Պատմվածք

Հավայան սիգարը

Գյուղի վերջին ավտոբուսը արդեն գնացել էր: Վաղուց նաև Լեննագանի ավտոբուսն էր գնացել: Ասենք Լեննագանի ավտոբուսը վաղուց տեղ հասած կլիներ, իսկ Վալոդը կանգնել-մնացել էր շրջկենտրոնի ապակե դռներով գրախանութի առաջ:

• 15 րոպե

Հավայան սիգարը

Գյուղի վերջին ավտոբուսը արդեն գնացել էր: Վաղուց նաև Լեննագանի ավտոբուսն էր գնացել: Ասենք Լեննագանի ավտոբուսը վաղուց տեղ հասած կլիներ, իսկ Վալոդը կանգնել-մնացել էր շրջկենտրոնի ապակե դռներով գրախանութի առաջ: Մթնշաղ էր: Վալոդը կանգնել էր թեքությամբ, մեկ-մեկ մթից մգացող ապակիների հայելու մեջ նայում էր իր դեմքին ու մատը տարակուսանքով վեր էր տնկում.
— Քո տո՜ւնը շինվի, Վալոդ, էս ի՞նչ օրի հասար, քո տո՜ւնը շինվի:
Մատների արանքում խաղացնում էր էսօր կեսօրին շրջկենտրոնի նորաբաց կրպակից գնած հավայան սիգարը կամ ավելի ճիշտ՝ էն, ինչ մնացել էր սիգարից: Չէ, չէր ծխել, սիգարը կոտրվել էր, կիսվել, հետո ոտնատակ էր ընկել ու Վալոդին մատների արանքում սիգարի մի կեսն էր մնացել, փոքր կեսը: Բայց նա համառորեն այն խաղացնում էր մատների արանքում ու տեղից չէր շարժվում: Թե ինչպես ու ինչով էր գնալու գյուղ, չէր մտածում, կանգնել մնացել էր: Ասենք որևէ ուրիշ բան էլ չէր մտածում: Պարզապես ժամանակ առ ժամանակ իրեն էր նայում ապակու մեջ՝ հույս ունենալով, թե դեմքի ուռածը գոնե մի քիչ իջել է ու մատը վեր էր տնկում.
— Քո տո՜ւնը շինվի, Վալոդ…
Հավայան սիգար… Խորհրդային երկրում, մանավանդ իրենց խուլ գյուղում Հավայան սիգար որտեղի՞ց: Մի անգամ տեսել էր արտասահմանյան կինոներից մեկում, թե էն հարուստ ու լի երկրներում ապրող մարդիկ ոնց են ծխում: Նստում են սեղանի մոտ, ոտքները դնում սեղանին ու բերանի մի անկյունից կախում են սիգարը:
— Յե՜ս, բոսսս…
Չէ՛, ոտքերը սեղանին դնելը դուրը չէր գալիս, բայց, ա՛յ, էդ հաստ սիգարը գոնե մի անգամ փորձել շատ էր ուզում: Իր ծխածը անորակ, անկոթ «Պրիմա» էր ու զզվելի հոտ էր գալիս բերանից: Հատկապես առավոտները, երբ քնից նոր էր ելած լինում: Քանի՞ անգամ էր ցանկացել ծխելը թողնել, բայց չէր կարողացել: Մանավանդ էս ամառ… Էս ամառ գործերը թարս էին գնում ու գրպանում համարյա փող չէր լինում: Իսկ Հավայան սիգարն ուրիշ էր: Էսօր կեսօրին տեսավ կրպակում ու առավ: Չէր ուզում փողոցում կպցնել, խաղացնում էր մատների արանքում ու չէր ծխում, սպասում էր մի հարմար տեղ լիներ, մի գեղեցիկ պահ, որ սիգարը կպցներ, տեսներ ի՞նչ վայելք կա դրա մեջ, որ կինոներում էդպես ծխում են: Առավոտնից չէր ծխել: Չէր ուզել, որ աղջիկն իրենից ցածրորակ ծխախոտի կծու հոտ առնի ու չէր ծխել: Դրանից թոքերը կտրատվում էին, բայց մեկ է, իրեն զսպում էր՝ մտքում ըմբոշխնելով սիգարը կպցնելու պահը: Մոտը շատ փող չկար, ճիշտ է, բայց ինքը հո տեղ չէ՞ր գնալու: Եկել էր Լուսիկի հետևից: Իմացել էր՝ Լուսիկն էսօր քաղաք է գնալու ու ինքը մոր պատվերն ականջի հետև գցելով՝ եկել էր շրջկենտրոն:
Մայրն առավոտյան ասել էր. «Էն արտի խոտը հնձիր, ախր չորանում է, կուշացնես, մեջը բան չի մնա»: Ինքը լսել ու չլսելու էր տվել, նստել էր ավտոբուս ու Լուսիկի հետ եկել էր շրջկենտրոն: Ճիշտ է, գյուղի ավտոբուսի մեջ աղջկա հետ չէր խոսել, բայց հետը եկել էր: Ախր ո՞նց խոսեր, հազար աչք կար ու հազար բերան: Կանգնել էր աղջկա նստարանի կողքին, աչքերով զրուցել հետը և այդքանը: Հետո, երբ ավտոբուսից իջել էին, երկուսով քայլել էին շրջկենտրոնի փոքրիկ այգու կողմը ու էլի չէր խոսել Լուսիկի հետ: Քայլել էր հետևից, նայել նրա բարակ մեջքին, մտովի շոշափել ու սիրել էր նրա մեջքի բոլոր մկանները: Աղջիկը հասկացել էր դա ու քայլերը չէր արագացրել: Քայլել էր դանդաղ, ամռան առավոտը իր մեջ առած՝ քայլել էր նազանքով՝ տղայի հայացքը զգալով իր թիկունքի բոլոր մասերին: Հետո նստել էին թաշկինակի չափ այգում, ուզել էին զրուցել ու այնտեղ խաղացող երեխաներն սկսել էին քարերով հարվածել նրանց: Թե ինչո՞ւ դուր չէին եկել նրանց, տղան չգիտեր: Համբերել էր, մի երկու անգամ հանգիստ բացատրել, հետո զայրացել, բայց երեխաները հեռացել էին մի քիչ ու սկսել էին քարկոծել հեռվից: Ստիպված ետ՝ ավտոկայան էին եկել: Մանավանդ, որ Լուսիկի ավտոբուսի գնալու ժամանակն էր եղել: Հենց էդ ժամանակ, երբ աղջիկը բարձրացել էր ավտոբուս, Վալոդի հայացքն ընկել էր նորաբաց կրպակին ու ցուցափեղկում տեսել էր հավայան սիգարը՝ գեղեցիկ փաթաթված, վրան՝ կանաչ թղթով դրած կնիք: Չէր մտածել, առել էր ու բարձրացել ավտոբուս: Նստել էր աղջկա կողքին ու իրեն ամերիկացի էր երևակայել: Նայել էր Լուսիկի մազերի գալարներին ու խելքը գնացել էր: Նրանից եկող «դուխու սապոնի» և օծանելիքի նուրբ հոտն էր զգացել ու իրեն հեռու աշխարհներից եկած ասպետի տեղ էր դրել: Արևն ընկել էր աղջկա կլոր ու սպիտակ ծնկներին, Վալոդն ուզել էր շոշափել այդ կլորությունը, կռանալ, համբուրել ծնկների բոլորաձև գեղեցկությունը, բայց ամաչել էր, ու խոսել էր: Խոսել էր այնպես, ասես Լուսիկն իրեն նոր էր ճանաչում, ասես տասը տարի իրար հետ նույն դասարանում չէին սովորել, կարծես աղջիկն օտար մեկն էր, իրեն չէր սիրում ու ինքը նորից նոր պիտի նվաճեր նրա սիրտը: Լուսիկը զարմանքով նայում էր Վալոդին, մտածում էր՝ խենթացել է, մտածածը բարձրաձայն չէր արտահայտում ու ժպտում էր քթի տակ: Իսկ Վալոդը խոսում էր, ինքն էլ չիմանաով՝ ինչ: Սրտի մեջ աղջկան գրկելու, նրա բույրը մինչև վերջ շնչելու անտանելի փափագ էր առաջանում ու էդ փափագը զսպելու ջանքը խենթացնում էր նրան: Ավտոբուսի մեջ լիքը մարդիկ էին, տարբեր տարիքի, հիմնականում անծանոթ, բայց հայ մարդիկ էին: Ինչքան էլ Վալոդն իրեն օտար աշխարհից եկած հարուստ տղա էր երևակայում, ենթագիտակցորեն հասկանում էր, որ մենակ մատների արանքում դրած սիգարով այդպիսին չես դառնա: Լուսիկը չէր խոսում, Լուսիկը մտքում զարմանում էր Վալոդի այլափոխության վրա ու սպասում էր, թե երբ է շարժվելու ավտոբուսը: Վալոդը նայում էր աղջկա ցանցկեն կարմիր շորի տակից երևացող սև կրծկալի բանտին ու շունչը կտրվում էր: Ուզում էր կռանալ ու համբուրել էդ բանտիկը, կրծքի բացված փոքրիկ մասը, բայց ամոթ էր ու Վալոդն իրեն զսպելուց քրտնում էր: Մատների արանքում խաղացնում էր հավայան սիգարը և խոսում էր այնպես, ասես ինքը հեռու ու անճանաչելի տեղից եկած ասպետ էր ու նոր պիտի նվաճեր Լուսիկի սիրտը: Մի տեսակ նույնիսկ ձայնի տոնն էր փոխել, խոսելու ոճը: Վալոդն էր ու Վալոդը չէր ասես: Լուսիկը լսեց էլի մի քիչ, լսեց ու կիսաձայն հարցրեց.
— Քեզ ի՞նչ է եղել:
— Ի՞նչ պիտի, — ասաց ու սիգարը նորից խաղացրեց մատների արանքում:
Վալոդը նայեց Լուսիկի ծարիրված պոչավոր աչքերին, երկար արտևանունքներին ու սիրտը ուզեց նրա հետ քաղաք գնալ: Բայց ինքն այդ քաղաքում գործ չուներ, մորը չէր ասել, նաև փող չկար գրպանում ու ելնել, աղջկա հետ քաղաք գնալը հիմարություն էր: Մանավանդ, որ Լուսիկը հորաքրոջ տուն էր գնում, իսկ ինքը մնալու տեղ չուներ:
Լուսիկը զարմանքով նայում էր տղային, իսկ Վալոդը խենթացել էր աղջկա ներքևի հյութեղ շրթունքին նայելուց: Ասես առաջին անգամ էր տեսնում: Ուզում էր համբուրել այդ շրթունքը, բայց… Ու տնքոցը գալիս էր, խոսում էր հուզմունքն ու ներքին ցանկությունները մեռցնելու համար, բայց չէր կարողանում ու քրտնում էր: Ասենք իրենց սիրահարության երկու տարվա ընթացքում ոչ մի անգամ չէր համբուրել աղջկան: Դպրոցի միջանցքում մի երկու անգամ վախվորած բռնել էր ձեռքը, ու այդքանը:
Ավտոբուսի շարժվելուց մի երկու րոպե առաջ իջավ ու կանգնեց կողքին՝ հայացքը աղջկանից չկտրելով: Իր տեղում նստեց երկար ժամանակ չսափրված, միաչքանի պապիկը, որ ամբողջ ժամանակ կանգնած էր իրենց կողքին: Ավտոբուսը գնաց, Լուսիկը լուսամուտից մի անգամ էլ ժպտաց նրան, իսկ Վալոդի գլխում շարունակվում էր պտտվել մի հիմար միտք: Հիմա պապիկն է շնչում աղջկա բույրը, հիմա ծերունու հնամաշ պիջակի թևն է քսվում աղջկա բաց ու սրսփացող թևին: Այդ միտքը հետո երկար ժամանակ մնաց գլխի մեջ, մնաց նույնիսկ այն ժամանակ, երբ ավտոկայանի շարջակայքում ապրող տղաները շրջապատեցին իրեն:
Ավտոբուսը գնաց, բայց Վալոդի ուշք ու միտքը աղջկա հետ էր, հետո քայլերը նրան տարան հավաքված մարդկանց մոտ: Ավտոկայանի անկյունում, այնտեղ, որտեղ հին ու մին տակառներ էին շարված իրար վրա ու դրանց ստվերում լեզուն դուրս գցած՝ հևում էր մազաթափ եղած մի ծեր շուն, մարդիկ խաղում էին: Սեղանի վրա տարբեր նվերներ էին դրված, փայփլուն տուփերով քաղցրավենիք ու պտտվող մի անիվ: Անիվից մի քիչ հեռու, սեղանի վրա հրացանի նման բան էր ամրացրած: Խաղավարը պտտում էր անիվը, հետ որոշ ժամանակ անց կրակում էր հրացանից: Անիվը կանգնում էր ու, եթե քո ասած թվի վրա էր կրակած վրձինը, շահում էիր ուրեմն: Նայեց Վալոդը, գրպանի մեջ մի քանի անգամ շոշափեց վերջին ռուբլիանոցը, որով տուն պիտի գնար և ուշք ու միտքը դեռևս Լուսիկի հետ՝ հանեց գրպանից: Ասենք էդ մի ռուբլին էլ չէր եղել: Մի կերպ տուն կհասներ, բայց մեկ էլ տեսար շահեց:
— Տասներկու, — ասաց սիգարը մատների արանքում խաղացնելով:
Տղամարդը նրա ասած թիվը գրեց ստվարաթղթի կտորի վրա, ուրիշներից էլ խաղադրույք վերցրեց ու պտտեց անիվը: Անիվը պտտվեց արագությամբ, հետո կանգ առավ ու Վալոդը ուրախությունից ճչաց.
— Ա՜յ քեզ բախտ:
Տասը ռուբլի էր շահել: Մարդը զարմացավ: Կամ անիվն էր իր ընթացքից դուրս ելել, կամ Վալոդի բախտը շատ էր բերել: Նման բան երբևէ չէր եղել, բայց ի՞նչ պիտի աներ: Գրպանից հանեց վրան Լենինի գլուխ նկարած կարմիր տասանոցն ու տվեց նրան:
— Հիմի՞ ինչքան ես դնում, — հարցրեց:
— Հիմի՞, — զարմացած հարցրեց Վալոդը, — հիմի էլ չեմ խաղում:
— Ո՞նց, — զարմացավ ու ասես վիրավորվեց մարդը, — ո՞նց: Կրես, տասանոցն առնես, գնա՞ս:
— Խաղ չէ՞, — իր ճիշտն առաջ տարավ Վալոդը, — փող դրեցի, շահեցի ու հիմի էլ խաղալ չեմ ուզում:
— Չէ, պտի խաղաս, — սպառնաց մարդն ու տղաների մի խումբ շրջապատեց Վալոդին: Դրանց մեջ հատկապես ճղճղան մեկը կար, որ կես թիզ բոյ ուներ ու Վալոդի դեմքին հասնելու համար անընդհատ ցատկոտում էր.
— Ո՞նց, խաբես, շահես ու էթա՞ս: Թենց չի ըլի…
— Ի՜նչ խաբել, — իրենն էր առաջ տանում Վալոդը, — խաղացնողը դուք եք, շահողը՝ ես, էլ չեմ խաղում:
Նրանց ձայնի վրա մարդիկ սկսեցին հավաքվել, ստվերի մեջ հևացող շունն սկսեց հաչել, ինքն էլ չիմանալով ում վրա: Շունը Վալոդին չէր ճանաչում, խաղացնողին ու նրա տղերքին ճանաչո՞ւմ էր, թե չէ, հայտնի չէ: Պարզապես անհանգստացել էր ու հաչում էր: Կարճ ցատկոտող տղան կպավ Վալոդի օձիքից ու կախվեց.
— Արա, արա, դու ինձ հըլը չես ճանաչըմ…
— Ճանաչում եմ, — ասաց Վալոդը, — դու մեր գյուղի թոռ ես, անունդ Համլետ է, անցած ամառ մեր գյուղում էիր ու ինձ հետ ֆուտբոլ ես խաղացել:
Տղան մի պահ կանգ առավ, հետո սկսեց ավելի բարձր ճղճղալ.
— Էդի ի՞նչ կապ ունի։ Կամ էլի խաղա, կամ փողը տուր:
— Ինչի՞ է՜, — ավելի զայրացավ Վալոդը:
— Դու միշտ ե՞ս գավայսկի ծխում, — ձեռ առավ ավելի բարձրահասակ գանգուր մազերովը:
— Տո քեզ ի՞նչ է, — կատաղեց Վալոդը:
Առաջինն ո՞վ հարվածեց, չիմացավ: Մի պահ զգաց, որ իրեն խփում են, ասենք խփելը ո՞րն է՝ ծեծում էին: Կռվի թոհուբոհի մեջ տեսավ, թե ինչպես մատների արանքը դրած սիգարը ջարդվեց, մեծ մասն ընկավ ասֆալտին, ինչ-որ մեկի ոտքը կպավ դրան ու թռավ, ընկավ մի քիչ հեռու… Հետո իբր իրենց անջատում ու չէին թողնում, որ կռվեն, բայց իրականում իրեն բռնում էին ու մյուսներին թողնում էին, որ խփեն: Հետո կռիվը հանդարտվեց, Վալոդը գրպանից հանեց տասանոցն ու նետեց խաղավարի դեմքին.
— Արա, առ քո փողը, պետքս չի, ա՜ռ…
Խաղավարը չվիրավորվեց, փողը վերցրեց, դրեց գրպանն ու ասես ոչինչ չէր եղել կանչեց.
— Հաջորդն ո՞վ ա, պրծա՜նք, շուտ արեք:
Վալոդը գնաց մի քիչ հեռու, նայեց մատների արանքում մնացած սիգարի կտորին, մեկ ուզեց գրպանը դնել, մեկ էլ նրանց ջգրու պահեց մատների մեջտեղում: Ինքը՝ իր սիգարը, ինչ ուզի՝ կանի, երբ ուզի՝ կծխի: Հետո կանգնեց, մնաց գրախանութի մոտ, հայացքը ներսի գրքերին հառած: Մոտը փող մնացած լիներ, կմտներ մի գիրք կառներ, կտաներ տուն, կկարդար գիշերը, բայց… Մի բան էր լավ, որ Լուսիկը չէր տեսել, թե իրեն ոնց են քաշքշում ու խփում: Ասենք, եթե իմանար՝ Լուսիկը նայում է, չգիտեր ինչ կաներ դրանց ու, մանավանդ, Համլետին, որ անաղուհաց է քրդի շան պես: Իրենց գյուղի թոռ է, երբ գյուղ է գալիս, հազար ու մի քաղցր ու փափուկ խոսքեր է գտնում գյուղի տղաների համար, իսկ ահա, երբ իր բախտը բերել էր ու տասը ռուբլի էր շահել, վեր-վեր էր թռչում ու խփում էր: Մենակ լինեին, կասեր: Քանի հոգով վրա էին տվել ու.
— Էդ գավայսկի սիգարը ամեն օր ես ծխը՞մ…
Տո ձեր ի՞նչ գործն է: Կանգնել էր Վալոդը գրախանութի առաջ, դեմքի չանգռվածքներն էր ուսումնասիրում րոպե առ րոպե մգացող ապակու հայելու մեջ, մատների արանքում պահած սիգարի մնացորդին էր նայում ու չգիտեր անելիքը: Գյուղ գնալը չէր գալիս, շրջկենտրոնում գործ չուներ: Եվ մենակ էր աշխարհում: Ոչ ոք չուներ, ինքն էր ու իր ուռած աչքը, ինքն էր ու իր վիրավորված ինքնասիրությունը:

…Վալոդը չգիտեր, որ նաև պատմվածքի հեղինակն է թողել իրեն: Ինչ-որ հիվանդություն պատճառ բերելով քանի օր է չի բացել համակարգիչը, չնայած խղճում է Վալոդին: Վալոդը չէր ճանաչում ոչ մի գրողի, չգիտեր, որ ինչ-որ մեկի պատմվածքի հերոսն է դարձել, իսկ նա փոխանակ Վալոդի վիրավորանքը մեղմեր, հիվանդությունը պատճառ բերելով, կիսատ էր թողել պատմվածքը:
Ինչքան ժամանակ է կանգնել մնացել էր գրախանութի առաջ: Առավոտնից բան չէր դրել բերանը, նույնիսկ մի հատիկ չէր ծխել ու հիմա էլ զսպում էր իրեն: Ուզում էր գոնե սիգարի մնացորդը ծխել, բայց ախր սիգար ծխելու հատուկ կարգ կա, հո դա սովորական անկոթ «Պրիմա» չէ՞, որ կպցնես ու ծխես քայլելիս, կանգնած տեղդ: Սիգար ծխողը պիտի նստի կարգին, պիտի կպցնի, բերանից հանդիսավոր կերպով բաց թողնի ծխի քուլաներն ու արտաբերի.
— Յե՜ս, բոսս…
Հեղինակն ի՞նչ գիտեր, թե Վալոդի սրտի մեջ կասկածանքը եփվում է կեսօրից սկսած: Լուսիկն ասել էր՝ ուզում է սովորել: Վալոդը դեմ չէր սովորելուն, բայց եթե Լուսիկը քաղաք գնար, ուսանողական շրջապատ մտներ, ոնց էլ չլինի, իրենից լավ մի քանի տղա կգտներ: Լուսիկը սիրուն էր, քաղաքի տղաները հաստատ նրան հանգիստ չէին թողնի:
Ինքն էլ դեմ չէր գրքերին: Գիրք կարդալ սիրում էր, բայց սովորել… Չէ, ինքն արհեստ էր ուզում սովորել, բայց այդպես էլ չէր որոշել՝ ինչ արհեստ, ու սրտի մեջ Լուսիկի ասածը ելնում իջնում էր:
— Արի ամուսնանանք, — ասել էր Վալոդը:
— Ընտանիքն օդով չեն պահում, — խրատել էր Լուսիկը:
— Ինչի՞ օդով, ես ամեն գործ էլ գիտեմ, — պարծեցել էր Վալոդը, — ուզեմ՝ մատով մարդ կսարքեմ:
Բայց իր ասածին ոչ ինքն էր հավատացել, ոչ Լուսիկը: Լուսիկը նրա ասածի վրա էլի ժպտացել էր խորհրդավոր, բայց բան չէր ասել:
Վալոդը հիշում էր արևի շողքը նրա կլոր ծնկների վրա, կիսաթափանցիկ բլուզի տակից երևացող բանտիկը կրծկալի ու սիրտը ցավում էր:
Կամաց-կամաց շարժվեց, հեռացավ ցուցափեղկի մոտից ու տեսավ, որ քայլերը իրեն հանել են գյուղի ճանապարհի վրա: Վերջին ռուբլին խաղադրույք էր կատարել ու հիմա մոտը փող չկար: Ասենք հիմա գյուղ գնացող ավտոբուս էլ չկար, որ տոմսի մասին մտածեր ու սկսեց քայլել: Կողքով մեքենաներ էին գնում՝ մեծ մասը Երևան, բայց եթե ուզեր, ձեռք կմեկներ ու մի մեքենայով կհասներ մինչև գյուղի տակ, հետո էնտեղից ոտքով մի քանի րոպեի ճամփա էր, բայց չէր կանգնեցնում, քայլում էր: Քայլում էր՝ պատկերացնելով, թե մայրն ինչպես է սպասել իրեն, թե ինչպես է նայել հասած խոտին, ինչպես է նեղվել ու հետո էլի սպասել է, սպասել… Հաստատ հիմա քնած կլինի: Մտքում հազար անգամ հասնում էր տեղ, պատից իջեցնում էր գերանդին, գնում էր արտ ու մինչև լույսը բացվելը արտը հնձում, պրծնում էր: Լուսադեմին գալիս էր տուն, գերանդին կախում պատից, լուսամուտից մտնում իր սենյակն ու քնում էր մորից գաղտնի: Համ արտը հնձելն անակնկալ կլինի, համ էլ մայրը չի տեսնի դեմքի ուռածն ու քերծվածքները: Լուսին էր, ամռան գիշերվա սիրուն լուսին ու լավ էր նրա լույսի մեջ քայլելը: Չէր հոգնում, չէր անհանգստանում, գլխի մեջ հազար երազանք կար: Սկզբում որոշել էր՝ հենց Համլետը գյուղ գա, մի լավ ծեծի, հետո կամաց-կամաց «գազը թողեց» ու սրտի մեջ առաջացած վիրավորանքը ասես սրբվեց լուսնի շողերով: Քայլեց աշխարհի հետ կռվելով ու վիճելով, քայլեց Լուսիկին համոզելով, նոր ու չլսված բառերով սեր խոստովանեց նրան, քայլեց մոր անեծքը ականջի կողքով անցկացնելով ու հասավ գյուղի եզրին: Զարմանում էր մարդկանց վրա, չեն հասկանում իրեն: Ինքը երազում է, իսկ նրանք կարծում են՝ սուտ է խոսում կամ պարծենում է:
— Խելա՛ռ, — ասում է Լուսիկը, երբ ինքը իր հերթական երազանքն է շարադրում սիրուն բառերով: Այնպես է ասում, որ ինքը հասկանում է՝ աղջիկը սիրում է իրեն: Թող ասի, նրա ասածն ուրիշ է, իսկ մյուսները… Ախր ի՞նչ պարտադիր է, որ ամեն ինչ ճիշտ ասես մարդկանց: Բա խոսքիդ մի քիչ գույն չխառնե՞ս: Ախր դրանից ոչ միայն աշխարհի, այլև մարդու հոգու գույներն են խամրում:
— Տեսե՞լ ես արտում սլացող անթամբ ձիուն, — ասաց ինքն իրեն, — ի՞նչ է ձիու վազքը: Երազանք չէ՞: Տեսե՞լ ես ժայռի ծերպին բացված կակաչը: Ի՞նչ է նրա տեսքը, երազանք չէ՞: Ես ո՞նց սիրահարված լինեմ ու չերազեմ, — ինքն իրեն հարցրեց զայրացած ու պատասխանեց Լուսիկի պես.
— Խելա՜ռ…
Քայլում էր ու կռվում իր հետ, իրեն չհասկացող աշխարհի հետ էր կռվում, Լուսիկի, չնայած աղջիկը նրան ոչինչ չէր արել: Պարզապես խանդում էր նրան, խանդում էր, որ նա մենակ է քաղաք գնացել, խանդում էր, որ ուրիշներն էլ են տեսնում նրա գեղեցկությունը, ավտոբուսի մեջ նրա կողքին նստած միաչքանի պապիկին էր խանդում:
Հոգնել էր արդեն, նստեց ճանապարհի եզրի տափակ քարին ու նայեց մատների արանքում մնացած կիսասիգարին: Ամռան տաք ու լուսավոր գիշեր էր, ինքը մենակ էր ու այդպես լավ էր:
— Վալոդ, քու տո՜ւնը շինվի, Վալոդ, էն ո՞նց ծեծեցին քեզ: Դու կյանքիդ մեջ էդ տեսակի անարդար ծեծ կերած չկայիր: Լավ էր՝ ավտոբուսը գնացել էր ու Լուսիկը չտեսավ:
Ոտքը գցեց ոտքի վրա, գրպանից հանեց լուցկին, կպցրեց սիգարը, ծուխը մինչև վերջ ներս քաշեց սովորական գլանակի նման, բայց անսովորությունից շունչը բռնվեց: Խեղդվելով հազաց երկար, հետո ավելի զգուշորեն մի ծուխ էլ առավ: Նախ գայլի պես ոռնալ էր ուզում, հետո ծիծաղը եկավ իր վրա ու սկսեց ծիծաղել.
— Քու տո՜ւնը շինվի, Վալոդ, սիգարն ի՞նչ է, որ ծխել չես կարողանում: Հավայան սիգա՜ր, հա՛, հա՜, հա՜…
Հետո լուսնի լույսի տակ ծիծաղում էր երկար ու սրտանց և նրա ծիծաղից լուսինը մի քիչ ավելի պայծառ էր լուսավորում:

Հ. Գ.- Վալոդն այդ ժամանակ չիմացավ, որ իր կյանքը մազից էր կախված: Գրողը կարդաց իր գրածը, ձեռքով տրորեց սպիտակած քունքերը, կիսաճաղատ գլուխն ու նետեց ափսոսանքով. «Թույլ պատմվածք է, այսպիսի պատմվածք ով ասես կգրի: Մանավանդ, որ շուտով գրողի գրածը կարդացող չի էլ լինի: Աշխարհում արհեստական բանականություն կա, որ հազար անգամ ավելի լավ ու ավելի հուզիչ բաներ կգրի»: Ասաց, ձեռքը մեկնեց համակարգչի կոճակին, որ ջնջի: Գրել էր մի քանի օր, բայց համակարգիչը կջնջի, կվերացնի մի վայրկյանում: Բայց հետո միտքը փոխեց ու խղճաց Վալոդին: Ախր արհեստական բանականությունը Վալոդին չէր ճանաչում, նրան գրողից բացի ուրիշ ոչ ոք չէր ճանաչում, ախր նա սիրահարված, մի քիչ պարծենկոտ, մի քիչ երազող տղա է ու եթե ինքը պատմվածքը ջնջի, կգնա, կվերանա: Ախր արհեստական բանականությունը չգիտի, որ Լուսիկը գնալու է քաղաք, նրան տանելու են քաղաքի տղաները և Վալոդի սիրտը մրմռալու է: Լցվելու է ու լաց է լինելու գաղտնի, նույնիսկ իրենից թաքուն: Հետո, հետո պատերազմ է լինելու աշխարհում, Վալոդն այդ պատերազմի մեջ է հայտնվելու, հետո ամփոփվելու է իրենց աննշան գյուղի մի քանի ամսում մեծացած պանթեոնում՝ մյուս տղաների կողքին: Լուսիկն իմանալու է Վալոդի զոհվելու լուրը, լաց է լինելու բոլորից գաղտնի ու հիշելու է նրան՝ մի քիչ տարօրինակ, մի քիչ քրտնած ու հավայան սիգարը՝ մատների արանքում: Բայց Լուսիկը չի իմանալու Վալոդի ծեծվելու մասին: Այդ մասին միայն գրողն է իմանալու և Վալոդը, որ գյուղի մուտքի մոտ նստած լուսնին էր նայում, հազում էր սիգարի «սարթ» ծուխը ներս քաշելով ու հազալով ծիծաղում.
— Հա՛, հա՜, հավայան սիգա՜ր…

18.04.25թ.
Սևան

Թողնել մեկնաբանություն