Նարեկ Թոփուզյան | Գուգոյի հայտարարությունը

Երեսուն տարի է Գուգոն ու Ժաննան ապրում են միասին ու վերջերս նրանց հարաբերությունները խառնվել են: Գուգոյի և Ժաննայի հարաբերությունները խառնվել են իրար ու նրանք թու-թու-թու, իրենցից հեռու՝ ոնց որ տիեզերքի անկշռության պայմաններում թթվածնային դեֆիցիտի մեջ հայտնված տիեզերագնացները՝ ստույգ չգիտեն էս ամբողջն ինչքան կտևի, դրա համար էլ աշխատում են միմյանց հետ շատ չխոսել, որ խոսքով թոքերը ողողող թթվածինն անհարկի չսպառվի: Նայես վաթսունն անց այս զույգին, կասես նրանք լռաձայն հայտարարված խռովությամբ փորձում են հետաձգել իրենց համատեղ կենցաղի վախճանն այնքան, որքան կբավարարի հանդուրժողականության ռեսուրսը, որ նրանք սպառում են ընտանեկան անկշռության պայմաններում: Պատճառն ինքն իր համար գտել կամ ով գիտի միգուցե հնարել է Գուգոն՝ «Դու ինձ բանի տեղ չես դնում»,–երեխի պես պռոշները կոկոնած, ձայնում է Գուգոն ու հերքման հեղեղումների ակնկալիքով պտտվում դեպի հեռուստացույցը, բայց ավաղ հերքումներ չեն հետևում: Չեն հետևում, որովհետև Ժաննան իրոք որ բանի տեղ չի դնում՝ գոնե Գուգոյի այս հայտարարությունը, որ վերջին երեսուն տարվա իրադարձությունների սովոր ընթացքի մեջ նոր է: Մինչ այդ ոչ ոքի մտքով Գուգոյի այս պրոկլամացիան չի անցել՝ բանի տեղ դնե՞լս որն է, ընդհանուր կյանք է՝ ապրում են էլի, ընդհանուր հաց է՝ կիսում են, ընդհանուր կենցաղ է՝ վարում են:
Գուգոյի այս հայտարարությունն այնքան նոր է, որ Ժաննան չգիտի ինչ մտածի: Մտածի Գուգոյին գիրկն առնի, ծիծը բերանը տա՝ սսկացնի, ճիշտ չի լինի, որովհետև իր ունեցած ծիծը վաղուց էն ծիծը չի, դրանից զատ, ախր, Գուգոն էլ հեչ երեխա չի: Հարկադրված մտածում է էս մարդը հաստատ էրեկ իրիկուն կամ կեսօրին մի բան էն չի կերել ու միգուցե նրա պոռթկումն այդ կերածի արձագանքն է: Նորություն լինելուց բացի այնքան չկանխատեսված է այս պոռթկումը, որ Ժաննան նստել է կարի մեքենայի առաջ, ակնոցն առաջ է բերել դեպի քթի ծայրն ու լուռ կարում է պատվիրատուի վարագույրը: Գուգոն ասում է, սա՝ սուս կարում, նա ասում է, սա՝ կարում ու ինչքան Ժաննան սուս է մնում, այդքան Գուգոն փրփրում է: «Դու ինձ բանի տեղ չես դնում»,–ասում, կրկնում է Գուգոն, իսկ Ժաննան նոր չի, որ «բանի» տեղ չի դնում Գուգոյին: Ստույգ ասել, թե որքան ժամանակ, հնարավոր չի, բայց հաստատապես նոր չի: Հավանական է այն օրվանից, երբ կյանքը կորցրեց թաքուն ժամադրությունների հմայքը, բայց էլի հաստատ չի: Հաստատ է, հաստատ չի, ամեն դեպքում նոր բան չի, սակայն Գուգոն դա վերջերս է նկատել, իսկ պատճառը նա է, որ վերջերս փեսան գրկել, պաչել է Ժաննային ու մի քիչ երկար, մի քիչ սեղմ, պահել է իր գրկում հենց Գուգոյի առաջ:
Սա տեսել, ձեն չի հանել Գուգոն: Ինքն առաջ է ընկել, Ժաննային հետևը գցել, տուն է բերել ու որտեղ Ժաննային բռնում, գժվացնում է` «Դու ինձ բանի տեղ չես դնում»,–ասում է նա ու կամ թեք է ընկնում դեպի հեռուստացույցը կամ թողնում, դուրս է գալիս փնտրելու չուստի թայը, որ հավանական է փողոցի շունն է տարել, իսկ Ժաննան լսում ու չի հասկանում: «Այ մարդ, դու ինձնից ինչ ես ուզում»,–հասկանալու համար հարցնում է Ժաննան, սակայն պատասխան չգտնելով, սեղմաթաթիկի լծակը շրխկոցով իջեցնում է գործվածքի վրա, ոտքը դեմ է տալիս կարի մեքենայի ոտնակին ու ավտոարշավորդի պես կատաղի սլանում գործվածքի վրայով: Այս ընթացքում, երբ Ժաննան հասնում է ճանապարհի վերջին, ոտքը վեր է բերում ոտնակից, աջ կամ ձախ է թեքում գործվածքն ու մինչ նորից գազ կտա կարի մեքենան, փրփրոտած հայացքով հորատում է Գուգոյի ծուռ թիկունքը: «Բերնիցդ դուրս եկած ճաշը սարքում եմ, քաքութեքերդ լվում եմ, նազուտուզդ տանում եմ, էլ ինչ չեմ արել, որ պիտի անեի»,–քրթմնջում է Ժաննան ու պատասխան չգտնելով, կրկին հուպ տալիս մեքենան:
Գուգոն ու Ժաննան ոչ մի կերպ իրար հասկանալ չեն կարողանում: Գուգոն ամեն առիթ օգտագործում է դժգոհելու, թե Ժաննան իրեն բավարար քանակությամբ ուշադրության չի արժանացնում: Դիցուք էն օրը «Բարգավաճ Հայաստանը» կանանց միամսյակով նպատակները քողարկելով, նախընտրական վարդեր բաժանելիս է եղել: Գուգոն դուրս է թռել ու մի կերպ բացատրելով, թե ինչու իրեն՝ ամոթույքից կախ ընկած ահռելի գրիժայով որձին պիտի ծաղիկ նվիրեն, մի հոլանդական վարդ ճանկել, բերել ծաղկամանի մեջ սենյակի մեջտեղում է տնկել, որ Ժաննային աչքալուսանք անի, իսկ Ժաննան խանութից եկել, վարդը չի նկատել: Մի տասն անգամ Ժաննան ներսուդուրս է արել հյուրասենյակ, տասից առնվազն հինգ անգամ կիպ անցել կոկոնը դիք ձգած, ընդերքն անամոթաբար չռած ծաղկի կողքով, մի անգամ նույնիսկ կանգ է առել ու երեսուն տարիների միօրինակությունը հերքող հոտն առնելով, հյուրասենյակը հոտոտել, բայց, այդուհանդերձ, վարդը չի նկատել: «Դու ինձ բանի տեղ չես դնում»,–վարդին նայել, կրկին իրեն է նկատի ունեցել Գուգոն ու գժտությունը նոր թափ է ստացել: Բանը հասել է նրան, որ գիշերը Ժաննան մտել է ննջասենյակ՝ քնելու, տեսել է ո՛չ բարձ կա, ո՛չ յորղան: Ուր է, ուր է՝ փնտրտուքը Ժաննային բերել, կանգնեցրել է հյուրասենյակի դիվանի առաջ: Ուրեմն էդ զոռբա Գուգոն դու մի ասա, որ ուզում է, լավ էլ շնորհքով մարդ է՝ սավանը դիվանի վրա փռե՜լ, հարթեցրել է բոլոր ծալքերը, բարձը ծեծել, հարմարեցրել է գլխավերևում, նույնիսկ յորղանը փռել ու տակը մտնելու հարմար, փեշը կիսաբաց է արել: Էս ամբողջը Գուգոն արել ու հայտարարում է՝ «Դու իմ կողքին գործ չունես»: Չունես՝ չունես՝ Ժաննան էլ, ինադ, հենց տեղում հանվել, պառկել է ու վրա բերել՝ «Ի՛նձ լավ, Գուգո տղա, տռահոտդ չեմ քաշի, խռոցդ չեմ լսի», ասել, յորղանը գլուխն է քաշել Ժաննան ու շուռ եկել դեպի պատը:
Կլինի արդեն քանի օր Ժաննան քնում է հյուրասենյակի դիվանի վրա ու քանի օր լսում է Գուգոյի փնթփնթոցները: Գուգոյի այս սրացումը հասկանալու փորձերը, պատահաբար բերել են նրան իրենց ուսանող աղջկա համակարգչի մոտ, որտեղ Գուգոն ըստ ամենայնի քրքրել ու մեկուսի անկյուն գնալուց առաջ մոռացել է ինտերնետային դիտարկիչից անջատել տասնութ պլյուս նկարները: Շշպռված Աննան նայել, նայել է այդ լրբերի նկարներն ու գլխի ընկել՝ «Արա՜»,–մտածել է Ժաննան,–«Ուրեմն սրա դարդն է՞դ ա»: Ժաննան գլխի է ընկել ու մտադրվել Գուգոյին վերջապես բանի տեղ դնել, բայց հայացքը մտովի Գուգոյին է հառել, տեսել գրիժային կուլ գնացած նրա եղած-չեղածն ու մտափոխվել, նորից է մտադրվել, այս անգամ հայացքն իրեն է հառել ու հասկացել, որ մոռացել է՝ «Հողերը գլխիս, տեսնես էդ անտերը ո՞նց են անում»,–հարցրել ու այդպես էլ պատասխանը գտնել Ժաննան չի կարողացել:
ապրիլ, 2017թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *