Հարցազրույց

Պետք է վերցնեմ գրիչն ու գրեմ

Քուրդ գրող Հիվա Մուսան Հայոց ցեղասպանության մասին վեպ է գրել։ Հեղինակի հետ զրուցել ենք վեպի ստեղծման պատմության, Հայոց ցեղասպանության մասին գրելու անհրաժեշտության, հայերի և քրդերի ընդհանուր պատմության, գրականության միջոցով պատմական հիշողությունը փոխանցելու և վեպը հայերեն թարգմանելու նրա ցանկության մասին։

• 7 րոպե

Պետք է վերցնեմ գրիչն ու գրեմ

Հարցազրույցը վարել է Աշխեն Քեշիշյանը

Քուրդ գրող Հիվա Մուսայի «Դիակների գործարան» վեպը ծնվել է մի առեղծվածային պատմությունից, որին, ինչպես պատմում է հեղինակը, առաջին անգամ հանդիպել է 1924 թվականի մամուլի էջերում։ Խոսքը մի նավի մասին է, որը, հասել է հունական Սալոնիկ նավահանգիստ՝ շուրջ 50 հազար դիակ տեղափոխելով։ Այդ պատմությունը տարիներ շարունակ մնացել է նրա մտքում և, ի վերջո, դարձել վեպի հիմքը։

Հայոց ցեղասպանության, պոնտացի հույների ողբերգության և հայ-քրդական պատմական հարաբերությունների մասին պատմող վեպը կառուցված է երկու զուգահեռ պատմությունների շուրջ, որոնք վերջում միահյուսվում են։ Պատմությունը ծավալվում է 1860-1924 թվականներին և միավորում իրական պատմական իրադարձություններն ու գեղարվեստական հորինվածքը։

2017 թվականին սկսված և 2021-ին ավարտված վեպի առաջին՝ 400 օրինակով հրատարակությունն արդեն ամբողջությամբ սպառվել է։ Հեղինակն այժմ ցանկանու է, որ Հայաստանում, հայ ընթերցողը ևս իմանա վեպի մասին։

-«50 հազար դիակով նավի» պատմությունը տարիներ շարունակ մնաց Ձեր մտքում։ Ե՞րբ հասկացաք, որ այն պետք է դառնա վեպ։

– Նախ ուզում եմ ջերմ ողջույն հղել ամբողջ հայ ժողովրդին և հատկապես այս հրատարակչության աշխատակիցներին։ Ինձ համար մեծ ուրախություն է զրուցել Ձեզ հետ։ Սա իմ առաջին հարցազրույցն է հայկական հայկական մամուլում։

Հայ ժողովրդի պատմությամբ, հատկապես՝ Թուրքիայի տարածքում հայերի պատմությամբ, հետաքրքրվում եմ մոտ երկու տասնամյակ։ Երբ քսան տարեկան էի, սկսեցի կարդալ հայերի կրոնի, մշակույթի, պատմության, աշխարհագրության և քրդերի հետ նրանց հարաբերությունների մասին։ Հայերի մասին վեպ գրելու գաղափարն ինձ համար նոր չէր․ պարզապես տարիներ շարունակ փնտրում էի այն պատմությունը, որը կարող էր դառնալ վեպի հիմքը։

Մի օր, երբ հորդառատ անձրև էր գալիս, կանգնած էի պատուհանի մոտ և տեսնում էի, թե ինչպես էին թռչունները տաք ու չոր տեղ փնտրում։ Հանկարծ աչքիս ընկավ 1924 թվականի  The New York Times-ում տպագրված մի ինֆորմացիա։։ Այնտեղ ասվում էր, որ մի նավ անցել է թուրքական ջրերով և հասել հունական նավահանգիստ՝ բերելով  50 հազար դիակ։

Այդ լուրը ցնցեց ինձ։ Մոտ քսան րոպե պարզապես կանգնած էի ու մտածում դրա մասին։ Հետո ինքս ինձ ասացի․ «Պետք է վերցնեմ գրիչն ու գրեմ։ Գուցե սա հենց այն պատմությունն է, որին այսքան տարի սպասել եմ»։

Այդ պահից էլ սկսվեց վեպի պատմությունը։

-Ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից։ Ի՞նչ կարող է այսօր ասել գրականությունը մի ողբերգության մասին, որի պատմական փաստերը հայտնի են։

-Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենադաժան ողբերգություններից մեկն է։ 2014 թվականին Իրաքյան Քրդստանում մի գիտաժողովի էի մասնակցում և խոսում էի Հայոց ցեղասպանության մասին։ Այն ժամանակ նշեցի, որ այն ուներ երկու իրար հետ կապված կողմ՝ կրոնական և էթնիկ։ Հայերը կոտորվեցին նախ՝ որովհետև քրիստոնյա էին, և երկրորդ՝ որովհետև հայ էին։

Ինձ հատկապես հետաքրքրում է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայ երեխաներ վերցվեցին և մեծացվեցին որպես թուրքեր ու մահմեդականներ։ Նույնիսկ այսօր կան մարդիկ, որոնք հայկական ծագում ունեն, բայց այդ մասին չգիտեն։

Այսպիսի իրականությունը միայն փաստերով ներկայացնելը դժվար է։ Պատմությունը մեզ ասում է, թե ինչ է տեղի ունեցել, իսկ գրականությունը կարող է ցույց տալ, թե ինչ է այդ ամենը նշանակել կոնկրետ մարդու համար։

Ես դա փորձել եմ անել Միqajeli և Անուիս քահանայի կերպարների միջոցով։ Նրանք ձերբակալվում են, պատժվում, ենթարկվում բռնությունների և նվաստացումների։ Նրանց միջոցով փորձել եմ ընթերցողին մոտեցնել այդ ժամանակաշրջանի մարդկային փորձառությանը։

-Ձեր վեպում հայերի, պոնտացի հույների և քրդերի պատմությունները հանդիպում են նույն տարածքում։ Ի՞նչ եք ուզում, որ այս պատմությունից հասկանան հայ և քուրդ ընթերցողները։

-Սա վեպի հիմնական գաղափարներից մեկն է։ Ցանկացել եմ ցույց տալ հայերի և քրդերի պատմական հարաբերությունների բարդությունն ու բազմաշերտությունը։

Այս երկու ժողովուրդների շփումները շատ հին են՝ դարերի խորքից են գալիս։ Նրանք ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր մշակութային ավանդույթներ և տարբեր ժամանակներում նաև խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ։

Կցանկանայի, որ հայ ընթերցողները տեսնեն այդ պատմական կապը, իսկ քուրդ ընթերցողները՝ ավելի լավ ճանաչեն հայերի պատմական ներկայությունն այդ հողերում։

Եթե ճանաչենք ոչ միայն անցյալի ցավալի, այլև խաղաղ էջերը, դա կարող է օգնել ավելի լավ հասկանալ միմյանց և մտածել ապագայի մասին։

  • Հայ երիտասարդի և քուրդ աղջկա սիրո պատմությունը վեպում միայն անձնական պատմությո՞ւն է, թե՞ դրա միջոցով խոսում եք երկու ժողովուրդների հարաբերությունների մասին։

  • Իհարկե, սա պարզապես սիրո պատմություն չէ։

Զիլանի՝ քուրդ աղջկա, և Միքայելի՝ հայ երիտասարդի հարաբերությունների միջոցով փորձել եմ ցույց տալ, որ հայերն ու քրդերը կարող էին ապրել կողք կողքի, հաղթահարել կրոնական տարբերությունները և ընտանիք կազմել։

Վեպում օսմանյան իրավաբանը փորձում է խոչընդոտել նրանց ամուսնությանը, սակայն Զիլանի հայրը՝ Ափեխանին, պաշտպանում է նրանց և նաև կանգնում է հայ ընտանիքի կողքին։

Ինձ համար այս պատմությունը երկխոսության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության խորհրդանիշ է։ Միևնույն ժամանակ, վեպը ցույց է տալիս, թե ինչպես էր իշխանությունը կրոնական գաղափարների միջոցով փորձում խաթարել այդ հարաբերությունները։

–Պատմավեպ գրելը հեշտ գործ չէ։ Այսինքն դուք երկար ժամանակ ուսումնասիրել եք հայոց պատմությունը…

-Իհարկե։ Կարծում եմ՝ պատմավեպ գրողը նախ պետք է խորությամբ ուսումնասիրի այն ժամանակաշրջանը, որի մասին գրում է։

Ես երկար ժամանակ ուսումնասիրել եմ հայ ժողովրդի պատմությունը, հատկապես՝ Հայոց ցեղասպանության տարիները, մարդկանց հոգեբանությունն ու ապրումները։ Շատ եմ կարդացել և ֆիլմեր դիտել։ Օրինակ՝ The Promise («Խոստումը») ֆիլմը երեք անգամ եմ դիտել, և այն նույնպես ներշնչել է ինձ։

Բացի այդ, տարիներ շարունակ ուսումնասիրել եմ Թուրքիայի էթնիկ խնդիրները՝ քրդերի, հայերի, պոնտացի հույների և հրեաների պատմությունն ու խնդիրները։

Վեպի գործողությունները սկսվում են 1860 թվականից և հասնում մինչև 1923-1924 թվականները։ Դա Օսմանյան կայսրության համար շատ բարդ ժամանակաշրջան էր՝ Բալկանների հեղափոխություններ, հայկական ազգայնականության վերելք, թուրքական ազգայնականության ձևավորում և կայսրության աստիճանական փլուզում։

Այդ տարիներին հայերով և քրդերով բնակեցված տարածքներում նույնպես աճում էր բռնությունն ու անապահովությունը։ Օսմանյան կայսրությունը հենվում էր նաև որոշ քուրդ ֆեոդալական առաջնորդների վրա և ստեղծեց Համիդի գնդերը, որոնց որոշ ստորաբաժանումներ մասնակցեցին հայերի դեմ բռնություններին և Հայոց ցեղասպանությանը։

-Դուք ապրում եք Իրաքյան Քրդստանի լեռներում, իսկ ժամանակ առ ժամանակ՝ Իսպանիայում։ Ի՞նչ են տվել Ձեզ այս երկու տարբեր աշխարհները՝ որպես գրողի։

– Ես լեռների զավակ եմ։ Տասը տարեկանից ապրել եմ լեռներում։ Փոքր ժամանակ հաճախ էի բարձրանում լեռներ՝ վայրի պտուղներ հավաքելու և կենդանիներ որսալու համար։ Հետագայում աշխատեցի հասարակական կազմակերպությունների հետ՝ բնությունն ու կենդանիները պաշտպանելու համար։

Լեռների հետ իմ կապը շատ խորն է։ Ես պարզապես չեմ սիրում լեռները․ զգում եմ, որ նրանց եմ պատկանում։ Երբ բարձրանում եմ լեռ, խաղաղություն ու ուժ եմ զգում։

Հայաստանն էլ ունի հիասքանչ լեռներ։ Հայկական բնության մասին շատ եմ կարդացել, հատկապես՝ Ուիլյամ Սարոյանի ստեղծագործություններում։ Շատ կուզենայի մի օր բարձրանալ հայկական լեռներից մեկը։

Իմ պոեզիայում լեռը հաճախ է հանդիպում որպես խորհրդանիշ։ Կարծում եմ՝ լեռներն ինձ սովորեցրել են դիմանալ դժվարություններին։ Լեռը դիմանում է ձյանը, շոգին ու քամուն և շարունակում է կանգուն մնալ։

Իսկ Քրդստանում և Իսպանիայում ապրելու փորձը ինձ հնարավորություն է տվել ճանաչել երկու տարբեր աշխարհներ։ Ես ապրել եմ քրիստոնեական և իսլամական մշակույթների, արևելյան և արևմտյան մտածողությունների միջև։ Այդ ամենը լայնացրել է իմ աշխարհայացքն ու ազդել իմ գրական մտածողության վրա։

-Եթե կարողանայիք այսօր հանդիպել Ձեր վեպի հերոսներից մեկին, ի՞նչ կհարցնեիք նրան։

Ես Ափեխանիին կհարցնեի․ «Ի՞նչ խորհուրդ կտաք մեզ, որպեսզի այսօր հայերի և քրդերի միջև այնպիսի լավ հարաբերություններ կառուցենք, ինչպիսին դուք էիք փորձում կառուցել մեկ դար առաջ»։

Իսկ կարծում եմ՝ նա ինձ կասեր․ «Երբեք մի՛ դադարեք պատմել մեր ողբերգության մասին, մինչև աշխարհը չիմանա մեր պատմությունը»։

-Ձեր վեպը դեռևս հայերեն չի թարգմանվել։ Կցանկանայի՞ք այն հասցնել նաև հայ ընթերցողին։

-Այո՛, դա իմ նպատակներից մեկն է։ Ինձ համար իսկապես պատմական պահ կլինի, եթե վեպս թարգմանվի հայերեն։

Առաջիկա տարիներին նախատեսում եմ այն թարգմանել և՛ անգլերեն, և՛ հայերեն։ Ինձ համար շատ կարևոր է, որ այս պատմությունը հասնի նաև հայ ընթերցողներին, հատկապես նրանց, որոնց պատմությունն ու հիշողությունը վեպի հիմքում են։

-Առաջին հրատարակությունը 400 օրինակ էր։ Ի՞նչ արձագանք է ստացել վեպը քուրդ ընթերցողների շրջանում։

Մինչ այժմ հրատարակել եմ վեպի առաջին հրատարակությունը՝ 400 օրինակով, և, բարեբախտաբար, բոլորն արդեն վաճառվել են։ Ինձ մոտ պահել եմ 50 օրինակ, որոնք հաջորդ տարի նախատեսում եմ վաճառել Շվեդիայի Քրդական տանը։

Ընթերցողների արձագանքը շատ դրական է եղել։ Որոշ մարդիկ ինձ ասել են․ «Մենք չգիտեինք քրդերի և հայերի պատմական հարաբերությունների մասին, իսկ Ձեր վեպը մեզ ավելի հստակ պատկերացում տվեց Հայոց ցեղասպանության մասին»։

Ինձ համար կարևոր է, որ վեպը քուրդ ընթերցողներին դրդել է ավելի խորությամբ հետաքրքրվել հայերի և քրդերի ընդհանուր պատմությամբ և Հայոց ցեղասպանությամբ։

-Իսկ Հայաստան այցելելու և այս պատմությունը հայ ընթերցողի հետ անձամբ կիսելու ծրագրեր ունե՞ք։

Առայժմ կոնկրետ ծրագիր չունեմ, բայց եթե հնարավորություն լինի, շատ կուզենամ այցելել Հայաստան։

Գրողի համար մեկ այլ երկիր այցելելը միայն պատմական վայրեր տեսնել չէ։ Ինձ համար դա նաև մարդկանց հետ հանդիպելու, գաղափարներ փոխանակելու և մշակութային երկխոսության հնարավորություն է։

Եթե այցելեմ Հայաստան, կցանկանամ հանդիպել հայ գրողների, բանաստեղծների և մտավորականների հետ, խոսել նրանց հետ և, հնարավորության դեպքում, սեմինար անցկացնել իմ վեպի մասին։

Կարծում եմ՝ այդ իմաստով վեպը կարող է կամուրջ դառնալ քուրդ և հայ մտավորականների միջև և նպաստել երկու ժողովուրդների գրողների ու արվեստագետների ավելի սերտ համագործակցությանը։

Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։ Ջերմ ողջույններ և Հայաստանին և ամբողջ հայ ժողովրդին։

Թողնել մեկնաբանություն