Վիկտոր Հյուգո | Կա մի բան ավելի սարսափելի, քան Կայենի ձեռքով Աբելի սպանությունը

Վիկտոր Հյուգո. «Կա մի բան ավելի սարսափելի, քան Կայենի ձեռքով Աբելի սպանությունը. դա Վաշինգտոնի ձեռքով Սպարտակին սպանելն է»։

Ջոն Բրաունը՝ սպիտակամորթ արմատական աբոլիցիոնիստը, որը ներշնչված էր Հաիթիում (Սան Դոմինգո) ստրուկների ապստամբությունից, համոզված էր, որ ստրկությունը Ամերիկայում հնարավոր է վերացնել միայն զինված ապստամբության միջոցով։ 1859 թ. հոկտեմբերի 16-ին նա գլխավորեց 21 հոգուց բաղկացած մի խումբ, որի կազմում էին 16 սպիտակամորթ, այդ թվում նրա որդիները և հինգ սևամորթ: Նրանք հարձակվեցին Վիրջինիայի Հարփերս Ֆերրի քաղաքի զինանոցի վրա՝ նպատակ ունենալով գրավել զենքերը և սկսել ազատագրական շարժում, սակայն ռազմավարական առումով հարձակումը ձախողվեց, քանի որ ստրուկների զանգվածային միացումը տեղի չունեցավ, իսկ Բրաունի փոքրաթիվ ջոկատը շուտով շրջափակվեց կանոնավոր բանակի կողմից։ Բրաունը դատապարտվեց կախաղանի, սակայն նրա կերպարը և վերջին հայտարարությունը դատարանում նրան դարձրին սուրբ նահատակ Ամերիկայի հյուսիսի ազատատենչ շրջանակների համար: Նրա մահապատիժը ոչ թե հանդարտեցրեց երկիրը, այլ ծառայեց որպես կայծ, որը վերջնականապես պառակտեց Ամերիկան՝ դառնալով Քաղաքացիական պատերազմի անխուսափելի նախերգանքը։ 

Երբ Բրաունի մասին լուրերը հասան Եվրոպա, Վիկտոր Հյուգոն, որ հակաստրկատիրական շարժման ջատագովներից էր, Լոնդոնյան օրաթերթին ուղարկեց իր բաց նամակը` պահանջելով արդարություն Ջոն Բրաունի համար: Հետադարձ հայացք գցելով պատմությանը` նրա նախազգուշացումները մարգարեական են թվում:

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈՆ ՋՈՆ ԲՐԱՈՒՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լոնդոն Նյուզի խմբագրին.

Պարո՛ն, երբ մեր մտքերը սևեռվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, երևակայության մեջ հառնում է մի վեհաշուք կերպար։ Դա Վաշինգտոնն է։

Այժմ տեսե՛ք, թե ինչ է կատարվում Վաշինգտոնի այդ երկրում հենց այս պահին։

Միության հարավային նահանգներում կան ստրուկներ, և այս հանգամանքը Հյուսիսային նահանգների մաքուր և տրամաբանող խղճի կողմից դիտվում է զայրույթով` ամենահրեշավոր մի անհամատեղելիություն։ Մի սպիտակամորթ մարդ, ազատ մարդ` Ջոն Բրաունը, ձեռնամուխ եղավ ազատել կապանքներից սևամորթ ստրուկներին: Անկասկած, եթե ապստամբությունը երբևէ կարելի է սրբազան պարտք համարել, ապա դա հենց այն դեպքն է, երբ այն ուղղված է ընդդեմ Ստրկության։ Ջոն Բրաունը փորձեց էմանսիպացիայի գործը սկսել Վիրջինիայում ստրուկներին ազատագրելով: Բարեպաշտ, խիստ, հին պուրիտանական ոգով տոգորված և Ավետարանի ոգով ներշնչված՝ նա այդ մարդկանց՝ այդ կեղեքված եղբայրների համար հնչեցրեց Ազատության կանչը։ Իրենց լուծից հյուծված ստրուկները չարձագանքեցին այդ կոչին։ Ստրկությունը հոգին համակում է տկարությամբ։ Բրաունը, թեև լքված, շարունակեց պայքարել գլխավորելով մի խումբ հերոսական անձանց. նրա մարմինը ծակծկվել էր գնդակներից, նրա երկու երիտասարդ որդիները՝ սուրբ նահատակներ, ընկան նրա կողքին, իսկ ինքը գերի վերցվեց։ Սա այն է, ինչ անվանում են Հարփերս Ֆերրիի դեպքը։

Ջոն Բրաունը դատվել է իր չորս ընկերների՝ Սթիվենսի, Քոփիքի, Գրինի և Քոուփլենդի հետ միասին։

Ինչպիսի՞ն է եղել նրա դատավարության բնույթը։ Եկեք ամփոփենք մի քանի բառով.

Ջոն Բրաունը՝ ողորմելի պատգարակի վրա, վեց կիսաբաց վերքերով, մի հրազենային վերք բազկին, մեկ այլ վերք ցայլքին և երկուսը գլխին, հազիվ գիտակցելով շրջապատող ձայները, արյան մեջ թաթախելով իր ներքնակը, և իր երկու մահացած որդիների սահմռկեցուցիչ ներկայությունը միշտ իր կողքին. նրա չորս վիրավոր ընկերները, որոնք հազիվ էին ոտքերը քարշ էին տալիս նրա կողքին. Սթիվենսը՝ սուսերի չորս վերքերից արյունաքամ. շտապողական արդարադատություն, որը ցատկում է բոլոր խոչընդոտների վրայով. դատախազ Հանթերը, ով ցանկանում է հապճեպ առաջ շարժվել, և դատավոր Փարքերը, ով թույլ է տալիս նրան վարվել ինչպես ուզում է. լսումները կարճ են կապված, հետաձգման գրեթե բոլոր դիմումները՝ մերժված, կեղծված և աղավաղված փաստաթղթեր են ներկայացված, պաշտպանության վկաները՝ առևանգված, ամեն տեսակ խոչընդոտ՝ բանտարկյալի փաստաբանի ճանապարհին, երկու լիցքավորված թնդանոթ՝ տեղակայված դատարանում, բանտապահներին տրված հրամաններ՝ գնդակահարել բանտարկյալներին, եթե նրանք փորձեն փախչել, քառասուն րոպե խորհրդակցություն և երեք մարդ՝ մահվան դատապարտված: Պատվիս վրա, հայտարարում եմ, որ այս ամենը տեղի է ունեցել ոչ թե Թուրքիայում, այլ Ամերիկայում։

Նման բաները չեն կարող անպատիժ կատարվել քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Մարդկության համընդհանուր խիղճը մի մշտարթուն աչք է։ Թող Չարլսթաունի դատավորները, Հանթերը և Փարքերը, ստրկատեր երդվյալ ատենակալները և Վիրջինիայի ողջ բնակչությունը լավ խորհեն. նրանց հետևում են։ Նրանք միայնակ չեն աշխարհում։ Այս պահին Ամերիկային է ուղղված ողջ Եվրոպայի հայացքը։

Ջոն Բրաունը, մահվան դատապարտված, պետք է կախաղան բարձրացվեր դեկտեմբերի 2-ին՝ հենց այսօր։

Բայց լուրերն այժմ հասան մեզ։ Նրան հետաձգում է շնորհվել։ Նա չի մեռնի մինչև ամսի 16-ը։ Այդ ժամանակահատվածը կարճ է։ Մինչ դրա ավարտը, արդյո՞ք գթասրտության աղաղակը ժամանակ կունենա արդյունավետ կերպով լսելի դառնալու համար։

Կարևոր չէ։ Մեր պարտքն է բարձրաձայնել։

Թերևս երկրորդ հետաձգումը շնորհվի։ Ամերիկան ազնվական ազգ է։ Մարդասիրության մղումն արագորեն կյանք է առնում ազատ ժողովրդի մեջ։ Մենք դեռ կարող ենք հուսալ, որ Բրաունը կփրկվի։

Եթե այլ կերպ լինի, եթե Բրաունը մահանա կառափնարանում դեկտեմբերի 16-ին, ինչպիսի՜ սարսափելի աղետ։ Բրաունի դահիճը, եկեք բացահայտ խոստովանենք (քանզի Թագավորների ժամանակն անցել է, և ծագում է ժողովուրդների օրը, և մենք ժողովրդին պարտավոր ենք  անկեղծորեն  ճշմարիտն ասել),  Բրաունի դահիճը չի լինի ոչ դատախազ Հանթերը, ոչ դատավոր Փարքերը, ոչ նահանգապետ ՈՒայզը, ոչ էլ Վիրջինիա նահանգը. դա կլինի, թեև մենք հազիվ թե կարող ենք առանց սարսռալու մտածել կամ խոսել այդ մասին, ողջ Ամերիկյան Հանրապետությունը։

Որքան շատ ես սիրում, որքան շատ ես հիանում, որքան շատ պատկառանք ես զգում այդ Հանրապետության հանդեպ, այնքան ավելի սրտի ցավ ես զգում նման աղետի մասին խորհելիս: Մի առանձին նահանգ չպետք է իրավունք ունենա անպատվել բոլոր մյուսներին, և այս դեպքում կա դաշնային միջամտության ակնհայտ հիմնավորում: Այլապես, վարանելով միջամտել, երբ հնարավոր է կանխել հանցագործությունը, Միությունը դառնում է դրա մեղսակիցը։ Որքան էլ ուժգին լինի մեծահոգի Հյուսիսային նահանգների զայրույթը, Հարավային նահանգները նրանց ստիպում են կիսել այս սպանության նախատինքը: Մենք բոլորս, անկախ նրանից, թե ով ենք, բոլորս, որոնց որպես հայրենակիցներ միացնում է դեմոկրատական հավատամքի ընդհանուր կապը, մեզ ինչ-որ չափով վարկաբեկված ենք զգում։ Եթե կառափնարանը կանգնեցվի դեկտեմբերի 16-ին, պատմության անկաշառ ձայնը այնուհետև կվկայի, որ Նոր Աշխարհի վեհափառ Համադաշնությունը իր սուրբ եղբայրության բոլոր ծեսերին ավելացրել է արյան եղբայրությունը, և այդ հոյակերտ Հանրապետության պատժաձողերը կապված կլինեն Բրաունի կախաղանի օղակված պարանով:

Սա մի կապ է, որը սպանում է։

Երբ մենք մտորում ենք այն մասին, թե ինչին է ձգտել Բրաունը՝ ազատարարը, Քրիստոսի մարտիկը, և երբ հիշում ենք, որ նա շուտով կմեռնի` սպանված Ամերիկյան Հանրապետության կողմից, հանցագործությունը ձեռք է բերում այնպիսի կարևորություն, որը համաչափ է այն իրականացնող ազգի մեծությանը։ Եվ երբ մենք ինքներս մեզ ասում ենք, որ այս ազգը մարդկային ցեղի փառքերից մեկն է. որ նա, ինչպես Ֆրանսիան, ինչպես Անգլիան, ինչպես Գերմանիան, քաղաքակրթության մեծագույն գործակալներից մեկն է. որ նա երբեմն նույնիսկ հետևում է թողնում Եվրոպային իր առաջադեմ շարժումների վեհ խիզախությամբ. որ նա մի ողջ աշխարհի թագուհին է, և որ նրա ճակատը ճառագում է ազատության փառահեղ լուսապսակով, մենք հայտնում ենք մեր համոզմունքը, որ Ջոն Բրաունը չի մեռնի. քանզի մենք զարհուրելով ընկրկում են  այն մտքից, որ այդքան մեծ ժողովրդի այդքան մեծ հանցանք կգործի: 

Քաղաքական տեսանկյունից՝ Բրաունի սպանությունը կլինի անուղղելի սխալ։ Այն կխոցի Միությունը բաց ճեղքով, որն ի վերջո կհանգեցնի դրա ամբողջական խաթարմանը: Հնարավոր է, որ Բրաունի մահապատիժը հաստատուն հիմքերի վրա դնի ստրկությունը Վիրջինիայում, բայց հաստատ է, որ այն մինչև հիմքը կցնցի ամերիկյան ժողովրդավարության ողջ կառույցը։ Դուք պահպանում եք ձեր վատահամբավությունը, բայց զոհաբերում եք ձեր փառքը։ Բարոյական տեսանկյունից ինձ թվում է, որ մարդկության լուսավորության մի մասը կխավարի, որ նույնիսկ արդարության և անարդարության գաղափարները կմթագնեն այն օրը, որն ականատես կլինի Ազատության կողմից Ազատագրության սպանությանը:

Ինչ վերաբերում է ինձ, թեև ես ընդամենը մի ատոմ եմ, բայց լինելով, ինչպես բոլոր մարդիկ, ներշնչված մարդկության խղճով, ես ծնկի եմ գալիս՝ արտասվելով Նոր Աշխարհի մեծ աստղազարդ դրոշի առջև. և ձեռքիս ափերը միացրած, խորին և որդիական հարգանքով, աղերսում եմ լուսափառ Ամերիկյան Հանրապետությանը՝ Ֆրանսիական Հանրապետության քրոջը, հոգ տանել համընդհանուր բարոյական օրենքի անվտանգության մասին, փրկել Ջոն Բրաունին, քանդել դեկտեմբերի 16-ի սպառնացող կառափնարանը և թույլ չտալ, որ նրա աչքի առաջ, սարսուռով ավելացնեմ` գրեթե նրա մեղքով, կատարվի մի հանցագործություն, որն իր անիրավությամբ գերազանցում է առաջին եղբայրասպանությանը։

Քանզի, այո՛, թող Ամերիկան իմանա դա և լավ խորհի դրա շուրջ. Կա մի բան ավելի սարսափելի, քան Կայենի ձեռքով Աբելի սպանությունը. դա Վաշինգտոնի ձեռքով Սպարտակին սպանելն է։

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Օթվիլ Հաուս, 2 դեկտեմբերի, 1859 թ.

Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Պողոսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *