Հերմինե Ավագյան | Նկարում եմ, չը՜խկ…

Երկինքը մուգ կապույտ զգեստ էր հագել, վրան՝ ճեփ-ճերմակ ամպիկներ: Գյուղը հայացքը հառել էր դեպի երկինք ու չէր թարթում աչքերը. այդպես հմայիչ չէր տեսել նրան: Անբառ մի երկխոսություն էր սկսվել գյուղի ու երկնքի միջեւ. սիրո խոստովանության նման մի բան, որ հասանելի էր միայն ժրաջան մեղուներին, որոնք որսում էին գյուղի թաքուն հայացքն ու թռչկոտելով նոր բողբոջած ծառերի վրա՝ գաղտնիքներ տզզում իրար ականջի:
Խաչիկը, դեղին մոտոցիկլին նստած, անցավ հենց տզզոցի միջով: Մեղուները դժգոհ այսկողմ-այնկողմ ցրվեցին, նրանցից մեկը փորձեց խայթել Խաչիկի մեծ քիթը, բայց մինչեւ կհասցներ խայթել, քիթը մոտոցիկլի հետ առաջ սլացավ: Քոռուփոշման մեղուն միացավ պարսին եւ շարունակեց տզզալ ընկերների հետ:
Խաչիկի մոտոցիկլը շարժվեց դպրոցի ուղղությամբ: Դպրոցի բակում խաղացող երեխաները ուրախ ձայնարկեցին.
-Նկարիչը եկա՜վ, նկարիչը եկա՜վ…
Խաչիկը հպարտ-հպարտ իջավ մոտոցիկլից եւ քայլեց դեպի տնօրեն Սարգսյանի աշխատասենյակ: Մի քանի րոպե անց բոլոր դասարաններում հնչեց սպասված լուրը՝ ուղիղ մեկ ժամից հավաքվում ենք լուսանկարվելու:
Լուսանկարիչ Խաչիկը գալիս էր տարին երկու անգամ՝ գարնանը եւ աշնանը: Գալիս էր մուգ կապույտ, մեծ պայուսակի հետ, որում խնամքով տեղավորված էին լուսանկարչական խցիկը եւ տարբեր գույների մի քանի մեծ կտորներ, որոնք կախում էր դպրոցի արհեստանոցի պատից, դիմացը աթոռ էր դնում եւ նստեցնում նկարվողին. այդպիսով նկարի վայելուչ տեսքը ապահովված էր: Դրանք հիմնականում պետք էին գալիս տարեցներին լուսանկարելիս, իսկ ջահելներին լուսանկարում էր դպրոցի այգում կամ էլ գյուղապետարանի բակում: Այդ էր պատճառը, որ բոլորի լուսանկարներում նույն եղեւնին էր, նույն նստարանը եւ բոլշեւիկ Լեւոն Միրզոյանի հսկա արձանը:
Մարդիկ գալիս էին զույգերով: Միայն հարսներն ու սկեսուրներն էին, որ միասին չէին գալիս: Թե ինչու՝ չգիտեմ, բայց մեր հարևան Վարսիկ բաբոն պատասխանի մի տարբերակ ուներ. «Կարող է պատահի՝ ճաշը վառարանին է կամ անասունների գալու ժամանակն է, կնիկներից մեկը չպիտի՞ տանը մնա»:
-Ա՛յ տղա, Խաչի՛կ, տեղը տեղին կնկարես,- ասում էր նույն Վարսիկ բաբոն,- գերեզմանիս քարի համար է:
-Անցած տարի էլ ես նկարվել, բայց ոնց որ գերեզմանիդ հարցը շատ է ձգձգվում,-կատակում էր Խաչիկը:
-Դե որ նորմալ նկարեիր, էսքան չէր ձգձգվի, «վեշերս» հավաքած՝ էդ նկարին եմ սպասում:
Մեծ ու փոքր, ջահել-ահել գալիս էին դպրոցի բակ, որ Խաչիկը ասեր. «Նկարում եմ, չը՜խկ»: Կանգնում էին պարտադիր ուղիղ կեցվածքով, ձեռքերը գրպաններում դնել չկար, ու-ղի՜ղ, ոտքերը իրար կողքի, ով ուզում էր ծիծաղել, Խաչիկը սաստում էր.
-Մի լավ ծիծաղի՛ր, հանգստացի՛ր, նոր նկարվիր:
-Մի նկարը 200 դրամ,- չէր մոռանում ավելացնել՝ բեղի տակ խորամանկ ժպտալով:
-Բա ինչու՞ անցած տարի 150 էր:
-Դե, որովհետեւ դա անցած տարի էր, իսկ հիմա մի ամբողջ տարի է անցել, աշխարհը ահագին զարգացել է, գներն էլ են զարգացել, հո հետամնաց չե՞նք, հետո ինչ, որ ԳԱԶ-24-ի փոխարեն դեղին մոտոցիկլ ենք քշում:
Հետո մի քիչ կմտածեր ու կշարունակեր.
-Քաղաքում ավելի էժան է, բայց որ ավտոբուս նստես ու մինչեւ քաղաք գնաս-գաս, ինչքա՞ն կդառնա ծախսդ:
Հետո տնօրենը գրպանից մի ցուցակ կհաներ ու կասեր ծնողներին.
-Հերթը պահեք, էդպես չի կարելի, սպասեք մինչեւ մարդիկ նկարվեն-պրծնեն…
Աղջիկները գալիս էին իրենց ամենասիրուն զգեստներով, սպիտակ գուլպաներով, վարդանման բանտիկներով:
-Քանի՞ օրից են լինելու նկարները:
– Տասը օրից, ոնց որ միշտ….
Այս անգամ հավաքվել էր ամբողջ գյուղը, որովհետեւ Խաչիկը հայտարարել էր, որ նոր լուսանկարչական խցիկով է եկել:
-Լրիվ թազա բան է, չըխկ ես անում թե չէ, նկարը տակից դուրս է գալիս:
Եկան, հավաքվեցին դպրոցի այգում, շարվեցին ըստ դասարանների ու սպասեցին չըխկին:
Խաչիկը գոհ-գոհ հանեց ֆոտոխցիկը, որի վրա մեծ տառերով գրված էր. «Polaroid»:
Ֆիզիկայի դասատուն փսփսաց ուսմասվարի ականջին.
-Երևի Ռուսաստանից են ուղարկել, էստեղ նման բաներ չկան:
-Դու դեռ սպասիր, վերջում 50 դրամ թանկ է վերցնելու, ասելու է՝ բա գիտե՞ք Ռուսաստանից է:
– Տեխնիկա՛, տեխնիկա՛, հերդ մեռնի՜, տեխնիկա՛:
Երբ առաջին լուսանկարը դուրս եկավ, բոլորը զարմացած իրար անցան.
-Մալադե՛ց Խաչիկ, գործդ հեշտացրել ես, մերն էլ հետը:
-Մալադե՛ց ապարատ, Խաչիկը ի՞նչ է արել որ:
-Մալադե՛ց Ռուսաստան:
Տղաներից մեկը փսփսաց Խաչիկի ականջին. «Որ բոլորը գնան, ինձ ու Անահիտին միասին կնկարես, ավելի լավ է արձանի հետևում, որ ոչ ոք չտեսնի»:
Խաչիկն էլ աչքով արեց ու կամաց ասաց.
– Ասում ես՝ հայրդ քանի՞ լիտր թթի օղի է քաշել:
-Ինչքան ուզես, էնքան էլ քաշել է, մենակ թե նկարես:
Երբ բոլորը նկարվեցին ու հերթը հասավ Անահիտին, Խաչիկի հայացքը հանդիպեց տղայի անհանգիստ հայացքին: Բայց էդքան մարդու աչքի առաջ անել կլինի՞ խոստացածը, գնալու միտք էլ չունեին: Բայց լուսանկարիչները միշտ մի ելք գտնում են:
-Ժողովո՛ւրդ, ժապավենս վերջանում է, մի հոգու կարող եմ նկարել, Անահիտից բացի էլ ո՞վ կա, որ չի հասցրել նկարվել:
-Ե՛ս,- պատասխանեց տղան՝ կռահելով նրա միտքը:
-Մի դասարանից եք չէ՞:
-Հա՛, 10-րդ:
-Դե, եթե դեմ չեք, ձեզ էլ միասին նկարեմ-պրծնեմ: Հը՞, ինչ կասեք:
-Մենք ոչ մի բան էլ չենք ասի, մենակ թե ժողովուրդը չփսփսա,- ասաց տղան:
-Ժողովուրդը էդքան հետամնա՞ց է:
-Ժողովուրդը հո հետամնաց չէ,- կրկնեցին հավաքվածները,- նկարվե՛ք, նկարվե՛ք:
Տղան ինքնագոհ կանգնեց աղջկա կողքին ու սպասեց չըխկին: Այդ պահին նա մտովի հասել էր իրենց ամբարները, թաքուն հանել հոր քաշած ամենաթունդ օղին, լցրել շշի մեջ, որ բերեր Խաչիկի համար:
-Ամեն մի չըխկը մի երազանք է,- ժպտաց բեղի տակ, երբ ամենաերջանիկ նկարը դուրս սահեց եւ հայտնվեց ձեռքում:
Հետո մարդիկ սկսեցին կամաց-կամաց ցրվել: Խաչիկը լուսանկարը մեկնեց աղջկան: Անահիտը տարուբերեց գլուխն ու լուսանկարը հետ տվեց.
-Նա շուտով կգա, գնացել է օղու հետևից: Նկարը իրեն կտաք, ես չեմ կարող վերցնել, հայրս կջղայնանա, որ տեսնի…
Արևը հայտնվել էր գյուղի մեջտեղում ու երկնքի միջից ժպտում, հա՜ ժպտում էր: Թվում էր՝ արևն էլ էր սեթեւեթող աղջկա պես եկել լուսանկարվելու, բայց ուշացել էր ու չգիտեր՝ գնա, թե սպասի: Խաչիկն արդեն հավաքել էր եղած-չեղածն ու քայլում էր դեպի մոտոցիկլը:
-Ու՞ր մնացիր, տնաշե՛ն,- լուսանկարը գրպանից հանելով՝ մեկնեց շնչասպառ եղած տղային:
-Շնորհակալ եմ,- ասաց տղան հեւիհեւ,- դուք բոլորին խաբեցիք, որ մեզ միասին լուսանկարեք:
Լուսանկարիչը ձեռքը դրեց տղայի ուսին ու գոհ ժպտաց:
-Վերցրե՛ք,- տղան մեկնեց օղու շիշն ու ստացավ լուսանկարը:
Խաչիկը աչքով արեց ու միացրեց մոտոցիկլի շարժիչը: Տղան նայեց լուսանկարին, ձեռքերի մեջ կրակ էր բռնկվել, վառում էր: Այն թաքցրեց ծոցագրպանում, սիրտն էլ սկսեց վառվել: Չէ, դա սովորական նկար չէր, Խաչիկի նոր ֆոտոխցիկի՞ց էր , որ ներսը վառվում էր, թե՞ ….Չէ՛, հաստատ թե-ից էր, թե-ից…
Գյուղը դեռ չէր կտրել հայացքը երկնքից: Երկինքն իր կապույտ զգեստը էսկողմ-էնկողմ էր պտտում, ու սպիտակ ամպիկները կախ էին ընկնում կապույտ փեշերից: Մեղուները առաջվա պես տզզում էին եւ հոտոտում ծաղիկների բույրը: Խաչիկը արգելակեց մոտոցիկը, ուզում էր գյուղը վերևից լուսանկարել. ախր շատ սիրուն տեսարան էր: Բայց հենց այդ պահին, երբ նա պատրաստվում էր հանել ֆոտոխցիկը, մեղուներից մեկը պուկ եկավ պարսից եւ շտապեց դեպի լուսանկարչի քիթը: Երևի նույն մեղուն էր, եկել էր կիսատ գործը վերջացնելու: Մինչեւ Խաչիկը կհասցներ չըխկ անել, մեղուն մի լավ խայթեց քթի ծայրը: Անհանգիստ շարժումներից օղու շիշը ցած ընկավ եւ ջարդվեց:
Թունդ օղու հոտը տարածվեց ամենուր, բայց Խաչիկը միայն քթի ցավն էր զգում…
– Թու՛,- ասաց ջղայնացած եւ միացրեց շարժիչը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *