ԱՆՏՈՆԻՍ ՍԱՄԱՐԱԿԻՍ | Արևը այրում էր ուժեղ

Անտոնիս Սամարակիս

Անտոնիս Սամարակիս  (Αντώνης Σαμαράκης)  (1919-2003թթ.)
Հույն ժամանակակից գրող, հունական դիմադրության շարժման մասնակից, նացիստների կողմից մահվան դատապարտված, սակայն հրաշքով փրկված: Նրա ստեղծագործությունները ամենից շատն են թարգմանվել օտար լեզուներով: Նա մի քանի վեպերի ու պատմվածքների ժողովածուների հեղինակ է:
Ներկայացվող պատմվածքը  «Պահանջվում է հույս» ժողովածուից է (1954թ.)

Ժամը համարյա տասնմեկն էր: Վաղ առավոտից թափառում էր փողոցներում: Վաղ առավոտից՝ ժամը յոթից դուրս էր եկել իր սենյակից, որը գտնվում էր մի փոքրիկ բակում՝ բանջարեղենի խանութի ետևում: Այդպես աննպատակ թափառում էր, ոչ գիտեր, ոչ էլ մտածում էր՝ ուր է գնում:
Արևը այրում էր ուժեղ…
Բերանում չոր դառնություն էր զգում: Երկու օր էր՝ ոչինչ չէր կերել:
-Գրողը տանի, ոնց եմ դիմանում քաղցին, ինքս էլ չեմ հասկանում,- մտածեց անուշեղենի խանութի կողքով անցնելիս:
Այդպես ամեն առավոտ շատ վաղ դուրս էր գալիս իր սենյակից, իսկական մկան բույն: Սկզբնական շրջանում իր տանտիրուհուց ուշ էր արթնանում, որը, հենց նրան տեսնում էր, սկսում էր անդադար փնթփնթալ, ապա նաև հայհոյել վարձը ուշացնելու համար: Այդ իսկ պատճառով նա սկսեց դուրս գալ տանից առավոտ ծեգին և վերադառնալ կեսգիշերն անց, երբ տանտիրուհին արդեն քնած էր լինում:
-Քեզ երևի թվում է՝ այստեղ գործազուրկների նախարարությունն է, – ասում էր այդ գեր կինը խիստ տոնով:
Նա իհարկե միանգամայն իրավացի էր, բայց դե ինքն էլ անելանելի վիճակում էր: Գործազուրկ էր արդեն ութ ամիս, ծախսել էր բոլոր խնայողությունները, և հիմա՝ այն պահին, երբ ուժասպառությունը հասնել էր իր գագաթնակետին, գրպանում մնացել էին ինչ-որ կոպեկներ միայն, որ հազիվ կբավականացնեին մի ափսե ապուր ուտելու:
Բայց ոչ: Իր վերջին կոպեկներն ինքը չի ծախսելու ինչ-որ ապուրի վրա: Այլ բան կանի. կգնի վիճակախաղի տոմս: Հաստատ: Խաղարկությունը կկայանա երեկոյան ժամը վեցին: Ինքը դեռ առավոտվանից էր դա մտածել: Անսահման հույս ուներ, որ շահելու է, գուցե հենց առաջին թվից:
Արևը այրում էր ուժեղ…
Իր գործազրկության ութ ամիսների ընթացքում բազմաթիվ դռներ էր թակել. ոչ մի տեղ չէր կարողացել գործ գտնել: Նույնիսկ հասարակ բանվորի աշխատանք էր փնտրել ճարահատյալ, սակայն իր ձեռքերը գրասենյակային աշխատանքի էին վարժվել, այդ իսկ պատճառով նրան ոչ ոք բանվորի գործ չէր տալիս: Թեպետ բանվորական աշխատաշուկան առանց նրա էլ շատ հագեցած էր, գործազուրկ բանվորներ էլ շատ կային:
Եվ ուր ասես չէր վազել այդ ութ ամիսների ընթացքում նա: Թակել էր դռներ, բարձրացել էր բազմաթիվ աստիճաններ. անարդյունք: Եվ այդուհանդերձ, այդ իսկ պատճառով հիմա ինքը վիճակախաղի տոմս կգնի: Եվ կշահի: Անսահման հույս ուներ, որ շահելու է:
Փողոցի անկյունում մի խումբ մարդկանց տեսավ: Ինչ-որ վթար էր տեղի ունեցել: Երկու մեքենաներ էին բախվել իրար. մի բեռնատար և մի շքեղ մեքենա: Փողոցը կենտրոնական էր, երթևեկությունը դժվար:
Գնաց և կանգնեց մյուսների հետ: Ամեն մեկը վթարի իր տարբերակն էր պատմում: Ճանապարհային ոստիկանը փորձում էր հսկել իրավիճակը: Նա պահանջեց բոլորից ցրվել, որովհետև գնալով մարդկանց թիվը շատանում էր՝ խանգարելով մեքենաների երթևեկությանը: Շարունակեց քայլել, բայց մտքում պահեց վթարի ենթարկված շքեղ մեքենայի համարը՝ 70446: Ուրեմն, մտածեց, վիճակախաղի տոմս կվերցնի, որը վերջանա 6-ով:
Արևը այրում էր ուժեղ… Անցած շաբաթ փորձում էր ժամանակ սպանել կինոթատրոններից մեկում: Մի հասակավոր մարդ, որ ոսկեգույն եզրերով ակնոց էր կրում, իրեն աչքով արեց: Միասին գնացին կինոթատրոն: Այդ հասակավոր մարդն իրեն փող առաջարկեց. հիասթափություն, սրտխառնոց…
-Ահա՛ ձեր հաջողությունը, մի ժամից վիճակահանությունն է,- բղավում էր մի փոքրիկ տղա վիճակախաղի տոմսերը ձեռքին:
Չէ, ինքը հենց այս պահին չի գնի վիճակախաղի տոմսը, վիճակահանությունը մի ժամից չի, այլ երեկոյան, դեռ ժամանակ կա: Ինքը ավելի ուշ կգնի: Եվ կշահի: Անսահման հույս ուներ, որ շահելու է: Գուցե հենց առաջին թվից: Շահելու է:
Արևը այրում էր ուժեղ… Ծարավ զգաց: Մտավ մի սրճարան և քայլեց մինչև խորքը: Մի բաժակ ջուր խնդրեց: Տվեցին: Դուրս գալուց հայացքն ընկավ սեղանին դրված թերթի վրա: Մի քանի վերնագրեր կարդաց: Տեսավ և հայտարարությունների բաժինը: Ինքն արդեն հասցրել էր հիասթափվել թերթերի հայտարարություններից, որոնք աշխատանք են առաջարկում: Այլևս ուժ չուներ այլ դռներ թակելու, այլ աստիճաններ բարձրանալու: Սակայն, անկախ իր կամքից, կարծես ինչ-որ անտեսանելի ուժի դրդմամբ, այնուամենայնիվ կարդաց: Տեսավ մի հայտարարություն, որում ասվում էր. «Պահանջվում է գրասենյակային աշխատող, 30-35 տարեկան, բարձրագույն կրթությամբ. Առևտրի նախարարություն, Խրիմաստիստիրիու 14բ փողոց, ժամը 13-14»:
Դուրս եկավ: Արևը այրում էր ուժեղ… Ավելի ու ավելի ուժեղ էր զգում, որ ուժերը սպառվում են: Սկսեց թափառել մեծ ու արագ քայլերով: Այնուամենայնիվ թափառել:
Նրա կողքով մի սպա անցավ արագ ու հպարտ քայլվածքով, այնքան արագ, ինչպես մրցավազքում կանցներ: Ողջ ուժերը հավաքեց: Սկսեց արագ քայլվածքով հետևել սպային: Արագ քայլքից կարծես կենդանացավ, աշխուժացավ: Բայց առաջին րոպեներին միայն: Հետո թուլացավ էլ ավելի:
Բերանում ավելի չոր դառնություն էր զգում, քան առավոտյան: Ավելի ու ավելի: Չէ, չի գնալու Առևտրի նախարարություն: Հաստատ:
Առևտրի նախարարությունը վեցերորդ հարկում էր: Փառք Աստծո, որ վերելակ կար: Այլապես ոտքով չէր բարձրանա: Հաստատ: Մոտեցավ վերելակին: Աշխատակիցը վերելակի կողքին փակցված գրությունը ցույց տվեց.
ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Բարձրացավ ոտքով: Աստիճանները նրան անվերջանալի էին թվում: Բարձրանում էր ու բարձրանում… Հասավ չորրորդ հարկ: Դռների ապակիների մեջ հանկարծ իրեն տեսավ… մորուքը: Վաղուց չէր սափրվել: Ո՞նց գնար աշխատանքի ընդունվելու այդ դեմքով: Հաստատ իրեն կվռնդեին հենց դռների մոտից: Հաստատ:
-Ձախից վերջին դուռն է,-ասաց նրան մեկը վեցերորդ հարկում:
Առաջ գնաց սափրված, մաքուր դեմքով:
-Նե՛րս մտեք,-ասաց մի կանացի ձայն:
Երիտասարդ աղջիկը այդ պահին հեռախոսով էր խոսում: Կանգնեց դռան մոտ և սպասեց:
-Ուզում եմ Ձեզ ասել…
Հեռախոսը զանգեց նորից: Երիտասարդ աղջիկը վերցրեց լսափողը.
-Ալո՛, այո, վերջնահաշվարկը պատրաստ կլինի վաղը կեսօրին: Այո, հարյուր քսան կիլոգրամ: Խնդրեմ:
-Ուրեմն… ուզում էի Ձեզ ասել այն…
Նորից հեռախոսազանգ:
-Ալո՛, ինչպե՞ս Մի վայրկյան սպասեք՝ նայեմ: Երիտասարդ աղջիկը ինչ-որ գիրք բացեց և սկսեց ինչ-որ բան փնտրել:
Նյարդային շարժումով ձեռքերի մեջ պինդ սեղմեց գլխարկը: Նայեց պատին: Օրացույցին, օրացույցի վրա արված շրջանակներին: …Ներսից տղամարդու կոպիտ ձայն լսվեց.
-Շատ լավ: Ապրանքափոխանակությունն անպայման կլինի, շեֆ:
Իսկ աղջիկը վերջապես գտավ ինչ փնտրում էր.
-Ալո՛, համարն ասեմ գրեք. երկու, ութ, զրո, զրո: Այո, երկու զրո վերջում: Օրեվուա՜ր:
-Եկել եմ այն աշխատանքի համար… Թերթում տեսա, բարձրագույն կրթություն ունեմ, հաշվապահություն էլ գիտեմ և …
Տեսնելով աղջկա դեմքի արտահայտությունը՝ կտրուկ դադարեց խոսել:
-Ցավում եմ, այ եթե եկած լինեիք մի տաս րոպե առաջ… Արդեն մեկը եկավ ու…
Չգիտեր՝ ինչ ասեր:
-Մի տաս րոպե առա՞ջ: Եկել էի, ավելի շուտ էի եկել, ուղղակի գնացի սափրվելու: Հասկանո՞ւմ եք: Սափրվելու էին գնացել: Ես ավելի շուտ էի եկել:
Երիտասարդ աղջիկը նրան նայում էր անձայն: Նկատեց որ շագանակագույն աչքեր ունի: Քայլեց դեպի դուռը:
-Ահա՛ ձեր հաջողությունը, ժամը մոտենում է:
Մայթով քայլելիս նրան այսուայն կողմից հրում էին ինչ-որ տեղեր շտապողները:
-Ահա՛ ձեր հաջողությունը:
Ակամա հայացքն ընկավ ինչ-որ խանութի հայելու մեջ երևացող իր դեմքին: Մաքուր, սափրված դեմքին:
-Ահա՛ ձեր հաջողությունը:
Մի քանի րոպե իր դեմքին էր նայում հայելու մեջ: Հանկարծակի սկսեց ծիծաղել, անզուսպ ծիծաղել:
Արևը այրում էր ուժեղ:

 Թարգմանությունը հունարենից` Շուշան Կարապետյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *