Արտաշես Ղահրիյան | Ջրտուք

Սիրանը շոգից մարող աչքը կտրեց վարունգի վերջին թաղի տակ պճպճացող փրփուրից, ջուրը կապեց լոբու արխին: Բահը թողել էր վերին ցանկապատի թթենու բնին հենած, ձեռքերով էր ճում ու ցեխ շուռ տալիս արխի բերան: Թաղերի տակ խմվող ջրերի տոթ հողաբույրը պատել էր շունչն ու բաց կուրծքը, քրտինքից մաշկին կպած շորի տակ եփվող ազդրերը: Դանդաղ օգոստոսյան ետմիջօրեին, Բերդասարի դժվար ուսին անզոր դեմ առած արևի տակ, Սիրանը դեռ ջրելու է լոբուտ ու կաղամբ, դեռ քաղհանելու է խոտը կոխած տաքդեղ-սոխ, դեռ հենակները տնկելը պոմիդորում… Իր օրն ու բախտն է… աստված ծանր ջանքով դենն է մղել Բերդասարի մեծ փեշը, իրեն բաժին բացելով այս տափարակը` Իշխանագետի այս ոլորքով: Սև դառնա էսպես եկած ապրուստը, երբ մարդը` Արսենն իրեն չարժանացավ անցած կռիվ-ծանր ժամանակից: Ամեն բան կատարվեց-եղավ, աչքը` աշխարհի անհույս հեռուներին, նա ետ հավաքվեց մեջը, գնաց անհայր մնացած իր Արտիկի դառը հացն աշխատելու: Անմարդ էս կյանքից, ջրտուքի տաք նիրհում, Սիրանի միտքը պապակում էր, ցավում-թմրում էր տասը տարվա այրիության վերքը: Նա ելավ կանգնեց շոգի մեջ, սպասեց հոգնությունը հոսի ողնաշարն ի վար, ծնկներով:
Առավոտից բան չէր առել բերանը, ուշքը թեթև գնաց, աչքերը մթնեցին-պարզվեցին:
Զգաց ծծերի լիքը-լուռ ծանրությունը, կռանալուց-կանգնելուց կոնքերում շաղ եկող խտտուն կիրքը: Սիրանը տխրեց իր թափթփուն գեղեցկությունից, շուրջը նայեց այնպես, ինչպես աստծու իր ցեղն է հանկարծ նվաղում առնության կարոտանքից:
Սիրտը զարկ առավ, թաց-ցեխոտ ոտները ծանրացան: Նա երկչոտ աչք ածեց ետ-առաջ, մարգերից այն կողմ: Եվ հայացքն անամոթ պիտի լիներ, տեսքն անպարկեշտ… Մարգերից այն կողմ, անտառափեշում Մաղաքենց Վարդանուշի Զորայր տղան էր, գետնահար կտրել էր ծերացած-չորացած բոխին ու մինչև գոտկատեղը մերկ, արև-քրտինքում խաշվելով, իր ձիաբեռ փայտի հևքում էր: Կացնի զարկից մոշոտ կտուցով չարդերը ճղղոցով դուրս էին նետվում քոլուտից դեպի վարդավառենի տանձիների ճյուղերը, գետափեր: Սիրանի ուղեղում խիտ-ծանր նստած էր ճճականչը, և գետավշշոցն էր խլանում խփվող քունքերում: Միջնակարգը վերջացնելուց հետո, մինչև բանակ կանչվելը, այդ Զորայրը խոտ էր հարում ու թութ թափ տալիս, չարդերի վրա հրացան տրաքացնում, իջնում ջուրը` լողալու: Նա պինդ էր ու բարձր, ուսերը` տղամարդենի ուժեղ, գլուխն ամուր նստած ուսերին: Սիրանն անհաշտ հեռացավ տանձենու շվաքը, հենվեց, թուլացավ ծառաբնին: Ձորից եկավ տասը տարեկան Արտիկի կանչը մորը, որ ինքն այնտեղ է, ու իր կարթը դեռ ձուկ չի կտցել: Արտիկի կանչը մնաց օդում, շոգի մեջ, մորը հասավ թե չհասավ, բայց կացնահարվածը զարկով խփվում էր Բերդասարի վերին լանջերին, և Սիրանի մշուշում Զորայրի մեջքի ուժեղ մկանուտն էր դեռ լողում: Իսկ Զորայրին մի բան հասել էր: Մեկ էլ կանգ առավ, կացինը թողեց կոճղում խրված, առավ բլուզը, սրբվեց ճակատից մինչև գոտկատեղ, շրջվեց: Շրջվեց դեպի ձորի Իշխանագետը, որտեղից եկավ մանկան այդ ձայնը, դեպի Սիրանի բոստանը: Ամե՜ն ինչ ցածում նիրհուն էր, թմբիրը վրան շաղված: Ո՞ւր է Սիրանը: Լոբու տերևները ետմիջօրյա տոթից կլորվել, փայլատակում էին, Սիրանն էնտեղ չի՞, չի՞ ջրում: Բա ջուրն ո՞վ է կապել առվին:
Զորայրն աչք ածեց կտրած փայտերին: Էգուց էլ կգա` կտրելու մնացած կեսը, և կարճթև բլուզը հագցրեց թևերին: Բլուզի գրպանից ծխախոտ հանեց, վառեց, էլի հայացքը կախեց բոստանին: Անտես ա՞չք կար, որ բռնել էր իրեն: Բնազդը դեռ վայրի, նա դժվար էր առնում հոտը: Թողած արևի շողքը կացնի վրա փշրված ու ձին` հոնու շվաքում բոռերից չարչարուն, էլի տառ-տառ գումարվեց միտքը. «Սիրանն ո՞ւր է»:
Արխի գետաջրով լվացած վարո՞ւնգ ուզեց սիրտը, թե՞ ինքը իրավունք չունի մտնելու բոստան` Սիրանի մոտ: Նա գնաց հոնուց ճյուղ ճոթռեց, բերեց ձիու փորատակից քշեց բոռերը` ներսում գլուխ չհանելով իր տղամարդ-լակոտությունից: Նրանը, ախար, թթենու ճյուղերով վազելն է, բազկի թափով թակը խեղճ թթենու ծանրաբեռ ճյուղերին շրխկացնելը, չորս քրտնած աղջիկներին շալը ձեռքներում վազեցնելը ծառի շուրջը:
Դրանցից ո՞րն էր, իրեն սիրահարված` ուրիշի մարդու տվին, հետո իմացավ: Նրանը հինգ-վեց փթանոց ցորնահակը կրծքին առնելն ու ձիու մեջքին շպրտելն է: Հիմի էս ի՞նչ է կապկպել մտքի թելերը: Երբ նա շպրտեց հոնու ճյուղն ու կուչ աչքերով փնտրեց գետում գորգ-կարպետ լվացող մորն ու քույր-եղբայրներին, Սիրանի սիրտն ահ ընկավ. «Սրտամեռը գալիս է… Ինչ եմ անելու, աստված… Էն է հիմի էլ ինձ է փնտրում»… Զորայրն արդեն թռել էր ցանկապատը թթենու կողմից, և Սիրանը` պահ մտել խիտ լոբուտում, գետից մայրը կանչեց.
-Զորի՜կ, բեռը չբարձե՜ս հլա, շոր-մորը փռեմ` տամկի, հետո… Ձին բեր ջո՜ւր
տուր, դու էլ հա՜ց կեր…
Զորայրն արդեն մղվել-անհետացել էր Սիրանի հետքերում, Սիրանը` տնքացել-ոլորվել նրա բազուկներում… Նա տրվեց ինչպես ջուրը տոչոր թաղերին:
Անմարդ գիշերների մենությունից տանջահար ոսկորները անթեղվեցին ցավ ու սարսուռում, քրտնահոտում ծփացող կուրծքը ճզմվեց, անդորրվեց: Լույս աշխարհում մարդկային շո՞ւնչ էր, որ հևաց, թե՞ արխեզրյա խոտը տրորվեց մանր քայլից: Տո՜թ էր, խեղդոց, արխը Սիրանի գլխատակով մանր կարկաչով ջուր էր տանում… Դեռ կաղամբը ջրելը, տաքդեղ-սոխը քաղհանելը, դեռ հենակները տնկելը պոմիդորում:
Սիրանի ականջներում բութ աղմուկ էր, առ երկնի մաքուր լազուր արցունք էր դուրս ճողփում փակ կոպերի տակից: Աստված ինքն էլ ամոթից շվար` ձգել-երկարել էր տանձենու շվաքը նրանց կողմ և խոժոռ աչք-ունքը պահում էր Զորայրի մոր վրա:
Բայց սա առել էր լռության հոտը, գալիս էր. «Ոչ հացի եկավ, ոչ փայտ է կտրում, ի՞նչ եղավ»: Գալիս էր: Եկավ տեսավ քողտիքի առաջ մոլորված լացում է Արտիկը, ո՜նց է հեծկլտում: Հեծկլտաց, իրենից փախավ: Պիտի նրան քաղցր խոսքով գիրկն առներ. «Արտիկ բալիկ, բա Սիրանն ո՞ւր է, որ լացում ես», իսկ նա ո՜նց կածանով փախավ գետափ:
-Աղջի, Սիրա՜ն… Սիրան, երեխա՜դ…Վարդանուշը աչքը դեռ պիտի շրջեր բոստանի լիքը բոլորքը, տերևների տակ արևից պահ կացած վարունգներին, մայրամուտին շրջվող արևածաղիկներին, հետն էլ` «Սիրա՜ն, աղջի, ո՞ւր կորար», մեկ էլ… չար ու անաստված ծառս եղավ այդպես ավերված, այդպես անամոթ լոբուտից դուրս եկող Սիրանի դեմ, ապշեց, սառեց: Հենց այն է` աչքը տեսածից խելագար` նետվում էր կախվելու Սիրանի օձիքից, ետևից ձեռքերը բռնեց Զորայրը:
-Ը՜մ,- մռլտաց Վարդանուշը սանձահար,- լի՛րբ, երեսիդ մեռոնը` էն ցեխը, Սիրան աղջիկ: Ո՞ւմ ես ճանկել, էս ո՞ւմ… Տասը տարով մեծ ես… Էն էլ երեխիդ աչքառաջ, օրը-ցերեկով… Կապը կտրած դու լի՛րբ… Սպասի՛ր, Զորիկ լակոտ: Ը՜մ, ո՞նց հիմի լաչառ ձենս գցեմ, աշխարհով մեկ խայտառակեմ սրան, ինձ էլ հետը… -Նա պոկ եկավ Զորայրի ծանր ուժից, թքեց նրա ու Սիրանի վրա, անիծեց-խեղդվեց ու կրակված իբրև թե հեռանում էր, բայց երբ Զորայրն արդեն անզգա ու շփոթ անցավ ցանկապատը, գնաց իր ձիուն, փայտին, ետ դարձավ բոց առած, բուռը հավաքեց Սիրանի ցրիվ մազերը.
-Քա՛ծ, ձեռը կրա՞կն էիր ընկել, վառվո՞ւմ էիր: Հմայել բերե՞լ էիր, ջահել ուժ- արյուն էիր ուզո՞ւմ, հա՞… Մարդդ կռվից չեկավ, չդիմացա՞ր: Ի՞նչ ես ասելու նրա էն կանաչ հանգած արևին: Երեխադ ես էլ ասեմ ինչու էր լացով փախչում մոր խայտառակությունից: Ի՞նչ իմանամ, էն քոլի ետևից աչք չտեսա՞վ: Ինչո՞ւ չառար փետը, զարկեցիր ճակատամեջը, որ ետ կորչեր ոնց որ եկել էր ու էլ էս կողմ չթեքեր գլուխը: Ոնց ես հիմի քաշեմ, արյուն անեմ էդ կարմրած երեսդ, էդ սև՛ երեսդ, իմն էլ հետը սևացնելով:
Վարդանուշի կատաղության ցայտերը թռչում էին, Սիրանը` ոտնատակ եղած,
տենչում էր էլ, է՛լ ուժգին թուք-նախատինք, ուզո՜ւմ էր այրող ճիպոտ բաց կրծքին, ուսերին, մեջքին, զա՛րկ բթացող գլխին: Իսկ սա կանգնել, կնավարի ուշունց է տալիս:
Ջարդի համար տղամարդու ձեռք է պետք, որ իր գլուխն առնի, պատով տա: Չա՜ր մի պատիժ, աստվա՛ծ… Ո՞ւր ես, Արսեն, փշրեիր ոսկորներս, ու ես հոգեվարքի մեջ լսեի տիրոջս ուժից շանսատակ լինող էդ Զորիկի մզզոցը… Ո՞ւր ես, որ քո Սիրանը է՛ս չլիներ… որ երեխադ նամուսը ներսը ուռած ետ չփախչեր գետափ` ո՞ր վերջին հույսին… Սիրանի այտերով արցունքներ էին հոսում, դուրս զարկվող հորձանքի առաջ կոկորդը նեղ էր ու չորացել, այրվում էր…
-Խեղդվի՛ր, ճակատդ էդպես գետինը քսիր, գետնով մեկ եղիր, որ էն կարմիր
ձիավոր Արսենը գա ու կոխ տալով վրայիցդ անցնի… էլ ուրիշ նայելատեղ չունես…
-Նա ինձ ներեո՜ւ է,- անողորմ հեկեկաց Սիրանը,- ներելո՜ւ է ինձ իմ Արսենը…
Նա ձեր չար աշխարհը չի նետի իր անպաշտպանին, թևատակ կառնի…
Վարդանուշը ինքը Սիրանի տեղ ջուրը հանեց արխից, կապեց ներքևի առվին`
որ էս է օրը մթնում է, գնաց տանձենուց կախ քսակը բերեց շպրտեց վրան.-Սրա՜ն տեսեք, ապրում է, բերած հացը դեռ մեջն է, չորացել-մնացել է: Գոնե
երեխին տար, ուտեր: Ուշքը ինչին է տվել… ը՜մ, վիզդ տակդ մնա,հա՜…
-Էն մայր մտնող արևը թող ասի, ներելո՜ւ է…
-Աղջի, վե՛ր, վե՛ր, անպատիվ, ի՞նչ ես, դե, նահատակվում,- օտարոտի, բայց
խիղճը շարժված ասաց Վարդանուշը:- Ինչո՞ւ էիր անում, որ զոհ գնայիր: Վեր,
հավաքիր քեզ, էս է տուն դառնալու ժամն է: Կանչիր էն երեխին, մեղք է, առավոտից ոտը բոբիկ սառը ջրում է, անհաց, արևի տակ… Ը՜մ, նա՛ է մեղավոր, է՜ն շունը: Էս գիշեր տամ հորդ ձեռքը, Զորիկ տղա, քշի գոմ, հենց տավարի հոտում կատաղած կատարիցդ արյուն բերի: Չտամ, հորս աղջիկը չեմ:
Սիրանը շրջազգեստի թաց եզրով սրբեց քրտինքից, արցունքից այրված երեսը,
սանրը արխում թրջեց, մազերով անցկացրեց, ճիտը ծուռ իջավ եղիջների կածանով:
Գնաց Արտիկին բերելու: Զորայրը մեջքով դեպի բոստանը կոճղին նստած, մեծ
կռներով ծնկներին հենված` ծխում էր: Հովն ընկել էր, վերջին բոռը թավ բզզոցով խփվեց ձիու շքամեջքին, դուրս նետվեց իր անհայտություն: Խաղաղված ձին ունկը կանչի ետ էր նայում տիրոջը, մտացրվում: Վարդանուշը, թեպետ շտապեցնելու ժամանակն էր, չկանչեց, թե` Զորի՜կ, շուտ բարձիր, բե՜ր, շոր-մորը գցենք վրան: Նա հասած-կարմրած սալորենու տակով անցավ գետաքարվազը, կանգ առավ, ետ նայեց Սիրանի կողմը: Սիրանը տաք գիրկն էր առել խռոված Արտիկին, հեղում էր սեր ու արցունք, մոռանալով հանել թաց գուլպաները ոտքերից: «Օ՜րդ սև դառնա, հա՜, որ էդպես սևացավ: Էս է ճրագդ վառելու ժամն է, դու սրտապատառիդ հետ էդ ձորում…- Վարդանուշը լցված-չարացած գնաց հեռացավ, որ էլ չտեսնի նրանց:-Ե՞ս ինչու բայղուշի նման վրա վազեցի, խեղճի եղած սիրտն էլ տակնուվրա արի: Բա՜հ, թայերը իրենց տղամարդկանց շնչի տակ են ուրիշի ուզում… դրանը կռվից իսկի չեկավ էլ: Ինքն էլ քսանութ-երեսուն տարեկան, ջահել…»:
Իրիկնանում էր: Ուժասպառ մեծ արևը ելել էր Բերդասարի դժվար ուսն ու գլորվել սարերի ետաշխարհ: Այնտեղից լույս էր շառափում երկնի անհունը:
Այստեղից Սիրանի արևածաղիկները կարոտալից տենչ էին հղում արևողող ա՜յն աշխարհներին: Նրանք, ափսո՜ս, ամեն վերջալույսի այդպես լուր չունեն է՜ն անհույս հեռուներից…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *