Պատմվածք

Շոկային թերապիա

Դեռ այն լիառատ ժամանակներում, երբ Մերզլյակովը ձիապան էր, ու ինքնաշեն ձավարամանում՝ մաղի պես ծակծկված տակով մեծ պահածոյի տուփի մեջ կարելի էր ձիերի համար ստացած վարսակից, մարդկանց համար ստացած ձավարից շիլա եփել և այդ դառնատաք շփոթով խլացնել, մարել քաղցը, դեռ այդ…

Թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան

• 14 րոպե

Շոկային թերապիա

Դեռ այն լիառատ ժամանակներում, երբ Մերզլյակովը ձիապան էր, ու ինքնաշեն ձավարամանում՝ մաղի պես ծակծկված տակով մեծ պահածոյի տուփի մեջ կարելի էր ձիերի համար ստացած վարսակից, մարդկանց համար ստացած ձավարից շիլա եփել և այդ դառնատաք շփոթով խլացնել, մարել քաղցը, դեռ այդ ժամանակ մի պարզ հարցի վրա էր մտածում։
Մայրցամաքի խոշոր գումակային ձիերը օրական պետական վարսակի երկու անգամ ավելի բաժին էին ստանում, քան կարճահասակ ու անճոռնի յակուտական ձիուկները, չնայած երկուսն էլ միատեսակ քիչ էին կրում։ Ճիվաղ-պերշերոն Գրոմի մսուրը այնքան վարսակ էր լցվում, որ կհերիքեր հինգ «յակուտի»։ Դա ճիշտ էր, այդպես էր ամեն տեղ, ու դա չէր տանջում Մերզլյակովին։ Նա չէր հասկանում, թե մարդկանց ճամբարային օրապահիկը՝ սպիտակուցների, ճարպերի, վիտամինների ու կալորիաների այդ խորհրդավոր ցանկը, որ նախատեսված էր կալանավորների կլլման համար ու կաթսայի թերթիկ էր կոչվում, ինչո՞ւ է կազմվում առանց մարդկանց կենդանի քաշը հաշվի առնելու։ Եթե նրանց վերաբերվում ենք որպես բանող անասունի, ուրեմն օրաբաժնի հարցում էլ պիտի հետևողական լինենք, ոչ թե հետևենք ինչ-որ թվաբանական միջինի՝ գրասենյակային հորինվածքի։ Այդ ահավոր միջինը լավագույն դեպքում միայն փոքրամարմիններին էր ձեռնտու, և իսկապես, փոքրամարմինները մյուսներից ուշ էին մեռելացու դառնում։ Մերզլյակովը կազմվածքով պերշերոն Գրոմի պես էր, ու նախաճաշի երեք խղճուկ գդալ շիլան միայն ուժեղացնում էր ստամոքսի բութ ցավը։ Բայց չէ՞ որ բրիգադի բանվորը օրապահիկից բացի համարյա ոչինչ ստանալ չէր կարող։ Մնացած ամենաարժեքավորը՝ և՛ յուղը, և՛ շաքարը, և՛ միսը, կաթսայի թերթիկում արձանագրվածի չափով չէր հայտնվում ընդհանուր կաթսայում։

Մերզլյակովն ուրիշ բան էլ էր տեսնում։ Առաջինը մեռնում էին հաղթանդամ մարդիկ։ Ծանր աշխատանքին սովոր լինելը բացարձակապես նշանակություն չուներ։ Մանրամարմին ինտելիգենտը, համենայնդեպս, ավելի երկար էր դիմանում, քան աժդահա կալուգացին՝ տոհմիկ հողագործը, եթե նրանց միատեսակ էին կերակրում՝ ըստ ճամբարային օրապահիկի։ Արտադրողական տոկոսների հաշվին օրաբաժին ավելացնելուց էլ օգուտը քիչ էր, որովհետև հիմնական ցանկն առաջվանն էր մնում ու ոչ մի կերպ հաշվարկված չէր հաղթանդամ մարդկանց համար։ Ավելի լավ ուտելու համար պետք էր ավելի լավ աշխատել, իսկ լավ աշխատելու համար պետք էր լավ ուտել։ Էստոնացիները, լատվիացիները, լիտվացիները համատարած առաջինն էին մեռնում։ Առաջինն էին մեռելացու դառնում, ինչը միշտ հարուցում էր բժիշկների դժգոհությունը, թե այդ ամբողջ Մերձբալթիկան ռուս ժողովրդից թույլ է։ Ճիշտ է, լատվիացիներին ու էստոնացիներին հարազատ կենցաղը ճամբարային կենցաղից շատ ավելի հեռու էր, քան ռուս գյուղացունը, ու նրանց համար դժվար էր։ Բայց գլխավորը համենայնդեպս ուրիշ բան էր. նրանք պակաս դիմացկուն չէին, պարզապես ավելի խոշոր էին։

Տարիուկես առաջ, նորեկին արագ տապալած ցինգայից հետո Մերզլյակովին վիճակվեց արտահաստիքային սանիտար աշխատել տեղական հիվանդանոցում։ Այնտեղ տեսավ, որ դեղորայքի բաժնեչափը քաշով են սահմանում։ Նոր դեղերը փորձարկվում էին ճագարների, մկների, ծովախոզուկների վրա, իսկ մարդկային չափը մարմնի քաշի հաշվարկով էր։ Երեխաների դեղաչափերն ավելի փոքր էին, քան մեծերինը։

Բայց ճամբարային օրաբաժինը մարդու մարմնի քաշով չէր հաշվարկվում։ Հենց դա էլ այն խնդիրն էր, որի սխալ լուծումը զարմացնում ու հուզում էր Մերզլյակովին։ Մինչև վերջնականապես կթուլանար, հրաշքով հաջողվեց ձիապան ձևակերպվել. կարելի էր ձիերից գողանալ ու դրանով լցնել սեփական ստամոքսը։ Մերզլյակովն արդեն մտածում էր, որ ձմեռը կհանի, իսկ հետո Աստված մեծ է։ Բայց չստացվեց։ Ձիաբազայի վարիչին հարբեցողության համար գործից հանեցին, ու նրա տեղը նշանակվեց ավագ ձիապանը, մեկը նրանցից, որ ժամանակին Մերզլյակովին սովորեցրել էին թիթեղյա ձավարամանն օգտագործելու ձևը։ Ավագ ձիապանն ինքը քիչ չէր վարսակ գողացել ու հրաշալի գիտեր՝ դա ինչպես է արվում։ Ղեկավարությանը դուր գալու համար, արդեն վարսակի կարիք չունենալով՝ նա գտավ ու անձամբ ջարդեց բոլոր ձավարամանները։ Վարսակը սկսեցին խարկել, խաշել և ուտել բնական վիճակում՝ ստամոքսները լրիվ համապատասխանեցնելով ձիու ստամոքսին։ Նոր վարիչը զեկուցագիր ուղարկեց ղեկավարությանը։ Մի քանի ձիապանի, այդ թվում և Մերզլյակովին, կարցեր դրեցին վարսակ գողանալու համար ու ձիաբազայից ուղարկեցին այնտեղ, որտեղից եկել էին՝ ընդհանուր աշխատանքների։

Ընդհանուր աշխատանքներում Մերզլյակովը շուտով հասկացավ, որ մահը մոտ է։ Օրորվում էր գերանների ծանրության տակ, որ ստիպված էր քաշել։ Տասնապետը, որն այդպես էլ չսիրեց անբան բոյլուխին («բոյլուխը» «հաղթանդամն» էր՝ տեղի լեզվով), Մերզլյակովին միշտ «ծերքաշի» էր դնում՝ ստիպելով կրել գերանի հաստ ծայրը։ Մի անգամ Մերզլյակովն ընկավ, միանգամից չկարողացավ վեր կենալ ձյան վրայից ու, հանկարծ որոշում ընդունելով, հրաժարվեց այդ անիծված գերանը քաշելուց։ Արդեն ուշ էր, մութ, ուղեկցորդողները շտապում էին քաղպարապմունքի, աշխատողներն ուզում էին շուտ հասնել բարաք՝ ուտելիքին, տասնապետն այդ երեկո ուշանում էր թղթախաղի ճակատամարտից. ուշանալու մեղավորը Մերզլյակովն էր։ Ու պատժվեց։ Նախ հենց ընկերները ծեծեցին, հետո՝ տասնապետը, ուղեկցորդողները։ Գերանն այդպես էլ ընկած մնաց ձյան մեջ. գերանի փոխարեն ճամբար բերեցին Մերզլյակովին։ Նա ազատվեց աշխատանքից ու ընկած էր թարեքի վրա։ Գոտկատեղը ցավում էր։ Բուժակը Մերզլյակովի մեջքին սոլիդոլ քսեց. բուժկետում վաղուց շփելու ոչ մի միջոց չկար։ Մերզլյակովը վեր չէր կենում, կիսակորված՝ համառորեն բողոքում էր գոտկատեղի ցավերից։ Ցավը վաղուց չկար, ջարդած կողը շատ արագ կպել էր, բայց Մերզլյակովը ձգտում էր ցանկացած ստի գնով ձգել դուրս գրվելն ու աշխատանքի գնալը։ Նրան այդպես էլ դուրս չգրեցին։ Մի օր հագցրին, դրեցին պատգարակին, բարձեցին ավտոմեքենայի թափքն ու մի ուրիշ հիվանդի հետ տարան շրջանային հիվանդանոց։ Այնտեղ ռենտգենկաբինետ չկար։ Հիմա ամեն ինչ պիտի լուրջ մտածվեր, ու Մերզլյակովը մտածեց։ Մի քանի ամիս, առանց մեջքն ուղղելու, պառկեց այնտեղ, տեղափոխվեց կենտրոնական հիվանդանոց, որտեղ, իհարկե, ռենտգենկաբինետ կար, ու Մերզլյակովին տեղավորեցին վիրաբուժական բաժանմունքում, վնասվածքաբանական հիվանդությունների սենյակում. հիվանդները «տրավմատիկին» «դրամատիկ հիվանդություններ» էին ասում՝ չմտածելով այդ բառախաղի ողջ դառնության մասին։
— Այ մեկ էլ սրան,— Մերզլյակովի հիվանդության պատմությունը ցույց տալով՝ ասաց վիրաբույժը,— կտեղափոխենք ձեզ մոտ, Պյո՛տր Իվանովիչ, վիրաբուժական խնդիր չունի։
— Բայց չէ՞ որ ախտորոշման մեջ գրում եք՝ անկիլոզ՝ ողնաշարի վնասվածքի հետևանքով։ Իմ ինչի՞ն է պետք,— ասաց նյարդաբանը։
— Իհարկե, անկիլոզ է։ Ուրիշ ի՞նչ կարող եմ գրել։ Ծեծից այդպիսի՞ բաներ են լինում։ Մի դեպք եմ հիշում. «Գորշ» հանքավայրում տասնապետը ծեծել էր աշխատողին…
— Ձեր դեպքերը լսելու ժամանակ չունեմ, Սերյո՛ժա։ Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ եք տեղափոխում…
— Ախր գրել եմ. «Դուրսգրման հետազոտություն կատարելու համար»։ Ծակծկեք, ասեղներով ծակծկեք, դուրս կգրենք ու շոգենավ կնստեցնենք։ Թող ազատ մարդ լինի։
— Բայց չէ՞ որ նկարել եք։ Խախտումներն առանց ասեղների էլ պիտի երևան։
— Արել եմ։ Խնդրեմ, նայե՛ք,— վիրաբույժը թանզիֆե վարագույրի վրա բերեց նեգատիվի մուգ ժապավենը։— Սատանան էլ գլուխ չի հանի այսպիսի նկարից։ Մինչև որ լավ լույս չլինի, լավ հոսանք չլինի, մեր ռենտգենատեխնիկներն այսպիսի պղտորություն են արտադրելու։
— Իսկապես որ պղտորություն,— ասաց Պյոտր Իվանովիչը։
— Լա՛վ, այդպես էլ կանենք,— ու նա հիվանդության պատմության վրա գրեց իր ազգանունը՝ համաձայնություն, որ Մերզլյակովը տեղափոխվի իր մոտ։

Աղմկոտ, խառնաշփոթ, ցրտահարությամբ, ջլախախտումներով, կոտրվածքներով, այրվածքներով լեցուն,— հյուսիսային հանքահորերը կատակել չէին սիրում,— բաժանմունքում, որտեղ հիվանդների մի մասը պառկած էր հիվանդասենյակների ու միջանցքների հատակին, որտեղ մի հոգնատանջ վիրաբույժ էր աշխատում չորս բուժակների հետ, ու բոլորն օրը երեք-չորս ժամ էին քնում, չէին էլ կարող լրջորեն զբաղվել Մերզլյակովով։ Մերզլյակովը հասկացավ, որ հենց նյարդաբանական բաժանմունքում էլ, ուր իրեն անսպասելի տեղափոխեցին, սկսվելու է իսկական հետաքննությունը։

Նրա ողջ կալանավորական, հանդուգն կամքը վաղուց կենտրոնացած էր մեկ բանի՝ չուղղվե՛լ։ Ու չէր ուղղվում։ Մարմինն ինչպե՜ս էր ուզում ձգվել գոնե մեկ վայրկյանով։ Բայց նա հիշում էր հանքահորը, շնչառությունը խեղդող ցուրտը, ոսկի հանքախորշի սառած, սլկուն, սառնամանիքից փայլփլող քարերը, ապուրի թասը, որից ճաշին ուղղակի խմում էր՝ անիմաստ գդալը չօգտագործելով, ուղեկցորդողների խզակոթերն ու տասնապետերի սապոգները, և իր մեջ ուժ էր գտնում, որ չուղղվի։ Ասենք, հիմա արդեն ավելի հեշտ էր, քան առաջին օրերին։ Նա քիչ էր քնում, վախենալով, որ քնի մեջ կուղղվի։ Գիտեր, որ հերթապահ սանիտարներին հրամայված է հետևել իրեն, որ սուտը բռնեն։ Իսկ մերկացմանը,— Մերզլյակովը դա էլ գիտեր,— հետևելու էր տուգանային հանք ուղարկելը, և ինչպիսին կլինի տուգանային հանքը, եթե սովորականն է Մերզլյակովի մեջ այդպիսի ահավոր հիշողություններ թողել։

Տեղափոխվելու հաջորդ օրը Մերզլյակովին տարան բժշկի մոտ։ Բաժանմունքի վարիչը կարճ հարցուփորձ արեց, թե ինչպես է սկսվել հիվանդությունը, կարեկցանքով օրորեց գլուխը։ Իբր իմիջիայլոց ասաց, որ նույնիսկ առողջ մկանները բազմամսյա անբնական վիճակի դեպքում հարմարվում են դրան, ու մարդն ինքն իրեն կարող է հաշմանդամ դարձնել։ Հետո Պյոտր Պետրովիչն անցավ զննության։ Ասեղով ծակելիս, ռետինե մուրճիկով թխկթխկացնելիս, սեղմելիս տրված հարցերին Մերզլյակովը բախտաբերի էր պատասխանում։

Աշխատաժամանակի կեսից ավելին Պյոտր Իվանովիչը ծախսում էր ձևացնողներին բացահայտելու վրա։ Հիշում էր, իհարկե, կալանավորներին կեղծիքի մղող պատճառները։ Պյոտր Իվանովիչն ինքն էլ վերջերս կալանավոր էր, ու նրան ո՛չ ձևացնողների մանկական համառությունն էր զարմացնում, ո՛չ կեղծարարության թեթևամիտ պարզունակությունը։ Պյոտր Իվանովիչը՝ սիբիրյան ինստիտուտներից մեկի նախկին դոցենտը, ինքն էլ գիտական կարիերան թաղել էր նույն ձյուների մեջ, որտեղ հիվանդներն իրենց կյանքն էին փրկում՝ խաբելով նրան։ Չի կարելի ասել, թե նա չէր խղճում մարդկանց։ Բայց ավելի շատ բժիշկ էր, քան մարդ, նախ և առաջ մասնագետ էր։ Հպարտանում էր նրանով, որ ընդհանուր աշխատանքների մեկ տարին իր մեջ չի սպանել բժիշկ-մասնագետին։ Ու խաբեբաներին մերկացնելու խնդիրն էլ ինչ-որ բարձր, համապետական տեսակետից ու բարոյականության տեսանկյունից չէր ընկալում։ Այդ խնդիրն արժանի կիրառություն էր դիտում իր գիտելիքների, ծուղակներ դնելու իր հոգեբանական ունակության համար, որոնց մեջ, ի փառս գիտության, ընկնելու էին քաղցած, կիսախելագար, դժբախտ մարդիկ։ Բժշկի ու կեղծարարի այդ ճակատամարտում ամեն ինչ բժշկի կողմն էր՝ և՛ հազարավոր խորամանկ դեղերը, և՛ հարյուրավոր դասագրքերը, և՛ խելացի սարքերը, և՛ պահակախմբի աջակցությունը, և՛ մասնագետի ահռելի փորձը, իսկ հիվանդի կողմից միայն սարսափն էր այն աշխարհի հանդեպ, որտեղից եկել էր հիվանդանոց և ուր վախենում էր վերադառնալ։ Հենց այդ սարսափն էլ կալանավորին պայքարի ուժ էր տալիս։ Հերթական խաբեբային մերկացնելով՝ Պյոտր Իվանովիչը խոր գոհունակություն էր ապրում. կրկին կենսական վկայություն էր ստանում, որ ինքը լավ բժիշկ է, որ չի կորցրել որակավորումը, հակառակը՝ հղկել է, կատարելագործել, մի խոսքով, որ դեռ կարող է…

«Հիմար են այդ վիրաբույժները,— Մերզլյակովի գնալուց հետո ծխախոտ վառելով՝ մտածում էր նա։— Տեղագրական կազմախոսություն չգիտեն կամ մոռացել են, իսկ ռեֆլեքսների մասին երբեք չեն իմացել։ Զուտ ռենտգենով են գլուխներն ազատում։ Իսկ եթե նկար չկա, նույնիսկ սովորական կոտրվածքի մասին վստահ խոսել չեն կարող։ Բայց ձև անե՜լը…»։ Որ Մերզլյակովը կեղծարար է, Պյոտր Իվանովիչին, իհարկե, պարզ էր։ «Լա՛վ, թող մի շաբաթ պառկի։ Այդ ընթացքում բոլոր անալիզները կհավաքենք, որ ամեն ինչ կարգով լինի։ Բոլոր թղթերը կկցենք հիվանդության պատմությանը»։
Պյոտր Իվանովիչը ժպտաց՝ կանխավ վայելելով նոր մերկացումների թատերական էֆեկտը։

Մի շաբաթ անց հիվանդանոցում շոգենավի համար կալաներթ էին հավաքում՝ հիվանդների փոխադրում Մեծ երկիր։ Արձանագրությունները հենց հիվանդասենյակում էին կազմում, և վարչությունից ժամանած բժշկական հանձնաժողովի նախագահն անձամբ էր զննում հիվանդներին, որոնց հիվանդանոցը պատրաստել էր առաքման։ Նրա դերը հանգում էր փաստաթղթերը նայելուն ու անհրաժեշտ ձևակերպումների ստուգմանը. հիվանդի անձնական զննությունը կես րոպե էր խլում։
— Իմ ցուցակներում,— ասաց վիրաբույժը,— կա ոմն Մերզլյակով։ Մի տարի առաջ ուղեկցորդողները ջարդել են ողնաշարը։ Կուզեի ուղարկել նրան։ Վերջերս տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք։ Ահա, առաքման փաստաթղթերը պատրաստ են։
Հանձնաժողովի նախագահը շրջվեց նյարդաբանի կողմը։
— Բերեք Մերզլյակովին,— ասաց Պյոտր Իվանովիչը։ Կիսակորված Մերզլյակովին բերեցին։ Նախագահը հպանցիկ նայեց նրան։
— Ի՜նչ գորիլա է,— ասաց նա։— Հա՛, իհարկե, այսպիսիներին պահելն իմաստ չունի,— ու վերցնելով գրիչը՝ ձգվեց ցուցակների կողմը։
— Ես իմ ստորագրությունը չեմ դնում,— բարձր ու պարզորոշ ասաց Պյոտր Իվանովիչը։— Սա կեղծարար է, և վաղը պատիվ կունենամ դա ներկայացնելու և՛ ձեզ, և՛ վիրաբույժին։
— Այդ դեպքում թողնենք,— անտարբեր ասաց նախագահն ու ցած դրեց գրիչը։— Եվ ընդհանրապես, եկեք ավարտենք, արդեն ուշ է։
— Նա կեղծարար է, Սերյո՛ժա,— հիվանդասենյակից դուրս գալիս վիրաբույժին թևանցուկ անելով՝ ասաց Պյոտր Իվանովիչը։
Վիրաբույժը քաշեց ձեռքը։
— Հնարավոր է,— զզվանքով կնճռոտվելով՝ ասաց նա։— Աստված ձեզ հաջողություն տա մերկացման գործում։ Ահագին հաճույք կստանաք։

Հաջորդ օրը Պյոտր Իվանովիչը հիվանդանոցի պետի հրավիրած խորհրդակցության ժամանակ մանրամասն զեկուցեց Մերզլյակովի մասին։
— Կարծում եմ,— ամփոփելով՝ ասաց նա,— որ Մերզլյակովի մերկացումը կիրականացնենք երկու փուլով։ Առաջինը կլինի ռաուշ-անզգայացումը, որի մասին դուք մոռացել եք, Սերգե՛յ Ֆյոդորովիչ,— հաղթական ասաց նա՝ նայելով վիրաբույժի կողմը։— Դա պետք էր միանգամից անել։ Իսկ եթե ռաուշն էլ ոչինչ չտա, այդ դեպքում…— Պյոտր Իվանովիչը տարածեց ձեռքերը,— այդ դեպքում՝ շոկային թերապիա։ Հավատացնում եմ՝ հետաքրքիր միջոց է։
— Շատ չե՞նք ծանրացնում,— ասաց Ալեքսանդրա Սերգեևնան՝ հիվանդանոցի ամենամեծ տուբերկուլյոզային բաժանմունքի վարիչը՝ լիքը-լիքը, մարմնեղ մի կին, որ վերջերս էր ժամանել մայր ցամաքից։
— Դե՜,— ասաց հիվանդանոցի պետը,— այսպիսի սրիկայի՜ն…— նա այնքան էլ չէր քաշվում տիկնանց ներկայությունից։
— Կնայենք ռաուշի արդյունքներով,— հաշտ ասաց Պյոտր Իվանովիչը։

Ռաուշ-անզգայացումը կարճատև ազդեցության շշմեցնող եթերային թմրեցում է։ Հիվանդը տասնհինգ-քսան րոպե քնում է, և այդ ընթացքում վիրաբույժը պիտի հասցնի ուղղել ջլախախտումը, կտրել մատը կամ բացել որևէ ցավոտ թարախապալար։
Սպիտակ խալաթներով զուգված ղեկավարությունը շրջապատեց վիրակապարանի վիրահատական սեղանը, որի վրա պառկեցրել էին հնազանդ կիսակորված Մերզլյակովին։ Սանիտարները վերցրին կտավե ժապավենները, որոնցով սովորաբար հիվանդին կապում են վիրահատական սեղանին։
— Պետք չի՛, պետք չի՛,— գոչեց Պյոտր Իվանովիչը։— Այ հենց ժապավենը պետք չի։
Մերզլյակովի դեմքը դարձրին վեր։ Վիրաբույժը դրեց անզգայացման դիմակն ու վերցրեց եթերի շիշը։
— Սկսե՛ք, Սերյո՛ժա։
Եթերը կաթաց։
— Խո՛ր շնչիր, խո՛ր, Մերզլյակո՛վ։ Բարձրաձայն հաշվիր։
— Քսանվեց, քսանյոթ,— ծույլ-ծույլ հաշվում էր Մերզլյակովը, ու հանկարծ հաշվարկն ընդհատելով՝ հանկարծ անհոդաբաշխ, կցկտուր, հայհոյախառն ինչ-որ բան ասաց։

Պյոտր Իվանովիչը բռնել էր Մերզլյակովի ձախ ձեռքը։ Մի քանի րոպեից ձեռքը թուլացավ։ Պյոտր Իվանովիչը բաց թողեց։ Ձեռքը փափուկ ու մեռյալ ընկավ սեղանի եզրին։ Պյոտր Իվանովիչը դանդաղ ու հանդիսավոր ուղղեց Մերզլյակովի մարմինը։ Բոլորը ախ արեցին։
— Այ հիմա կապեք,— սանիտարներին ասաց Պյոտր Իվանովիչը։
Մերզլյակովը բացեց աչքերն ու տեսավ հիվանդանոցի պետի մազոտ բռունցքը։
— Հը՞, սողո՛ւն,— խռխռաց պետը։— Այ հիմա դատի տակ կգնաս։
— Կեցցե՛ս, Պյո՛տր Իվանովիչ, կեցցե՜ս,— նյարդաբանի ուսին թփթփացնելով՝ կրկնում էր հանձնաժողովի նախագահը։— Ախր երեկ քիչ էր մնացել ազատական տայի էս գորիլային։
— Արձակե՛ք,— կարգադրեց Պյոտր Իվանովիչը։— Իջիր սեղանից։

Մերզլյակովը դեռ լրիվ չէր արթնացել։ Քունքերը տրոփում էին, բերանում եթերի սրտխառնուք բերող քաղցր համն էր։ Մերզլյակովը դեռ հիմա էլ չէր հասկանում՝ երա՞զ է, թե՞ իրականություն, և գուցե այդպիսի երազներ առաջ էլ ու բազմիցս տեսել էր։
— Գրողի ծո՜ցը բոլորդ էլ,— հանկարծ գոռաց նա ու առաջվա պես կծկվեց։

Լայնաթիկունք, ոսկրոտ, երկար, հաստ մատները համարյա հատակին քսելով, պղտոր հայացքով ու խռիվ մազերով իսկապես գորիլայի նման՝ Մերզլյակովը դուրս եկավ վիրակապարանից։ Պյոտր Իվանովիչին զեկուցեցին, ու Մերզլյակովը իր սովորական դիրքով պառկած է մահճակալին։ Բժիշկը կարգադրեց, որ նրան բերեն իր աշխատասենյակ։
— Դու մերկացված ես, Մերզլյակո՛վ,— ասաց նյարդաբանը։— Բայց խնդրել եմ պետին. քեզ դատի չեն տա, չեն ուղարկի տուգանային հանք, պարզապես դուրս կգրեն հիվանդանոցից, ու կվերադառնաս քո հանքախորշը, հին աշխատանքին։ Դու, եղբա՛յր, հերոս ես։ Մի ամբողջ տարի գլուխներս յուղում էիր։
— Ոչինչ չգիտեմ,— հայացքը չբարձրացնելով՝ ասաց գորիլան։
— Ո՞նց չգիտես։ Ախր քեզ հենց նոր ուղղեցինք։
— Ոչ մեկն էլ ինձ չի ուղղել։
— Լա՜վ, սիրելի՛ս,— ասաց նյարդաբանը։— Ավելորդ բաներ ես անում։ Ուզում էի օգնել քեզ։ Իսկ էսպես՝ մի շաբաթից դու ես դուրս գրում խնդրելու։
— Մի շաբաթից կնայենք,— կամացուկ ասաց Մերզլյակովը։ Ինչպե՞ս բացատրեր բժշկին, որ նույնիսկ հանքախորշից դուրս ապրած մի ավել շաբաթը, ավել օրը, ավել ժամը հենց Մերզլյակովի երջանկությունն է։ Եթե բժիշկն ինքը չի հասկանում՝ ինչպե՞ս բացատրի։ Մերզլյակովը լռում ու նայում էր գետնին։

Մերզլյակովին տարան, իսկ Պյոտր Իվանովիչը գնաց հիվանդանոցի պետի մոտ։
— Իսկ գուցե վա՞ղը, ոչ թե մի շաբաթից,— Պյոտր Իվանովիչի առաջարկը լսելով՝ ասաց պետը։
— Ես նրան մի շաբաթ եմ խոստացել,— ասաց Պյոտր Իվանովիչը,— հիվանդանոցը չի աղքատանա։
— Լա՛վ,— ասաց պետը։— Թող մի շաբաթից լինի։ Բայց ինձ անպայման կկանչեք։ Կապելո՞ւ եք։
— Կապել չի կարելի,— ասաց նյարդաբանը։— Ձեռքը կամ ոտքը դուրս կընկնի։ Բռնած կպահեն,— ու վերցնելով Մերզլյակովի հիվանդության պատմությունը՝ նյարդաբանը նշանակումների սյունակում գրեց «շոկային թերապիա» ու դրեց ամսաթիվը։

Շոկային թերապիայի ժամանակ հիվանդի արյան մեջ կամֆորայի յուղի բաժնեչափ է ներարկվում, որը մի քանի անգամ գերազանցում է նույն դեղորայքի բաժնեչափը, երբ ենթամաշկային ներարկում են անում ծանր հիվանդներին՝ սրտի աշխատանքը խթանելու համար։ Դեղի ազդեցությունը հանգեցնում է անսպասելի նոպայի, որ կատաղի խելագարություն կամ ընկնավորություն է հիշեցնում։ Կամֆորայի հարվածից կտրուկ ակտիվանում են ողջ մկանային գործունեությունը, մարդու բոլոր շարժողական ուժերը։ Մկանները անասելի լարվում են, ու գիտակցությունը կորցրած հիվանդի ուժը տասնապատկվում է։ Նոպան տևում է մի քանի րոպե։

Անցավ մի քանի օր, իսկ Մերզլյակովը չէր էլ մտածում կամովին ուղղվելու մասին։ Եկավ հիվանդության պատմության մեջ նշված օրվա առավոտը, ու Մերզլյակովին բերեցին Պյոտր Իվանովիչի մոտ։ Հյուսիսում թանկ է ցանկացած զվարճություն. բժշկի աշխատասենյակը լեփ-լեցուն էր։ Ութ քաջառողջ սանիտարներ շարվել էին պատի տակ։ Սենյակի մեջտեղը թախտ էր դրված։
— Հենց այստեղ էլ կանենք,— սեղանի մոտից վեր կենալով՝ ասաց Պյոտր Իվանովիչը։— Վիրաբույժների մոտ չենք գնա։ Ի դեպ, որտե՞ղ է Սերգեյ Ֆյոդորովիչը։
— Չի գա,— ասաց հերթապահ քույրը՝ Աննա Իվանովնան։— Ասաց՝ «զբաղված եմ»։
— Զբաղվա՜ծ է, զբաղվա՜ծ է,— կրկնեց Պյոտր Իվանովիչը։— Նրա համար հետաքրքիր կլիներ նայել, թե ինչպես եմ իր փոխարեն անում իր աշխատանքը։

Մերզլյակովի թևքերը քշտեցին, ու բուժակը յոդ քսեց ձեռքին։ Աջ ձեռքով ներարկիչը բռնած՝ բուժակը արմնկածալքի մոտ ասեղով ծակեց երակը։ Մուգ արյունն ասեղով հորդեց ներարկիչի մեջ։ Բուժակը բութ մատի սահուն շարժումով սեղմեց մխոցը, ու դեղին լուծույթը սկսեց երակը լցվել։
— Արագ ներարկեք,— ասաց Պյոտր Իվանովիչը։— Ու շուտ մի կողմ քաշվեք։ Իսկ դուք,— ասաց սանիտարներին,— պահեք նրան։

Մերզլյակովի հսկա մարմինը վեր թռավ ու թպրտաց սանիտարների ձեռքերի մեջ։ Ութ մարդ էին պահում։ Նա խռխռում էր, թափահարվում, քացի տալիս, բայց սանիտարներն ամուր էին պահել, ու նա սկսեց հանդարտվել։
— Ձեռքերով այսպես կարելի է վա՜գր բռնել,— ցնծագին գոչում էր Պյոտր Իվանովիչը։— Անդրբայկալում այդպես ձեռքով վագր են որսում։ Այ ուշադրություն դարձրեք,— ասում էր նա հիվանդանոցի պետին,— Գոգոլն ինչպե՜ս է չափազանցնում։ Հիշո՞ւմ եք «Տարաս Բուլբայի» վերջը. «Համարյա երեսուն մարդ էր կախվել նրա ձեռքերից ու ոտքերից»։ Իսկ էս գորիլան Բուլբայից խոշոր կլինի։ Եվ ընդամենը՝ ութ հոգի։
— Այո՛, այո՛,— ասաց պետը։ Գոգոլին չէր հիշում, բայց շոկային թերապիան նրան շատ էր դուր եկել։

Հաջորդ առավոտ Պյոտր Պետրովիչը հիվանդների շրջայցի ժամանակ կանգ առավ Մերզլյակովի մահճակալի մոտ։
— Հը՞,— հարցրեց նա,— ի՞նչ որոշեցիր։
— Դուրս գրեք,— ասաց Մերզլյակովը։

Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

Թողնել մեկնաբանություն