Շուշանիկ Ասատրյան | Աղբից մաքուր Համոն

Համոն զիբիլ թափող է, ունի ընկերներ` լիքը, կենդանիներ, ունի, ամեն ինչ, անգամ հարեւանի մարդու սիրուհու կրծկալը, մի օր կինը շուտ պիտի գար, ափալ-թափալ հավաքվել էին, Համոն անցնում էր, զիբիլը թափելուց հանդիպեց 2-րդ համարի ռմբարկու Կառայի կրծկալին։
Համոն շատ կարդացած տիպ է, գիտի, որ առանց իր օգնության կռիսների փայ կդառնան։ Համոյի մերն ասում էր.
– Սովորի, բալա, որ մեր պես էս դոմիկում չմնաս։
Համոն գլուխը թնգթնգացնում էր, իբր կանի մոր ասածը, հիմա մի քիչ ջուր է խմում մորը հիշելիս, դե կուզեր գոնե ջղայնանար, գոնե, բայց լիներ։
Համոյին ասում էին, որ ամուսնանա, ա՛յ, այդ ժամանակ էլ գործ կգտնի, բայց պապան էլի ճիշտ էր, գործը պիտի դեմից գտներ, հետո կինը, ախմախը մեծին չլսող եղավ։
Դոմիկը փոքր էր, ապրելու ուրիշ տեղ չէր կարա գնար, հաստատ ոչ մեկ օրական 2000 դրամ ստացողին տուն չի տա։
Համոն զիբիլն էր տանում թափելու, հարցնում էր Իզա տատի առողջությունից, կատուները աղբանոցի ձագեր էին ունեցել, զիբիլից ջոկում էր լավ թիքյաները, կերակրում, մինչեւ մերը մյուս զիբիլից մի բան ուտի, կուրծքը կաթ լցվի, որ ձագերին տա։
Համոյին ասում էին, որ կինն ավելիին է արժանի, Համոն համաձայն էր, ասում էր թող գնա, կյանքը նորից սկսի, ինքը մի քանի տարի էլ զիբիլ է հավաքելու, եթե ոչ սաղ կյանքը, պիտի հավաքի, բան է ման գալիս։

Համոն գիտեր շատ բաներ, դեռահաս Ալինկայի բալիկի արդեն գոյության մասին, որ սկի տնեցիք խաբար չէին, գիտեր Ալինկայի սրիկա ֆռֆռացնողի առաջարկած բժշկի համարը` Լյով Անտոնիչի, Ալինկան էր զիբիլը գցել` կռվից հետո։
Համոն ուտել շատ է սիրում, Համոյի համար կարեւոր է համեղ ուտելը, դոմիկը կոկիկ ու մաքուր է, կինն էլ միշտ սեքսուալ կոնքերով կատվի պես հենվում է աթոռին, իբր, արի, քեզ համար ուտելիք եմ պատրաստել, իբր նոր ուտելիք։ Էսօր կուտեն վերմեշիլ, վաղը մածունով վերմեշիլ, մյուս օր տոմատաջրով վերմեշիլ, հաջորդ օրը գրեչկա, տոն օրերին` բորշչ, բայց առանց մսի։ Կնոջ ծննդին` անպայման թթու ծաղկակաղամբ ու խաշած կարտոֆիլ։
Էս Համոն իր կնոջն առաջին անգամ տեսել է հարեւան զիբիլանոցում` կորցրել էր տունը, անգործ էր ու անտեր, դե Համոն էլ կատուներին շատ է սիրում, էս կատվին տարավ դոմիկ, պահեց, ազատ էր ուզում թողներ, էն էլ գնացին եկեղեցի, մոմ վառեցին, միացան։
Համոն ուտելն ավելի շատ էր սիրում էն ժամանակ էլ, ամուսնության, կենակցման ու սիրո առիթով, խոստովանությունը եղավ սենց` կինը թթվի գիժ էր, Համոն զզվում էր, որ ծաղիկը քաղում էին, բայց կինը ծաղիկ էր ուզել, Համոն գնաց դուրս, ներս եկավ 1 կիլոգրամ կարտոֆիլով, նստեցին, կինը տխուր էր, Համոն հանեց ծաղկակաղամբն ու ասեց.
– Լսիր, փիսո, ես ուտել շատ եմ սիրում, դու իմ համար ծաղկակաղամբի պես համով ես ու թանկ, ֆռթցնելով սկսեց ուտել ծաղկակաղամբը։
Կինը փայլող աչքերով նայում էր Համոյին, ոչ մեկ տենց չէր սիրել իրեն` ծաղկակաղամբի պես, ջիգյարով ու թթվաշ։
Առավոտները սիրում էր Համոն, աղբը հավաքելիս մենակ չէր լինում, մենակ իր համար չէր, որ ապրուստի փող էր աղբ հավաքելը։ Կեսօրին բարձրանում էր շենքերով, հեչից 500 դրամ ամեն շենքից ստանում էր, դե մարդիկ ալարկոտ են, ինքն էլ նենց չէր ուրախ էր դրանից, ուղղակի պետք էր ալարկոտությունը։ Մի օր խնդալով տուն եկավ, կնոջ հետ ամբողջ գիշեր հռհռում էին, ցույց տվեց, որ Զառա տատը աղբի տոպրակին սիրո խոստովանություն է կպցրել, խնդրել է, եթե Համոն նույնը չի զգում, էլ չգա զիբիլը տանելու։
Համոյի համար մեկ էր, թե դու ինչ ես քշում, կամ ով ես, մեկ է գնում ես զուգարան ու հավասարվում բոլոր տեսակ մարդկանց։
Ինքն անգամ թքած ուներ քո կոշիկների վրա, հազար անգամ զիբիլից հանած կոշիկի տակացուներ է ծախել կենտրոնական խանութների պահեստներին, ով էր խաբար որ։ Համոն էլ, հո, լավ գիտի, թե քանի շուն է միզել տակացուի վրա։
Համոյի գործերը լավանում էին, տուն չէր առնի, բայց արդեն հողատարածք ունի, կինն էլ լավ ձեռք ունի, պեռաշկիից հասել է հատուկ տորթերի, արդեն գիտեն իր սարքածները, հաստատ ցեմենտի փողին կհերիքացնեն, տուն կդնեն։
Կինը չի գնա, որովհետեւ Համոն զիբիլի մեջ կնոջ խելքն էր ման գալիս, տենց էլ չգտավ, պարզվեց, որ խելքը տեղում է, ուղղակի սիրում էր, տենց էլ է պատահում, ոչ սիրես աղբ հավաքողին, հա, դա նորմալ է, մարդն աշխատում է, չի խմում, չի ծեծում, ուղղակի աղբ է հավաքում։
Համոն տնից հետո կհասնի մեքենային, երեխա կունենա, Համոն ամեն բանի էլ կհասնի, բայց իր տան զիբիլը կթափի, կհիշի, որ կյանքը մեկ-մեկ զիբիլի մեջ ես ճանաչում։
Համոն զիբիլ սիրում է, կյանքը չսիրել չի լինում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *