Գրականագիտություն

Զուգակից մենություններ

Զեկույցն ընթերցվել է Հրանտ Մաթևոսյանի 90 ամյակին, Բրյուսովի անվան պետական համալսարանի ու Ֆրանսիայի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի (INALCO) համատեղ նախաձեռնությամբ Փարիզում կազմակերպված «Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը. խոսք, խոհ և պատկեր» միջազգային գիտաժողովի ընթացքում։

• 15 րոպե

Զուգակից մենություններ

(Համակարգը և սոցիալական տարանջատման խնդիրը Մաթևոսյանի «Տերը» վիպակում)

Ուրախ եմ Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի այս հեղինակավոր հարկի տակ ներկայացնելու Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը վերաբերող իմ ուսումնասիրությունը։

Թվում է՝ հեշտ ու բնական է խոսել գրականության մասին, մի երևույթի, որը Հրանտ Մաթևոսյանն իր էսսեներից մեկում նկարագրում է իբրև «կաթված սպիտակ թղթի առջև»[1], հայեցում, որը այնքան անձնական լինելով, հնարավորություն է ստանում հասցեագրված ու անվանապես բոլորինը լինելու։ Եթե չլիներ այս գիտական հանդիպումը, ես կդժվարանայի համարձակություն հավաքել և գրել նրա ստեղծագործություններից որևէ մեկի մասին, ընդ որում, գրել առանց հապճեպության՝ հաղթահարելով գիտության կտրական պահանջները։

Հրանտ Իգնատևիչ Մաթևոսյան՝ այսպես էին անվանում նրան խորհրդային գրական շրջանակները, ու թեև նա իր սերնդակիցների մեջ այն եզակիներից էր, որը չդադարեց ստեղծագործել մայրենի լեզվով, այնուհանդերձ, Ֆազիլ Իսկանդերի, Չինգիզ Այթմատովի, Նոդար Դումբաձեի, Վասիլի Շուկշինի, Անդրեյ Բիտովի, Յուրի Տրիֆոնովի, Վալենտին Ռասպուտինի և մյուսների կողքին դարձավ խորհրդային գրականության ամենահեղինակավոր դեմքերից։ Այս գրական սերնդի ներկայացուցիչները, որոնց գործերը բնորոշում են 1960-70-ականների մշակութային վերելքը՝ իրականում ժառանգորդական կապ ունեին (թեև ոչ ընդգծված) ստալինյան դարաշրջանը ներկայացնող «պրոլետարական» կամ «կոմունիստական» կոչված գրականության հետ, ուստի այդ շրջանի համեմատ նրանց վերագրվող նորարարական մոտեցումներին և գաղափարական ազատությանը վերաբերող հարցերը քննելիս ավելորդ չէ պատմական որոշ մանրամասներ վերհիշելը։

Ինչպես հայտնի է՝ ստալինյան շրջանի արվեստը շատ ընդհանուր բնորոշմամբ կոչվում էր սոցռեալիստական[2] և գրականությունը նույնպես ընդգրկված էր այդ գաղափարական շրջանակում։ Սոցռեալիստական կանոնի հաստատումը նշանակում էր քսանականների գեղարվեստական բազմակարծության ջախջախում, ինչը ենթադրում էր, որ գրողները պետք է ունենային նույն քաղաքական հայացքները և միևնույն ստեղծագործական սկզբունքները։ Նոր մեթոդի կիրարկումը անհրաժեշտ էր Կոմկուսին, ամենից առաջ` իր քաղաքականությունն առավել հիմնավորված և փաստարկված քարոզելու, ինչպես նաև հեղափոխությունից հետո կազմավորված տարբեր գրական միությունների կազմում հանդես եկող գրողների գործունեությունը համակարգելու համար[3]:

Այսպես խորհրդային գրականության տեսաբան Կատերինա Քլարքը իր հետազոտություններում անդրադառնալով սոցռեալիստական վեպի կազմավորմանը, առանցքային է համարում «գլխավոր ֆաբուլայի» (master plot) հաստատումը, որը գրողին տրամադրում էր սյուժետային գիծը, կերպարները, ինչպես նաև դրանց հարաբերությունները կառուցելու բանաձևը։ Այս ֆաբուլան պաշտոնական հավանության արժանացած մի խումբ վեպերից քաղված մոդելների համադրություն էր, որը մի կողմից սնվում էր քաղաքականությունից ու գաղափարաբանությունից, մյուս կողմից՝ գրական ավանդույթից[4]։ Այստեղ ուշագրավ է հատկապես «ավանդույթի» դերը, որը ընդհանրական հասկացություն էր սոցռեալիստական արվեստի համար ու չնայած այն հանգամանքին, որ միության ամեն ժողովուրդ ուներ ազգային գրականության իր ավանդույթը, այնուհանդերձ զգալի էր ռուս դասական գրականության գերիշխող դիրքը։

Նկարագրելու համար խորհրդային արձակի 1940-60-ականներն ընդգրկող տասնամյակները՝ պետք է փաստել, որ այդ շրջանում հազարավոր օրինակներով տպագրվող ծանրումեծ վեպերն այլևս չունեին ո՛չ 20-ականների ազատախոհությունը, ո՛չ էլ ռուս դասական գրականության հայտանտեսական ոգին[5]։ Դրանք չէին համապատասխանում արձակի, ավելի ստույգ՝ վեպի արևմտյան ընկալմանը, որովհետև գրականության երկակի, հարաբերական բնույթը հակասում էր կոշտ ամբողջատիրության գաղափարին։ Այդ շրջանում ստեղծված վեպերն այլևս ոչ մի բացահայտում չէին անում կյանքի մասին, ինչպես գրում է Միլան Կունդերան, այլ, միմյանց կրկնելով, հաստատում էին այն, ինչը անհրաժեշտ էր համակարգի ամրապնդման համար, և հենց դա էր նրանց հասարակական օգտակարությունը[6]։

Բոլորովին վերջերս Մաթևոսյանի՝ պետերբուրգյան «Ռոստոկ» հրատարակչության լույս ընծայած թարգմանական ժողովածուներից մեկի առաջաբանում ռուս գրականագետ Եվգենի Վոդոլազկինը իրավացիորեն նկատում է․ «Խորհրդային գրականությունը, սկզբնավորման փուլից մեծապես ազդված լինելով ռուս գրականության պանթեոնից, մշակել էր գաղափարական այն մեկնակետը, որ միության բոլոր ժողովուրդներին մի Պուշկին է անհրաժեշտ, մի հեղափոխական, որն անցյալում փորձել էր լուսավորել հարազատ ժողովրդին, սակայն նրա գործը կիսատ էր մնացել, և եթե այդ ժողովուրդներն անգամ չունեին Պուշկին, մեծ մեղք չէր որևէ մեկին նշանակելը այդ «պաշտոնին»[7]։ «Ժողովուրդների բարեկամության» տեսանկյունից սա իսկապես անհրաժեշտ պայման էր կոմունիզմի թեզերը առաջ մղելու համար, հետևաբար նույնքան անհրաժեշտ էին նաև ավանդույթը շարունակող գրողները[8]։

Իրավիճակը որոշակիորեն փոփոխվեց արդեն 60–ականների կեսերին, երբ գրականության ասպարեզ իջավ հետպատերազմյան սերունդը։ Իրականում Ստալինի մահից հետո «խրուշչովյան ձնհալը» նույնպես դժվար է համարել արմատական փոփոխությունների շրջան, վերաձևումներ, որոնք ավելի մակերեսային էին, քան այդ մասին ընդունված է խոսել պատմաբանների միջավայրում։ Ձնհալի և լճացման տարիներին շարունակում էին գործել ստալինիզմի ժամանակ առաջացած խոսույթներն ու հաստատությունները, որոնք, չնայած առաջընթացին, չհանգեցրին մշակութային քաղաքականության շոշափելի փոփոխությունների․ դեռ ավելին՝ 60–ականների վերջին վերստին կուսակցական վերահսկողություն հաստատվեց մշակույթի նկատմամբ, իսկ 70–ականներին մշակութային քաղաքականության մեջ տեղի ունեցան հետադիմական վերափոխումներ։ Այսպիսով, եթե հետպատերազմյան արևմտյան գրականությունն աչքի էր ընկնում նոր հոսանքների առաջացմամբ, նոր աշխարհայացքով գրողների և փիլիսոփաների հայտնությամբ, որոնք արդեն հաղթահարել էին պատմական մոդեռնիզմը և խոսում էին հետարդիության ժամանակաշրջանի մասին, ապա «երկաթե վարագույրից» անդին՝ թվում է ժամանակը կանգ էր առել, և գրականությունը շարունակաբար լցվում էր կյանքն ազատագրել փորձող տեքստերով։

Գրողի, գրականության և հասարակության երկխոսությունը հատկապես խորհրդային կայսրության անկման փուլում գրականագետներն ու մշակույթի տեսաբանները հաճախ (սակայն ոչ միանշանակորեն) բնութագրում են որպես սոցիալիստական ռեալիզմի քայքայման և հաղթահարման ժամանակաշրջան[9]։ Սրանով հանդերձ, սակայն, այդ ընթացքում գրված ստեղծագործություններն ամենևին վերակառուցվող իրապաշտության դրսևորումներ չէին, այլ բոլորովին նոր գրական երկեր, որոնք ստեղծվում էին հակառակ քաղաքական ճնշումների, գրաքննության և կուսակցական մամլիչի[10]։ Նորությունն այն էր, որ այդ երկերի առանցքում հայտնվել էին միջին մարդիկ՝ գրական կերպարներ, որոնք, արծարծելով հոգեբանական, փիլիսոփայական հարցադրումներ, ունեին տիպականացման բարձր աստիճան, կեցության յուրօրինակ աշխարհ և, որ կարևոր է, նրանք հասարակության համար անընդունելի էին ու տարբերվող։ Այս գրական կերպարները, չնայած առօրեական բնույթին և պարզությանը, այնուամենայնիվ ակնարկում էին մի աշխարհի գոյության մասին, որն ավելի շատ ուտոպիստական[11] էր և կառուցված էր մարդու շուրջը։ Այն ոչ թե դրախտային միջավայր էր, այլ երևակայական տարածք, որտեղ մարդը և բնությունը, պայմանավորելով միմյանց գոյությունը, հավասարազոր ուժեր էին։ Այդ աշխարհն ինչ–որ առումով միֆականացրած էր, տարածաժամանակային առումով՝ բեկված և լցված անտանելի թվացող ողբերգական պատումներով։ Իմիջիայլոց, այս տեսանկյունից գրականագետները երբեմն Մաթևոսյանին համեմատել են Ֆոլքների հետ[12], զուգահեռներ տեսնելով նրանց ստեղծած աշխարհների և կերպարների միջև, սակայն ինչպես նկատում է Վոդոլազկինը․ «Համեմատությունն այս դեպքում ոչ միանշանակ մեթոդ է, և դրան պետք է մոտենալ զգուշությամբ, քանի որ խորքային տարբերության նշանը հաճախ լինում է հենց արտաքին նմանությունը։ Ֆոլքների հետ համեմատում էին նաև Աբխազիան նկարագրող Ֆազիլ Իսկանդերին»[13]։ Թե՛ Ֆազիլ Իսկանդերի, թե՛ Չինգիզ Այթմատովի, թե՛ Նոդար Դումբաձեի և թե՛ Մաթևոսյանի ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է մենության խնդիրը՝ հոգեկան, ֆիզիկական, բարոյական մենություն, որը նրանց գրական կերպարներին հաղորդում է կարծրություն և կորով։

Հրանտ Մաթևոսյանի գործերը կարծես լիովին համապատասխանում են վերը նկարագրվածին, բայց և այնպես, նրա գրականությունը  տարբերվում է յուրօրինակ ոճով, լեզվական արտահայտչամիջոցների հարստությամբ[14], կերպարների դինամիկ խառնվածքով, ինքնահեգնանքով, կենսական երկխոսություններով, խռովարար մտքերը տողատակերում արտահայտելու հմտությամբ և դիպաշարի կառուցման բացառիկ վարպետությամբ։ Ինչպես ասացինք՝ խորհրդային գրականության լայն համապատկերը, առհասարակ, կորցնում և կլանում էր մարդուն իր ահռելի գաղափարական հորձանուտի մեջ՝ դիտակետում պահելով հիմնականում  հերոսականության, լավագույն օրինակի, ինքնազոհության և հանուրին անձնականը ստորադասելու պատրաստ անհատի կերպարը։ Իսկ այդպիսի անհատը իշխող գաղափարախոսության տեսանկյունից չէր կարող հանգամանքների բերումով դատապարտված լինել մենության․ կոմունան հանուրի կեցության պայմանն էր, մի պարտադրված վիճակ, որի սահմաններում ստեղծված արվեստը Միլան Կունդերայի դիպուկ բնորոշմամբ կոչվում էր «կիչ» (Kitsch) և Արևմուտքի տեսանկյունից նկարագրում էր Խորհրդային Միության զանգվածային մշակույթը[15]։

Երկու աշխարհամարտերի միջև ծնունդ առած արևմտյան գրական սերունդը, որն ընդունված է անվանել «կորուսյալ սերունդ», իր բարոյական խնդիրներով արձագանք գտավ նաև խորհրդային իրականության մեջ, թեպետ երբեք չստացավ որևէ պաշտոնական ձևակերպում։ Երկրորդ աշխարհամարտի կործանարար ազդեցությունը, իհարկե, անկհայտ էր խորհրդային մարդու հոգեբանության վրա, և վերականգնման գործընթացն անհամեմատ երկար էր տևելու, քանի որ պատերազմի սարսափներին փոխարինելու եկան աքսորի և Գուլագի սարսափները։ Խորհրդային մարդու բարոյական և հոգեբանական պրոբլեմներն այսպիսով մնացին չձևակերպված, ավելի ճիշտ՝ լուսանցք մղվեցին, քանի որ սովետական Գլավլիտը նրանց հռչակել էր հաղթողների սերունդ և հաղթանակի ժառանգներ։ Այսինքն՝  խորհրդային իրականության մեջ ապրում էր, այսպես կոչված, կորուսյալ սերունդը, որի մասին, սակայն, հնարավոր էր խոսել միայն այլաբանորեն, և գրականության համար  իրավամբ փնտրված հերոսները նրանք էին, ովքեր փորձում էին կառուցել իրենց կյանքը անվերջանալի թվացող աղետներից հետո։ Նրանք սկսեցին ընկղմվել առօրեականության մեջ և ձևավորել իրենց միջավայրը, որտեղ հարաբերականորեն մենակ էին, և միևնույն ժամանակ նրանց կյանքը լցված էր շատերի ներկայությամբ։ Այդ հերոսները մարդիկ էին, որոնք չգիտեին՝ ինչպես ապրել հետպատերազմյան ժամանակներում, և համակարգը կոտրում էր նրանց ինքնությունը։ Հրանտ Մաթևոսյանը, այս կերպարներին անդրադառնալով, գրում է․ «Ես իմ ժամանակի վավերագրողն եմ, իմ հերոսների կենսագիրը: Դա ոչ այնքան է այդպես, բայց այդպես եմ ասում, որպեսզի բոլոր հայացքներն ուղղեմ կոնկրետ մարդուն, հարգանքի կոչեմ առ մարդկային յուրաքանչյուր միավորը: Բոլորն, այո, իրական մարդիկ են, իրական կենսագրություններ: Երբեմն ուզում եմ վերացարկել, հավելել, պակասեցնել, հետո տեսնում եմ, որ կյանքը նրանցից ավելի մեծ կերպար է ստեղծել, քան ես կստեղծեի, և միշտ բախվում եմ այն փաստին, որ նրանք իմ ստեղծածից ավելի լիարյուն, հարուստ ու դիմացկուն են»[16]:

Ահա այս խնդիրներին է անդրադառնում Մաթևոսյանը նաև իր «Տերը» վիպակում, որտեղ նրբորեն մեկնաբանում է մենության ողբերգությունն ու համակարգի այլասերված բնույթը։ Անկասկած դժվար է Մաթևոսյանի գրականությունը վերլուծող այնքան հայտնի, այնքան ասված, այնքան ծանոթ մտքերի կողքին չերկյուղել ու մոտենալ այս ստեղծագործությանը, որի կերպարներն ամենևին գրողական հնարքների առաջ անպաշտպան մնացած զոհեր չեն։

Սյուժեն կազմված է առանձին պատումներից, որտեղ զարմանալիորեն զուգորդվել են ռոմանտիզմին բնորոշ խելագրության հասնող սիրո դրվագները, վավերագրական վեպին բնորոշ փաստականությունը, դատողական ոգին և ժամանակի բարքերի քննադատությունը։ Անտառը՝ որպես վիպական տարածք, ներկայանում է պատմության անբաժանելի մաս, ինչի շուրջն էլ ծավալվում են դեպքերը, ու զարգանում են կերպարների ներքին հարաբերությունները։ Անընդհատ հատվող և ոչնչացող անտառը պահպանում է գլխավոր հերոսի գոյության իրավունքը՝ նրան դարձնելով հավաքական ինքնության մարմնավորում։ Ռոստոմ Սարգսյանն ինքն իր մասին խոսում է երրորդ դեմքով, թվում է՝ նրա թիկունքում նշմարվում են անձինք և ճակատագրեր, որոնք պետք է հայտնի լինեին ընթերցողին, սակայն այստեղ բացակայում և հիշատակվում են որպես ընդհանուր էպոպեայի անբաժանելի մաս[17]։ Այս հարցին անդրադառնալով՝ գրողը նկատում է․ «Ռոստոմը, նրա քույր Շուշանը, Թևանները, Օհանը, Աղունը, Սիմոնը, ձիերը, շները, կովերը՝ իմ բոլոր հերոսները իմ ապագա բոլոր գործերի մշտական բնակիչներն են: Նրանք բոլորը միասին ժողովուրդն են, եթե բեմ պատկերացնենք՝ ետնախորք, խոռ, բեմառաջը տրված է հիմա երկու-երեք հոգու, իսկ ժողովուրդը երգում կամ ողբում է և կամ ուղղակի նայում, մի խոսքով՝ անընդհատ կա»[18]։

Առհասարակ, Մաթևոսյանի գրականությանը բնորոշ է շղթայականությունը, որտեղ նույն կերպարները հանդիպում են տարբեր ստեղծագործություններում՝ կապ ստեղծելով նախորդ և հաջորդ սյուժեների միջև։ Բայց այստեղ առանցքայինն այն է, որ ոչնչով աչքի չընկնող սովորական պաշտոնյան, որն ընդամենը անտառապահ է, ներկայանում է իբրև տիրական մի հեծյալ, որը պաշտպանում է իր հայրենական կալվածքը (անտառը) օտար նվաճողներից իբրև «Կնյազ Արգուտինսկի»[19]։ «Սրա– նրա դռանը մի բաժակ արաղի վրա վիզ ծռողից անտառապահի պատկերը մենք բարձրացրել, հասցրել ենք մեր ձիավոր բարձրությանը»[20], ասում է Ռոստոմը ազգականներից մեկի հետ զրուցելիս։ Մաթևոսյանն այս պարզ կերպարին հաղորդում է զարմանալի և հակասական բնույթ, որը բոլորովին տոգորված չէ հանուրի նկատմամբ սիրով․ «Էս ամբողջ գյուղը քեզ թշնամի է։ Մեկս մյուսի ապրելը չի ուզում, բայց քոնը՝ հատուկ, խազեին, քոնը՝ հատկապես»[21], պատասխանում է ազգականը։ Ռոստոմի վայրի և կոպիտ խառնվածքը երբեմն մեղմանում է երկխոսություններում, որտեղ ի հայտ են գալիս անհատի հոգեբանական նուրբ գծերը և անձնական ողբերգությունը, ինչպես, օրինակ, վիպակի այս հատվածներում․«Քո հասակին էինք՝ ամուսնացրին․․․ հավաքվեցին մի գիշերվա մեջ, էս տան պատերը կապեցին ու մեզ ներս քշեցին։ Իրար երեսի ամաչում էինք նայել, ամեքս թախտի մի ծայրին կուչ էինք եկել ու լաց էինք լինում, չգիտեինք ինչու էինք լաց լինում, բայց զգում էինք որ երկուսս էլ որբ ենք»[22] կամ «Աստված չուզեց, որ մեր սեփական երեխան ունենանք, բայց սիրուց չզրկեց, առատ-առատ լցրել է մեր ներսը, ու մենք էլ ամեն շունուգելի վրա անտեղի ծախսում ենք»[23]։

Ի դեպ, նույնքան տպավորիչ է 1983–ին վեպի հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի «Տերը» ֆիլմը, որը ստեղծագործության բարձրարժեք իրացումներից կարելի է համարել։ Հետաքրքրականն այն է, որ Մաթևոսյանը քննադատաբար էր վերաբերվում իր սցենարների հիման վրա նկարահանված ֆիլմերին։ Նրա «Տերը» վիպակը համանուն ժողովածուի ստեղծագործություններից է և հարցազրույցներից մեկում անդրադառնալով այդ կինոպատումների շարքին՝ գրում է․ ««Տերը» ժողովածուն տպագրելու մտադրություն չունեի, գրվել էին որպես գրական սցենարներ, բայց հրապարակեցի հանդիսական-ընթերցողիս թողությունը հայցելու հույսով: Հիասթափություններն ու պարտությունները պիտի որ դաս լինեին, բայց ազգային մեծ կինո ունենալու հավատս չեմ կորցրել: Կուզենայի թեկուզև ոչ իմ՝ մեզանից մեկնումեկի (նկատի ունի սերնդակից գրողներին) աշխատանքով ստեղծվեր, մեր մշակույթի նվաճում դառնար և իր ողջ շողք ու փայլով լայնածավալ երկրի էկրանով անցներ մեր ազգային կերպարը»[24]:

Այնուհանդերձ, Բագրատ Հովհաննիսյանը, լինելով գրականության հիանալի գիտակ, փորձել է ճշգրտությամբ ներկայացնել Մաթևոսյանի ոգին, էկրանացնելով ֆիլմ, որտեղ իսկապես կենդանացել են վեպի առանձին դրվագները։ Ռոստոմ Սարգսյանի դերը մարմնավորել է Խորեն Աբրահամյանը։ Նրա կերտած կերպարն աչքի է ընկնում ներքին հուզականությամբ, դրամատիկական հասուն խառնվածքով և յուրօրինակ ոճով։ Մենության, ունայնության և անկման կիզակետում հայտնված մարդու կերպարը լայն շնչառություն է ստացել նրա արտիստական խաղով։

Այս ֆիլմն իսկապես խիզախում է, որտեղ ցայտուն կերպարների միջոցով բացահայտվում են խորհրդային կյանքի քրոնիկ խնդիրները։ Հակառակ Ռոստոմ Սարգսյանի հախուռն, անհնազանդ կերպարի՝ ֆիլմում նույնքան ցայտուն է մարմնավորվել հարբեցող, ստորաքարշ և ծառայամիտ գյուղական պաշտոնյան։ Նա օտարների հետ քանդում է գյուղը,  հաճոյանալով նրանց՝ ոչնչացնում անտառը։ Վեպում, համապատասխանաբար նաև ֆիլմում,  մատնանշվող ներքին հակասությունների գագաթնակետը ներընտանեկան կոնֆլիկտն է, որը բացահայտում է թշնամանքը անտառապահի և նրա քրոջ որդու միջև։ Իրարամերժ կերպարների այդ ընդգծումն առավել զգայական է դարձնում ողբերգությունը՝ ցույց տալով հին թշնամանքը, մեղքերի կծիկն ու օտարումը։ Ի վերջո, Մաթևոսյանն այս կոնֆլիկտը լուծում է տրամաբանորեն․ անտառապահին գրչի մեկ հարվածով ազատում են զբաղեցրած պաշտոնից՝ մեղադրելով համակարգին դեմ գնալու համար։ Ֆիլմում սյուժետային այս տեսարանն իսկապես տպավորիչ է ներկայացվել, որի հանգուցակետը  պաշտոնյաների և գյուղացիների խրախճանքն է։ Այդ ձմեռային օրը ֆիլմում ներկայացվել է բնապատկերների նուրբ խաղարկմամբ և կրակոցի խուլ ձայնով, որն ակնարկում է անցյալի աշխարհի փլուզումն ու անտառի մահը։ Դեպքերի լարումը հասնում է գագաթնակետին, երբ պաշտոնաթող անտառապահը հետևելով ձայնին մոտենում է նոր կառուցվող առանձնատանը։ Խորոված մսի հոտը, խռնված ու հարբած գյուղացիների կերպարները այնքան բնական ու հակասող են գլխավոր հերոսի հոգեկան վիճակին, որ թվում է հանդիսատեսը պիտի պոռթկա բարկությունից։ Ռեժիսորը ֆիլմի վերջաբանում այս հատվածը լուծում է մի զարմանալի գեղարվեստական հնարքով՝ խոշոր պլանով ցուցադրելով անտառի ոգին խորհրդանշող մորթված եղջերուի արնածոր գլուխը։

Երբ առաջին անգամ տեսա, թե ինչպես են լվանում սպանդանոցը, ինչպես է ջուրը կլանում արյունը, ու ինչպես է հողն այն ներծծում, ես մտածեցի, որ ամեն բան կորած է, և ոչինչ չի կարող ավելի սոսկալի լինել, քան զարմանքն ու ապշահար հայացքն այն կենդանու, որը հանկարծահաս հարվածով ճանաչում է մարդկանց աշխարհը։ Ուրեմն ինչի՞ մասին է այս ստեղծագործությունը, ուրեմն ինչպե՞ս են կերտվել կերպարները, գրողն ի՞նքն է ստեղծել այդ սպանդանոցը, թե՞ այնուհանդերձ ինքն է զոհը։

Բազմաթիվ էսսեների, վիպակների ու պատմվածքների մեջ ուշադրությունս գրավեց այս գործը, որը շատ հարազատ թվաց ինձ, ծանոթ ու ցավալի, ճիշտ այն ամառային օրվա պես, երբ առաջին անգամ գնացի սպանդանոց և երբ տեսա մանկության այն բլուրները, որոնք մի ժամանակ կոխկռտվում էին «Տիրոջ», այսինքն՝ իմ պապի սպիտակ ձիու սմբակների տակ։

Հիմա Մաթևոսյանի նկարագրած աշխարհն այլևս գոյություն չունի, և չկա այլևս հարստության մասին հնացած այն պատկերացումը, որն ունեցվածքի գաղափարն անմիջականորեն խարսխում էր հողին։ Չկան այդ տիրական հեծյալները, որոնք անցյալի աշխարհից գրականության միջոցով պատահաբար սպրդել են մեր դար, և հիմա մենք, ընթերցելով այս գործը, պարզապես հիշում ենք այն, ինչը երբևէ պատահել է մեզ՝ հիշեցնելով, որ մենք կոչված էինք լինելու այդ աշխարհի ժառանգը։ Առասպելական անտառում, որն ամայացող, ապամարդկայնացող աշխարհի հակադրումն է, ընթերցողի առաջ բացվում է իբրև մենության հորիզոն։ Եվ ահա այդ հորիզոնի՝ անընդհատ ընդարձակվող բնագծի պահապանն է «Տերը» վիպակի գլխավոր դերակատարը՝ անտառապահ Ռոստոմ Սարգսյանը։

 

Փարիզ, Լիլի փողոց, Հետազոտությունների տուն՝

Ժորժ Դյումեզիլի անվան լսարան, 2025 թ․

 Գլխանկարը՝ Եվա Մինասյանի

[1] «Գրականությունը աշխարհի ազնվանալու տառապալից ճիգն է։ Դա գրականության կոչումն է ի ծնե։ Ինչպես ստրկորդիները ծնվում են ստրկության մեջ, այդպես ամեն մի գրող հայտնվում է թիապարտի նստարանին»։ Հրանտ Մաթևոսյան, «Սպիտակ թղթի առջև», «Գրական թերթ», 1966, 14 հոկտեմբերի, N 42:

[2] «Սոցռեալիստական գրականություն» եզրն իբրև առանձին հասկացություն կիրառել է Մոսկվայի գրական խմբակների կազմակերպության նախագահ Իվան Գրոնսկին, 1923-ին «Լիտերատուրնայա գազետա» թերթի մայիսյան համարներից  մեկում։ Սոցռեալիզմի վերաբերյալ գրված առաջին լուջ տեսական ուսումնասիրությունը Անդրեյ Սինյավսկու 1959 թվականին Փարիզի «Էսպրիտ» գրական ամսագրում լույս տեսած էսսեն է, որը ԽՍՀՄ-ում վերահրատարակվել է միայն 1989-ին։ Абрам Терц, «Что такое социалистический реализм». Цена метафоры, или Преступление и наказание Синявского и Даниэля (сост. Е. Великанова, Л. Еремина), Москва, 1989, с. 425–459:

[3] Ռուբեն Միրզախանյան, «Սոցիալիստական ռեալիզմ (ծագման և զարգացման պատմության շուրջ)», Լրաբեր հասարակական գիտությունների 2013, N 2, էջ 249 – 257:

[4] Katerina Clark, Soviet Novel: History as Ritual, Chicago, 1981, p. 3.

[5] Գերմանացի փիլիսոփա Գրոյսն, օրինակ, պնդում էր, որ սոցռեալիստական արվեստի նպատակն ամենևին էլ ավանգարդի ժխտումը չէր։ Ընդհակառակը՝ ստալինյան շրջանում սոցռեալիզմի առանցքային խնդիրը դարձավ ավանգարդիստների հռչակած գաղափարների իրագործումը՝ քանդել հին աշխարհն ու արվեստի միջոցով կառուցել նոր իրականություն և նոր մարդ։ Борис Гройс, «Стиль Сталин». Утопия и обмен, Москва, 1993, с. 11-112։

[6] Միլան Կունդերա, Վեպի արվեստը, Երևան, 2019, էջ 19 – 21։

[7] Евгений Водолазкин, «И не в Армении, и не на этой земле…». Текст и традиция: альманах, 8․ Институт русской литературы (Пушкинский Дом), Рос. Акад. наук, Музей-усадьба Л. Н. Толстого «Ясная Поляна», Санкт-Петербург, 2020, с. 255-258.

[8] Մշակութային գերիշխանության հաստատման հիմնարար սկզբունքները մասին խոսում է Գրամշին իր «Բանտային տետրերում»։ Անտոնիո Գրամշի, Բանտային տետրեր, Երևան, 2023, էջ 17- 49, 235-237, 256-262։

[9] Սոցռեալիզմի ստեղծագրական մեթոդների, գեղագիտական հատկանիշների, գաղափարական նախահիմքերի և խորհրդային հասարակության վրա ունեցած ազդեցության մասին ուշագրավ են հատկապես Կատերինա Քլարքի և Եվգենի Դոբրենկոյի դիտարկումները։ Katerina Clark, The Soviet Novel: History as Ritual, Chicago, 1981, 293 p., Evgeny Dobrenko, “Socialist Realism”. The Cambridge Companion to Twentieth-Century Russian Literature, (eds. E. Dobrenko and M. Balina), Cambridge, 2011, p. 97-114.

[10] Ի դեպ՝ Մաթևոսյանի առաջին գիրքը իր նախնական կազմությամբ ևս չթույլատրեցին հրատարակել, թեպետ գրականագետները նշում են, որ Մաթևոսյանը հրաժարվեց այն տպագրելուց։ Որոշ գործեր ենթարկվեցին զգալի խմբագրումների, իսկ «Նանա իշխանուհու կամուրջը» ընդհանրապես դուրս բերվեց այդ շարքից։ Վիպակը, որը ըստ նախնական գաղափարի, «Աշնան արևը» և «Ծառերը» ստեղծագործությունների հետ դառնալու էր եռերգություն, լույս ընծայվեց նրա մահից հետո միայն, որպես անտիպ ստեղծագործություն։

Դավիթ Մաթևոսյանն այս մասին իր հուշագրության մեջ գրում է․ «Вчера, в кажущиеся такими далекими шестидесятые, когда провинциальная цензура отозвала из типографии и рассыпала первую книгу Гранта, он отложил в сторону этот роман, отделив его от всего написанного (что мы знаем и переиздаем), сказав жене: «Это будет издано после моей смерти. Ты и дети этим гонораром проживете»։ Давид Матевосян, «Про Помидор и Златоустых Рыцарей». Текст и традиция: альманах, 8, с. 264․

[11] Kathleen Parthé, Russian Village Prose: The Radiant Past, Princeton University Press, 1992, p. 6 – 9․

[12] Наринэ Абгарян, «Зеленый красный мир». Текст и традиция: альманах, 8, с. 259 – 261․

[13] Евгений Водолазкин, «И не в Армении, и не на этой земле…», с. 256։

[14] Հրաչ Բայադյան, «Հրանտ Մաթևոսյան․ պատկեր և գրություն», Գրանիշ, 25․01․2009 թ․։

[15] Խորհրդային Միությունում գրականությունն իրացվում էր տարբեր հաստատությունների միջոցով, որոնցից էին գրողների միությունը, գիտությունների ակադեմիան, համալսարանները, գրադարաններն ու գրական ամսագրերը։ 1933-ին ստեղծվեց Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը՝ որպես գրական գործիչներ պատրաստող կենտրոնական հաստատություն։ Սրանով հանդերձ, սակայն, Խորհրդային շրջանում գրականության ոլորտում կատարված հիմնական փոփոխություններից մեկը գրողների մասնագիտական կարողությունների և ընթերցող հանրության մակարդակի անկումն էր։ Ընդ որում՝ լսարանի մակարդակի անկումն ուղեկցվում էր այդ լսարանի քանակական աճով, ինչն էլ իր հերթին ծնում էր զանգվածային գրականության մեծ պահանջարկ։ Maria Zalambani, “Literary Policies and Institutions”. The Cambridge Companion to Twentieth-Century Russian Literature, (eds. E․ Dobrenko and M․ Balina), Cambridge, 2011, p. 251-268:

[16] Հրանտ Մաթևոսյան, «Ծմակուտը ես եմ» (հարց․՝ Իգնատ Մամյանի), «Գրական թերթ», 1984, 23 նոյեմբեր, N 48։

[17] Ժենյա Քալանթարյան, «Բացակա հերոսների գեղագիտական դերը Հրանտ Մաթևոսյանի արձակում», Մաթևոսյանական ընթերցումներ, հոդվածների ժողովածու, Երևան, 2016, էջ 34-60։

[18] Հրանտ Մաթևոսյան, «Ծմակուտը ես եմ»։

[19] Մաթևոսյանի հերոսներն այս համեմատությունը անում են ոչ պատահականորեն․ Արղությանները, որոնք սերում էին Զաքարյանների նշանավոր իշխանական տոհմից, 18-դարից սկսած մինչը 20-րդ դարի առաջին կեսը հսկայական կալվածքներ ունեին Լոռիում։ Նրանց ժառանգներն ազդեցիկ պաշտոնյաներ էին ինչպես Կովկասի փոխարքայությունում, այնպես էլ՝ Ռուսական կայսրության արքունիքում։

[20] Հրանտ Մաթևոսյան, Տերը, Երևան, 1983, էջ 265։

[21] Նույն տեղում, էջ 282։

[22] Նույն տեղում, էջ 271։

[23] Նույն տեղում, էջ 281։

[24] Հրանտ Մաթևոսյան, «Ծմակուտը ես եմ»:

Թողնել մեկնաբանություն