Ելույթ

Լինել գրագետ

Էմիր Կուստուրիցայի ելույթը Բելգրադի գրքի միջազգային 60-րդ տոնավաճառի բացմանը, 2015 թ. Անցյալ դարում լինել գրագետ նշանակում էր լինել հարգված։

Թարգմանիչ՝ Տաթևիկ Կոլարսկի

• 6 րոպե

Լինել գրագետ

Էմիր Կուստուրիցայի ելույթը Բելգրադի գրքի միջազգային 60-րդ տոնավաճառի բացմանը, 2015 թ.

Անցյալ դարում լինել գրագետ նշանակում էր լինել հարգված։ Քիչ բան չէր, հաճախ՝ նույնիսկ ավելին էր։ Գրագետ մարդը, որտեղ էլ հայտնվեր, ուշադրության էր արժանանում։ Դպրոցում, կինոթատրոնում, փողոցում, թատրոնում, տրամվայի կանգառում, գնչուական թաղամասում։ Խոսքը միայն քերականական գրագիտության մասին չէ, ոչ էլ այն պատրանքի, որ ստեղծում են տեղեկատվական հեղափոխությունն իրականացնող ժամանակակից ինքնուսները։
Երբ որևէ մեկի մասին ասում էին «գրագետ է», կարծես բարձրաձայն հարգանք էին արտահայտում այդ մարդու նկատմամբ, որի գլխավերևում ամպ էր սավառնում՝ իբրև մեծ գաղտնիք պարուրելով գլուխը, բայց նաև ոչ պակաս մեծաթիվ առաքինությունները։ Գրագետ մարդը կատարյալ չէր, բայց կատարելությունը նրա նպատակն էր։ Նա էլ էր մխիթարվում անգլիական «Nobody is perfect» ասացվածքով, իսկ նրա բարձրագույն մարմնավորումը արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսն էր։
Գրագետ մարդն անհետացավ՝ մնալով տեղեկատվական հեղափոխության աղբակույտի տակ։ Նա չար չէր, կոռումպացված չէր և չհամաձայնեց այն գաղափարին, թե Աստված չկա։ Ծայրահեղ դեպքում համաձայն էր Յունգի այն մտքին, որ Աստծո գոյությունը պնդողներից ավելի հիմար կարող են լինել միայն նրանք, ովքեր ժխտում են այն։ Գրագետ մարդը ձգտում էր ճշմարտության, բարության և վսեմության։ Նա ոչնչով նման չէր մեր ժամանակների դեմքը դարձած հակահերոսին։ Երբեք ամբողջությամբ իրական չէր, թեև մենք սեղմում էինք նրա ձեռքը։ Նման էր կերպարի, որը դուրս է եկել գրքի էջերից ու կանգնել մեր առջև, ինչպես այն ճշմարտությունը, որ առանց հիշողության մեջ դրոշմված պատկերների և գրքերի ամբողջական գլուխների` գրագետ մարդ չի լինում։
Գրագետ մարդը առաքինի էր, անսանձ, կրքոտ, ինչպես Օսկար Ուայլդը, բայց գիտեր խոսքով` ինչպես սրով, զատել ճաշակն անճաշակությունից և ցույց տալ մտածելու ուղին ու կերպը։ Ամեն ինչով տարբերվում էր մեր օրերի հակահերոսից՝ ինքնասիրահարված սելֆի-մարդուց, որը չի հավատում պատմությանը, կորպորատիվ կապիտալիզմն ընդունում է որպես ճակատագիր և ջանք չի խնայում ապացուցելու, որ իր հարևանը, ինչպես և մի ամբողջ ժողովուրդ, քոռ կոպեկ չարժի։ Նա իր այֆոնով սելֆիներ է անում և մեծ հուզմունքով հետևում դեմքի յուրաքանչյուր պզուկի զարգացմանը․․․
Պատմության գծած էթիկական և բարոյական նորմերը մենք պահպանում էինք` ոչ միայն ծնողների սպառնալիքների վախից։ Դեռ նոր սաղմնավորվող հոգևոր գործընթացների գաղտնի մեխանիզմները մեզ համար բացահայտում էր գրագետ մարդը։ Մենք այդ դասը քաղել ենք ուսանող Ռասկոլնիկովից, իսկ երբ մեզ համար պարզ չէր, թե ինչու էր նա ուզում սպանել վաշխառու պառավին, խորասուզվում էինք նրա չարչարանքները նկարագրող էջերի մեջ, նրա երկընտրանքները վերապրելով իբրև մերը, և նրանից սովորում, թե ինչպիսի փորձություններ ու դժբախտություններ են մեզ սպասում, և այդ ամենը հասկանում էինք ավելի լավ, քան եթե երկու կյանք ապրած լինեինք։
Որքա՛ն դատարկ է պատանեկությունը, որը չի բացահայտել Անտոն Պավլովիչ Չեխովին։ Նրա հերոսի ականջին քամին հասցնում է «Ես քեզ սիրում եմ» խոսքերը, թեև վստահ չենք՝ արդյոք այդ մեծ խոսքերն ասել է այն աղջի՞կը, որին նա սիրահարված էր։ Բայց քամու բերած այդ խոսքերը դարձել են սիրո խորհրդանիշ։ Ի՞նչ կլիներ, եթե մեր հոգին չողողեին Տոլստոյի նախադասությունները, որոնցում լույսն ընկնում է անգամ ամենաչնչին մանրուքի վրա։ Մենք գիտեինք, թե ինչ գույնի էր Վրոնսկու մունդիրի կոճակը, իսկ Աննա Կարենինայի կերպարը մեզ համար ավելի հստակ էր, քան կինոէկրանին հայտնված տպավորիչ դերասանուհունը։ Նա մեզ առաջնորդում էր էջերով, որոնք ջերմացնում էին վեհությամբ, իսկ հաջորդ պահին ողողում մեզ մարդկային վայրագ զգացմունքների ալիքներով՝ մեծ խոսքերի ստվերում զարգացնելով հզոր ու արդիական սյուժետային հանգույցներ։ Թե չլիներ Բուլգակովը, ինչպե՞ս էինք զգալու աբսուրդն ու պարադոքսը․․․ Ժամանակը քիչ է՝ թվարկելու բոլոր գրողներին, որոնք եթե հավասարազոր չեն, ապա պակաս կարևոր չեն, և առանց որոնց գրագետ մարդը չէր կարող ձևավորվել։ Որ ամեն ինչ կորած չէ, իսկ ամեն ինչ երբեք էլ կորած չի լինում, հաստատում են այն երևույթները, որոնք անապատում ծածանվող միայնակ դրոշների պես վկայում են, որ գրագետ մարդիկ կան, պարզապես հեռացել են մեր տեսադաշտից։ Նրանք սեղմված են հազարավոր տեղեկատվական հրաշքների, յութուբների, ռեալիթի շոուների արանքում և սահմանափակված են քաղաքական կոռեկտության՝ համաշխարհային ինքնագրաքննության նորագույն տարբերակով։ Այս տողերի հեղինակը հավատում է, որ այդպիսի դրոշակներն ավելի շատ են, քան մենք կարծում ենք։ Երբեմն նույնիսկ սեղմում ենք նրանց ձեռքը՝ չիմանալով, որ նրանք են։
Երբեք այսքան շատ գիրք չի եղել, և երբեք մարդուն հասանելի չեն եղել այսքան մեծ քանակությամբ գրված էջեր, և միաժամանակ երբեք չի եղել այսքան քիչ գրագետ մարդ։
Այսօր ով ասես չի գրում, բայց քչերն են կարդում։ Այս հողի վրա է աճել այն մյուս մարդը, որին անվանեցինք սելֆի, և որը, ասես էկրանին արտապատկերված մի պանդոկի գռեհկուհի, հայտնվել է մեր աչքի առաջ ու չի կորչի, մինչև տեղի չունենա մեծ կատարսիսը։
Նա մեծացել է խառնաշփոթ հասկացությունների կույտի և այն պատկերացման վրա, թե տեղեկատվության հասանելիությունը նույնն է, ինչ կրթությունը, փողի և ընչասիրության գաղափարախոսության տիրապետության մետաստազների ժամանակներում, երբ միակ կարևոր գործը դեմքի պզուկին անհանգստությամբ հետևելն է։ Սելֆի-մարդն իրականությունը շփոթել է իրապաշտության հետ, որը Դոստոևսկին համարում էր բոլոր ուղղություններից ամենաֆանտաստիկը։ Ինչո՞վ է այդ իրականությունը չափվում և ինչի՞ հետ է համեմատվում, եթե ոչ գրքերի՝ մեր հիշողության մեջ մնացած գլուխների։ Եթե նա չի կարողանում գոյություն ունեցող աշխարհը համեմատել գոյություն չունեցողի հետ, եթե ի վիճակի չէ ստեղծելու աշխարհի սեփական պատկերը, ինչին ընդունակ է միայն գրագետ մարդը, ապա նա ապրում է մի կյանքով, որտեղ տեսախցիկներ պետք չեն, որպեսզի ամեն ինչ վերածվի ռեալիթի շոուի, որը նեոհեթանոսական այն քաղաքակրթությունը պսակող արտահայտություն է, որի նպատակն է ապացուցել, որ մենք սրիկաներ ենք, տականքներ ու գրպանահատներ, և որ մեզ պետք է անդադար պատժել, և որը շարունակ մեր մեջ է ներարկում մեր անպետքության գաղափարը, մինչդեռ դրա հետևում համաշխարհային պլուտոկրատիայի չարամիտ քաղաքական մտադրությունն է՝ ապացուցելու կենսաբանական բնազդներով առաջնորդվելու մեր ճակատագրական հակվածությունը։
Լինել գրագետ՝ սա մի բանաձև է, որը բացում է մարդկային մտքին հասու գաղտնիքների և այն բարիքների դռները, որոնք մարդը կարող է վայելել Երկրի վրա իր կարճատև կեցության ընթացքում։ Միայն գրագետ լինելով կարող է մարդը երջանիկ լինել։ Եթե գրագետ չէ, ինչպե՞ս կարող է գնահատել Ջոնաթան Ֆրանզենին՝ ամերիկացի գրողին, որն արդեն համաշխարհային վեպը վերադարձրել է Տոլստոյի բարձունքներին, Բեռնհարդի հոգևոր բնապատկերներին։
Ես բացում եմ գրքի այս տոնավաճառը, որն ինձ միշտ գրավել է որպես մի վայր, որտեղ մարդկանց բազմությունից կարելի է խաբվել ու մտածել, թե ավտոմեքենաների ցուցահանդես, այլ ոչ թե գրքի տոնավաճառ ես բացում, և որտեղ երբեմն գրքերի արանքով մարդկանց գետ է հոսում՝ մարդկանց, որոնք իրական կյանքից փախչում են՝ ձգտելով դեպի գրքերի բազմությունը, ինչպես հավատացյալն է ձգտում դեպի Աստված։ Պակաս կարևոր չէ այն, որ այստեղ ժամանակ առ ժամանակ հարություն է առնում հենց այն գրագետ մարդը, և որ նա ազատ շրջում է՝ վերակենդանացնելով անցյալ դարի պատկերները, և եթե ոչ այլուր, ապա գոնե այստեղ արժանանում է այն փառքին ու ուշադրությանը, որ երբեմնի քաղաքում էր վայելում, որտեղ գլխավոր դեմքերից մեկն էր։ Եվ որ նրան կտեսնի որևէ երեխա, որի կյանքում՝ հետագայում, երբ մեծանա ու դառնա մեզ պես, ամեն ինչ այլ կերպ կլինի։

Թարգմանությունը սերբերենից՝ Տաթևիկ Կոլարսկիի

Թողնել մեկնաբանություն