Վահրամը քայլում էր դանդաղ՝ շտապելու մեջ չտեսնելով որևէ անհրաժեշտություն։ Անհուսալի տխրությունը խեղդում էր հոգին, իսկ օտար քաղաքի միանման փողոցներն ու անտարբեր հայացքներով անցնող մարդիկ ստիպում էին գիտակցել, որ այս անճարակ անզորության միակ մեղավորն ինքն է։ Պանդխտության երեք տարիների ընթացքում առաջին անգամ իրեն մենակ զգաց։ Ու որքան էլ փորձում էր կապել դա ներկայիս հանգամանքների հետ, ներքուստ համոզվում էր, որ այդպես եղել է միշտ։
Տեղացող ձյունը ոչ մի րոպե չէր դադարում՝ շրջապատում ամեն բան դարձնելով այնքան սպիտակ, որ անծանոթ քաղաքում կողմնորոշվելու համար ստիպված էր ապավինել այն անփափոխ նշաններին, որոնք երբեմն գտնելով ու կորցնելով՝ ավելի էր մոլորվում։ Ժամանակ առ ժամանակ կարմիր լուսաթարթիչներով ձյունամաքրիչ մեքենան, հայտնվելով փողոցում, գրավում էր ուշադրությունը՝ օգնելով ցրվել այն մտքերից, որոնք որևէ լուծում բերելու փոխարեն ավելի էին խճճում քայլերը։
Պարբերաբար կանգ առնելով՝ թափ էր տալիս գլխարկին ու վերարկուին նստած ձյունը և, օգտվելով այդ կարճատև դադարներից, սպասում մի հրաշքի, որը կարող էր հաղթել անհուսությանն ու նոր ճանապարհ ցույց տալ։ Ձմռան կարճ երեկոն, մթնշաղի վերածվելով, տարածվում էր քաղաքի վրա՝ ստիպելով մտածել գիշերվա այն դժվարությունների մասին, որոնց բախվելով ավելի անպաշտպան էր դառնում։
Ցերեկը ժամանակն ավելի արագ էր անցնում։ Չնայած գրպանում գումար չէր մնացել, բայց գոնե տաքանալու համար խանութ էր մտնում և, սննդամթերքներով ծանրաբեռնված ցուցափեղկերի կողքերով շրջելով, հետևում էր, թե նոր տարվա գնումներ անող քաղաքացիները ինչպես են շտապում հասնել դրամարկղի երկար հերթին։ Քաղաքի միակ գրախանութում, որը տարեմուտին մարդաշատ չէր, թերթում էր պատահած գրքերի էջերը՝ ժամանակ շահելու և դրսի ցրտից պաշտպանվելու համար։ Եթե բախտի բերմամբ ճանապարհը հասնում էր հրապարակին, հեշտությամբ գտնում էր տասնութերորդ դարի վանական տաճարը, որի ներսում ժամանակավոր ջերմություն գտնելուց հետո նորից շարունակում էր ճանապարհը։ Կենտրոնական հրապարակի դիմաց՝ երկաթգծի կայարանի սպասասրահում, այնքան տաք էր լինում, որ չքրտնելու համար քանդում էր վերարկուի կոճակներն ու հանում գլխարկը։ Մարդաշատ ուղևորների մեջ աննկատ մնալով՝ նստում էր մետաղյա չոր նստարանին և հոգնածությունից քնում այնքան, մինչև կողքին անզգուշաբար նստող ինչ-որ մեկը հրում էր ուսն ու, բարձրաձայն խոսելով, ստիպում արթնանալ։
Կարծես դեռ երեկ լիներ, երբ երեք ընկերներով, թողնելով Հայաստանը, հասան Սարատով՝ Լևոնի քեռու մոտ աշխատելու։ Առաջին երեք ամիսները ամենադժվարն ու հիասթափեցնողն էին. քեռին չտվեց խոստացված գումարը՝ դրա փոխարեն տալով չդադարող խոստումներ, որոնց արդեն միայն Լևոնն էր հավատում։ Լևոնը մնաց քեռու մոտ, իսկ ինքը Կարենի հետ մեկնեց հյուսիս։ Բնակարան վարձեցին ու հարմար աշխատանք գտան, ստացած գումարը բավականացնում էր իրենց, ու մի բան էլ դեռ ծնողներին էին ուղարկում։ Հենց նույն տարում Կարենն ամուսնացավ, և համատեղ վարձակալած բնակարանում Վահրամը մնաց մենակ։ Կարենի կնոջ հայրն օգնեց փեսային ավելի լավ աշխատանք գտնել, և ընկերների միջև դանդաղ արմատավորվող օտարացումը հասավ նրան, որ շաբաթներով իրար չտեսնելը դարձավ սովորական։
Ամռան մի սովորական երեկո անսպասելի հայտնվեց Լևոնը։ Ընկերոջ ներկայությունը ուրախացրեց Վահրամին։ Պարզվեց, որ քեռու հետ իրար չէին հասկացել, և հերթական վեճերից մեկի ժամանակ հեռացել էր։ Քեռու հասցեին ամենաթունդ հայհոյանքները շաղ տալուց հետո Լևոնն ընկերներին առաջարկեց Մոսկվա մեկնել, որտեղ քավորը կոշիկի արտադրություն էր սկսել, և վստահելի մարդիկ էին պետք գործը զարգացնելու համար։
— Քեռուդ տված մեեե՜ծ փողերը սպասիր ծախսենք, հետո կանցնենք քավորիդ, — հեգնանքով պատասխանել էր Կարենը, ում կյանքն այստեղ վատ չէր դասավորվել, և շուտով հայր էր դառնալու։
Երկու ամիս մնալով Վահրամի մոտ՝ Լևոնն այնուամենայնիվ մեկնեց Մոսկվա։ Մեկնելու օրը Կարենը ճանապարհելու չեկավ՝ պատճառաբանելով, որ զոքանչի ծննդյան օրն է, և հղի կնոջը մենակ թողնել չի կարող։
Լևոնի գնալուց հետո տունը դատարկվեց։ Տրվելով ամբողջապես աշխատանքին՝ Վահրամը փորձում էր անհավասար պայքարի մեջ մտնել մի բանի հետ, որը հայրենիքի, տան ու հարազատ մարդկանց կարոտն էր։ Գիշերները գրեթե չէր կարողանում քնել՝ լուսացնելով ճոճաթոռին նստած։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ իր մոտ գիշերող ընկերուհին անգամ զգաց նրա սառը անտարբերությունը շրջապատող այն աշխարհի նկատմամբ, որտեղ ապրելու համար, թվում էր, ամեն բան կա։
Իրականում շատ էր կարոտել Երևանը, իրենց նեղլիկ փողոցն ու բակը, որն օտար հեռուներից ամենաընդարձակն ու հարազատն էր թվում։ Իսկ այն պակաս բաները, հանուն որոնց այստեղ հասան, հիմա այնքան երկրորդական էին թվում, որ նույնիսկ չէր էլ նկատում։ Օտարությունն էր, որ պատճառ հանդիսացավ երեք ընկերների բաժանմանը և, չսահմանափակվելով դրանով, ամեն օր մի նոր բան էր վերցնում՝ թողնելով իր ետևից կարոտաբաղձ մի թախիծ, ինչին դիմակայելը փորձություն էր արդեն։
Տուն վերադառնալու միտքը ծնվեց հանկարծակի, երբ հերթական անքուն գիշերներից մեկի ժամանակ նայում էր առաստաղին ու մտածում։ Քուլա-քուլա վեր բարձրացող ծխախոտի ծուխը գունաթափ առաստաղի վրա գալարաձև պտույտներ առաջացնելով անհետանում էր՝ թույլ տալով այդ ընթացքում պատկերել այն ցանկալի վերադարձը, որն այնքան հաճելի էր հոգուն։ Փորձելով չարթնացնել նախանձելի քնին տրված ընկերուհուն՝ մի կերպ ազատվեց իրեն սեղմված նրա տաք մարմնից և, նոյեմբերյան ցրտին դուրս գալով պատշգամբ մաքուր օդ շնչելու, որոշեց Հայաստան վերադառնալ։
Ամսից ավելի պահանջվեց վերադարձի նախապատրաստության համար։ Այդ մասին ծնողներին չհայտնեց՝ գերադասելով անակնկալ մատուցել և տարեմուտից առաջ տուն մտնելով ուրախացնել նրանց։ Իր երկու տարիների ամբողջ վաստակը, որ բավարարելու էր հոր այնքան երազած «Մոսկվիչը» գնելու, տան տանիքը հիմնովին վերանորոգելու և մորը խոստացած մուշտակը նվիրելու համար, տեղավորեց վերարկուի ծոցագրպանում և դեկտեմբերյան մի ցուրտ առավոտ ճանապարհ ընկավ։
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օդային չվերթները ժամանակավորապես դադարեցված էին։ Այդ իսկ պատճառով որոշեց գնացքով հասնել Վորոնեժ, որտեղից էլ արդեն՝ ինքնաթիռով Երևան։ Վորոնեժում անակնկալների չհանդիպելու համար ինքնաթիռի տոմսը գնել էր նախապես։ Թվում էր՝ ամեն ինչ պատրաստ է Հայաստան հասնելու համար, և չի կարող լինել մի բան, որը կշեղի նպատակից։
Տուն հասնելու ուրախությունն էր գուցե պատճառը, կամ իր սրտաբաց անկեղծությունը, երբ գնացքում շատ արագ ձևավորված ծանոթությունը պատկառելի տեսքով ակադեմիկոսի հետ ճակատագրական դարձավ։ Ճանապարհը երկար էր, և սեղանի շուրջ դատարկվող օղու ամեն բաժակից (որն ուղեկցվում էր ակադեմիկոսի ճարտասան կենացներով) Վահրամն ավելի էր անկեղծանում՝ պատմելով իր հայրենիքի և օտարության մեջ անցկացրած տարիների մասին։
Եվ միայն առավոտյան՝ խումհարային ցավացող գլխով արթնանալով, պետք է պարզեր, որ պատկառելի տեսքով ակադեմիկոսը, ով ներկայացել էր որպես Վլադիսլավ Գեորգիևիչ Կռիլով, իրականում շրջիկ գրպանահատ էր ընդամենը։ Վերարկուի դատարկ ծոցագրպանը հիասթափության ծովը գցեց Վահրամին, որում կգերադասեր խեղդվել, միայն թե չտեսներ ու չզգար իրեն սպասող թշվառությունը։
Հուսադրող միակ բանը Վորոնեժից Երևան թռչող ինքնաթիռի տոմսն էր, բայց անհաջողությունն այդտեղ էլ գտավ նրան, երբ առաջին կայարանում որոշեց հայտնել ոստիկանությանն իր հետ կատարվածի մասին։ Ոստիկանության հերթապահ սպան մինչ մուրաբայով թեյ խմելուն զուգահեռ արձանագրություն էր կազմում, գնացքը մեկնեց՝ թողնելով Վահրամին «Սամոցվետ» կոչվող կայարանում։ Երևան մեկնելու վերջին հույսն ի չիք դարձավ, երբ հեռացող գնացքի ետևից նայելով՝ հասկացավ, որ ինքնաթիռին հասնելու ոչ մի հույս, ինչպես նաև չվերթի օրը տեղափոխելու հնարավորություն չկա արդեն։
Մոտակա քաղաք հասավ գերաններ տեղափոխող պատահական բեռնատարով։ Առաջին բանն, ինչ արեց, դա Կարենին հեռախոսով զանգահարելն էր։ Պատմեց իր հետ տեղի ունեցածը՝ խնդրելով գումար ուղարկել ինքնաթիռի տոմս գնելու համար։ Կարենը չմերժեց և, վերցնելով բանկային հաշվեհամարը, խոստացավ հենց նույն օրը փոխանցել այն։ Առաջին օրն անցկացրեց կայարանում՝ հեռու չգնալով մոտակա բանկից, որտեղ ամեն ժամը մեկ մտնելով հիասթափություն էր ապրում՝ իմանալով, որ Կարենի խոստացված փոխանցումը դեռ տեղ չի հասել։
Գրպանի մանրադրամներն արագ վերջացան մի քանի գավաթ թեյի և կարկանդակների վրա։ Կարենին կրկին զանգահարելու համար գրեթե կոպեկներով վաճառեց ձեռքի ժամացույցը գնացքից նոր իջած մի ուղևորի՝ մեկ անգամ ևս համոզվելով, որ իրենից առևտրական դուրս չի գա։ Հեռախոսազանգին պատասխանեց կինը՝ հայտնելով, որ ամուսինը երկու օրով գործուղման է մեկնել և դրանից շուտ չի վերադառնա։
Հիմա արդեն շատ էր զղջում, որ, հայտնվելով այս վիճակում, առաջինը ծնողներին չհեռաձայնեց։ Ամոթն ու ինքնասիրությունն էր պատճառը, բայց և այնպես ծնողները կհասկանային իրեն, և ստիպված չէր լինի չորս օր թափառել մի ցուրտ քաղաքում, որի անունն անգամ չէր լսել։
․ ․ ․
Բարձրացնելով վերարկուի օձիքը՝ Վահրամն այնպես կծկվեց նրա մեջ, ասես պատրաստվում էր քնել։ Չդադարող ձյան և մթնշաղի պատճառով դարձյալ մոլորվել էր այն միանման փողոցներում, որտեղից, թվում էր, ելք չկա արդեն։ Կորցնելով ավտոկայան տանող ճանապարհը, որի սպասասրահում ակնկալում էր գիշերել, հայտնվեց մի անծանոթ թաղամասում, որտեղ բոլոր շենքերը միանման էին, իսկ փողոցներն իրարից ոչնչով չտարբերվող։
Որևէ մեկից ճանապարհը հարցնելու հույսով հուսահատ չորս կողմն էր նայում, բայց պատահող մարդիկ այնքան զբաղված ու շտապողական էին թվում, որ սիրտ չէր անում դիմել նրանց՝ գերադասելով ինքնուրույն գտնել այն։ Արագ տարածվող մութն ու չդադարող ձյունը մարդկանց արագ փակում էր տներում, որտեղ ամանորին ընդառաջ այնքա՜ն գործ կար չավարտված, որ հասցնել էր պետք։
Երբ հեռվից դարձյալ երևաց ձյունամաքրիչ մեքենան, Վահրամը կանգ առավ մայթեզրին՝ ամեն անգամվա պես նրան նայելու։ Մեքենան դանդաղ անցավ հանդիպակաց փողոցը և, հավասարվելով Վահրամին, կանգ առավ։ Մեքենայից իջնելով՝ վարորդը բաց արեց շարժիչի կապոտն ու կռացավ վրան։ Հետո միայն, դիմելով Վահրամին, խնդրեց մոտենալ ու սեղմած պահել ֆիլտրիչ տուփի զսպանակը։ Վերադառնալով նորից մեքենայի խցիկ՝ նա արագություն հավաքեց, ինչից թվաց, թե շարժիչը դուրս կնետվի տեղից։ Վարորդը գոհունակությամբ ետ վերադարձավ, փակեց կապոտն ու, շնորհակալություն հայտնելով, սեղմեց Վահրամի ձեռքը։ Չցանկանալով կորցնել ընձեռնված հնարավորությունը՝ Վահրամը խնդրեց ցույց տալ կայարան տանող ճանապարհը։ Ձյունամաքրիչի վարորդը լավ մարդ գտնվեց, և քանի որ իր երթուղագիծն անցնում էր այդ կողմով, առաջարկեց մեքենա բարձրանալ։
Խցիկում բավականին տաք էր, իսկ ռադիոընդունիչից հնչող տոնական երգերը հաճելի էին դարձնում դանդաղ ընթացքը։ Թերմոսից թեյ լցնելով թղթի բաժակի մեջ՝ նա Վահրամին մեկնեց այն՝ առաջարկելով նաև փորձել կնոջ պատրաստած թխվածքաբլիթները։
— Ես քեզ էլի եմ տեսել, — հայացքը ճանապարհից չկտրելով ասաց վարորդը, — փնտրու՞մ ես ինչ-որ մեկին։
— Ավելի շատ սպասում եմ, — չցանկանալով իր խնդիրների մասին բարձրաձայնել՝ պատասխանեց Վահրամը։
— Հաստատ կին կլինի, — քթի տակ ծիծաղելով ասաց վարորդը, — նրանք սիրում են սպասեցնել։
Մեքենան անցավ ևս մի քանի փողոց, և հերթական խաչմերուկից հետո մայթեզրին հնարավորինս մոտ կանգ առավ։
— Էստեղից ես աջ եմ գնում, իսկ կայարանը ձա՛խ կողմի վրա է։
— Շնորհակալ եմ, — ամուր սեղմելով վարորդի ձեռքը՝ ասաց Վահրամն ու իջավ մեքենայից։
— Անունդ ի՞նչ է, — մեքենայի պատուհանից ձայնեց վարորդը։
— Վահրամ։
— Դե արի ու հիշիր, — կատակեց վարորդը, և մինչ կշարժվեր տեղից ասաց. — Իսկ ես Միքայելն եմ։
Վահրամն անցավ փողոցը, նշված ուղղությամբ թեքվեց ձախ և, հանդիպակաց այգու միջով դուրս գալով Հաղթանակի պողոտա, շարունակեց ճանապարհը կայարանի ուղղությամբ։ Կարճատև ծանոթությունը Միքայելի հետ ոգևորել էր Վահրամին, և քաղաքն արդեն այնքան անծանոթ ու սարսափազդու չէր թվում, ինչպես առաջ։
Քեֆչի երիտասարդների մի խումբ կտրեց Վահրամի ճանապարհը։ Մի քանի տղաներ ու աղջիկներ էին, որոնք սկսել էին նշել տարեմուտը, և դատելով նրանց բարձր տրամադրությունից՝ կարելի էր ենթադրել, որ տուն գնալու փոխարեն գերադասում էին նորանոր արկածներ գտնել։
Տղաներից մեկը, ում ենթարկվում էին խմբի անդամները, բարեկամաբար գրկելով Վահրամին՝ առաջարկեց իրենց միանալ։ Վահրամը քաղաքավարի ձևով հրաժարվեց, և այդ պահին գործին խառնվեց աղջիկներից մեկը։ Թևանցուկ անելով Վահրամին՝ նա ձեռքի գարեջրի շիշը տվեց նրան՝ խնդրելով խմել իր կենացը։ Հասկանալով, որ հարբած երիտասարդների խմբից հեշտությամբ ազատվել չի հաջողվի, Վահրամը խմեց կիսատ շշի պարունակությունը՝ հուսալով, որ դրանից հետո իրեն հանգիստ կթողեն։ Ինչ-որ մեկը շոկոլադ հյուրասիրեց, մյուսը համբուրեց այտը, և Վահրամն ինքն էլ չհասկացավ՝ ինչպես խառնվեց նրանց՝ զգալով ալկոհոլից առաջ եկած հաճելի թուլություն։
Բացված օղու հերթական շիշը սկսեց պտտվել խմբի մեջ, և երբ հայտնվեց Վահրամի մոտ, իրենից չպոկվող աղջիկն առաջարկեց ի՛ր կենացը։ Վառող հեղուկն այրելով կոկորդը հասավ դատարկ ստամոքսին՝ ստիպելով քանդել վերարկուի վերին կոճակները։ Խմբի ավագը, գրպանից ճայթուկներ հանելով, բաժանեց բոլորին և, օրինակ ծառայելով նրանց, կրակայրիչով վառեց պատրույգն ու շպրտեց փողոցի ուղղությամբ։ Քիչ անց բոլորի ձեռքում բոցավառվող ճայթուկներ կային, որոնք պայթում էին՝ առաջ բերելով ծիծաղ ու ճիչ։ Տղաներից մեկը սկսեց երգել, ում միացավ ամբողջ խումբը։
Արգելված հատվածով փողոցն անցնելով՝ գրավեցին ոստիկանական պարեկների ուշադրությունը։ Կանգնեցնելով խմբին՝ նրանք պահանջեցին ոստիկանատուն գնալ՝ հասարակական կարգը խախտելու համար արձանագրություն կազմելու։
Խմբի ամենաակտիվ մասնակիցը, ով ոչ մի կերպ չէր ցանկանում ենթարկվել նրանց պահանջին, ընդդիմացավ, նրան միացան ևս մի քանիսը։ Պարեկի օրինական պահանջը դժգոհության ալիք բարձրացրեց խմբում, ինչն ավելի սուր դրսևորվեց Վահրամի թևն ընկած աղջկա կողմից։ Նա վայրի կատվի ճարպկությամբ նետվեց թիկունքով իրեն կանգնած պարեկի վրա և, կառչելով մեջքից, կծեց վերջինիս ականջը։ Մինչ մյուս պարեկը զբաղված էր անկառավարելի աղջկան գործընկերոջ մեջքից պոկելով, խմբի անդամները նետվեցին նրա վրա։
Ուժերն անհավասար էին։ Պարեկների բախտից փողոցով անցնող ոստիկանական մեքենան նկատեց հրմշտոցն ու ազդանշանը միացրած շտապեց օգնության։ Բազե տեսած հավերի նման խումբը ցրվեց։ Վահրամը, որ մի կողմ քաշված այս ամենին հետևում էր դիտորդի կարգավիճակով, առաջին անգամ հայտնվելով նման իրավիճակում՝ չգիտեր ինչ անել։ Մինչ կփորձեր հասկանալ, թե որ կողմ գնա, թևից մեկը քաշելով ստիպեց հետևել իրեն։ Կտրվելու համար պարեկների հետապնդումից՝ նրանք վազում էին առանց ոտքի տակ նայելու, ինչի հետևանքով Վահրամը մի քանի անգամ ընկավ ու վեր կացավ։
Վաղուց արդեն ետևում էր մնացել փողոցը, ականջը բռնած վիրավոր պարեկը, օգնության շտապող ոստիկանական մեքենան, իսկ առջևից վազողը դեռ մտադիր չէր կանգնել։ Հերթական նրբանցքից շենքի միջանցիկ շքամուտքով դուր գալու պահին Վահրամը բռնեց նրա ձեռքն ու ասաց․
— Էլ չեմ կարող։
Եվ միայն այդ ժամանակ, շենքի պատուհաններից ընկնող լույսի տակ, նկատեց այս կռիվը հրահրած աղջկան, ով շնչառությունը տեղը բերելու համար հենվեց իրեն։ Նրա շրթունքներին դեռ նկատելի էին պարեկի ականջի արյան հետքերը, և երբ Վահրամը գրպանի թաշկինակով սրբեց վամպիրի հիշեցնող նրա շուրթերը, աղջիկն ասաց․
— Ծխախոտ տուր։
— Չեմ ծխում, — շունչը մի կերպ տեղը բերելով՝ որոշակի դադարից հետո ասաց Վահրամը։
— Փո՞ղ ունես։
— Չէ՛։
— Անու՞ն, — ժպտալով հարցրեց աղջիկը՝ ավելի մոտենալով Վահրամին։
— Վահրամ։
— Էդ ի՞նչ անուն է։
— Հայկական անուն է, նշանակում է գարուն։
— Լսիր «գարուն», գոնե մնալու տեղ ունե՞ս։
— Չէ, — բացասաբար գլուխը շարժելով ասաց Վահրամը։
— Ուրեմն ստիպված եմ տուն գնալ, հա՞։ Ոնց չեմ սիրում․․․ Ոնց եմ ատում․․․ Զզվում եմ էդ տնից․․․
— Ես կուղեկցեմ քեզ, — պատրաստակամորեն ասաց Վահրամը՝ լավ հասկանալով, որ դրանից աղջկա համար տունը ցանկալի չի դառնա։
— Ես հեռու եմ ապրում։
— Ես ոչ մի տեղ չեմ շտապում։
— Հարկավոր է բակերով գնալ, ոստիկանությունը այս գիշեր խստացված հսկողություն կսահմանի փողոցներում, — գործից տեղյակ մարդու նման ասաց անծանոթուհին, և նրանք առաջ շարժվեցին։
Նա երկու ձեռքով գրկեց Վահրամի թևը, քանի որ վազելուց հոգնած՝ կորցրել էր ուժերը։ Մի տեղ կանգ առան, աղջիկը փսխեց, հետո գրկելով Վահրամին՝ լաց եղավ։ Նա ինչ-որ բաներ էր պատմում վատ մանկությունից, խորթ մորից ու հարբեցող հորից։ Վահրամը լուռ լսում էր նրան ու ափսոսում, որ այսքան երիտասարդ աղջկա կյանքում նման խնդիրներ կան։
Արվարձանում, որտեղ ապրում էր աղջիկը, փողոցային լուսավորությունը թույլ էր, իսկ փողոցներում չմաքրված ձյունն՝ ավելի շատ։ Միանման շենքերով թաղամասի բակերից մեկում նրանք կանգ առան։
— Ես աաա՜յ այնտեղ եմ ապրում, — մատնացույց անելով դիմացի բարձրահարկը՝ ասաց նա և, թողնելով Վահրամի թևը, ավելացրեց, — այստեղից ես մենակ կգնամ։
— Անունդ չասացիր, — մինչ հրաժեշտին անցնելը ակնարկեց Վահրամը։
— Աննան եմ ես, — շոյելով Վահրամի սառած դեմքը՝ ասաց նա, — ափսոս, ընկեր ունեմ։
— Ինչի՞ ափսոս, — բաժանումը ձգձգելու համար հարցրեց Վահրամը։
— Քեզ բաց չէի թողնի, — անկեղծացավ Աննան, — լավ տղա ես։
— Իսկ ընկերդ լավը չի՞։
— Լավը չի։ Բանտում է։
— Իսկ ի՞նչն է պատճառը, որ նրան չես թողնում, — հարցրեց Վահրամը՝ ինքն էլ զարմանալով, որ այսքան իրավունք է վերապահում իրեն անծանոթ մեկի կյանք մտնելու համար։
— Սիրում եմ, — տխուր ասաց Աննան և նույն պահին էլ, իր բացահայտ թուլությունից ազդված, խստորեն ավելացրեց, — չփորձես ինձ խղճալ։ Գնա՛, ու՞մ ես սպասում։
Հասկանալով, որ իր ամեն մի խոսքը կարող է նյարդայնացնել աղջկան՝ Վահրամը բարի գիշեր մաղթելով հեռացավ, իսկ երբ մի փոքր քայլելուց հետո ետ նայեց, Աննան արդեն չէր երևում։
․ ․ ․
Գիշերային թույլ լուսավորությունն ու չդադարող ձյունը շրջապատում ամեն բան այնքան միանման էին դարձրել, որ Վահրամն արդեն հույս չուներ կայարան տանող ճանապարհը գտնելու։ Մի պահ նույնիսկ թվաց, որ հայտնվել է մի երազում, որից ոչ մի կերպ չի կարողանում արթնանալ։
Կանգ առնելով մայթեզրին՝ թափ տվեց վրան նստած ձյունը։ Լապտերների աղոտ լույսի տակ տեղացող ձյունն անվերջանալի էր թվում։ Հրաշքի ակնկալիքով հայացքը հառեց մութ երկնքին, բայց այտերին հալվող սառը փաթիլներից բացի ոչինչ տեղի չունեցավ։ Նորից սկսեց քայլել ու չնկատեց էլ, թե ինչպես հայտնվեց բակամիջյան նեղլիկ մի փողոցում, որով երկար ժամանակ մարդ չէր անցել։ Ամեն մի քայլը չտրորված ձյան վրա ստիպում էր Վահրամին մտածել աշխարհի անկատարությունից, որի կորսված իրականությունը ըստ նրա ոչ այլ ինչ էր, քան երևակայության խաղ։
Մտքերով տարված՝ չնկատեց, որ արդեն դուրս է եկել կենտրոնական փողոցի աղապատված մայթը։ Հատուկենտ անցորդների ձեռքներին գնումներ արված տոպրակներ էին, ոմանք ուսերին դրված եղևնիներ ունեին։
Ցուրտը ստիպում էր անօգուտ կծկվել վերարկուի մեջ կամ վեր պարզել օձիքը՝ հասցնելով ականջներին։ Քայլում էր արդեն առանց հասկանալու, թե ուր։ Երբեմն բնակելի տների ցածրահարկ պատուհաններից ներս էր նայում և, տեսնելով երեխաների ուրախությունն ու ծիծաղը, տնային տնտեսուհիների խոհանոցային իրարանցումը, հյուրասենյակներում զարդարված եղևնիները, մտքով Հայաստան էր հասնում՝ պատկերացնելով իրենց տունը։ Երևակայական այդ պատկերներից հոգին լցվեց ջերմությամբ, և նույնիսկ թվաց, որ հիմա կփակի աչքերն ու, ինչպես կախարդական հեքիաթում, կհայտնվի տանը։
— Ստեփա՞ն, — ձայնեց ետևից ինչ-որ մեկը, և Վահրամն անկախ իրենից ետ շրջվեց։
Դա լայնաթիկունք, մորթե հաստ օձիքով վերարկուն հագին մի տղամարդ էր, որն իրեն մոտենալով դարձյալ կրկնեց․
— Ստեփա՜ն։ Վերջապե՛ս․․․ Վերջապե՛ս․․․
Ականջները փակող մորթե գլխարկը թեքվեց նրա գլխին, երբ, ողջագուրվելով Վահրամին, սկսեց թփթփացնել ուսին վաղուց չտեսած բարեկամի մի այնպիսի կարոտով, որ Վահրամը լուռ ենթարկվեց նրան։ Տղամարդու թավ հոնքերի վրա նստած ձյան բարակ շերտից և կարմրած քթից կարելի էր ենթադրել, որ վաղուց է դրսում։
— Իսկ մենք կարծում էինք, որ էլ չես գա, — թափ տալով Վահրամի վրայի ձյունը՝ ասաց անծանոթն ու, թևանցուկ անելով, ստիպեց շարժվել դիմացի շենքի կողմը։
Ճանապարհին նա էլի ինչ-որ բաներ էր ասում՝ հերթ չտալով Վահրամին բացատրել, որ թյուրիմացաբար շփոթում է իրեն ինչ-որ մեկի հետ, և իր անունը Ստեփան չէ։
Մոտենալով քառահարկ մի շենքի՝ նրանք կանգ առան։ Տղամարդն ուղղեց գլխի վրա անընդհատ պտտվող գլխարկն ու, օգտվելով կարճատև լռությունից, Վահրամը ցանկացավ ազատվել նրա ձեռքից՝ հայտնելով, որ ինքը որևէ կապ չունի այն Ստեփանի հետ, ում նա է սպասում։ Բայց երբ այդ պահին լսվեց «տուն բարձրանանք» առաջարկությունը, Վահրամն անկարող գտնվեց մերժել նրան՝ հուսալով, որ մինչ տանն այս թյուրիմացությունը պարզություն կստանա, կհասցնի գոնե տաքացնել սառած ոտքերն ու ձեռքերը։
Ետխորհրդային ժամանակների անմխիթար տեսքով շենքը շքամուտքի վառվող լույսից ներս ավելի տխուր թվաց։ Հասնելով առաջին հարկի աստիճանավանդակին՝ տղամարդը դոփելով թափ տվեց ոտքերի վրայի ձյունը և, դառնալով Վահրամին, ասաց․
— Մոռացա ներկայանալ, ես Վասիլին եմ՝ մորաքրոջդ՝ Տատյանա Ալեքսանդրովնայի հարևանը։
Սեղմելով Վասիլիի ձեռքը՝ Վահրամը չհամարձակվեց արտասանել իր անունը՝ գերադասելով ժամանակավորապես լռել։ Նա համոզված էր, որ արդեն բնակարանում, երբ կկանգնի Տատյանա Ալեքսանդրովնայի առջև, վերջինիս զարմացախառն հայացքն ամեն բան իր տեղը կգցի։
Բարձրանալով չորրորդ հարկ՝ Վասիլին մոտեցավ աստիճանավանդակի աջ կողմի դռանն ու թակեց այն։ Լարված անհանգստությունից Վահրամը սկսեց թափ տալ վրայի ձյունը, ինչին միացավ Վասիլին՝ օգնելով նրան մաքրել վերարկուի թիկունքն ու ուսերը։
Վերջապես բացվեց դուռն ու շեմին երևաց խոշորամարմին մի կին։ Հիմա ամեն ինչ կվերջանա. մտածեց Վահրամը՝ գերադասելով այդ պահին հեռանալը, բայց կինը նրան լայն ժպտաց և մի կողմ քաշվելով ներս հրավիրեց։
Վահրամն իսկույն գլխի ընկավ, որ այդ նա չէ Տատյանա Ալեքսանդրովնան, և երբ փակվեց դուռն ու ինքը մնաց կնոջ և Վասիլիի մեջտեղում, հասկացավ, որ արդեն շատ ուշ է դուրս գալը։
Նեղլիկ միջանցքը շատ փոքր թվաց, և Վահրամը զգաց, թե ինչպես է անհանգստությունից քրտնում։
— Կինս է, Լյուդան, — ներկայացրեց Վասիլին և հանելով վերարկուն ու գլխարկը, կախիչից կախելու փոխարեն դրեց կնոջ լայն բացված ձեռքերին։
— Ուտելու մի բան դիր, Ստեփանը քաղցած կլինի, — կնոջն ասաց Վասիլին և օգնելով Վահրամին հանել վերարկուն՝ ուղեկցեց հյուրասենյակ։
Հյուրասենյակի կենտրոնում՝ կլոր սեղանի առջև, երկու կին և տարեց մի տղամարդ էին նստած։ Երեքն էլ միանգամից ոտքի կանգնելով՝ սեղմեցին Վահրամի ձեռքն ու առաջարկեցին նստել։ Վահրամը խորը շունչ քաշեց՝ պատրաստ լինելով իրադարձությունների ցանկացած զարգացմանը՝ մխիթարելով իրեն նրանով, որ արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու համար։
Միայն սեղանի շուրջ Վահրամը կարողացավ զննել ծերունուն, ում մի ուսը մյուսից բարձր էր, և միջին տարիքի երկու կանանց, որոնցից և ոչ մեկը, ի ուրախություն իրեն, Տատյանա Ալեքսանդրովնան չէր։
— Մայրիկն ինչպե՞ս է, — լռությունը խախտելով հարցրեց ծերունին՝ ի ցույց դնելով իր անատամ ծնոտի միակ ժանիքը։
— Շնորհակալություն, լավ է, — հնարավորինս առանց առոգանության պատասխանեց Վահրամը՝ զգուշանալով այն սպասվող հարցերից, որոնց պատասխանները կմատնեին իրեն։
— Ոտքերն էլի ցավու՞մ են, — զրույցին խառնվեց կանանցից մեկը, ով հագին թավշյա սև զգեստ ուներ, իսկ ձեռքերին՝ ցանցավոր ձեռնոցներ։
— Մի քիչ, — կմկմաց Վահրամն ու նրան թվաց, որ կովկասյան առոգանությունն այս անգամ մատնեց նրան։
— Դժվարությա՞մբ տեղ հասաք, — մյուսներից ետ չմնալու համար հետաքրքրվեց մյուս կինը, — երեկվանից Ձեզ էինք սպասում և արդեն հույս չունեինք, որ տեղ կհասնեք։
Վահրամն ուզեց հնարավորինս հանգիստ պատասխանել այդ հարցին ևս, բայց, պատկերացում չունենալով, թե որտեղից պետք է Ստեփանը գար, որ դեռ ճանապարհին էլ դժվարություններ առաջանային, լռեց։ Անելանելի թվացող այդ վիճակից նրան դուրս հանեց Վասիլին, ով, աթոռն ավելի մոտեցնելով Վահրամին, ասաց․
— Փողոցում կանգնած ծխում եմ, մեկ էլ տեսնեմ հեռվից մեկը մոտենում է։ Երբ հավասարվեց ինձ ու կանգ առավ, անմիջապես հասկացա, որ մեր Ստեփանն է։
Այդ նույն պահին լսվեց դռան զանգը, և Վահրամն այնպես անհանգիստ շարժվեց տեղում, որ դա նկատեցին բոլորը։ Եթե եկողը Ստեփանն է, ում, ինչպես պարզվեց, դեմքով ոչ ոք չէր ճանաչում, ոչինչ չէր մնա անել՝ իր մեղքը խոստովանելուց բացի։
Փականի մեջ պտտվեց բանալին, լսվեց փակվող դռան և Լյուդայի ձայնը։
Լարվածությունից ճակատին քրտինքի կաթիլներ հավաքվեցին, որը թևքով սրբելուց հետո թափառող հայացքով սկսեց նայել սենյակի պատից կախված միակ նկարին։ Նկարը ծանոթ էր նրան, մի ժամանակ իրենց տան պատին էլ կար, մինչև մի օր գիպսե շրջանակը կոտրվեց, և որպես ավելորդություն ձեղնահարկ տարան։ Հիշեց անգամ, որ դա Իվան Կրամսկոյի «Անծանոթուհին» էր, որի վերատպությունը այն տարիներին շատ տներում կարելի էր տեսնել։
Միջանցքից ոտնաձայնները մոտեցան սենյակին, և այդ պահին Վահրամին ավելի գերադասելի թվաց փողոցում գտնվելու անհեռանկար վիճակը, քան այն, ինչ տեղի էր ունենալու հիմա։ Այնուամենայնիվ խմբեց իր մեջ մնացած ողջ համարձակությունն ու, հայացքը կտրելով «Անծանոթուհու» նկարից, նայեց սենյակի դռան կողմը, որի առաջ կանգնած էր համաչափ կազմվածքով, նուրբ և հմայիչ դիմագծերով մի երիտասարդ աղջիկ։ Աղջկա քիչ վեր ցցված քիթը, ակնոցների տակից իրեն զննող բաց երկնագույն աչքերը Վահրամին ստիպեցին ոտքի կանգնել, ինչին հետևեց նաև Վասիլի Պետրովիչը և, ձեռքը բարեկամաբար ուսին գցելով, իրենից գոհ ասաց․
— Անիչկա, մի տես թե ու՛մ եմ բերել։
— Ու՞մ, — չհասկանալով թե ինչ է կատարվում հարցրեց աղջիկը և մի քանի քայլ առաջ գալով կանգնեց նրանց դիմաց։
— Ինչպես թե ու՛մ, Ստեփանին իհարկե։
Աղջկա զարմացած ու զննող հայացքը միայն Վահրամը նկատեց ու թվաց, որ նա ինչ-որ բան գիտի, բայց չի ցանկանում խոսել։
— Մենք Ձեզ վաղուց էինք սպասում, իսկ մորաքույր Տատյանան բոլորից շատ, — իր զննող հայացքով նայելով Վահրամի աչքերին ասաց նա և, հոգոց հանելով, ավելացրեց, — հուսանք, որ շատ չեք ուշացել։
— Ներեցեք, որ այսպես ստացվեց, — ասաց Վահրամը՝ հուսալով, որ դա բավարար կլինի հետագա հարցերը կանխելու համար։
Սենյակի դռների մեջ երևաց Վասիլի Պետրովիչի կինը, և ամուսնուն ուղղված հայացքով հասկացրեց, որ խոհանոցում ամեն բան պատրաստ է։
Վասիլի Պետրովիչը, որ հասցրել էր արդեն նստել, իսկույն ոտքի կանգնեց և հարազատի իրավունքով թևանցուկ անելով Վահրամին ասաց․
— Ճանապարհից հոգնած ու քաղցած կլինես, գնանք ընթրելու։
Մինչ Վասիլի Պետրովիչն ու ծերունին խոհանոց կմտնեին, լվացվելու պատրվակով Վահրամը լոգասենյակ գնաց։ Ծլկելու միտքը գլխում հասունացավ անմիջապես՝ թույլ չտալով երկընտրանքի ոչ մի տարբերակ ետ պահել իրեն դրանից։ Ծորակից հոսող տաք ջրով լվացվելուց հետո ձեռքերը հայելու մեջ նայեց մազակալած դեմքին ու մի պահ չճանաչեց իրեն։ Թաց ձեռքերով ուղղեց ցից-ցից մազերն ու մտածեց, որ իրական Ստեփանը լրիվ այլ տեսք ունի, ինչը շատ շուտով ակնհայտ կդառնա, երբ վերջինս տեղ հասնի։
Միջանցքում ոչ ոքի չտեսնելով՝ մոտեցավ դռանը ու մինչ այն բաց կաներ հիշեց, որ առանց վերարկու և գլխարկ դուրս գալ չի կարող։ Խոհանոցից լսվում էր եռացող թեյնիկի սուլոցը, որին խառնված Վասիլի Պետրովիչի ձայնի մեջ անընդմեջ պտտվում էր իր «նոր» անունը։ Վերջապես կախիչի վրա գտնելով իր վերարկուն և գլխարկը՝ ձեռքն առավ և ժամանակ չկորցնելով հագնվելու վրա՝ որոշեց վայրկյան առաջ դուրս գալ տանից։
— Այդ ու՞ր, — թիկունքից լսեց Անյայի ձայնը։
— Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել իմ սանրը, — հանպատրաստից, բայց և շատ համոզիչ ասաց Վահրամն ու ձեռքը տարավ վերարկուի դատարկ ծոցագրպանը։
— Ոչինչ, ես իմը կտամ, — ասաց Անյան և, բաց անելով կախիչից կախված պայուսակը, Վահրամին մեկնեց փայտե սանրը։
— Շնորհակալ եմ, — մի կերպ կմկմաց Վահրամը և, վերարկուն ու գլխարկը նորից կախելով իրենց տեղում, մոտեցավ միջանցքի հայելուն։
Սանրվել սկսեց այնքան, մինչև նկատեց, թե ինչպես Անյան խոհանոց վերադարձավ։ Հերթական փախուստի համար հաջորդ փորձը սակայն ձախողման էր դատապարտված, քանի որ Վասիլին, անձամբ գալով իր ետևից, ուղեկցեց խոհանոց, որտեղ արդեն տարածվել էր ախորժաբեր ուտեստների բույրը։
Իր լայն թիկունքով Վասիլի Պետրովիչը գրավեց սեղանի կեսը՝ մյուս կեսը թողնելով Վահրամին ու միատամ ծերուկին, ով արդեն ոտքի վրա սկսել էր մի բան ծամել։ Երբ Լյուդան և Անյան դուրս եկան խոհանոցից՝ թողնելով տղամարդկանց մենակ, Վասիլի Պետրովիչը, մի զգուշավոր հայացք գցելով միջանցքի ուղղությամբ և առանց տեղից վեր կենալու, երկարեցրեց ձեռքը սպասքապահարանի ներքևի դարակին։ Օղու կիսատ մի շիշ դնելով սեղանին և առանց ժամանակ կորցնելու լցնելով բաժակները՝ ծերունուն ասաց․
— Իպոլիտ Մատվեյիչ, եթե չեմ սխալվում, Ստեփանին երեխա ժամանակ տեսել եք, չէ՞։
Մի զննող հայացք գցելով Վահրամի վրա՝ ծերուկը մի փոքր մտածելուց հետո բացասաբար շարժելով գլուխն ասաց․
— Ստեփանի երեխա ժամանակվա լուսանկարներն եմ տեսել, երբ ամեն անգամ Տատյանա Ալեքսանդրովնայի քույրն ուղարկում էր նրան։
— Ես ուզում եմ խմել Ստեփանի կենացը, որ այս օրհասական պահին կարողացավ թողնել հիվանդ մորն ու այստեղ գալ, — կնոջ հանկարծակի հայտնվելուց զգուշանալով՝ առաջին կենացն առաջարկեց Վասիլի Պետրովիչը։
Բաժակները չխկացին և միանգամից դատարկվեցին։ Վահրամը քաղցած մարդուն հատուկ ախորժակով ուտում էր իր ափսեի նրբաբլիթներն ու մտածում, թե այդ ի՞նչ օրհասական պահի մասին է խոսքը, որի մասին դեռ իրեն բան չեն ասել։ Իպոլիտ Մատվեյիչն իր անատամ ծնոտների մեջ էր առել սալյամիի մի կտոր և, համառորեն ծամելով, ոչ մի կերպ չէր կարողանում կուլ տալ։ Վասիլի Պետրովիչն ուտում էր նախանձելի ախորժակով և, անընդմեջ թարմացնելով Վահրամի ափսեն, պահանջում․ «Կե՛ր»։
— Ես ուզում եմ խմել Տատյանա Ալեքսանդրովնայի կենացը, — վերջապես կուլ տալով սալյամիի կտորը՝ ասաց Իպոլիտ Մատվեյիչը, և Վասիլի Պետրովիչը, մի զգուշավոր հայացք գցելով միջանցքի կողմը, լցրեց բաժակները։
Իր կենացի մեջ, որն ավելի շատ ճառ էր հիշեցնում, Իպոլիտ Մատվեյիչը խոսում էր Տատյանա Ալեքսանդրովնայի մասին անցյալ ժամանակով՝ ներկային վերադառնալով միայն այն ժամանակ, երբ հիշատակում էր Ստեփանի անունը։ Վասիլի Պետրովիչը, որ սովոր չէր նման երկար կենացների, հարմար մի պահ ընտրելով դատարկեց իր բաժակն ու աչքով արեց Ստեփանին իր օրինակին հետևելու։
Վահրամին մի պահ թվաց, որ այս պատմությունը շատ ավելի հեռու է գնում, քան կարող էր պատկերացնել ինքը։ Այս միամիտ մարդկանց հավատն իր նկատմամբ, որքան էլ հանգամանքների բերումով պատահականություն էր, գլորվող ձնագնդի նման մեծանալով՝ խառնվում էր իրողությանը՝ լցնելով այն կեղծիքով, որի սկզբնաղբյուրն ինքն էր։ Ի վերջո, այն Ստեփանը, ով Տատյանա Ալեքսանդրովնայի իրական ազգականն է, եթե ոչ հիմա, ապա վաղն այստեղ կլինի, և այդ ժամանակ բոլորն իրեն չեն նայի որպես հարազատի, ինչպես հիմա է, ու որքան էլ կփորձի տարատեսակ պատճառաբանություններով արդարացնել իր արարքը, դրան արդեն ոչ ոք չի հավատա։
— Հիմա՞ ես ուզում մորաքրոջդ տեսնել, թե՞ առավոտյան, — ձեռքը Վահրամի ուսին դնելով՝ հարցրեց Վասիլի Պետրովիչը։
— Ստեփանը հոգնած է, նախ թող մի լավ հանգստանա, — իր հեղինակավոր կարծիքը հայտնեց Իպոլիտ Մատվեյիչը՝ սալյամիի մի նոր կտոր գցելով բերանը։
Վասիլի Պետրովիչը նայեց պատի ժամացույցին ու, չնայած կեսգիշերն անց էր, բայցևայնպես իրենը պնդելով համառեց․
— Վաղն արդեն կարող է ուշ լինել։
— Վասենկա սիրելիս, ամեն բան Աստծո ձեռքերի մեջ է, — վերջին փորձն արեց Իպոլիտ Մատվեյիչը՝ նայելով դատարկ բաժակներին։
— Չէ Ստյոպանկա, — ոչ մի կերպ իր առաջարկից չցանկանալով հրաժարվել դարձյալ պնդեց Վասիլի Պետրովիչը, — եթե ուզում ես, մենք հենց հիմա կարող ենք գնալ։
— Շնորհակալ եմ, բայց իմ կարծիքով Իպոլիտ Մատվեյիչը ճիշտ է, լավ կլինի թողնենք վաղվան, — ասաց Վահրամը՝ հետևելով, թե ինչպես է Վասիլի Պետրովիչը քամում շշի տակ եղածը բաժակների մեջ այնպես, որ հավասար լինի։
Վահրամը, ձեռքն առնելով իրեն մեկնած բաժակը, ոտքի կանգնեց։
— Հարգելիներս, այս կարճ, բայց ինձ համար թանկ րոպեների ընթացքում ես աննկարագրելի ջերմություն ստացա ձեր հոգատար վերաբերմունքից։ Թույլ տվեք խմել ձեր կենացը, մորաքույր Տատյանայի և բոլոր նրանց, ովքեր սպասում էին ինձ։
Բաժակները դատարկվեցին։ Վահրամը նստեց։ Վասիլի Պետրովիչը, որ նման հուզիչ կենացի չէր սպասում, ափսոսեց, որ օղին վերջացավ, իսկ իր մտքում ծնված նոր կենացներն առանց դրա կորցրեցին իրենց համն ու հոտը։
Միջանցքի ձայներից պարզ դարձավ, որ հյուրասենյակում նստած երկու կանայք պատրաստվում էին հեռանալ։ Իպոլիտ Մատվեյիչը ցանկացավ ոտքի կանգնել՝ նրանց ճանապարհելու, բայց զգալով, որ ոտքերն իրեն չեն ենթարկվում, գերադասեց բարի գիշեր մաղթել նստած տեղից։
Հավաքելով ողջ ուժերը՝ Իպոլիտ Մատվեյիչը ևս մի փորձ արեց ոտքի կանգնելու, ինչն այս անգամ պսակվեց հաջողությամբ շնորհիվ ճոճվող սեղանի, որից կառչելով արեց առաջին քայլերը։
— Այդ ու՞ր, — հարցրեց Վասիլի Պետրովիչը, ով ընթրիքը երկարաձգելու ցանկություն ուներ։
— Ես իմ չափն անցա, — առանց կանգ առնելու պատասխանեց ծերուկը, — գնամ տուն, քանի դեռ Զինաիդան իմ ետևից վերև չի բարձրացել։
Վասիլի Պետրովիչը բացատրեց, որ Զինաիդան ծերուկի կինն է, և նրանք, ապրելով ցածի հարկում, այն հին հարևաններից են, որ երկար տարիների բարեկամությամբ կապված են մորաքույր Տատյանայի հետ։ Իպոլիտ Մատվեյիչը հրաժարվեց իրեն տուն ուղեկցելու Անյայի առաջարկից և երբ փակվեց տան դուռը, Լյուդայի հետ մտավ խոհանոց։
Լյուդան սկսեց սեղանը հավաքել, իսկ Անյան՝ ափսեները լվանալ։
— Ինչ էլ հասցրեցի՞ր, — նկատելով ամուսնու կարմրած քիթը դժգոհ տոնով ասաց Լյուդան։
— Ստյոպանկայի վերադարձի կապակցությամբ, փիսիկս, — արդարանալ սկսեց Վասիլի Պետրովիչը, — այն էլ մի հիսուն գրամ։
— Հիսուն գրա՞մ, հա՞, Իպոլիտ Մատվեյիչը ոտքի վրա հազիվ էր կանգնում։ Ո՛վ-ո՛վ, բայց դու հո լավ գիտես, որ նա ստամոքսի խոց ունի։
— Դե լավ, փիսիկս, չեղած բանից պատմություն մի սարքիր, անհարմար է, չէ՞, — հայացքով Վահրամին ցույց տալով՝ հաշտության առաջին փորձն արեց Վասիլի Պետրովիչը, — և հետո դու հո լավ գիտես, որ խմած ժամանակ ես քեզ ավելի շատ եմ սիրում։
— Դե ուրեմն այսօր կդիմանաս առանց այդ սիրո, — վճռական տոնով ասաց Լյուդան և, ավելի կոնկրետացնելով իր միտքը, ավելացրեց, — որպեսզի Վահրամը մենակ չմնա, մենք որոշեցինք, որ դու էլ կգիշերես այստեղ։
— Զգուշացնում եմ, Ստյոպանկա, ես ահավոր խռմփացնում եմ, — կես կատակ կես լուրջ ասաց Վասիլի Պետրովիչը։
— Քո անկողինը հյուրասենյակում կպատրաստեմ, իսկ Ստեփանը կքնի մորաքրոջ ննջարանում, — ամուսնուն օգնելով վեր կենալ՝ ասաց Լյուդան։
Երբ խոհանոցում Վահրամն Անյայի հետ մենակ մնաց, մոտենալով նրան՝ առաջարկեց իր օգնությունը լվացված սպասքեղենը չորացնելու գործում։ Անյան նրան մեկնեց ձեռքի սրբիչը և ժպիտով սկսեց հետևել, թե ինչպես է Վահրամը ափսեները չորացնելով տեղավորում պահարանի մեջ։
— Եվ այնուամենայնիվ, ո՞րն էր ձեր ուշանալու պատճառը, — նայելով Վահրամի աչքերի մեջ՝ հարցրեց Անյան։
— Կարելի՞ է մի բան խնդրել։ Եկեք առանց «Դուք»-ի լա՞վ։ — Մի քանի բաժակ օղուց համարձակություն ձեռք բերածի անկաշկանդությամբ առաջարկեց Վահրամը։
— Շատ լավ։
— Անբարենպաստ եղանակի պատճառով ուղիղ չվերթով չկարողացա գալ, այդ իսկ պատճառով ստիպված էի տեղ հասնել գնացքով, մասամբ էլ ավտոբուսով։ Հետո երկար ժամանակ չէի կարողանում գտնել տունը, լավ էր՝ հանդիպեցի Վասիլի Պետրովիչին, հակառակ դեպքում ստիպված էի հյուրանոց գնալ։
— Տարօրինակ է գիտե՞ս, — ցուցամատը քունքին դնելով ասաց Անյան, — այստեղ ես հասել Վորկուտայից ու առանց ճամպրուկի։
— Ո՞վ ասաց առանց ճամպրուկի, — իրեն չկորցնելով հակադարձեց Վահրամը, — իմ երկու ճամպրուկները ավտոկայանի պահասենյակում են դրված։
Վահրամի համար ի սկզբանե պարզ էր, որ Անյայի հետ հեշտ չի լինելու։ Նա թերևս միակ մարդն էր, ում ակնհայտ կերպով չէր ուրախացրել իր հայտնվելը։ Իսկ այն հարցերը, որ սկսել էր տալ հարցաքննություն հիշեցնող լրջությամբ, մտածել էին տալիս, որ նա կասկածելու հիմնավոր պատճառներ ունի։ Երբ Լյուդան խոհանոց վերադարձավ, տեսնելով Վահրամին լվացած ափսեները չորացնելիս՝ նախ զարմացավ, հետո կշտամբալից մի հայացք գցելով Անյայի վրա՝ իր ձեռքն առավ այդ գործը՝ խնդրելով նրան ցույց տալ Վահրամին մորաքրոջ ննջարանը։
Վահրամը դեռ չէր հասցրել անկողին մտնել, երբ լսեց փակվող դռան ձայնն ու սենյակից հնչող խռմփոցները։ Որոշեց համբերել մի քանի ժամ ու գաղտագողի հեռանալ՝ դրանով իսկ ավարտին հասցնելով անհեռանկար թվացող այս պատմությունը, որի շարունակությունը չգիտես ինչով կարող էր վերջանալ իրական Ստեփանի հայտնվելու դեպքում։
․ ․ ․
Քունն անմիջապես կլանեց Վահրամին իր մեջ, իսկ երազներն այնքան հեռու տարան, որ երբ բաց արեց աչքերը, արդեն առավոտ էր։ Լիարժեք քունը վերականգնել էր ուժերը, և թարմացնելով միտքը՝ առաջինն ինչ պահանջում էր իրենից, դա հեռանալն էր։
Դրսում դեռ չէր լուսացել, բայց փողոցի գովազդային վահանակի նեոնային լույսը բավական էր, որ ննջարանում գտնի շորերն ու հագնվելով անաղմուկ դուրս գա։ Բարեհաջող անցավ կիսամութ միջանցքով, և երբ կախիչից վերցնելով գլխարկն ու վերարկուն մոտեցավ դռանը, հանդիպեց մի նոր խոչընդոտի։ Դրսի կողմից փակված դուռը առանց փոխարինող բանալու բաց անել հնարավոր չէր։ Ժամանակ կորցնելով՝ սկսեց փնտրել բանալին՝ ստիպված լինելով դրա համար վառել միջանցքի լույսը։
Զուգարանից լսվեց ջրի ձայնը։ Վահրամն անջատեց միջանցքի լույսը՝ հույս ունենալով աննկատ մնալ։ Զուգարանի բացված դռնից լույսի մի շող ընկավ միջանցքի երկայնքով, ինչին արագ խառնվեց Վասիլի Պետրովիչի շարժվող ստվերը։ Պատին սեղմված, մթության մեջ չնկատեց հատակի գլանաձև ծաղկամանը, որը շրջելով աղմուկ բարձրացրեց՝ ստիպելով Վասիլի Պետրովիչին վառել միջանցքի լույսը։
— Չեղավ-չեղավ, — տեսնելով դռան մոտ կանգնած Վահրամին ասաց նա, — ու՞ր ես այդքան շտապում, լույսը բացվելուն պես ես քեզ անձամբ կտանեմ մորաքրոջդ մոտ։
— Գուցե հիմա՞, — խնդրալից դիմեց Վահրամը, — բացի այդ, ես ինքս էլ կարող եմ գնալ՝ առանց Ձեզ նեղություն պատճառելու։
— Ի՞նչ նեղություն, — ձգելով վարտիքը փորին՝ հորանջելով ասաց Վասիլի Պետրովիչը, — մենք հո օտար չե՞նք։ Դու ավելի լավ կանես լողանաս, սափրվես ու կարգի բերես քեզ, լոգարանում քեզ համար մաքուր սպիտակեղեն ու հագուստ կա, իսկ ես այդ ընթացքում մի փոքր էլ կքնեմ։
Վասիլի Պետրովիչը ստիպեց Վահրամին հանել վերարկուն և գլխարկը, և թևանցուկ արած հասցնելով լոգարանի դռանը՝ քամակը քորելով վերադարձավ սենյակ։ Վահրամն ուզեց պատմել նրան իր պատմությունը, քանի դեռ տանը երկուսով էին։ Ստեփանին մարմնավորելն արդեն սկսել էր դուր չգալ նրան՝ չհաշված այն մոտալուտ վտանգը, որ շուտով առերեսվելու էր Տատյանա Ալեքսանդրովնայի հետ։ Ով-ով, բայց նա իր քրոջ որդի Ստեփանին հո գիտեր դեմքով։ Մինչ Վահրամը մտածում էր որտեղից սկսել իր խոստովանությունը, Վասիլի Պետրովիչն անջատեց սենյակի լույսն ու անկողին մտավ։
Հայելու մեջ նայելով ցախի պես ցից-ցից մազերին, մազակալած դեմքին ու թափառականի տխուր արտաքինին՝ Վահրամը մի պահ չճանաչեց իրեն։ Երբ ցնցուղի տաք շիթերն իրենց ջերմությամբ թուլացրեցին լարված նյարդերը, իսկ մաքուր ածիլված դեմքը գոլորշապատ հայելուց դարձյալ ծանոթ թվաց, սանրելով մազերը երեկվանից իր մոտ մնացած Անյայի փայտե սանրով՝ իրեն նոր մարդ զգաց։ Նոր հագուստը, որ կախված էր լոգարանում հատուկ իր համար, ճիշտ իր չափով էր և բավականին մոդայիկ։ Ա՛յ հիմա կարելի է խոսել Վասիլի Պետրովիչի հետ, վճռական որոշումով դուրս գալով լոգարանից մտածեց Վահրամը, բայց մինչ սենյակ կգնար, նկատելով միջանցքի պատից կախված հեռախոսը, կանգ առավ։
Մոսկվա մեկնելուց առաջ Լևոնը թողել էր իր հեռախոսահամարը, որ երբ ցանկություն ունենա իր մոտ գալու, զանգահարի իրեն։ Լսափողը սեղմելով ուսի և ականջի տակ՝ ազատ ձեռքերով ծոցատետրի մեջ սկսեց փնտրել հեռախոսահամարը։ Պտտվող թվատախտակի սկավառակի ձայնին խառնվեցին սենյակից հնչող խռմփոցները։ Թև զանգը գնում էր պարզ ու մաքուր, բայց հակառակ կողմից ոչ ոք չէր պատրաստվում պատասխանել։ Լևոնը հիմա քնած կլինի, մտածեց Վահրամը՝ պահելով այնքան երկար, որքան հնարավոր կլիներ ընկերոջն արթնանալու և հեռախոսին մոտենալու համար։ Վերջապես լսափողը վերցրեցին։ Հնչեց Լևոնի քնաթաթախ ձայնը, որն այնքան ուրախացրեց Վահրամին, որ մի պահ թվաց՝ բոլոր խնդիրները դրանով լուծված են։
Համառոտ ներկայացրեց գլխին եկածը, պատմեց որտեղ է հայտնվել և ինչպիսի անելանելի վիճակում է հիմա։ Խնդրեց իր հաշվեհամարին գումար փոխանցել Երևան հասնելու համար՝ հատ առ հատ թելադրելով թվերը։ Լևոնը խոստացավ փոխանցել գումարն առանց ուշացնելու՝ մեկ անգամ ևս բաց չթողնելով հնարավորությունը հիշեցնելու, որ Մոսկվա տեղափոխվելու իր առաջարկն ուժի մեջ է դեռ։
Դրսի կողմից, դռան մեջ պտտվեց բանալին։ Վահրամը, լսափողը տեղը դնելով, մնաց միջանցքում կանգնած։ Լևոնից սպասվող օգնությունից ոգևորված՝ մի պահ մտածեց օգտվել բացվող դռան հնարավորությունից և որևէ պատրվակով դուրս գալ, բայց երբ ներս մտնելով Անյան փակեց դուռն ու բանալին գրպանը դրեց, որոշեց սպասել հաջորդ հնարավորությանը, որին Վասիլի Պետրովիչի խոստման համաձայն այնքան էլ երկար չէր սպասելու։
— Բարի լույս, — ընդառաջ գալով ասաց Անյան, — մի պահ չճանաչեցի։
— Բարև, — ժպտաց Վահրամը։
— Սազում է քեզ նոր հագուստը, ճիշտ քո չափով է։
— Եվ ու՞մ եմ պարտական սրա համար։
— Մորաքրոջդ, իհարկե։ Երբ հագուստի խանութում մի նոր բան էր տեսնում, շտապում էր գնել քեզ համար։ Ասում էր՝ կուղարկեմ Վորկուտա, կամ էլ Ստեփանը երբ ինձ մոտ գա, այստեղ կհագնի։
Վահրամն անհարմար զգաց՝ գերադասելով նորից վերադառնալ իր կեղտոտ հագուստին, բայց Անյան հնարավորություն չտվեց նրան երկար մտածելու՝ առաջարկելով խոհանոց մտնել։
— Մորաքույրդ ասում էր, որ կաթ շատ ես սիրում, — կարծես ստուգելու համար հարցրեց Անյան։
— Անշուշտ, կաթի համար խելքս իմը չի, — համոզիչ տոնով ստեց Վահրամը այն դեպքում, երբ կաթից ալերգիա ուներ։
— Ես հիմա կտաքացնեմ, — սառնարանից հանելով կաթի շիշը՝ ասաց Անյան և, մոտենալով գազօջախին, առանց ետ շրջվելու հարցրեց, — քաղցր ես խմում, թե՞․․․
Վահրամը մոտեցավ Անյային՝ որոշելով, որ հենց նրա հետ պետք է խոսի իր հետ պատահած անհաջողության և այս անհավատալի պատմության մեջ հայտնվելու մասին։ Ներողություն կխնդրի, կհագնի իր հին հագուստն ու կհեռանա՝ ազատելով իրեն իրական Ստեփանի և նրա մորաքրոջ հետ առերեսվելու անցանկալի պահերից։
— Քաղցր թե՞․․․ — զգալով իր թիկունքին շատ մոտ կանգնած Վահրամի ներկայությունը և առանց ետ շրջվելու՝ իր հարցը կրկնեց Անյան։
— Իսկ մորաքույրս այդ մասին ոչինչ չի՞ ասել, — բազմանշանակ պատասխանեց Վահրամը՝ սպասելով այն պահին, երբ Անյան կշրջվի դեմքով իրեն։
Լռությունը երկար ձգվեց։ Գրկելով թևերից՝ Վահրամը նրբորեն իր կողմ շրջեց նրան։ Անյան մի քայլ ետ գնաց, ինչից սակայն Վահրամի ձեռքերը չկտրվեցին նրանից։
Խոհանոցի դռան մեջտեղում երևաց Վասիլի Պետրովիչը, ում ներկայությունը ստիպեց Վահրամին բաց թողնել Անյայի ձեռքերն ու երկու քայլ ետ գնալ։ Վասիլի Պետրովիչը նրբանկատորեն չնկատելու տվեց տեսածը և, գրավելով ճաշասեղանի առջև երեկվա իր տեղը, դառնալով Անյային ասաց․
— Լույսը դեռ չբացված՝ Ստեփանը վեր էր կացել, թե գնում եմ մորաքրոջս տեսնելու։ Մի կերպ եմ համոզել, որ համբերի ու չգնա մենակ։
Սառնարանից հանելով երեկվա գիշերահացից մնացած ուտեստները՝ Անյան արագ սեղան պատրաստեց՝ չմոռանալով տաք կաթով լի բաժակը դնել այնտեղ, որտեղ նստելու էր Վահրամը։ Վահրամին անհնարին թվաց իր դիմաց դրված կաթը խմելը։ Առաջին անգամ երեկվանից Վահրամի և Ստեփանի միջև տարանջատում սկսվեց։ Տեսնես ի՞նչ է գտել Ստեփանը կաթի մեջ, որ դեռ մորաքույրն էլ հիշատակել է դրա մասին։ Սուրճ, կեֆիր կամ գոնե թեյ սիրեր այնպես, ինչպես հիմա վայելում էր Վասիլի Պետրովիչը՝ շաքարի փոխարեն մուրաբա խառնելով մեջը։
Հնչեց դռան զանգը։ Վահրամի սիրտը սկսեց արագ տրոփել։ Անյան գնաց բաց անելու, և օգտվելով նրա բացակայությունից՝ Վահրամը կաթը լցնելով լվացարանի մեջ՝ բաց արեց ջրի ծորակը։ Միջանցքից լսվեց Լյուդայի ձայնը, ու մինչ նա Անյայի հետ խոհանոց կգար, Վահրամը փակեց ջրի ծորակն ու, դատարկ բաժակը ձեռքին, վերադարձավ սեղանի մոտ։ Վասիլի Պետրովիչը, որ հասցրել էր այս առավոտ արդեն մի բան չտեսնելու տալ, այս մեկն էլ ավելացնելով դրան՝ Վահրամի ափսեի մեջ այնքան բան լցրեց, որ կաթով լի գավաթից հետո դրանք ուտելը մի նոր փորձություն թվաց։
Սեղանի շուրջ բոլորը խտացան՝ թարմ թխած անուշաբույր կարկանդակները ձեռքին ներս մտնող Լյուդային տեղ տալու համար։
— Ինչպե՞ս քնեցիր, — ողջույնից հետո Վահրամին դիմեց Լյուդան և, գլխի շարժումով ցույց տալով ամուսնուն, ավելացրեց, — խռմփոցներով քնահարամ չարե՞ց։
— Այնքան հոգնած էի, որ չեմ էլ զգացել՝ ինչպես քնեցի, և եթե չլիներ պատի ժամացույցի կկուն, մինչև հիմա անկողնում կլինեի, — իր դատարկ բաժակին զարմացած նայող Անյայից փախցնելով հայացքը՝ ասաց Վահրամը՝ հերթը տալով Վասիլի Պետրովիչին, ով ծամածը կուլ տալով պատրաստվում էր կնոջը բան պատմել։
— Լույսը դեռ չբացված, վեր էր կացել, թե գնում եմ մորաքրոջս մոտ։ Թե ինչպես եմ համոզել, որ մենակ չգնա, միայն ես գիտեմ։
— Ստեփանը շատ է կարոտել մորաքրոջը, — Վահրամի այդ քայլն արդարացրեց Լյուդան, ապա դառնալով ամուսնուն ասաց, — բայց դատելով քո ախորժակից, մենք ճաշից շուտ չենք հասնի Տատյանա Ալեքսանդրովնայի մոտ։
․ ․ ․
Վասիլի Պետրովիչի «Վոլգան» ոչ մի կերպ տեղից չէր շարժվում։ Լյուդան, որ նստել էր առջևում, սկսեց փնովել մեքենան, որից ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել։ Վասիլի Պետրովիչն անխոս դուրս եկավ մեքենայից և, մի քանի րոպե առանձնանալով բացված կապոտի ետևում, ետ վերադարձավ։ Հանդիսավոր կերպով մաքրելով ձեռքերը նստատեղի տակ պահվող սրբիչով՝ նա, գործի գցելով շարժիչը, աչքի տակով հաղթական նայեց կնոջը։
— Քառասունվեց տարվա մեքենա է, — հայելու միջից որսալով Վահրամի հայացքը հպարտորեն ասաց նա և, ավելի հարստացնելու համար ասվածը, ավելացրեց, — բանակից վերադառնալուս կապակցությամբ հայրս նվիրեց։
— Հետաքրքիր է, դու՞ ում ես նվիրելու, — մեքենան փնովելու հարմար առիթը բաց չթողնելով հարցրեց Լյուդան։
— Սվետկային էլ ու՞մ, — լուրջ-լուրջ ասաց Վասիլի Պետրովիչը և, որպեսզի Վահրամին հասկանալի լինի, թե խոսքն ում մասին է, պարզաբանեց, — Սվետան աղջիկս է, ապրում է Սոչիում։
Մեքենան շարժվեց տեղից։ Վասիլի Պետրովիչը միացրեց ռադիոընդունիչը։ Ձյունապատ փողոցներին նայելով՝ Վահրամը հիշում էր անցած մի քանի օրերը, երբ թափառում էր ցրտից ու քաղցից ուժասպառված՝ չիմանալով՝ ինչ է լինելու հետո։ Որքան կուզեր հիմա նորից հայտնվեր փողոցում, միայն թե ետևում թողներ այս պատմությունը, որի ակամա մասնակիցը դառնալով չգիտեր, թե ինչ է սպասվում իրեն Տատյանա Ալեքսանդրովնայի հետ առերեսման ընթացքում։
Մեքենան մոտեցավ քաղաքային հիվանդանոցի մուտքին, և մինչ Վասիլի Պետրովիչը թույլատրելի հատվածում կկայաներ այն, Վահրամը Անյայի և Լյուդայի հետ ընդունարանի վերելակով վերև բարձրացավ։
— Մեկ շաբաթ առաջ, երբ վիճակն անհուսալի էր արդեն, հիվանդանոց տեղափոխեցինք։ Չէր ուզում գալ՝ պնդելով, որ տանն իրեն ավելի լավ է զգում, — նախապատրաստելով Վահրամին մորաքրոջ հետ հանդիպմանը՝ ասաց Լյուդան։
— Իսկ ինչպե՞ս է վիճակը հիմա, — նոր միայն հասկանալով Տատյանա Ալեքսանդրովնայի՝ տանը չլինելու պատճառը՝ հարցրեց Վահրամը՝ պատկերացնելով, թե իր անծանոթ ներկայությունից ապշահարված կինը որքան ծանր կտանի դա։
— Գիտակցությունը գալիս գնում է, բժիշկները ինսուլտ են կանխատեսում, չհաշված առկա շաքարախտը, որի դեմ դեղերն արդեն անզոր են։
Դուրս գալով չորրորդ հարկի սպասասրահ և նայելով երկար միջանցքի թվացյալ անվերջությանը՝ Վահրամը հապաղեց ու կանգ առավ։ Կանգնեցին նաև Անյան և Լյուդան՝ ժամանակ տալով Վահրամին ուժերը հավաքելու համար։ Նրանց մոտեցավ բժիշկը և, Լյուդային մի կողմ տանելով, հայտնեց, որ Տատյանա Ալեքսանդրովնան երեկվանից կորցրել է գիտակցությունը, և մինչև այժմ որևէ դրական փոփոխություն չկա։
— Մի հուզվիր, — նկատելով Վահրամի լարվածությունը շշուկով ասաց Անյան, — ես կողքիդ կլինեմ։
Վահրամը զգաց իր դողացող ձեռքերը սեղմող Անյայի տաք ափերը, տեսավ հեռվից մոտեցող Վասիլի Պետրովիչին, ով, մոտենալով կնոջ հետ զրուցող բժշկին, կանգ առավ և, թևերն իրար խաչելով, տխուր կախեց գլուխը։
․ ․ ․
Տատյանա Ալեքսանդրովնան պառկած էր անշարժ։ Չգիտես ինչու, Վահրամը նրան լրիվ այլ կերպ էր պատկերացնում. մի տեսակ ջղային տեսքով մեկը, ով, տեսնելով իր քրոջ որդու տեղը խորամանկությամբ զբաղեցրած անծանոթին, աղմուկ էր բարձրացնելու։ Իրականում նա բավականին բարի տեսք ուներ։ Փոքրամարմին էր ու անգամ փակ աչքերով թվում էր՝ ժպտում է՝ դրանով հասկացնել տալով աշխարհին, որ որևէ մեկի հանդեպ չարություն չունի։ Նրա փղոսկրի պես ճերմակ դեմքը մարմարե սառը քանդակ էր հիշեցնում։ Երկար, ձյունաճերմակ մազերը ցրված էին բարձի վրա։ Բազմակնճիռ դեմքն ու վեր ցցված կզակը մեռելային շղարշի մեջ էին առել նրան՝ չթողնելով որևէ կասկած, որ հիվանդի օրերը հաշված են։
Տատյանա Ալեքսանդրովնայի առջև կանգնած Վահրամը չգիտեր ինչ անել. մոտենալ ու համբուրել «մորաքրոջ» ոսկրոտ ա՞յտը, թե՞ սպասել այնքան, մինչև իրենից որոշակի մի բան կպահանջեին։ Լյուդայի հուզմունքը անզսպելի հեկեկոցի էր վերածվել, ու որքան էլ Անյան Վասիլի Պետրովիչի հետ փորձում էին հանգստացնել նրան, ոչինչ չէր ստացվում։
Հիվանդասենյակ մտած բժշկուհին գլխի շարժումով ողջունելով ներսում գտնվողներին՝ անջատեց հիվանդի թևին միացրած կաթիլայինն ու էլի ինչ-որ կարգավորումներ տվեց պատին ամրացված լուսաթարթվող սարքավորումներին, որոնցից երկարող խողովակաձև լարերը, միացված լինելով Տատյանա Ալեքսանդրովնայի անշարժ մարմնին, արհեստականորեն ապահովում էին նրա կյանքը։
Տխուր լռության մեջ անցավ երեսուն րոպե, այդ ընթացքում Վասիլի Պետրովիչը հասցրեց բժշկին տեսնել ու ետ գալ։ Նրա լուրջ ու անխոս տեսքից կարելի էր ենթադրել, որ բժիշկը հուսադրող ոչինչ չի ասել։ Անյան փոխեց ծաղկամանի ծաղիկների ջուրը, սանրեց Տատյանա Ալեքսանդրովնայի՝ բարձով մեկ ցրված մազերը՝ նկատելով, թե ինչպես է Վահրամը հետևում իր ամեն մի շարժմանը։
Լյուդան, որ ամբողջ այս ընթացքում նստած էր հիվանդասենյակի ազատ մահճակալներից մեկի վրա, պատրաստվում էր մի նոր թափով արտասվել, ինչը կանխելու համար ամուսինը նրան դուրս հանեց։ Անյան երկար չմնաց հիվանդասենյակում և, զգուշացնելով Վահրամին, որ նրան մեքենայի մեջ կսպասեն, նույնպես դուրս եկավ՝ մտածված կերպով թողնելով Վահրամին «մորաքրոջ» հետ մենակ։
Վերջապես առանձին մնալով Տատյանա Ալեքսանդրովնայի հետ՝ Վահրամը խորապես գիտակցեց այն սխալը, որ երեկվանից թույլ էր տվել՝ ներկայացված մնալով որպես Ստեփան։ Նստելով հիվանդի դիմաց դրված աթոռին՝ նա ափերի մեջ առավ երեսը՝ փորձելով այդ կերպ թաքցնել արցունքները, որոնք առանց այն էլ ոչ ոք չէր տեսնում։
Բժշկական սարքերից ազդանշանային ձայներ էին գալիս, որոնց կարճ ու երկար հաճախականություններն ավելի էին լարում մթնոլորտը։ Կիսաբաց վարագույրից դուրս երևում էր ձյան հանդարտ տեղատարափը։ Վահրամն աթոռը ավելի մոտեցրեց մահճակալին և, բռնելով Տատյանա Ալեքսանդրովնայի սառած ձեռքերը, ներողություն խնդրեց։ Իսկ այն խոստովանությունը, որ ոչ մի կերպ չէր ստացվում անել մյուսներին, պատմեց նրան։
Ներքին թեթևություն զգաց մահվան շեմն անցնող կնոջն ամեն բան պատմելուց հետո։ Զգաց, թե ինչպես մեղքի զգացումն անջատվեց իրենից՝ թույլ տալով դարձյալ ապրել մաքուր խղճով այնպես, ինչպես եղել էր դրանից առաջ։
Երբ թվաց, որ ամեն բան արդեն արված է, դանդաղ վեր կացավ տեղից՝ մոտենալով դռանը։
— Ստեփա՜ն, տղա՜ս․․․ — ետևից լսեց իրեն ուղղված անծանոթ մի ձայն։
Դանդաղ ետ շրջվեց։ Աչքերը բացած՝ իրեն էր նայում Տատյանա Ալեքսանդրովնան, ով ձեռքերն առաջ պարզած իր մոտ էր կանչում։
․ ․ ․
Երբ Վահրամի ուշանալուց անհանգստացած Անյան ետ վերադարձավ, այն, ինչ տեսավ հիվանդասենյակում, որքան զարմանալի, նույնքան էլ հուզիչ թվաց։ Տատյանա Ալեքսանդրովնան, նստելով անկողնում, հենվել էր բարձին՝ թույլ տալով Վահրամին էլ նստել իր կողքը։ Ամուր գրկելով Վահրամի ձեռքերը, շոյելով մատներն՝ ինչ-որ բան էր պատմում, որը կիսատ մնաց՝ տեսնելով Անյային։
— Անիչկա՜, — բացելով թևերը զիլ կանչեց նա և, ամուր սեղմելուց հետո իրեն, իմիջիայլոց ասաց, — զարմացած տեսք ունես, հո բան չի՞ պատահել։
— Ինչպես եք ձեզ զգում, մորաքույր Տատյանա, — հնարավորինս հանգիստ հարցրեց Անյան։
— Հրաշալի, ինձ ի՞նչ է եղել որ, — ու նորից գրկելով Վահրամին ասաց, — Անիչկա, իսկ դու ծանո՞թ ես Ստեփանի հետ, ես քեզ պատմել եմ նրա մասին, եթե հիշում ես։
— Իհարկե հիշում եմ, մենք Ստեփանի հետ արդեն հասցրել ենք ծանոթանալ։
— Անիչկա, ես ուզում եմ տուն գնալ, — շոյելով Վահրամի մազերը՝ այնպիսի խնդրալից ասաց նա, կարծես իր տուն գնալ-չգնալը կախված էր Անյայից։
— Երբ բժիշկը թույլ տա, անպայման կգնանք, — համոզիչ տոնով ասաց Անյան։
— Այժմ, երբ Ստեփանը վերադարձել է, ամեն ինչ լավ կլինի, ա՞յ կտեսնես։
Չկարողանալով զսպել երջանկության արցունքները՝ Անյան դուրս եկավ միջանցք բժշկին կանչելու, և մինչ Անյան բժշկին կգտներ, հիվանդասենյակ մտան Վասիլի Պետրովիչն ու Լյուդան։ Տեսածներին կարծես չհավատալով՝ նրանք ավելի մոտեցան մահճակալին։
— Վասենկա, Լյուդոչկա, դու՞ք էլ եք այստեղ։ Եկեք, սիրելիներս, ծանոթացեք Ստեփանի հետ։ Ես ասում էի, չէ՞, որ նա մի օր գալու է, իսկ դու՛ք չէիք հավատում։
․ ․ ․
Տատյանա Ալեքսանդրովնայի անսպասելի վերակենդանացումը բժիշկը ոչ այլ ինչ, քան հրաշք համարեց՝ խոստովանելով, որ բուժանձնակազմից և ոչ ոք հույս չուներ, որ նա բաց կանի աչքերը։ Եվ, հաշվի առնելով նման դրական դինամիկան, կարծիք հայտնեց, որ ընդհանուր բուժստուգման արդյունքներից հետո հնարավոր կլինի տուն տանել։
Տունդարձի ամբողջ ճանապարհին մեքենայում բարձր տրամադրություն էր տիրում։ Վասիլի Պետրովիչը Տատյանա Ալեքսանդրովնայի վերակենդանացումը կապում էր Վահրամի ներկայության հետ, նրա հետ համամիտ էին նաև Լյուդան և Անյան։
Նոր տարվան մնացել էր մեկ օր, և Վասիլի Պետրովիչը մտադիր էր վաղն առավոտյան ամեն գնով Տատյանա Ալեքսանդրովնային տուն բերել։ Նոր տարին ամեն մարդ պետք է տանը նշի, մի քանի անգամ կրկնեց նա և Անյային խնդրեց զբաղվել Տատյանա Ալեքսանդրովնայի վերադարձի նախապատրաստությամբ՝ «պաշտոնապես» Ստեփանին նշանակելով նրան օգնական։
Ձյունը թև դադարել էր, բայց ամենուր այնքան շատ էր, որ թվում էր՝ երբեք չի հալվելու։ Վասիլի Պետրովիչը հիշեց, որ ավտոտնակում դահուկներ ունի, և խոստացավ Վահրամին մոտ օրերս տանել դահուկ քշելու, իսկ երբ շենք մտան ու բարձրացան վերև, սանդղահարթակում Վահրամին մի կողմ տանելով՝ ասաց․
— Գիշերային հերթապահություն ունեմ այսօր, բայց առավոտյան իննին տանը կլինեմ, և միասին կմեկնենք մորաքրոջդ ետևից։
— Շնորհակալ եմ, Վասիլի Պետրովիչ, — անկեղծորեն ասաց Վահրամը՝ զարմանալով այդ մարդու լավատեսության և օտարի նկատմամբ ունեցած սրտացավության վրա։
Լյուդան արդեն իրենց տուն էր մտել, որն ուղիղ Տատյանա Ալեքսանդրովնայի դիմացի բնակարանն էր։ Վասիլի Պետրովիչը մի քանի առաջարկ արեց Տատյանա Ալեքսանդրովնայի Նոր տարին գեղեցիկ և հիշարժան նշելու համար։ Անյան և Վահրամը ժպտալով գլխով էին անում, ինչն էլ ավելի էր ոգևորում նրան։
Երբ Վասիլի Պետրովիչը, տուն մտնելով, իր ետևից ծածկեց դուռը, սանդղահարթակում Վահրամն ու Անյան մնացին մենակ։ Ամբողջ օրվա ընթացքում այդ առանձնությանը սպասել էին երկուսն էլ, բայց երբ վրա հասավ պահը, զգացին տխուր մի ներկայություն, որը ոչ մի կերպ հեռացնել չէր լինում։
— Ես մի հարկ ներքև եմ ապրում, — չհասկանալով ինչու, ասաց Անյան։
— Մենք պետք է խոսենք, Անյա, — ավելի հարմար առիթ չտեսնելով ասաց Վահրամը։
— Գուցե նախ նե՞րս մտնենք, — բաց անելով Տատյանա Ալեքսանդրովնայի բնակարանի դուռը ասաց Անյան։
Վահրամն օգնեց նրան հանել վերարկուն և արդեն որերորդ անգամ մոտիկից զգաց նրա բույրը։
— Ի՞նչ կխմես, — մտնելով խոհանոց հարցրեց Անյան։
— Միայն թե ո՛չ կաթ, — նստելով արդեն իր տեղը համարվող սեղանի անկյունում ասաց Վահրամը։
Անյան ծիծաղեց և, մի փոքր անհարմար զգալով իր առավոտյան արարքի համար, ներողություն խնդրեց։
Վահրամը հետևում էր, թե ինչպես է Անյան սուրճ պատրաստում։ Նրա ամեն մի շարժումն այնքան ջերմություն ուներ իր մեջ, որ, տխրելով մոտալուտ բաժանման անխուսափելիությունից, սկսեց կարոտել նրան իր իսկ ներկայության մեջ։ Երբ Անյան սուրճի լցված գավաթները սեղանին դնելով նստեց, Վահրամն ասաց․
— Նույնիսկ չգիտեմ ինչից սկսել։ Թերևս դու այն միակ մարդն ես, որ այս ընթացքում չանվանեցիր ինձ Ստեփան, և դա ինձ որքան ուրախացնում, այնքան էլ վախեցնում է։ Իրականում իմ անունը Վահրամ է, և ես ոչ մի կապ չունեմ Տատյանա Ալեքսանդրովնայի քրոջ որդու՝ Ստեփանի հետ։ Իմ այստեղ հայտնվելը լրիվ պատահականություն էր, որն, իհարկե, չի արդարացնում իմ արարքը։ Ես պատրաստվում էի Հայաստան մեկնել, երբ գնացքում գողացան ամբողջ գումարս, մինչ ոստիկանատանը զեկուցագիր էին կազմում կատարվածի մասին, ուշացա Երևան մեկնող ինքնաթիռից՝ հայտնվելով փողոցում։ Իսկ երբ օտար քաղաքում, դատարկ գրպաններով մի քանի օր թափառելը հասցրեց ինձ հուսահատության, մի փոքր տաքանալու հույսով հարկադրված եղա «Ստեփան» խաղալ։
Վահրամը կում արեց սուրճից և ցանկացավ ծխել։ Անյան նրան մեկնեց մոխրամանն ու սիգարետը։ Մի քանի անգամ ծուխը ներս քաշելուց հետո դարձյալ մի ումպ արեց սուրճից և շարունակեց․
— Ներելի՞ է արդյոք իմ արարքը, թե ո՛չ, բայց ուզում եմ քեզ հավատացնել, որ որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել։
— Գիտեմ, — մի սիգարետ էլ տուփից իր համար հանելով ասաց Անյան։
Վառելով կրակայրիչը՝ Վահրամը մոտեցրեց նրան։ Դեղին լույսի տակ Անյան ավելի գեղեցիկ թվաց։
— Ուղղակի մինչև հիմա դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞ Տատյանա Ալեքսանդրովնան ինձ ընդունեց քրոջ որդու փոխարեն, երբ ես․․․
— Իրականում ոչ մի Ստեփան էլ գոյություն չունի, — իր պատմությունը սկսեց Անյան, — դա Տատյանա մորաքույրի երևակայության արդյունքն է, որով նա ապրում է արդեն քսանհինգ տարի։ Ես գլխի ընկա, որ դու ինքնակոչի մեկն ես և օգտվելով Վասիլի Պետրովիչի անկեղծությունից՝ տուն էիր սողոսկել ուրիշի անվան տակ։ Բայց հետո հասկացա, որ դու շատ հեռու ես գող լինելուց, և այս պատմության մեջ ես ընկել քեզանից անկախ։
— Էլի ինչ-որ բան չեմ հասկանում։ Եթե իրականում ոչ մի Ստեփան էլ չկա, այդ դեպքում մյուսներն ինչու՞ էին սպասում նրա գալուն։
— Երկար պատմություն է, — սուրճի բաժակը պտտելով ձեռքերի մեջ ասաց Անյան։
— Իսկ ես չեմ շտապում։
— Տատյանա Ալեքսանդրովնան հարազատներ չունի։ Որքան հիշում եմ ինձ, նա միշտ պատմում էր Լիդա անունով քրոջ և նրա որդու՝ Ստեփանի մասին։ Նրանցից ստացված նամակները ցույց էր տալիս հարևաններին, ամառներն էլ մի քանի շաբաթով մեկնում էր նրանց մոտ Վորկուտա։ Մեկ տարի առաջ, երբ նրա առողջությունը վատթարացավ, և ես սկսեցի օգնել նրան կենցաղային հարցերում, պահարանի դարակից գտա այն բոլոր նամակները, որոնք իբր նրանցից էին ուղարկված։ Իրականում դրանք իր ձեռագրով գրված էջեր էին, որոնք ծրարելով փոստարկղն էր գցել և տարիներ շարունակ ստանալով՝ հավատացրել ինքն իրեն ու մեզ, որ դրանք նրանցից է ստանում։ Երբ երկու շաբաթ առաջ նրան հիվանդանոց տարանք, քանի դեռ գիտակցությունը չէր կորցրել, անընդմեջ Ստեփանի անունն էր տալիս, ինչն էլ դարձավ պատճառ, որ Վասիլի Պետրովիչը ծրարների վրա կրկնվող Վորկուտայի հասցեով հեռագիր ուղարկի՝ խնդրելով Ստեփանին շտապ գալ մորաքրոջը տեսնելու։ Ես համոզված էի, որ հեռագիրը նույն օրը ետ կգա, քանի որ ծրարների վրա նշված հասցեն իրականում գոյություն չուներ։ Բայց հեռագիրը ոչ միայն ետ չեկավ, այլև հայտնվեցիր դու։
Անյայի պատմությունից ազդված՝ Վահրամը ոտքի կանգնեց, հետո մի սիգարետ ևս վառելով՝ մոտեցավ պատուհանին։ Բակում մի քանի երեխաներ ձնեմարդ էին պատրաստում։ Քիչ հեռվում սիրահար մի զույգ վազում էր ձյան միջով։ Ձյունն այնքան խորն էր, որ աղջիկը ետ էր մնում՝ ստիպելով տղային ամեն անգամ ետ գալ իր ետևից։
— Ի՞նչ ես որոշել, — Վահրամին մոտենալով հարցրեց Անյան։
— Գիտե՛մ՝ ինձ կմեղադրես, բայց ես ցանկանում եմ վերջակետ դնել այս պատմությանը։ Ուզում եմ տուն վերադառնալ։
— Դու ազատ ես քո ընտրության մեջ։
Վահրամն ուզեց ինչ-որ բան ասել, բայց լռեց։ Լարվող տխրությունից արագ ազատվելու համար գնաց ննջարան՝ իր շորերի ետևից։ Զարմանքով նկատեց, որ դրանք լվացված և արդուկված՝ փռած էին աթոռին։ Ամեն մի շարժումը դժվարությամբ էր տրվում, կարծես թե ներսից ինչ-որ մեկն ընդդիմանում էր նրան։ Անգամ իր իսկ հագուստի մեջ մտնելով՝ չկարողացավ ազատվել այն երկատվածությունից, որն այսքան կարճ ժամանակում հասցրել էր արմատ գցել ներսը։
Վերարկուն հագնելով՝ Վահրամը ձգտեց արագ փողոց դուրս գալ, բայց մինչ կբացեր դուռը, նորից վերադարձավ խոհանոց։ Անյան առանց շարժվելու կանգնած էր նույն տեղում և նայելով պատուհանից դուրս, անորոշ մի ուղղությամբ, չէր ցանկանում տեսնել Վահրամի հեռանալը։
— Մեկնելուցդ առաջ գոնե կասե՞ս անունդ, — հայացքը դրսից չկտրելով հարցրեց Անյան։
— Վահրա՛մ։
— Կկարոտենք մենք քեզ, Վահրա՛մ, — շշնջաց Անյան, երբ Վահրամն, իր ետևից փակելով տան դուռը, հեռացավ՝ վերադարձնելով տանն այն տխուր լռությունը, որ երեկվանից, թվում էր, նահանջելու է արդեն։
Թևերը կրծքին խաչելով՝ Անյան ավելի մոտեցավ պատուհանին։ Երևաց, թե ինչպես Վահրամը դուրս եկավ շքամուտքից։ Մայթեզրին կանգնելով՝ կոճկեց վերարկուն՝ բարձրացնելով օձիքն այնպես, որ ականջները տակը մնան։ Ուզեց ետ շրջվել՝ նայելու համար վերև, համոզված լինելով, որ Անյան այնտեղից իրեն է նայում։ Ձնեմարդ պատրաստող երեխաները խնդրեցին Վահրամին օգնել իրենց մաշված դույլը ձնեմարդու գլխին դնելու գործում։ Անյան ավելի մոտեցավ պատուհանին՝ հետևելու համար Վահրամի ամեն շարժմանը՝ լավ գիտակցելով, որ դա վերջն է։
Միջանցքից զիլ հնչեց հեռախոսը։ Անյան շտապեց պատասխանել՝ մտածելով, որ հիվանդանոցից կարող է լինել։ Լյուդան էր, ով ուրախությամբ հայտնեց, որ հենց նոր է խոսել բժշկի հետ, ով թույլատրել է վաղն առավոտյան Տատյանա Ալեքսանդրովնային տուն բերել։
․ ․ ․
Առաջին բանն ինչ արեց Վահրամը գլխավոր պողոտա դուրս գալուց հետո, բանկ մտնելն էր։ Գանձապահին ներկայացնելով անձնագիրն ու բանկային հաշվեհամարը՝ սպասեց պատասխանի։ Ամեն բան այնքան արագ ստացվեց, որ մի պահ կասկածեց իրականությանը։ Գանձապահը հաշվելով գումարը՝ ստացական կտրոնի հետ միասին հանձնեց նրան և, սիրալիր շնորհավորելով գալիք Նոր տարին, անցավ հաջորդ հաճախորդին սպասարկելուն։
Լևոնն ուղարկել էր ավելին, քան խնդրել էր նրանից Վահրամը, ու չնայած երկար սպասված գումարն արդեն ձեռքին էր, բայց դրանից չունեցավ այն ցանկալի ուրախությունը, որն ակնկալում էր։ Կիսատ մնացած մի բան կաշկանդում էր վերագտած ազատությանն ու երկար սպասված տունդարձին։ Չէր պատկերացնում, որ այդքան շուտ կկարոտի բոլորին, որ կսկսի մտածել յուրաքանչյուրի մասին՝ պատկերացնելով նրանց ցավն ու հիասթափությունը, երբ իմանան ողջ ճշմարտությունը։
Ինքն իր ներսում ձևավորված երկրորդ կեսի հետ կռիվ տալով՝ հասավ ավիատոմսարկղ։ Երևան մեկնող մեկ տոմս խնդրեց ու մինչ գրպաններում անձնագիրն էր փնտրում, վերարկուի ծոցագրպանից դուրս հանեց Անյայի փայտե սանրը։
․ ․ ․
Դռան զանգերը չէին դադարում։
Ցանկություն չունենալով ոչ մի բանի՝ Անյան ծուլորեն կտրվեց աթոռից և անշտապ մոտենալով դռանը՝ առանց դիտանցքից նայելու բացեց այն։ Դռան ամբողջ լայնությամբ կանաչ եղևնի էր երևում միայն։ Տեսնելու համար, թե ով է ետևում կանգնած, Անյան ստիպված եղավ դուրս գալ բնակարանից։
Եղևնու ետևում Վահրամն էր, ով, երկու ձեռքով ամուր գրկած եղևնին ներս տանելուց առաջ ժպտալով ասաց․
— Վասիլի Պետրովիչը եղևնու մասին բան չէր ասել, բայց ինձ թվում է, որ այն մորաքրոջս դուր կգա։
Մարտ 2025 (Աբովյան)