Վադիմ Լևենտալ | Անդունդի առափը

Մայրիկն ու հայրիկը միշտ ասում էին «երեք տասնվեց», երբ անհրաժեշտություն էր առաջանում ինչ-որ բանի սկիզբ դնելու, և դա հավանաբար կապված էր 0,62 թվի հետ, քանզի աշխարհը մարդկության մասով կառուցված է՝ ըստ ոսկե հատման պարույրի, իսկ ինչ վերաբերում է սկզբին, ապա պարույրը սկսում է պտտվել կամրջի ձախ հատվածից, այն տեղից, որտեղ առափին՝ Ամառային այգու դեմ դիմաց, դարպասից դարպաս վեր է խոյանում մի առանձնատուն, որը հիմա բլա-բլա-բլա լիազորի ապարատն է, իսկ ժամանակին զագս է եղել, որտեղ և ստացել եմ անունս։
Ավելի ձախ՝ դրա կողքին, (մամուռի պես ծլած կանաչը պատել էր Պետրոսի փոքրիկ պարտեզը) փոքրիկ պարտեզն է, որտեղ վերջին անգամ զբոսնել էի տատիկիս հետ, և ոչինչ չեմ հիշում՝ բացի նրանից, որ օդն ինքնին հասուն ցորենի գույնի էր, այնպես որ և՛ այդ փոքրիկ պարտեզը, և՛ առհասարակ ութսունականները մշակութային այն շերտի խորքում, որտեղ ես եմ գտնվում (չես կարող չէ՞ այն հիշողություն անվանել), փայլատակում են այդ նույն հավասարապես հագեցած դեղին գույնով, ինչպես մանկապարտեզի «փոքրիկ գաղտնիքը»։ (Ի դեպ, երբեք չեմ հասկացել, թե ինչ նկատի ունեն, երբ գորշ են անվանում խորհրդային տարիները, ինձ համար գորշ էին իննսունականները անվերջանալի կիսախավարի (շքամուտքերի, բակերի, վիդեոսրահների, կրպակների շարքերի) պատճառով)։
Ուղեղի երկրաչափությունն ավելի բարդ է քան եռաչափ տարածության երկրաչափությունը, և այստեղի պարույրները շրջակա աշխարհի վրա առաջաձգվելիս կարող են վերածվել ուղիղ անկյունների, հնչյունների ռեվերբացիայի կամ մարմնի շարժումների։ Այդ պատճառով էլ ես կարող էի և չգրել այս ամենը, մինչև որ գլխի չընկնեի, որ պետք է նստեի և ձեռքով գրեի․ հարկավոր է շարժում անել, թեկուզև աննկատ, ինչպես, օրինակ, երբ թեքում ես գլուխդ։
Այժմ հաճախ եմ քայլում, այն տեղով, ուր քարայծերի հոտն է փչում, գազանանոց է, Պետրոգրադյան կողմի հետևի մասը փակում է Պետրոպավլովյան ամրոցը, և Կրոնվերսկի նեղուցը լպստող առափի աղեղով՝ լսելով, թե ինչպես են բարձրախոսներից գետերով և ջրանցնքներով զբոսնելու հրավիրում դանդաղաշարժ զբոսաշրջիկներին (մեր նավակը շարժվում է մեկ րոպեից, շտապե՛ք)։
Կարծում եմ, որ Պետրոպավլովյան ամրոցը ավազահատիկ է, որը ժամանակին ծնվել է Նևայի՝ մամուռով և տիղմով պատված փափուկ ընդերքում, իսկ ես՝ Լենինգրադում՝ Լև Տոլստոյի փողոցի վրա գտնվող ծննդատանը։ Պետերբուրգը ցավից է վերաճել՝ շերտ առ շերտ պատվելով առափներով և սյունաշարերով․ այդ առումով կարծես նման ենք միմյանց, նկատի ունեմ շերտերից բաղկացած լինելը։
Այդպիսով՝ հորիզոնական շարժումը (մոտավորապես, ինքնին հորիզոնական) կամրջի աղեղով վերաճում է շարժման դեպի ընդերք, որով գիշերը սլանում եմ տաքսիով՝ կյանքի հանդեպ սաստիկ սիրո սուր բռնկմամբ (բանը, իհարկե, ամֆետամիններն են), իսկ հակառակ կողմից քայլում եմ՝ տուն վերադառնալով մի աղջկա մոտից, որը երկու դեմք ուներ․ սովորական և մեկ ուրիշը, երբ ժպտում էր․ ու տեսնում եմ ինձ Պետրոպավլովյան լողափից վերադառնալիս, որտեղ զբոսնում եմ որդուս հետ, սառցաբեկորներ ենք պոկում և նետում դրանք հալվող Նևայի մեջ, և հարյուրավոր անգամները, երբ անցնում էի այդ կամուրջը՝ այս կամ այն կողմ շարժվելով։ Այդ թիվը պետք է հաշվելի լինի, քանզի ժամանակին դա տեղի է ունեցել առաջին անգամ, հետո երկրորդ անգամ և այդպես շարունակ, բայց կան բաներ, որոնք չի կարելի հաշվել։
Հայտնի չէ անգամ այն զույգ թիվ է, թե ոչ, որովհետև տեղաշարժման եղանակներն այստեղ երկուսից շատ են․ կարելի է գնալ Դվորցովի առափով, որտեղ մայրիկիս հետ մտնում ենք Գիտնականների տան սրճարան (շինություն, որի սյունասրահի տանիքը պահում են գարգուլյաները), որպեսզի կաղնե սրճարանում մեկ գավաթ խերես խմենք, կարելի է Դվորցովի կամրջով, որով անցնում եմ ուշ սեմինարից հետո Համալսարանից վերադառնալիս՝ դեմքս ձնից գլխարկով փակելով, կարելի է Ստրելկայով, որի մարմարյա սալաքարերին նստում եմ դարձյալ ես և ասմունքում եմ ապագա կնոջս համար․ Պետերբուրգի շարժը շրջանաձև շարժ է։ Կամ եթե հիշողությունը (իհա՛րկե հիշողությունը, այլ ոչ թե ժամանակը) չորրորդ տարածություն համարենք, ապա պարուրաձև է։
Բոլորը՝ կանայք և տղամարդիկ, երեխաները, մեծահասակներն ու ծերուկները, քաղաքի բնակիչներն ու զբոսաշրջիկները, ավտոբուսները, տրոլեյբուսներն ու տրամվայները, շարժվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ կամ դրան հակառակ՝ շրջանագծերով կամ պարուրագծերով, որոնք այստեղ ավելի շատ են, քան երկնքի աստղերը (նորից մուտք ենք գործում պայմանականորեն հուսալի հաշվարկի ոլորտ)։ Այդ ամբողջ շարժման, խոսքի, ծաղիկների և հպումների բռնկման մեջ (դա լինեն «Ավրորայի» կողքին դիմավորված լուսաբացը, մատրյոշկաները, որոնք վաճառել էի Ստրելկայի վրա, կամ խորաթափանց հպումները Մարսի դաշտում մթնշաղին) կա մի կույր բիծ, մի տեղ, ուր լեզուն չի հասնում։ Որովհետև պարույրի մեջ կա մի գոտի, որը նկարագրում է այն, կենտրոնը, որտեղ երբեք չեն հայտնվում դրանով շարժվողները, նույնիսկ այն նկատելն այնքան էլ հեշտ գործ չէ, որպեսզի անես դա, պետք է կանգ առնես և այս ու այն կողմ շրջես գլուխդ։
Նման կենտրոն կա նաև իմ ներսում․ անթափանց խավարի սերմը, որը, ինչպես ինձ միշտ թվացել է, ոչ մի կապ չունի ինձ հետ․ ես գոյություն ունեմ այդ խավարի շուրջ, որի մեջ չեմ կարողանում հայացք գցել։ Հիշողությունս, հետաքրքրություններս, այն ամենը, ինչի մասին մտածում եմ (չգիտես ինչու այդ բառն ուզում եմ չակերտների մեջ առնել), այդ բոլորն անկայուն կերպով ամրացված են ներսումս ինչ-որ տեղ, որի գոյության մասին կարող եմ միայն ենթադրել՝ ըստ հեռավոր ուղեծրերի ձգողականության ուժի և դրան մոտենալիս անընդհատ աճող վանողական ուժի․ չեմ կարող նայել նրա աչքերի մեջ, ով նստած է այնտեղ․ կարծես թե խաղի կանոններն են այդպիսին։ Երբեմն, երբ սիրով եմ զբաղվում, երևակայում եմ, թե լսում եմ նրա շնչառությունը, և դրանից վատ եմ զգում ինձ․ ըստ էության՝ սիրով զբաղվողը նա է, այլ ոչ թե ես․ ես ընդամենն առնանդամի նման մի գործիք եմ։
Կենտրոն ունի նաև Պետերբուրգը․ Պետերբուրգի կենտրոնն անդունդն է։ Պատկերացնում եմ, որ այն մի անդունդ է, ուր թագավորը նորից ու նորից նետում է գավաթը, և իջնել այնտեղ ու փնտրել այն կակուղ տիղմի մեջ նշանակում է հանդիպել ամենամռայլ հրեշի հետ, որին ունակ է ստեղծելու մարդկային երևակայությունը։
Նևայի ջրերի մակերևույթը թաքցնում է մեզանից այդ անդունդի տեսարանը, մենք տեսնում ենք միայն երկնքի արտացոլանքը, որի վրայով անցնում են նավերը, միմյանց արտացոլող երկու անդունդները միավորվում են՝ ինչ-որ մի բանի գոյության պատրանք ստեղծելով։ Բայց իրականում ոչ մի գոյություն էլ չկա, կատարյալ դատարկություն է, արտացոլանքի արտացոլանք։ Եվ հենց այդ սյան շուրջ էլ ինչ-որ կերպ կառչելով այդ անգոյության ծայրերից՝ աճել է իմ քաղաքի պոլիպը, որտեղ մեծացել եմ։ Մի օր կչքանամ մահվան քացախի մեջ, և այն ամենը, ինչ կառչել է ինձանից, այն ամենը, ինչ աճել է, և այն ամենը, ինչ վերցրել եմ այստեղից՝ քաղաքից, ամբողջը՝ Կիրովյան կամրջի վրայի լուսաբացներից և մայրամուտներից ստացած հիացմունքը, բոլոր զբոսանքները, համբույրները, ըմբոշխնած գինին, ընթերցված գրքերը, կյանքին լիակատար մասնակցության պահերը, կմաքրվեն և կվերադառնան քաոս, որից որ վերցվել էին։ Քաղաքս մի փոքր ավելի երկար կգոյատևի, բայց այն նույնպես (ինչպես որ հայտնի էր ամենասկզբից) աստիճանաբար կտեղաշարժվի, Զայաչի կղզու ավազի վրայով կսահի, ներքևում՝ ջրի տակ ծանր նստվածք կտա, կձուլվի սառը խավարին, և Պետերբուրգը կդադարի գոյություն ունենալուց, և նորից կմնա միայն Մեծ Նևայի անանուն, դատարկ անդունդը, որը մենք բնակեցնում ենք հրեշներով հավանաբար միայն այն պատճառով, որ շատ ավելի սարսափելի է մտածել, որ այն լիարժեք դատարկ է։

Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *