Կարեն Անտաշյան | Խնձորի որդ

(էպիզոդ 1)

Համեստ  Իսրաելյանը չդիմացավ և շաքարախտի ախտորոշման մասնավոր լաբորատորիայի հաշվապահության նեղլիկ բազմոցին 23:20 սիրեց նորաստեղծ հաստատության հիմնադիր և տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Անատոլի Սանասարիչին…
Եվ սա այն դեպքում, երբ պահակ Պաճոն տեսականորեն արթուն պետք է լիներ, որովհետ¨ նրա սիրելի սերիալի աղիողորմ արձագանքները շարունակում էին լացացնել միջանցքով մեկ (համենայն դեպս մինչ 1:30),
այն դեպքում, երբ նա կեսգիշերն անց ինտերնետային ժամադրություն ուներ Գերմանիայում ապրող նշանածի հետ,
երբ բջջայինը 1:05-ից անընդմեջ զանգում էր ու էկրանին իրար էին հաջորդում մեկ Artashok Kyanqul (Գերմանիա, Համբուրգ), մեկ Qnar qurik (Լոռու մարզ, գյուղ Վարդաբլուր) մեկ Siranush quyrik (Երևան, 2-րդ զանգված) հեռախոսահամարները,
այն դեպքում, երբ լայն և նեղ հասարակության կողմից կանանց հանդեպ փիլիսոփայորեն ¨ կենսաբանորեն անտարբեր համարվող Անատոլի Սանասարիչի վերջին հիշողությունները մարմնական սիրո մասին 10 տարվա վաղեմություն ունեին,
այն դեպքում, երբ վաղը կեսօրից հետո  հարկային տեսչության հատուկ խումբը պետք է գար լաբորատորիա ստուգման ու լիքը թղթաբանություն դեռ¨ս կիսատ էր,
երբ այս հաստատության բոլոր ծակուծուկերում իբր թե տեղադրված տեսախցիկների մասին տեղեկատվությունը վերջնականապես հերքված չէր,
երբ առավոտյան 9-ից 11-ը գերմաներենի պարապմունքի էր, իսկ մի շաբաթ անց Գերմանիայի դեսպանատանը քննության,
այն դեպքում, երբ Համբուրգում արդեն վարձված 2 սենյականոց բնակարանի խոհանոցային կահույքի նկարներն այսօր էր տեսել ու ասել. «Արտ, կարմիրը շատ չի՞»,
այն դեպքում, երբ իր միջինից բարձր գրավչության պայմաններում մինչ 29 տարեկանն, այսինքն մինչ Արտաշոկի հետ նշանվելը + 3 օր, պահպանել էր, այսպես կոչված, անմեղությունը,
այն դեպքում, երբ զուգավորվելու համար բնօրրան վերադարձած երկրորդ ալիքի արտագաղթյալ, միջին տարիքի Արտաշես Հակոբյանն, ում ինչպես ամեն նորմալ եվրոպացու, հերիք էր նույնիսկ Համեստի A, B, C հեպատիտով, ՁԻԱՀ-ով ¨ խոզի գրիպով վարակված չլինելու փաստը, նրա կույս լինելու առնչությամբ բացականչել էր. «Դու հրեշտա՜կ էս…» ¨ աչքերում արցունքներ էին հայտնվել (հոգեբանի պնդմամբ` ծանր սթրեսից, որովհետ¨ այդպիսի բան նա մինչ այդ միայն ինտերնետից քաշած խուժան կինոներում էր տեսել),
այն դեպքում, երբ գյուղից ամիսը 2 անգամ իր համար Եր¨ան հասնող գյուղապետի մեծ տղա Նիկողոսին ժամանակին հպարտորեն ասել էր` ՉԷ ու չէր վերցրել ծիրանագույն վարդերի պուպուշ զամբյուղը,
այն դեպքում, երբ սեռահասունացման պզուկոտ դժվարին ժամանակները հաղթահարել էր հաշվապահության ¨ առաջին բուժօգնության դասընթացներով,
այն դեպքում, երբ գործազրկության երկար ու տառապալից ժամանակներից հետո իր առաջին գործատույի` «Ջենթլմեն» բառի տիրոջ տղան ասել էր` կփախցնեմ… երակներս կկտրեմ… բոլորին կպատմեմ… պապային կասեմ… չէ, չէ, չէ, չէէէէէ,
այն դեպքում, երբ միջնեկ քրոջ հարսանիքին հայրն ասել էր. «Համեստիս էլ բարով-խերով հասցնեմ իր մուրազին` էլ Աստծուց բան չեմ ուզում, հանգիստ կարող եմ մեռնել» ու, փաստորեն, նրա կյանքի ընթացքը կիսատ էր համարվում իր մեղքով,
այն դեպքում, երբ «Կանաչ Երկիր» հասարակական կազմակերպության կամավորների հետ  Հայաստանի ու Ղարաբաղի որ ծայրն ասես չէր գնացել ծրագրերով, օրերով, տնից տեղից հեռու… Արմանը, Արամը, Արենը, Արան… որին էլ մի կեսժպիտ աչքով աներ` իրենը կլինեին, բայց չի արել…
այն դեպքում, երբ մի 3 տարի առաջ, երբ օդորակիչների պահեստում գլխավոր հաշվապահ էր ու  պետությունից թաքցվող ապրանքաշրջանառության միլիոնների մասին պարոն Խուդգարյանն ու ինքը գիտեին միայն, հրաժարվեց նրա առաջարկած Renault Twingo Dolce Vita-ից, 1 սենյականոց բնակարանից ու իրավաբանականի դիպլոմից,
այն դեպքում, երբ արյան քաղծկեղով հիվանդ մայրը մահվանից 3 շաբաթ առաջ ասել էր. «Աղչի՛, չես ամուսնանում` մի ամուսնացի, քո գործն ա, բայց գոնե ֆռֆռա, ա՛յ խելառ, սիրած պահի, հիմա հո մեր ժամանակների նման չի՞` ինտերնետ կա, բան կա… կյանքդ անցավ…  էդ հանում-գումարումդ վերջ չի ունենալու… այ օրինակ ձեր էն Անտաշյանն` ի՞նչ վատ տղա է»…
այն դեպքում, երբ 2001-ի նոյեմբերից ամեն օր (չհաշված տոն օրերն ու կիրակիները) կանգառ հասնելու համար անցել էր կարտոֆիլի մեծածախ վաճառաքի վրա մասնագիտացած նեղլիկ ու կեղտոտ փողոցի 30 մետրանոց հատվածը ¨ վայելել քյավառցի ու վարդենիսցի վաճառողների 5-8 «հաճոյախոսություն» ու պահպանել հավասարակշռությունը,
այն դեպքում, երբ Ծաղկաձորի 4 աստղանի հյուրանոցի հերթապահ ադմինիստրատոր Աշխենին առավոտյան 6-ի կողմերը Արտաշոկը մի թեթ¨ կաշառել էր, որ սենյակի սպիտակեղենը փոխեն, իսկ նա մտքում ասել էր. «Զզվցրիք էլի ձեր կարմիր խնձորներով…»,
այն դեպքում, երբ զորացրման սպասող զինվորի պես Արտաշոկին հասնելու օրերն էր հաշվել, ամբողջ օրերով խաղացել հսկայական դեղին տոպազով նշանի մատանու հետ, քնելուց առաջ մեղրաջուր էր խմել, արթնանալուց հետո` գազարի հյութ, առավոտյան մարմնամարզություն էր արել առաջին ալիքի հետ,  ու սպասել դեսպանատան հարցազրույցի օրվան…
###
Հենց հաշվապահության փոքրիկ բազմոցին, հետո բազմազան թղթերով, հաշվապահական գրքերով ու գրենակայն պիտույքների կույտերով ծածկված սեղանին, հետո պատուհանագոգին, հետո… Անատոլի Սանասարիչն ասեց` համովս, հետո ինքն ասեց… ինչ-որ բան ու ավելացրեց` էլի եմ ուզում, էլի, էլի, էլի…

(2009թ)

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *