Էմի Հեմփել | Լոգարանի մեջ

Սիրտս․․․ Կարծեցի թե այն կանգ էր առել։ Այսպիսով՝ նստեցի մեքենաս և ուղևորվեցի Աստծու մոտ։ Անցա երկու եկեղեցիների մոտով, որոնց դիմաց մեքենաներ էին կայանված։ Կանգ առա երրորդի մոտ, որտեղ ոչ ոք մեքենա չէր կայանել։ Վաղ կեսօր էր՝ շաբաթվա կես։ Շարքերի կենտրոնում գտնվող նստարանն ընտրեցի։ Եպիսկոպոսական կամ մեթոդիստական[1]․ ոչ մի տարբերություն չկար։ Այնպես լուռ էր, ինչպես եկեղեցում։ Մտածեցի զարկի երկար բացակայության և դրանից հետո եկող անկարգության մասին, որը շտապում էր լրացնել բացը։ Նստել էի այնտեղ՝ լռության մեջ և վիտրաժներով շրջապատված, ու ականջ էի դնում։

Տանս հետնամասում կարող եմ կանգնել սահող ապակե դռներից ներս սողացող արևի ճառագայթների ներքո և նայել պատշգամբին։ Պատշգամբում կարմիր խեցամանների մեջ տնկած մարգարտածաղիկներ և սուկուլենտներ[2] կան։ Խեցամաններից մեկը դատարկ է։ Այն ծանծաղ է, լայնաբերան ու լցված է ջրով, ասես թռչունների լողավազան լինի։

Կատուս ննջում է պատուհանից այն կողմ գտնվող ծաղկամանի մեջ։ Նրա մոխրագույն ծնոտը թիթեռների թևերի ծիածանագույն ծաղկափոշիով է ծածկված։ Եթե թխկթխկացնեմ ապակին, կատուն հայացքը չի բարձրացնի։ Ձայնը, որ արձակում եմ, սնունդ չէ։

Երբ աղջնակ էի, գիշերները գաղտնի դուրս էի գալիս։ Կպչում էի կանաչ ցանկապատերին և թաքնվում ծառերի ստվերներում։ Լճի կողքին գտնվող շինհրապարակ էի գնում։ Բետոնախառնիչի տաշտն էի վերցնում, քաշելով այն տանում էի ափի մոտ և այնպես էի նստում դրա մեջ, ասես բաժակապնակ լիներ։ Գողացված մի թիակով ավազից հետ էի մղվում և լողում՝ ժամերով ոչինչ չլսելով։

Թռչունների լողավազանն այդ տաշտի ձևն ունի։

Լոգասենյակի աչք ծակող լույսի ներքո նայում եմ եղունգներիս։ Սարսափը համակում է ինձ այնպես, ինչպես ծփանքը՝ ջրի մակերեսին։ Մի քանի շաբաթ է պետք դրանց ընտելանալու համար։

Կողպում եմ դուռն ու ջուր եմ լցնում լոգարանի մեջ։

Հիմնականում դուք այն չեք լսում։ Զարկերակը պետք է զգալ։ Նույնիսկ երբ դուք փոքրիշատե հանգիստ եք։ Երբեմն՝ գիշերները, բարձի միջից եք լսում այն։ Բայց ես գիտեմ, որ կա մի տեղ, որտեղ ավելի լավ կարող եք լսել այն։ Պետք է անեք հետևյալը։ Մտնում եք ջրով լի լոգարանի մեջ և թուլացնում եք ձեզ։ Պառկում եք մեջքի վրա և սպասում, որ մակերևույթի ծփանքն անհետանա։ Այնուհետև խորը շունչ եք քաշում, գլխով ջրի տակ եք մտնում և ականջ եք դնում ձեր սրտի կայտառությանը։

 Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

[1] Մեթոդիզմ (պաշտոնապես՝ մեթոդիստական եկեղեցի), քրիստոնեական բողոքականության դրսևորումներից մեկը, որը գլխավորապես տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում։

[2] Հյութալի, մսոտ տերևներով կամ ցողուններով բազմամյա բույսեր։ Քսերոֆիաներին հատուկ տիպ։ Աճում են Հյուսիսային Կենտրոնական և Հարավային Ամերիկայի անապատներում և Հարավային Աֆրիկայի մի մասում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *