Յուրաքանչյուր գրական տեքստ ծնվում է իրեն նախորդ և շրջապատող տեքստերի միջավայրում։ Վերջինս ձևավորվում է այդ տեքստերի հետ մշտական երկխոսության ընթացքում, իսկ նրա տեքստային ռազմավարությունը (text strategy) հստակություն է ստանում բովանդակության, ձևի և ոճի մակարդակներում շարունակվող այդ լարված հարաբերությունների շրջանակում։ Այս իմաստով այլ տեքստերի գոյությունը գրեթե գոյաբանական անհրաժեշտություն է։ Հեղինակը շարունակ առնչվում է այլ տեքստերի հետ, մոտենում է դրանց և հեռանում դրանցից։ Գրական կանոնը, ի վերջո, շարունակականություն ու որոշակիություն է ձեռք բերում ընդունման, մերժման և հաշտեցման գործընթացների արդյունքում։
«Քույուջաքցի Յուսուֆը» հրատարակվել է 1937 թվականին։ Մինչ այդ իր պատմվածքներով հայտնի Սաբահաթթին Ալիի առաջին վեպը ո՞ր վեպերով էր շրջապատված, գրական ի՞նչ փորձառությունների և ավանդույթների միջավայրում էր գտնվում։ Հիշենք մի քանի անուն՝ «Զարկե՛ք անառակին» (Հալիդե Էդիփ Ադըվար – 1926), «Անտառակտցար» (Մեհմեթ Յեսարի – 1927), «Խղճալ» և «Կանաչ գիշեր» (Ռեշաթ Նուրի Գյունթեքին – 1928), «Քոլքոթների դպրոցը» և «Ես խե՞նթ եմ» (Հուսեին Ռահմի Գյուրփընար – 1928), «Իններորդ վիրաբուժական բաժանմունքը» (Փեյամի Սաֆա – 1930), «Տերևաթափ» (Ռեշաթ Նուրի Գյունթեքին – 1930), «Ֆաթիհ-Հարբիե» (Փեյամի Սաֆա – 1931), «Երբ ճախարակները կանգ առան» (Սադրի Էրթեմ – 1931), «Հոնի ճյուղեր» (Ռեշաթ Նուրի Գյունթեքին – 1932), «Օտարը» (Յաքուփ Քադրի Քարաօսմանօղլու – 1932), «Օրենքի անունից» (Ռեշաթ Էնիս – 1932), «Մի երկմտանքի մասին» (Փեյամի Սաֆա – 1933), «Բուքը դադարեց» (Մահմութ Յեսարի – 1933), «Անամոթ մարդը» (Ռեշաթ Նուրի Գյունթեքին – 1934), «Անկարա» (Յաքուփ Քադրի Քարաօսմանօղլու – 1934), «Այաշցին և նրա վարձակալները» (Մեմդուհ Շեվքեթ Էսենդալ – 1934), «Սինեքցի նպարավաճառը» (Հալիդե Էդիփ Ադըվար – 1936)։
Այս կարճ շարքում ներառված են թուրք գրականության ամենակարևոր, անկյունաքարային վեպերը։ Մեր առջև բացվում է մի վիպական աշխարհ, որը պատերազմի դաշտից ձգվում է մինչև հիվանդասենյակ, ջուլհակի դազգահից՝ դեպի գինետուն, առանձնատնային ու բազմաբնակարանային կենցաղից՝ մինչև անհատական և մշակութային ճգնաժամ՝ ընդգրկելով հասարակական և մտավոր կյանքի լայն շրջանակ։ Պետք է ասել, որ այս վեպերում Ստամբուլը տարածական ծանրակշիռ դեր ունի։ Անշուշտ, մեր վիպասանները խոսել են նաև գավառից և գավառական խնդիրներից, սակայն մեծ քաղաքը, այսինքն՝ Ստամբուլը, կենտրոնական դիրք է զբաղեցնում, քանի որ այնտեղ հակասությունները, առավել ևս հասարակական հիվանդագին երևույթները և առօրյա կյանքի պաթոլոգիաները, առավել տեսանելի են։ Անշուշտ, հատկանշական է նաև հետևյալ կետը. մեր վիպասանները զգայուն են առօրյա կյանքի, տեղական խնդիրների, անհատների միջև բախումների նկատմամբ, բայց Թուրքիայում տեղի ունեցած հասարակական-մշակութային փոփոխությունների/փոխակերպումների պատճառով նրանք առավել զգայուն են արևելք-արևմուտք խնդրակարգից բխող կամ այդ խնդրակարգի շրջանակում ձևավորվող հարցերի հանդեպ։
Թուրքական վեպի թեմատիկ բազմազանության նմանատիպ միջավայրում է լույս տեսնում «Քույուջաքցի Յուսուֆը»։ Վեպի հենց առաջին նախադասությունից ընթերցողը հասկանում է, որ գործ է ունենալու բնական և հասարակական բոլորովին այլ աշխարհագրության հետ.
«1903 թվականի աշնանը՝ մի անձրևոտ գիշեր, էշքիաները հարձակվեցին Այդընի Նազիլի շրջանի մոտ գտնվող Քույուջաք գյուղի վրա և ծեր ամուսինների սպանեցին»։
Պատումի պարզությունն ու խստությունը արդեն իսկ զգացնել են տալիս, թե վեպի աշխարհում տեղի ունեցող դեպքերն ինչպիսի անողոքություն են պարունակելու։ Ընթերցողը բախվելու է դասակարգային տարբեր հարաբերությունների։ Այս աշխարհագրական միջավայրում մարդկային հարաբերություններն անխուսափելիորեն ազդվում են իշխող հասարակական խավերի, այսինքն՝ տեղացի ազդեցիկ էլիտաների և բռնատերերի տնտեսական ուժից, ինչպես նաև այդ ուժի շնորհիվ ձեռք բերված անձնական իշխանության ճնշող գործադրումներից։ Բարու և չարի պայքարը, իր բոլոր անհատական և պատահական թվացող դրսևորումներով հանդերձ, ի վերջո տեղի է ունենում հենց այս իշխանական և դասակարգային հարաբերությունների շրջանակում։ Պետք է նշել, որ, ինչպես արաբական երգն է ասում, Քույուջաքցին «մեռած է եղել դեռևս ծնվելիս»։ Ինը տարեկան էր, երբ նրա մայրն ու հայրը էշքիաների[1] հարձակման ժամանակ սպանվեցին, և քայմաքամ[2] Սալահաթթին բեյը որդեգրեց նրան։ Նազիլլիից հետո Էդրեմիթում պաշտոնի նշանակված Սալահաթթին բեյը Յուսուֆին դպրոց է ուղարկում և նրա մասին հոգ է տանում, ինչպես իր դստերը՝ Մուազզեզին էր խնամում։ Սակայն Յուսուֆը երբեք չի մոռանում իր էության խորքում մշտապես ապրող որբության, ավելին՝ որդեգրված լինելու զգացումը։ Ներքուստ զգում է, որ ազատ չէ․ նրա կյանքը վերահսկում են ուրիշները, նրա նկատմամբ իրավունքներ ունեն Սալահաթթին բեյը, գործարանատեր Հիլմին, փաստաբան Հուլուսին, անգամ նրա խորթ մայրը՝ Շահինդեն։ Նույնիսկ Մուազզեզին, ում ողջ սրտով սիրում է, չի կարող հանգիստ կնության առնել․ հանգամանքների բերումով նրան փախցնելուց հետո Սալահաթթին բեյը նրանց ամուսնացնում է։ Յուսուֆը ներքուստ ձգտում է մի աշխարհի, որտեղ չկան ճնշում և տանջանք։ Թեև խորը չի մտածում իրադարձությունների պատճառների մասին, սակայն, վերջին հաշվով, ուզում է ազատ լինել և ապրել այնպես, ինչպես ինքն է կամենում։ Բայց մշտապես տեսնում է, որ ուրիշներից կախվածություն ունի, զգում է այլոց ներկայությունը։ Կատարվածը չափազանց պատահական է թվում, սակայն Յուսուֆը զգում է, որ այդ պատահականության տակ խորքային պատճառականություն է թաքնված։ Գործարանատեր Հիլմի բեյի որդու՝ Շաքիրի հետ կռվի, Ալիի և Մուազզեզի մահվան, ինչպես նաև իր գործած սպանությունների խորքում միշտ կա մի բան, որը Յուսուֆը չի կարող բառերով արտահայտել։ Անշուշտ, նա ներքուստ փոխվում է։ Աչքերը հառում է կնոջ՝ Մուազզեզի՝ «կոկորդին մոտ գտնվող վերքին» և «գուցե կես ժամ այդպես անշարժ նայում է» դրան։ Ցավոք, չգիտենք և չենք կարող իմանալ, թե այդ կեսժամյա լռության/մտորումների ընթացքում Յուսուֆի մտքով ինչ է անցնում։ Հետո խուրջինից հանած դանակով փորում է հողը, Մուազզեզին պառկեցնում է այնտեղ, իր ձեռքով հող լցնելով, թաղում է նրան։ Լուռ։ Եվ «իր սուգը ոչ մեկին ցույց չտալով, այն միայնակ կրելու վճռականությամբ՝ նոր կյանքի ճանապարհն է բռնում»։ Բայց այդ քայլքը, եթե Հեգելի ձևակերպմամբ ասենք, ակնհայտորեն դարձյալ ուղղված է «անփոփոխ և երբեք ոչ լիարժեք[3] աշխարհին»։ Իրադարձություններից ոչ մեկի ժամանակ Յուսուֆը ուրիշների հետ չի շփվում, չի էլ կարողանում շփվել։
Հետաքրքիր է․ սպանությամբ սկսվող «Քույուջաքցի Յուսուֆը» դարձյալ սպանությամբ՝ Մուազզեզի մահով է ավարտվում։ Հաշվի առնելով Սաբահաթթին Ալիի պատմվածքներն ու մյուս վեպերը՝ կարելի է հետևյալ դիտարկումն անել․ Սաբահաթթին Ալիի ստեղծագործություններում մահը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում և հանդես է գալիս թե՛ որպես փրկության, թե՛ որպես դիմադրության պատկեր։ Մահը դառնում է հասարակական անտարբերությունը բացահայտելու միջոց։ Սպանությունը գտնվում է մահվան հակադիր բևեռում, բայց երկակի արժեք ունի. մի կողմից այն փրկում է պատիվը, մյուս կողմից խոցում է Ես-ը։ Հանցանքը ներքուստ կրծում է մարդուն։ Այսինքն՝ սպանությունը, ի վերջո, լուծում չի տալիս, ճգնաժամի հաղթահարում չի ապահովում։ Բնական մահն է, որ օգնում է հասկանալ հիմնական իմաստային դաշտը։ Քանի որ Քույուջաքցին չի շփվում, չի խոսում, ուղղակի բնորոշումներ կամ դատողություններ չի անում։ Մեզ համար սահմանը գծում, ուղերձը փոխանցում է Մուազզեզի դիակը։ Հենց նա է մատնանշում մեղավորին։ Մեղավորը նրանք են, ովքեր իրենց ձեռքում են պահում տնտեսական և հասարակական ուժը, որն աշխարհը ոչ լիարժեք է դարձնում․ գործարանատեր Հիլմին, նրա անբան որդի Շաքիրը, փաստաբան Հուլուսին։ Մարդկային հարաբերությունները, վերջիվերջո, վերջին հաշվով հասարակական հարաբերություններ են։ «Քույուջաքցի Յուսուֆը» առաջին ստեղծագործություններից է, որը վարպետորեն տեսանելի է դարձնում այս իրողությունը։
«Քույուջաքցի Յուսուֆը», ինչպես նշում են Ասըմ Բեզիրջին, Ֆեթհի Նաջին և Բերնա Մորանը[4], անդրադառնալով գավառի իշխանական հարաբերություններին և փորձելով դրանք տեսանելի դարձնել, այնուամենայնիվ, բավարար չափով չի շոշափում դասակարգային խնդիրը, չի հասնում հստակ գիտակցման և չի կարողանում արտացոլել շահագործման ու ճնշման տնտեսական բովանդակությունը։ Տեսականորեն կարելի է ասել, որ Սաբահաթթին Ալին մնում է ռոմանտիկ խոսույթի սահմաններում։
Սաբահաթթին Ալին իր պատմվածքներում ու վեպերում աստիճանաբար անցել է դիտողական ռեալիզմից քննադատական, նույնիսկ սոցիալական ռեալիզմի։ Միևնույն ժամանակ փորձել է պահպանել նաև անհատական չափումը և գրականության միջոցով ձևավորել հասարակական գիտակցությունը։ Իր այն սակավաթիվ հոդվածներում ու ելույթներում, որոնք կարելի է տեսական բնույթի համարել, նա նշում է.
«Գրականությունը, և առհասարակ, արվեստը, իմ կարծիքով, արվեստագետի մտքերի, գաղափարների և ապրումների արտահայտումն ու տարածումն է, այսինքն՝ քարոզչության տեսակ է։ Ես երբեք չեմ հավատացել, թե արվեստը աննպատակ է։ Ուզում եմ, որ արվեստն ու գրականությունը զարգանան հենց այս ուղղությամբ։ (…) Քանի որ արվեստի նպատակը, ինչպես և յուրաքանչյուր հասարակական գործունեության նպատակ, հասարակությունն է, ապա, իմ կարծիքով, արվեստը պարտավոր է մարդուն ճանաչելի դարձնել մարդուն ու կյանքը և դրանց իմաստը»։
Առաջ է քաշվել նաև այն տեսակետը, որ Սաբահաթթին Ալիի՝ գրականության վերաբերյալ այս հայացքները նրա աշխատանքներում ժամանակ առ ժամանակ ձևային/ոճական բացեր են առաջացրել։ Օրինակ՝ Վեդաթ Գյունյոլն[5] ասել է, որ նրա որոշ պատմվածքներ մոտ են ֆըքրա ժանրին[6], այսինքն՝ կարճ, սրամիտ կամ հրապարակախոսական պատումի ձև ունեն։ Սակայն երբ Սաբահաթթին Ալին ընթերցողին փորձում է ընկալել նրա արարքների, գործողությունների, ցանկությունների և մանրամասների մակարդակում, ավելի լայն իմաստով՝ կյանքի գործնական դրսևորումների մակարդակում, այսինքն՝ երբ գործի մեջ չի խառնում իր քաղաքական/գաղափարական համոզմունքները և ելնում է ոչ թե վերացական մտքերից, այլ պատկերներից, երբ փորձում է «մարդկային աշխարհից շատ բան հասկանալ», հենց այդ ժամանակ է լիովին դրսևորվում նրա արվեստագետի ուժը։ Օրինակ՝ նրա «Նոր աշխարհ» պատմվածքի համանուն հերոսուհին՝ ծերացող դերասանուհի-երգչուհի մարմնավաճառը, իրեն նվաստացնող և իր հետ առարկայի նման վարվող տղամարդկային աշխարհի դեմ իր առաջին և վերջին ընդվզման պահին գեղեցկանում է, գուցե նույնիսկ այնպիսի սեռական գրավչություն է ստանում, որին չէր հասել անգամ իր վաղ երիտասարդության տարիներին.
«Նոր աշխարհի բարակ մարմինը կանգնած էր մեջտեղում՝ լարված աղեղի նման անշարժ․ սպասում էր։ Սազի առաջին հարվածների հետ այդ մարմինը անսպասելի ճարպկությամբ շարժվեց։ Ներկած մազերը թափահարելով ու դեմքին գցելով, գլուխը մերթ կրծքին, մերթ հետ նետելով՝ սկսեց մեջտեղում պտտվել (…) Նույնիսկ անկյունում նստած գյուղացիների դեմքերին, որոնց հոգիները, թվում էր, այնքան բթացած էին, որ, կարծես, աշխարհում ոչ մի իրադարձություն չէր կարող նրանց հետաքրքրել, գոհ ժպիտ էր հայտնվել»։
«Քույուջաքցի Յուսուֆը» վեպում կան նաև ուժեղ նկարագրություններ, որոնք բացահայտում են հասարակական կյանքի ամբողջ ետնաբեմը։ Օրինակ՝ սահմանադրական կարգի հռչակումից հետո տեղի ունեցած համակարգային փոփոխությունները և իշխանության գերակայության հաստատումը նույնիսկ գավառական քաղաքում ներկայացվում են հետևյալ կերպ.
«Փողոցի սկզբում երկու ժանդարմ և մի երիտասարդ ժանդարմ չավուշ երևացին։ «Ազատության» տարիներից ի վեր այս պետծառայողները հաճախ էին գալիս, և մարդիկ ժանդարմների ներկայությամբ իրենց այլևս նախկինի պես ազատ ու անփույթ չէին պահում․ հենց մեկը երևում էր, գլխացավանքից խուսափելու համար բոլորը նախընտրում էին ցրվել ու իրենց գործին գնալ»։
Շաքիրը, որը իրեն ծեծելու համար երդվել էր Յուսուֆից վրեժ լուծել, այսպես է արձագանքում այն տեսարանին, երբ Մուազզեզը, արդեն մասնակցելով Շահինդեի գիշերային գինարբուքների, նստում է ուրիշ տղամարդկանց գրկում.
«Այդ պահին նրան ոչ թե Մուազզեզի հանդեպ ցանկության զգացումներ էին տիրել, այլ Յուսուֆի նկատմամբ ունեցած ոխը։ Շաքիրը կարծում էր, որ այս աղջիկը, որն արդեն ուրիշինն էր, միևնույն է, իր ձեռքում էր, և նրան նայելիս՝ չարախնդում էր՝ մտածելով, թե Յուսուֆն ինչ դառը ճակատագրի էր արժանացել, որ իր կինը գրկից գիրկ էր անցնում։ Ահա, վերջապես լուծել էր այն բռունցքի վրեժը, որը ժամանակին վայրենի Յուսուֆից էր ստացել։ Մի ժամանակ իրեն թույլ չէին տվել այս աղջկան անգամ ծուռ նայել, իսկ այսօր նա ժամերով չարչարում էր նրան, գիրկն էր առնում ու բաց չէր թողնում։ Թող ժամանակը գար, ավելի հեռուն կգնար, և Յուսուֆը նույնիսկ կտեսներ, թե այս աղջիկը, որին իրեն կնության չէին տվել, ինչպես էր բոլորի սեփականությունը դարձել»։
Մուազզեզի վիճակը, որը «զգում էր, որ ափը, որը մնացել էր թիկունքում, գնալով անհասանելի էր դառնում» նկարագրվում է այսպես.
«Հիմա արդեն նույնիսկ մի փոքր ցանկությամբ սպասում էր, թե ե՞րբ էր երեկոն իջնելու, սեղանը բացվելու կամ ե՞րբ էին ինչ-որ տեղ գնալու։ Ռաքը խմելիս դեմքն արդեն քիչ էր ծամածռում և առաջվա պես չէր զզվում, երբ իրեն արծաթե ապարանջան նվիրած տղամարդու գիրկն էր նստում»։
Վերջին օրինակը կարելի է նաև տարածքի նկարագրության հատվածից մեջբերել․
«Այսպես, թե այնպես այս քարաշեն միջանցքում ամառ-ձմեռ նույն բորբոսի հոտն էր տիրում։ Մի անկյունում՝ փայտե կափարիչներով ծածկված ձիթապտղի յուղի սափորներից, դեպի վերևի հարկ տանող սանդուղքի ներքևից երևացող փտած փայտե աստիճաններից, կապտավուն պատերից, իրար վրա դարսված շիլթեներից և այգու դռան կողքի ջրի պոմպից շարունակաբար բորբոսի հոտ էր գալիս և տարածվում»։
Եթե «Քույուջաքցի Յուսուֆը» մեր օրերում էլ շարունակում է չմաշված և իր նշանակությունը չկորցրած վեպ համարվել, ապա դա, անկասկած, բխում է ոչ միայն վեպի՝ գավառին ուղղված առաջին իրատեսական հայացքից, այլև ստեղծագործության գրական որակների կատարելությունից։ Հենց սա է նրան կենդանի պահում։ Ճիշտ այդ պատճառով այսօր էլ, վաղն էլ մեզ չի լքում այն զգացումը, թե մի ուրիշ Քույուջաքցի Յուսուֆ «իր սուգը ոչ մեկին ցույց չտալով, այն միայնակ կրելու վճռականությամբ՝ նոր կյանքի ճանապարհն է բռնում»։ Գուցե փոփոխման և վերափոխման չենթարկվող աշխարհի ներկա ճակատագիրը, որտեղ լիարժեքության զգացումը մշտապես հետաձգվում է, շարունակելու է մնալ հենց այսպիսին։
Գրականության հաջողությունն էլ հենց այն է, որ կարողանում է սա զգացնել տալ և գրգռել, բորբոքել երջանիկ աշխարհի ուտոպիան։
«Քույուջաքցի Յուսուֆը»՝ իր արժանիքներով ու թերություններով հանդերձ, մինչ օրս համարվում է մի ստեղծագործություն, որը հաջողել է այս որբի, այս որդեգրի պատմությունը բարձրացնել մարդկային վիճակի ընդհանրացված պատկերի մակարդակի։
Ահմեթ Օքթայ[7], 2002 թ․
[1] Թուրք․՝ eşkıya, «բարի ավազակ»։ Տերմինը մասնավորապես վերաբերում է նրանց, ովքեր հիմնականում սոցիալական կամ իրավական անարդարությունից դրդված ելել են լեռներն ու դիմել զինված, ոչ օրինական պայքարի։ Նրանք պայքարում էին սոցիալական հավասարության հաստատման համար։
[2] Թուրք․՝ kaymakam, ժամանակակից Թուրքիայի վարչական համակարգում շրջանի/գավառի ղեկավար։ Պաշտոնն Օսմանյան կայսրությունում սկսել են կիրառել Թանզիմաթի հրովարտակի հռչակումից հետո
[3] Նկատի ունի այն աշխարհը, որտեղ, որտեղ մարդը չի կարողանում հասնել լիարժեքության, ազատության, ներքին խաղաղության կամ արդարության։
[4] Թուրք գրականագետներ և գրաքննադատներ։
[5] Թուրք գրաքննադատ, թարգմանիչ, հրատարակիչ և գրող։
[6] Թուրք․՝ fıkra, 1. կարճ զվարճալի պատմություն՝ անեկդոտ, 2. թերթում կամ ամսագրում տպագրվող կարճ հեղինակային նյութ՝ սյունակ, ակնարկ, հոդված։
[7] Թուրք բանաստեղծ, գրող, գրաքննադատ, գրականագետ, լրագրող։