ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Հին օրերի կինոն, նոր օրերի երգը

David Muradyan

(Դարանցումի գրառումներ)

* * *
«Մենք ապրում ենք հաղթանակած ստերեոտիպների աշխարհում»: Սա ռուս գրող Վիկտոր Երոֆեևի եզրակացությունն է։ Սերիալներ: Տեխնոլոգիական կինեմատոգրաֆ: Աստղային պատերազմներից հերթականը: Մտածելու կարիք չկա, զբաղվեք, զարմացեք, մի քիչ վախեցեք ու հետո գոհացեք, ստացեք մի քանի պատրաստի ճշմարտություններ՝ աշխարհի լավն ու վատը վերջնականապես պատկերացնելու եւ մինչեւ հերթական կինոդիտումը հանգիստ ապրելու համար: Երեկոն կանցնի ազնիվ ոստիկանի հետ, որը, բնականաբար, նաեւ քաջ է: Ինչպես եւ հմայիչ հանցագործի հետ, որը, դժբախտաբար, չափազանց դաժան է: Դրական հերոսին կհետապնդեն փորձանքներն ու չարչարանքները, բայց վերջում արդարությունը կհաղթանակի, ձեր հերոսը սեր կգտնի ու սիրո հետ էլ՝ նաեւ լիքը փող: Մինչ այդ կտեսնեք անթիվ դիակներ: Դասական արվեստում մեկ մարդու մահը համաշխարհային ողբերգություն է: Բայց սա արդեն ժամանակն է խոսում: Քսաներորդ դարը վաղուց չի զարմանում զանգվածային սպանություններից:
Ես չեմ ուզում ասել, թե փառատոնները կինոյի կուսանոցներն են, որոնք ամենին կապ չունեն կոմերցիայի եւ շահութաբեր խայծերի առատությամբ զանգվածներին հրապուրելու հետ: Բայց նրանք դեռ ուզում են ապացուցել, որ նույնիսկ մեր ժամանակներում կինոյից բացի լինում է նաեւ…կինոարվեստ: Որ հանդիսանքը ունի նաեւ միտք: Որ մեզ հետ խոսում է ոչ միայն շուկան, այլեւ ժողովուրդների ու մարդ-անհատի հոգին:
Անհավասար պայքար: Այսինքն՝ գեղեցիկ: Որովհետեւ գեղեցիկը միշտ էլ անհավասար պայքարի մե՞ջ է: Աշխարհը հավաքվում է մեկ էկրանի վրա եւ դու նրա բոլոր տարածությունների բնակիչն ես: Հիթ-ֆիլմերը երբեմն մոռացնել են տալիս, որ կինոարվեստի հասցեները չեն սահմանափակվում մի քանի հզոր տերություններով, իսկ փառատոնները կրքոտ հակաճառում են սրան: Արեւելքի կինոն դեռ փորձում է մնալ փիլիսոփա ու բանաստեղծ: Դա նրա գեղարվեստական ինքնավարությունն է: Բալկանների «չարչարանաց կենսափորձը» բարձրացնում է նրանց՝ ներսից: Դանիացիները, շվեդները, իսպանացիները մարդու գաղտնիքն են պեղում:
Կինոն օբյեկտիվի միջոցով է տեսնում ու վերարտադրում աշխարհը, բայց սուբյեկտիվ լինելն է նրան դարձնում արվեստ: Օբյեկտիվությունը դատարանների գործն է: Կինոյի հայացքը մասնավոր է, սակայն հենց ինքն էլ կարողանում է բացահայտել ճշմարտությունը, եթե մտնում է մակերեսից ներս: Ֆելլինիի հայացք եւ իտալական հայացք: Կառնեի հայացք եւ ֆրանսիական հայացք: Շուկշինի հայացք ու ռուսական հայացք: Սաուրայի հայացք եւ իսպանական հայացք: Ստեղծել մեզ ծանոթ կյանքի պատրանք, որը շատ ավելի համոզիչ է, քան այդ լավ ծանոթ կյանքը:

ՆՈԹԱՏԵՏՐԻ ԷՋ. Մամլո կենտրոնի մոխրամանները երկու օր անց արդեն չկան։ Սեւ, սիրուն մոխրամաններ էին , «Նեսկաֆե»անունով :«Էլ չե՞նք ծխելու, – հարցնում եմ սուրճ սարքող աղջկան, – ուշացած եւ անօգուտ ակնա՞րկ»:  Չէ, մոխրամանները թռցրել են: Փառատոնի բազմազգ հյուրերն ու հավատարմագրված լրագրողները նյութական հիշատակներ են տարել Մոսկվայի 22-րդ միջազգայինից: Գլխի չընկա, ավաղ, մնացի առանց հիշատակի: Հսկիչ ոստիկանները անհողդողդ կանգնել ու ներս չեն թողնում Դոնատաս Բանիոնիսին: Նա մոռացել է իր անցաթուղթը: Անցյալ տարի, «Կինոշոկ»-ում, նշեցինք նրա յոթանասունամյակը: «Այդպես է, – մեղավոր ժպտում է նա, – նոր սերունդը սկսել է մեզ մոռանալ»: Հիշեցնում եմ, որ նա «Մեռյալ սեզոնի» գլխավոր դերակատարն է: Հսկիչները նահանջում են, առանց լիակատար վստահության, որ իրենք այնուամենայնիվ, չսխալվեցին:«Կյանքը մահացու հիվանդություն է…» Զանուսիի ֆիլմի զարմանալի վերնագիրը: Բաց չթողնե°լ: Կինոյի տան մայթին դրել են մի մեծ վահանակ, որի վրա գրված է հսկայական տառերով. «Ամեն ինչ հող ու մոխիր է դառնում, մնում է միայն արվեստը»: Չմոռանալ Վլադիմիր Խոտինենկոյի խոսքերը երեկվա «կլոր սեղանին»- բոլորս էլ Աստծո անունն ենք տալիս, բայց չենք ապրում ո՜չ ըստ Ավետարանի, ո՜չ ըստ Ղուրանի: Քսաներորդ դարը մոլորակից դուրս է: Այդ պատճառով էլ՝ այսքան ողբերգական: Հարց. արվեստները վերադարձնո՞ւմ են բարոյականությունը, թե՞ միայն արձանագրում, որ մարդս լքել է այն: Մեկ ուրիշ լավ վերնագիր՝ Իրվին Շոուի նովելը. «Աստված այստեղ էր, բայց գնաց»: Փառատոնի հետ կապ չունի, ոչ էլ ճամփորդության, պարզապես իրեն-իրեն հիշվեց: Բայց մեզ հետ կա՞պ ունի: Եվրոպաների ու մնացած միջօրեական-հորիզոնականների՞:

* * *
Օրվա մեջ քանի՞ ֆիլմ կարելի է դիտել:
Մոսկվայի կետրոնը՝ «Սադովոյե կոլցոն», դարձել է մի հսկայական կինոաշխարհ: Հասցեներն այնքան բազմազան են ու ծրագրերը՝ այնքան հարուստ, որ ոչ ոք ի վիճակի չէ ճաշակել գայթակղության բոլոր պտուղները: Ճակատագրի հետ հաշտվելուց բացի ուրիշ հնար չկա: Մասշտաբի մեծությունն իրականում միայն սահմանափակում է ձեզ:
Կինոն քսաներորդ դարի տեսողությունն է:
Ոմանք ասում են նաեւ՝ հիշողությունը:
Մյուսները պնդում են որ՝ հիպնոս:
Տեսնել կինոյի շնորհիվ, ենթարկվել նրա հիպնոսին, հիշել ու պատկերացնել դարը:
Այս դարի առաջին տասնամյակը եզրափակվեց «Տիտանիկ» նավի կործանումով, վերջինը՝ «Տիտանիկ» ֆիլմի հաղթարշավով:
Միշտ զարմանալի ու խորհրդավոր է իրեղեն այլաբանությունների հայտնությունը: Ինչ-որ մեկն զգուշացնում է մեզ մոտալուտ փորձությունների մասի՞ն: Իրական «Տիտանիկը» բացեց մեր հարյուրամյակի աղետների դուռը եւ«Գլոբալ նավաբեկությունները» դարձան միլիոնավոր մարդկանց կենցաղ: Այսօրվա ապրողներս Դար-Տիտանիկից փրկված ուղեւորներ ենք:
Մարդն իր կյանքը հիշում է իբրեւ ֆիլմ:
Մարդն իր շուրջն է նայում կինոխցիկի պես:
Մարդը մտածում է պատկերներով, բայց արտասանում դրանք իբրեւ բառ:
Կինոն ի սկզբանե մարդու մեջ էր, բայց դուրս գալու համար նրան անհրաժեշտ էր էլեկտրականության գյուտ:
Գուցե մենք գտանք նրա համար ընդունելի մի ձեւակերպում. կինոն լույսի արվեստն է, բառիս ֆիզիկական ու ֆիզիկականից էլ մեծ իմաստներով:
Իսկ դարասկզբի կինոյի լեզուն նախ եւ առաջ ծիծաղն էր, որովհետեւ ջահել օրգանիզմը կենսախինդ է լինում, եւ երբ, երջանիկ զուգադիպությամբ, համընկնում են դարի ու արվեստի պատանեկությունը, ծիծաղը դառնում է համաշխարհային:
Հրաշքի հավասար իր ներկայության, մարդկանց վրա ունեցած բացառիկ իշխանության եւ անպայման «փառավոր ապագայի» մասին (չակերտների մեջ առնվածը Ատոմ Էգոյանի ֆիլմի վերնագիրն է) կինոն հայտարարեց Մաքս Լինդերով ու Չարլի Չապլինով, առաջինի հաղթական խնդությանը քիչ անց խառնելով երկրորդի անպաշտպան ժպիտի մեջ ծվարած թախիծը: Այս«մասնակի»տարբերության համար կինոյին ու նրա հավատարիմ հանդիսատեսներին անհրաժեշտ եղավ մի կարճատեւ, բայց ճակատագրական կենսափորձ՝ տասական թվականներից մինչեւ քսանականների ավարտը, – պատերազմներ, հեղափոխություններ, ազգերի տեղահանություններ, դեպրեսիաներ, որոնց էլ ի պատասխան ամերիկացիք հորինեցին իրենց «հեփփի էնդը»՝ բարեհաջող ավարտը, մարդու փրկության տարածք, կյանքի ավանդական ֆինալներին հակադարձելու մղում… Ամերիկացիների անկոտրում ինքնավստահության հեղինակը հոլիվուդյան հին ու նոր ֆիլմերն են: Իրոք, էկրանը նույնպես կարողանում է մարդ կերտել՝ ըստ յուր պատկերի: Ամերիկացիները Հոլիվուդ կառուցեցին, իսկ հետո հոլիվուդյան կինոն սկսեց ամերիկացիներ ստեղծել:
Կինո, այսինքն՝ դարի առաջին հեղափոխությունը: Թերեւս լավագույնը:
Նորից ի դեպ. Խոդասեւիչի հարցը. ինչո՞վ են ավարտվում հեղափոխությունները: Եվ պատասխանը՝ առուծախի ազատությամբ, առուծախի ազատությամբ:
Բայց Խոդասեւիչը բանաստեղծ է, ռուսական Արծաթե Դարի զարդ, իսկ մենք խոսում ենք կինոյի մասին, որը դարակեսին արդեն հասուն այր էր, մտքի ազատ թռիչքներով ու հոգեւոր ամենատես իմաստությամբ: Իսկ եթե ազգանուններով ասենք, ապա Կուրոսավա կամ Բերգման, Վիսկոնտի կամ Անտոնիոնի, Բունյուել, Տարկովսկի, Փարաջանով…
Այդ ժամանակների նոր խոսքը առաջին հերթին ասում էր կինոն: Արվեստի ինքնահայտնաբերումները տեղափոխվել էին էկրան: Կյանքը նայում էր ֆիլմեր եւ իր մասին իմանում ավելի շատ, քան գիտեր մինչ այդ: Մեծ կինոն սկսվում էր այնտեղից, որտեղ վերջանում էին իրականության հնարավորությունները:
Դարավերջի կինոն մտքի այդպիսի զորություն եւ հոգեւոր ապրումների այդպիսի գեղեցկություն չունի: Վերընթաց 60-ականները մի սովորական օր փոխարինվեցին ջղաձիգ 90-ականներով:
Թվերը շրջվել են գլխիվա՞յր: Պատկերը գրաֆիկակա՞ն է միայն, թե նաեւ բովանդակային: Դարն սպառում է իրեն: Ճահճի մակերեսին սիրունիկ ծաղիկներ են բացվում: Հայտնությունների ժամանակը վերջացել է եւ կինոյի փիլիսոփաներին հաջորդել են կինոյի ֆիզիոլոգները: Եվ նույնիսկ՝ դիահերձողներն ու աճպարարները: Գրականության մեջ էլ, ինչպես երեւում է, համարյա նույնն է: Վարպետության պակաս չկա: Պարզապես«Աստված այստեղ էր, բայց գնաց»:
Իհարկե, մոլեգին ու ողբերգական մի «Ընդհատակ» Էմիր Կուստուրիցայի ֆիլմը, բաբելոնյան կործանումից մի կերպ փրկված պատգամախոսի նման, վերջին տասնամյակի կեսերին հանկարծ դուրս պրծավ բեմառէջք: Այդ ֆիլմը ծնվել էր հուսահատությունից, բայց նրա հիանալի գոյությունը բոլորիս հուսադրեց, որ կինոն միշտ կարող է եւ դեռ անպայման տակնուվրա կանի մահկանացուներիս հոգիները, գտնելով վաղվա՝ առայժմ անհայտ կենսափորձի լեզուն:

* * *
Մի քանի տարի առաջ Երեւանի գրողների տանը Անդրեյ Բիտովն ասաց, որ ամբողջ կյանքում գրել է համակարգի դեմ, բայց հիմա, երբ այդ համակարգը ի վերջո վերացել է, ինքը չի կարողանում ազատվել այն զգացողությունից, որ նրա հետ միասին վերացել է… իր համահեղինակը:
Այն կինոն, որը խորհրդային տարիներին մագնիսացնում էր ազգային հավաքականությունը, արվեստի պատասխանն էր մեկ գաղափարախոսության կաղապարի տակ ապրելու թելադրանքին:
Մալյանի դարբինները՝ «Եռանկյունին»:
Կյանքի բնական շարունակություն, որը բյուրեղացված է մանկության մաքուր հուշերի մեջ: Ոչ մի կարգախոս: Հին ալբոմի վերակենդանացած լուսանկարներ: Ահա այն արժեքները, որոնցից սնվում է մարդն ու հայը: Կամ, եթե այս բառերը միասին ասենք, հայ մարդը: Ազգային ավանդական սիմվոլներից ոչ մեկը չի ներկայացվում: Ընդամենը դարբնոց է (ավելի լավ սիմվոլ) եւ մարդկանց անխարդախ կյանք՝ առողջ ու իմաստուն, տխուր ու պայծառ, միամիտ ու հիմնավոր: Եռանկյունու ինքնուրույն գագաթներ եւ ընդհանուր ներդաշնակություն:
Ժամանակներն անճանաչելիորեն փոխվում են, բայց մենք մինչեւ օրս նստում ու դիտում ենք այդ ֆիլմը, որը կարողանում է միավորել սերունդներին: Արվեստի մաքրությունն այս ֆիլմը պահում է թարմ: Իմ եւ ձեր իմացած ամենահայկական ֆիլմերից մեկը սա է: Որքան ավելի է խորանում ներդաշնակության ձգտումը, այնքան ավելի է այս ֆիլմը մոտենում մեզ: Մալյանի «Եռանկյունու» մեջ մենք փնտրում ու գտնում ենք առայժմ խախտված մի հավասարակշռության կենտրոն:

* * *
Քարեր հավաքելու ժամանակը. վաթսունականներ:

* * *
Կինոյի ներկայության ամենակարեւոր տեղը ո՜չ ֆեստիվալներն են, ո՜չ էլ նրանց կից գործող շուկաները: Կինոյի ներկայության ամենակարեւոր տեղը իր ժամանակներում ապրող մարդն է, իսկ բացակայության ամենանկատելի տեղը՝ դարձյալ իր ժամանակներում ապրող մարդու մեջ:
Ես նկատի չունեմ մեկ շնչին բաժին ընկնող ֆիլմերի քանակը: Եթե քանակին նայենք, կպարզվի մի հետաքրքիր բան. հենց «չարաբաստիկ» իննսունականներին, որոնք աշխարհի մեկ վեցերորդ մասում համերաշխորեն բնութագրվում են «ճգնաժամ» բառով, Հայաստանում նկարահանվել է քսանից ավելի գեղարվեստական կինոնկար: Տասը տարվա համար դա գուցե քիչ է, բայց ճգնաժամի համար՝ անկասկած շատ: Միայն թե վերջին տասնամյակի կինոն ու վերջին տասնամյակի հայը առայժմ ապրում են իրարից անջատ:
Անտեղյակները կարող են կարծել, թե այդ ֆիլմերը պարզապես վատն են: Բայց ես խոսում եմ ԿԻՆՈՅԻ մասին:

* * *
Հետաքրքիր է, թե ինչպես է«հին օրերի կինոն» գտնում իր տեղը բոլորովին նոր ժամանակների մեջ:
Դարավերջի հայը դիտում է մի քանի անգամ տեսած «Սարոյան եղբայրները» ու հայտնաբերում, որ այսօրվա իր անձնական փորձառությունը ուղղակի կապ ունի երեսուն տարի առաջ նկարահանված այդ ֆիլմի հետ: Պատմության շրջադարձի առջեւ կանգնած հայրենիք ու տանջալից վեճ նրա ճանապարհների մասին:
«Լիրիկական երթը», «Սարոյան եղբայրների» համբավը չունի: Այդ ֆիլմը նկարահանվել է 82-ին, պատմում է 1918-ի մասին եւ գեղարվեստական բնազդի անսխալականությամբ կանխատեսել է… 1991-ը, որովհետեւ ուրիշ ո՞ր ժամանակների քաոսն է նրա մեջ, եթե ոչ հենց նոր փլուզված կայսրության: Մեր առջեւ կովկասյան անհանգիստ խառնարանն է, հակասությունների դաժան աքցանը եւ անհնարին հանգամանքների մեջ մարդ մնալու համառությունը:
Պատմությունն ընթերցում է ֆիլմեր՝ լրացուցիչ իմաստ տալով նրանց: Ճիշտ է ասվել, որ 88-ի երկրաշարժից հետո «Մեր մանկության տանգոն» վերնագրով կինոնկարը դարձավ ավելի սիրելի ու կարեւոր:
Սեյսմիկ ժամանակներ:
Դարաշրջանների հանդիպման, իսկ ավելի ստույգ բառերի դեպքում՝ դիմահար բախման կետ:
Դժվար անցում «սեւ խոռոչի միջով»:
Աստղագետները ենթադրում են, որ տիեզերական այդ խոռոչները մի ժամանակի միջից տեղափոխում են դեպի մեկ այլը: Մի գալլակտիկայից՝ հաջորդի մեջ: Հիմա արդեն հասկանալի է, որ մի հասարակարգից մյուսին անցնելը կատարվում է նույն՝ տիեզերական օրենքների համաձայն, երբեմն կրկնելով դրանք ավելորդության աստիճանի հասնող տառակերությամբ: Համատարած մթություն: Չլուսավորված ու ցուրտ բնակարաններ:
Դժբախտաբար, այս մոտիվը հնչեց նորից: Հեղինակը, սակայն, մեղավորություն չունի: Գրքերը երբեք չեն խոստանում «միայն հաճելի հուշեր»: Գրքերը, սովորաբար, դառնությունների մասին են: Արտավազդ Փելեշյանը կրակոցի պես ազդու մի ֆիլմ նկարահանեց՝ մութ թունելով անցնող գնացքի մասին: Ֆիլմը տեւում է երեք թե չորս րոպե եւ խորհրդանշում մի ամբողջ ժողովրդի կյանք:

* * *
Քարեր նետելո՞ւ ժամանակը. իննսունականնե՞ր:

* * *
«Աղետ», «Սեւ պատը», «Կորուսյալ դրախտ» եւ «Անիծվածներ», «Պատանդներ», «Արյուն» եւ այսքանից հետո, անխուսափելիորեն, «Տեր ողորմեա»: Հայկական կինոնկարների նորագույն վերնագրեր՝ 1990 թվականից սկսյալ:
Դժվար է վստահաբար ասել, թե այսպիսի վերնագրերը դուրս են ժամանակի դեպքերից ու տրամադրություններից: Եթե արվեստն ազնիվ է ու ճշմարտախոս, ապա նա բարեխղճորեն գրանցում է իր օրերի«հիվանդության պատմությունները»: Ճգնաժամային գիտակցության հետք: Հազարամյակները ճնշում են երկու կողմից: Էներգետիկ լարումը հասնում է բացարձակի: Պատմության կարճ միացումների տասնամյակը: Մի հասարակարգը կնքել է իր մահկանացուն, մյուսը դեռ չի կանգնել երկու ոտքի վրա, եւ կինոն շնչահեղձ է լինում նրանց միջեւ: «Լաբիրինթոս»: Եվս մի հայկական ֆիլմի վերնագիր:
Դեռ գնացքում հունգարացի գրողը հարցնում էր ինձ «Փանջունի» ֆիլմի մասին: Նա տեսել էր այդ ֆիլմը Բուդապեշտում, պատահաբար, եւ հիմա զարմանքով իմացավ, որ նրա հիմքը կազմող վեպը գրվել է…1917-ից առաջ: Կյանքը հեղափոխական գրոհով երջանկացնելու աբսուրդը, լինի այդ գրոհը սոցիալիստական, թե ոչ: Խնդրեմ, կինոն այս անգամ էլ է արձագանքում ժամանակի իրողություններին ու բովանդակությանը, փորձում, Մարքսի ասածի պես, անցյալից բաժանվել ծիծաղելով, բայց դեմքով հանդիպում է ներկայի հետ:
Նույն գրողը էլի մի ֆիլմ էր տեսել՝«Ձայն բարբառոյ» կամ եթե հին վերնագիրը հիշենք, «Սինյոր Մարտիրոսը» ելք հայրենյաց տնից, ճշմարտության որոնումը հեռուներում: Պարզ է, որ սա էլ է մեր օրերի մասին, թեպետ գործող անձիք ներկայանում են մեզ միջնադարյան զգեստներով:
«Քամին ունայնության»: Դարձյալ մի տխուր վերնագիր: Սիբիրից մինչեւ Մերձբալթիկա՝ մեզ ցրում է մի «ուրիշ» կյանքի փնտրտուք, բայց աղետներն ի վերջո տուն են բերում մոլորյալներիս: Այդ պատճառով էլ նույն ռեժիսորը իր հաջորդ ֆիլմի վերնագիրը դնում է«Վերադարձ ավետյաց երկիր»:

* * *
Ինձ համար թանկ են մեր «անցումային» ֆիլմերը: Նրանց գոյությունն արդեն իսկ արժեք է, անկախ այն բանից, թե որն է ավելի հաջողված եւ որը ամենեւին ոչ, որը մեկը մրցանակներ բերեց ու որը մնաց աննկատ, ում մասին ինչ գրեցին դրսում եւ ում մասին ինչ լռեցին մեզ մոտ: Այդ ֆիլմերը մեր կինոյի ինքնապահպանման ճիգն են, նրա չկոտրվող դիմադրությունը՝ տեսակի փրկության համար, իսկ դրանց անվանի կամ ջահել հեղինակները՝ մինչեւ վերջերս էլիտար համարվող մի արվեստի անդավաճան բեռնակիրներ:
«Մահվան հույսեր», «նեցեք թույն», «Սեւ եւ սպիտակ»:
Մի մարդ խարխափելով քայլում է չլուսավորված ու չափից ավելի երկար միջանցքով: Առանց լապտերի եւ նույնիսկ առանց լուցկու: Այդ մարդու կերպարանքը գծագրվում է մեր կամքից անկախ, երբ հերթով մի թելի վրա ենք դնում իննսունականներով թվագրված կինոնկարները:

* * *
Եթե եզրակացության փորձ արվի կամ խոսակցության հրավիրող հարցադրում, ապա կարելի է ասել, որ ֆիլմերի գոյությունը մի բան է, իսկ կինոյի լինելիությունը՝ մեկ ուրիշ:
Հավանաբար, կինոյի լինելությունը սկսվում է այն գեղեցիկ պահից, երբ մեր օրերում ապրող մարդը հոգեկան կապ է գտնում նրա հետ: Երբ ֆիլմերն ապրեցնում ու հարստացնում են մեր սրտերը՝ միայն իրենց հայտնի կենսատվությամբ, որի գաղտնիքը ոչ ոք ի զորու չէ մինչեւ վերջ բացահայտել: Երբ միտքդ պայծառանում է նրանց լույսից, նույնիսկ եթե նրանք անչափելիորեն տխուր են կամ ողբերգական:
Տասնամյակի վերջը ստիպում է ընդհանրացումներ անել եւ մեջտեղ բերումի անխուսափելի հարց. արդյո՞ք մենք ունեցանք այն ֆիլմը, որը դարձել է այսօր ապրող հայ մարդու գիտակցության մաս, ճիշտ այնպես, ինչպես մինչեւ հիմա մեր գիտակցության մասն են «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունին» կամ «Սարոյան եղբայրները»…
Հիմա մենք սպասում ենք այն նվիրական ֆիլմին, որի մեջ իր ճակատագիրն է կարդալու ութսունութից հետո ապրող հայը: Նոր օրերի երգը դարձող մի ֆիլմ, որի իմաստությունը հասնում է մեր կեցության գաղտնիքներին կամ թեկուզ նրանց տեղը որոնում, որի ճշմարտությունները լիաբերան են ու ազնիվ, իսկ արվեստն ու ասելիքը՝ ապրեցնող: Մի տարօրինակ կամ էլ սովորական պատմություն, որը զարկ է տալիս հոգու հանդիպակաց շարժման:
Այդ ֆիլմի տեղը ես դեռ չգիտեմ: Մեր ապրածն առայժմ ավելին է, քան այսօր ունեցած կինոն, մեր դրամատիկ կենսափորձի մասշտաբը՝ մեր կինոյի ներքին մասշտաբից մեծ: Իննսունականները, որքան էլ դա զարմանալի լինի, ավարտվել են: Պատմության էներգիան դեռեւս գերազանցում է իր ճանապարհին հանդիպած կինոարվեստին:

* * *
Ես խոսում էի այն գեղեցիկ դեպքի մասին, երբ արվեստը, ժամանակի սովորական գրագիրը լինելուց զատ, դառնում է ժամանակի տաղանդավոր համահեղինակը: Մեր կինոն այդպիսի դեպքեր գիտի: Այս էջերում ես արդեն տվել եմ մի քանի ֆիլմի անուն:
Իսկ եզրակացության հաջորդ փորձը կամ խոսակցության հրավիրելու եւս մի հարցադրումը հետեւյալն է. մենք դեռ չենք գտել մեր ժամանակներում ապրելու կենսափիլիսոփայությունը եւ գուցե հենց այդ պատճառով էլ չենք գտնում նոր ժամանակների կինոն:
Բայց գուցե հենց նա էլ առաջիններից մեկը ոտք դնի այդ ճանապարհին: Դեռեւս անվերնագիր մի ֆիլմ: Կորցրածի ու գտածի իմաստավորումը: Նոր ինքնաճանաչման ուղին: Անցյալի ընդհանրացումն ու մեր հակասադեմ ներկան: Արվեստի նորոգված ձեռագիր:
Ես նկատեցի, որ վերջին պարբերությունը կարող էր գրեթե նույնությամբ գրված լինել «Բարեւ, ես եմ» ֆիլմի մասին, որի ծննդյան տարեթիվը 66-ն է: Բայց ես ունեմ նաեւ բոլոր տեսակի վերապահություններից անբաժան մի եզրակացություն, համաձայն որի՝ նոր ժամանակների կենսափիլիսոփայությունը գտնելուց առաջ արվեստը սովորաբար տալիս է «նզովյալ հարցեր»:


Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *