Հովհաննես Թեքգյոզյան | Ընտրյալը

Հովհաննես Թեքգյոզյան

Ճանապարհ… Ճանապարհ…
Գնացքի համաչափ տնքոցը նյարդայնացնում էր: Անհամբեր էի, ուզում էի ժամ առաջ տուն հասնել: Ամառանոցի տաղտուկն ու ծնողներիս կողքին չափված-ձևած լինելու պարտականությունը հոգնեցրել էին ինձ: Ո՞ւր ես գնում, ո՞ւմ հետ, գիշերն ինչո՞ւ դուրս եկար պարտեզ: Լավ է, երեկոյան ընկերս զանգահարեց:

-Կե~ղտ,-խոսում էր իրեն հատուկ լղոզված շեշտադրությամբ,-մոռացե՞լ ես ինձ: Վաղը-մյուս օր արի քաղաք, գործ ունեմ: Մի բան ցույց կտամ, որը քեզ շատ կհետաքրքրի:
Քաղա~ք… Ծնողներիս հրանոթները դադարեցին կրակել, երբ ասացի, որ շահավետ առաջարկություն եմ ստացել:
Կուպեի կեղտոտ ներքնակի վրա պառկելով` փակեցի աչքերս: Կեսքուն-կեսարթուն վիճակում նորածին մտքերը ջերմությամբ են պարուրվում: Սկսում ես մտածել փափուկ-լուսավոր անուրջների մասին, որոնք, սովորաբար, կենցաղային հողի վրա են ծլարձակում: Բայց այդ օրը մտքերս համառորեն թեքվում էին ընկերոջս կողմը: Էլի մի խենթություն արած կլինի. կամ կռիվ է սարքել կամ` վարակվել սեռական հիվանդությամբ:
Ասենք` դժվար: Ձայնն ուրախ էր: Ինձ հետ ի՞նչ գործ ունի: Թանկարժեք քարերն ու մետաղները նրան չեն հետաքրքրում:
-Դրանք կրելիս` ոնց որ ծախված լինեմ,- հեգնում էր ամեն անգամ, երբ տեսնում էր ինձ զարդերն ուշադիր զննելիս:
Նրա հետաքրքրությունները, որոնք սահմանափակվում էին սպորտի, սեքսի ու թղթախաղի շրջանակներում, խորթ էին ինձ:
Երկու ամիս առաջ լրացավ քսանմեկ տարիս:
-Դեռ կույս ես չէ՞,-խմած ժամանակ հաճախ էր ծաղրում,- կույսիկ, քեզ լավ տեղ չտանե՞մ:
Սպորտը միշտ ինձ տհաճություն է պատճառել, թղթախաղը` վախ: Երևի սպորտով զբաղվելու համար չափազանց ալարկոտ եմ, իսկ թղթախաղով չեմ տարվում, որովհետև նյութական և բարոյական վնաս կրելու հնարավորությունն ահաբեկում է ինձ: Չմոռանամ նշել մեր անհամապատասխանության մեկ օրինակ ևս: Ես երբեք խելքով աչքի չեմ ընկել: Խոստովանությունս համեստությանը տուրք տալու միջոց չէ: Իմ մտքերն ու կարծիքները միշտ էլ խամաճիկների նման կախված են եղել քիչ թե շատ ազդեցիկ մարդկանց ուղեղներից: Երկար ժամանակ որևէ հարցի շուրջ կառուցված իմ տեսակետը, որպես հիմք, հենվում էր օդում կրակված, հաճախ արմատներ չունեցող մեկնաբանությունների վրա: Ուղեղիս մեջ լցված փողոցային արտանետումներից ազատվելու և տրամաբանությունս զարգացնելու նպատակով սկսեցի փիլիսոփայություն ուսումնասիրել:
-Տանել չեմ կարողանում գրքերն ու գրքային ինտելեգենտներին,-ընկերս, որպես կանոն, կազմին պատկերված հեղինակների դեմքերը քրքրում էր ներվային խզբզոցով,-սրանք չէ՞ին, որ ռոմանտիզմով ու կույսի կարգավիճակ ունեցող պոռնիկ սենտիմենտալությամբ էնպես շեղեցին ու խաբեցին մարդկությանը, որ մինչև հիմա խեղճի խելքը գլուխը չի գալիս…

Կանգառ: Գնացքն ասես վերջին շնչում լիներ:
-Ողջույն, եղբայր…
Գրկախառնվեցինք: Սպասասրահում խլվլացող մարդիկ, միջատների նման, հայտնվում-անհետնում էին կամարակապ մուտք ու ելքերից: Առաջին անգամ ընկերոջս հետ քայլելով` տեսա, որ աչքերը չեն պտտվում աղջիկների ետևից:
-Լսիր, չլինի՞ սիրահարվել ես:
-Որտեղի՞ց իմացար,-զարմացավ` անկեղծորեն:
-Ուժեղ կնոջ ես բաժին ընկել, երևի օր ու գիշեր մանրադիտակի տակ է պահում քեզ: Կողքիդ քայլող փեշերին էլ ուշադրություն չես դարձնում:
-Ճիշտ ես, մանրադիտակի տակ եմ,-վիրավորվե՞ց,-Էդ հիմարություններն էշ-էշ կարդացել ես ու հիմա փորձում ես սրամիտ երևա՞լ: Կարո՞ղ է աղջկա հետ ընկերություն անեմ ու միաժամանակ մտածեմ ուրիշ բաների մասին:
Խաղո՞ւմ էր, թե՞ իրոք ինքնավեհացման պրոցեսներ էին կատարվում նրա հոգում:
Ընկերուհին ոչնչով աչքի չէր ընկնում, բայց նրան երկար նայելիս տեսնում էիր ինչպես են այտերը, ժամանակ առ ժամանակ, ողողվում խորհրդավոր, ջերմ լույսով:

Հաջորդ օրն առավոտյան արթնացա դռան զանգից:
-Քնա՞ծ ես,-ընկերս, առանց հրավերի ներխուժելով, փռվեց անկողնուս վրա,-վեր կաց, հագնվիր, մատանին բերել եմ:
Քունքերս տրորելով` փորձեցի դուրս քաշել գլխացավի դաշույնները:
-Հո գիշերվա երազ չե՞ս,-փնթփնթացի` անդրավարտիքս հագնելով,-գիշերը ժամը հինգին եմ քնել:
-Ո՞ւմ հետ էիր սիլի-բիլի անում,-հարցրեց` շեշտված արհամարհանքով,- լսողն էլ կկարծի թե ակտիվ կյանք ես վարում:
-Իրավացի ես, բայց ինձ թվում էր թե ընկերուհուդ մանրադիտակի տակ հայտնվելուց հետո ակտիվ կյանքի մասին քո պատկերացումները հեղաշրջման են ենթարկվել:
Երևում է չափն անցա:
-Լավ, լավ,-ասաց` աչքերը խոնարհելով,-վեր կաց, քեզ հետ գործ ունեմ, թե՞ ուզում ես հետո հանդիպենք:
-Նստիր,-բռունցքով թեթևակի հարվածեցի ուսին,-դու առաջինը սկսեցիր: Սուրճ կխմե՞ս:
-Չէ,-ձեռքը գրպանը տարավ,-ըհը,-կանաչավուն տուփն ինձ մեկնելով` գոհ-ուրախ հազաց,-ի՞նչ կասես:
Տուփը բացեցի: Շունչս կտրվեց: Հնաոճ, բայց շքեղ մատանի էր: Ոսկե օղակի վրա շարված ադամանդե երեք քարերը շնչում էին իրենց արժեքի ամբողջ փայլով:
-Քարերից ամեն մեկը մի կարատ է, չէ՞,-ընկերս խոսում էր մեծահարուստներին հատուկ վեհերոտությամբ,-դեռ ոչ ոք չի տեսել: Ընկերուհուս նվերն է: Սրա համար քեզ զանգեցի, կանչեցի:
Մատանին վերցնելիս` ափերս քոր եկան:
-Նախ հարկավոր է քարերը մաքրել: Այդպես էլ գիտեի. երեսուն-քառասուն տարվա գործ է,-նույնիսկ մանրադիտակով դրոշմը չէր երևում,-Մասնավոր արտադրանք է, բայց խնամքով է սարքած: Հրաշք. քարերը բյուրեղահատիկ կամ խազ չունեն: Հիմա կչափեմ: Ըհը, երեքը միասին հարյուրութ միլիմետր են: Թույլ կտա՞ս մատիս դրած զննեմ:
-Դիր…
Մետաղի պաղը մատնեմատիս վրա ջերմանալու ակնկալիքով` ցած սահեց: Մի պահ թիկունքս սարսուռից ալեկոծվեց, աչքերս` շաղվեցին: Երբ տեսողությունս վերականգնվեց, զարմանքով տեսա, որ քարերի փայլը կրկնապատկվել է: Ինչ-որ ծանոթ, անախորժ զգացում տակնուվրա արեց հոգիս: Ուղեղիս դարակները տնտղելով` հիշեցի երեկ երազումս հայտնված անծանոթ մեկի դեմքը, որի աչքերը փայլում էին նույն, ծակծկուն պայծառությամբ: Թվում էր մատանին հետզհետե սեղմվելով` մատս կանդամահատի:
-Հը՞,-ընկերոջս դեմքը անհանգստությունից կնճռոտվեց,-դուրս չի՞ գալիս:
-Հիմա,-հուզմունքը, էլեկտրականության նման, փոխանցվեց ինձ,-օճառով կհանեմ:
Հրաժեշտ տալիս` անկախ ինձանից ձգվեցի համբուրվելու:
-Թ… Թանկ մատանի է,-լեզուս կապ ընկավ, շիկնեցի,-ե՞րբ նորից կտեսնեմ քեզ:
-Մի մտածիր` կհանդիպենք,-ընկերոջս տարփալի ժպիտը խրվեց բիբերիս մեջ,-կզանգեմ: Ապրես…
Դուռը փակելով` կանգնեցի հայելու առաջ: Գեղեցիկ չեմ, բայց անկասկած հմայիչ եմ: Հարյուր հոգու մեջ, հարյուր մետրից աչքի եմ ընկնում: Ցավոք, աչքերիս տակ տոպրակներ են գոյացել. դա էլ անքնությունից է:

Հաջորդ օրը` գրադարան գնալիս, փողոցում պատահաբար դիպա մի աղջկա: Երբ շրջվեցի` ներողություն խնդրելու. մեղմ ժպտում էր: Այտերի փոսիկներում առկայծող լույսի շողերը ադամանդի փշուրներ էին հիշեցնում:
-Չճանաչեցի՞ր,-հարցրեց` ճակատին ընկած մազափունջն ուղղելով:
-Ներիր, մտքերով տարված գնում էի, ո՞նց ես…
-Լավ, դու ինչպե՞ս ես…
-Ընկերոջս հետ խոսե՞լ ես, ինչպե՞ս է,-առավոտից կրծքավանդակս ցավում էր, ալեկոծվում: «Երևի գազեր են,-մտածեցի,-քնելուց առաջ շատ հաց կերա»:-Ես ոչինչ, լավ եմ, ասում եմ ընկերոջս…
Աղջիկը մռայլվե՞ց, թե՞ ճակատին ընկած մազափունջը ստվեր նետեց այտերի վրա:
-Եսիմ,-արագախոսությունի՞ց աչքերը լցվեցին,-քո քաղաք գալու օրը երբ հանդիպեցինք` լավ էր… Ինձ թվում էր ավելի կբացվի… Մեծ փոփոխություններ չեղան… Բայց… ո՞ւր ես գնում…
Այդպես էլ գիտեի: Աղջկան նեղացրել կամ ինչն ավելի հավանական է` բռնվել սիրուհու գրկում: Հետո էլ ասում էր. «Ինչպես կարող եմ սիրել ու միաժամանակ քարշ գալ»:
-Գրադարան եմ գնում: Ուզում եմ միստիկ փիլիսոփաների գործերին ծանոթանալ:
Աղջկա դեմքը միանգամից պայծառացավ:
-Գրադարանում չես գտնի, հրապարակի գրախանութում նայիր: Ես երբեք միստիցիզմով չեմ հետաքրքրվել, բայց, կարծում եմ, արժե գնալ-փնտրել: Հա, այդ կարգի գրքերը, որպես կանոն, գրադարակների վրա չեն շարում: Վաճառում են գաղտնի, ինչպես ասում են` տակից…

Երեկոյան բազմոցին պառկած հեռուստացույց էի դիտում, երբ անօրինակ զգացում ապրեցի: Թվաց, եթե ընկերոջս անհապաղ չզանգեմ` վատ բան կկատարվի:
-Ալո~՞,-ինչպես միշտ խոսում էր լղոզված շեշտադրությամբ,-լսում եմ…
-Բարև, ես եմ…
-Ալո~…
-Ես եմ, ո՞նց ես…
-Ո՞վ ա…
-Ասացի ես եմ, ինչպե՞ս ես…
-Զանգել ես, խոսիր` էլի…
Թունդ հայհոյեց ու կախեց լսափողը:
Մի ակնթարթում ուղեղս եռաց, շիկացավ: Բառերը, կայծերի նման, ցրվեցին ենթագիտակցությանս մեջ: Էժանագին հայհոյանք էր, որը, սակայն, չէր դիպչում տոհմածառիս ներկայացուցիչներին: Պարզապես սեռական կատարվելիք գործողության բառային կերպավորում էր, որն ուղղված էր մի հոգու` զանգահարողին:
Հեռաձայնեցի երկրորդ անգամ:
-Հա,-ընկերոջս ձայնը գնալով չորանում էր,-ասեք…
-Ես եմ, երկրորդ անգամ եմ զանգում…
-Գժվացնո՞ւմ ես, անասուն:
-Լսիր…
-Վայ քո…
Հայհոյանքն այս անգամ դիպավ սրտիս: Թիկունքիս վրա սարսուռի տատասկներ աճեցին: Հուզմունքը, խցանի հսկողությունից ազատված պղպջակների նման, սահեց վեր, մի պահ հավաքվեց կրծքավանդակիս մեջ, ապա` հառաչանքի տեսքով զարնվեց պատին: Համարը հավաքեցի երրորդ անգամ:
-… չասացի՞, որ էլ չզանգես…
-Ալո՞…
Ձայնը միանգամից քնքշացավ: Ամոթխածությունից բառերը կոտրատվեցին:
-Դո՞ւ ես… Ներիր… Ա… ա… առավոտից զանգում են, գըժ… գժվացնում: Զանգողը պոռնի՞կ էր, արվամո՞լ` չիմացա… Ո՞նց ես…
-Լավ…
-Ի՞նչ կա-չկա:
-Լսիր,-նորից ձայնս չկորցնե~մ,-վաղը կարո՞ղ ենք հանդիպել, ուզում եմ…
-Ալո… Ի՞նչ եղավ… Չի լսվում, նորից զանգի… Պոռնիկ-արվամոլ, մի անգամ էլ կապի մեջ ես ընկել, կբռնեմ…
Դռան զանգը հայհոյում էր նույնպիսի կրքոտությամբ: Սողնակը ետ քաշելիս` սեռական ցանկություն զգացի:
-Բարև, ներս արի:
Այ քեզ պատուհաս: Հարկավոր է ընկերոջս հյուրասենյակում թողնել, վազել զուգարան:
-Ուր ես գնում` ձեռքս օդում մնաց:
Հակառակի նման, իրանս ամուր գրկեց ու համբուրեց:
-Քեզ ի՞նչ է եղել,-շփոթմունքից ճակատին քրտինքի կաթիլներ հայտնվեցին,-տարօրինակ ես երևում:
-Ոչինչն էլ չի եղել. մի րոպե նստիր` հիմա կգամ:
Երբ վերադարձա` վահանակը ձեռքին հեռուստացույցի ալիքներն էր ներվայնացած փոխում: Սենյակում կիսախավար էր: Էկրանի դալուկ լուսավորությունը, վայրկյանը մեկ առկայծելով, նրա դեմքին անորոշ ուրվագծեր էր արտացոլում:
-Գիտե՞ս,-խոսեց խեղդված ձայնով,-մարդիկ, ի սկզբանե, երջանիկ կլինեին, եթե խմբերով չապրեին, զերծ լինեին ազդեցություններից, մեկը մյուսի վրա բռնանալու տենչից: Ո՞ւր ես էլի փախչում:
-Խոհանոց` ձմերուկ կտրելու…
-Սպասիր, գամ` օգնեմ:
Վեր կենալիս ինչ-որ բան ընկավ: Լույսը վառեցի` գիրք էր:
-Ընթերցանությա՞մբ եք տարված,-հեգնելու առիթը, բնականաբար, բաց թողնել չէի կարող:
-Չէ-հա, ընկերուհիս տվեց:
Սև կազմի վրա այրվող ոսկեգույն տառերը, մի պահ շփոթության մատնեցին ինձ. «………….»:
-Շնորհակալ եմ,-գիրքը դրեցի սեղանի վրա հանգչող «Աստվածաշնչի» կողքին,-ընկերուհուդ բարևիր, ասա, որ զգացված եմ. իմ փնտրած գիրքն է ուղարկել:
-Ի՞նչ փնտրած գիրք,-ընկերոջս դեմքը ճերմակ, դատարկ թուղթ էր հիշեցնում,-քիչ առաջ նվիրեց: Չգիտեմ էլ ինչի մասին է:
Լեզուս կծեցի. փաստորեն տեղյակ չէր երեկվա մեր հանդիպման մասին:
-Ի՞նչ կա… Ասացիր գործ ունես:
-Հա,-ձմերուկի փշաքաղված մարմինը կտրատելով` դանակը դրեցի լվացարանի մեջ,-ուզում եմ մատանին մի անգամ էլ տեսնել:
-Կասկածներ ունե՞ս:
-Հիմնականում չէ, կարծում եմ քիչ եմ գնահատել:
Ձմերուկի հյութը թռավ ընկերոջս դեմքին: Կարմիր, թափանցիկ հեղուկը քթի վրայով սահեց ցած, ականջօղի նման կախվեց կզակից:
-Հիմա չեմ բերել,-թևքով դեմքը մաքրեց,-ընկերուհուս տանն է: Որ վերցնեմ` կհանդիպենք, կզզնես: Վայ քո…
Կիրքը մի ակնթարթում հասավ սանդղակի ամենաբարձր նիշին: Կոկորդս սեղմվեց:
-Վերցրու,-անձեռոցիկը մեկնեցի ու… Ի՞նչ կատարվեց` չհասկացա: Դեմքը տաք էր, տեղ-տեղ` լպրծուն: Ետ քաշվեցի: Այտերի վրա դրոշմված ատամներիս տեղերը վառվում էին կարմիր լապտերների նման:
-Հո անասուն չե՞ս,-գոռալով` վեր թռավ:
Սեղանի հիստերիկ թպրտոցը տեսնելով` բաժակները ճչացին: Ձմերուկով լի թասը, գիրուկ պարուհու նման, երկու շրջան պտտվեց, շուռ եկավ:
-Ներիր, չէի ուզում…
-Գժերի ցավը տանեմ,- միջանցքի հայելու առաջ կանգնած` ափով տրորում էր դեմքը,-մեկը` կծում է, մյուսը`…
Մի կերպ հանգստացնելով` նստեցրի բազմոցին:
-Սիրուհիներիցդ ոչ ոք քեզ չի՞ կծոտել,-փորձեցի հումորով հարթել իրավիճակը:
-Էդ էր պակաս… Ասենք, մի անգամ պատահել է: Ուսս կծեց… Մազերից բռնեցի ու… Միչև հիմա ատամների տեղերը երևում են:
Կոկորդս նորից սեղմվեց: Ծունկս` ծնկիս վրա նետելով` փորձեցի կիրքը մեղմել:
-Ես գնում եմ,-աչքերը դեռ այրվում էին բարկությունից,-կզանգեմ:
Բազմոցից վե՞ր կենամ: Բա որ գրգռվածությունս նկատի՞: Փառք Աստծո. դրությունը ինքնստինքյան կարգավորվեց:
-Ինձ մի ճանապարհի,-մոտեցավ, սեղմեց ձեռքս,-բայց… Դու էլ ես ցնդած…
Դռան շրխկոցը հանգստացրեց ինձ: Զարմանալի բան. այտը կծելիս` անասելի հաճույք ստացա: Մեր ծանոթության առաջին իսկ օրից հեգնանքով եմ վերաբերվել ընկերոջս շուրջը հյոսվող «առասպելներին»: Ճիշտ է, որ թղթախաղում հավասարը չունի, հնգամարտի վարպետ է, հմայիչ, երկարոտ տղամարդ, որին տեսնելիս, ըստ իր խոսքերի, կանայք օրգազմ են ապրում: Գուցե փակ աչքերով եմ նայել նրան: Գուցե…
Պառկեցի բացմոցին ու միանգամից վեր թռա: Գիրքը «………….» մոռացավ: Ավելի լավ. մի շաբաթվա ընթացքում կընթերցեմ, կվերադարձնեմ:

Առավոտյան արթնացա ընկերոջս տեսնելու անհագուրդ ցանկությամբ: Զանգահարե՞մ: Երկու երեք ազդանշանից հետո, երբ վերցրեցին լսափողը, աչքերիս մեջ ծակոցներ զգացի:
-Բառև ցեզ,-տատիկի խոսքի մեջ գլուխ բարձրացրած բաղաձայնները բութ կացիններով կտրում էին նուրբ, ինտելեգենտ ձայնավորների գլուխները,-տանը չի, ստաձիոն է գնացել, այո ընկեռուհու հետ…
Արդեն նշեցի, որ սպորտասեր չեմ, բայց մարզադաշտ չայցելելու հիմնական պատճառն այլ է: Կտրված գնդի տեսքով ահռելի տարածության մեջ, հազարավոր մարդկանց ընկերակցությամբ, մենությունս ավելի է սրվում: Դառնում եմ փխրուն, խոցելի: Հայհոյանքներից ու գոռգոռոցներից գլուխս պտտվում է. ասես սատանայական աղանդի մասնակից լինեմ:
-Դու էլ ես եկե՞լ խաղը դիտելու:
Աղջկա այտերի փոսիկներում հավաքված լույսի շողերը փայլում էին մարգարտյա մաքրությամբ:
-Բարև,-բախտս բերեց. շատ չորորնեցի,-ինչո՞ւ ես մենակ:
-Գնաց` արևածաղիկ գնելու, բայց չգիտես ինչու ուշանում է,-վեր կացավ տեղից,-իջնեմ` տեսնոմ ո՞ւր է:
-Նստիր,-դաստակից բռնելով` տեղավորեցի կողքիս,-եթե իրեն պետք լինես` վազեվազ կգա: Եթե, իհարկե, պետք լինես…
-Կներես, ուզում եմ դուրս գալ,-շփոթված, ոտքերս կոխկրտելով, առաջացավ, դեպի դուռը վազեց:
Հիմարության տիպար: Ասենք` ընկերս է տխմար: Ի՞նչ է գտել այս աղջկա մեջ` չգիտեմ: Ամոթ էլ է դրա հետ հասարակական վայրերում երևալ: Հետո ինչ, որ համեստ է: Տվյալ դեպքում համեստությունը ոչ թե պարկեշտության, այլ` անխելքության արտահայտություն է: Այնքան էր շտապում, որ ականջօղը ընկավ, չնկատեց: Մասնագիտական հետաքրքրությունից ելնելով` վերցրեցի: Ոսկյա փոքր օղակ էր, վրան` փիրուզաքար: Սարքած էր ճաշակով, բայց արժեք չէր ներկայացնում: Հավանաբար մորից է ժառանգել: Նմանատիպ զարդեր վաղուց չեն արտադրվում: Պատճառը. աշխատատար լինելով հանդերձ` շահութաբեր չեն: Ականջօղը դրեցի ժիլետիս աջակողմյան գրպանը: Չմոռանամ վերադարձնել:
Ընկերոջս դեմքը բարկությունից կրակվում էր:
-Մի րոպե արի` խոսելիք ունենք…
Քայլում ենք զուգարանների ուղղությամբ: Տաք միզահոտից աչքերիս մեջ կրկին ծակոցներ զգացի:
-Ի~նչ ես ընկերուհուս ասել,-վատ դաշնակահարի նման նորից սխալ շեշտադրությամբ հարվածեց բառերին,-Ես էլ թա~րսի նման, ծանո~թ աղջկա հետ կանգնած զրույց էի անում: Խոսքերիդ մեջ զգույշ էղի, չգիտե՞ս ինչքան զգայուն են…
-Իսկ ե՞ս, զգայուն չե՞մ,-շնչառությունս ստեպ-ստեպ կտրտվում էր, տառերը կուլ էին գնում, արագախոսությունից ասելիքը բառերից առաջ էր ընկնում,-էսքքան ժամանակ քեզ սսիրում, սիրում եմ, չես ուզում ուշադրություն դարձնել… Էն քնձռոտ ընկերուհուդ փեշեն կպած` ման ես գալիս: Ի՞նչով եմ պակաս իրենից: Ոնց որ թշնամիդ լինեմ: Ախր քեզ սիրում եմ, ուզում եմ քոնը լինեմ…
-Ի՞նչ ես զառանցում:
Առաջին ու երկրորդ խցիկներից երկու տղա դուրս թռան:
-Արա, էս ո՞ւր ենք ընկել,-շալվարը վեր քաշելով` գոռաց առաջինը:
-Ո՞վ ա էս կնկան թողել մեր զուգարանը մտնի,-երկրորդ տղան ավելի ագրեսիվ էր,-սպանել ա պետք սրանց…
Փորձեց աքացի տալ, բայց ոտքը օդում բռնեցի: Հավասարակշռությունը կորցնելով` չրմփած հատակին լճացած միզաջրի մեջ: Ընկերս դուրս փախավ, ես` նույնպես…

Գիշեր, թավիշ, սրիչ, նուշ…
Ուզում եմ քոնը լինել, ես քոնն եմ, քո օրինականը… Քսանմեկ տարեկան եմ` նշի նման քաղցր ու դառնահամ: Առաջին անգամ է. զգացմունքներս կաթսա-մարմնիս մեջ եռում, բայց չեն գոլորշիանում: Հազար աստիճան է. կամքս ճաքեր է տալիս…
Սառը ցնցուղի տակ տաս-տասնհինգ րոպե կանգնելուց հետո, հենց այդպես, առանց սրբվելու, մեկնվեցի անկողնուս վրա:
Ասեղներ եմ ուզում, ճնշում, հաճելի, թավշե ցավ… Օրինական, թավշե գուրգուրանք… Ոչինչ ինձ այնպես չի գրգռել ինչպես այսօրվա մենախոսությունս: Ոնց էլ համարձակվեցի… Ասես պատրաստված լինեի… Անգիտակցորեն գրել-պահել էի ուղեղիս մեջ… Պոռթկացի հեղեղի նման… Կույսի՞կ եմ, չէ՞… Աղավնատուն… Ես հիշողության ղուշբազն եմ… Ի~նչ հրճվանքով եմ թռցնում ընկերոջս պատմած առասպելները: Առանձնահատուկ հաճույք եմ ստանում` պատկերացնելով թե ինչպես է շնացել կանանց հետ… Սեռական ինչպիսի արժանիքների տեր է… Քունն առողջ մտքերս սափրելով` ուղեղիս ընդերքը լցնում է վախով, թմրամոլի երանությամբ…

Դռան զանգը զնգում էր դատապարտողի չոր ցասումով ու վճռականությամբ:
-Քաղմասից է, բացեք…
Սողնակը ետ քաշելիս` ափերս քոր եկան:
-Քաղաքացի … յա՞ն,-քսանհինգ-քսանյոթ տարեկան, հաճելի արտաքինով տղամարդ էր: Վկայականը քթիս տակ այնպես թափահարեց, որ նկարը չտեսա,-քննիչ …յան: Կարելի՞ է…
-Խնդրեմ…
Սկզբում` շուրջբոլորը նայելով` ներս մտավ, ապա` այնպիսի հետաքրքրությամբ սկսեց շրջապատը չափչփել, ասես մեկ հայացքով, շնչով ուզում էր կլանել բնակարանիս բազմաշերտ մթնոլորտը:
-Ահա թե ինչ է ստացվում,-ձայնը նուրբ էր, գրեթե` կանացի,-երեկ մեզ դեռ անհայտ, մի սուբյեկտ, ժամը տասնչորսի սահմաններում, նենգորեն սողոսկում է Ձեր ընկերոջ, հավանաբար կռահեցիք թե ում մասին է խոսքը, հարսնացուի բնակարանը, գետին է տապալում անպաշտպան կնոջը, բերանը խցանում է վերջինիս հյուսերով և… Մնացածը պա՞րզ է…
-Նրանք դեռ նշանված չեն,-քննիչ է, բայց խեղաթյուրում է փաստերը,-պարզապես ընկերություն են անում…
-Գողացել են մեծ արժեք ունեցող ադամանդե մատանի, որն , ի միջի այլոց, դուք եք գնահատել:
-Այո, ես զննել եմ այդ… հրաշքը…
-Գիտեիք, որ մատանին Ձեր ընկերոջ հարսնացուի, թերևս դուք ճիշտ եք, ընկերուհու տանն էր:
-Ոչ… Այսինքն` այո… Ընկերս ասել էր այդ մասին…
-Ե՞րբ…
-Մի րոպե հիշեմ… Երեք, չէ, չորս օր առաջ, երբ եկավ ինձ մոտ:
-Պարզ է… Իսկ ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ձեր ընկերոջը:
-Երեկ… Մարզդաշտում պատահաբար հանդիպեցինք…
-Պատահաբա՞ր… Առավոտյան չե՞ք զանգահարել:
-Այո, զանգել եմ, բայց դա կապ չունի: Մեր հանդիպումը պատահականություն էր: Օրինակ` դուք, կփորձեի՞ք յոթանասուն հազար տեղանոց մարզադաշտում փնտրել մի հոգու, կփորձեի՞ք…
-Գուցե, եթե դրա կարիքն ունենայի: Հետո ո՞ւր գնացիք…
-Եկա տուն… Ժամը չեմ հիշում, չեմ նայել ժամացույցին: Ի դեպ դուք ունե՞ք հարցաքննելու իրավունք, մանավանդ իմ մերկ վիճակում: Գոնե թույլ կտա՞ք հագնվեմ:
-Խնդրեմ, հագնվեք: Իսկ ինչ վերաբերվում է թույլատվություն ունենալ-չունենալուն, ապա` նշեմ, որ Ձեզ ձեռբակալելու հրամանը գրպանումս է:
Ժիլետիս թիկունքն անսպասելիորեն պատռվեց: Ըհը, պակասը լրացավ: Այլևս հագնելու ապրանք չէ: Հանե՞մ: Աջակողմյան գրպանից ինչ-որ բան ընկավ հատակին: Քննիչն անմիջապես վերցրեց:
-Հագնվեցի՞ք… Շատ բարի: Լավ ականջօղ է, բայց, ըստ իս, արժեք չի ներկայացնում: Ահա թե ինչու թալանի ժամանակ զույգը չեք վերցրել: Ես դա միանգամից նկատեցի: Գողը հափշտակել էր միայն մատանին: Ոսկեջրած, կիսաթանկարժեք քարերով մանրուքները, ադամանդի և ոսկու արժեքն իմացող մասնագետին չեն կարող հրապուրել: Իսկ փիրուզաքարով այս ականջօղը մեքենայորեն դրել եք ձեր գրպանն ու անփութորեն մոռացել:
Քննիչի դատողությունները, մեղմ ասած, ծիծաղելի էին:
-Ի՞նչ է, դուք իրո՞ք կարծում եք, որ բնակարանը ես եմ սրբե՞լ…
-Համոզված եմ: Դռան բռնակի վրա Ձեր մատնահետքերն են հայտնաբերվել: Իսկ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մինչ այդ դուք այդ բնականում չեք եղել:Նաև նշեմ, որ նույն օրը ժամը տասնչորս երեսունի սահմաններում, դիմացի շենքում ապրող մի կին տեսել է տանիքով վազող մի երիտասարդի, որը, ըստ նկարագրության, հար և նման է Ձեզ: Ահա թե ինչ է ստացվում:
-Ես… Ես… Ներս չեմ մտել…
-Ա~, փաստորեն ընդունո՞ւմ եք, որ փախել եք կտուրով: Ուրեմն դուք թակել եք դուռը, ներկայացել, աղջիկը ճանաչել է Ձեր ձայնը, ետ է քաշել սողնակը, իսկ բնակարանը թալանել է ուրի՞շը…
-Ես չգիտեմ ո՞վ է թալանել: Ի դեպ «թալանել» բառը տեղին չէ, չէ՞որ միայն մատանին են տարել: Իսկ ականջօղը մարզադաշտում կորցրեց: Գտա, ուզում էի վերադարձնել, բայց մոռացա:
-Ա~խ, գտել եք: Յոթանասուն հազար տեղանոց մարզադաշտում գտել և մոռացել եք վերադարձնե՞լ… Դրա համար էլ որոշել եք հյուսերը բերանը խցկելով լուծել Ձեր մոռացկոտության վրե՞ժը… Արա, այ տղա, կարո՞ղ ա գիտես, որ քո կազյոլ հալով կարաս ինձ ֆռռացնես: Տարեք սրան. մնացած հարցերով կզբաղվենք էնտեղ…
Թվաց այդպես էլ պետք է լիներ: «Էնտեղի» վրա դուռը պետք է բացվեր, երկու ջլապինդ տղաներ պետք է ոլորեին թևերս ու աստիճանների արագընթաց հրաժեշտը պետք է թպրտար աչքերիս մեջ…

«Բարև ընկերս, սիրելիս… Երբ այս տողերը կարդաս` ես այլևս կենդանի չեմ լինի: Ինչ դժվար է մեռնելը, բայց կյանքն ավելի անտանելի ու դաժան է դառնում, երբ կորցնում ես ապրելու իմաստը: Չէ, չկարծես թե փորձում եմ տրտնջալ կամ լացուկոծով քո սրտում խղճահարության սերմեր ցանել: Ես խիզախորեն են դեպի մահը գնում: Հուսով եմ Աստված կների: Իսկ դո՞ւ, կներես: Պատկերացնո՞ւմ ես, եթե մի շաբաթ առաջ ասեին, որ երեք-չորս օրից կհանդգնեմ ինքնասպանություն գործել` գուցե ծիծաղեի: Բայց իրադարձություններն այնպիսի ընթացք ստացավ, որ ամեն ինչ գլխիվայր շրջվեց:
Գիտես, որ երբեք աղջիկներով չեմ հետաքրքրվել, բայց տղաների հանդեպ էլ սիրային կամ սեռական զգացումներ չեմ ունեցել: Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ եկար մատանին ստուգելու: Ի՞նչ փոխվեց. չհասկացա, բայց հասկացա, որ սիրում եմ քեզ: Իմ սերը նման է մահացու ախտի. հազար աստիճան տաքության պայմաններում էլ չի անէանում: Ներսս այնպես է եռում, որ խելագարվում եմ:
Ինչ վերաբերվում է կողոպուտին` հավատա անմեղ եմ: Ականջօղն իրոք գտա, երբ ընկերուհիդ քեզ էր փնտրում: Ուզում էի վերադարձնել, բայց հիշում ես թե զուգարանում ինչ կատարվեց: Որոշեցի խաղից հետո գնալ ընկերուհուդ տուն /հիշո՞ւմ ես հասցեն ասել էիր/ ու անձամբ հանձնել: Զանգը տվեցի, բռնակը մի քանի անգամ պտտեցի` դուռը բացող չեղավ: Հանկարծ վերելակն աշխատեց, քո ձայնը լսեցի: Վախեցա. մեր հանդիպումը կարող էր անցանկալի հետևանքներ ունենալ: Մոտ տաս րոպե աստիճանավանդակի վրա կանգնած` զրուցում էիր հարևանուհու հետ: Ստիպված բարձրացա կտուր ու մյուս մուտքով հեռացա շենքից: Հետո ինձ ձեռբակալեցին: Հայրս մի կերպ, ծանոթի միջոցով, կարողացավ ազատել ինձ կալանքից` պայմանով, որ քաղաքից չեմ բացակայի: Գիտեմ, մի քանի անգամ խնդրել է հայցը ետ վերցնել, հրաժարվել ես: Ծնողնե~րս… Սիրտս արյունոտվում է: Ի՞նչ կկատարվի, երբ իմանան, որ իրենց արվամոլ, գող, այլասերված որդին ինքնասպան է եղել: Գուցե երբեք չփարատվեն, բայց , հաստատ, կփրկվեն հասարակության ծաղր ու ծանակից: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Քրիստոնեությունը զառամյալ ծերունու հայացքով ու լսողությամբ է ընկալում աշխարհում տեղի ունեցող նորօրյա փոփոխությունները: Ուրեմ ի՞նչ Աստված մեռա՞ծ է: Չէ, երևի կեղծ հուղարկավորություն է սարքել` փորձության նոր էջերը լրացնելու համար:
Երբ կալանատուն մտա, տապակած ձկան ճենճահոտից շունչս կտրվեց: Ասեմ, որ հատակը խնամքով փայլեցված էր: Թվաց ճենճահոտը փչում է գետնից, ասես մանրահատակի տակ տապակած ձկների պանթեոն լիներ:
Մնաս բարով: Ամենամեծ մեղքերը ծնվում են ինքնաանճանաչողությունից…»

-Շնորհակալ եմ, որ եկար…
Երիտասարդը շառագունեց:
-Ինչպե՞ս կարող էի չգալ: Վերջ ի վերջո… նա իմ ընկերն էր: Ավելին` խղճի պարտք ունեմ նրա և Ձեր առջև… Ներեցեք ինձ, եթե իմանայի, որ ամեն ինչ այսպես կավարտվեր…
-Մի… Մի տանջիր քեզ: Ով գիտե, գուցե ես էլ քեզ նման վարվեի, եթե իմ տղան չլիներ…

Ակնավաճառի տարելիցը համեստորեն նշվեց: Ներկա էին հանգուցյալի ընտանիքի անդամները, մտերիմ ընկերն ու…
-Իսկ ընկերուհիդ ո՞ւր է,-ակնավաճառի հոր զարմանքը բնական էր,-մինչև հիմա չե՞ք ամուսնացել:
-Չէ-հա… Նրան ընկեր կամ ամուսին պետք չէր: Նրան քայլող-ենթարկվող մանեկեն էր պետք… Լավ… Ձեր կրտսեր որդին ինչպե՞ս է, կարծեմ ուզում էր իրավաբան դառնալ:
-Լավ է, փառք Աստծո… Մեկ-երկու ամսից կամուսնանա: Հարսնացուն բարի, հմայիչ աղջնակ է` երգչուհի,-աչքերը լցվեցին,-գիտես, որ տղաս քեզ շատ էր սիրում: Մահից առաջ կտակ է գրել, որտեղ քեզ վերաբերվող մի քանի կետ կա: Ինչ-որ իրեր են, զավակիս թվացել է թե դրանք քեզ շատ են պետք:

Բնակարանի կծու, հիվադոտ մշուշը փռշտալու ցանկություն էր առաջացնում: Հուղարկավորությունից հետո այստեղ ոչ ոք չէր մտել: Փոշու նուրբ, մռայլ թևերը փռվել էին կահ-կարասիի, գրքերի և մանր-մունր առարկաների վրա: Երբ վարագույրները ետ քաշեցինք` փոշին բարկացած վեր թռավ ու սկսեց պտտվել տխուր, լքված սենյակներում:
Եղբայրը կաշվե պայուսակի մեջ կտակում նշված իրերը դասավորելով` մեկնեց ինձ:
-Վեկալ, քոնն են… Ասում եմ` քոնն են…
-Սա էլ է իմը…
Սեղանին երկու գիրք էր դրված «Աստվածաշունչ» և «………….»:
-«………….» հետաքրքիր ա, չէի պատկերացնի, որ ախպերս միստիկայով ա հետաքրքրվել: Վեկալ…

Ո՞վ էր կողոպտիչը` չիմացանք, ոչ էլ` մատանին գտնվեց: Ինչ խոսք. գողը ծանոթ մարդ է եղել, բայց ո՞վ… Նախկին ընկերուհիս լռում է, թեև , ըստ, իս, ինչ-որ բան գիտի: Տեր Աստված. ե՞րբ էր գիրքը նվիրեց, մոռացա ակնավաճառի տանը: Էդպես էլ երկու բան չսիրեցի կյանքում. զարդեր կրել ու կարդալ: «………….» ինչ էլ վերնագիր ունի: Տանել չեմ կարողանում գրքային ինտելեգենտիկներին: Ափսոս կազմի վրա նկար չկա: Լավ կխզբզեի: Կարդա՞մ: Ինչ արած. մինչև տուն մի ժամվա ճանապարհ է: Էջանիշ էլ կա: Հենց այստեղից էլ կսկսեմ:

«Մարդուն գերելու ամենահեշտ միջոցը հմայիլ նվիրելն է: Տարբերություն չկա ԸՆՏՐՅԱԼԸ տղամա՞րդ է, թե՞ կին, ահե՞լ է, թե՞ ջահել, միևնույն է մինչև գերեզման, ստրուկի նման կհետևի, կգովերգի քեզ և , եթե հարկ լինի, կմեռնի քեզ համար: Եթե ուզում ես այդպիսի հմայիլ ձեռք բերել, ապա լերկ, հարթ պատերով սենյակում քսանչորս ժամ կրակ վառիր, սեղանդ զարդարիր գույնզգույն պտուղներով, քաղցրահամ գինով և անաղ հացով: Մեծ հայելի վերցրու, սրբիր քրքրված լաթով: Արևամուտի պահին հատակն ավլիր և աղբը պատուհանից դուրս թափիր: Ուղիղ կեսգիշերին երեք անգամ արտասանիր լուսանցքում գրած բառերն ու կրակը հանգցրու: Եթե ամեն ինչ ճիշտ կատարես կհայտնվեն պայծառ, ծակծկուն աչքերով երեք հոգի, որոնք մինչև լույս կզվարճանան քեզ հետ: Արևագալից առաջ նրանք կհեռանան` ափիդ մեջ թողնելով եռաքար ադամանդե մատանի: Մատանին տուր ԸՆՏՐՅԱԼԻԴ: Մատանին դնելով` նա հավետ կդառնա քո գերին: Հիշիր, փորձանք կպատահի, եթե ԸՆՏՐՅԱԼԴ, առանց մատանին դնելու, տա մեկ այլ մարդու: Այդ մարդը կդառնա ԸՆՏՐՅԱԼ, իսկ մատանին… »:

Հաջորդ օրն առավոտյան արթնացա դռան զանգից:
-Քնա՞ծ ես,-ընկերս, առանց հրավերի ներս խուժելով, փռվեց անկողնուս վրա,-վեր կաց, հագնվիր, մատանին բերել եմ…
Կոպերս տրորելով` փորձեցի ցրել մղձավանջային տեսիլքները:
-Ի՞նչ մատանի…

Հոկտեմբեր 2OO2

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *