Մեկշաբաթյա անվճար դասընթաց, 1-5 հոկտեմբերի
2012 թվականի հոկտեմբերի 1-5-ին Երևանում տեղի կունենա հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված միշաբաթյա անվճար դասընթաց (դասախոս’ Հրաչ Մարտիրոսյան, PhD Լեյդենի համալսարան), որի նպատակն է ուրվագծել հայոց լեզվի զարգացման ընթացքը’ հնդեվրոպական նախալեզվի տրոհումից մինչև գրաբար, այնտեղից էլ’ միջին հայերեն և բարբառներ, և ծանոթացնել հնչյունաբանական ու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմնական սկզբունքներին: Դասընթացի նյութերը կտրամադրվեն բոլոր մասնակիցներին: Ենթադրում ենք, որ մասնակիցների մեծ մասի համար ամենահարմար ժամանակը կլինի երեկոյան 18.00-22.00:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ մասնակցության հայտն ուղարկել info@armscoop.com էլ. փոստին: Ցանկալի է, որ հայտի մեջ նշեք ձեր մասնագիտությունը, հետաքրքրությունները, թեմատիկ նախասիրությունները, ինչպես նաև կցեք ձեր CV-ները: Այդ տեղեկությունները մեզ կօգնեն հնարավորինս արդյունավետ կերպով կատարել մասնակիցների ընտրությունը և կազմակերպել դասընթացը: Հնարավոր է, որ մասնակիցների ցանկությամբ որոշ այլ թեմաներ ընդգրկվեն դասընթացի ծրագրում:
Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է, գրանցված մասնակիցները տեղի և ժամանակի մասին կտեղեկացվեն մինչ սույն ամսվա 30-ը։
Դասընթացի հիմնական բովանդակություն.
1)Ընդհանուր տեղեկություններ հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին. նախալեզվի վերակազմության սկզբունքները
Մասնակիցները հստակ օրինակներով կտեսնեն, թե ինչպիսի հնչյունաբանական ու քերականական տվյալների վրա է խարսխվում այն համոզմունքը, որ հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Հնդեվրոպական նախահայրենիքի խնդիրը
Կներկայացվեն հնդեվրոպական նախահայրենիքի տեղակայման տեսակետները և կքննվեն նրանց առավելություններն ու թերությունները:
3)Հնդեվրոպական հնչույթաբանական համակարգի արտացոլումը հայերենում
Աղյուսակներով ու բառային օրինակներով կներկայացվեն հնդեվրոպական հնչույթաբանական համակարգի վերակազմությունը և բոլոր հնչույթների արտացոլումները մի կողմից հայերենում, մյուս կողմից’ հնդեվրոպական մյուս լեզուներում’ խեթերեն, սանսկրիտ, ավեստերեն, հունարեն, լատիներեն, հին իսլանդերեն, ռուսերեն և այլն:
4)Հնդեվրոպական ձևաբանական համակարգի արտացոլումը հայերենում
Նախ կտրվեն գրաբարի կարևորագույն հարացույցները’ համաժամանակյա կտրվածքով: Կընթերցենք որոշ տեքստային հատվածներ. մի քանիսը’ ձեռագրերից կատարված լուսանկարներով: Ապա տարբեր խոսքի մասերից ընտրված որոշ տիպական օրինակներ կներկայացվեն հայոց լեզվի պատմական զարգացման ողջ ընթացքի համատեքստում: Հատուկ ուշադրության կարժանանան անկանոն գոյականներն ու բայերը, քանի որ դրանք կազմում են հայոց լեզվի հնագույն ու կարևորագույն շերտը:
5) Հայերենի բարբառները և նրանց դասակարգումը
Հանգամանալից աղյուսակների օգնությամբ կներկայացվեն ու կքննվեն բարբառների դասակարգման հնչյունաբանական (բաղաձայնական համակարգի արտացոլում) և ձևաբանական (սահմանական եղանակի կազմություն) սկզբունքները և բարբառային հնաբանություններն ու նորաբանությունները:
6) Բառաքննություն և ստուգաբանություն
Հայերենի բառաֆոնդը. բնիկ և փոխառյալ բառեր. ենթաշերտ. բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրությունների մեթոդաբանական տարրական սկզբունքները:
7) Լեզու, հասարակություն, մշակույթ
Կքննվի պատմահամեմատական լեզվաբանության դերը հայ մշակույթի պատմության ուսումնասիրության գործում: Հատուկ ուշադրության կարժանանան ազգակցական, երաժշտական, գորգագործական և օրացուցային բառերը, ինչպես նաև հայ դիցաբանության ու էպոսի ակունքների խնդիրը:
Դասընթացում զգալի դեր են խաղալու գործնական աշխատանքները և զավեշտական վարժությունները, որոնք կօգնեն առարկայական կերպով յուրացնել հնչյունական կարևորագույն օրինաչափությունները և ստուգաբանական հիմնական սկզբունքները:
Մասնակցել ցանկացողներին խնդրում եմ հնարավորինս շուտ մասնակցության հայտն ուղարկել info@armscoop.com էլ. փոստին: Ցանկալի է, որ հայտի մեջ նշեք ձեր մասնագիտությունը, հետաքրքրությունները, թեմատիկ նախասիրությունները, ինչպես նաև կցեք ձեր CV-ները: Այդ տեղեկությունները մեզ կօգնեն հնարավորինս արդյունավետ կերպով կատարել մասնակիցների ընտրությունը և կազմակերպել դասընթացը: Հնարավոր է, որ մասնակիցների ցանկությամբ որոշ այլ թեմաներ ընդգրկվեն դասընթացի ծրագրում:
Ցանկալի, բայց ոչ պարտադիր նախապայման. գրաբարի գոնե տարրական հիմունքների իմացություն:
Դասընթացի նախնական ժամատախտակը (ենթակա է մասնակի փոփոխությունների).
hոկտ. 1 Հնդեվրոպաբ. ներածություն
Նախալեզվի վերակազմ. սկզբունքները. Նոստրատիկա Հնդեվր. հնչ. համակարգի արտացոլումը հայերենում Հնդեվր. հնչ. համակարգի արտացոլումը հայերենում (գործնական պարապմունք)
hոկտ. 2 Հնդեվր. նախահայրենիքի խնդիրը
Բնիկ և փոխառյալ բառեր
Միջերկրածով. և եվրոպ. ենթաշերտ Հայկական/հնդեվրոպական տարրը Հայկական լեռնաշխարհում
Հայասա. Վիշապակոթողներ Հայերենի բարբառները
Հնչ. և ձևաբ. դասակարգում և վաղ զուգաբանություններ
hոկտ. 3 Գրաբարի հոլովումը և խոնարհումը
Փոքր տեքստերի ընթերցում (մի մասը’ ձեռագրերի լուսանկարներից) Հոլ. և խոն. համակարգների հնդեվր. ակունքները Հոլ. և խոն. համակարգների զարգացումը բարբառներում
hոկտ. 4 Բառաքնն. և ստուգաբ. սկզբ.-ները
Հնչյունափոխության տեսակները
Տաբու և էվֆեմիզմ Հնաբանություններ և նորաբանություններ բարբառներում Բառաքննություն և ստուգաբանություն (գործնական պարապմունք)
hոկտ. 5 Հայոց լեզու և մշակույթ
Ազգակցական, երաժշտական և գորգագործական բառերի քնն. Հայոց դիցարանի հնդեվրոպական ակունքները. Բնիկ և փոխառյալ դիցանուններ ու ամսանուններ «Սասնա ծռեր» էպոսը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վանաձորցիներին տեղեկացնում ենք, որ այս դասընթացը կանցկացվի նաև Վանաձորում’ հոկտ. 23-26-ին: Այս մասին կտեղեկացնենք լրացուցիչ հայտարարությամբ:
Հրաչ Մարտիրոսյան (Լեյդենի համալսարան)
Դասընթացի տեղեկատվական աջակիցը ARMSCOOP գիտական ցանցն է
Հետաքրքիր է