Ինչպես ժամանակին նկատել է գրականագետ Ժենյա Քալանթարյանը, ժամանակակից արձակը հընթացս ավելի ու ավելի բազմազան բնույթ է ստանում։ «Ժամանակակից հայ արձակի վրա ընդհանուր, հպանցիկ հայացք նետողը կարող է տեսնել խայտաբղետ մի խճանկար, որտեղ դասական վեպի կողքին հարմար տեղավորվում է փորձարարական վեպը, նախկին սյուժետավոր պատմվածքի հարևանությամբ՝ համակարգչային նյութի վրա հիմնված նորագույն պատմվածքը, ռեալիզմի կողքին՝ աբսուրդը, ռացիոնալիզմի հետ սերտաճած իռացիոնալիզմը, իրական ու նյութական աշխարհի հետ և հաճախ նրա փոխարեն՝ միֆական իրականությունը, պատմական հերոսների կողքին՝ երեկն ու վաղը մոռացած հերոսը, որն ապրում է միայն այսօրվա և այս պահի թելադրանքով[1]»։
Ժամանակակից թվային դարաշրջանում, երբ սոցիալական ցանցերն աղավաղում են ընթերցողական ընկալման ավանդական ռիթմը, առաջ են գալիս ժանրային նոր լուծումներով ստեղծագործություններ, որոնք փորձում են գրավել ժամանակակից ընթերցողի ուշադրությունը և բավարարել նրա գրական «կարիքները»: Ուսումնասիրելով ժամանակակից արձակի /և ոչ միայն/ զարգացման միտումները՝ նկատում ենք, որ դրան բնորոշ է դարձել «միկրո պատումի» (flash fiction) ոճական ռազմավարությունը: Հենց այս ոճն է որդեգրել նաև Արմենուհի Սիսյանը: Նրա «Մեղեդին չի ավարտվում» պատմվածքների ժողովածուն հիմնականում համակարգչային նյութի վրա հիմնված պատմվածքների շարք է, որտեղ կարելի է տեսնել իրական ու վիրտուալ կյանքի միջև հայտնված անհատի զգացմունքների, մտքերի ու վարքային դրսևորումների ընդհանուր պատկերը՝ ներկայացված հիմնականում մեկ ընդհանրական հերոսի՝ հենց հեղինակի դիտանկյունից։ Ժողովածուում ինքնատիպ դրսևորումներ են սոցցանցային հրապարակման սեղմությունը, լակոնիկությունը և ակնթարթային ազդեցության ձգտումը: Հեղինակը կարծես հաշվի է առնում տեղեկատվական հոսքերով ծանրաբեռնված ընթերցողի հոգեբանությունը՝ առաջարկելով արագ ընթերցվող, բայց հոգեբանական կենսական շերտեր պարունակող պատմվածքներ:
Այս ժողովածուն, ըստ երևույթին, հեղինակի պատմվածքների նախորդ երկու ժողովածուների՝ «Հե՜յ, Նոյ» և «Դարձ դեպի երկինք» գործերի բովանդակային շարունակությունն է՝ թեմատիկ ու կառուցվածքային առնչակից ընդգրկումներով։ Եթե ընդհանրացնելու լինենք հեղինակի արձակի թեմատիկ ընդգրկումները, ապա կունենանք հետևյալ պատկերը․ մարդու ներաշխարհի վերլուծություն՝ ինքնաբացահայտումների, ներքին հակասությունների, ինքնության որոնումների միջոցով, կնոջ անունից կնոջ խնդիրների և հոգեբանության ներկայացում՝ տարատեսակ մարտահրավերներ հաղթահարելու, ըմբոստության, չհամակերպվելու, կյանքը վերաիմաստավորելու միջոցով, աշխարհի ներքին ու արտաքին դրվածքի ցուցադրում՝ մարդ-մարդ, մարդ-աշխարհ բարդ ու բազմաշերտ հարաբերությունների համատեքստում։
«Մեղեդին չի ավարտվում» ժողովածուում տեղ գտած գործերում հեղինակն անդրադարձել է բարոյական տարբեր խնդիրների՝ առանցքում ունենալով դրանց հոգեբանական, սոցիալական ու մարդաբանական հիմքերը։ Անդրադարձները սեղմ են, լակոնիկ, սոցցանցային հրապարակումների բնույթ կրող, ասես կառուցված են ընթերցողին չձանձրացնելու բացահայտ միտումով՝ հաշվի առնելով սոցցանցային այն հսկայածավալ նյութը, որի հետ ամեն օր առնչվում է ժամանակակից մարդը, և որը գեղարվեստական գրականություն ընթերցելու և յուրացնելու համար նոր խոչընդոտ է դարձել ժամանակակից աշխարհում։
Ինչպես ինքը՝ հեղինակն է նշել, պատմվածքները գրվել են մինչև 2020 թվականի պատերազմը, երբ հանրությունը քիչ թե շատ «անհոգ» կյանքով էր ապրում։ Գրեթե բոլոր պատմվածքներում իշխում է նուրբ հումորի, երբեմն երգիծանքի կայուն գիծը, որի միջոցով հեղինակն արտահայտում է իր վերաբերմունքը նկարագրվող իրողությունների նկատմամբ։ Պատմվածքներն ունեն որոշակի վավերագրական հիմք։
Հեղինակն իր ստեղծագործությունները ընդհանրական ժանրային հետևյալ բնորոշմամբ է ներկայացրել․ չհորինված պատմություններ, նովելներ, էտյուդներ՝ խուսափելով հստակ դասակարգումից։ Ստորև փորձենք դասակարգել դրանք՝ անելով կառուցվածքային և բովանդակային ընդհանրացումներ։
Որոշ ստեղծագործություններ նովելներ են՝ գրված նովելի ժանրային դասական կանոններով։ Այդպիսին է «Սև սուրճ» ստեղծագործությունը։ Այս կարճ գործի ընթացքում ընթերցողը տեսնում է, թե հերոսուհին ինչպիսի ապրումներ, ներքին բախումներ է ունենում, երբ սրճարանում ակամա լսում է երկու երիտասարդի երկխոսություն՝ կարծելով, թե նրանք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են, մինչդեռ ստեղծագործության ավարտին պարզ է դառնում, որ նրանք բժիշկներ են, որոնք մտել են սրճարան ընդմիջման։ Նովելային ավարտ ունի նաև «Սրտիկ» ստեղծագործությունը, որտեղ հերոսն իր սրտնեղությունն է հայտնում հարևանի մայրական վարքագծի առիթով՝ կարեկցանք ու գորովանք զգալով նրա երեխայի նկատմամբ երեխային չէր տեսել, սակայն խղճում էր՝ դատելով մայր ու զավակ «շփումների» բովանդակությունից, որին ակամա ունկնդիր էր եղել։ Երբ դեմ առ դեմ հանդիպում է մորն ու փոքրիկ երեխային, որին ի սկզբանե ցանկանում էր որևէ ջերմ խոսքով գոտեպնդել, կարկամում է․
«-Մամ ջա՛ն, արի պաչեմ, նոր գնա, հա՞․․․
Երեխան էր՝ սիրով լեփ-լեցուն, մե՜ծ-մե՜ծ սրտիկով[2]․․․»։
Այսպես է ավարտում ստեղծագործությունը՝ զարմացնելով ու հուզելով նաև ընթերցողին։
Նովելային ավարտ ունի «Ինչպես նախորդ անգամ» վերնագրով ստեղծագործությունը, որը նաև ստեղծագործության վերջին նախադասությունն է։ Պատումը կառուցված է բակում հավաքված խաղասեր տղամարդկանց նախ անտարբեր, հետո անչափ հետաքրքրված հայացքների ներքո տուն վերադարձող Աննայի նկատմամբ նրանց վերաբերմունքի աստիճանական փոփոխության հիման վրա։ Բակի բնակիչների կողմից անտեսված Աննան գրավում է բոլորի ուշադրությունը, երբ մի օր տուն է վերադառնում ծաղիկների փնջով։ Օր օրի բոլորի ուշադրությունն ու հետաքրքրությունը մեծանում են՝ ծաղկեփնջի և Աննայի ինքնավստահության մեծանալուն զուգընթաց։ Հեղինակը վարպետորեն է նկարագրում մի կողմից տղամարդկանց ու տիկնանց աճող հետաքրքրությունը, մյուս կողմից Աննայի ինքնազգացողության և կեցվածքի փոփոխությունը, որը կապված էր ծաղիկների հետ, որոնք, ինչպես ստեղծագործության ավարտին հնչող «Ինչպես նախորդ անգամ» արտահայտությունից հասկանալի է դառնում, գնում է հենց Աննան։ Հեղինակի նրբատես գրչի ներքո ընթերցողի առաջ բացվում են անուշադրության մատնված, սիրո և ուշադրության կարիք ունեցող կնոջ հոգեբանության նուրբ շերտերը, որոնք հաճախ թաքցված են լինում արտաքին աչքից։
Որոշ ստեղծագործություններ ունեն էտյուդային կառուցվածք ու բովանդակություն, սակայն ավարտը դարձյալ նովելային է։ Հեղինակը դիմել է ժանրային համադրությունների։
Նախ անդրադառնանք էտյուդի ժանրային բնորոշմանը։ Էտյուդը երաժշտության և գեղանկարչության մեջ օգտագործվող տերմին է, իսկ անալոգիայով օգտագործվում է նաև գրականության բնագավառում։ Գրականության մեջ էտյուդային ձևաչափը ենթադրում է մտքի հստակություն, պատկերավորության սեղմություն և հոգեբանական որևէ դրվագի կամ տպավորության ակնթարթային ֆիքսում[3]։ Ա․ Սիսյանի էտյուդներում («Կինը», «Ճաշը», «Թարմ դիմակներ») կանացի ներաշխարհի անտեսանելի շերտերը բացահայտվում են հենց այդ սեղմ ու ակնթարթային պատկերման միջոցով։ Հեղինակը, դնելով որոշակի հոգեբանական կամ ոճական խնդիր, կարողանում է փոքրածավալ պատումի սահմաններում ստեղծել ընդհանրական ու խորքային բովանդակային դաշտ:
Հաջողված էտյուդ է «Մեղեդին չի ավարտվում» գործը, որի ողջ ընթացքը երաժշտական նոտաներով կառուցված սիրո խոստովանություն է, քնքշանքի ու խանդի, սիրված լինելու փափագի ու երբեմնի սիրառատ օրերի հիշողության, բաժանման մեծ ցավի և ափսոսանքի արտահայտություն։ Բանաստեղծականությամբ հարուստ այս գործն ավարտվում է նովելային ավարտին բնորոշ հետևյալ նախադասությամբ․
«Հիշի՛ր, որ մեղեդին անվերջ է, ու մենք միասին ենք ստեղծել այն, մենք մեղեդին ապրել ենք միասին՝ դու և քո դաշնամուրը[4]․․․»
Այս նախադասությունից պարզ է դառնում, որ իր սրտի տիրուհու մասին ամենաքնքուշ ու զգացմունքային տողերի հեղինակը նրա երաժշտական գործիքն է՝ դաշնամուրը։
Էտյուդային բնույթ ունեն «Կինը», «Գնացի, տեսա, քաղեցի», «Ճաշը», «Թքա՛ծ», «Թարմ դիմակներ» ստեղծագործությունները, որոնցում կին հեղինակը կնոջը բնորոշ նրբանկատությամբ ու խորատեսությամբ ընթերցողին է ներկայացնում կնոջ հոգու թաքուն անկյուններում պահված մտքերը, հույզերն ու ապրումները, ճանաչելի է դարձնում հոգեբանական անտեսանելի այնպիսի շերտեր, որոնց մասին թերևս որևէ մեկը բարձրաձայն չի խոսում։
Չհորինված պատմություններ շարքին են դասվում մի շարք ստեղծագործություններ, որոնք միանգամայն իրապատում բնույթ և վավերագրական հիմք ունեն։ «Մուրացիկը» պատմվածքի հերոս մուրացիկը մրցակցության մեջ է մեկի հետ, որի պատճառով փորձում է հնարավորինս շուտ հայտնվել աղբամանի մոտ։ Հեղինակի պատկերավոր նկարագրությամբ ընթերցողի առաջ հառնում է ուտելիքի համար ստորագույն պայքարի մեջ մտած բանական մարդու՝ Homo sapiens-ի կերպարը, որը, ինչպես պատմության վերջում պարզ է դառնում, աղբամանի ուտելիքի համար պայքարում է շան հետ․․․
«Մուրացիկը նայեց կողքին դրված քարին, որ պատրաստել էր շան համար, մի պահ հապաղեց։ Ապա կիսեց հացի կտորն ու մեկնեց շանը[5]․․․»
Հեղինակը հարցը լուծում է հօգուտ բանականության, մարդկայնության հաղթանակի՝ ազդու վերջաբանով ցույց տալով, որ մարդն այնուամենայնիվ պահում է իր մարդկային բնույթը՝ չնայած իր թշվառ ու անճար դրությանը։
Չհորինված պատմությունների շարքը համալրող մյուս ստեղծագործությունները տարբեր թեմաների են անդրադառնում, որոնք հիմնականում առնչվում են սոցցանցային միջավայրին, հասարակության հետհեղափոխական տրամադրություններին, քովիդյան քրոնիկոնին։ Այս գործերում իշխում է հեղինակի հումորային, երբեմն էլ երգիծական վերաբերմունքը ժամանակակից մարդու վարքային դրսևորումների նկատմամբ, որոնք հիմնականում բխում են չիմացությունից, քննադատական մտածողության, գիտելիքի ու կրթության պակասից։ Գործից գործ հանդիպում ենք մեր կողքին ապրող այնպիսի մարդկանց, ինչպիսիք են աղանդավորները, սոցցանցային անկոչ հյուրերը, որոնք աշխատանքային կասկածելի առաջարկ են ոչ թե անում, այլ պարտադրում, իսկ մերժում ստանալու դեպքում վիրավորում, ի տես հանրության՝ կնոջը բռնության ենթարկող տղամարդը, շուկայի վաճառողները, որոնք առանց երկմտելու վստահ դատողություններ են անում՝ դատելով դիմացինի արտաքինից։ Ընթերցողի ծիծաղը կարող է շարժել «Ի նպաստ ժողովրդի» պատմվածքի հերոսուհին, որը վարչապետի արտահայտած մտքից միայն մի արտահայտություն էր ընկալել՝ բոլորին հայտնելով, թե ժողովրդին նպաստ են բաժանելու։ Արդյունքում շատերը հավաքվում են քաղաքապետարանի մուտքի մոտ և սպասում «չնախատեսված» նպաստին։
«Ոչ մի բուդուբլինչիկ» ստեղծագործությունը ևս հետհեղափոխական միջավայրի, հասարակական տրամադրությունների արտահայտություն ու պատմություն է, որն ուղեկցվում է սուր հումորով։ Սխալված չենք լինի, եթե խնդրո առարկա ժողովածուն բնորոշենք որպես հայ սոցցանցային հարթակը վավերագրելու փորձ, որը ներառում է գրեթե մեկ տասնամյակի ժամանակագրություն:
Վավերագրության համատեքստում անխուսափելի է միջտեքստայնության կիրառությունը։ Հեղինակը միջտեքստայնությանը դիմում է տարբեր նպատակներով ու ձևերով։ Երբեմն նա դա անում է իրականության աբսուրդային իրավիճակը ներկայացնելու համար։ Օրինակ՝ մեջբերում է քովիդյան ժամանակահատվածի ամենատարածված կարգախոսը՝ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր», ապա վերափոխում է կարգախոսը՝ դրան հակադարձելով «Փրկի՛ր դիմակ, կրի՛ր կյանքեր» ձևակերպմամբ։ Ներկայացվում է դիմակների ձևական ու հակահիգիենիկ կրելու տարածվածությունը, որի արդյունքում խաթարվում է դիմակ կրելու նպատակը, այն է՝ վարակից խուսափելը։
Մեկ այլ դեպքում հեղինակը խոսում է կնոջ անմեկնելի բնույթի մասին՝ հիշելով մարդկությանը հայտնի բոլոր խնձորները /աստվածաշնչյան, հեքիաթային, դիցաբանական, արդի-տեխնոլոգիական/: «Եկա, տեսա, հաղթեցի» արտահայտությունը փոխակերպելով «Եկա, տեսա, քաղեցի» ձևակերպմամբ՝ հեղինակն ասելիքը կապում է նախ աստվածաշնչյան նախատեքստին, ապա մյուս հայտնի տեքստերին։ «Ես դեռ նրա հախից գալու եմ։ Չեմ նայելու՝ հեքիաթի անմահականն է, երկնքից ընկնող երեք խնձորներից է, Հեղինեի ձեռքի կռիվ գցողն է, Նյուտոնի գլխին ընկածն է, Սթիվ Ջոբսինն է, թե իմ պատմվածքներինն է․․․ Այդ նրա պատճառով չէ՞ր, որ մարդն արտաքսվեց Երկիր[6]»։
Աստվածաշնչյան նախատեքստը (արգելված պտուղը) և հարցադրումը /«Այդ նրա պատճառով չէ՞ր, որ մարդն արտաքսվեց Երկիր»/ ընթերցողին տանում են դեպի Եդեմական պարտեզ, որտեղ կինը գիտակցության արթնացման, գայթակղության և մարդկային պատմության սկզբնապատճառն է: Հեքիաթային մոտիվը (երկնքից ընկնող երեք խնձորը) երևակայական աշխարհի, իսկ հունական դիցաբանության մեջ հիշատակված Հեղինեի խնձորը կանացի գեղեցկության ու կրքերի պատճառով մարդկային ճակատագրերի բախման խորհրդանիշն է։ Գիտության՝ Նյուտոնի գլխին ընկած խնձորը խորհրդանշում է ռացիոնալ միտքն ու ճանաչողությունը, իսկ տեխնոլոգիայի՝ Սթիվ Ջոբսի «Apple»-ը՝ ժամանակակից թվային, տեխնոլոգիական և սպառողական քաղաքակրթությունը։ Այս բոլոր «խնձորներին» արված հղումների համադրությամբ հեղինակը ցույց է տալիս, որ մարդկության պատմության բոլոր վայրիվերումները՝ առասպելից մինչև գիտություն և տեխնոլոգիա, անտեսանելիորեն կապված են կնոջ էության և հանելուկի հետ։
Տարբեր հայտնի ինտերտեքստերի ներհյուսմամբ հեղինակը ներթափանցում է կանացի էության թաքնագրված շերտեր ու փորձում ինչ-որ չափով հասկանալի կամ մեկնաբանելի դարձնել կնոջ հանելուկային բնույթի մասին առեղծվածը։
Այսպիսով՝ Արմենուհի Սիսյանի «Մեղեդին չի ավարտվում» ժողովածուում ընդգրկված գործերը պարզ ու արդի բովանդակությամբ բանաստեղծական արձակի հետաքրքիր նմուշներ են՝ մարդկային սովորական պատմություններ, որոնք ցույց են տալիս թվային տեխնոլոգիաների զարգացման շրջանում ապրող ժամանակակից մարդու բնավորության և հոգեբանության՝ առաջին հայացքից աննկատ, բայց մարդկային հարաբերություններում որոշիչ դեր ունեցող գծեր, որոնք ընթերցողին կօգնեն «գլուխ հանել» մարդկային էությունից և չմոլորվել մարդ-աշխարհ շփումների լաբիրինթոսում։ Ժանրային համադրությունները, բովանդակային խաղարկումներն ու միջտեքստային շերտերը համապարփակ ձևով ներկայացնում են սոցցանցային իրականության մեջ ապրող մարդու ժամանակն ու միջավայրը։
[1] Քալանթարյան Ժ․, «Ժամանակակից հայ արձակի վիճակն ու հիմնախնդիրները», Գրական թերթ, 18․ 05․ 2014,
[2] Սիսյան Ա․, «Մեղեդին չի ավարտվում», Երևան։ «Գրական հայրենիք», 2024, էջ 96։
[3] Валентина Дынник, Литературная энциклопедия: Словарь литературных терминов: В 2-х т. / Под редакцией Н. Бродского, А. Лаврецкого, Э. Лунина, В. Львова-Рогачевского, М. Розанова, В. Чешихина-Ветринского. — М.; Л.: Изд-во Л. Д. Френкель,1925,
[4] Սիսյան Ա․, «Մեղեդին չի ավարտվում», Երևան։ «Գրական հայրենիք», 2024, էջ 37։
[5] Նույն տեղում, էջ 10։
[6] Նույն տեղում, էջ 38։