Համբարձում Համբարձումյան | Կատյան

Համբարձում Համբարձումյան. արձակագիր

Թաղի ջահելները փողոցում քարերով դարպասներ էին դրել ու ֆուտբոլ էին խաղում: Փողոցի ծայրում երևաց Ծիծակ Վալոդի գազարագույն տաքսին: Միշտ ռաբիս լսող Ծիծակի մեքենայի միջից եկող ռուսական էստրադային երգի հնչյունները լսելով` տղաները մի պահ կասկածեցին, որ դա Ծիծակի մեքենան է, բայց երբ նա թթենու ստվերի տակ բլոտ խաղացող տղամարդկանց ծանոթ ազդանշանով ողջունեց, խաղը դադարեցրին ու մի կողմ քաշվեցին, մինչև գա անցնի: Գիտեին նրա կծու բնավորությունը, եթե չկանգնեն ու մի կողմ չքաշվեն, հեռվից ազդանշան տալով գալու է, կանգնելու և հայհոյելու է: Վալոդը մեքենան կանգնեցրել, բլոտ խաղացողների հետ աշխույժ զրուցում էր, ու երեխաները վերսկսեցին խաղը: Տնից դուրս եկավ Գեղամը, Ջնդոենց նստարանի մոտ պպզած գարեջուր խմող Վլեին, Գոնչին, Գազանին բարևեց և մետաղյա ցանկապատին հենվելով` ծխախոտ վառեց:
Իր հզոր թոքերով հայտնի Գեղամը, որին ուռելիս վերջինն էին պլանը տալիս, որովհետև մի ծուխ անելով կասյակի կեսից ավելին ծխում էր, քիչ անց գետնին գցեց ծխախոտի զտիչը և նորը վառեց: Նիհար, բարձրահասակ, սուր դիմագծերով Ծիծակը միացրեց մեքենայի շարժիչը, և մի քանի վայրկյանից տաքսին Գեղամի տան մոտ կանգնած էր: Գեղամը նայեց մեքենայի ներսը, և դեմքին զարմանք ու շփոթմունք հայտնվեց: Մեքենայի դուռը բացվեց, և նրա միջից դուրս եկավ կիսամերկ, լայն, համարյա ծածկոցի չափերի հասնող սրբիչով փաթաթված Կատյան, և բոլորի` Վալոդի, բլոտողների, ֆուտբոլ խաղացող պատանիների, բուրդ չիփխող Գյուլնարի, բացակա հարևանուհիներից բամբասող կանանց աչքի առաջ գրկեց Գեղամին ու համբույրներով ծածկեց երեսը: Մինչ Կատյան ու Գեղամը համբուրվում էին, փողոցում հավաքված կանանց աչքում Գեղամը մի գլուխ բարձրացավ, երկու տարի անտղամարդ, խոպանից չվերադարձող ամուսնուն սպասող Գյուլնարը ձևացրեց` իբր այդ կողմը չի նայում, ոտքը փեշի ճեղքից հանեց, կրծքերն ավելի լավ երևացնելու համար բլուզի վերջին կոճակն արձակեց և կրծքերը թրթռացնելով` սկսեց ավելի արագ չիփխել բուրդը: Բլոտ խաղացող Էդոն թերզը մոռացավ ասել ու տակ տվեց, Գոնչի խմած գարեջուրը կոկորդին մնաց, ու նա սկսեց խեղդվելով հազալ: Գեղամի քեռու տղան` Կարենը, գնդակը դարպասի մոտ կանգնեցրեց ու գոլ խփելու հարմար պահը ձեռքից բաց թողեց: Հակառակորդ թիմի խոշորամարմին, բարձրահասակ Արայիկը, որն արդեն իններորդ էր փոխադրվել, բայց դեռ բեղերն էլ չէին աճել, գնդակը Կարենի առջևից տարավ, արագ անցավ ֆուտբոլիստների միջով, ձեռները ջեբը դրած դարպասապահի ոտքերի կողքով գնդակը դարպասը գլորեց ու գո՛լ գոռաց: Երբ տեսավ ընկերներից ոչ ոք չի արձագանքում, կանգնեց, նայեց համբուրվող Կատյային ու Գեղամին, և դեմքը շառագունեց, կարմիրով ներկվեց: Գեղամը գրկեց Կատյայի իրանը, և նրանք քայլեցին դեպի տուն: Վլեն, Գոնչն ու Գազանը հայացքով ուղեկցեցին նրանց ու տեսադաշտից հեռանալուց հետո էլ երկար ժամանակ նրանց ուղղությամբ էին նայում:
–Աուուուուու՛, Մաշինկա՛, – դունչը վերև տնկելով` քաղցած գայլի պես ոռնաց Գոնչն ու ասաց, – Մաշան վատը չի, ափսոս մերը չի:
Հետո Ծիծակը թաղի տղամարդկանց ու Կարենի համար Կատյայի պատմությունն էր անում: Գեղամի` Պերմում ծառայելու ժամանակ Կատյան Գեղամի՞ց, թե՞ նրա քյավառցի ընկերներից էր Սևանա ծովի մասին լսել: Գեղամի զորացրվելուց մի տարի անց Գեղամի՞ն էր կարոտել, թե՞ կապուտաչյա Սևանն էր ուզել տեսնի, որոշել էր Հայաստան գալ: Եկել էր: Հենց օդանավակայանում սև աչքերով, սև մազերով, փարթամ թրաշով առնական ու ճարպիկ հայ տղերքից մեկը ծանոթացել ու հոժարակամ համաձայնել էր նրան մինչև Սևան ուղեկցել: Ճանապարհին ռեստորան էին մտել ու հենց ծովի ջրում եփած իշխան էին կերել, տնական թթի օղի էին խմել: Հետո անմիջապես Սևանի ափ էին գնացել, անմարդաշատ, գողտրիկ մի տեղ էին գտել, ջուրն էին մտել, ջրից դուրս էին եկել ու ափի մոտ աճած ծառերի հովի տակ` թփուտների մեջ, ծածկոցի չափերի հասնող սրբիչի վրա սեր էին արել: Ոտքերը ջրի մեջ` հաց էին կերել ու նորից խմել էին: Գիշերը, երբ եղանակը ցրտել էր, իսկ ջուրը տաք էր եղել, Կատյան լրիվ մերկանալով ջուրն էր մտել և երբ ջրից դուրս էր եկել` ոչ լողազգեստը, ոչ պայուսակը, և ոչ էլ տղային էր գտել: Կարծել էր` կատակում է, երկար ձայն էր տվել, հետո սերմնահեղուկով ու քրտինքով ներծծված սրբիչով ծածկվել ու լաց էր եղել: Տղային կանչելուց ու լացելուց հետո, մեքենաների ձայների վրա գնալով` մայրուղի էր դուրս եկել: Ճանապարհից դուրս կանգնած, մեքենայի մեջ խմած–քնած Ծիծակի տաքսին էր նստել ու, մեքենան նստելով, ինքն էլ էր քնել: Առավոտյան Վալոդը արթնացել, տեսել էր իր մեքենայի ետևի նստատեղին մի ջրահարս, մի ճերմակամորթ մարալ է պառկած: Կարծել էր` սպիտակ տենդի մեջ է կամ երազ է տեսնում, բայց երբ սթափվելու և ստուգելու համար ձեռքն ազդանշանին էր դրել, ու Կատյան արթնանալով նրան բարևել էր, նոր միայն հավատացել էր աչքերին: Գեղամի պատմածներից Կատյային արդեն իմացող Վալոդը թեև ռուսերեն վատ էր հասկանում, Պերմ, Երևան, Շենգավիթ, Գեղամ բառերը լսելով հասկացել էր` “որը որից հետո ա”:

Գեղամի տան պատուհանի տակ պպզած` երրորդ գիշերն էր անցկացնում Կարենը: Մի ձեռքին ծխախոտն էր, մյուսի ձեռքը ուռած վարտիքի վրա էր դրել: Սենյակից եկող ձայները` ցանցավոր մահճակալի համաչափ ճռճռոցը, Կատյայի տնքոցներն ու Գեղամի շնչառությունը, խենթացնում, ձեռքը դեպի վարտիքի ներսն էին մղում. մկանները պրկված, աչքերը փակ ծխում էր, իրեն Գեղամի տեղում էր պատկերացնում: Բանակից գալուց հետո, երբ Գեղամն իր ու Կատյայի մասին պատմել էր, իրենց սեռական կյանքի մանրամասները թաղի տղամարդկանց ու ջահելների սեփականությունն էր դարձրել, մի տարի շարունակ ձեռնաշարժությամբ զբաղվելիս Կատյային էր մտքում ունեցել, բայց նրան իր առջև տեսնելով` ամաչել էր ու իրեն մեղավոր զգացել: Նրան իր մտքում ունենալը, իրեն Գեղամի տեղում պատկերացնելն արդեն հանցավոր էր թվում, բայց դրա մասին չմտածել, միտքն ուրիշ բանով զբաղեցնել չէր կարողանում: Առաջին գիշերը, երբ եկել էր պատուհանի մոտ, Կատյայի ու Գեղամի կենակցելը տեսել և ձայները լսել էր, երկրորդ գիշերը չէր ուզել նույն ապրումներն ունենալ, փոքր մագնիտոֆոնը բաղնիքում միացրել, համարյա սառը ցնցուղի տակ էր մտել, բայց Կատյայի տնքոցներն ու մահճակալի ճռճռոցը նրա ականջների մեջ էին, և երևակայությունն էլ տեսածը բազմապատկել էր:
Լուսանում էր: Լսվում էր ծտերի ծլվլոցը և Գեղամի համաչափ, հանգիստ շնչառությունը: Կարենը գետնին նստած ծխում ու երազում էր: Ինքը “Հրազդան” մարզադաշտում ֆուտբոլ է խաղում, Բրազիլիա–Խորհրդային Միություն խաղն է, ու ինքը Բրազիլիայի կազմում է, խաբս տալով բոլոր պաշտպաններին` անցնում է ու դարպասապահի դիմաց մեն-մենակ է հայտնվում: Իր սիրած ձևով ցույց է տալիս, թե հարվածում է ու ապակողմնորոշված, գետնին պառկած դարպասապահի վրայով գնդակը ցանցի մեջ է ուղարկում: Հանդիսատեսները, ոտքի կանգնած, իր անունն են վանկարկում ու ծափահարում են: Մեծ լուսատախտակին խոշոր տառերով իր անունն է գրվում: Գժի պես վազում է, ու բրազիլացի խաղընկերները չեն կարողանում ետևից հասնել: Հանդիսատեսների դեմքերը լղոզված են, և բոլորն իրար նման են: Միայն Կատյային է պարզորոշ տեսնում: Նա ձեռքը թափահարելով ողջունում է և ժպտում: Հագին կապույտ պուտերով ճերմակ շրջազգեստն է, որ ինքն ու մայրը Ցումով շրջելիս էին տեսել, երբ գնացել էին իր համար ամառային շորեր գնելու: Ֆուտբոլի դաշտում կանգնած նայում է խոտի վրա ոտքերի մոտ հարմար ընկած գնդակին: Ամբողջ ուժով հարվածում է, գնդակը դանդաղ ու ծույլ դեպի դարպասն է գլորվում և աղջկա ոտքերին դիպչելով` կանգ առնում: Իր առջև` դարպասի կենտրոնում, կանգնած է Կատյան` ծածկված այն սրբիչով, որով իջել էր Ծիծակ Վալոդի մեքենայից: Սրբիչը շղարշի պես թափանցիկ է, և երևում են Կատյայի ձիգ, փարթամ կրծքերը, կոնքերը, ոտքերն ու եռանկյունաձև մազածածկույթը…
Իր վրա թափվող սառնությունից Կարենն արթնացավ ու աչքերը բացեց: Մինչև գոտկատեղը պատուհանից դուրս եկած–կախված Գեղամը, շշի բերանը վերև պարզելով, Կարենի վրա թափվող ջրվեժը կանգնեցրեց, ձեռքի ափով վզակոթին թույլ հարվածեց ու ասաց.
–Վեր կաց, էս ինչքա՞ն ես ծխել, արա՜:
Կարենը բարձրացավ: Կանգնել էր Գեղամի առաջ, անքնությունից ու ջրից կարմրած աչքերն էր տրորում: Հետո մի ձեռքով թաց երեսն էր սրբում, մյուսով վարտիքին կպած ավազահատիկներն ու փոշին էր թափ տալիս: Աչքի տակով, աննկատ քարերի կույտից բռնցքաչափ, ձեռքի ափի մեջ տեղավորվող հարմար քար էր փնտրում, բայց Գեղամը ներողամիտ ժպտում էր ու աչքերի մեջ էլ չարություն չկար:
–Հիմիկվանից որ խելքդ բանիդ ես տվել, մի քիչ մեծացար` քաքն ենք ընկնելու քո ձեռը: Դե լավ, գնա քնի ու ստեղ էլ չտենամ քեզ:
Ուզում էր Գեղամի ասածներին պատասխանել, ասել, որ խելքը բանին չի տվել, բայց հասկանում էր, որ անտեղի է խոսելու, ավելի հիմար վիճակի մեջ է իրեն գցելու: Գլխահակ, ամոթահար քայլեց դեպի տուն ու մինչև ներս մտնելը թիկունքով զգում էր Գեղամի սպառնալից–ներողամիտ հայացքը:
Փորձառու ցլամարտիկի ինքնավստահ քայլվածքով Գեղամը փողոց դուրս եկավ: Այդ ժամին, սովորաբար, փողոցում շատ մարդ էր լինում, բայց այդ օրը միայն պլանքաշների խումբն էր ու Կարենը, և Գեղամը, որ հավանաբար իր փողոց մտնելն ավելի հանդիսավոր էր պատկերացրել, մի քիչ շփոթվեց ու ձեռքը գրպանը խոթելով` ծխախոտի տուփը դուրս հանեց: Ծխախոտ վառեց, ծուխը ներս քաշեց և դուրս փչելիս արդեն վերգտել էր քիչ առաջվա ինքնավստահությունը: Ուրիշ ժամանակ Գեղամը կսպասեր, որ Վլեենց պատի տակ ուռող տղամարդիկ իրենք ձայն տան, մոտ կանչեն, բայց հիմա ինքը քայլեց դեպի նրանց խումբը:
–Մեղրամիսդ պրծա՞վ, ապա՜ր, էս հո մեղրամիս չէր, մեղրաշաբաթ էր, – ասաց մեծ գլխով ու դուրս պրծած աչքերով Գոնչը, և խումբը ծիծաղեց:
–Արի, արի, ցուլի՜կ, արի տես` քեզ ոնց ենք կթու կով սարքում, – արդեն ցածրաձայն, միայն խմբի համար ասաց կարճահասակ Բոյը, որ թեև Գյուղինստիտուտն էր ավարտել, երրորդ մասի շուկայում միս էր ծախում:
Խումբը պլանքաշի վարակիչ ծիծաղով ծիծաղեց, և Գեղամը հասկացավ, որ նրանց մոտենալը սխալ էր: Ետ դառնալ էլ չէր կարող, ստիպված ժպիտը երեսին մոտեցավ նրանց ու աշխույժ բարևեց, իբր` չեմ նեղանում, ձեր կայֆը հասկանում ու հարգում եմ:
Կարենը նայում էր նրանց և Գեղամի դեմքի արտահայտությունից, Գոնչի ու Բոյի լկտի ծիծաղից հասկանում էր, որ Կատյայի մասին են խոսում: Գեղամը ծխախոտ ծխախոտի ետևից էր վառում: Մեջքի ետեևում պահված ձեռքի նյարդային շարժումները Կարենին էին փոխանցվում: Ձեռքի մատները մեկ ետևի գրպանի մեջ էին խրվում, մեկ` ափի հետ էին անհանգիստ շփվում, մեկ էլ` բռունցքվում էին, և այդ պահին Կարենին թվում էր, որ Գեղամը մեջքի հետևից անակնկալ հարվածելու է, բայց թուլանում էին մատները, և Գեղամը գլխով համաձայնության նշաններ էր անում:
Խումբը քայլեց Գեղամենց տուն: Վլեն, Գազանը և Գոնչը առջևից էին գնում, իսկ Բոյն ու Գեղամը հետևից: Բոյը թևանցուկ էր արել Գեղամին ու դեռ շարունակում էր նրա ականջին կաթեցնել.
–Ախպեր, մենք սովետական սոցիալիստական երկրում ենք ապրում, ուր ամեն ինչ հանրային ա, նույնիսկ կինը, իսկ դու կուլակություն ես անում, մենատնտես ես ուզում լինես: Մի ժամանակ քո նմաններին աքսորում կամ գնդակահարում էին…

Վլեն ու Գեղամը ճարճատյունով վառվող խորովածի կրակի մոտ, կրակի վրա դրված սմբուկի, լոլիկի պղպեղի շշերին էին հետևում, Բոյն ու Գեղամը, շենքի մոտ պպզած, բաց դռան լուսավորության տակ միսն էին շամփրում, իսկ Գոնչը Վլեենց բաղչից քաղված պլանը նախօրոք դատարկված ծխախոտի գլանակների մեջ էր լցնում: Կիրակի էր, ու միայն իրենք իրենցով էին: Կատյայի կոլեկտիվացումից հետո կողքի թաղերից ընկեր–տղաներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ էին եկել: Անվճար, ձյան պես ճերմակ մարմնով ռուս կինը շատերին էր Գեղամի տուն բերել` կաթնակեր լակոտներից մինչև խոպանի կարոտախտով տառապող ծերունիներ: Մի մասին խոսքով, մի մասին էլ` ծեծով հասկացրել, հետ էին ուղարկել, բայց բոլորին չէին կարողացել մերժել: Թույլտվություն ստացածների ցուցակը կազմել ու հերթ էին սահմանել, բայց որոշել էին, որ շաբաթ և կիրակի օրերը միայն իրենցն են:
Խորովածի պատրաստություն տեսնող տղամարդկանց տեսադաշտից դուրս` թզենու հետևում թաքնված Արայիկն ու Կարենը նայում էին կողքի սենյակում լողացող Կատյային: Գեղամի տունը փողոցում այն հատուկենտ տներից էր, որ գազաֆիկացված չէր, և Կատյան նախօրոք տաքացրած ջրով էր լողանում: Լայն, թիթեղյա տաշտի մեջ կանգնած` մի ձեռքով կաթսայից ջուր էր վերցնում ու վրան լցնում, մյուսով օճառված մարմինն էր տրորում: Հետո նորից օճառում էր մարմինը` վիզը, կրծքերը, հետույքը… Մի քանի օրում հասունացած, անմազ, բայց արդեն պզուկոտ երեսը թրաշելիս մի քանի տեղ կտրտած Արայիկը շալվարն իջեցրել, բանը դուրս էր հանել ու խաղում էր հետը:
–Մի՜ արա էդ բանը, քեզ ասում եմ` մի՜ արա, թե չէ ծեծ ես ուտելու, – սպառնաց Կարենը:
Արայիկը չուզե՞ց, թե՞ չհամարձակվեց պատասխանել, բայց տեղից չշարժվեց, չփախավ: Նախկինում ինչքան կռվել էին, միշտ առաջինը Կարենն էր խփել, և նա վազելով փախել էր, բայց հիմա տղամարդու պես դիմանում էր ու տեղից չէր շարժվում: Բեղի ու պզուկների հետ նրա համարձակությունն էր էլ աճել: Ոչ թե խփելու, այլ վախեցնելու համար Կարենը գետնից քար վերցրեց: Արայիկը նկատեց դա, բայց նրա կողմը չնայեց, միայն նստած տեղը մի փոքր կծկվեց:
–Կատյա, Կատինկա, իդի զդես, – լսվեց Վլեի ձայնը:
–Սիչաս, – իր հետ օժիտ բերած սրբիչով սրբվելով ասաց Կատյան:
Կատյան անջատեց սենյակի լույսը և մթի մեջ կորավ: Արայիկը խորովածի կրակի շուրջ խմբված տղամարդկանց կողմը նայեց: Դռնից դուրս եկավ սրբիչով փաթաթված Կատյան և կրակի մոտ խմող տղամարդկանց մոտենալով` վերցրեց Գոնչի պարզած լիքը բաժակը: Կարենն Արայիկի գլխավերևում կանգնած նայում էր իր բռի միջից դուրս եկած քարի սուր ծայրին և իրեն պարտված էր զգում: Ուզում էր խփել Արայիկին, բայց հասկանում էր, որ ծեծի էլ` նա այդտեղից չի գնալու: Կարենը քարը գցեց և հեռացավ:    Կատյայի սենյակի բաց պատուհանից Արայիկի նվիրած օծանելիքի հոտն էր գալիս: Կարենը Արայիկի նվեր տալը տեսել էր: Կատյային հետևելիս էր եղել, երբ Արայիկը եկել էր պատուհանի մոտ, Կատյային կանչել ու օծանելիքի տուփը նրան էր տվել: Կատյան ուրախ ժպտացել ու համբուրել էր Արայիկին: Դրանից առուծախի հոտ էր գալիս, բայց Կարենը նորից ցանկացել էր ծեծել նրան, բայց հիշել էր, թե ոնց էր ինքը իրենց դասարանի Աննային հնդկական ֆիլմերի կինոաստղերի նկարները տալիս` նրա կրծքերին ձեռք տալու համար, ու իրեն վատ էր զգացել: Հիմա ինքն էր Կատյայի պատուհանի մոտ: Դռնով հարմար չէր, կողքի սենյակում կարող է մարդ լիներ, և այդ պատճառով որոշել էր պատուհանով մտնել, բայց նայում էր մահճակալին աչքերը փակ պառկած Կատյային, ծխում էր ու չէր համարձակվում ներս մտնել: Կատյան աչքերը բացեց ու տեսավ պատուհանի մոտ կանգնած Կարենին: Հայհոյեց ու ձեռքի տակ ընկած կոշիկը Կարենի վրա շպրտեց: Կոշիկը պատուհանի փեղկին դիպավ, ու ապակին փշրվեց: Կարենը հեռացավ պատուհանի մոտից:

Ամբողջ թաղը ծխի մեջ կորել էր, Վլեի պլանի պլանտացիան էր վառվում: Վլեն տանը չէր, և նրա մայրն ու կինը պլանի քոլերը արմատից հանել, մի քանի ժամ արևի տակ թողել էին ու չորացած պլանը վառում էին: Թաղի պլանքաշ տղամարդիկ ծխի վրա եկել, Վլեենց տան մոտ հավաքվել ու դարպասն էին թակում, բայց կինը դուռը չէր բացում: Լացները գալիս էր: Այդ տարվա ամբողջ բերքը վառվում էր, իսկ իրենք ոչինչ չէին կարող անել: Այդ տարին սովի տարի էր լինելու, դաժան և անուրախ ձմեռ էր սպասվում:
Կատյայի գալուց հետո թաղի կյանքը փոխվել էր: Մինչ լուսաբաց Գեղամի տնից քեֆ–ուրախության ձայներ էին գալիս, տղամարդիկ տուն չէին գնում, կանայք սպառնում էին բաժանվել, ու մի երկուսն էլ արդեն հայրենադարձ էին եղել: Գեղամին քաղմաս էին կանչել ու զգուշացրել էին, որ էլ մարդկանց հանգիստը չխանգարի: Փողի կորուստը հայտնաբերած Արայիկի ծնողները Կատյային նվիրած օծանելիքի փողն էին Գեղամից ուզում: Փողոցի ծայրում ամեն օր արյունոտ կռիվներ էին լինում: Վերջին կռվի ժամանակ էլ Կատյայի մոտ մտնելու ցուցակի հերթը խախտելու համար ընկերն ընկերոջը ծակել էր: Ոստիկանները փողոց էին լցվել, թաղի սև ցուցակում գտնվող բոլոր տղամարդկանց տարել ու ամբողջ գիշեր ծեծել էին: Կատյային էլ չէին կարող Գեղամի տանը պահել, ու Գոնչը ելքը գտել էր:
Գոնչը, Վլեն, Գազանը, Կատյան ու վերջին պահին մեքենան խցկված Կարենը Գազանի կապույտ “Մոսկվիչով” գնում էին Հոկտեմբերյան: Առջևում նստած Գոնչն ու Գազանը Գազանի սիրած զբաղմունքից` ձկնորսությունից էին խոսում, իսկ մյուսները լուռ էին: Վլեն ու Կատյան խմած էին և աչքները փակ ննջում էին:
–Տի զնայի՞շ մի կուդա եդիմ, մի եդիմ վ Օկտեմբերյան, տիբյա ադդադիմ, պլան վազմյոմ, ի մի ույեդիմ, – Հոկտեմբերյանի մոտ արթնացավ ու ասաց Վլեն:
Կատյան պատուհանից անտարբեր դուրս էր նայում ու Վլեի ասածին ոչ մի կերպ չարձագանքեց:
Կատյային պլանի հետ փոխել ու հետ էին եկել: Գազանի մեքենայի մեջ խմում էին: Թաց աչքերով, աչքի տակը կապտած Կարենը մեքենայից իջավ ու տուն քայլեց: Իրենց տան մոտ պպզած Գեղամը Կարենին տեսավ ու գլուխը կախեց: Կարենը մոտեցավ նրան ու ապտակեց: Գեղամը լուռ տարավ ապտակը:

Գիշերը հարբած Գեղամը սուր, մորթ անելու դանակը վերցրել, դուրս էր եկել փողոց և գոռալով ու հայհոյելով Կատյայի հետ եղած թաղի տղամարդկանց դուրս էր կանչում, բայց ոչ ոք դուրս չէր գալիս:
Մի շաբաթ անց Կատյան վերադարձավ: Սեքսի ժամանակ սրտից թույլ բառիգը մահացել էր, և Կատյան նորից Շենգավիթ էր եկել: Կատյայի հետ քնած թաղի տղամարդիկ որոշեցին նրան տուն` Ռուսաստան ուղարկել և դրա համար հանգանակություն արեցին:
Հայաստանում Կատյայի վերջին գիշերն էր: Առավոտյան նրան գնացքով ճանապարհելու էին: Կատյան ոչ մեկին ներս չէր թողել և ասել էր, որ ինքը կընտրի իր հետ վերջին գիշերն անցկացնողին: Տղամարդիկ Գեղամի տան առաջ կանգնել, սպասում էին, որ Կատյան դուրս գա ու ընտրություն կատարի: Վերջապես Կատյան տանից դուրս եկավ: Գեղամը վստահ էր, որ իրեն էր ընտրելու, մոտեցավ նրան, բայց Կատյան քայլեց դեպի Կարենը, բռնեց նրա ձեռքից ու իր հետ տուն տարավ: Մահճակալի մոտ կանգնեցին: Պատուհանից եկող քամին զովացնում էր Կարենի քրտնած մեջքը: Կատյան բառիգի տնից իր հետ բերած ծաղկավոր շրջազգեստը հանեց և մերկացավ: Կարենը նայում էր լուսնի լույսով լուսավորված Կատյային և ուզում էր փախչել: Ոչ Կատյային գրկելու, ոչ էլ փախչելու համար ուժ չէր գտնում: Կատյան մոտեցավ նրան և դեմքը, վիզը համբուրելով` սկսեց նրա վերնաշապիկի կոճակներն արձակել: Հետո հանեց կոշիկները, շալվարը, գուլպաները, վարտիքը, լրիվ մերկացրեց Կարենին: Նրա ձեռքից բռնելով մահճակալի մոտ տարավ, պառկեց ու ձեռքից քաշելով` նրան իր վրա պառկեցրեց: Ամոթից Կարենի լացը գալիս էր: Նրա առատ սերմնահեղուկը ծորում էր Կատյայի ոտքի ու փորի վրայով: Կատյան պինդ գրկեց Կարենին, և նրանք իրար փաթաթված քնեցին:
Կատյայի գնալուց հետո Գեղամն անդադար խմում էր և խմելիս էլ առիթը բաց չէր թողնում Կարենին ծեծելու համար: Այդ օրը, երբ Վլեն, Գոնչը, Բոյը, Գազանը, Գեղամն ու Կարենը ծաղկած բալենու տակ խմում էին, Կարենի դեմքի վրա դեռ նշմարվում էին վերջին ծեծի կապտուկները: Թաղի տղամարդիկ Գեղամի հետ լրջորեն խոսել էին, սպառնացել, որ եթե մեկ էլ Կարենի վրա ձեռք բարձրացնի, իրենք էլ նրան են ծեծելու: Կարենին ու Գեղամին ստիպել էին ձեռք ձեռքի տալ և որոշել էին նշել նրանց հաշտությունը: Բալենու տակ նստած խմում էին և բալենուց Կատյայի հոտն էին առնում: Լիտրերով խմում էին ու չէին հարբում, և որքան խմում, այնքան ավելի սուր էին զգում Կատյայի հոտը: Ամեն ինչ նրան էր հիշեցնում` տունը, այգին, պատի մոտ ընկած Կատյայի լողանալու տաշտը, որով նա նաև ջրում էր բալենին… Սրբիչը Կատյան տարել էր իր հետ:

© Համբարձում Համբարձումյան, 2004

Share Button

32 Կարծիք

  • ամենազիլը կատյային պլանի հետ փոխելն էր:O))) լավն էր, Համիկ ջան, շատ անուշ էր… սաղս էլ կատյա ենք իտոգում սաղիս էլ մի բանի հետ փոխում են, ու սաղիս էլ կարոտում ու հոտներս չեն մոռանում… տղա, աղջիկ, հաշիվ չի… խոհափիլսոփայական էր…

  • anna barseghyan says:

    shat tpavorich er…kdjvaranam voreve verlucutyun anel hima,vorovhetev shat azdvac em,uxxaki kkisem zgacmunqners vorqanov hnaravor e.Amboxj marmnovs zgaci es patmvacq@` fiziologiakan hakazdumneri astichan(arag srtxpoc,dox ev ayln).Karcum em xosq@ miayn poxanakelu u karoti masin che,aveli xor@ ban e estex shoshapvum,vor@ djvar e barerov meknel.Parz er u shat azdecik….shat,shat,shat lavn er.Shnorhakalutyun!!!!!!!!

  • Կարեն Անտաշյան says:

    Հիշեցնեմ, որ Համբարձում Համբարձումյանը 2007 թվականին իր “Կատյան” պատմվածքի եւ “Վերադարձ” վիպակի համար նախագահի երիտասարդական մրցանակ է ստացել:

  • օհ_Արմեն_օհ says:

    Նրա առատ սերմնահեղուկը ծորում էր Կատյայի ոտքի ու փորի վրայով…Նախագահի մրցանակ 2007

  • Arqmenik Nikoghosyan says:

    Թումանյանի տողերում
    Կա և “Էս”, և “էն”,
    Բայց դու իզուր ես սրում
    Ատամներդ, քե’ն…
    Վահան ՏԵՐՅԱՆ

    Հա, հենց Նախագահի մրցանակ 2007: Ուրիշ բան ունես ասելու: Թե սովոր ես նման բաները մտապատկերներումդ տեսնել անընդհատ ու ամենուր, ու վախեցար, որ ուրիշներն հանկարծ պատմում են էդ մասին: Քո’ մասին:

  • tatev says:

    Հզոր համեմատություն էր……. Իսկ դուք, Արմեն, մի կարևոր բան պիտի նկատած լինեիք` այսօր մի ահավոր պայքար է, մրցավազք. Ով կարող է ավելի հզոր պոռնո գրել` լավ, թե վատ, կապ չունի, կարևորը լկտի, մարմնական, տեսարանները շատ լինեն` իրենց բոլոր հետևանքներով, չմոռանանք նաև բառերի ընտրությունը` հնարավորինս անցենզուր, նաև հաjհոյանքներ: Գլուխջարդոց է. լավ, մեծ, հնարավորինս….պոռնո…. Դե, եթե մոդա է, ուրեմն պիտի ունենա հետևորդներ, նաև մրցանակներ. Էնպես որ ես հեչ էլ չեմ զարմանում, նորմալ է: Ես զարմացա, որ Պաչյանը մրցանակ տարավ, ապշել էի ուղղակի, որ այսօր գնահատվում է լուսավոր ու ճշմարիտ գրականությունը…. ոնց հասկացա, ինքն էլ էր զարմացել…))))))

  • Arqmenik Nikoghosyan says:

    Տաթևին ասեմ, որ Արամ Պաչյանին ՀՀ Նախագահի մրցանակ շնորհող հանձնաժողովի կազմում նաև ես եմ եղել, ու մեծապես նպաստել եմ, որ նա արժանիորեն ստանա այդ մրցանակը: Ուստի` խորհուրդ կտայի ինքնաբավ պոռնոն չխառնեն գեղագիտական նպատակ հետապնդող պատկերների հետ: Մարդ եղեք, էլի: Էդ ձեր տգիտությունն եք ի ցույց դնում, երբ հոգեբանություն բացահայտող թեկուզև էրոտիկ-պոռնո պատկերները շփոթում եք ընդհանրապես պոռնոյի հետ: Մի քիչ գիրք կարդացեք, էլի, մի քիչ մեծացեք, էլի, մի քիչ զարգացեք, էլի, մի քիչ հասկացեք, որ եթե պոռնոն չի կարող բարձր գրականություն լինել (գրականությունը գեղագիտություն է ամենից առաջ), ապա այն պոռնոն, որը գեղագիտություն է հետապնդում, ընդունելի է… ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: Իսկ եթե էդ բարձր արժեքից հեռու եք, գոնե մի գրեք, էլի…

  • tatev says:

    )))))) Պարոն Արքեմնիկ Նիկողոսյան, մենք բազմիցս համոզվել ենք, որ դուք հայ գրականության պատմության ամենահզոր գրաքննադատն եք, բայց ձեր բարձունքներից երբեմն թույլ տվեք մեզ` հասարակ մահկանացուներիս էլ կարծիք հայտնել…. Ձեր գիտուն մտքերին էլ ենք ծանոթ……… և չափավորեք ձեր արտահայտությունները, քանզի զրուցում եք մարդու հետ, և եթե վերջինիս մտքերը չեն համընկնում ձեր իմաստուն գաղափարներին, դա չի նշանակում, որ նա տգետ է…… Ծիծաղելի է պարզապես ձեզ նման ընթերցասերից լսել էսպիսի անպատասխանատու վիրավորանքներ, քանի որ ընթերցանությունը, կարծեմ, քաղաքավարություն և մարդկանց նկատմամբ որոշակի վերաբերմունք է սովորեցնում……………

  • Arqmenik Nikoghosyan says:

    Հարգարժան Տաթև, ես չեմ վիրավորել ու նման միտում էլ չեմ ունեցել, հատկապես քեզ: Ես երևույթ եմ արձանագրում պարզապես, ու եթե նկատել ես`ընդհանուր եմ դիմում, ոչ թե անձամբ քեզ: Քո գրածը առիթ էր ուղղակի, մանավանդ որ` գալիս էր ձայնակցելու oh_ Արմեն_oh-ի (չգիտեմ` այդ օհ-երը ինչ ընդգրկման հոգոցների ցուցիչ են) ասածներին: Տաթև ջան, ախր էնքաաաաան չեմ ուզում լավ գրականության մասին ճիշտ չընկալված դատողություններ լսել ու կարդալ: Իսկ քո կատարած ընդհանրացումները պոռնոյի ու արդի հայ գրականության հետ կապված, կներես, բայց ուրիշ դաշտից էին: Պետք է սովորենք բուն գրական ընթացքը տարբերել լուսանցքային իրողություններից: Բուն գրական ընթացքի մեջ էդ քո ասած մրցավազքը չկա, դա ուրիշ տեղ է, ու իսկապես կասկածելի է` դա գրականություն է, թե չէ: Բարձր գրականությունը (իսկ “Կատյան” այդ մակարդակի պատմվածք է) մրցավազքի մեջ մտնում է միմիայն որդեգրելով ԲԱՐՁՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ: Մնացածը, այդ թվում պոռնոն, մասնավորություններ են: Էսքան բան: Հուսամ` վիրավորվելու առիթ այս անգամ էլ չտվեցի:

  • tatev says:

    Շատ շնորհակալ եմ, որ հասկացանք իրար: Գրականությունը սեր ե, արվեստ, գեղագիտություն, և կարծում եմ, որքան էլ տարակարծությունների տեղիք տա, արդյունքը պետք է սերը լինի: Մի կարծեք, թե ես ձեզ չեմ հասկանում: Պարզապես մենք տարբեր ընկալումներ ունենք այս հարցի վերաբերյալ: Ոնց հասկացա, դուք կարևորում եք գեղարվեստականությունը` անկախ արտաքին ձևից: Ես էդպես չեմ մտածում. բացատրեմ` ինչու. կան տեսարաններ ու բառեր, որոնք բթացնում են ընկալման այն համակարգը, որով գեղարվեստ ենք ընկալում: Այդ համակարգը իր տեղը զիջում է մարմնական որոշ զգացողություններ ունենալուն, որոնք, ճիշտ է, մեզ` բոլորիս համար բնական են, բայց, եկեք խոստովանենք, որ գեղարվեստական չեն: Սա, պարզապես իմ անձնական կարծիքն է: Մի բան էլ ավելացնեմ. Եկեք հետ նայենք մեր գրականությանը: Այն ինչ մենք կարդում ենք հայհոյանքներով, նրանք ասել են գեղեցիկ, գրական, ականջալուր բառերով, և գաղտնիք չէ, որ շատ ավելի լավ են ասել: Սրանից հետևություն, որ պատկերի սրություն և տպավորություն ստեղծելու համար ոչ թե բառեր են պետք այլ գրողի ձիրք, տաղանդ…. Եկեք չարհամարհենք մենք ականջներին, դրանք, ինչպես գեղագիտություն ընկալելու մեր համակարգը, իրենց պահանջներն ունեն:

  • Arqmenik Nikoghosyan says:

    Հասանք բառերին, հա? Մինչ այս “Կատյան” քննադատվում էր պոռնո պատկերների համար, նույնիսկ մի նախադասություն էլ մեջբերվեց պատմվածքից` հեգնական վերաբերմունքով: Այ, եթե բառերից սկսեիք, կհասկանային ձեզ անմիջապես, որովհետև ես էլ մեծ կարևորություն եմ տալիս բառերին ու լեզվին ընդհանրապես: Բայց պարադոքսն էլ հենց այն է, որ Համբարձումի պատմվածքում այսպես ասած` պոռնո բառեր չկան: Եթե սերմնահեղուկը գրական բառ չէ, ապա լեզվական որ շերտին է պատկանում?
    Մյուս կողմից` Տաթև, շատ լավ հիշեցում ես անում` անցյալի մեր գրականությունը: Ընդամենը մի բան ասեմ` եթե “Կատյան” քննադատվում էր զուտ պոռնո պատկերների տեսանկյունից, ապա այդ կերպ ընկալված պոռնո պատկերների առումով Համբարձումի պատմվածքը Դանիել Վարուժանի որոշ բանաստեղծությունների մոտ ուղղակի անմեղություն է: Բա: Այսինքն` եկանք հասանք իմ ասածին, կրկնեմ` ԲԱՐՁՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԻՆ. մնացածը մասնավորություններ են: Ընդամենը: Լավ ընթերցողը կկողմնորոշվի:

  • Նառա says:

    Տատթև` Եկեք հետ նայենք մեր գրականությանը….

    Եկեք առաջ նայենք մեր գրականությանը…

  • tatev says:

    Լսեք, Արքեմնիկ, ես ոչինչ էլ չեմ քննադատում, ես չեմ սիրում ու չեմ ընդունում գեղարվեստական `ձեր նշած չափանիշը, այս գործում այն ինձ համար գոյություն չունի. Այստեղ մի չափանիշ կա` մի խումբ գրգռված տղաների պատմություն, ուրիշ ոչինչ….. Ինչ վերաբերում է Վարուժանին, նաև Չարենցին, եկեք հանգիստ թողնենք այդ եզակի դեպքերը, լավ… Այն ինչ հիմա է կատարվում, մի աննշան չափով կապ չունի անցյալում կատարվածի հետ… Իսկ բառերը, նաև տեսարանները, նաև գաղափարը………… Բայց լիովին համամիտ եմ ձեր ամենավերջին մտքի հետ….. վերջիվերջո Ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում…

  • tatev says:

    Նառա ջան, թեկուզ հենց մասնագիտության բերումով ես շատ հաճախ եմ հետ ու առաջ նայում, տեսնում եմ Պաչյանին, Սևադա Գրիգորյանին ու շատ-շատերին, ու խնդրում եմ եկեք առաջադումություն չխաղանք, եկեք անկեղծ լինենք. ես հետամնաց պահպանողական չեմ, վառ օրինակ` վերևում նշածս անուննեըը: Շատ շնորհակալ եմ քննարկման համար, բոլորիդ կարծիքներն էլ հետաքրքիր էին:

  • tatev says:

    Արքմենիկ, ձեր ներողամտությունն եմ հայցում երկու անգամ, լրիվ պատահականորեն ձեր անունը սխալ գրելու համար:

  • Նորայր says:

    Արքմենիկ չեմ կարծում, որ Դանիել Վարուժանի ու Համբարձում Համբարձումյանի գրական ստեղծագործությունները համեմատելը ճիշտ է: Ամեն դեպքում լավն էր պատմվածքը, չեմ կարծում ու հավատում եմ, որ մարդիկ “էսպես” են գրում ոչ թե ընթերցող գրավելու, այլ սեփական գեղագիտական ընկալումները ու մոտեցումները ազատ դրսևորելու համար:

  • շատ լավ պատմվածք էր…ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու եք այս պատմվածքը համեմատում Վարուժանի բանաստեղծությունների հետ…նա իր տեղն ունի, սա` իր, մի համեմատեք անհամեմատելին…սա շատ լավ ժամանակակից ու ռեալիստական պատմվածք է` լիքը ասելիքով ու երևակայական պատկերներով…մի բան էլ ասեմ, թող հանկարծ աղջիկները չնեղանան` էս պատմվածքը ԼՐԻՎ ընկալելու համար պետք է տղա լինել :-))))

  • Arqmenik Nikoghosyan says:

    Որևէ բան մեկնաբանելիս մի քիչ ուշադիր կարդացեք այն, ինչ գրել են ու կտեսնեք, որ Վարուժանն ու Համբարձումն իրար հետ չեն համեմատվել: Համեմատվել են երևույթներ: Ու ես ինչ առիթով եմ դա ասել, դուք ինչ առիթով եք ասում: Էնպես որ, կներեք, բայց ձեր խորհուրդները ձեզ պահեք: Շնորհակալություն:

  • Արքմենիկ,ես ոչ մեկին ոչինչ խորհուրդ չեմ տվել, /եթե իհարկե ինձ էլ նկատի ունես քո մեկնաբանությունում:/
    “Համբարձումի պատմվածքը Դանիել Վարուժանի որոշ բանաստեղծությունների մոտ ուղղակի անմեղություն է” էս նախադասությունում, կներես բայց Բառացի ու Կոնկրետ համեմատություն ա գնում, բայց եթե ասում ես որ երևույթ ես համեմատել, թող տենց լինի…չնայած երևույթները առօրյայում կոնկրետ օրինակներով են աշխատում, տվյալ դեպքում` երկու գրողներով….

  • Նորայր says:

    Արքմենիկ ես ձեզ խորհուրդ տալու իրավունք չունեմ: Ես պարզ գրել եմ Դանիել Վարուժանի ու Համբարձում Համբարձումյանի գրական ստեղծագործությունները համեմատելը ճիշտ չէ: Թե դուք երևույթը ստեղծագործության միջից առանձին եք դիտարկում, այդ դեպքում Վարուժանն ինչ կապ ուներ?: Անունս ել գրի, որ իմանամ ինձ ա ուղղված գրածդ: Շնորհակալություն:

  • Նորայր says:

    Արա ջան ինձ էր ուղղված, երևի :Ճ

  • Նորայր ջան ես համենայն դեպս “պաշտպանվեցի”, քանի որ անուն նշված չէր

  • Arqmenik Nikoghosyan says:

    Արա ջան և Նորայր ջան, ես իրականում մեկնաբանել էի Տաթևի ու Արմենի մատնանշած պոռնո պատկեր երևույթը: Նրանց ընկալմամբ դա միայն ու միայն ինքնանպատակ բան է: Այնինչ` ես Վարուժանի օրինակը բերելով ուզեցել եմ ցույց տալ, որ դրա գեղագիտական մեկնաբանությունը չի կարող ինքնանպատակ լինել: Այլ կերպ ասած` Վարուժանի օգնությանն եմ դիմել, որպեսզի օրինակս պարզ լինի: Իսկ դուք դա հասկացել էիք իբրև մեկնաբանություն: Մյուս կողմից` եթե երևույթը լավ է մեկնաբանված երկուսի մոտ էլ, ինչու չհամեմատել, որ?

  • Նորայր says:

    Արքմենիկ ջան գեղագիտական մեկնաբանության նպատակը ինքնանպատակ չի կարող լինել զուտ են պարզ պատճառով, քանի որ դա ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ է, այսինքն չի կարող ՏԻԵԶԵՐՔԻ մասին ինքնանպատակ մեկնաբանություն լինել, չգիտեմ էլ ոնց օրինակս աբերեմ, որ բոլորը հասկանան: Կաևորը էն ա, որ ես պատմվածքը միչև վերջ կարդացել եմ, ուրեմն լավն է:

  • sevacher says:

    Patmvactqn entrcterctelis anaseli aprumneri mech enka… shat azdectik er, tpavorich…inch vor tegh inz vorpes “katia” zgacti… u amotict sirts qich mnar payter…(((( isk vor amenaglkhavorn e, shat guneg er patmvact hatkapes hay tghamardu – knoch handep unectact vayrag u anhagurd serayain ctaravn, vorn viravorakan u grehik kerparanqov haytnvum e entrectoghi achqeri archev… sirts khoctotvact e nman anhargalict tesarannerict, vorn est is, nayev irakan u erevutakan e aysorva Hayastanum,

    Inch asem, ctavoq, hay tghamardkanct 90% -i mtactelakerpn mnum e anpopokh knoch handep… nra mech tesnelov miyan iren anhrajesht “serain gorctiq” – ir “fizikakan marmnamarzutian” hamar…shat ctaitun er hatkapes hay tghamardkanct “xmebakayin” bnutagrern, vorn aroreakan linelov, nayev soctialan akhti pes mi ban e…

    Heghinakn ch’er zlactel pahpanel aysorva hay irakanutian khoselazevn, vorn aveli azdectik er darctnum patmvactqn. Shnorhakalutiun, yev ke spaseqn nor grakan gorcteri

  • tatev says:

    Ահա, թե ինչ, փաստորեն էս պատմվածքից հետո պարզ դարձավ, որ հայ տղամարդկանց 90 տոկոսը էնպիսին է, ինչպիսին նշված է պատմվածքում???? Տխուր է շատ. ես այլ կերպ եմ պատկերացնում հայ տղամարդուն, գուցե դրա համար այս պատմվածքը ինձ դուր չեկավ……….

  • 90 չէ, բայց մի 60, մաքսիմում 70 տոկոսը հա :-)))

  • դե կյանքը կյանք ա, նույնիսկ երրորդ մասում կամ չարբախում 🙂

  • Համբարձում says:

    Տաթեւ ուրախ եմ, որ քեզ չեն քցել ու դու տղամարդկանց մասին լավ կարծիք ունես: Դու ասում ես գրականությունը սեր ա, իսկ եթե այդ տղամարդիկ չեն կարողանում սիրել քո իմացած սիրով, ինչ ա նրանք արժանի չեն, որ նրանց մասին պատմվի: Համոզված եմ երբ հետաքրքիր ֆիլմ եք նայում ու այնտեղ անկողնային տեսարան եք տեսնում ալիքը չեք փոխում, դրանից ֆիլմի արժեքը չի ընկնում: Ասեք, որ ձեզ թեման հետաքրքիր չի, որ պատմվածքի լեզուն լավը չի, որ հերոսները ձեր սրտով չեն եւ ես կհասկանամ դա, բայց պատվածքին, որ առաջին հայացքից հայկական թրաֆիքինգի մի դեպքի նկարագրություն է, իսկ խորքում կիսատ սիրո ու էլի շատ բաների մասին է պոռնո մի անվանեք:

  • tatev says:

    Սիրելի Համբարձում և մնացյալք, հազար անգամ ներողություն եմ հայտնում, որ կարծիքս հայտնեցի, միայն կարծիք հայտնեցի էս գործի մասին, ես կարդացել եմ ձեր մի ուրիշ գործ և այն ինձ շատ դուր է եկել, այս մեկը չի եկել, եթե մեղավոր եմ մի անգամ ևս ներեցեք խնդրում եմ, ես մտածել էի, որ էջի այս հատվածը կարծիք գրելու համար է…

  • Համբարձում says:

    Սիրելի Տաթև դուք ազատ եք ձեր կածիքը հայտնել և ես ներողություն եմ խնդրում իմ նախորդ գրածի համար:

  • Արմեն Օհանյան says:

    🙂 Էսօր Արքմոն հիշեցրեց, թե 2010-ին իբր ես էլ պակաս «հետադեմ» չէի, մտածեցի՝ մարդ ես, մեկ էլ տեսար, 10 տարի է անցել, փոխվել կա, հետո հստակ հիշեցի ուրախությունս, հիշեցի ոգևորությունս, որ հենց էս տողի համար արժեր Նախագահի մրցանակ տալ, իսկ ամենատխուրն էն է, որ էն գլխից մեկնաբանություններում մարդու գրածը գլխիվայր շուռ տալն ադաթ է եղել, առանց երկխոսելու, առանց գրածիդ իմաստը ճշտելու վրա տալն էլ՝ վրադիր, մեկ էլ էն, որ միշտ հակափաստարկը խիստ անձնավորված ա՝ «բա դու ո՞վ ես»-ի տրամաբանությամբ 🙂 Չնայած Արքոն իր դիրքից ճիշտ ա, էն ժամանակ ինձ անձամբ չգիտեր, թարս ա հասկացել, ես էլ գլուխ չեմ դրել, իմացողներն էլ հո գիտեն, որ հազար այիբ ունեմ, բայց կեղծ բարեպաշտությամբ առանձնապես երբեք էլ չեմ տառապել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *