Կույրն ապրում էր մառանի վերևի սենյակում, Մաիկոյի տնից ոչ շատ հեռու։ Փողոցը, ինչպես ամեն բան շրջակայքում, ցածր բլրի գագաթին էր։ Կույրի տան պատերը դատարկ էին, նստելու տեղ նույնպես չկար, և Մաիկոն կանգնած էր մնացել։ Նա տասը տարեկան էր։ Ընդամենը մեկ մահճակալ, կողքը՝ հաղորդափողով ռադիոյով մի պահարանիկ։ Կույրն ալեհեր էր, Մաիկոյի հայրիկից բավական տարիքով։ Մինչ կույրն ու հայրը զրուցում էին, տղան՝ գլուխը կախ, ցեմենտե հատակին էր նայում և ոտքերի ծայրերով փոշու փոքրիկ բլուր էր սարքում։ Զրույցին չէր հետևում, իրականում չէին էլ ուզում, որ նա լսեր։ Տղան հանկարծակիի չեկավ, երբ պստլիկ, սև սարդը դուրս սողաց իր պատրաստած փոքրիկ կույտից, ապա արագ սահեց և անհետացավ մահճակալի ետևում։ Մաիկոն հայացքը վեր հառեց։ Պատի վերին անկյունում փայլփլում էր սարդոստայնը։ Սենյակի միակ զարդը։
Հայրը թևը երկարեց և սեղմեց կույրի ձեռքը։
– Ուրեմն, պայմանավորվեցինք, – ասաց Մաիկոյի հայրը, կույրը գլխով արեց։ Վերջ։
Մեկ շաբաթ անց Մաիկոն և կույրը միասին քաղաքում էին, Ռեպուբլիկայի և Գրաուի աղմկոտ խաչմերուկում։ Երկուսն էլ վաղ էին արթնացել ցածր, կապարագույն ամպերով մթամած ձմռան այդ առավոտ և շտապել էին քաղաքի կենտրոն՝ հռնդացող, աղաղակող երթևեկությամբ այդ վայրը, որ սևին էր տալիս վիթխարի հյուրանոցի ստվերի մեջ։ Կույրն ամուր բռնել էր կարմրագագաթ ձեռնափայտը, չնայած ճանապարհը լավ գիտեր, և երբ տեղ հասան, ծալեց այն և թողեց խոտածածկ ծառուղու անկյունում։ Նրա քայլերն անվստահ դարձան, և Մաիկոն հասկացավ, որ արդեն սկսել էր ձևացնել։ Կույրի ժպիտն անհետացավ դեմքից, կզակը կախվեց։
Առաջին մեկ ժամվա ընթացքում Մաիկոն սովորեց այն ամենը, ինչ պարտավոր էր իմանալ։ Լուսացույցը կարգավորում էր ժամանակը՝ երեք րոպե աշխատանք, որին հետևում էր երեք րոպեանոց սպասումը։ Երբ երթևեկությունը կանգ էր առնում, կույրը մի ձեռքը տղայի ուսին էր դնում, մյուսով առաջ էր պարզում պահածոյի դատարկ տուփը, և համաքայլ անցնում էին կանաչ լույսին սպասող մեքենաների շարքերի միջով։ Մաիկոն նախ նրան ուղեկցում էր դեպի իջեցրած ապակիներով ավտոմեքենաները, և յուրաքանչյուրին մոտենալիս կույրն անօգնական քրթմնջոց էր հանում։ Մաիկոյի միակ պարտականությունը նրան դեպի այն մարդիկ ուղղորդելն էր, ովքեր հավանական է, որ կտային, նաև պետք է ճշտեր և իզուր ժամանակ չկորցներ նրանց վրա, ովքեր միևնույն է, չէին տալու։ Միայնակ կին-վարորդները, ըստ կույրի, առավել առատաձեռն են՝ հուսալով, թե այդպիսով կխուսափեն թալանվելուց։ Նրանք մշտապես մանրադրամ են պահում մոխրամանում հենց նման գործարքների համար։ Տաքսու վարորդներին նույնպես կարելի էր մեծահոգի համարել, որովհետև աշխատանք ունեին, իսկ կանանց ուղեկցությամբ երթևեկող տղամարդիկ միշտ ցանկանում են տպավորություն գործել և իրենց թույլ են տալիս մի քանի մետաղադրամ նետել, որպեսզի ցուցադրեն սեփական վեհանձնությունը։ Միայնակ տղամարդ-վարորդները սակավադեպ են տալիս, նաև ոչ մի ակնթարթ չի կարելի վատնել այն մեքենաների վրա, որոնց ապակիները մութ են։
– Եթե գլխի ընկնեն, որ իրենց չես տեսնում, – ասաց կույրը, – չեն ամաչի։
– Հո գիտե՞ն, որ իրենց չեք տեսնում, – պատասխանեց Մաիկոն։
– Բա էլ ինչո՞ւ ես կողքս։
Մաիկոյի մայրը չէր ցանկանում, որ տղան փողոցում աշխատեր, նախորդ գիշեր ընդդիմացել էր, բայց հայրը գոռգոռացել և բռունցքը սեղանին էր իջեցրել։ Բայց այդ ամենը հազիվ թե անհրաժեշտ էր, իրականում Մաիկոն աշխատելուն դեմ չէր։ Նրան նույնիսկ դուր էր գալիս թափառել, հատկապես այն պահերին, երբ անելիք չուներ, միայն անվերջանալի երթևեկությանն էր հետևում և միաձուլվում էր գուլ աղմուկին։
– Մարդիկ Գրաու փողոցն են ընտրում, երբ ցանկանում են հյուսիսային շրջանները հասնել, – բացատրեց կույրը։
Նա մտովի քարտեզել էր քաղաքը։ Հյուսիսում կարելի էր փող վաստակել․ այն շրջանն էր, որտեղ մարդիկ փորձում են իրենց վիճակը բարելավել։ Ոչ թե հարավի հարուստների նման, որ մոռացել են, թե որտեղից են եկել։
– Շատ վեհատեսիլ խաչմերուկ է, հենց սա, – ասաց կույրը։ – Այստեղ մարդիկ գիտեն ինձ և սիրում են ինձ, որովհետև ամբողջ կյանքում ճանաչել են ինձ։ Եվ տալիս են։
Մաիկոն նրան լսում էր այնքանով, որքանով հնարավոր էր լսել ժխորի մեջ։ Լսածն էլ միայն սա էր՝ ինձ, ինձ, ինձ։ Մեքենաները, շարժիչները և կույրը, բոլորը միասին մեկ ձայն էին։ Խաչմերուկի վերևում բարկ ծխի ամպեր էին, այնքան թունավոր, որ ընդամենը մեկ ժամ անց Մաիկոն զգաց, որ կրծքավանդակում պղպջակներ են լողում, հետո կոկորդը քոր եկավ։
Հազաց և թքեց։ Եվ անմիջապես ներողություն խնդրեց, ինչպես մայրն էր սովորեցրել։
Կույրը ծիծաղեց։
– Էս ի՞նչ, ավելի վատ բաներ ես անելու։ Փողոցում հազալու էլ ես, միզելու էլ, դեռ կեղտոտելու էլ ես, և ոչ մեկի վեջը չի լինի։
Կեսօրին մոտ ամպերը նոսրացան, բայց եղանակը զով էր ու խոնավ։ Կույրը փողը գրպանն էր լցնում և պարբերաբար հայտարարում, թե որքան են հավաքել։ Շատ չէր։ Ամեն անգամ, երբ տուփի մեջ մետաղադրամ էր զնգում, կույրը համեստաբար խոնարհվում էր, և Մաիկոն նույն բանն էր անում, չնայած նրան չէին խնդրել այդպես վարվել։ Կույրը տուփի միջի մետաղադրամներն այն ժամանակ էր գրպանը դատարկում, երբ լույսը փոխվում էր, նաև զգուշացնում էր Մաիկոյին, որ ուշադիր հետևի գողերին, բայց տղան միայն շրջիկ լրագրավաճառների ու նկարիչների էր տեսնում, հացի կամ ծաղկի ու մրգի զամբյուղներով կանանց, իսկ շրջապատի մարդկանց հոծ բազմությունը լոկ ապահովության զգացում էր ներշնչում։ Բոլորը նրան շատ լավ էին վերաբերվում։ Մոր տարիքին տիկինը մի կտոր հաց և քաղցր կարտոֆիլ տվեց, որովհետև նրա առաջին աշխատանքային օրն էր։ Տիկինը անցուղում մի քանի նոր քայլող երեխա էր խնամում։ Երեխաները խաղում էին լցոնած խաղալիք-կենդանու հետ՝ հերթով քաշքշելով ու պատառոտելով այն։ Խաղալիքի խծկոնքը ճերմակ խրձերով թափվել էր խոտածածկի վրա, և երբ կողքով բեռնատար անցավ, քշեց-դեպի փողոցը տարավ։
Երբ կույրն իմացավ, որ Մաիկոն դպրոց է հաճախել, լրագիր գնեց և ստիպեց, որ կարդա իր համար։ Մաիկոն ընթերցում էր, իսկ նա գլխով էր անում կամ լեզուն էր ծթթացնում, իսկ պատմություններն այնքան կլանող էին, որ երկուսով էլ նույնիսկ լույսի փոխվելը չէին նկատում, մինչև որ տղան կավարտեր հերթական պատմության ընթերցանությունը։ Նախորդ օրը դատավոր են սպանել, ցերեկով, ռեստորանում, իրենց նստած տեղից ոչ հեռու։ Խմբագրականը պաշտպան է կանգնում շանը, որին իշխանությունները ցանկանում են վերացնել, քանի որ հոշոտել էր գողին։ Շուտով նոր նախագահ ենք ունենալու, նրան դիմավորելու համար բողոքի ցույցեր են նախատեսվում։ Անցնող ավտոմեքենաների պատուհաններից երաժշտություն էր դուրս հորդում, և մինչ լույսը կփոխվեր՝ Մաիկոն անվերջ տարբեր մեղեդիներ ու երգեր էր լսում։ Երբ ի վիճակի էր լինում, կույրի դեմքն էր զննում։ Անթրաշ, թխամաշկ, ուռած թշերով։ Կեռ, կճատ քիթ։ Կույրերի մեծ մասի նման մուգ ակնոց չէր կրում, և Մաիկոն գլխի ընկավ, որ նրա անօգնական, մոխրագույն աչքերի մռայլ փայլը մուրացիկի արժանիքներից էր։ Տարածքում բազմաթիվ մրցակիցներ ունեին, այդ առավոտ շատ մարդ էր աշխատում, և նրանց որակները նման գործի համար կասկած չէին հարուցում։
Վերադարձան օրվա վերջում, Մաիկոյի հայրը սպասում էր կույրի դռան առաջ։ Աչքով արեց Մաիկոյին և կոպտորեն սեղմեց կույրի ձեռքը, որ զարմացրեց վերջինիս։
– Փողը, – ասաց ջերմությունից բացարձակապես զուրկ ձայնով։ Փողը տեսնեմ։
Կույրը գրպանից հանեց բանալին և շոշափելով գտավ կողպեքը։
– Սպասիր։ Ավելի լավ է՝ ներսում։ Տեսնողներդ շատ անհամբեր եք։
Մինչ կիսում էին հավաքած գումարը, Մաիկոն կանգնել էր քիչ հեռվում։ Դանդաղ էին հաշվում։ Կույրը զգուշությամբ շոշափում էր յուրաքանչյուր մետաղադրամը, հետո բարձրաձայնում էր արժեքը։ Եթե առարկություն չէր լինում, շարունակում էր, ձեռքերն առաջ էին շարժվում նուրբ վստահությամբ՝ անկողնու վրա մետաղադրամի կույտեր դիզելով։ Մի քանի անգամ դրամի արժեքը սխալ ասաց, բայց Մաիկոն հավատացած էր, որ հատուկ արեց։ Երրորդ անգամ Մաիկոյի հայրը խորը շունչ քաշեց։
– Թող, ինքս կհաշվեմ։
Կույրը առարկեց։
– Բայց ազնիվ չի լինի, չէ՞։
Երբ հաշվեցին ու վերջացրին, Մաիկոն և հայրը լուռ քայլեցին դեպի տուն։ Սպասվածից երկար էր տևել, հայրը շտապում էր։
Մայրը հարցրեց, թե գործերն ինչպե՞ս են, հայրը հեգնեց և ասաց, որ փող չեն բերել։ Կամ էլ այնքան էր, որ նշելն անիմաստ էր։ Մինչ մայր և որդի ճաշում էին, հայրը պատրաստվում էր գիշերային հերթափոխի մեկնել։
Երկրորդ օրն ամեն ինչ նույնն էր, իսկ երրորդ օրը, երբ բլրի ստորոտն էին հասել, հայրը Մաիկոյին շուկա տարավ և երկու գավաթ սոդայաջուր պատվիրեց։ Մատուցողը հաստ, կոպիտ ձեռքերով ծերունի էր։ Մաիկոն սոդայաջուրը ձողիկով խմեց։ Հայրը գործերի ընթացքի մասին հարցրեց և հետաքրքրվեց, թե աշխատանքը նրան դուր գալի՞ս էր։ Մաիկոն արդեն մեծ էր և գիտեր, որ շատ չպետք է խոսի։ Մորից էր սովորել։
– Քաղաքի գործարար մասը հավանո՞ւմ է։
– Այո։
– Աշխատանքը սրտո՞վն է։
– Այո։
– Ի՞նչ գործ է անում։
Մաիկոն սկսեց զգուշորեն ընտրել բառերը՝ բացատրելով, թե անցած մի քանի օրվա ընթացքում ինչ է յուրացրել։ Ահագին բան ողորմածության, երթևեկության մասին, նաև այն, որ հարավային ուղղությամբ շարժվողների համեմատությամբ՝ դեպի հյուսիս ուղևորվող ավտոմեքենաները հարաբերականորեն մեծահոգի են։
Մաիկոյի հայրը հանգիստ լսում էր։ Վերջացրեց սոդայաջուրը, հետո գարեջուր պատվիրեց և ավելի մեծ հաճույքով խմեց։ Ապա նայեց ժամացույցին, մի քանի մետաղադրամ շաղ տվեց սեղանին, որ ծերունին թթված դեմքով հավաքեց-բռի մեջ լցրեց։
– Մեզ թալանում են, – ասաց Մաիկոյի հայրը։ – Լսո՞ւմ ես, տղա։ Պետք է ինքդ փողի հաշիվը պահես։ Մտքում հաշվիր։
Մաիկոն լուռ էր։
– Լսեցի՞ր, թե ինչ ասացի։ Կեսը կույրինն է, կեսը՝ մերը։
Այդ առավոտ կույրը Մաիկոյի համար մի տոպրակ եգիպտացորենի ձողիկ էր գնել։ Լրագիրն ընթերցելուց հետո կույրը պատմել էր, թե քաղաքն ինչպիսին էր, երբ այնտեղ օդը դեռ մաքուր էր, և երթևեկություն չկար։ Մաիկոյին թվացել էր, թե կույրը անիրական վայրի մասին էր խոսում։
– Նույնիսկ այս խաչմերուկը, որտեղ աշխատում ենք, մի ժամանակ խաղաղ էր, ասել էր կույրը ժպտալով, քանի որ վստահ էր, թե դժվար էր դրան հավատալ։
Իսկ այժմ տղան հայացքը բարձրացրեց։ Վերևում հոր դեմքն էր։
– Որդիս, թույլ չտաս, որ կույրը շփոթեցնի քեզ, – ասաց հայրը։ – Հասկանում եմ, դժվար գործ է։
Հաջորդ օրը Մաիկոն ամեն ինչ արեց, որպեսզի ճշգրիտ հաշիվը պահի, բայց նախաճաշի ժամին հոգնածությունից արդեն նվաղել էր։ Երբ հարցրեց, թե որքան փող էր կուտակվել, կույրը պատասխանեց, որ հաստատ չգիտի։
– Հետո կհաշվեմ, – ասաց։
– Հիմա հաշվիր, – պնդեց Մաիկոն։ Բառերը բերանից դուրս էին թռչում որոշակի խստությամբ, որ նրան դուր էր գալիս։
Կույրը պարզապես ժպտաց։
– Հանգիստ, – պատասխանեց։ – Իսկ հիմա հաջորդ հոդվածը կարդա։
Ավտոմեքենայի ազդանշան հնչեց, հետո՝ մեկ ուրիշը, շուտով ժխոր առաջացավ։ Երբ փողոցը մի փոքր խաղաղվեց, Մաիկոն կրկին բացեց լրագիրը։ Լեռներում, տոնի ժամանակ մի ամբողջ գյուղ է թունավորվել։ Մսից։ Առողջապահության նախարարը ինքնաթիռով դեղորայք և բժիշկներ է տեղ հասցրել։ Լույսը փոխվեց։ աշխատելու ժամանակն էր։
Ամեն երեկո Մաիկոյի հայրը կույրի դռան առաջ էր դիմավորում նրանց։ Փողը երբեք բավարար չէր լինում, և հայրը չէր կարողանում, կամ չէր ցանկանում թաքցնել դժգոհությունը։ Մաիկոն զգում էր, վստահ էր՝ պահը մոտենում է, և երբ ութերորդ օրը հայրը հարվածեց, պահարանիկի վրայից ցած նետեց ռադիոն ու ասաց՝ «Գող քոռի մեկը», Մաիկոն հասկացավ, որ ինքն էլ էր ուզում, որ դա կատարվեր։ Կատաղած հորը տեսնել էր պետք․ կարմրատակած լայն դեմք, աչքերի ճերմակ խնձորակները դուրս պրծած, բռունցքները թակի նման ծանր ու կոշտ։ Մաիկոն այնքան կցանկանար իմանալ, թե կույրը կարո՞ղ էր պահը գնահատել։ Եվ արդյո՞ք բավարար էր հոր ձայնը, նրա սուր ճղճղոցը։
Կույրը առնվազն ըմբռնում էր պահի լրջությունը։ Երբ գրպանները դատարկվեցին, երևաց, որ ոչ զարմացած էր, ոչ էլ՝ վախեցած։
Ռադիոն ֆշշաց և լռեց։ Մինչև ռադիոյի սսկվելը Մաիկոն չէր էլ նկատել, որ այն միացած էր։
Աշխատանքը վերսկսեցին մի քանի օրից, նոր համաձայնագրով։ Այժմ փողը տղայի մոտ էր հավաքվելու։ Մետաղադրամները ծանրացրել էին գրպանները, թվում էր, թե փողն ավելի շատ էր, քան իրականում կար։ Պստլիկ, հին, բարակած մետաղադրամներ, անարժեք, մաշված մետաղի կտորներ, և երբ աշխատանքն ավարտել էին, կույրը տղային խնդրեց իրեն դեպի հյուրանոց ուղեկցել։ Արևոտ օր էր, կեսօրվա թեք լույսի մեջ հյուրանոցի պսպղացող ապակյա ճակատը, կարծես ոսկուց էր ձուլված։
– Մոտենանք, – ասաց կույրը։
Ճանապարհը լավ գիտեր։ Ծալել էր ձեռնափայտը, բայց հասկանալի էր, որ մշտական հաճախորդների ներկայությամբ տղան պետք է շարունակեր առաջնորդել նրան։ Գրաուն միասին հատեցին, կույրի ձեռքը Մաիկոյի ուսին էր։
– Հյուրանոցի ետևում փողոց կա։ Ցուցանակը կարդա, – ասաց կույրը։
Նեղ փողոց էր։
– Պալոմարես, – պատասխանեց Մաիկոն։
– Այս մեկով իջնենք, տղա։ Հեռանանք Գրաուից։
Երբ երկրորդ խաչմերուկն անցան, կույրը հարցրեց, թե փողոցների անկյուններում ինչ կար։
Մաիկոն նկարագրեց ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ հացի խանութ, սայլակի վրայից խորոված եգիպտացորեն վաճառող տղամարդ, ինտերնետ-սրճարան, մսավաճառի խանութ։
Կույրը ժպտաց։
– Սայլակի ետևում ի՞նչ կա։
– Բար։
– Բար։ Ինչպե՞ս է կոչվում։
– «Էլ Մոյզես»։
– Մտնենք։
Բարը դատարկ էր, կույրը Մաիկոյին խնդրեց ամենալավ սեղանն ընտրել։ Տղան պատուհանի կողքի սեղանին մոտեցավ։ «Էլ Մոյզեսը» փողոցի մակարդակից ցածր էր, և պատուհանից միայն դրսում քայլողների ոտքերն էին երևում։ Ածուխի վրա խորովվող եգիպտացորենի բույրը լցվել էր բարը։ Նոր էին տեղավորվել, կույրը տեղի տվեց և երկու հատ պատվիրեց։ Գարեջրի առաջին գավաթն արդեն դատարկել էին։ Եգիպտացորեններից մեկը Մաիկոյին մեկնեց, երկրորդն անմիջապես ոչնչացրեց երկրորդ գավաթ սառը գարեջրով։ Հաճույքով պատմում էր հենց այդ բարում իր ներկայությամբ բռնկված կռիվների մասին՝ շպրտվող աթոռներ, կոտրվող և զենքի նման թափահարվող շշեր, ընդհարման դուրեկան աղմուկ։ Հարևանիդ շնչառությունից խուճապ, վախ և ադրենալին է բուրում։ Անսովոր այդ զգացումը տասնյակ անվանում ունի։
– Իսկ երբ սկսվում է, ի՞նչ եք անում, – հարցրեց Մաիկոն։
– Կռվում ես, էլ ի՞նչ։
– Ուզում եմ ասել՝ դո՞ւք ինչ եք անում։
– Հա՜, էդ ես հարցնո՞ւմ։ Կույրն ինչպե՞ս է կռվում։ Ասեմ, – խոսում էր փսփսոցով։ Առանց մտածելու։ – Շպրտում ես, ինչ որ ձեռքդ է ընկնում։ Անկապ շպրտում ես և անհուսորեն ելքն ես փնտրում։ – Կույրը հառաչեց։ – Իմ կարծիքով, տեսնողներից էնքան էլ չեն տարբերվում։ Գուցե ավելի անհույս կամ ավելի անխոհեմ։
Մատուցողը միացրել էր ռադիոն, ցածրաձայն մեղեդի էր բզզում, որ Մաիկոն հազիվ էր տարբերում։ Բարում միայն իրենք էին։
– Ասա՝ տեսնեմ, – որոշ ժամանակ անց նրան դիմեց կույրը, ի՞նչ տեսք ունես։ Չնայած, ավելի շուտ պետք է հետաքրքրված լինեի։ Նկարագրիր քեզ։
Մաիկոյին դեռ ոչ ոք նման բան չէր խնդրել։ Իրականում, նույնիսկ չէր պատկերացնում, որ կարելի է նման հարց տալ։ Ինքդ քեզ նկարագրես։ Մի պահ մտածեց, բայց ոչ մի կարգին բան չանցավ մտքով։
– Տղա եմ, էլի՜, – ճարը գտավ, – տասը տարեկան։
– Ավելի շատ, – ասաց կույրը և մեծ կում արեց գարեջրից։ Ինձ ավելին է պետք։
Մաիկոն կուչ ու ձիգ եղավ աթոռին։
– Դեմքդ ինչպիսի՞ն է։ Գիտեմ, որ տարիքիցդ փոքր ես երևում։ Ի՞նչ ես հագել։
– Սովորական, – տղան այդքանը կարողացավ ասել։ – Նորմալ հագնված եմ։ Նորմալ տեսք ունեմ։
– Շորերդ։ Օրինակ՝ վերնաշապիկդ, ի՞նչ կտորից է։
– Չգիտեմ։
– Կարելի՞ է շոշափել, – հարցրեց կույրը։
Առանց պատասխանին սպասելու արդեն երկարացրել էր ձեռքը և բթամատով ու ցուցամատով ստուգում էր, թե ինչ կտորից էր կարված Մաիկոյի վերնաշապիկը։
– Շա՞տ է գունաթափված։
– Չէ, – պատասխանեց Մաիկոն։
– Վերնաշապիկդ օձիքո՞վ է։
– Հա։
– Շալվարիդ ծնկամասերը ծա՞կ են։
– Կարկատած են։
– Իսկ շալվարդ եզրակար ունի՞։
– Հա։
Կույրը փնթփնթաց։
– Վերնաշապիկդ շալվարիդ մե՞ջ ես խցկել։
Մաիկոն ցած նայեց։ Այդպես էլ կար։
– Ենթադրում եմ՝ գոտի էլ ունես։ Կաշվի՞ց է։
– Հա։
Կույրը հառաչեց։ Կրկին գարեջուր պատվիրեց, և երբ գավաթը սեղանին հայտնվեց, խնդրեց, որ մատուցողը մի պահ հապաղի։
– Կներեք, պարոն, – ասաց՝ վեր պարզելով աջ ձեռքը։
Ապա Մաիկոյին խնդրեց ոտքի կանգնել և կրկին մատուցողին դիմեց։ Ինչպե՞ս կնկարագրեիք այս երեխայի ընդհանուր տեսքը։
Մատուցողը լուրջ, անժպիտ մարդ էր։ Ոտքից գլուխ զննեց Մաիկոյին։
– Կոկիկ հագնված է։ Մաքուր տեսք ունի։
– Մազերը։ Սանրա՞ծ են։
– Բավական լավ։
Կույրը շնորհակալություն հայտնեց մատուցողին և Մաիկոյին խնդրեց նստել։ Շարունակեց գարեջուր խմել, և Մաիկոյին մի պահ թվաց, թե նա այլևս չի խոսելու։ Ռադիոյով նոր երգ սկսվեց, երգչին նվագակցում էր պայծառ, հնչեղ կիթառը, կույրը ժպտաց և սկսեց մատներով տկտկացնել սեղանին։ Ձայնակցում էր, այնտեղ, որտեղ բառերը չգիտեր, տրա-լա-լա էր երգում, հետո միանգամից լռեց։
– Ծերուկդ կարծում է, թե կարգին տղամարդ է, – ի վերջո ասաց, երբ երգն ավարտվել էր, և մատուցողը հաջորդ գավաթն էր բերել։ – Սա է խնդիրը։ Ամեն գիշեր աշխատանքի է գնում և առավոտները քեզ չի տեսնում, իսկ այդ ժամանակ մայրդ է քեզ հագցնում-կոկում։ Պետք է, որ լավ կին լինի։ Իսկական կին։ Բայց դու մամայի բալա ես։ Կներես, որդիս, բայց պետք է պարզ խոսեմ։ Դրա համար էլ փող չենք վաստակում։ Այս տեսքով մուրալ չի լինի։
Մաիկոն լուռ էր։
Կույրը ծիծաղեց։
– Հուզվեցի՞ր։
– Չէ, – պատասխանեց Մաիկոն։
– Լավ է։ Շատ լավ։
Կույրը գլխով արեց, հետո սուլեց մատուցողին, որն անմիջապես մոտեցավ նրանց սեղանին և հայտնեց, թե որքան են պարտք։
– Շնորհակալ եմ, պարոն, – չորս կողմը ժպտալով՝ ասաց կույրը։ – Հաշիվը, խնդրում եմ։ Տղան կվճարի։
Երեկոյան Մաիկոյի հայրը ափերից դուրս եկավ։
– Փողն ո՞ւր է։ Փողը, ծույլ անբան։
Ի՞նչ կարող էր պատասխանել, բացի՝ «Ծախսել եմ»-ից, նախադասություն, որ ինքնաբերաբար դուրս սպրդեց, և ահը պատեց նրան, հենց որ այդ երկու բառը և դրանց արտահայտած կիսաճշմարտությունը լսելի դարձան։ Վախը դուրս ժայթքեց կրծքից, թևերը թեթևացած, անօգնական կախ ընկան, ստամոքսը դատարկվեց, ոտքերն այլևս անկարող էին պահել մարմինը։ Մորը, որ փորձ արեց միջամտել, նույնպես բաժին հասավ, և այդ կարճատև կատաղի պահին մի ակնթարթ Մաիկոն հասկացավ, որ իր վերջը եկել էր։ Մոր ճիչերի ուժգնությունից գլխի էր ընկնում, որ այս անգամ ուրիշ էր, մյուս անգամների նման չէր, չնայած եթե համարձակվեր աչքերը բացել, ինքը նույնպես այդ ամենի ականատեսը կլիներ, կհասկանար հոր դեմքի վայրագ արտահայտությունից։
Հետո աղմուկ եղավ և լույս, Մաիկոն ծածուկ նայեց և թվաց, թե սենյակը գլխին է շուռ գալիս։ Նրան գետին էին տապալում, իսկ ինքը ոտքի էր կանգնում, հրում-գցում էին, և, ի զարմանս իրեն, կրկին վեր էր կենում, և այդպես շարունակ, մինչև այլևս ոտքի ելնելու ուժ չմնաց։
Ամեն ինչ խաղաղվեց։ Մաիկոն չգիտեր, թե որքան ժամանակ էր անցել, բայց տեղյակ էր, որ հայրը գնացել էր։ Աչքերը բացեց։ Պահարանի ապակյա դռնակը փշրված էր, աթոռի ոտքը՝ կոտրված։ Փոթորիկ էր եղել և անցել․ անհասկանալիորեն՝ արյուն չկար։ Մայրը հենվել էր սենյակի հեռավոր պատին, լաց չէր լինում, պարզապես շնչում էր, Մաիկոն նրա մոտ սողաց, հետո քնեց։
Այդ գիշեր Մաիկոն երազ չտեսավ։ Մի քանի ժամը, որ կարողացավ աչք կպցնել, փուչ և խավար էին։ Զարթնեց արշալույսին, անկողնում։ Հավանաբար, մայրն էր մի կերպ քարշ տվել։
Առավոտյան կույրն այնպես ժամանեց, կարծես, ոչինչ չէր եղել։ Նրան տեսնելով՝ Մաիկոն հասկացավ, որ ինքը հույս է ունեցել, թե նա մեռած կլինի, պատկերացրել է՝ այն կատաղությունը, որ հայրն իր գլխին է թափել, կույրի համար կրկնապատկված, եռապատկված պետք է լիներ։ Փոխարենը, կույրի դեմքին նախորդ օրվա նույն գոհ արտահայտությունն էր, երբ տղային թողել էր ավտոբուսի կանգառում՝ ասելով, որ ինքնուրույն կարող է տուն հասնել։ Նրա խոսքերում մխիթարանք կար, հարբած չէր, Մաիկոն հաստատ գիտեր, ուղղակի երջանիկ էր, այնքան երջանիկ, որքան Մաիկոն նվաստացած էր, և նույնքան ուրախ, որքան Մաիկոն էր զայրացած։ «Գնա, ասել էր մայրը։ Գնա։ Այդ փողը մեզ հարկավոր է», և Մաիկոն կուլ էր տվել ցավն ու ձգել էր նվացող, ծեծված մարմինը։ Աչքերը կատաղած չռել էր կույրի վրա, հետո, երբ մայրը խոր հոգոց էր հանել, գնացել էր։
Ճանապարհն արդեն ծանոթ էր Մաիկոյին։ Քաջածանոթ։ Գիտեր փողոցների անունները, որոնցով անցնում էին, մինչև կենտրոն կիջնեին, գիտեր, թե որտեղից էր շրջվելու, խաչմերուկները, որտեղ ճանապարհը խորդուբորդ էր, և ավտոբուսը թափ էր տալիս։ Ծանոթ էին բոլոր պատկերները, ավտոբուս բարձրացող և իջնող տղամարդկանց ու կանանց լարված դեմքերը և ավտոբուսում տիրող միահամուռ հանգստությունը, երբ անցնում էին կամուրջն ու կիպ մոտենում էին կենտրոնին։ Անձրևոտ եղանակին ցածում հոսող սակավաջուր, կեղտոտ գետակը վերակենդանանում, մի կերպ կյանքի էր գալիս, բայց այժմ աննշան առու էր, որ անկարող էր ծովին հասնել։ Հասակակից տղաներ էին վազում գետի հունով, Մաիկոն ավտոբուսի միջից տեսնում էր նրանց, որ այրվում էին շողոքորթ խանդավառությամբ։ Եթե խնդրեին, այդ ամենը կարող էր նկարագրել կույրին, պատկերել կեղտի ու ծխի այս քաղաքը, բայց ենթադրում էր, որ կույրն այս վայրերն ավելի լավ գիտեր, քան ինքը երբևէ կարող էր իմանալ։
Այդ օրը լրագիր չընթերցեց և չունկնդրեց կույրի պատմությունները՝ մինչ մայրուղին կլցվեր ու կդատարկվեր սեփական անուրախ ռիթմով։ Սպասում էր կույրին, որ ներողություն խնդրի, չնայած գիտեր, որ չէր անելու։ Նեղություն չէր քաշում նախքան գրպանը լցնելը հաշվել փողը, և միայն այն ժամանակ, երբ երկինքն սկսեց պարզվել, և արևի ճառագայթները հորդացին ճեղքված ամպերի արանքից, զգաց, որ երբեք փողն այդքան շատ չէր եղել։ Շոշափեց սեփական դեմքը։ Արյունած կզակը, կապտած այտերը, ուռած աջ աչքը, որ ոչ թե այտուցվել, այլ կռկվել էր, և ինքը ստիպված էր ջանք թափել, որ աչքը բաց պահի։ Կույրն այդ ամենից անտեղյակ էր։ Նկարագրիր քեզ։ Ասա՝ տեսնեմ, ի՞նչ տեսք ունես։
– Մուրացիկ։
Շրջապատված է նրանցով, կարող է տեսնել նրանց՝ մուրացիկների վխտացող բանակը, որ բարի բախտի է սպասում, մեծահոգության՝ որպես փրկության մեկ օր, մեկ շաբաթ, կամ մեկ ամիս։ Հաշվել, հաշվել ժամերով, գոյության պայքարի ուշադիր հաշվարկ՝ սա սննդի համար, այսքանը կխնայեմ, եթե ոտքով տուն վերադառնամ, սա՝ երեխաներին, տան համար, ապուրի, խմելու, տանիքի, այսքանն էլ՝ սև օրվա համար։ Մաիկոյի հայրն անքուն ժամերն անց էր կացնում քաղաքի մեկ այլ մասում՝ հիմնականում նույն հաշվարկն անելով և եթե գոնե փոքր հաջողություն ունենար՝ որդուն ազատելու էր սրանից։
– Հաջող օր է, չէ՞, – ասաց կույրը։
Պատասխանի չսպասեց, պարզապես համր ժպտաց և ինչ-որ մեղեդի դնդնաց։
Հետո լույսը փոխվեց, տղան իրեն հավաքեց և կույրին կրկին առաջնորդեց կանաչ լույսին սպասող ավտոմեքենաների շարքերի միջով։ Արտանետված գազերից օդը ծանրացել էր։ Միայնակ տղամարդ-վարորդը տուփի մեջ մետաղադրամ նետեց։ Մաիկոն կտրուկ կանգ առավ։ Կույրի կողմը շրջվեց և նրան նայեց։
– Ի՞նչ ես անում, – հարցրեց կույրը։
Մաիկոն անկարող էր այդ հարցին պատասխանել, նույնիսկ եթե շատ փորձեր։ Հարցը փորձելը չէր։ Մաիկոն ձեռքը գրպանը տարավ, հանեց օրվա վաստակը, այն փողը, որ իրենց էին տվել, և բուռը կույրի տուփի մեջ դատարկեց, մետաղադրամները հրաշալի չխկչխկացին, ծանր շրխկացին՝ ցած թափվելով այնպիսի հատու ծանրությամբ, որ կույրը քիչ մնաց խելքը թռցներ։ Ասաց։ «Քեզ ի՞նչ պատահեց, տղա»։ Բայց Մաիկոն չէր լսում, նրա ականջին էր հասնում միայն շարժիչների դռռոցը, և անհամբեր սպասում էր, որ լույսը փոխվի․ էլի մի բուռ՝ փոքրիկ տասը սենթանոցներ, ավելի մեծ արծաթադրամներ, որ իսկապես ինչ-որ բան արժեին, Մաիկոն բոլորը տուփի մեջ լցրեց։ Կարդաց կույրի դեմքի շփոթմունքը։ Փողը վերջացավ, գրպանում այլևս ոչինչ չկար, և նա սկսեց քայլ առ քայլ հեռանալ կույրից։
– Ո՞ւր ես գնում։ Որտե՞ղ ես, – ասաց կույրը։
Չէր խնդրում, անվրդով էր։
Հանկարծ Մաիկոյին դաժանություն պատեց, ուժգին հարվածով շրջեց կույրի տուփը, որի մեջ եղած ամբողջ փողը և կույրի բռում ամուր սեղմած մետաղադրամները շաղ եկան փողոցով մեկ։ Մի մասը կանաչ լույսին սպասող մեքենաների տակ գլորվեց, մնացածը լցվեց մայթի ճեղքերի մեջ, միայն մի քանիսը որսացին արևի շողերը և փայլում էին ու փայլում։ Բայց միայն տղայի համար։
Հաջորդ պահին լույսը փոխվեց, երթևեկությունը վերագտավ դեպի հյուսիս ձգվող իր ընթացքը։ Սակայն եթե նույնիսկ դա էլ տեղի չունենար, եթե նույնիսկ քաղաքի բոլոր ավտոմեքենաները համբերատար սպասեին մինչև կույրը ծնկի գար և ժողովեր բոլոր մետաղադրամները, Մաիկոն ընդամենը մի բան էր նկատելու, այն, ինչն այդ ամենը արժեքավոր էր դարձնում։ Ինչ մտապահելու և վերհիշելու էր հեռանալիս, կամուրջն անցնելիս, տան ճանապարհին բլուրն ի վեր բարձրանալիս։ Կույրը, որ հանկարծ անօգնական էր դարձել, մի պահ այլևս չէր ձևացնում։
Թարգմանությունը անգլերենից՝ Արամ Արսենյանի