ՍԱԹԵՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ | ՀԱՅՈՑ ՀՈԳՈՒ ԱԳՌԱՎԱՔԱՐԸ

Սաթենիկ Ավետիսյան

Էպոսի առ այսօր հայտնի մշակումները ժանրային տարբերակմամբ պոեմներ են, ըստ էության դյուցազներգության էպիկական պատումը մշակող հեղինակները շարունակել են բնօրինակի կերպով չափածո կաղապարի մեջ պատկերագրել այն՝ առավել կամ պակաս չափով ռիթմավորելով տողերը՝ որպես բանաստեղծական միավորներ: Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գրքի» պարագայում մենք անառարկելիորեն գործ ունենք էպիկական պատումի հետ. առաջին անգամ հայոց ամբողջական էպոսը մշակվել է որպես վեպ՝ վիպական կառույցի հայտնի օրենքներով: Հեղինակն իր գրքում «Սասնա ծռերը» կոչում է ազգային վեպ, որի պատումների համադրական էթնովերլուծության հիմքի վրա ստեղծել է էպոսի բացառիկ մի տարբերակ՝ հայոց մշակույթի ընկալման անօրինակ խոր, բազմաստիճան մի համակարգ՝ ազգային ոգու տարողության ողջ բարդությամբ:
Զարմանալի, իսկ գուցե օրինաչափ մի զուգադիպությամբ տարիներ առաջ Փոքր Մհերի կերպարը, ապա էպոսի հերոսների վարքն ու ճակատագիրը՝ որպես համազգային հոգեկերտվածքի մանրատիպեր, դարձան իմ ուսումնասիրության նյութը, և հարցադրումները, որոնց բնագրային հիմնավորումներն էի փնտրում էպոսի էջերում, և փորձեցի իմ ճանաչողության սահմաններոմ մեկնել, խորապես հիմնավոր մշակմամբ հայնաբերեցի Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գրքում»:
Մեր նյութական գոյության գետնամած խնդիրների մշտահոլով ընթացքի մեջ կորցնելով կապը ֆիզիկական աչքով անտեսանելի աշխարհների հետ, և չուգունե համառությամբ մերժելով մեր անկատար տեսողությունից դուրս գոյող իրականությունները, ստիպված ենք ապավինել նրանց տեսողությանը, ովքեր նաև ներքին աչք ունեն, նրանցից մեկն էլ երջանկահիշատակ Լևոն Խեչոյանն էր՝ հոգով տեսանողը: Հայ բանաստեղծության մեծերը՝ Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը. Եղ. Չարենցը, գնացին դեպի ազգային էպոսը՝ մեծ ու փոքր, համաժամանակյա կամ տարաժամանակյա խնդիրներ էպոսի որևէ ճյուղի միջոցով առաջադրելու նպատակով: Ո՞րն էր Խեչոյանի գաղափարագեղագիտական խնդիրը:
«Մհերի դռան գիրքը» կառուցված է զուգահեռ զարգացող երկու տեքստերի հարադրությամբ, որոնք տրոհված են ժամանակով, բայց միավորված են հոգու կեցությամբ. այն պայմանականորեն կարելի է կոչել փոքրմհերյան հոգեկացություն,որը հարյուրամյակներ և ավելին դարձել է հայոց հոգու գոյակերպը: Փոքր Մհերի ֆենոմենի բացահայտումների համապատկերում առանձնանում և արժևորվում են պետականության չգոյության և զորեղ անհատի կործանման երկու սահմանում: Առաջինը Եղ. Չարենցի պոետական մեկնությունն է «Սասունցի Դավիթ» պոեմում. ո՞վ, եթե ոչ Չարենցն իր բացառիկ ներքնատեսությամբ պիտի միֆազերծեր առասպելը՝ բացահայտելով «թաքուցյալ ճշմարտությունը» հայոց չարաբարո արքաների մասին.

– Օ՜, դյուցազն Մհեր, ռամիկ դու այր,
Առյուծ-Մհերի շավիղ պայծառ,
Դյուցազուն վերջին, ռամիկ արդար,
Ձեռք ժողովրդի ստեղծարար, –
Ուժեր կործանիչ, և՛ մութ, և՛ չար
Քարայրում այն մութ, միգում խավար
Փակեցին ահով քո դեմքը վառ
Եվ գալիք քենից սարսափահար՝
Հայտարարեցին քեզ նեռ ու չար,
Որ չելնես մի օր, նրանց համար
Չբերես անկում, ու մուժ, ու մահ [1]

Եղ. Չարենցը մերժեց Մհերի Ագռավաքարում փակվելու ընդունված մեկնակերպը. փակեցին, ոչ թե փակվեց, նենգափոխեցին նրա արևային էությունը, վերագրեցին չարություն,և այդ ամենը՝ նրա ուժի և կատարելության սարսափից: Չարենցյան Մհերն ինքն է արդարության մարտիկը՝ արևային էությունը, ում բանտելով բանտում են Լույսն ու նրա զավակներին Խավարի դավադիր որդիները.

Եվ դարեր ապա ու տարիներ
Լեռներում Սասմա, աշխարհում մեր,
Որ ոչ մի դյուցազն էլ չսերեց,
Ձենով Օհանի զարմը տիրեց…
Տիրեց Օհանի սերունդը մառ
Բազում տարիներ, ու դարեդար
Հայրենի երկրում ժլատ ու չար,
Անդուլ կեղեքող, ձեռքով շռայլ
Ցրե՜ց մեր երկրի գանձերն անծայր
Եվ ինքնությունը մեր ոսկեսար [2]:

Ահա գաղափարական բարձրակետը. հարվածի թիրախը հայոց ինքնությունն է: Մհերի արգելափակումը՝ որպես հայոց ինքնությունը վտանգող գործողություն, հայոց պատմության քառուղիներում տևականորեն դեգերելու շնորհիվ ամենալայն հայացքով էր Չարենցը մեկնում էպոսի վերջին ճյուղի հանգուցալուծումը: Իրապես հայոց ազգային էպոսը հայ տեսակի դեմ դարավոր պատերազմի գեղարվեստական խտացումն է՝ Արև աստծո (Միհր-Միթրա) և Խավարի ուժերի բախման այլաբանությամբ: Փոքր Մհերի ճակատագրի չարենցյան հայեցակերպը շարունակվեց Խեչոյանի փիլիսոփայական ու գեղագիտական որոնումներում: «Մհերի դռան գրքի» առաջին էջերի խորհրդածություները դասախոսությունների ձևով հայտնակերպում են Փոքր Մհերի աստվածային և մարդկային բնույթի խեչոյանական ինքնատիպ ընկալումները:Դրանք են՝

1. Մհերն աստված է, որովհետև անմահ է.կամ՝ եթե անմահ է, ուրեմն աստված է. նա նույնպես ունի բոլոր աստվածություններին բնորոշ անվերջ վերադարձի կամ հավերժական պտույտի հատկությունը.«Ըստ արևմտյան ավանդության՝ Միթրա-Միհրը ծնվում է ժայռից («ժայռածին աստված») , որին ականատես են եղել հովիվները:Հայոց վեպում թեպետ ժայռածնության մոտիվը չկա, բայց առկա է Փոքր Մհերի ժայռում` Ագռավաքարում, փակվելը…» [3]: Արև-Աստվածը ծնվում է ժայռից և վերադառնում այնտեղ. լեռան թիկունքից արևածագի և արևամուտի տեսողական պատրանքի միֆականացումն է, ժամանակի պտույտը օրվա ծիրում, վերադարձ ելման կետին: Ամեն տարի Համբարձման գիշերը նրա հայտնության առասպելը նույն շուրջանակի պտույտն է արեգակնային տարվա շրջափուլում: Քրմական դասի կողմից գաղտնախորհուրդ արարողակարգերով Արև-Մհերին քարայրից դուրս բերելու ծեսը ժամանակը նորոգելու և արևակենտրոն տիեզերքի կարգը պահպանելու խորհուրդ ունի: Այսինքն՝ Փոքր Մհերին փրկչական առաքելություն է վերագրվել, ինչը հետագա դարերում ակնհայտ հակասության պետք է գնար քրիստոնեական Աստծո գործառույթների հետ, քանզի նրան էին մենաշնորհված վերոբերյալ հատկությունները.«Մհերի՝ Ագռավաքարում՝ մի կետի սահմանում, հազար հինգ հարյուր – երկու հազար տարի կենդանի լինելը եկեղեցին անկարելի վիճակ էր համարում, նման բնույթը միայն քրիստոնյաների առաջնորդի երկրորդ գալստյանն էր վերապահված»[4]: Խեչոյանը պեղել է հայոց հոգու արգելափակման պատճառներից գլխավորը՝ հոգենորոգության ազգային ծեսից հրաժարումը, ինչը Կենդանակերպի մեկ պտույտի ժամանակային տիրույթում էթնոգիտակցությունը կապահովեր բանական կենսաուժերի բարձր հաճախականությամբ: Մյուս կողմից, եթե Մհերի փակվելը տիեզերական կարգի օրենքների շրջանակում էր, ապա ժամանակի կանգ և խախտում չպետք է լիներ, ուրեմն՝ Մհերի երկնային չգոյությունը աստվածային կամքի դրսևորում չէր: Արևի արգելափակումը դեմ էր տիեզերքի օրենքներին, դա հենց գոյավոր ամենայնի մահն էր: Հայոց էպոսի Փոքր Մհերը ժայռում արգելափակված Արև-Աստծո էթնիկ աշխարհազգացողության համարժեքն է՝ համազգային պատմական ճակատագրի տրամաբանությամբ միֆականացված: Ըստ չարենցյան մեկնակերպի՝ Փոքր Մհերը չի փակվել Ագռավաքարում, նրան փակել են՝, և դա միանշանակ հայոց ինքնության դեմ լավ կազմակերպված դավադրություն է՝ արևի որդիներին (Ար-մեն, Ար-ամ)  տիեզերական ժամանակից դուրս նետելու ծրագիր:

2.Փոքր Մհերը մարդ է՝ Սասնա իշխանական Մեծ տան գահի ժառանգորդը: Ըստ խեչոյանական հայեցակարգի՝ Մհերի պաշտամունքը կասեցնելու և ժողովրդական ըմբոստացումը կանխելու նպատակով Մեծ տան երիցավագները հետևողականորեն պսակազերծում էին նրա կերպարը. «Քանի որ ավերիչ խառնակության ամենամեծ մեղավորը Մհերին էին համարում, անթաքույց քենով պախարակում էին նրան.«Ուրեմն հազարամյակներ շարունակ քարը քարին դնելը, ոչնչից երկիր բարձրացնելը անշնորհակալ գործ էր: Պարզվում է՝ էս մոզիներին հասկացված լինելու համար անգամ թուլամիտ Մհերի չափ խելք չենք ունեցել, որ գլուխներս առած փախչենք, որևէ քար ու քրջի մեջ թաքնվենք»: Ծերունիներից ամեն մեկն արդեն հարյուր տասը, հարյուր երեսունն անց էր, թույլ և ավելորդ լինելու զգացողությունը չարացնում, ոխակալությամբ էր լցնում» (էջ 23): Մհերյան վարդապետության հաղթարշավը կանխելու նպատակով հետևողականորեն ծավալվում էր մհերյան ոգու սպանդը նրան մարդեղացնելու միջոցով. Փոքր Մհերը հայտարարվում էր թուլամիտ գերյալ, որին դաժանաբար սպանել էին հինգ գյուղերի հինգ գյուղացիները և դիակը թաքցրել Ագռավաքարում: Արև-Աստվածը մեռած է, իսկ եթե մեռած է, ուրեմն Աստված չէ: Մհերի դեմ դավադրության հարցում Չարենցի և Խեչոյանի մոտեցումները հարազատ են: Մինչ այս մեկնությունները Խեչոյանը Մհերի Ագռավաքարում փակվելը կամավոր գործողություն է համարում՝՝ ինքնապահպանության բնազդի թելադրանքով, բայց հեղինակը նաև մանրամասնում է, որ էպոսի պատումների մեծ մասում նրա ինքնամեկուսացումը սեփական նախաձեռնությունը չէ. օտարված ու մենակ՝ նա խորհրդի է գնում հոր ու մոր գերեզմաններին, և ծնողները նրան ուղարկում են Ագռավաքար, որոշ պատումներում հայրն ու մայրը նրան խորհուրդ են տալիս երկրից հեռանալ, որոշ պատումներում, չհասկանալով՝ ինչու հողն իրեն չի պահում, դիմում է Աստծո օգնությանը: Ամեն դեպքում միարժեք է՝ Ագռավաքարում փակվելը Մհերի կամքը չէ: Չմոռանանք կարևորը՝ հայրական անեծքը, որն ըստ էության կանխորոշում է նրա ճակատագիրը, ինչպես Արտաշեսյան Արտավազդի վիպերգում. նշանակում է՝ հայրական անեծքից խույս տալ հնարավոր չէր, անմահությունն այս դեպքում և՛ դատապարտվածություն էր, և՛ շնորհ: Խեչոյանի պատումի կենսափիլիսոփայությունը, հիմնվելով ազգային գոյաբանության տրամաբանությանը, պահանջում է կարևորել էպոսի դիպաշարի այն դետալները, որոնց մեկնությունը կնպաստի իրեն հուզող վտանգված ինքնության և տեսակի պահպանման հոգևոր խնդիրների լուծմանը.«Գուցե Մհերն էլ զգացել էր խառնակությունների, տեսակը բնաջնջող սև պատերազմների, որդեսերման սերմը փչացնող պտղաորդի մոտենալու ժամանակը: Գուցե հենց այդ պատճառով էր հրաժարվել իշխանական Մեծ տան գահից, երկրի առաջնորդը լինելու բոլոր իրավունքներից, անսպառ հարստությունից: Ժողովրդի դարերով կերտած մշակույթը իր մեջ ներառած՝գնացել, հազար ինը հարյուր տարի, երկու հազար տարի փակվել էր Ագռավաքարի նախամայր արգանդում նյութական աշխարհից ամենայն ազգային վաստակած ունեցածքը տեղափոխել էր հոգևոր ոլորտ՝ փորձելով իր պահպանության տարած ժառանգությունը քսան դար հետո ապագա սերունդներին վերադարձնելով՝ փրկել մեր ինքնությունը» (էջ16-17): Ուրեմն՝ Մհերը փրկության էր տարել հայոց հոգևոր գանձերը և «որդեսերման սերմը»: Ինչո՞ւ: Այս մասին իմ դիտարկումները մանրամասնել եմ «Վտանգված ինքնության ահազանգը «Սասնա ծռերում» կամ էպոսի դասերը» հոդվածում5, ինքս ինձ չկրկնելու համար ընդհանրացնեմ, որ Մհերն ստիպված էր հեռանալ եռաչափ գոյաբանական աշխարհից իր նախնիների սխալների պատճառով, քանզի նրանք՝ պապն ու հայրը, բավարար չափով խոհեմ չէին եղել երկրի նյութական և հոգևոր գանձերին տեր լինելու գործում, վտանգել էին իրենց և սերունդների ինքնությունը, ահա թե ինչու ծնողների հոգիները նրան հավերժ փրկության են մղում, իսկ համազգային միֆական աշխարհազգացողությունը անվերջ վերադարձի գործառույթ շնորհում.«Սակայն, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, մեզ դեռևս դպրոցական տարիներին ուսուցանած Մհերի՝ Ագռավաքարում փակվելու պատմությունն է հարազատ, քանի որ բոլորիս նրան սպասելու հնարավորություն է տրվում» (էջ17): Մենք՝ հայերս, սպասում ենք Մհեր փրկչի հայտնությանը: Արդյոք վերամարմնավորվում է Փոքր Մհերը, և եթե այո՛, ապա ինչպե՞ս և ի՞նչ պարբերականությամբ:
Փոքր Մհերի ֆենոմենի հաջորդ ինքնատիպ մեկնության հեղինակը Հրանտ Մաթևոսյանն է, նրա խոհի խորքային ընկալումը կբացահայտի վերոբերյալ հարցադրումները. «Մեր էպոսն ինձ համար ուղղակի հայ ողջ մշակույթի գագաթն է: Հենց Փոքր Մհերի ճյուղը: Ժողովրդի, ասացողի, ասացողների մտավոր զորությունը կարծես չի զորել ծեփելու, կերտելու, ծավալելու, ուռուցիկ դարձնելու էն գլխավորը, որ մի անգամ հանճարի միտքը կռահել է: Էսօր մեր իրականությունը Փոքր Մհերի անիրական իրականությունն է: Խուսափուկ, անորոշ թշնամի և իրական պարտություն: Ո՞վ է կարողանալու մարմնավորել էս բոլորը: Մեր մտքից, մեր տեսադաշտից խուսափող թշնամուն, մեր մտքի եզրերին երբեմն առնչվող, բայց երբեք մեր մտքից կլանվող այս վիճակն ո՞վ է մարմնավորելու: Դավիթն է ընդգծվել, Դավիթն էր անհրաժեշտ ազգային զարթոնքի մեր իրականությանը, իրական Դավիթ, իրական թշնամի, իրական հաղթանակ: Դրանով գրականության բուն էությունից հեռացավ հայ գեղարվեստա-փիլիսոփայական միտքը, չնայած ակնհայտորեն Մհերի վիճակն էր կրկնվում և առանձին, նույնիսկ խոշոր անհատականությունների, և կուսակցությունների և ողջ հայ իրականության ճակատագրերում:…Մեկ էլ Խմբապետ Շավարշն է Մհերը` տիտան, քաջ, ողբերգական ու ծիծաղելի: Իմը դեռ ճանապարհին է: Ձեռագիր «Մեսրոպս»` տղայի իմ իսկապես հանդգնությունը, վիրավորելու չափ քաշքշեցին ու դեսուդեն արին…» [6]: Ուրեմն՝ մհերյան ոգին համազգային տարողություն ունի. այն որոշակի պարբերականությամբ հայոց հզորների՝ արքա, զորավար, գիտության և արվեստի գործիչներ, ճակատագրերին ներհատուկ գոյավիճակ է, երբ բարձր թռիչքի ունակներին օտարում են բնօրրանից՝ հոգու կամ մարմնի սպանդ կազմակերպելով, կամ կասեցնում են թռիչքը մեկնարկի պահին՝ կանխելով հնարավոր պետական ու ազգային նվաճումները:
Օտարման այս թեմայի լավագույն գեղարվեստական իրացումը Հր. Մաթևոսյանը համարում է Ա. Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը». «Քանիսի ուշադրությունն եմ հրավիրել Բակունցի «Պրովինցիայի մայրամուտի» վրա. ի՜նչ այժմեական, ի՜նչ ճշմարիտ կինոնկար կլիներ: Մեր ժամանակի մեծագույն գործն է՝ մարդու օտարումն իր երկրից: Քաղաքակրթության անունով եկան, արևելյան քո կավի դղյակը, որ էիր դու, փլեցին, քեզ քո երկրից դուրս քշեցին, շորերդ քաղաքի գլխին մի տեղ թողիր ու վերացար: Այսօրվա իմ վիճակն է: Դարձյալ Մհեր, այո՞» [6]: Պրովինցիայի կործանման աղետը Բակունցի կենսափիլիսոփայությամբ արդեն գեղագրվել էր. «այսօրվա իմ վիճակն է» արտահայտությունը շեշտում է հայ մարդու` իր սկզբից օտարվելու դրամատիկ ընթացքի շարունակականությունը, իսկ այն, որ օտարման-անհետացման միֆը մի եզրով կապվում էր Փոքր Մհերի աշխարհաթողությանը, ամրագրում էր հայոց մշակույթի պատմության մեջ երևույթի պարբերականությունը, ինչից կարելի էր մակաբերել հետևյալ կանոնը. հայ մարդու օտարումն իր երկրից օրինաչափ բնույթ ունի: «Դարձյալ Մհեր, այո՞» հարցադրումը Հրանտ Մաթևոսյանն հստակորեն ուղղորդում է դեպի իր ինքնությունն ու իր ստեղծած Մեսրոպի տեսակը՝ բացահայտորեն հալածված ու հայրենիքից աքսորված մեկը այն տասնյակ հազարներից, ովքեր գիտակցում էին իրենց էթնիկ սկիզբը և պայքարում դրա հաստատման համար: Ուրեմն՝ Մհերը հավաքական ոգին է այն հայի, ում հալածել ու օտարել են իր հողից, իր կենսամիջավայրից, փորձել են կտրել արմատից: Այս վիճակն անվերջ է, քանի հողը «ղալբցեր է» ու չի պահում իր զավակին: Օտարման այս շրջապտույտի արտահայտությունն է «Մհերի դռան գրքում» դասախոսի (ում բոլորը նմանեցնում են հեղինակին՝ հիմք ընդունելով Մհերի Ֆենոմենը բացահայտելու նրա տառապանքները և ինքնակենսագրության որոշակի նույնացումները) մհերյան ոգու փնտրտուքի և այն իր՝ հեղինակ-հերոսի ներաշխարհում հայտնաբերելու մտահանգումը. «Մի խոսքով, բարեկամնե՛ր, ամենացավագին, հակասական զգացմունքներով Մհերն իմ ներսում էր» (էջ 29): Հետաքրքիր է, որ տողերի ենթիմաստը և բանաձևումը հարազատ են Արթուր Արմինի՝ հայոց էպոսին նվիրված հիմնարարար աշխատության բնաբանին [7]. «Դարերով փնտրում ենք այն, ինչը մեր մեջ է, և կորցրածը կվերագտնենք միայն այն ժամանակ, երբ գիտակցենք կորստի արժեքը»: Այս կետում իրապես հատվում են զուգահեռ տեքստերը՝ հնարավորություն տալով ընդհանրացումների: Մհերին իր ներսում փնտրելով՝ դասախոս-Խեչոյանը ինքն իրեն էր փնտրում-ճանաչում-փրկում: Ահա թե ինչու էպոսի բոլոր ճյուղերի և այդ թեմաներով նախագիտելիքի բարձրագույն գեղակերպմանը հեղինակը զուգորդում է դասախոսի կյանքի պատմությունը, որն ակնհայտ հարազատության է գնում էպոսի հերոսների կենսապատումին՝ օտարում հարազատ միջավայրից՝ մտազգայական պարականոն վարքի պատճառով, սոցիալական անհենարան կենսակերպ, ապօրինի սեռային հրապուրանք և ապօրինի պտուղ: Մահաբեր հիվանդության անհաղթահարելիությունը ծնում է հավերժ հոգևորվելու մտապատրանքը՝ Փոքր Մհերի հետ հանդիպման մղվելով և սեփական հոգու Ագռավաքարը պեղելով: Ուրեմն՝ Ագռավաքարը հայոց արգելափակված հոգու պահոցն է, իրենց հայրենիքում սոցիալապես չիրացվելով՝ միայնակ ուժեղները օտարվում ու ոչնչացվում են, թույլերն են երամավորվում, քանզի ունակ չեն բարձր ճախրանքի: Թվում է՝ այս զարմանալի պարականոն վեպը կոմպոզիցիոն-բովանդակային անտրոհ ամբողջություն կլիներ, եթե բաղադրվեր միայն էպոսի խեչոյանական տարբերակից(«…ինչ-որ մեկի համար պատմում ու պատմում էի ազգային վեպի իմ տարբերակը» (էջ 146), եթե դասախոսը դիմանար գայթակղությանը՝ իր ես-ը չտարրալուծելով մհերյան ճակատագրի տիրույթներում, բայց դժվար էր սեփական Մհերին պարտակելը: Հարյուր հիսուն պատումների միջով անցնելով՝ Խեչոյանը գտել էր իր Մհերին՝ հայոց հավաքական Մհերին: Նրա հետ Ագռավաքարում փակվելը ինքնափրկության ճիգ էր, իր հոգևոր եսը հավերժացնելու վերջնաքայլ: Հողը թուլացել էր և չէր պահում Մհերին, «Հողը չէր խոսում ինձ հետ»,- ասում է դասախոսը, հողը վանում է իր որդիներին, ինչո՞ւ, որովհետև տևականորեն դրսի և ներսի թշնամու ջանքով նրանք նյութազրկվում են, հեռացվում առարկայական հայրենիքից: Չկարողանալով ամրանալ հայրենի հողին՝ մհերները վտանգում են իրենց ինքնությունը աշխարհի ծագերում թափառումների մեջ. Խեչոյանի Դավիթն անհայրենիք թափառող հայի խտատիպն է՝ պատմությունները նրա գտնվելու վայրի մասին ստեղծում են միաժամանակ աշխարհի հակադիր կողմերում լինելու առեղծվածային պատկեր. Դավիթն ամենուր էր, բայց ոչ Սասունում, «Այսօրվա մեր վիճակն է»,- կասեր Հրանտ Մաթևոսյանը: Իր հողի վրա չնյութավորվող հայի պարտադրված ճակատագիրը. չէ՞ որ հայրենիքը նախ և առաջ նյութական կառույց է, և էթնոտիպն էլ գոյավորվում է՝ որպես հոգու և մարմնի ամբողջություն, մեկն առանց մյուսի բացառում է էթնիկ սկզբի կազմավորումը. գենը՝ ԴՆԹ-ն, հոգեմտավոր մատերիական համակարգ է, վերջնական ապանյութականացումը տեսակի կործանումն է: Թափառող հայրը անհայրենիք որբության էր մատնել զավակին, յոթնամյա Փոքր Մհերի ուժը սարսափեցնում է Դավթին, և նա այդ զորությունը արգելափակելու անեծք է արտաբերում, ինչի արդյունքում Մհերը հայտնվում է երկու աշխարհների՝ շոշափելիի և հոգու կեցության սահմանագծին, անժառանգության անեծքը վերջնականորեն տրոհում է հայոց մարմինն ու ոգին, արտաքսում նյութական հայրենիքից: Վերջապես ի՞նչ խորհուրդ ունի էպոսի վերջաբանը, ըստ որի՝ Մհերի վերադարձը կապվում է ցորենի և գարու՝ մասուրի և ընկույզի չափ դառնալու պայմանին (թողնենք արդարության հաստատման պարզունակ մեկնությունը). արդյոք ցորենն ու գարին բնաշխարհի նախաստեղծ կատարելության նյութեղեն ցուցիչները չե՞ն, երբ մարդը նաև աստված էր՝ հաշտ իր մարմնեղեն hանդերձին: Մհերի արգելափակումը պայմանական տարածքում խորհրդանշում է հային և նրա հայրենիքին սպառնացող վտանգը. ինչն արդեն 100 տարվա դաժանագույն իրողություն է. չէ՞ որ Սասնա հողի վրա հայն այլևս հայրենիք չունի, Մհերի դուռն անգամ ազգինը չէ. նա կրկնակի աքսորյալն է՝ օտարված յուրայիններից և բանտված թշնամուց: Եթե Մհերն, ըստ հնդեվրոպական դիցաբանության («հիթթերեն mehur նշանակում է «ժամանակ»  [8]) , ժամանակը խորհրդանշող աստված էր, ուրեմն հայոց տիեզերական ժամանակն իրապես խախտված է ազգային ոգու խեղումների հետևանքով, հետևաբար Ագռավաքարը հայոց հոգևոր փրկությունը չէ, որքան էլ գեղեցիկ լինեն միֆերն այս թեմայով. այն իրական հայրենիքից օտարվելու տարածքն է, հայոց վտանգված գենի սերմնադարանը: Ժամանակ առ ժամանակ Մհերը տարբեր անուններով ու կերպերով վերադառնում է՝ իր հզոր գենով ամրացնելու նյութական ու հոգևոր Հայաստանը, բայց ամեն անգամ Նրան զրկում ենք հենման կետից և հայրենիքի Տերը կարգելու փոխարեն արտաքսում ենք կամ ոչնչացնում: Նշանակում է՝ հայոց իրականությունները մհերասպան իրականություններ են: Եղի՛ր մի քիչ գունեղ, պայծառ, կամային, ընդգծված էթնոդիմագծով և աշխարհայացքով, և դու արդեն Մհեր ես, ուրեմն՝ պատրաստ եղի՛ր «նեռ ու չար» հռչակվելու և սեփական Ագռավաքարը պեղելու: Եվ քանի դեռ «մառ» օհանների ու քինոտ վերգոների ժամանակը չի ավարտվել, գորշությունն ու անդեմությունն են իրականության տերերը, ուրեմն՝ Մհերի դուռը բաց է՝ պատրաստ կլանելու և թափառանքների մենության մեջ սպանելու արևածին հայորդիներին:

Ծանոթագրություններ

[1].Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ.3. էջ 29
[2].Նույն տեղը
[3]. Սարգիս Հարությունյան,Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու
դիցարանը, Երևան, 2001, էջ 39
[4].Լևոն Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Երևան, Անտարես, 2014, էջ 14: Այս գրքից հետագա մեջբերումների էջերը կնշվեն տեղում:
[5].Սաթենիկ Ավետիսյան,Վտանգված ինքնության ահազանգը «Սասնա ծռերում» կամ էպոսի դասերը, Անդին, 2013, թիվ 6
[6].Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004, էջ 51
[7]. Արթուր Արմին, Հնագույն հեթանոսական Աստվածաշունչ «Սասնա ծռեր» էպոսը, հ.1, Լոս-Անջելես, 2007

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *