Նամակ

Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին

Այսքանը կասկածից վեր է։ Միայն նման բնույթի գերակշռությունը կարող է վնասազերծել պետության մեջ բարոյական սկզբունքներին համապատասխան փոխարկումը, և միայն այդպիսի բնույթը կարող է երաշխավորել դրա տևողությունը։

Թարգմանիչ՝ Սահակ Գալոյան

• 5 րոպե

Նամակներ մարդու գեղագիտական դաստիարակության մասին

ՉՈՐՐՈՐԴ ՆԱՄԱԿ

Այսքանը կասկածից վեր է։ Միայն նման բնույթի գերակշռությունը կարող է վնասազերծել պետության մեջ բարոյական սկզբունքներին համապատասխան փոխարկումը, և միայն այդպիսի բնույթը կարող է երաշխավորել դրա տևողությունը։ Բարոյական պետության հաստատման ժամանակ բարոյական օրենքի վրա հենվում են որպես գործող ուժի, և ազատ կամքը ներքաշվում է պատճառների թագավորություն (Reich der Ursachen), որտեղ ամեն ինչ խիստ անհրաժեշտությամբ (Notwendigkeit) և կայունությամբ (Stetigkeit) փոխադարձաբար կապակցված է։ Սակայն գիտենք, որ մարդկային կամքի որոշումները միշտ կմնան պատահական, և որ միայն բացարձակ էության դեպքում է ֆիզիկական անհրաժեշտությունը համընկնում բարոյական անհրաժեշտության հետ։ Հետևաբար, եթե մարդու բարոյական վարքագիծը պետք է նմանապես հաշվի առնվի բնական հաջողությունների հետ, ապա դա պետք է բնությունը լինի, և մարդս պետք է իր մղումներով ուղղվի այնպիսի գործողությունների, որոնք կարող են բխել միայն բարոյական բնույթից։ Եթե նա պետք է պահպանի ընտրության (Wahl) այս կարողությունը և միևնույն ժամանակ դառնա հուսալի օղակ ուժերի պատճառային կապի (Kausalverknüpfung) մեջ, դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ այս երկու ազդակների գործողությունները ներկայացված լինեն խիստ հավասարապես երևույթների թագավորությունում (Reich der Erscheinungen)։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ձևի յուրաքանչյուր տարբերությամբ մարդու կամքի առարկան մնում է նույնը, երբ նրա բոլոր ազդակները, որոնք համաձայն են նրա բանականության հետ, բավարար են համընդհանուր օրենսդրության արժեք ունենալու համար։
Կարելի է ասել, որ յուրաքանչյուր մարդկային անհատի ներսում, ըստ իր կերտվածքի և սահմանման, ապրում է զուտ իդեալական մարդը, որի անփոփոխ միասնության հետ՝ իր բոլոր տատանումներով, նրա գոյության մեծ խնդիրն է ներդաշնակության մեջ լինելը*։ Այս զուտ մարդը, որն իրեն փոքրիշատե հստակ է դրսևորում յուրաքանչյուր սուբյեկտում, ներկայացված է պետության կողմից՝ այն օբյեկտիվ և, այսպես ասած, կանոնական ձև, որում սուբյեկտների բազմազանությունը ձգտում է ի մի գալ։ Այժմ, սակայն, կարելի է պատկերացնել երկու տարբեր եղանակ, որոնցով ժամանակի մեջ գտնվող մարդը կարող է հանդիպել իդեայում գտնվող մարդուն, հետևաբար՝ նույնքան եղանակ, որքանով պետությունը կարող է հաստատվել անհատների մեջ․ կամ այն բանի միջոցով, որ մաքուր մարդը ճնշում է էմպիրիկին, որ պետությունը վերացնում է անհատներին, կամ այն բանի միջոցով, որ անհատը դառնում է պետություն, որ ժամանակի մեջ գտնվող մարդը ազնվանում է իդեայում գտնվող մարդու աստիճանի։
Թեև, միակողմանի բարոյական գնահատման դեպքում այս տարբերությունը վերանում է, քանի որ բանականությունը բավարարվում է այն ժամանակ, երբ նրա օրենքը կիրառվում է անվերապահորեն: Սակայն, ամբողջական մարդաբանական գնահատման դեպքում, որտեղ ձևը և բովանդակությունը կարևոր են, և կենդանի զգացողությունն էլ իր ձայնն ունի, այս տարբերությունը դառնում է առավել կարևոր: Բանականությունը պահանջում է միասնություն, սակայն բնությունը պահանջում է բազմազանություն, և մարդը [միաժամանակ] ենթարկվում է այս երկու օրենսդիր մարմիններին: Առաջինի օրենքը մեզ վրա դրոշմված է անկաշառ գիտակցությամբ, երկրորդի օրենքը՝ անեղծ զգացմամբ: Հետևաբար, կրթությունը մշտապես կլինի պակասավորության նշանի տակ, երբ բարոյական զգացումը կարող է սնվել բնականի զոհաբերությամբ, իսկ քաղաքական պաշտոնեությունը կլինի հույժ անկատար, երբ այն ի զորու է միասնություն հաստատելու սոսկ բազմազանության վերացմամբ։ Պետությունը պետք է անհատների մեջ հարգի ոչ միայն օբյեկտիվ և ընդհանուր, այլև սուբյեկտիվ և մասնավոր բնույթը և, տարածելով բարքերի աներևույթ թագավորությունը, չամայացնի երևույթների թագավորությունը։
Երբ մեքենական արվեստագետը ձեռքն է առնում ձևազուրկ զանգվածը, որպեսզի դրան իր նպատակդրյալ ձևը տա, նա ամենևին չի երկմտում դրա վրա բռնություն գործադրելու հարցում, քանի որ այն բնությունը, որը նա մշակում է, ինքնին արժանի չէ որևէ ակնածանքի, և նրա համար կարևորը ոչ թե ամբողջն է հանուն մասերի, այլ մասերը՝ հանուն ամբողջի: Նկարիչը, ձեռնամուխ լինելով նույն նյութի մշակմանը, այլևս չի վարանում բռնություն գործադրել դրա նկատմամբ․ նա միայն խուսափում է այդ բռնությունը ցուցադրելուց․ այն նյութը, որը նա մշակում է, նա հարգում է նույնքան քիչ, որքան արհեստավորը․ նա պարզապես փորձում է խաբել աչքի թվացյալ զիջողությանը, որը պահպանում է այդ նյութի ազատությունը։ Բոլորովին տարբեր է դաստիարակ-նկարչի կամ քաղաքական գործչի պարագան, որը մարդու մեջ միաժամանակ տեսնում է և՛ իր նյութը, և՛ իր խնդիրը։ Այստեղ նպատակը վերադառնում է նյութին, և մասերը կարող են ենթարկվել ամբողջին միայն այն պատճառով, որ ամբողջը ծառայում է մասերին։ Պետական արվեստագետը (Staatskünstler) պետք է իր թեմաներին մոտենա բոլորովին այլ հարգանքով, քան գեղեցիկ արվեստագետը (schöne Künstler) ցուցաբերում է իր նյութի նկատմամբ, և պետք է պաշտպանի դրանց առանձնահատկությունն ու անհատականությունը ոչ միայն սուբյեկտիվորեն և զգայարանների վրա խաբուսիկ ազդեցության համար, այլև օբյեկտիվորեն և նրանց ներքին էության համար։
Սակայն հենց այն պատճառով, որ պետությունը պետք է լինի մի կազմակերպություն, որը ձևավորվում է ինքնովին և ինքն իր համար, այն կարող է դառնալ իրական միայն այն դեպքում, երբ մասերը զարգանան մինչև ամբողջի գաղափարը։ Քանի որ պետությունը ներկայացնում է զուտ և օբյեկտիվ մարդկային բնությունն իր քաղաքացիների սրտերում, ապա այն պետք է վերաբերվի իր քաղաքացիներին այնպես, ինչպես նրանք են իրենք իրենց վերաբերվում, և կարող է հարգել նրանց սուբյեկտիվ մարդկայնությունը միայն այն չափով, որքանով այն օբյեկտիվորեն ազնվացել է։ Եթե մարդը ներքուստ համաձայն է ինքն իր հետ, ապա նա նույնիսկ իր վարքի առավելագույն ընդհանրացման դեպքում կպահպանի իր ինքնատիպությունը, և պետությունը կդառնա միայն նրա բարի բնազդների արտահայտիչը, նրա ներքին օրինաչափության առավել հստակ բանաձևը։ Իսկ եթե, ընդհակառակը, որևէ ժողովրդի բնույթի մեջ սուբյեկտիվ մարդը դեռ այնքան է հակասում օբյեկտիվ մարդուն, որ միայն առաջինի ճնշմամբ կարելի է երկրորդի հաղթանակն ապահովվել, ապա պետությունն էլ քաղաքացիների նկատմամբ կդրսևորի օրենքի թունդ խստություն և, որպեսզի ինքն այդ հակամարտությանը զոհ չգնա, ստիպված կլինի առանց հարգանքի ճզմել այդպիսի թշնամական անհատականությունը։
Իսկ մարդը կարող է երկակի կերպով հակադրվել ինքն իրեն. կամ որպես վայրենի, երբ նրա զգայությունները իշխում են նրա կանոնների վրա, կամ որպես բարբարոս, երբ նրա կանոնները կործանում են նրա զգայությունները։ Վայրենին արհամարհում է արվեստը և բնությունն ընդունում է որպես իր վրա անսահմանափակ տիրակալ. բարբարոսը արհամարհում և անարգում է բնությունը, բայց, լինելով ավելի արհամարհելի, քան վայրենին, նա հաճախ դառնում է իր իսկ ստրուկի ստրուկը։ Կրթված մարդը բնությունից իր համար բարեկամ է ստեղծում և հարգում է նրա ազատությունը՝ սանձահարելով նրա կամայականությունը։
Ուրեմն բանականությունը, ֆիզիկական հասարակության մեջ ներմուծելով իր բարոյական միասնությունը, չպետք է վիրավորի բնության բազմազանությունը։ Իսկ բնությունը, ցանկանալով պահպանել բազմազանությունը հասարակության բարոյական կառուցվածքի մեջ, դրանով իսկ չպետք է վնաս հասցնի բարոյական միասնությանը. հաղթական ձևը հավասարապես հեռու է և՛ միակերպությունից, և՛ անկարգությունից։ Ուրեմն բնույթի ամբողջականությունը պետք է նվաճվի այն ժողովրդի մեջ, որն արժանի և ընդունակ կգտնվեր ՝ կարիքի պետությունը փոխանակելու ազատության պետությամբ։

* Այստեղ ես հղում եմ անում իմ ընկեր Ֆիխտեի վերջերս հրապարակված «Գիտնականի կոչման մասին» աշխատությանը, որտեղ ընթերցողը կգտնի ներկայիս դրությունից բխող չափազանց հստակ եզրակացություն, որը ցայժմ այս ճանապարհով ոչ ոք չէր որոնել։

Թարգմանությունը գերմաներենից՝ Սահակ Գալոյանի

Թողնել մեկնաբանություն