւ ուժասպառ աղջիկը տրտնջաց՝ դու այնքա՜ն փորձառու ես: Ես դա արել եմ նրա հետ՝ դուրս թռավ իր բերանից: Աղջիկը լռեց: Ինքը նրան պատմել էր նախկին ընկերուհու մասին, բայց երբեք այդ մասին չէին խոսել հյուրանոցի այս սենյակում: Հյուրանոցի սենյակը մնացել էր իրենց հատուկ գաղտնի գոտին: Արդեն աղջկա հետ անխոս համաձայնության էր եկել: Ինքն էլ լռեց: Մի ակնթարթում նրանց միջեւ հսկայական մի ճեղք էր բացվել, չնայած որ իրարից քիչ առաջ առանձնացած մարմինները դեռ փոխադարձաբար կրում էին մեկը մյուսի ջերմությունը: Աղջիկը վեր նայեց եւ հայացքը սեւեռեց դատարկ առաստաղին: Ցերեկային լույսի կլոր լամպը գունատ ճերմակ լույս էր արձակում, կրաքարի գույնի սառը, ծանր լույս: Աղջիկը մեկ անգամ էլ երկար, խոր շունչ քաշեց եւ խնդրեց այլեւս ընկերուհու մասին չհիշատակել: Սա իմ միակ խնդրանքն է: Ի վերջո, ոչինչ չեմ կարող փոխել անցյալում:

Սյաո Յանն իսկապես տարբերվում էր Լի Շենի նախկին ընկերուհուց: Նրա պահանջները շատ ավելի քիչ էին: Նա իրեն խնդրել էր, որ զանգ տա, ոչ թե շարունակի հաղորդագրություններ ուղարկել. միշտ թվում էր, թե այդ հաղորդագրություններն ինչ-որ կապ ունեն սեքսի հետ: Եվ ինքն իսկապես մի քանի անգամ զանգ տվեց: Ասաց, որ իրեն դուր չի գալիս, երբ նա հեռախոսով ամբողջ ժամանակ նյարդային պոռթկումներ է ունենում: Խիստ կշտամբեց նրան, եւ աղջիկը դադարեց զանգ տալ եւ այդ մասին էլ չհիշեցրեց: Սյաո Յանն ըստ էության արդեն ասել էր իրեն, որ ինքը չպետք է անհանգստանա, որ նա առանց սկզբունքի չէ։ Ինքն ասել էր, որ իրենք ապագա չունեն, եւ նա համաձայնել էր: Երբեք էլ աղջիկը կեղծ հույսեր չէր փայփայել: Եթե մի օր ինքն ուզենար հեռանալ, նա արգելք չէր հանդիսանա: Լի Շենն այդ առումով որոշակիորեն հանգիստ էր, բայց նաեւ ցավ էր ապրում: Մի պահ հիշեց քաղաքից դուրս ապրող այն աղջիկներին, որ եկել էին քաղաք իրենց արհեստի համար:

Երբ Սյաո Յանը տրամադրություն չէր ունենում, նրա փոքրիկ դեմքն ավելի պակաս գրավիչ էր դառնում: Ինքն ինչ-որ չափով վախեցած էր նրա համար եւ ամբողջ երեկո շատ զգույշ մնաց: Հաջորդ օրը, երբ մոտեցան մետրոյի կայարանին, աղջկա դեմքը դեռ լարված էր: Լի Շենը պոռթկաց՝ միայն այդ մի բանն ասացի: Ի՞նչ է եղել, որ… Սյաո Յանը չուզեց նայել իր կողմը, եւ ինքը նորից իրեն մեղավոր զգաց: Այլեւս նրա մասին չեմ հիշատակի: Ատում եմ նրան: Մի՞թե սա բավական չէ։ Սյաո Յանը շարունակում էր անտեսել իրեն: Կայարանում մի գնացք կանգնեց, եւ ուղեւորների բազմությունը ցած իջավ, բայց աղջիկը պարզապես կանգնած էր կառամատույցին, սառն ու անշարժ: Նստի՛ր գնացք, — զայրացած գոչեց Լի Շենը: Աղջիկը գլուխը շրջեց եւ նայեց անհետացող երկաթուղու կողմը: Անձրեւ էր գալիս, բայց եղանակն արդեն սկսել էր պարզվել, եւ երկաթգծերը փայլում էին: Սյաո Յանը երկար ժամանակ չէր խոսում: Ես չեմ զայրանում, որ հիշում ես նրան: Պարզապես ինձ թվում է, թե հյուրանոցից դուրս գալուց հետո մենք օտարականների ենք նման:

Հաջորդ անգամ, երբ հանդիպեցին, սովորականից մեկ կամ երկու ժամ շուտ էր: Զբոսայգի մտնելիս փորձեց բռնել աղջկա ձեռքը: Եվ անշնորհք կերպով բռնեց նրա մատի ծայրը։ Աչքի ծայրով տեսավ, թե նա ինչպես է կծում ստորին շրթունքը եւ խորամանկ ժպտում իրեն: Անցած երկու տարիների ընթացքում նրանք արդեն ծանոթ էին զբոսայգու յուրաքանչյուր լճակի, յուրաքանչյուր մարգագետնի, ամեն մի արահետի, արահետները եզերող ամեն թփի ու ծաղկի: Ինքնաբերաբար հատեցին անցան ամբողջ զբոսայգին, ասես ուզում էին ինչ-որ բան ձեռնարկել եւ այդուհանդերձ ասես ուզում էին ինչ-որ բանի համար սգալ: Տրորեցին անցան քափուրի ծառից թափված կարմիր տերեւները, բաց կապույտ մի նստարան գտան եւ նստեցին: Մթնշաղն իջնում էր, եւ նրանց դիմաց գտնվող լիճն այնքան ամայի էր, որ ցավալի էր: Մի քանի միայնակ ջրային թռչուններ սրընթաց լիճը նետվեցին, եւ մութ եղեգների մի մեծ հատված աղոտ նշմարվեց լճի հատակին՝ ասես ջնջելով նրա մակերեսին խաղացող ոսկե մայրամուտը: Նրանք հանգիստ նայում էին ջրին, ասես ինչ-որ բան էին զննում, կողք-կողքի, ձեռք-ձեռքի տված:

— Դու հիմա ընկերուհի ունես, — անտարբեր ձայնով ասաց Սյաո Յանը:

— Ուրեմն հիմա կարող ես պարզապես կոչվել իմ ընկերուհին:

Լի Շենը ցնցված էր, բայց խոսելիս հռհռաց:

— Նկատի ունեմ, որ հանդիպել ես ինչ-որ մեկին, որն իսկապես քեզ դուր է գալիս: Եվ այդ մեկը ես չեմ:

Սյաո Յանը նայում էր լճի մեջ ինչ-որ բանի: Մայր մտնող արեւը լճի վրա նման էր խոր գիշերի մեջ քաղաքի լուսամուտներին արտացոլվող մեկ առ մեկ անհետացող լույսերին:

Լի Շենը լուռ էր: Գլուխը բզզում էր: Ինչպե՞ս կարող էր նա իմանալ: Ճիշտ էր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ինքը մտերմացել էր համալսարանական նախկին դասընկերուհու հետ: Նրա հետ հանդիպել էր դեռ համակուրսեցի ընկերների հավաքի ժամանակ՝ նշելու իրենց ավարտական վեցերորդ տարեդարձը: Սովորելու տարիներին իրենք մոտ չէին եղել: Ո՞վ կարող էր մտածել, որ այն գիշեր, երբ հանդիպել էին, մի քանի երգ երգել եւ մի քանի գավաթ գինի խմել, այդպես կհրապուրվեին իրարով: Իրենց փոխհարաբերություններն արդեն հայտնի էին իր ընկերների շրջանում: Նա տեղացի աղջիկ էր եւ արդեն իր բնակարանն ուներ։ Տարիներ շարունակ նա փորձեր էր արել եւ շատ անգամ համոզել էր իրեն՝ այդ կապը դարձնել օրինական: Ինքը խուսափում էր այդ թեմայից՝ չիմանալով, թե ինչից է վախենում կամ ինչի է սպասում: Վերջին ժամանակներս սկսել էր անհանգստանալ՝ չիմանալով, թե ինչպես այդ մասին հայտնի Սյաո Յանին:

— Դու ասացիր, որ մենք ապագա չունենք: Ես էլ եմ այդպես կարծում: Ես չեմ կարող այս քաղաքում ինքնուրույն գոյատեւել: Միայն ուզում եմ՝ ասես, որ սիրում ես ինձ:

Այս խոսքերի հետ՝ վերջալույսը Սյաո Յանի աչքերում սպառնում էր մարել՝ վերածվելով գիշերվա խավարի:

— Դրանով ի՞նչ ես ուզում ասել: Կարծում եմ՝ պետք է հանդիպես մեկին, որին կսիրես:

Լի Շենն ինքն անցավ հակահարձակման:

Սյաո Յանի տրամադրությունն ընկավ, եւ նա դեմքը թաղեց ձեռքերի մեջ ու լուռ արտասվեց:

— Հա, մեկն ինձնով հետաքրքրվել է, բայց ես դեռ չեմ ընդունել նրան: Ասում է, որ ավարտելուց հետո ուզում է ինձ հարավ տանել:

Նրա նիհարիկ ուսերը դողում էին: Լի Շենի գլխում բզզոցն ավելի ուժգնացավ։ Հանկարծ քնքշություն ու խղճի սուր խայթ զգաց եւ չէր ուզում թողնել գնալ: Նաեւ խանդի բռնկում զգաց, երբ մտածում էր, թե ինչպիսի շուն շան որդի կարող է լինել այդ տղան: Ուզեց ձեռքը դնել աղջկա ուսին եւ քաշել նրան իր կողմը, բայց փոխարենը պարզապես բռունցքները սեղմեց: Ինչպե՞ս պետք է մխիթարեր նրան: Իրենց համատեղ կյանքի երկու տարվա մեջ երբեք չէր ասել, որ սիրում է նրան: Ի՞նչ իմաստ կունենար հիմա դա ասելը: Ոչինչ չէր կարող անել: Այն ամենն, ինչ կարող էր անել, թողնելն էր, որ աղջիկը լաց լինի, մինչեւ նրա արցունքներն աստիճանաբար կհագեցնեին վերջալույսի թարմ օդը:

Վերջալույս էր այդ մեծ, միջազգային մայրաքաղաքում, մարող վերջալույս, եւ գարուն, որ նույնպես հեռանում էր:

6

Երկու ամիս անց Լի Շենը եւ իր նախկին դասընկերուհին ստացան իրենց ամուսնության վկայականը, իսկ արարողությունը նախատեսված էր մայիսի 1-ին: Վկայականն ստանալու երկրորդ գիշերը Լի Շենը կանգնած էր իր նեղլիկ պատշգամբում եւ դուրս էր նայում: Այնքան էլ ուրախ չէր: Հաջորդ ամիս պետք է տեղափոխվեր: Սեփական տուն ուներ այս քաղաքում: Քաղաքն իսկապես ընդունել էր իրեն, ուրեմն պետք է որ իրոք երջանիկ լիներ: Մի պահ նայեց քաղաքի գիշերային երկնքին, խավարի եւ լույսի այդ խառնուրդին: Ներս գալով՝ սկսեց ետուառաջ քայլել: Զգեստապահարանում տեսավ կապույտ շարֆը, որ ընկերուհին էր իրեն տվել, եւ դա հանկարծ հիշեցրեց, թե ինչ էր մտադիր անել: Սյաո Յանի հետ իրենց վերջին բաժանումից ի վեր կապի մեջ չէին եղել: Մտածեց այն կնոջ մասին, որն այժմ իր օրինական կինն էր: Պե՞տք է կապ հաստատեմ: Պե՞տք է կապ հաստատեմ: Հանկարծակի բուռն ցանկություն զգաց: Ինչպե՜ս էր ուզում մեկ անգամ էլ զգալ նրա մարմնից եկող վառոդի եւ քրտինքի հոտը եւ համբուրել այդ կճատ քիթը: Երբեք չէր կարողացել պայքարել իրեն համակող այդ անխոհեմ տենչանքի դեմ: Եվ հանկարծ հաղորդագրությամբ նրան ուղարկեց այն չորս բառը, որոնք նա այդքան փափագել էր լսել: Մոտ 15 րոպե անց աղջիկն արձագանքեց՝ նույն ժամանակ, նույն տեղում:

Զղջման սուր ցավ զգաց, երբ այդ պահին մտածեց կնոջ գեղեցիկ ծիծաղի մասին: Եթե գնար, արդյո՞ք դա ազնիվ կլիներ։ Հանկարծ շրջվեց ու նայեց լուսամուտին եւ, նայելով քաղաքի շքեղ լույսերին, ջնջեց դրանցից մեկը: Մի չար մտադրություն ունեցավ. պետք է բռնաբարի քաղաքը, ճիշտ այնպես, ինչպես քաղաքն է բռնաբարել իրեն: Դողում էր, եւ ինքը համակվեց ուժասպառ հոգնության մի ալիքով: Արյունը սառեց երակներում։ Գնաց լոգարան եւ դեմքին սառը ջուր շփեց, ասես արյունն է՛լ ավելի սառեցնելու համար: Իրեն նայեց հայելու մեջ եւ անմիջապես թվաց, թե գորշաճերմակ երանգ նշմարեց քունքերին: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացավ, որ դա փողոցի լույսերի անդրադարձն է: Հայելու առջեւ դեմքը ծամածռեց, ինչպես հաճախ էր արել, ապա հանկարծ մտածեց ինչ-որ բանի մասին: Երբ երիտասարդ ենք, հաճախ ենք հայելու դիմաց ծամածռություններ անում, բայց երբ ծեր ենք, հայելին դա ետ է վերադարձնում մեզ: Հլու-հնազանդ քմծիծաղ տվեց: Դեմքը սառը ջրով լվանալուց հետո միտքը փոխեց: Չէր կարող այդպիսի բան անել կնոջ հանդեպ: Բայց անմիջապես հաղորդագրություն չուղարկեց՝ հաջորդ օրվա հանդիպումը չեղյալ անելու:

Լի Շենը ձգվեց մահճակալին եւ մտածեց իր երեսուն տարիների անցուդարձի մասին մի տեսակ թախծոտ պաթոսով: Ի՜նչ դժվարին տարիներ էին դրանք: Իսկապես ուզում էր լաց լինել, բայց չէր կարողանում։ Հանկարծ լուսամուտից մի սոսկալի ուժգնությամբ, դղրդացող ձայն լսվեց, եւ սենյակն սկսեց ցնցվել: Համոզված էր՝ երկրաշարժ է: Անմիջապես շրջվեց եւ երերուն քայլերով գնաց դեպի դուռը: Ու մեկ էլ՝ լուսամուտից այն կողմ ինչ-որ բան նշմարեց եւ չկարողացավ շարժվել: Քաղաքի գիշերային դատարկ օդի մեջ փղերի երամակը, հաստատուն ու համաչափ դոփյունով, մթին աչքերով, սլանում էր դեպի իր սենյակ, իսկ առաջնորդող փղի ուսերին մի աղջիկ էր նստած՝ կարմիր անջրանցիկ թիկնոցով: Գոռաց ամբողջ ուժով, բայց ձայն չկար: Սարսափած էր, բայց ոչ մի մկան չէր կարողանում շարժել: Ահաբեկված ու խելակորույս՝ զգաց, որ ամբողջ քաղաքում մնացել էր միայն այս մի շենքը, որտեղ ինքն էր, եւ որ ինքը սենյակում մենակ է: Գիտեր, որ դատապարտված է: Շնչահեղձ էր լինում եւ այն ամենն, ինչ կարող էր մտածել, հետեւյալն էր՝ «Իմ տունը…»… մարմինն սկսեց լողալ եւ բախվեց բետոնի թռչող բեկորներին: Ինքը վայրէջք կատարեց փղի ճակատի վրա եւ փիղն իրեն զգուշորեն բարձրացրեց, ապա նորից ցած դրեց: Նկատեց, թե ինչպես կարմիր անջրանցիկ թիկնոցով աղջիկը շրջվեց: Բայց ցնցվեց, երբ տեսավ, որ դա աղջիկ չէ, այլ երկար բռնակով հայելի, եւ հայելու ձվաձեւ մակերեսը խնամքով ծածկված էր կնոջ թիկնոցով: Կարողացավ տեսնել իրեն հայելու մեջ՝ դեմքը ծամածռած, էլ ավելի ծռմռած, քան երբեւէ ինքն անում էր:

Լի Շենն արթնացավ իր իսկ գոռոցից: Ամբողջ մարմինը քրտինքի մեջ էր: Նայեց սենյակի մեջ շուրջբոլորը, ապա լուսամուտից դուրս: Ամեն ինչ լիովին հանգիստ էր:

Նայեց ձեռքի ժամացույցին: Միայն մեկ ժամ էր քնել: Երկար ու խորը շունչ քաշեց: Երկար ժամանակ էր՝ փղերին երազում չէր տեսել։ Երազում չէր տեսել կարմիր անջրանցիկ թիկնոցով այդ անձնավորությանը: Ըստ էության, գրեթե լրիվ մոռացել էր նրանց: Ինչպե՞ս եղավ, որ նորից այս գիշեր տեսավ նրանց։ Այդ անձնավորությունը փաստորեն հայելի է, եւ դա ի՜նքն է՝ այդ հայելու մեջ: Հետո հիշեց վաղվա իրենց հանդիպումը եւ ինքն իրեն ասաց, որ այդ երկուսի միջեւ պետք է ինչ-որ կապ լինի: Իրոք խորապես ցավում էր, եւ իրեն համակած սարսափն ամբողջովին փարատել էր կիրքը:

Ճանկեց հեռախոսն ու մի հաղորդագրություն ուղարկեց՝ ասելով, որ հենց նոր իրենց գրասենյակից հայտնել են, որ ինքը վաղն ինչ-որ գործ պետք է անի, այնպես որ ստիպված են լինելու չեղյալ հայտարարել իրենց ժամադրությունը: Նույնիսկ մի քիչ խղճահարություն զգաց աղջկա հանդեպ, բայց վերագտավ ինքնատիրապետումը: Կկարողանար հանգիստ քնել: Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ կարթնանա հեռախոսի անսպասելի զանգից: Սյաո Յանի համարն էր: Գուցե զայրացե՞լ էր իր վրա: Հեռախոսը երեք անգամ զանգեց, եւ ինքն ի վերջո պատասխանեց, բայց այն, ինչ լսեց, օտար մարդու խռպոտ ու տխուր ձայն էր:

— Դու Լի Շե՞նն ես:

— Այո, ես եմ…

— Ես Սյաո Յանի եղբայրն եմ: Դո՛ւ, սրիկա՛: Դու սպանեցի՛ր Սյաո Յանին:

Լի Շենի գլուխը քիչ էր մնում պայթի: Ընդամենը մի քանի ժամ էր անցել: Ինչպե՞ս կարող էր Սյաո Յանը… Հավատը չէր գալիս:

— Սյաո Յանը… ինչպե՞ս է մահացել:

Սյաո Յանի եղբայրը մի կողմ նետեց ամեն կեղծ ինքնատիրապետում եւ սկսեց ցածր ձայնով հայհոյել. նա լաց եղավ այնպես, ինչպես Սյաո Յանն էր լալիս:

— Կախվել է: Իր գործած սեւ շարֆով:

Այդ սեւ շարֆը, հսկայական սեւ օձի նման, հանկարծ սահեց Լի Շենի հայացքի դիմաց:

— Նա արդեն համարյա երկու տարի է՝ մահացել է: Ես չէի կարող թողնել նրան, որ գնա։ Ես պահպանել եմ նրա հեռախոսահամարները: Մահից առաջ ինձ ասաց, որ սպասում է մի կարեւոր բանի, որ ինչ-որ մեկը պատրաստվում է ասել իրեն: Ասաց, որ այլեւս չի կարող սպասել: Գիտե՞ս ինչ: Այդ մեկը դու էիր:

Հեռախոսագծի մյուս ծայրում այդ մարդը ճիչ արձակեց, ճիչ, որի նմանն անցած երկու տարում չէր արձակել:

— Այդ մեկը դու ես, — կրկնեց մարդը՝ վշտից կոտրված:

Լի Շենի մարմինն սկսեց դողալ: Հեռախոսը բռնած ձեռքը սահեց պատի վրայով, եւ Լի Շենն անզուսպ կերպով սկսեց ցնցվել: Հեռախոսը պատին բախվելով ցած ընկավ, ընկնելիս հեծկլտոցի ձայն լսվեց այնտեղից:

Հետո հանկարծ Լի Շենը հասկացավ, որ դա ամենեւին էլ Սյաո Յանի եղբայրը չէր: Դա ինքը՝ Սյաո Յանն էր: Սյաո Յանը նստել էր լճի կողքի նստարանին եւ գլուխը ձեռքերի մեջ թաղած՝ լուռ լաց էր լինում: Նրա ստվերն ընկել էր լճի հանդարտ ու լայնարձակ մակերեսին: Լճի ջրերը ողողող երեկոյան արեւն արագ մարում էր: Լի Շենն, իրեն կորցրած, չէր կարողանում խոսել:

Շրխկոցով ցած նետեց հեռախոսը, մի քանի անգամ բռունցքով հարվածեց պատին, ապա ուժեղ զարկեց գլխին՝ ականջներից վեր: Սա իսկապես երազ չէր: Սա պաղ, ծանր ու դաժան իրականություն էր: Այդ պահին մեկ անգամ էլ լսեց Սյաո Յանի լացի ձայնը մի կողմ նետված հեռախոսից: Նրա մեղմ հեծկլտոցը մշուշի պես տարածվեց ամբողջ սենյակում: Լի Շենը լայն բացեց վախեցած աչքերը եւ դուրս նայեց լուսամուտից: Քաղաքի լույսերն, ինչպես միշտ, վառ շողում էին։ Մտորեց «նույն ժամանակ, նույն տեղում» բառերի շուրջ, երբ օրորվելով քայլում էր դեպի պատշգամբ: Ինքն իսկապես ծեր է, — մտածեց: Ունա՞կ է, արդյոք, կյանքում այդ եզակի, այդ վերջին թռիչքը կատարել:

Անսպասելիորեն՝ Լի Շենը ցատկեց պատշգամբից եւ, գոռալով, վայրէջք կատարեց մահճակալին: Ապշահար՝ բացեց աչքերը եւ տեսավ, որ այն ամենն, ինչ քիչ առաջ տեղի էր ունեցել իր հետ, երազ էր: Շփեց սառը ճակատը, եւ ձեռքի ափը քրտինքով պատվեց: Հազիվ էր շունչը ետ բերել, երբ բարձի մոտ նկատեց հեռախոսը: Մի վայրկյան նայեց հեռախոսին, ապա արագ շարժումով հափշտակեց այն: Հաստատ, ժամադրությունը չպետք է կայանա, — մտածեց: Այդպիսի տառապալից գիշերից հետո հաստատ չէր ուզում, որ ժամադրությունը կայանա: Դիվահարի նման մի հաղորդագրություն հավաքեց՝ հետեւելով իր երազի թեմային, մի պահ վարանեց եւ ապա ուղարկեց այն: Մարմինը ցնցվում էր, եւ ինքը հանկարծակի վախից ասես կաթվածահար էր: Հանգիստ սպասում էր: Վերջապես, սպասո՛ւմ էր: Ի վերջո հեռախոսը զանգեց: Սյաո Յանի համարն էր: Զանգը հնչեց մեկ, երկու… երեք անգամ:

Թարգմանությունը անգլերենից՝ Խորեն Գասպարյանի

Թողնել մեկնաբանություն