Գրիգ | Պահակներ

Ես չկամ քաղաքում

Ուրեմն այդ օրը ես կանգնել էի պատուհանի դիմաց և չկարողանալով զսպել ժպիտս՝ նայում էի: Ուշադրությունս գամված էր զավեշտալի տեսարանին. անմիջապես իմ պատուհանի տակ՝ մայթեզրին, փոքրիկ տուփ էր դրված, կողքին՝ մի զույգ կիսամաշ կոշիկ, իսկ պատկերը ամբողջացնում էր պատին հենած ստվարաթուղթը, որի վրա մեծ-մեծ տառերով գրված էր. ‹‹Օգնեք Անտեսանելի մարդուն››: Մտածում էի՝ տեսնես, ո՞ր մի խելոքի մտահղացումն է, լավ է մտածել, ինչո՞ւ կանգնել ցրտին, մրսել, երիկամների հիվանդություն ստանալ, եթե կարելի է այլ կերպ փող մուրալ:
Հագնելով վերարկուն, դնելով ունեցածս ամենատաք գլխարկը՝ դուրս եկա զբոսնելու: Մտքով դեռ Անտեսանելի մարդու հետ էի. իրոք զավեշտալի էր: Հիշեցի մուրացկաններին, որոնց հանդիպում էի ամեն օր. տարիքով տղամարդը, որ շրջում է Օպերայի տարածքում ու խռպոտած ձայնով աղերսում. ‹‹Մի որոշ, մի բանով օգնեք›› կամ ռուսախոս կինը, որ վիրահատության փող է հավաքում ինչ-որ հաշմանդամի համար: Մտաբերեցի նաև գնդակով տղային, որ սովորության համաձայն՝ ֆուտբոլային հնարքներ է ցույց տալիս Ազատության հրապարակում, զվարճացնում մարդկանց: Քաղաքի տերն է, կուզի բարձր-բարձր կերգի, կհոգնի, կպառկի առաջին պատահած նստարանին, ինչ խելքին փչի, կանի: Մտածում էի՝ նրանց պետք է հուշել փող մուրալու նոր ձևի մասին, թե չէ մեղք են, չեն խնայում իրենց…
Այսպես մի երկու ժամ քայլեցի այգում, հետևում էի մայր ագռավին, թե ինչպես է չորացած հացի կտորը թրջում կիսասառցակալած ջրափոսում, փափկացնում և նոր միայն տանում ձագին: Որտեղի՞ց այդքան խելք՝ զարմանում էի: Հետո ծանրութեթև արեցի զանազան հարցեր, ամփոփում էի տարին՝ փորձելով պարզել, այնուամենայնիվ, ձեռքբերումների՞, թե՞ կորուստների տարի էր: Արդեն մթնում էր, ցուրտը սաստկանում, օդում փաթիլանման կետեր էին օրորվում, պետք էր տուն վերադառնալ: Ժամանակ չկորցնելու համար որոշեցի կարճել ճանապարհը և մտնելով դալաններից մեկը՝ ընկա չլսված պատմության մեջ.
-Տղա ջան, օգնիր:- Վաթսունին մոտ տղամարդը թիկնել էր դռանը ու կարծես չէր կարողանում շարժվել:
-Ձեզ լավ չեք զգո՞ւմ, շտապօգնություն կանչե՞մ,- ասելով պատրաստվում էի մոտենալ, ձեռքի շարժումով կանխեց ընթացքս:
-Պետք չի, մենակ դու մի գնա, հանկարծ չգնաս, լա՞վ:
-Չեմ գնա, բայց ի՞նչ է եղել: Ամեն դեպքում ճիշտ կլինի շտապօգնություն կանչենք:
-Ոչինչ պետք չի, ես ուր որ է կմեռնեմ, դու պիտի կանգնես իմ տեղը…
-…
-…
-…
Անհասկանալի բաներ էր խոսում, ասում էր, որ ամբողջ կյանքը կանգնած է դռան դիմաց, հսկում է, որ դուրս չգա և այլն, և այլն: Ակնոցի հաստ ապակիները ջրալի էին դարձել, արտասվում էր ու շարունակ աղերսում ինձ չհեռանալ:
-Տե՛ս, զգում է, որ ուժերս լքում են ինձ, ուզում է դուրս գալ:- Այս ասելով՝ նա ցնցեց դուռը, ասես ետևում մեկը կա:- Չգնաս, ուր որ է մեռնելու եմ, դու պիտի հսկես, որ հանկարծ դուրս չգա…
Կասկածից վեր էր, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, ո՞ր նորմալ մարդը նման բաներ կասեր: Պետք է գլուխս ազատեի նրանից և որքան շուտ, այնքան լավ. առաջին անգամը չէր, որ խելագարի էի հանդիպում: Խոսելով հետը արդեն իսկ ամենամեծ սխալն էի գործել: Այդպես է, խելագարների հետ պետք է չխոսես, յուրաքանչյուր բառդ խիզախություն է ներշնչում նրան, ջնջում ձեր միջև եղած սահմանը, քո բառերը քո թշնամիներն են դառնում, դեպի քեզ նետված դանակներ… Վճռեցի հեռանալ և հազիվ երկու քայլ էի արել, երբ նա կտրած ծառի պես ընկավ: Խիղճս չտարավ, մոտեցա, բայց ուշ էր, մահացած էր: Շփոթմունքից փախա, վազում էի, արդեն առատ ձյուն էր տեղում, խոշոր փաթիլները լցվում էին աչքերս, փորձում շեղել ճանապարհից, բայց վազում էի, ինչքան ուժ կար ոտքերումս, նետվում առաջ, ուզում էի հնարավորինս շուտ տուն հասնել…
Երբ ներս մտա, շորերս կպել էին մարմնիս, ոտքից գլուխ ջուր էի: Ծանրացող մտքերը ցրելու համար քայլեցի լվացարանի կողմը, և այդ ժամանակ նկատեցի, թե ինչպես ննջասենյակի դռան բռնակը շարժվեց: Դեպի բռնակը նետվելս և դռան դղրդալը մեկ եղավ…
Թեև հստակ գիտակցում էի, որ տանը մենակ եմ, որ դռան ետևում ոչ ոք չկա, չի կարող լինել, որ խենթություն է, վախեր են, ուրիշ ոչինչ, միևնույն է, շարունակում էի կանգնած մնալ դռան դիմաց, իսկ պատուհանից դուրս արդեն գիշեր էր, փաթիլները դանդաղ օրորվում էին, և սրտումս հանկարծակի հայտնված ցանկությունը ավելի ու ավելի էր վառվում. ուզում էի մոտենալ, մեկ անգամ էլ նայել Անտեսանելի մարդուն:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *