Երեկոյան, երբ մենք տուն վերադարձանք, դռների մեջ հանդիպեցինք գլուխը շեմին դրած սև, փայլուն, կախարդ գնչուհու աչքերի նման արտահայտիչ աչքերով և ծնոտներից դուրս ցցված սղոցանման ատամներով հսկայական օձաձկի։ Այն ժամանակ ես ընդամենը ինը տարեկան էի և այդ սարսափելի տեսարանից մի այնպիսի վախ պատեց սիրտս, որ լեզուս կապ ընկավ։ Եղբայրս, որ երկու տարով փոքր էր, դեն նետեց խտացած թթվածնի բալոնները, սուզադիմակներն ու լողալաստերը և ահռելի գոռոցով դուրս փախավ։ Սենյորա Ֆորբեսը լսեց այդ գոռոցը ոլորապտույտ աստիճաններից, որ քարակույտերի միջով պտույտներ գործելով նավահանգստից տանում էին դեպի տուն։ Բորբոքված, գույնը գցած նա հասավ մեզ, բայց հենց որ նկատեց դռների մեջ պառկած կենդանուն, իսկույն հասկացավ մեր տագնապի պատճառը։ Սովորաբար նա ասում էր, որ, երբ մեկտեղ գտնվող երկու երեխաներից մեկը չարություն է անում, ապա երկուսն էլ մեղավոր են, այնպես որ եղբորս գոռոցի պատճառով երկուսիս էլ նկատողություն արեց, հետո մեզ մեղադրեց նրանում, որ զուրկ ենք ինքնատիրապետման զգացողությունից։ Նա խոսեց գերմաներեն և ոչ թե անգլերեն, ինչպես պարտավոր էր վարվել ըստ կնքած ուսուցման պայմանագրի։ Դա երևի նրանից էր, որ ինքն էլ վախեցավ և փորձեց թաքցնել այդ վախը։
— Դա հելենական օձաձուկ է, — ասաց նա։ — Այդպես է կոչվում, որովհետև հին հույները նրան սուրբ կենդանի էին համարում։
Օրեստեն, տեղացի ջահելներից մեկը, որ մեզ ջրի տակ լողալ էր սովորեցնում, հանկարծ հայտնվեց թփերի ետևում։ Ճակատին սուզադիմակն էր, հագին կարճ լողազգեստը, մեջքին կապած կաշվե գոտու վրա շարված էին տարբեր ձևի, մեծության վեց դանակ։ Նա ջրի տակ որս անելու միայն մի ձև էր ընդունում՝ ստորջրյա կենդանիների հետ դեմ առ դեմ հանդիպելը։ Մոտ քսան տարեկան էր, ծովի խորքերում ավելի շատ ժամանակ էր անցկացնում, քան հողի վրա, ինքն էլ, մշտապես շարժիչի յուղով ծածկված մարմնով, իսկական ծովային կենդանու էր նման։ Առաջին անգամ նրան տեսնելով, սենյորա Ֆորբեսը ծնողներիս այն միտքը հայտնեց, որ կյանքում երբեք այդպիսի գեղեցիկ արարածի չի հանդիպել։ Բայցևայնպես, նրա այդ գեղեցկությունը չէր կարող հանդիսանալ խստության սահմանները խախտելու առիթ։ Դռների մեջ օձաձկան հայտնվելու պատճառով նա էլ իր բաժին նկատողությունը ստացավ իտալերեն, բայց ավելի շուտ մեզ՝ երեխաներիս սաստելու նպատակով։ Հետո սենյորա Ֆորբեսը առասպելական անմեղ մանկան տեսք ընդունեց, հրամայեց նրան հեռացնել սողունին և ուղարկեց մեզ՝ ընթրիքի համար հագուստներս փոխելու։
Մենք այդ արեցինք անմիջապես, աշխատելով ոչ մի դեպքում չվախենալ, քանի որ սենյորա Ֆորբեսի իշխանության տակ անցկացրած երկու շաբաթվա ընթացքում լավ էինք յուրացրել, որ կյանքից բացի ուրիշ ոչ մի դժվարություն չկա։ Լոգարանում, ցնցուղի տակ կանգնած, մի պահ մտքով հասկացա, որ եղբայրս շարունակում էր մտածել օձաձկան մասին։ «Մարդու աչքեր ուներ», — ասաց նա ինձ։ Ես համաձայն էի նրա հետ, բայց ստիպեցի նրան մտածել հակառակը, և մինչև լոգանքի վերջը աշխատում էի փոխել խոսակցության նյութը։
— Դուրսը դեռ լույս է, — ասացի ես։
Ետ քաշեցի վարագույրները։ Օգոստոսի կեսերն էին, պատուհանից երևում էին մինչև կղզու մյուս ափը փռված տապից այրվող դաշտերը, իսկ երկնքում արևն ասես կանգ էր առել։
— Բանն այդ չէ, — ասաց եղբայրս։ — Ուղղակի ես վախենում եմ վախենալուց։
Սակայն, երբ վերադարձանք սեղանի մոտ, նա հանգիստ էր թվում և ամեն ինչ կատարում էր այնպիսի ջանասիրությամբ, որ արժանացավ սենյորա Ֆորբեսի հատուկ գովասանքին և նրա շաբաթական վարքագծի արժեքին ավելացան ևս երկու միավոր։ Իսկ ես, ընդհակառակը, զրկվեցի արդեն շահած հինգ միավորներից երկուսից, որովհետև վերջին պահին, վազելուց հոգնած, ճաշասենյակ մտա շնչակտուր եղած։ Յուրաքանչյուր հիսուն միավոր իրավունք էին տալիս մեզ ստանալ քաղցրավենիքի երկրորդ բաժինը, բայց երկուսից ոչ մեկս առայժմ տասնհինգ միավորից ավելի չէինք վաստակել։ Անշուշտ, դա մեծ դժբախտություն էր, որովհետև երբեք չէինք հանդիպել այնպիսի հրաշալի կարկանդակների, ինչպիսիք սենյորա Ֆորբեսի պատրաստած կարկանդակներն էին։ Սովորաբար, նախքան ընթրիքը՝ դատարկ ափսեների առաջ մենք աղոթք էինք կարդում։ Սենյորա Ֆորբեսը կաթոլիկ չէր, բայց պայմանագիրը ստիպում էր նրան օրը վեց անգամ մեզ հետ աղոթք կարդալ, և իր այդ պարտականությունը կատարելու նպատակով նա անգիր էր սովորել մեր նախադասությունները։ Հետո մենք նստում էինք, պահում շունչներս, և նա մինչև վերջին մանրուքը ուսումնասիրում էր մեր վարքագիծը. և միայն այն ժամանակ, երբ համոզվում էր, որ ամեն ինչ կարգին է, տալիս էր զանգը։ Ներս էր մտնում Ֆուլվիա Ֆլամինեան, խոհարարուհին, այն անիծված ամռանից անբաժան վերմիշելի ապուրի հսկայական կաթսայով։
Սկզբից, երբ ծնողներս մեզ հետ էին, ճաշկերույթը մեզ համար ասես տոն լիներ։ Սեղանը բացելիս Ֆուլվիա Ֆլամինեան, անընդհատ կչկչալով, մի այնպիսի խառնաշփոթություն էր ստեղծում, որ գեղեցկացնում էր կյանքը, վերջում էլ մեզ հետ սեղան էր նստում և վերջացնում էր նրանով, որ յուրաքանչյուրիս ափսեից մի-մի գդալ ապուր էր ուտում։ Բայց երբ սենյորա Ֆորբեսը իր ձեռքն առավ մեր բախտի սանձերը, նա սկսեց սպասարկել մեզ մի այնպիսի լռությամբ, որ կարելի էր լսել օջախի վրա եփվող ապուրի թշշոցը։ Ընթրիքի ժամանակ աթոռին նստում էինք ձիգ, մեջքով թիկնակին հենված, ծամում էինք տասն անգամ բերանի մի կողմով, տասն անգամ՝ մյուս կողմով, հայացքներս չկտրելով իր աշնանամուտին հասած, մաշված, բայց պողպատե կամքով այն կնոջից, որ դեմներս նստած բերանացի արտասանում էր օրինակելի վարքի դասերից որևէ մեկը։ Դա նման էր կիրակնօրյա պատարագի, սակայն առանց բազմամարդ երգչախմբի։
Այն օրը, երբ մենք հանդիպեցինք գլուխը դռան շեմին դրած օձաձկանը, սենյորա Ֆորբեսը մեզ հետ խոսեց հայրենիքի հանդեպ ունեցած պարտականությունների մասին։ Ֆուլվիա Ֆլամինեան, սենյորա Ֆորբեսի ձայնից քարացած, օդի մեջ ասես ճախրելով, ապուրից հետո մեր առջև դրեց սառած մսից պատրաստած բուրումնալի խորովածի երկարավուն կտորները։ Ես այն օրերից ձկնեղենը գերադասում էի բոլոր տեսակի ուտելիքներից, լինեին դրանք գետնի վրա ապրող, թե օդում ճախրող կենդանիների մսից պատրաստած, Գուակամայալի մեր տան այդ փոքրիկ հուշը սիրտ բուժելու նման մի բան էր։ Բայց եղբայրս, դեռ համը չառած, մի կողմ հրեց ափսեն։
— Դուրս չի գալիս, — ասաց նա։
Սենյորա Ֆորբեսը դադարեցրեց դասը։
— Դու դա չես կարող իմանալ, — ասաց նա, — երբ նույնիսկ չես համտեսել։
Նա մի զայրացկոտ հայացք նետեց խոհարարուհու վրա, բայց արդեն ուշ էր։
— Օձաձուկը աշխարհի ամենահամեղ ծովային կենդանին է, figlio mio¹, — ասաց եղբորս Ֆուլվիա Ֆլամինեան, — փորձիր և կտեսնես։
Սենյորա Ֆորբեսը չփոթվեց։ Նա իրեն հատուկ չորությամբ պատմեց, որ հնում օձաձուկը եղել է թագավորների սիրելի ուտելիքը և որ զինվորները հավաքել են նրա թույնը, քանի որ այն իր մեջ հերոսության մղող գերբնական ուժ է պարունակում։ Հետո, ինչպես այդ կարճ ժամանակամիջոցում արել էր բազմիցս անգամ, կրկնեց, որ դուր գալը ի ծնե տրված սովորություն չէ, ոչ էլ կարելի է որևէ տարիքում յուրացնել այն. դրան ընտելանում են մանկությունից։ Այնպես որ չուտելու ոչ մի արդարացի պատճառ չկա։ Ես, որ մինչ իմանալս թե ինչ եմ ուտում, արդեն համտես էի արել օձաձուկը, ընդմիշտ համոզվեցի հակառակում։ Նա սովորական, թեև փոքրինչ թթու համ ուներ, բայց ատամների արանքում սեղմած օձի պատկերը շատ ավելի կոնկրետ էր, քան իմ ախորժակը։ Եղբայրս առաջին պատառը բերանն առնելու համար չտեսնված ճիգ գործեց, սակայն չկարողացավ դիմանալ. փսխեց։
— Անցիր լոգարան, — առանց իրեն կորցնելու ասաց սենյորա Ֆորբեսը, — լավ լվացվիր ու վերադարձիր ընթրիքի։
Եղբորս շատ խղճացի. ինչքան դժվար էր լինելու նրա համար կտրել-անցնել ամբողջ շենքը և արդեն մթնած լոգարանում, մեն-մենակ, կարգի բերել իրեն։ Բայց նա շուտ վերադարձավ՝ հագին մի ուրիշ, մաքուր վերնաշապիկ։ Գույնը գցած էր, հազիվ էր զսպում ներքին դողը, սակայն նա շատ լավ հանձնեց մաքրասիրության խիստ քննությունը։ Սենյորա Ֆորբեսը մի կտոր օձաձուկ կտրեց և հրամայեց շարունակել ընթրիքը։ Բերանս լցրած, ես մի պահ քար կտրեցի։ Եղբայրս, ընդհակառակը, նույնիսկ պատառաքաղին ձեռք չտվեց։
— Ես սա չեմ ուտի, — ասաց նա։
Նրա վճռականությունը այնքան հաստատ էր, որ սենյորա Ֆորբեսը տեղի տվեց։
— Շատ լավ, — ասաց նա, — այդ դեպքում քաղցրեղեն էլ չես ուտի։
Եղբորս փրկությունը ինձ էլ համարձակություն հաղորդեց։ Պատառաքաղն ու դանակը խաչաձև դրեցի ափսեի վրա՝ այնպես, ինչպես սովորեցրել էր սենյորա Ֆորբեսը, երբ վերջացնում էինք ուտելն, ու ասացի.
— Ես էլ քաղցրավենիք չեմ ուտի։
— Ոչ էլ հեռուստացույց կնայեք, — նետեց նա։
— Ոչ էլ հեռուստացույց կնայենք, — ասացի ես։
Սենյորա Ֆորբեսը անձեռոցիկը դրեց սեղանին, և մենք բարձրացանք տեղից, որպեսզի սկսենք աղոթքը։ Հետո նա մեզ ուղարկեց ննջարան քնելու, նախազգուշացնելով, որ ինքը պետք է վերջացնի ընթրիքը։ Մեր շահած բոլոր դրական միավորները չեղյալ հայտարարվեցին, և միայն քսան միավոր հավաքելուց հետո մենք կարող էինք նորից ճաշակել նրա կրեմից պատրաստած քաղցրավենիքը, վանիլի տորթերը, սալորից պատրաստած բուրումնալի բիսկվիթները, որոնց նմանը կյանքում երբեք չէինք հանդիպել։
Ուշ թե շուտ մենք պետք է հանգեինք այդ վճռին։ Մի ամբողջ տարի անհամբեր սպասել էինք այդ անհոգ ամռանը՝ Սիցիլիայից դեպի հարավ ընկած Պանտելարիա կղզում։ Առաջին ամիսը, երբ մեր ծնողները դեռևս մեզ հետ էին, իսկապես անհոգ էր այդ ամառը։ Մինչև օրս երազի նման հիշում եմ հրաբխածին ժայռերի փայլը կիզիչ արևի տակ, անծայրածիր ծովը, մինչև տանիքների եզրերը ճերմակ կրով ներկած խրճիթները, որոնց պատուհաններից խաղաղ երեկոներին երևում էին Աֆրիկայի ափին գտնվող փարոսների լույսով ողողված առագաստները։ Ուսումնասիրելով հորս հետ կղզու վաղուց մոռացության մատնած շրջակայքը, մենք հայտնաբերեցինք վերջին պատերազմից մնացած դեղնագույն ջրարկեր, ափ հանեցինք մոտ մեկ մետր բարձրություն ունեցող հոյակապ զարդանախշերով հունական մի կճուճ, որի հատակում հայտնաբերեցինք անհայտ գինու արդեն թունավորված մնացորդ, լողացինք խոնավ ծովածոցում, որի ջրերը այնքան թանձր էին, որ կարելի էր քայլել նրանց վրայով։ Սակայն մեր ամենանշանակալի հայտնագործությունը Ֆուլվիա Ֆլամինեան էր։ Նա երջանիկ սրբի էր նման, միշտ շրջապատված էր ծույլիկ կատուների մի ամբողջ խմբով, որ խանգարում էին նրան քայլելիս։ Սակայն, ինչպես ինքն էր ասում, ոչ թե սերն էր նրան կատուների հետ կապողը, այլ այն, որ մկները չուտեն իրեն։ Երեկոները, երբ ծնողներս հեռուստացույցով նայում էին մեծերին հասցեագրված ծրագրերը, Ֆուլվիա Ֆլամինեան մեզ իր տուն էր տանում, որ գտնվում էր մոտ հարյուր մետրի վրա, և սովորեցնում էր տարբերել հեռավոր ձայները, երգերը, և Թունիսից փչող քամիների լացանման տնքոցները։ Ամուսինը, որ շատ ավելի երիտասարդ էր, ամառները աշխատում էր կղզու մյուս ափին գտնվող տուրիստական հյուրանոցներում, իսկ տուն միայն քնելու համար էր գալիս։ Օրեստեն ծնողների հետ քիչ ավելի հեռու էր ապրում, նա միշտ հայտնվում էր երեկոյան՝ ձկնորսական հանդերձանքն ու հենց նոր բռնած խեցգետիններով լի զամբյուղները ձեռքին։ Նա զամբյուղները կախում էր խոհանոցում. հաջորդ օրը Ֆուլվիա Ֆլամինեայի ամուսինը այդ խեցգետինները պետք է վաճառեր հյուրանոցներում։ Հետո նորից ճակատին էր ամրացնում ջրասուզակի լապտերն ու մեզ տանում էր դաշտային մկներ որսալու, որ նապաստակի նման մեծ էին և խոհանոցում պահվող ուտելիքի թունդ սիրահարներ։ Հաճախ տուն էինք վերադառնում, երբ ծնողներս արդեն պառկած էին, և չէինք կարողանում քուն մտնել բակում թափված ուտելիքի մնացորդների համար գզվռտվող մկների ծվծվոցից։ Սակայն այդ անհարմար դրությունն անգամ մեր երջանիկ ամառվա կախարդական մի մասնիկն էր։
Ինչ-որ գերմանացի ուսանողուհու հետ պայմանագիր կնքելու միտքը կարող էր ծագել միայն հորս գլխում՝ Կարիբյան ավազանի այն գրողներից մեկի, որ ավելի շատ փառասեր են, քան տաղանդավոր։ Եվրոպայում փառք ձեռք բերելու միտքը այնպես էր կուրացրել նրան, որ, ինչպես նրա գրքերում, այնպես էլ իրական կյանքում աչք էին ծակում սեփական ծագումը սքողելու խիստ ծարավն ու զավակների մեջ սեփական անցյալի չնչին հետքն անգամ վերացնելու ֆանտաստիկ միտքը, որ նա իր գլուխն էր մտցրել։ Մայրս, որ նույն հեզ անձնավորությունն էր, ինչպիսին էր բարձրաբերձ Գուխիրայում դասավանդելու ժամանակ, երբեք չէր պատկերացնում, որ ամուսինը կարող էր հղանալ նախապես ծանրութեթև չարած որևէ միտք։ Այնպես որ նրանցից ոչ մեկը ինքն իրեն սրտանց հարց չէր տալիս, թե ինչպես է ընթանալու մեր կյանքը դորտմունդցի այս սերժանտի կողքին, որ ձգտում էր ուժի օգնությամբ հաղորդակից դարձնել մեզ եվրոպական հնագույն սովորույթներին, երբ իրենք, քառասուն մոդայիկ գրողների հետ հինգ ամսով շրջագայության էին ելել Էգեյան ծովի կղզիները։
Սենյորա Ֆորբեսը ժամանեց հուլիսի վերջին շաբաթ օրը Պալերմոյի ամենօրյա նավակով, և նրան տեսնելուն պես մենք հասկացանք՝ մեր ուրախ օրերի վերջը եկավ։ Նա հայտնվեց երկարաճիտ ոստիկանական կոշիկներով, չնայած հարավային շոգին՝ բաճկոնի կոճկած փեշերով և կարճ կտրած մազերով, ինչպիսին ունենում են թեթև սոմբրերո կրող տղամարդիկ։ Նրանից որձի մեզի հոտ էր գալիս։ «Բոլոր եվրոպացիներից էլ այդպիսի հոտ է գալիս, հատկապես ամռանը, — ասաց մայրս։ — Դա նրանց քաղաքակրթության հոտն է»։ Սակայն, չնայած իր զինվորական հագուստին, սենյորա Ֆորբեսը անզոր երեխայի էր նման, և գուցե մեր մեջ կարեկցանք առաջացներ, եթե մենք քիչ ավելի տարիքով լինեինք կամ նա լիներ ավելի ճաշակով հագնված։ Կյանքը փոխվեց։ Ծովում լողալու այն վեց ժամերը, որ ամռան հենց սկզբից անվերջանալի երազի էին նման, վերածվեցին անընդհատ իրար հաջորդող և իրար նման ժամերի։ Երբ մենք ծնողներիս հետ էինք, բոլոր ժամերը մեր տրամադրության տակ էին, լողում էինք Օրեստեի հետ արյան ու թանաքի գույն ունեցող ծովախորշում, հրճվելով դանակը ձեռքին կենդանիների վրա հարձակվելու նրա վարպետությամբ ու համարձակությամբ։ Հետո նա սկսեց գալ ժամը տասնմեկին, ինչպես միշտ՝ իր շարժիչավոր նավակով, բայց սենյորա Ֆորբեսը թույլ չէր տալիս նրան ջրի տակ լողալ սովորեցնելուն հատկացված ժամկետից նույնիսկ մեկ րոպե ավել մնալ մեզ հետ։ Նա մեզ արգելեց գնալ Ֆուլվիա Ֆլամինեայի տուն, դա համարելով ծառայի հետ ազատ ու անկաշկանդ վարվելաձև, իսկ այն ժամերը, որ առաջ մկները որսալուն էինք հատկացնում, այժմ ստիպված էինք հատկացնել Շեքսպիրի ստեղծագործությունների վերլուծությանը։ Մեզ համար, որ սովոր էինք Գուակամայալում հարևանների այգիներից մանգո գողանալ ու գազազած թափառական շներ սպանել, չկար ավելի դաժան պատժիչ կարկուտ, քան այն նոր, սկզբունքների վրա հիմնված կյանքն էր։ Սակայն շատ շուտ մենք հասկացանք, որ սենյորա Ֆորբեսը սեփական անձի նկատմամբ չի ցուցաբերում նույն խստությունը, ինչպիսին ցուցաբերում էր մեր նկատմամբ, և դա եղավ նրա հեղինակությանը սպառնացող առաջին ճեղքը։ Այն ժամանակ, երբ Օրեստեն մեզ ջրի տակ սուզվել էր սովորեցնում, նա մնում էր ափին՝ արևապաշտպան գունավոր սունկերից մեկի տակ՝ իր զինվորական հագուստով, և կարդում էր Շիլլերի բալլադները, հետո ժամ-ժամի ետևից, մինչ կգար երկրորդ նախաճաշի ժամանակը, մեզ հետ օրինակելի վարքի տեսական պարապմունքներ էր անցկացնում։
Մի օր նա խնդրեց Օրեստեին նավակով տուրիստական հյուրանոցների խանութներ տանել իրեն։ Վերադարձավ գեղեցիկ սև, ինչպես ծովափոկի մաշկը, գունավոր լողազգեստով, բայց երբեք ջուրը չմտավ։ Մենք լողում էինք, իսկ նա ափին արևահարում էր իրեն, երեսսրբիչով սրբում քրտինքը՝ առանց ցնցուղի տակ մտնելու, այնպես որ երեք օր անց նա նմանվեց թարմ ու գեղեցիկ մաշկով խեցգետնի և ազատվեց քաղաքակրթությանը հատուկ իր հոտից։
Նրա երեկոները անհանգիստ էին։ Պայմանագիր կնքելուց անմիջապես հետո զգացինք, որ ինչ-որ մեկը անընդհատ անցուդարձ է անում սենյակների մթության մեջ՝ այս ու այն կողմ բախվելով, և եղբայրս սկսեց անհանգստանալ՝ չլինի դրանք այն թափառաշրջիկ ջրահարսերն են, որոնց մասին այնքան խոսում էր Ֆուլվիա Ֆլամինեան։ Հետո պարզվեց, որ դա սենյորա Ֆորբեսն էր, որ գիշերային մթության մեջ մենակյաց կանանց իրական կյանքն էր ապրում, որը նա ժխտում էր օրվա ընթացքում։ Մի օր, լուսադեմին, վրա հասանք այն պահին, երբ խոհանոցում, ուսանողական գիշերազգեստը հագին, ոտքից-գլուխ ալյուրի մեջ կորած ու մտքերով տարված, իր հրաշալի քաղցրավենիքն էր պատրաստում, մեկ-մեկ էլ բաժակից ըմպում էր օպորտո գինին, որ հետագայում պետք է դառնար մի այլ սենյորա Ֆորբեսի խայտառակության պատճառը։ Արդեն այն ժամանակ մենք գիտեինք, որ մեր անկողին մտնելուց հետո նա ոչ թե իր ննջարանն էր գնում, այլ իջնում էր ծովափ՝ ծածուկ լողանալու, կամ էլ մինչև ուշ գիշեր մնում էր սրահում և, հեռուստացույցի ձայնը ցածրացնելով, նայում էր փոքրերի համար արգելված կինոնկարներ՝ անթիվ քաղցրավենիք ուտելով և խմելով համարյա մեկ լիտր հատուկ տեսակի գինի, որ մայրս մեծ դժվարությամբ ձեռք էր բերում հիշարժան դեպքերի համար։ Անբասիր ու լուրջ վարք ունենալու սեփական սկզբունքներին հակառակ, նա խմում էր անընդմեջ՝ անվերջանալի տառապանքների դրոշմը դեմքին։ Հետո լսում էինք, թե ինչպես սենյակում խոսում էր ինքն իր հետ, լսում էինք, թե ինչպես իր մելոդիկ գերմաներենով «Die Jungfrau von Orleans»²-ից հատվածներ էր կարդում, հետո մինչև լուսաբաց մահճակալին ընկած լաց էր լինում և վերջապես նախաճաշի էր իջնում կարմրած աչքերով, ամեն անգամ ավելի ու ավելի մթագնած ու խստապահանջ։ Ոչ ես, ոչ եղբայրս երբեք այնքան դժբախտ չենք եղել, ինչպես այն ժամանակ, բայց ես պատրաստ էի մինչև վերջ հանդուրժել նրան, որովհետև համոզված էի, որ բոլոր դեպքերում նրա դատողությունը իշխում էր մեր դատողության վրա։ Եղբայրս, ընդհակառակը, բնավորության ամբողջ ուժով հակադրվեց նրան և մեր երջանիկ ամառը դարձավ դժոխային։ Օձաձկան հետ տեղի ունեցած դեպքը այն վերջին կաթիլն էր, որ լցրեց բաժակը։ Նույն գիշեր, երբ անկողնում պառկած լսում էինք սենյորա Ֆորբեսի ննջարանից անընդհատ եկող քայլերի ձայնը, եղբայրս մի հարվածով ազատվեց հոգու վրա կիտված ատելության ամբողջ բեռից։
— Ես կսպանե՛մ նրան, — ասաց նա։
Ես ապշեցի ոչ թե նրա այդ որոշումից, այլ այն բանից, որ ինքս ընթրիքից հետո անընդհատ նույն բանն էի մտածում։ Սակայն աշխատեցի ետ պահել նրան այդ մտքից։
— Քեզ կգլխատեն, — ասացի ես։
— Սիցիլիայում գիլյոտին չկա, — ասաց նա։ — Բացի դրանից, ոչ ոք չի իմանա, թե ով է արել։
Ես մտածում էի ծովի հատակից հանած կճուճի մասին, որի մեջ թունավորված գինու մնացորդն էր։ Հայրս այն պահում էր ավելի խոր ուսումնասիրելու համար, որպեսզի պարզաբանի նրա թունավորվածության պատճառը, քանի որ դա չէր կարող լինել անցողիկ ժամանակի ազդեցության արդյունք։ Սենյորա Ֆորբեսի դեմ նրա օգտագործելը այնքան հեշտ էր, որ ոչ ոք նույնիսկ գլխի չէր ընկնի, գուցե միայն պատահաբար կամ մատնության օգնությամբ։ Այնպես որ առավոտյան, երբ հասկացանք, որ նա անընդհատ ետուառաջ քայլելուց ուժասպառ եղած արդեն ընկել է մահճակալին, կճուճի գինին լցրեցինք հորս հատուկ գինու շշի մեջ։ Ինչպես լսել էինք, գինու այդ դոզան բավական էր մի հսկա ձի սպանելու համար։
Սովորաբար ընթրում էինք խոհանոցում ուղիղ ժամը իննին, սենյորա Ֆորբեսն անձամբ էր սպասարկում՝ վառարանի վրա լուսադեմին Ֆուլվիա Ֆլամինեայի թողած անուշահամ քաղցրավենիքներով։ Գինին փոխելուց երկու օր հետո, նախաճաշի ժամանակ, եղբայրս դժգոհ հայացքով հասկացնել տվեց ինձ, որ թունավոր գինով շիշը դեռևս անձեռնմխելի դրված է պահարանում։ Դա ուրբաթ օրն էր, և շիշը այդպես էլ անշարժ մնաց մինչև շաբաթվա վերջը։ Բայց երեքշաբթի երեկոյան, հեռուստացույցով կինոնկարներ նայելու ժամանակ, սենյորա Ֆորբեսը դատարկեց շշի կեսը։
Սակայն, չորեքշաբթի առավոտյան սովորականի պես ուղիղ ժամանակին նա եկավ նախաճաշի։ Դեմքին վատ անցկացրած գիշերվա սովորական հետքերն էին և հսկայական ակնոցի տակ աչքերն էլ, ինչպես միշտ, տխուր էին։ Նրանք ավելի տխրեցին, երբ քաղցրավենիքի զամբյուղում նկատեցին գերմանական նամականիշերով ծրարը։ Նա սուրճ էր խմում և միևնույն ժամանակ կարդում, ինչը, ինչպես շատ անգամ ասել էր մեզ, երբեք չի կարելի անել։ Ընթերցմանը համընթաց փոխվում էր նրա դեմքի արտահայտությունը։ Հետո նա ծրարից պոկեց նամականիշները և դրեց զամբյուղի մեջ՝ Ֆուլվիա Ֆլամինեայի ամուսնու հավաքածուի համար։ Ու թեև օրն այդպես վատ սկսվեց նրա համար, նա ուղեկցեց մեզ, և մենք ջրերի խորքերը չափչփեցինք այնքան ժամանակ, մինչև բալոններում վերջացավ թթվածինը ու մենք տուն վերադարձանք առանց օրինակելի վարքի դասընթացներ լսելու։ Այդ ամբողջ օրվա ընթացքում սենյորա Ֆորբեսը ոչ միայն ծաղկի նման բուրում էր, այլև ընթրիքին ավելի առույգ էր, քան երբեք։ Եղբայրս, իր հերթին, չէր կարողանում թաքցնել իր դժգոհությունը։ Հենց որ հրաման ստացանք սկսել, նա ցուցադրաբար մի կողմ հրեց վերմիշելի ապուրով լի ափսեն։
— Մինչև կոկորդս կուշտ եմ այս որդերով լի խառնաջրից, — ասաց նա։
Ասես ռումբ պայթեց սեղանի վրա։ Սենյորա Ֆորբեսը գույնը գցեց, նրա շուրթերը սեղմված մնացին այնքան ժամանակ, մինչև սկսեց ցրվել այդ պայթյունից առաջացած մշուշը։ Նրա ակնոցի ապակիները ծածկվեցին արցունքներով։ Հետո նա հանեց ակնոցը, անձեռոցիկով սրբեց ապակիները և նախքան տեղից ելնելը, խայտառակ պարտություն կրածի դառնությամբ ակնոցը դրեց սեղանին։
— Արեք, ինչ կցանկանաք, — ասաց նա։ — Ես այլևս գոյություն չունեմ։
Ժամը յոթից նա փակվեց իր սենյակում։ Բայց կեսգիշերից առաջ, երբ նա մեզ արդեն քնած էր կարծում, տեսանք, թե ինչպես, ուսանողական գիշերազգեստը հագին, ննջարան տարավ շոկոլադից պատրաստած թխվածքի կեսն ու շիշը, որի մեջ չորս մատնաչափից ավելի թունավորված գինի կար։ Ես խղճի խայթ զգացի սրտումս։
— Խեղճ սենյորա Ֆորբես, — ասացի ես։
Եղբայրս, ընդհակառակը, չէր կարողանում հանգստանալ։
— Խեղճը մենք կլինենք, եթե այս գիշեր նա չմեռնի, — ասաց նա։
Այդ օրը, լուսադեմին, նա շատ երկար մենախոսեց, բարձրաձայն, ինչ-որ խելացնոր հիմարությունից ոգևորված, արտասանեց Շիլլերի ստեղծագործություններից և վերջացրեց մի այնպիսի գոռոցով, որ լսվեց ամբողջ շենքում։ Հետո մի քանի անգամ խոր շունչ քաշեց, աղմուկով վայր ընկավ ու… մնաց, ինչպես ղեկը կորցրած նավը՝ ծովում։ Երբ մենք, դեռևս մեր այդ հայտնագործությունից ստացած ծանր տպավորությամբ, արթնացանք, արևի շողերը փայլուն նետերի պես ներս էին թափանցել վարագույրների արանքներից, իսկ սենյակն ասես լույսերի լիճն էր սուզվել։ Երևի արդեն ժամը տասն էր, իսկ սենյորա Ֆորբեսի առավոտյան ահազանգը դեռ չէր արթնացրել մեզ։ Չլսեցինք ոչ ուղիղ ժամը ութին զուգարանից լսվող հոսող ջրի ձայնը, ոչ լվացարանի ջրի ձայնը, ոչ ետ քաշվող վարագույրների շրշյունը, ոչ երկարաճիտ կոշիկների կրունկների կտկտոցը և ոչ էլ մեր սենյակի դռանը իջնող թելադրության սովոր նրա տիրական ձեռքի երեք մահազդու հարվածները։ Եղբայրս ականջը սեղմեց պատին, շունչը իրեն քաշեց, որպեսզի կարողանա լսել կից սենյակից եկող կյանքի ամենաչնչին հևքը գոնե, ու վերջապես թեթևացած շունչ քաշեց։
— Վերջ, — ասաց նա։ — Միակ ձայնը, որ լսվում է, ծովի խշշոցն է։
Տասնմեկից քիչ պակաս նախաճաշ պատրաստեցինք, վերցրինք յուրաքանչյուրիս համար թթվածնով լի երկուական ու նաև պահեստային երկու բալոն և, մինչև Ֆուլվիա Ֆլամինեան իր կատվախմբով կժամաներ սենյակները մաքրելու, իջանք ծովափ։ Օրեստեն արդեն նավահանգստում էր և հենց նոր որսած դորադայի փորոտիքն էր մաքրում։ Մենք նրան հայտնեցինք, որ մինչև ժամը տասնմեկը սպասել ենք սենյորա Ֆորբեսին, բայց քանի որ վերջինս շարունակում էր քնած մնալ, որոշեցինք մենակ ծովափ իջնել։ Պատմեցինք նաև, որ անցած երեկո նա լացի ճգնաժամ ապրեց և գուցե այդ պատճառով վատ է քնել ու գերադասել է մնալ անկողնում։ Մեր բացատրությունները Օրեստեի վրա ազդեցին ոչ այնպես, ինչպես մենք էինք սպասում, և նա մեկ ժամից ավելի մեզ հետ իջնում էր ծովի խորքերը։ Հետո նա առաջարկեց մեզ տուն բարձրանալ՝ երկրորդ նախաճաշի, իսկ ինքը նավակով մեկնեց տուրիստական հյուրանոցներում դորադան վաճառելու։ Հասկացնելով, իբր պատրաստվում ենք տուն բարձրանալ, քարե աստիճաններից մենք նրան ձեռքով հրաժեշտ էինք հղում այնքան ժամանակ, մինչև որ նա անհետացավ ժայռոտ ափի կեռմաններում։ Հետո հագանք թթվածնով լի բալոններն ու առանց որևէ մեկի թույլտվության շարունակեցինք լողը։
Օրը ամպամած էր, հորիզոնի վրա գորշ ամպակույտեր էին երևում, բայց ծովը պարզ ու խաղաղ էր՝ սեփական լույսով լուսավորված։ Լողալով հասանք մինչև Պանտելարիայի փարոսը, հետո թեքվեցինք դեպի աջ և մոտ հարյուր մետրի վրա գտնվող այն վայրում, որտեղ մեր կարծիքով, ամռան սկզբներին նկատել էինք ջրասույզ եղած մարտական ջրականները, սուզվեցինք։ Եվ, իսկապես, այնտեղ էին նրանք. դեղին ներկած, մակնիշի դեռևս պահպանված համարանիշերով, դասավորված հրաբխային ծագում ունեցող փոսում մի այնպիսի գեղեցիկ կարգով, որ բոլորովին էլ պատահական չէր թվում։ Հետո մենք շարունակեցինք պտտվել փարոսի շուրջ, հուսալով հայտնաբերել ջրասույզ եղած այն քաղաքը, որի մասին այնքան և այնպիսի վախով պատմում էր Ֆուլվիա Ֆլամինեան, բայց մեզ չհաջողվեց հայտնաբերել այն։ Երկու ժամ անց, համոզվելով, որ ջրասույզ եղած քաղաքի հայտնաբերումը մեր ուժերից վեր է, դուրս եկանք ծովի մակերեսն թթվածնի վերջին բալոնով։
Մինչ մենք լողում էինք, ամառային մի չտեսնված փոթորիկ էր բարձրացել, ծովն անհանգիստ էր, ձկնկուլների մի ահագին երամ պտտվում էր ափ նետված ձկների գլխավերևում։ Սակայն իրիկնային լույսը ասես նորից էր բացվել, իսկ կյանքը չքնաղ էր առանց սենյորա Ֆորբեսի, բայց, երբ մեծ դժվարությամբ քարե աստիճաններով վեր բարձրացանք, նկատեցինք բակում հավաքված մարդկանց բազմությունն ու բակի դռան մոտ կանգնած ոստիկանության երկու ավտոմեքենան, ու միայն այդ պահին հասկացանք, թե ինչ ենք արել։ Եղբայրս դողաց և փորձեց ետ նահանջել։
— Ես ներս չեմ մտնի, — ասաց նա։
Ընդհակառակը, ես խորապես համոզված էի, որ միայն դիակը տեսնելուց հետո կարող են ցրվել բոլոր կասկածները։
— Հանգիստ մնա, — ասացի ես նրան։ — Խոր շունչ քաշիր ու մտածիր միայն մի բանի մասին. մենք ոչինչ չգիտենք։
Ոչ ոք մեզ վրա ուշադրություն չդարձրեց։ Դռան տակ դնելով թթվածնի բալոնները, սուզադիմակներն ու լողալաստերը, ներս մտանք կողքի միջանցքով, որտեղ երկու հոգի հատակին նստած, ծխում էին։ Միայն այդ պահին մենք նկատեցինք ետին մուտքի մոտ կանգնած շտապ օգնության մեքենան և հրացանները ձեռքին զինվորներին։ Հարևանուհիները, նստած սրահի պատի տակ շարված աթոռներին, խոսում էին տեղական բարբառով, իսկ բակում հավաքված նրանց ամուսինները խոսում էին այնպիսի բաների մասին, որ սպանության հետ ոչ մի առնչություն չունեին։ Ես ավելի ուժգին սեղմեցի եղբորս ձեռքը, որ կոշտ էր ու սառը, և մենք ետին մուտքից ներս մտանք։ Մեր ննջարանի դուռը բաց էր, այն նույն վիճակում էր, ինչ վիճակում թողել էինք առավոտյան։ Սենյորա Ֆորբեսի ննջասենյակում, որ հաջորդն էր, զինված կարաբիները հսկում էր մուտքի դուռը, որը, սակայն, բաց էր։ Ճնշված սրտով, մենք դեռ ներս չէինք մտել, երբ փոթորիկի նման խոհանոցից դուրս նետվեց Ֆուլվիա Ֆլամինեան և դուռը փակելով սարսափահար ճչաց.
— Ի սեր աստծո, figlioli³, չնայեք նրան։
Բայց արդեն ուշ էր։ Երբեք, մեր ամբողջ կյանքում, այլևս չկարողացանք մոռանալ այն տեսարանը, որ բացվեց մեր առջև այդ ակնթարթին։ Քաղաքացիական հագուստով երկու հոգի մետաղյա ժապավենով չափում էին մահճակալի և պատի միջև ընկած տարածությունը, մի երրորդը սև լուսանկարչական ապարատով, ինչպիսիք սովորաբար ունենում են զբոսայգիներում թափառող լուսանկարիչները, լուսանկարում էր դեպքի վայրը։ Տակնուվրա արած անկողնում սենյորա Ֆորբեսը չկար։ Նա ընկած էր սենյակի կենտրոնում, հատակին, մերկ, սառած արյան լճի մեջ, որ պատել էր սենյակի հատակը, և նրա ամբողջ մարմինը ծածկված էր դանակի հարվածներով։ Հասցված էր քսանյոթ մահացու հարված. նրանց քանակն ու դաժանությունը վկայում էին, որ անպատասխան սիրուց խենթանալու արդյունք են, և որ սենյորա Ֆորբեսը ընդունել է այդ հարվածները նույն տանջանքով, նույնիսկ առանց գոռալու, առանց լացի, իր գեղեցիկ ձայնով Շիլլեր արտասանելիս, բավարարված այն մտքից, որ դա անխուսափելի հատուցումն է իր երջանիկ ամռան։
Թարգմանությունը իսպաներենից՝ Հենրիկ Սահակյանի
¹ Տղաս, փոքրիկս (իտալ.)
² «Օռլեանի կույսը» (գերմ.)
³ Տղաներ (իտալ.)