էլլա Կանեգարիան | Անվերջությունն ու կոմունալները

էսսե իրականի ու ռոմանտիկի բախման մասին

«Ես վախում եմ, որ եթե հիմա, օրինակ, ընտրեմ նստել մտածելը, կամ մի 10 րոպե ավել ինքս իմ հետ մնամ որ ներսս կարգի բերեմ` հետո կմնամ սոված ու կդառնամ բոմժ: ..»

Ընկերուհիս առավոտով կիսվում էր հետս իր անհանգստությամբ, իսկ ես՝ հեռախոսն ականջիս, փորձում էի տեղերից դանդաղ վեր կենալ, որ արդյունքում ձգվեմ դեպի խոհանոց սուրճ սարքելու՝ վանիլով կամ դարչնով, կամ` քրդական կաթով: Աչքերս դանդաղ բացեցի, փորձելով անկախ առավոտվա համար ծանր թեմայից ու էս զանգից, սիրուն զարթնել: Հայացքս սահելով գնում էր` սկզբում ընկնելով հին փայտե մահճակալին, հետո` դրա վրա գցված տարբեր տեքստուրաների ու գույների հնդկական սավաններին, հետո` իմ ոտքերին՝ արևից սիրուն մգացած ու յուղից փայլող, որոնց երանգը գործած սպիտակ գուլպաներից ավելի էր սիրուն նայվում:

Էս էն մանր սիրուն պահերից է, որոնք վիզուալ էնքան են դուրդ գալիս, որ նայելու փոխարեն ուզում ես կիսել համայն աշխարհի հետ, որովհետև արդեն սովոր ես, որ քո ու Էգոյիդ բավարարման արանքում միլիոնավոր մարդ պետք է լինի: Նման պահերը երևի նրա համար են, որ մեջը լինես, դու զգաս, ոչ թե միանգամից քեզ հանես մեջից ու կողքից նայես, բայց մենք արդեն վաղուց այլ կերպ ենք սովորել: Ընկերուհիս շարունակում էր. «Օրինակ ես խի՞ պտի անվերջության կամ կյանքի իմաստի մասին մտածելու փոխարեն նստեմ ջրի հարցերով զբաղվեմ, որ տեսնեմ խի են անջատել: Մենք ինչ ենք անում, հիմա լավ փող ունենք, շատ ենք վիզ դնում, փառթի բան ենք գնում, որ ցրենք գերհոգնածությունը, օրվա կեսը կաֆեներում ենք, բա ասենք մեր թոշա՞կը: Կենսաթոշակային ֆոնդը կփակի էդ հարցը, թե էլի մի բան կլինի ու ես էլի կիմանամ, որ պետությանս չի լինի վստահել: Կամ ինչ ա լինելու, եթե օրինակ արտիստ ես ու երբեք ոչ մի տեղ չես աշխատել: Չգիտեմ խառնվում եմ, բայց շատ եմ ուզում ՀԻՄԱ ապրեմ, վայելեմ էս լույսը, էդ տերևը, քո նման լռվեմ օրերով մտածեմ խառը բաների մասին, որը կարող ա ինձ հեչ էլ պետք չի, բայց վախում եմ, որ 70-ում դրա պատճառով կդառնամ էն ծեր տատիներից, ովքեր կոկիկ հագնված նույն ձևի կոկիկ զիբիլն են փորփրում ու նույն ձևի էլ ձմեռվա ցրտին կոկիկ-կոկիկ մեռնում փողոցում: Բայց սաղ մի կողմ, ջուրս կտրվել ա, ու ես չգիտեմ խի, խի պետք ա հենց հիմա երբ ուզում եմ լողանամ դա չանեմ ու խի պետք ա դնեմ առավոտս սկսեմ էդ հարցերով զբաղվելուց ոչ թե ինչ-որ ուրիշ բանից»:

Ընկերուհիս շարունակում էր պատմել, թե մի հասարակ զանգը «ջրի մարդուն» առավոտով որքան իրեն տխրեցրեց ու ապամոտիվացրեց: Ես նրան լսելով դանդաղ հագնվում էի ու մեկ էլ նկատեցի, որ էս 50-ականների տան կռիշը գիշերվա անձրևից կաթել է: Ամռանը լավ էր ու 50-ականների տան տարիքը չէր նկատվում, իսկ հիմա մանրից նման դետալների տակ հնարավոր է դրա ողջ հմայքը ճկռի ու կոտրվի…Հմայքը տենց բան ա, կենցաղում ա մենակ կորում ու փլվում: Էս տունն էլ հեսա, կդադարի ինձ դուր գալ իր անաղմուկ առավոտներով ու պատուհաններից ընկնող փափուկ լույսով, եթե իհարկե ես չփորձեմ դրա դեմն առնել ու լուծեմ կաթացող կռիշի հարցն ինքնուրույն, առանց YOUTUBE մտնելու ու Նիկոլի լայվին սպասելու: Բայց, նախ, պետք է ընկերուհուս լսել, հետո տխրել մոլորված ու հեշտ ապամոտիվացվող սերնդի ու իմ համար, հետո հասկանալ՝ կռիշի հարցը ես կլուծեմ, թե կորոշեմ դրա մեջ էլ տեղափոխվելու նշան տեսնել ու այդպես էլ կթողնեմ- կփախնեմ էս մի տնից էլ:

Բայց ամեն դեպքում էս առավոտով չարժե էսքան ծանրանալ, հատկապես, որ սուրճս էլ վերջացել էր ու պետք է ստիպված հագնվեի՝ խանութ գնալու համար:

Բաճկոնս հագա ու դուրս եկա:
Քաղաքը դանդաղ զարթնում էր ու առհասարակ, քաղաքը դանդաղ է, գործողությունները՝ մինիմալի հասցված, ռիթմը` սպեռված, եթե չհաշվենք ակտիվ ստեղ-էնդեղ սլացող մեքենաները, որոնք կարող է նաև չլինեին էլ, որովհետև իրենց տերերից ոչ բոլորն են աշխատանքով ապահովված, կեսը պարզ չի թե ոնց են ապրում ու մի հատ էլ մեքենա քշում, կամ, առհասարակ, ինչին է պետք մեքենան տենց արագ քշել, եթե շտապելու գործ, վռազ բան չունի անելու` բացի տղեքի հետ ուռելուց: Կտրեցի մանրից ֆաշիզմի հասնող մտքերս, որ վերջում աբսուրդ տեղ չտանեն ու հասկացա, որ ավելի լավ է դուրսն արևին մի տեղ նստեմ ու սուրճ խմեմ, քանի տաք է ու սիրուն լույս:

Կարմրավոր եկեղեցու կողքին սրճարան կա: Էդտեղ ծառերի տակ նստեցի: Ստեղ կտրված է փողոցի ձայներից ու կարելի է հանգիստ մի քանի րոպե նստել՝ առանց քարկոծվելու իրականությամբ: Վարդագույնի ու ծիրանագույնի խառնուրդով լույսը դեղնած տերևի մեջից ընկնում է իմ աչքերի մեջ:

«Էս լույսի պատճառով մենք ունեցանք Վերածնունդը»,- իմ Իտալիա գաղթած ընկերներից մեկի բառերն էկան մտքիս ու հետո կոտրվեցին էն կետում, որտեղ հիշեցի, թե ինչ արագ ինքն ասիմիլացվեց ու մտավ այդ իտալական ՄԵՆՔ-ի մեջ՝ մի կողմ թողնելով իր նախորդ ամերիկյան, հետո հայկական մենքերը: Ինչ հետաքրքիր ա չէ հայ լինելը, նշանակում ա դու համարյա ամեն ինչ ես: Հայ լինելու համար երևի պետք է լինել բավականաչափ պինդ, որ դիմանաս ու ձգես ու բավականաչափ լղոզված, որ կարողանաս հարմարվել ու ուզածդ ֆորման ստանալ: Կարող ա հա, կամ կարող ա չէ, հիմա ոնց որ թավշյա հեղափոխությունից հետո մենք հենց էդ խնդիրն ունենք առաջնահերթ լուծելու՝ հայի իդենտիկան վերասահմանելու, բայց էս սաղ մտքերը մի կողմ՝ վերածնունդն ու թավիշն էլ հետը: Հիմա ես Աշտարակում եմ ու ստեղ Հրապարակում դեռ կարելի է տեսնել սովետական ոգով գրված «Դարձնենք Աշտարակը ՕՐԻՆԱԿԵԼԻ ՔԱՂԱՔ» տեքստը:

Այստեղ նոյեմբեր է ու փողոցներում արդեն վառած փայտի հոտ է կապել:
Վաղուց փայտի հոտ էս խտությամբ չեմ զգացել, էդքան ուժեղ, որ բացօթյա տարածքներում իր մասին զգացնել տա: Փոքր ժամանակ զզվում էի էս հոտից, որովհետև դպրոց գնալուց զգում էի, որ կպել է շորիկներիս ու նոր լվացած մազերիս, որոնցից քիչ առաջ համով շամպունի հոտ էր գալիս ու երազում էի մենակ մի բանի մասին, որ մեծանամ վրայիցս գան մենակ էն հոտերը, որոնք ինքս եմ ընտրել:

Մատուցողուհին մենյուով ու դեմքի մեղանչողական արտահայտությամբ մոտեցավ՝ ազդանշելով այն, որ կենցաղից փախչելն ու իրականությամբ չքարկոծվելն անհնար է, ամեն դեպքում հիմա «կներեք մեր լույսերը հենց նոր կտրեցին, եթե խոհանոցից բան էիք պատվիրելու իմացեք, որ հիմա չենք կարող տալ, մենակ աղցաններ կամ աղանդեր կարող ենք»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *