Անուշ Մարգարյան | Կրակայրիչը գտնում է իր նախնիներին

Հետախույզի շքանշան ստանալուց հետո Կրակայրիչը որոշեց լրջանալ ու հին սխալները չգործել: Դե քանի որ լրջացել էր, սկզբում հարգալից հրաժեշտ տվեց ծերուկ Ծխախոտին: Ամեն ինչ քաղաքավարի էր ու առողջարար: Բայց հետո կրակը գլուխը գցեց ու ամեն գնով որոշեց գնալ ու գտնել իր հարազատ նախնիներին: Շարունակ փորփրեց խելացի համակարգիչը ու աչքը սահեցրեց հավանական նախնիների վրայով՝ ռնգեղջյուրներ, ցամաքային խխունջներ, հնդկահավեր, այս մեկն էլ չէ՝ դինոզավրեր:
– Վերջապե՜ս,- ուրախ բացականչոցով կրակվեց հետախույզը ու հպարտացավ իր հսկա նախահայրով: Չէ որ նրան միանգամից ճանաչեց արձակած հարազատ կրակից: Որքան էլ զարմանալի թվա՝ համակարգչի գտածոն Չինաստանի Գուանդուն նահանգի բնակիչ էր և միակ դինոզավրն էր, որ երախից կրակ է արձակում: Հետո շարունակեց կարդալ ու ավելի շատ հպարտացավ: Բանից պարզվում է՝ դինոզավրերն ապրում են քարանձավում, որովհետև դա ամենից ապահով ապաստարանն է նրանց համար: Էլ ի՞նչ էր մնում հետախույզ Կրակայրիչին: Ճանապարհի վառելիքն ու սնունդը տեղավորեց պողպատե ուսապարկում և ժպտալով ճամփա ընկավ դեպի Չինաստան, և հավատացեք՝ աշխարհում իրենից երջանիկ Կրակայրիչ չկար: Հետո նա այնքան թափառեց նահանգներում, մինչև գտավ թաքստոց-քարանձավը: Իսկ այնտեղ՝ քարանձավի մուտքի առաջ, կարմիր աչքով իրեն նայող լուսակրի հանդիպեց, ով կարգավորում էր քարանձավի երթևեկությունը: Կրակայրիչը մի քիչ շփոթվեց: Ախր ինքը, հայտնի հետախույզ է ու դինոզավրի ծոռնիկը: Ի՞նչ անենք, որ մի քիչ էլ կարճահասակ է: Եվ իր միամիտ հպարտությամբ կրակի ազդանշան ուղարկեց: Լուսակիրը մտքում մտածեց. «Ախր կույրն էլ կտեսնի, որ մկան չափ այս Կրակայրիչը դինոզավրի քաջություն ունի: Չէ, պետք է նրան կանաչ ճանապարհ մաղթել»: Այդպես էլ հավատաց նրան ու կանաչ աչքով ուղեկցեց դեպի քարանձավ: Սկզբում անսովոր մթություն էր, հետո կամաց-կամաց լուսավորվեց և միայն այդ պահին Կրակայրիչը նկատեց հսկա դինոզավրին ու քիչ էր մնում՝ զարմանքից ու շփոթմունքից հանգչեր: Նա հաստատ այդ պահին հիմարի տեսք ուներ: Բայց ախր իր կյանքում առաջին անգամ էր տեսնում կենդանի դինոզավր: Պատկերացնու՞մ եք, այդ հսկան, որ 2 տան բարձրություն ուներ, մի փոքրիկ ձվից էր ծնվել, ու քանի որ Կրակայրիչը շքանշանով հետախույզ էր, նրա տեսքից ենթադրեց, որ մարսողությունը լավ է, չնայած իր նման ժանգոտվող չէ, բայց արձակած կրակի բաղադրությունը նույնն է: Իսկ հետո, երբ դինոզավրը պատմեց , թե ինչու իր թաքստոցից դուրս չի գալիս, զարմանքն ու շփոթմունքը անհետացան և նույնիսկ փոքր ինչ բարկացավ: Պարզվում է, այնտեղ՝ քարանձավից հեռու, կենդանաբանական այգու ցմփոր տերերը, օր օրի գիրանում են, խեղճ ու նիհար կենդանիներին փակում են այգու նեղլիկ վանդակներում, այնքան նեղլիկ, որ չեն կարողանում անգամ իրենց պոչը շարժել: Երեք քայլ աջ, երեք քայլ ձախ ու ո՛չ մի հետաքրքիր ճամփորդություն, ո՛չ մի ընկեր: Պատկերացնու՞մ եք, նրանք տարիներով չեն վազվզում թաց խոտերին, ծառերին չեն մագլցում, երկինքը վանդակից գծավոր են տեսնում ու մոռացել են՝ ժպտալն ինչ է:
– Ու քանի դեռ կենդանաբանական այգու ցմփոր տերերը նեղ վանդակներում փակում են խեղճ կենդանիներին, ես քարանձավից դուրս եկողը չեմ: Իսկ եթե դուրս գամ, ես էլ կհայտնվեմ վանդակում:
Կրակայրիչը լսեց, լսեց ու բարկությունը չթաքցրած՝ կրակվեց:Դե մի քիչ երիտասարդ էր ու տաքարյուն: Իսկ հետո հասկացավ, որ քիչ առաջվա հսկա օտարականը արդեն իր բարեկամն էր և օգնության կարիք ուներ, ու որոշեց ամեն գնով պատժել չարագործին: Սկզբում մի-մի բաժակ վառելիք խմեցին, աշխուժացան ու կեսգիշերին մոտ ճամփա ընկան: Այնքան թափառեցին, մինչև գտան կենդանաբանական այգին: Դինոզավրը միանգամայն ճիշտ էր, ոչ ոք իր տեղում չէր: Փամփլիկ պոչավորները վանդակում էին, այգու ցմփոր տերերը՝ ազատության մեջ: Ա՜յ քեզ անարդարություն: Նրանք անցան զբոսայգու միջով, կոտրեցին այգու դարպասի դուռն ու ազատեցին բոլոր կենդանիներին: Վերջապես նրանք անձրևից հետո կվազվզեն թաց խոտերին, ծառերից պտուղ կքաղեն ու երկինքը կտեսնեն առանց վանդակավոր գծերի: Իսկ այգու ցմփոր տերերին, որ խորը քնի մեջ էին ու հավանաբար նոր չարագործություններ էին ծրագրում, փակեցին անպոչ կենդանիների վանդակում, որ մի քիչ նիհարեն ու խելքի գան:
Ահա այսպես երկու կրակայրիչ-դինոզավրեր իրար գտան,վերականգնեցին Գուանդունի արդարությունը և այլևս չբաժանվեցին: Ու թեև դինոզավրը իր մոր ձվից էր դուրս եկել, իսկ Կրակայրիչը՝ մայր գործարանից, բայց կարևորը նրանց երակներով նույն կրակն էր հոսում: Ու գիտե՞ք՝ մութ ժամանակ նա էլ քարանձավի պատերին դինոզավրի չափ ստվեր էր նկարում…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *