Փիլիսոփայություն

Մետամոդեռնիզմ. մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի արձագանքը

Մետամոդեռնիզմը հենց այն նոր չափումն է, որտեղ թվային քաոսի, ալգորիթմների ու հիպերիրականության մեջ ապրող մարդը փորձում է համադրել անկեղծ հույսն ու իրազեկված կասկածը։ Սա ուղղակի հերթական «իզմ» չէ, այլ փորձ՝ վերագտնելու մարդկային ներաշխարհն ու խոցելիությունը մի աշխարհում, որն արդեն վաղուց հրաժարվել էր դրանցից։

Թարգմանիչ՝ Կարեն Անտաշյան

Մետամոդեռնիզմ. մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի արձագանքը

Որպես հայեցակարգ՝ մետամոդեռնիզմը դեռ այնքան նոր է, որ լայն լսարանի համար դրա մասին գրելիս ստիպված ես լինում նախ բացատրել հիմունքները, և նոր միայն ասել որևէ ինքնատիպ կամ կոնկրետ բան։ Բացի այդ, քանի որ մետամոդեռնիզմը միշտ դիտարկվում է մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի համատեքստում, հարկավոր է նախ հստակեցնել նաև այդ տերմինների իմաստը։ Ուստի, եկեք սկսենք հենց այս հարցերը պարզաբանելուց։

Ընդհանուր առմամբ՝ մետամոդեռնիզմ ասելով հասկանում ենք և՛ մշակութային նոր դարաշրջան, և՛ այդ շրջանին բնորոշ աշխարհընկալում։ Խնդրո առարկա ժամանակաշրջանը սկսվել է նոր հազարամյակից մի քանի տարի առաջ և շարունակվում է մինչ օրս։ Այն եկել է փոխարինելու պոստմոդեռնիզմին. մի կողմից՝ արձագանք է դրան, մյուս կողմից՝ հենվում է դրա վրա, որպեսզի առհասարակ իմաստավորվի։ Ժամանակագրության տեսանկյունից ճիշտ նույնպիսի հարաբերություններ ունի նաև պոստմոդեռնիզմը մոդեռնիզմի հետ։ Յուրաքանչյուր նոր դարաշրջան արձագանքում, հիմնվում կամ հերքում է նախորդին։ Այսպիսով, ես կսկսեմ մոդեռնիզմի նկարագրությունից, կանցնեմ պոստմոդեռնիզմին և կվերադառնամ մետամոդեռնիզմին, որից հետո կկիսվեմ 2023 թվականին դրա դրսևորումների մասին իմ մտքերով և կփորձեմ կանխատեսել հետագա զարգացումները։

Քանի որ «արդի» (modern), «արդիականություն» (modernity) և «մոդեռնիզմ» հասկացությունները կարելի է սահմանել բազմաթիվ, երբեմն նույնիսկ իրարամերժ ձևերով, եկեք արագ տարանջատենք մոդեռնիզմն արդիականությունից։ (Այստեղ իմ արած դասակարգումները համընդհանուր չեն, բայց վավեր են առնվազն այս հոդվածի շրջանակներում, որպեսզի ընթերցողն ավելի հստակ հասկանա ասելիքս)։ Արդիականությունը որպես տերմին հաճախ կիրառվում է՝ բնութագրելու այն տևական պատմական ժամանակաշրջանը, որը սկիզբ է առել 17-րդ դարի Լուսավորության դարաշրջանից։ Կարճ ասած՝ արդիականության հիմքում ընկած է բնությունից և սեփական անցյալից անկախանալու մարդկության ձգտումը, գործելու նոր ու ավելի արդյունավետ ուղիների որոնումն ու հավատը, որ նման ջանքն արդարացված է։

Մյուս կողմից, մոդեռնիզմը (որը ծնունդ է առել շատ ավելի ուշ՝ քսաներորդ դարին նախորդող վերջին տասնամյակներում և շարունակվել մինչև դարի կեսերը) հաճախ դիտվում է որպես արդիականության իդեալների սրացում՝ արվեստում, գրականության, ճարտարապետության և փիլիսոփայության մեջ դրանց ընդգծված արտահայտմամբ։ Էզրա Փաունդի կոչը գրականության և արվեստի մոդեռնիստներին հնչում էր այսպես. «Արա՛ դա նորովի»։ Ընդհանուր առմամբ, լիներ ճարտարապետության, արվեստի, թե փիլիսոփայության ու գիտության մեջ, մոդեռնիստները փորձում էին մաքրել իրերի մակերեսին կուտակված փոշին և բացահայտել դրանց տակ թաքնված ավելի խորն ու հիմնարար ճշմարտությունները։ Մոդեռնիզմն իդեալիստորեն ձգտում էր համընդհանրության (ունիվերսալիզմի), բայց հաճախ դրան հասնում էր ամեն ինչ մասնատելով (ատոմիզացիայով)։ Որպես կանոն, երբ արվեստի և հումանիտար գիտությունների ներկայացուցիչները խոսում են պոստմոդեռնիզմի կամ մետամոդեռնիզմի մասին, նրանք այն հակադրում են հենց մոդեռնիզմին (ավելի կարճ և նոր ժամանակաշրջանին), քան արդիականությանը (ավելի վաղ և տևական ժամանակաշրջանին)։

Պոստմոդեռնիզմն իրենից ներկայացնում է անվստահություն համընդհանուր նարատիվների նկատմամբ և խորասուզում համատեքստի, հարաբերականության ու համակարգերի մեջ։

Ինչևէ, քսաներորդ դարի կեսերին արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտներում սկսեց ի հայտ գալ պոստմոդեռնիստական աշխարհընկալումը։ Մեր օրերում շատերը, ըստ իս՝ սխալմամբ, պոստմոդեռնիզմը նույնացնում են զուտ ձախակողմյան սոցիալական արդարության շարժումների հետ, որոնք պաշտպանում են խոցելի խմբերի իրավունքները։ Անտեսված ձայներին լսելի դարձնելն իսկապես պոստմոդեռնիզմի մի մասն է, բայց միայն մի մասը։

Ընդհանուր առմամբ, պոստմոդեռնիզմն իրենից ներկայացնում է համատարած անվստահություն համընդհանուր նարատիվների նկատմամբ և խորասուզում համատեքստի, հարաբերականության ու համակարգերի մեջ։ Եթե մոդեռնիզմը «փաստեր» էր փնտրում՝ մանրազնին ուսումնասիրելով կոնկրետ օբյեկտները, ապա պոստմոդեռնիստական մոտեցումը կենտրոնանում էր այդ օբյեկտները կապող համատեքստի վրա։ Պոստմոդեռնիստական արվեստում կարևորվում էր դիտողին, ընթերցողին կամ ունկնդրին հիշեցնելը, որ նրա առջև ընդամենը արվեստի գործ է՝ դրանով իսկ դրդելով վերլուծել արվեստի գործի, արարողի, լսարանի և հասարակության միջև եղած կապը։ Թեև համատեքստի կարևորումն ու գերիշխող գաղափարների մերժումը հաճախ հանգեցնում էին կանանց, այլազգիների և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, գոյություն ունի նաև պոստմոդեռնիստական աջ թև և, ինչն առավել տարածված է, ապաքաղաքական պոստմոդեռնիզմ։

Արվեստագետներն ու նրանց լսարանը հոգնել էին այն ամենից, ինչն իր հետ բերել էր պոստմոդեռնիզմը։

Մասնագետներից շատերը փաստում են, որ մոտավորապես 2000-ականներին ծնունդ առավ նոր աշխարհընկալում, որը մենք անվանում ենք մետամոդեռնիզմ։ Արվեստագետներն ու նրանց լսարանը հոգնել էին այն ամենից, ինչ իր հետ բերել էր պոստմոդեռնիզմը. ենթադրյալ ամոթխածություն անկեղծության ու խոցելիության հանդեպ, մարդկային ներաշխարհի յուրօրինակ ժխտում և չափազանց զգուշավոր մոտեցում արժեքներին ու համոզմունքներին նվիրվելու հարցում։

2010 թվականին, վերլուծելով նախորդ տասնամյակը, մշակութաբաններ Տիմոթեուս Վերմյոլենը և Ռոբին վան դեն Ակկերը նկատեցին մշակութային միտումներ, որոնք հնարավոր չէր բացատրել ակադեմիական միջավայրում իշխող պոստմոդեռնիստական մոդելներով։ Գեղանկարչության, կինոյի, գրականության, երաժշտության և ճարտարապետության մեջ նրանք տեսան ստեղծագործություններ, որոնք արտացոլում էին մի զգացողություն, ինչը «…տատանվում էր մոդեռնիստական ոգևորության և պոստմոդեռնիստական հեգնանքի, հույսի և մելամաղձության, միամտության և իրազեկվածության, էմպաթիայի և ապաթիայի, միասնության և բազմակարծության, ամբողջականության և մասնատվածության, մաքրության և երկիմաստության միջև»։

«Գեղագիտություն և մշակույթ» հանդեսում հրապարակված իրենց էսսեում նրանք այս աշխարհընկալումն անվանեցին մետամոդեռնիզմ։ Թեև տերմինն ավելի վաղ էլ էր կիրառվել, հենց այս անգամ այն արմատավորվեց և լայն դիսկուրս առաջացրեց նախ գիտական շրջանակներում, ապա՝ դրանցից դուրս։ Տարբեր ոլորտների գիտնականներ ու մշակութային լրագրողներ սկսեցին կիրառել Վերմյոլենի և վան դեն Ակկերի առաջ քաշած հայեցակարգը՝ ժամանակակից մշակույթի տարբեր ճյուղերում փոփոխվող գեղագիտությունը բացատրելու համար։

Մետամոդեռն մշակույթի վառ օրինակներից են. հեռուստատեսությունում՝ «Բաֆֆին՝ վամպիրներ ոչնչացնողը», «Համայնք», «Անպիտանը» և «Ատլանտա» սերիալները, կինոյում՝ Միրանդա Ջուլայի «Ես, դու և բոլոր նրանք, ում ճանաչում ենք» ֆիլմը, Ուես Անդերսոնի ողջ ֆիլմագրությունը և վերջերս էկրաններ բարձրացած Գրետա Գերվիգի «Բարբին», գրականության մեջ՝ Դեյվ Էգերսի «Սարսափելի հանճարի սիրտ ճմլող աշխատանքը», ինչպես նաև Զադի Սմիթի և Ջենիֆեր Իգանի ստեղծագործությունների մեծ մասը, իսկ փոփ երաժշտության մեջ՝ այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Էլիոթ Սմիթը, Չայլդիշ Գամբինոն և Բիլլի Այլիշը։

Ըստ իս, այս բոլոր գործերն ունեն մեկ ընդհանրություն. դրանք վերահաստատում են այն միտքը, որ մարդկային ներաշխարհը կարևոր է։ Ընդ որում՝ ոչ թե ինտելեկտուալ չոր փաստարկներով, այլ բարդ զգացմունքներ արթնացնելով, որտեղ խաղային հեգնանքն ու փորձարարությունը միահյուսվում են մարդկային էության բարդություններով անկեղծ հիացմունքին։

Եթե մոդեռնիզմը փորձում էր մարդկությանն առաջ մղել դեպի օբյեկտիվ ճշմարտություններ, ապա պոստմոդեռնիզմի նպատակն էր ցույց տալ այն, ինչ պակասում էր մոդեռնիզմին՝ համատեքստի ու փոխհարաբերությունների ընկալումը։

Եթե մոդեռնիզմը տարված էր մարդկությանն առաջ մղելու և օբյեկտիվ, համընդհանուր ճշմարտություններ գտնելու գաղափարով, ապա պոստմոդեռնիզմի նպատակն էր ցույց տալ այն, ինչ պակասում էր մոդեռնիզմին՝ համատեքստի ու փոխհարաբերությունների ընկալումը։ Հետևաբար, մետամոդեռնիզմի գերխնդիրը պոստմոդեռնիզմի ռելյատիվիզմի և մոդեռնիզմի ռեդուկցիոնիզմի թողած ավերիչ հետևանքներից հետո մարդկային ներաշխարհի ու զգայական փորձառության դերի վերականգնումն է։ Արվեստից և փոփ մշակույթից վերցված մետամոդեռնիզմի օրինակների մեծ բազա կարող եք գտնել իմ համախմբագրած «Ի՞նչ է մետամոդեռնը» կայքում։

Ոմանք գուցե հարցնեն. արդյո՞ք պոստմոդեռնիզմի թերությունները հաղթահարելու համար պարտադիր էր նոր «իզմ» հորինել։ Ինչո՞ւ պարզապես չվերադառնալ մոդեռնիզմին։ Նախևառաջ պետք է հասկանալ, որ ոչ ոք չի կարող «վերևից» թելադրել հասարակության զանգվածային վարքագիծը։ Միգուցե իրոք ավելի ճիշտ կլիներ, որ հասարակությունը պարզապես վերադառնար հստակ մոդեռնիստական նարատիվներին ու գեղագիտությանը, փոխանակ նորովի խուսանավելու մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի միջև։ Բայց փաստն այն է, որ հասարակությունն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Ինչպես պոստմոդեռնիզմի, այնպես էլ մետամոդեռնիզմի ուսումնասիրությունը կենտրոնանում է մշակույթը դիտարկելու, արձանագրելու և տեսականացնելու վրա, այլ ոչ թե ցուցումներ տալու։

Բայց սրանից բխում է մեկ այլ հարց. այդ դեպքում ի՞նչն էր դրդում արվեստագետներին ու լսարանին հեռանալ պոստմոդեռնիզմից, բայց միաժամանակ խուսափել մոդեռնիզմին ուղղակիորեն վերադառնալուց։ Ճիշտ այնպես, ինչպես պոստմոդեռնիզմն իր թերություններով ստիպեց փոխել ուղղությունը և ծնունդ տվեց մետամոդեռնիզմին, այնպես էլ ժամանակին հենց մոդեռնիզմի թերություններն էին ծնել պոստմոդեռնիզմը։ Այսինքն՝ պոստմոդեռնիզմը ոչ թե սխալ աշխարհայացք էր, որը երբեք չպետք է գոյություն ունենար, այլ անհրաժեշտ արձագանք մոդեռնիզմի մեծամտությանն ու կույր գոտիներին։ Արձագանք, որն իր հերթին անկատար էր, ինչի արդյունքում էլ ասպարեզ եկավ մետամոդեռնիզմը։

Կարող է ծագել ևս մեկ տրամաբանական հարց. եթե մետամոդեռնիզմը ծնվել է իննսունականների վերջին որպես պոստմոդեռնիզմի ծայրահեղություններին տրված պատասխան, արդյո՞ք այն դեռևս արդիական է 2023 թվականին։ Եթե պոստմոդեռնիզմն արդեն անցյալում է, ինչո՞ւ է այն դեռ արձագանք պահանջում։ Պատասխանը երկու շերտ ունի.

  1. Նախ, պոստմոդեռնիզմը (ինչպես և նախկինում մոդեռնիզմը) երբեք էլ լիովին չի անհետացել։ Որպես գեղագիտություն և մտածելակերպ՝ այն դեռ տարածված է օդում և շարունակում է դրսևորվել մեր արվեստում ու փոփ մշակույթում։ Ուստի, ամենայն հավանականությամբ, մշակույթի տարբեր ոլորտներում մենք դեռ երկար կտեսնենք դրան տրվող մետամոդեռն արձագանքը։

  2. Երկրորդ (և թերևս ամենահետաքրքիրը)՝ վերջին 25 տարում մեր ապրած աշխարհն ավելի ու ավելի է կլանվում այնպիսի զգացողություններով, որոնք նախկինում հանդիպում էին առավելապես արվեստում, իսկ այժմ դարձել են մեր առօրյայի անբաժան մասը։

Մի աշխարհում, որտեղ իրականությունը բեկվում է համացանցի կալեյդոսկոպով, հեշտությամբ մանիպուլացվող, իրարամերժ «ճշմարտություններով» ու տեխնոլոգիաների խելահեղ զարգացմամբ (մասնավորապես՝ արհեստական բանականության վերջին բումով), մենք միգուցե այժմ ավելի քան երբևէ կարիք ունենք այնպիսի ֆիլմերի, երգերի ու մշակութային այլ գործերի, որոնք կսովորեցնեն մեզ ընդունել հիպերիրականության մեջ ապրող մարդուն բնորոշ առեղծվածները, քաոսն ու տարօրինակությունները։ Այնպիսի իրականություն, որը հնարավոր չէ պարզապես վանել մեր ցանկությամբ։

2022 թվականի բազմամրցանակակիր «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը մետամոդեռն կինոյի հիանալի օրինակ է։ Այնտեղ ներկայացվում է ուղեղը պայթեցնող բազմատիեզերքը (որը փոխաբերություն է ժամանակակից կյանքի մասնատված իրականության համար), բայց ի վերջո ֆիլմը հանգում է նրան, որ ամենակարևորը բարությունն ու ընտանեկան կապն են։ Նույն թեման է արծարծվում նաև վերջին շրջանի «Սարդ-Մարդը. տիեզերքների միջով» (Spiderverse) ֆիլմերում։ Բիլլի Այլիշի երաժշտությունն աչքի է ընկնում թարմ մետամոդեռն շնչով. այն համադրում է տեխնոյին բնորոշ կոշտ ու հաճախ խելահեղ ռիթմերը՝ առանց զոհաբերելու խոցելիությունն ու մանկական ոգևորությունը։ Վստահ եմ՝ մենք դեռ շատ կտեսնենք գործեր, որտեղ մետամոդեռն գեղագիտությունը կմիահյուսվի հիպերիրականության տրամադրություններին, իսկ ավելի դասական մետամոդեռն արտիստներն ու ռեժիսորները, ինչպիսիք են Ուես Անդերսոնն ու Wilco խումբը, կշարունակեն ստեղծագործել իրենց վաղ շրջանի գործերին բնորոշ ոճով։

Մեկ այլ ուղղություն, որտեղ տեսնում եմ մետամոդեռնիզմի զարգացման մեծ ներուժ, փիլիսոփայական հենքերի ձևավորումն է։ Մինչ օրս մետամոդեռնիզմը հիմնականում դրսևորվել է գեղագիտական և մշակութային ձևերում, ինչպես նաև դրանց տեսականացման մեջ։ Բայց ճիշտ այնպես, ինչպես մոդեռնիզմն առաջնորդվում էր Մարքսի, Նիցշեի, Ֆրոյդի և Էյնշտեյնի նման մտածողներով, իսկ պոստմոդեռնիզմի ռահվիրաներն էին Ֆուկոն, Դերիդան, Լիոտարը, Բոդրիյարն ու Դելյոզը, կարելի է պնդել, որ մետամոդեռնիզմը նույնպես սկսել է ձևավորել իր փիլիսոփայական հենքը։

2000-ականներին ի հայտ եկած այդպիսի ուղղություններից մեկը Օբյեկտակենտրոն գոյաբանությունն է (OOO – Object-Oriented Ontology), որի գլխավոր ներկայացուցիչներն են Գրեհեմ Հարմանը և Տիմոթի Մորտոնը։ Այս մոտեցման կենտրոնում ոչ թե մարդիկ են, այլ օբյեկտները, որոնք սահմանվում են որպես երևույթներ, որոնք դիմադրում են բաղկացուցիչ մասերի բաժանվելուն (ինչը բնորոշ էր մոդեռնիզմին) և հրաժարվում են ներկայանալ զուտ որպես համատեքստերի և ազդեցությունների արդյունք (ինչպես կաներ պոստմոդեռնիզմը)։ Թեև կարող է թվալ, թե մարդկանց փոխարեն օբյեկտների վրա կենտրոնանալը հակասում է անհատական ներաշխարհը կարևորող մետամոդեռն մոտեցմանը, ես դա դիտարկում եմ որպես գործող սուբյեկտների (գործակալների) շրջանակի ընդլայնում։

Սթորմի նպատակն է առաջարկել գիտական աշխատանքի և գիտելիքի ստեղծման բոլորովին նոր մոտեցում, որը վեր է կանգնում մոդեռնիզմի ու պոստմոդեռնիզմի միջև եղած բանավեճերից՝ հանգելով նրան, ինչն ինքն անվանում է «խոնարհ գիտելիք»։

Հուսով եմ՝ գալիք տարիներին կտեսնենք OOO-ի և 21-րդ դարի այլ փիլիսոփայական շարժումների՝ որպես պոտենցիալ մետամոդեռն երևույթների ուսումնասիրություններ։ Դա պարտադիր չէ, որ անեն հենց հիմնադիր փիլիսոփաները. ավելի հավանական է, որ այլ հետազոտողներ կկիրառեն մետամոդեռնիզմի դիտանկյունը՝ այս փիլիսոփայական զարգացումներն իմաստավորելու համար։ Սրան զուգահեռ, փիլիսոփայության մեջ արդեն իսկ կա մի շարժում, որը բացահայտորեն իրեն անվանում է մետամոդեռն։

2021 թվականին Ջեյսոն Անանդա Ջոզեֆսոն Սթորմը հրատարակեց իր «Մետամոդեռնիզմ. տեսության ապագան» (Metamodernism: The Future of Theory) գիրքը։ Սթորմի նպատակն է առաջարկել գիտական աշխատանքի և գիտելիքի ստեղծման բոլորովին նոր մոտեցում, որը վեր է կանգնում մոդեռնիզմի ու պոստմոդեռնիզմի միջև եղած բանավեճերից և հանգում մի բանի, ինչն ինքն անվանում է «խոնարհ գիտելիք»։ Այստեղ արդեն հնարավոր է պնդումներ անել՝ հիմնվելով մոտավոր, բայց հուսալիորեն ուրվագծված կատեգորիաների վրա։ Սթորմը հուսով է, որ իր առաջարկները մեծ ազդեցություն կունենան հումանիտար և հասարակական գիտությունների վրա։

Իմ առաջիկա գրքում, որը փոփ մշակույթում մետամոդեռնիզմի յուրօրինակ ուղեցույց է լինելու (ներառելով վառ օրինակների խորքային վերլուծություններ), ես խոսում եմ այն պատմությունների մասին, որոնք մարդիկ հաճախ են պատմում այս օրերին։ Սրանք պատմություններ են, որոնք մոդեռնիստական պարզեցման, պոստմոդեռն հարաբերականության և հիպերմոդեռն մասնատվածության պայմաններում առաջնահերթությունը տալիս են մարդկային ներաշխարհին։ Մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք նման պատմությունների, ինչպես նաև դրանց մասին գիտական ու լրագրողական անդրադարձերի աճին։ Կարծես թե հենց սա է այն, ինչի կարիքն այսօր մենք ունենք։

29 նոյեմբերի, 2023 թ.

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով