Ճկվող երկինք
Մարել է գարեջուրը, ծխի քուլաները երկինքն են սանրում: Նստել են փայտե անտաշ նստարանին․․․Երկինքը ժպիտով նրանց է նայում՝ հավանում եմ ձեզ, որ միայնակ եք ու ընկերովի։ Տաղավարը փոքրիկ է ու փայտից, աննշան, հիշվող, անշուք ու փնթի, տարեցները` գեր ու ուրախ: Ծառերն արձագանքում են գարնանային նորաբողբոջ թրթռուն ծաղիկներով, որ թափվում են նրանց շուրջբոլորը: Կողքին անուշ կարկաչում է ցայտաղբյուրը։
Երկինքը ճկվում է ընկերության խորհուրդից:
Զորացրվածները
Գրկախառնությունը հուզում է սրտերը: Զորահանդեսային քայլում են խաղաղության մունետիկները․ նրանց պատերազմը չի ավարտվել, աչքերում խորհուրդ կա: Ժպտում են իրար ու չեն հավատում խաղաղությանը… կյանքը մնաց ռազմադաշտում, հիմա իրենք չեն ապրում: Ապրում են ննջեցյալները:
Նրանց աչքերն այնտեղ են նայում, որտեղ մահը երիտասարդ հոգիների հունձքն էր անում: Կյանքը պարփակվեց մահվան շշունջների մեջ ու իրենք մնացին այնտեղ, որտեղ իրականության տառապանքն էր, որտեղ ընկերներն էին, որ հիմա չկան:
Քայլում են խաղաղության մունետիկները ու ժպտում իրար:
Երջանիկ կինը
Ծաղիկներով գեր կինը երջանիկ էր, հպարտ, առինքնող։
Ժպտում էր բոլորին ու սպասում, որ սիրահարվեն իրեն։ Նա երջանիկ էր աշխարհի բոլոր երջանիկ կանանց նման։ Ծաղիկները թարմ էին ու այդ օրն էին նվիրել, միգուցե աշխատավայրում, միգուցե անծանոթ մեկը, իսկ միգուցե ինքն էր գնել իր համար, նշանակություն չուներ։ Նա ժպտում էր աջ ու ձախ, աշխարհին, որովհետև գարուն էր բոլոր գարունների նման ու ծաղիկներ էին սփռված աշխարհի դաշտերում։
Կինը գեղեցիկ էր աշխարհի բոլոր կանանց նման ու սպասում էր, որ սիրահարվեն իր սիրուն։
Ծյոծ Նադյայի բույրերը
Բույրերը տարածվում են մոտակա շենքերի բակերում:
Սպիրտայրոցի վրա եփված սուրճ, կարկանդակ կարտոֆիլով, գարեջուր, երբեմն` մսային ինչ-որ բան: Հասարակական տրանսպորտի վարորդներն էին օգտվում, թաղի մուրացկանները: Երեխաներն անմասն չէին բարիքներից: Իսկ կողքի շները երբեք չէին հեռանում այդ բուրավետ վայրից. նրանց էլ էր ինչ-որ բան հասնում: Վերջում` գարեջուրը, բխկոցներ երկար սուլոցներով ու ծիծաղ, որ լսվում էր մոտակա շենքերում, բայց դժգոհ չէր ոչ մեկը:
Կյանքն էր այդտեղ` առանց համացանցի ու սմարթֆոնների, առանց մեծահասակների լարված վազվզոցի: Այստեղ ժամանակը կանգ էր առնում թաղի բամբասանքներում, երեխաների զնգուն լացի, երիտասարդ կանանց օրորացային զբոսանքներում, անխոս բամբասանքի վայելքներում, երիտասարդ տղաների բացակայության տխրության հառաչներում։
Ծյոծ Նադյայի բույրերը հնարամիտ էին` բուրավետ ու խառնիճղանչ:
Քո հայացքը
Երբ դուրս եկար վերելակից, մենք բախվեցինք: Դու ապշահար և անորոշ տխրությամբ նայեցիր ինձ: Նայեցիր ցավոտ, սպասողական ու աղերսանքով լի հայացքով: Այնքան կարոտ ու սպասում կար քո մանկական, ջինջ հայացքում: Ինձ նայելով դու դանդաղեցրիր քայլերդ… իսկ մայրդ, կոպիտ, հրելով առաջ մղեց քեզ: Հետո բռնեց ձեռքդ և արագ քարշ տվեց իր ետևից… դու հնազանդ գնացիր, այլ բան քեզ չէր մնում, որովհետև դու այնքան փոքրիկ էիր ու անպաշտպան․․․դու ընդամենը երեխա էիր։ Մեր արանքում թափով ճչաց շքամուտի դուռը։
Մեր աշխարհում մի լավ բան պակասեց: Կարոտն ամփոփվեց հոգիներում ու մնաց անսահման ցավ ու թախիծ` քո մանկական անպաշտպան, անպատասխան հայացքի մեջ:
Աղջկա մասին
Հագուստներն ու մարմինը թափանցող աշնանային թացության մեջ գրում եմ աղջկա մասին՝ տանը, խմբով ու միայնակ, ուրախ ու տխուր։
Ծխում է միայնակ աղջիկը էլեկտրական ծխախոտը։ Ծուխը հալվում է օդում, դեմքիս, անէանում։ Չի ժպտում աղջիկը, մեղմ է ու անթափանց, անհաղորդ, սառը, փոքրիկ տիեզերքի հյուլեն։ Ծուխը ներշնչում է, թաքցնում ժպիտը խորհրդավոր սեղմած շրթունքներով։
Ավելի հեռու ծիծաղում են ուրիշ աղջիկներ ամփոփ սեռերի իմաստությամբ, կաքավում սահուն բոլորագծերով։ Ժպտում է պիրկ, սլացիկ մարմինը միայն, հուզիչ հալվում, սուզվում սիրո խորքերը։
Տղաները Glovo-ից ու Yandex eats-ից
Թեթև անձրև է մաղում։ Մարդիկ արագ անցնում են ամեն մեկն իր գործով ու հոգսերով։ Ոչ մեկն այդ օրը չտեսավ, ինչպես կանգնել է տղան Glovo-ից շենքի անկյունում, հենվել է պատին ու նայում է հեռախոսին։ Պատվերի է սպասում, որ առաքի պատվիրատուին։ Իրեն հիանալի է զգում գեղեցկադեմ տղան, գումար է աշխատում, ուտելիք է հասցնում մարդկանց։ Նայում եմ՝ ինքնագլոր չունի, ոչ էլ հեծանիվ կամ մոպեդ։ Նա՝ երիտասարդ, գեղեցկադեմ տղան ոտքով է տները հասցնում պատվերները, իսկ հիմա կանգնել է շենքի անկյունում՝ մանրամաղ անձրևի տակ, խաղաղ ու վստահ, որ դեռ էլի, ուրիշ պատվերներ կլինեն։ Սպասում է․․․կլինի, վստահ է․․․ մեղմ մի ուրախություն է ալեկոծվում իմ հոգում։
Հիմա նա, համակրելի տղան Glovo-ից, նայում է հեռախոսին ու սպասում։
Yandex eats
Փոքրամարմին, ճկուն՝ 15-ամյա առաքիչը հեծանիվով ճարպկորեն խուսանավում է մարդկանց ու մեքենաների միջև։ Նա հաճախ չի երևում բազմության հորձանքում, լուրջ, մեծահասակի դեմքով հանձնում է պատվերը և արագ անցնում մյուսին։ Նա շատ գործեր ուներ դեռ, բայց չհասցրեց։ Մարդիկ նրան չնկատեցին, նա անցավ անշշուկ, հանձնեց բոլոր պատվերները, մի քանի լրացուցիչ պատվեր էլ կատարեց, թեյավճար տվեցին։ Ուրախ է՝ տանն իրեն հաշմանդամ հայրն է սպասում։ Եղբայրիկի համար քաղցր կգնի ու վստահ տուն կմտնի։ Բավական է այս օրվա համար։ Նա մտովի հրաժեշտ տվեց բոլորին, մարդկանց ու գործընկերներին։
Արա՛գ, արա՛գ դեպի տուն․․․ շրջադարձ․․․ անկյունից անսպասելի դուրս եկավ մեքենան։ Սուր ճչաց «Արագ սուրճի» աղջիկը։
Ուժեղ հարվածից շպրտվեց Yandex eats պայուսակն ու պիցցան, հոսեցին մի քանի կոնֆետները՝ եղբայրիկի համար։
Շրջապատում մարեցին շշուկներն ու ձայները։
Երկնքում պայթեց լռությունը։
Դու՝ այդ դու էիր
Ասում ես՝ ոչինչ չարեցի։ Հպվեցիր, գգվեցիր հայացքով, կախարդական բացեցիր շուրթերդ, ասացիր՝ «Շնորհակալություն»։ Ես չասացի՝ «Ի՞նչ տարբերություն, սերը սեր է»։
Այնքան խոնարհ էիր, մեղկ, սիրատարփ, ինքդ էլ չգիտես՝ ի՞նչ և ո՞ւմ համար։ Բայց դու՝ դու էիր, կին, մայր, ամազոնի զավակ, տիեզերքից պարգևված հնչյուն, չվաճառվող, հանձնվող։ Կյանքը որոնած ու գտած, խորհուրդի բուրմունքը վայելող սիրո քուրմ, որ անմահացար ակնթարթների մեջ։
Դու՝ այդ դու էիր։
Լվացքի մեքենա չունեցող աղջիկը
Հեռավոր մի երկրում երիտասարդ աղջիկը ձեռքերով էր լվանում ընտանիքի հագուստները, որովհետև չունեին լվացքի մեքենա։ Աղջիկը չէր ժպտում, այլ լացում էր, որովհետև արցունքները խառնվում էին ջրին և հեռանում, իսկ ժպիտն այլ կողմ էր ուղղված։
Նրանք ունեին սեղան, աթոռներ ու քնելու պարագաներ, որտեղ նստում էր, պառկում ու երազում։ Երազում էր նրանց մասին, ովքեր ունեին ավտոմատ լվացքի մեքենա ու ժպիտ էր պարգևում նրանց։ Ունեին նաև հեռուստացույց, որտեղ ցուցադրում էին նրանց, ովքեր ունեին մեքենա և ամեն ինչ։
Ու աղջիկը մի օր հոգնեց։ Զզվեց լվացքից էլ, արդուկից էլ ու գնաց նրանց մոտ, ովքեր ունեին այդ ամենը։ Իրեն փող էին տալիս առատորեն, այդ ամենն ունենալու համար, միայն թե իրենցը դառնար։
Նրանք շատ բան էին արտադրում, ու կարող էին էժանացնել լվացքի մեքենաները՝ տանկ, ինքնաթիռ ու փամփուշտներ։ Սակայն չէին էժանացնում, որպեսզի ձեռքով լվացք անող աղջիկներն իրենց մոտ գնան։ Հետո ասում էին, որ փամփուշտն ու տանկը ամենակարևորն են։
Հիմա նա լվացքի մեքենա ունի, շատ փող ու հագուստ։ Հիմա ինքն է փող շպրտում ամենուր ու ժպիտներ։ Միայն թե առաջվանը չէ ժպիտն ու մեկ այլ կողմ է ուղղված։
Սիրողը
Նա սիրում էր կենդանի մարդկանց։
Չէր սիրում ծաղիկներ, գրքեր կամ ամպեր, նկարներ կամ գույներ։ Այդ ամենը տեսնում էր կենդանի մարդկանց մեջ։ Ծաղիկները չորանում էին, թառամում և թափվում-անհետանում։ Գրքերը հնանում էին ու մաշվում, նրանց գաղափարները գորշանում էին ու դուրս գալիս գործածությունից, դառնում ծիծաղաշարժ ու խղճուկ։ Ամպերն արագ հեռանում-քշվում էին, մռայլվում ո որոտում, դառնում կարկտաբեր։ Մի օր էլ նրանք էին անհետ կորչում։
Մարդիկ չէին հեռանում, միշտ իր կողքին էին։ Կսիրեին իրեն թե չէ, նշանակություն չուներ․․․ ինքը սիրում էր նրանց։ Նրանց տարբերություններն ու նմանությունները, ուրախ, պայծառ, մթնած ու նոթոտ, ջերմ ու անտարբեր։
Բայց նրանք մարդ էին, այլ ոչ ծաղիկ ու գիրք, ամպ ու արև կամ նման մի բան, ու երբեք չէին փախչում։
Ահա թե ինչու էր սիրում մարդուն։
Հնամենի լռություն
Ճեղքվել է ժամանակի շունչը, աղմկում է հինավուրց ժամացույցը լռության նինջի մեջ։ Ժամանակը կանգնել է այնտեղ՝ որտեղից սկսել էր՝ կիսադատարկ սենյակից, որ ընտելացել էր ժամացույցի զարկերին խորհրդավոր՝ ետ ու առաջ, ետ ու առաջ․․․
Խփիր ժամացույց, սփռիր ժամանակը քո անսանձ թևերով, պատմիր քո մասին պահարանին ու բազմոցին, գրկիր սեղանը, գրքերով ու կիսադատարկ տետրերով, կիսակրծած խնձորն ու կոնֆետի թուղթը կողքին։
Ժամանակն օրորում է մահվան սպասումների մեջ, պարուրում խորհրդավոր, հեռացնում կյանքից։ Դու անէանում ես հին ժամացույցի մեջ, սենյակում․․․
Հնամենի լռություն, որ ավարտ չունի։
Նրա լայնեզր գլխարկը
Նա կյանքի վերջում սկսեց լայնեզր գլխարգ կրել։ Փափուկ էր, տաք ու հաստատուն, հարմար էր նստում ճաղատ գլխին։ Գլխարկը շոյում էր հայացքները, մեղմ ժպիտներն ու անծանոթի, անտեսանելիի տպավորություն առաջացնում․ինքն էլ նրանցից մեկն էր, միայն՝ լայնեզր գլխարկով։ Նայում էին ու մտքերի մեջ ընկնում՝ ո՞վ է լայնեզր գլխարկով մարդը։
Գլխարկը փափուկ էր, տաք, չէր մրսում գլուխը ու այնքան հաճելի էին հայացքները՝ որոնող, հաստատող ու հարցական։
Ֆրենկ Սինատրան ու կանաչաչյան
Աղջիկը, ում պատահական տեսավ փողոցում, Սինատրայի երգն էր հիշեցնում։ Ուղեղում անկանգ պտտվում էր երգը։ Մտավ ուղեղն այն ժամանակ, երբ քայլում էր հսկա խանութի մոտով, գրքերի ու երգերի փոքրիկ խանութի կողքով, երբ հանկարծ տեսավ աղջկան։
Աշնանային մեռյալ օրերից մեկն էր։ Անտանելի բուրում էր անցնող օրը շինությունների շարքի կողքով, միրգ-բանջարեղենի վաճառականների ապրանքների, միայնակ հնամաշ գրքերի ու երգի՝ Ֆրենկ Սինատրայի թախիծի բույրով․․․
Միգուցե երգը կանաչաչյա աղջկա մասի՞ն էր, միգուցե կյանքի՞․․․պատուհաններից այն կողմ խառնաշփոթի ու դեմքերի, թափված տերևների՞, այս ու այնտեղ թափված, անփայլ, խաբուսիկ ժպիտների տխրամածությա՞ն, թե՞ նախորդ օրը կարդացած գրքերից հիշվող պատառիկների։
Կանաչաչյա աղջիկն այնքան նման էր ժամանակավրեպ թախծոտ երգի։
Գրավաճառը
Ծեր գրավաճառը շատ գրքեր էր կարդացել։ Ավելի շատ, քան վաճառել էր իր ողջ կյանքում։ Ավելի շատ գրքերի տխրությունն էր վայելել, քան վաճառել էր, ավելի շատ՝ սիրել, քան երբևէ կվաճառի։
Ժպտում է ծեր գրավաճառն անցորդներին․ սիրում է նրանց։ Իր կարդացած գրքերը զարմանալիորեն նրանց մասին էր, յուրաքանչյուրի՝ մեկ առ մեկ։ Վաճառում է գրքերը մեղմ ժպիտով, զգույշ վերցնում դարակից, պատմում գրքի մասին, ջանում տեսնել նրանց հոգում թաքնված լավագույն առեղծվածը ։
Գրավաճառն արդեն վաղուց ծեր էր, այն ժամանակից, երբ կարդաց իր առաջին գիրքը։