Խմբագրական

Էլիս Ուոքեր | Ծաղիկները»

Մայոփը թեթևորեն ցատկոտում էր հավաբնից դեպի խոզաբուն։ Նրան թվում էր, թե իր առօրյան երբևէ այդքան հիանալի չի եղել։ Օդի մեջ մի կծկող սառնություն կար։

• 3 րոպե

Էլիս Ուոքեր | Ծաղիկները»

Մայոփը թեթևորեն ցատկոտում էր հավաբնից դեպի խոզաբուն։ Նրան թվում էր, թե իր առօրյան երբևէ այդքան հիանալի չի եղել։ Օդի մեջ մի կծկող սառնություն կար։ Եգիպտացորենի, բամբակի, գետնանուշի և դդմիկների բերքահավաքի օրերը Մայոփին ավելի էին երջանկացնում։ Նա ձեռքին պահում էր կարճ ու ծուռտիկ մի փայտ։ Հավաբնում պատահականորեն հարվածում էր հավերին, իսկ խոզանոցի ցանկապատի վրա փայտիկով փորձում էր երգի ռիթմը նվագել։ Բարկ արևի տակ նա իրեն զգում էր թեթև ու կենսուրախ։ Արևի գորովանքը նրան լավ զգացողություն էր պատճառում։ Այս աղջնակն ընդամենը տասը տարեկան էր։ Այդ պահին նրա փոքրիկ աշխարհում ոչինչ չկար, բացի իր հորինած երգից ու մուգ շագանակագույն ձեռքում սեղմած փայտիկից։
Իրենց տունը, հին, ժանգոտ տախտակները թողնելով ետևում՝ Մայոփը վազեց ցանկապատի երկայնքով՝ դեպի աղբյուրից սկիզբ առնող առվակը: Աղբյուրի մոտ աճում էին արծաթափայլ պտեր ու վայրի ծաղիկներ։ Առվակի ծանծաղ ափերի երկայնքով խոզերը փորփրում էին հողը։
Մայոփը ուշադիր զննում էր փոքրիկ սպիտակ պղպջակներին, որոնք խախտում են հողի բարակ սև շերտը, լուռ վեր էր բարձրանում և առվակով սահում դեպի ներքև։
Նա շատ անգամ էր գնացել տան հետևի գեղատեսիլ անտառը։ Ուշ աշնանը, մայրը նրան հաճախ էր տանում՝ հավաքելու գետնին, տերևների մեջ թափված ընկույզները։ Այսօր նա որոշեց ինքնուրույն ճանապարհ գնալ՝ թռչկոտելով այս ու այն կողմ և հետևելով, որ օձեր չլինեն։
Նա, բացի զանազան ու գեղեցիկ կանաչ թփերից, գտավ հետաքրքրաշարժ կապույտ ծաղիկների մի բույլ՝ թավշյա ծայրերով, քաղցրահոտ թփի վրա` շագանակագույն, բուրավետ բողբոջներով լի ճյուղեր։
Կեսօրին, ձեռքին բռնած իր հավաքած ծաղիկների ու ճյուղերի փունջը, նա տնից ավելի քան մեկ մղոն հեռու էր։ Աղջնակը նախկինում էլ հաճախ տնից այդքան հեռու գնացել էր, բայց այժմ այս վայրի անծանոթ վայրը տարօրինակ զգացողություն էր առաջացնում, ամեն ինչ մի տեսակ մռայլ էր թվում։ Օդը խոնավ էր, լռությունը՝ խորը և ծանր։
Մայոփը շրջվեց դեպի տունդարձի ճանապարհը՝ գտնելու առավոտյան խաղաղությունը: Այդ պահին նա հայտնվեց ինչ-որ մեկի աչքերի վրա։ Նրա ոտքը խրվեց այդ օտար մարմնի հոնքի և քթի միջև կոտրված հատվածի մեջ։ Աղջնակը արագ, առանց վախի կռացավ և ոտքը հանեց։ Երբ տեսավ նրա մերկ ատամներով սառած ժպիտը, փոքր-ինչ զարմացած ճչաց։
Դա մի բարձրահասակ տղամարդու մարմին էր, որը մեծ տարածություն էր զբաղեցնում։ Մայոփը մի կողմ հրեց տերևները, հողի և աղբի շերտերը ու տեսավ մեծ, սպիտակ կոտրված ատամներով ու երկար մատներով տղամարդու: Նրա կոմբինեզոնը փտել էր, բացի հագուստի կապույտ ջինսի մի քանի թելերի, իսկ կոմբինեզոնի ճարմանդները կանաչել էին։
Մայոփը հետաքրքրությամբ սկսեց նայել։ Հանկարծ անշարժ մարմնի կողքին տեսավ մի վայրի վարդագույն վարդ: Նա պոկեց ծաղիկը, որ իր հավաքած փնջին ավելացնի։ Ծաղկի արմատի շուրջը մի հողաթումբ կար՝ օղակի նման։ Դա օղակի փտած մնացորդ էր, պատռված պարանի մի կտոր, որն այժմ միախառնվել էր հողի հետ։ Մեծ կաղնու ծառի կախված ճյուղերից մեկի շուրջը նույնպես պարանի մի կտոր կար փաթաթված։ Այն քայքայված էր, փտած, արևից խամրած ու մաշված, գրեթե անտեսանելի, բայց քամուց անհանգիստ պտտվում էր։ Մայոփը դանղաղորեն վայր դրեց ծաղիկները և այդ պահին նրա համար ամառն ավարտվեց:

Թարգմանությունը անգլերենից՝ Գոհար Գեղամյանի

Թողնել մեկնաբանություն